Skip to main content

Ճապոնական ընտանիքները

 

Թեև 1990-ականներից սկսած տնտեսական անկայուն վիճակը սկսել է խարխլել այս կարգը, բայց հետպատերազմական շրջանի ճապոնական ընտանիքները կարելի էր բնութագրել հետևյալ կերպ՝ գումար աշխատող ու ընտանիքի կարիքներն ապահովող ամուսին և տնային գործերով ու երեխաների դաստիարակությամբ զբաղվող տնային տնտեսուհի կին:

Շատերը կարծում են, թե սա դարերից եկող ճապոնական ընտանիքի կերպարն է, բայց ընտանիքի սոցիալական պատմությամբ զբաղվող հետազոտությունները ցույց են տալիս, որ «աշխատող ամուսին-տնային տնտեսուհի կին» ընտանեկան կարգը բավական կարճ պատմություն ունի: Մինչև 19-րդ դարի վերջը 80 տոկոսից ավելի գյուղական բնակչություն ունեցող Ճապոնիայում կանայք պարզապես հնարավորություն չունեին միայն տան գործերով զբաղվելու և տղամարդկանց հետ աշխատում էին բրնձի դաշտերում, հետագայում նաև ածխի հանքերում և գործարաններում: Կանանց՝ «տնային տնտեսուհի» դառնալու գործընթացը սկսվել է շատ ավելի ուշ՝ երկրորդ աշխարհամարտից հետո, երբ տնտեսական նոր պայմանները և սոցիալական դիսկուրսները նրանց մղել են այդ ապրելակերպին:

Ճապոնական ընտանիքը մինչմոդեռն շրջանում

Այս շրջանն առավել հայտնի է որպես Էդոյի կամ Տոկուգավայի ժամանակաշրջան, որը տևել է 1600 թվականից մինչև 1868 թվականը: Ռուսալեզու ուսումնասիրություններում այն հաճախ նշվում է որպես «միջնադար», սակայն ճապոնական պատմագրության մեջ միջին դարերի և մինչմոդեռն շրջանի միջև բաժանում է տրվում, որը կապված է երկրի կառավարման առանձնահատկությունների միջև եղած տարբերությունների հետ: Ի տարբերություն ավելի վաղ շրջանների՝ մինչմոդեռն շրջանի բնակչության և ընտանիքների մասին պահպանված նյութերը բավական շատ են, ինչն էլ թույլ է տալիս բավարար չափով պատկերացում կազմել ընտանիքի պատմության մասին:

Ճապոնիայի մինչմոդեռն շրջանը հայտնի է հարաբերական կայունությամբ, երբ երկարատև միջկլանային պատերազմներից հետո երկիրը միավորվել էր և կառավարվում էր Տոկուգավա տոհմի սյոգունների կողմից: Երկրում տիրող խաղաղությունն ու հարաբերական կայունությունը ազդում են նաև բնակչության աճի վրա, որը 17-րդ դարում 12 միլիոնից հասնում է 30 միլիոնի, իսկ 18-րդ դարից մինչև 19-րդ դարավերջը՝ համարյա անփոփոխ մնում, ինչը պայմանավորված էր ինչպես ճապոնական ընտանիքների բնույթով, այնպես էլ ժամանակաշրջանի առանձնահատկություններով (մանկական մահացության բարձր ցուցանիշ, հիվանդություններ, համաճարակներ, սով): Ի դեպ, բնակչության 5-7 տոկոսն ապրում էր քաղաքներում, որոնցից ամենախոշորը քաղաքական կենտրոն Էդոն էր, որը 18-րդ դարում արդեն ուներ 1 միլիոնից ավել բնակչություն և հանդիսանում էր աշխարհի ամենամեծ քաղաքներից մեկը: Այս շրջանում բնակչությունը բաժանված էր 4 դասակարգերի, որոնց կենցաղի, սովորույթների, ընտանիքների միջև բավական մեծ տարբերություն կար: Այս տարբերությունը նկատելի էր, օրինակ, ամուսնությունների և ամուսնալուծությունների ժամանակ: Սամուրայական ընտանիքների իշխանները 1615 թվականին ընդունված սամուրայ ընտանիքների մասին օրենքների համաձայն, ամուսնանալուց առաջ պետք է թույլտվություն ստանային սյոգունատից, իսկ սովորական սամուրայները իշխանության համապատասխան մարմիններում պետք է ամուսնության վերաբերյալ փաստաթղթեր ներկայացնեին: Ապահարզանը նույնպես տեղի էր ունենում տվյալ «հան»-ի օրենքների համաձայն: Բարձրաստիճան սամուրայները, բացի օրինական կանանցից, հաճախ ունենում էին նաև հարճեր, որոնք ընդունված էին նաև ազնվական շրջաններում և անգամ կայսերական ընտանիքում:

Գյուղացիների ամուսնությունն ավելի պարզ էր և հաճախ կայանում էր միայն պսակադրության միջոցով: Ապահարզանի դեպքում ամուսինը սովորաբար կնոջն էր փոխանցում «միկուդարիհան» կոչվող ապահարզանի նամակ, և վերջինի համաձայնությամբ ամուսնալուծությունը համարվում էր կայացած: Երբ ապահարզանի նախաձեռնողը կինն էր, նա ստիպված խնդրում էր ամուսնուն ապահարզանի նամակ գրել, կամ, նրա անհամաձայնության դեպքում ապաստարան գտնել «էնկիրի-դերա» կոչվող ամուսնալուծության տաճարներում, որտեղ որոշ ժամանակ գտնվելուց հետո ամուսնությունը համարվում էր անվավեր:

Էդոյի ժամանակաշրջանի Ճապոնիայում ամուսնալուծությունները բավական տարածված երևույթ էին և կախված աշխարհագրական դիրքից և դասակարգից՝ կարող էին կազմել 10-ից 40 տոկոս: Ինչպես նշում է պատմաբան Հարալդ Ֆյուսը, ամուսնալուծություններն ավելի բարձր տոկոս էին կազմում հասարակ մարդկանց շրջանում, քան սամուրայների և ազնվականության: Շատերն ապահարզանից հետո երկրորդ կամ երրորդ անգամ էին ամուսնանում, ինչն, ըստ երևույթին, հասարակության կողմից քննադատելի արարք չէր համարվում: Պատմաբան Էյմի Սթենլին իր մենագրության մեջ պատմում է 19-րդ դարի առաջին կեսում ապրած Ցունենո անվամբ կնոջ մասին, որը 4 անգամ ամուսնացած է եղել: Ի դեպ, այս միտումը պահպանվել է մինչև 19-րդ դարի վերջը, որը նույնիսկ չի վրիպել դարավերջին Ճապոնիա այցելած հայուհի Հեղինե Մելիք-Հայկազյանի աչքից:

Մինչմոդեռն շրջանի Ճապոնիայում գործում էր «իե» կոչվող ընտանեկան համակարգը: Այս ընտանեկան համակարգը նախ և առաջ առանձնանում էր այստեղ եղած միայն մեկ ժառանգով՝ սովորաբար ավագ որդիով՝ ի տարբերություն միջին դարերի ճապոնական ընտանիքների, որտեղ ունեցվածքը կարող էր անցնել մեկից ավելի զավակների: Որդիներ չունենալիս ընտանիքները հաճախ արդեն չափահաս ժառանգ էին որդեգրում: Բավական տարածված էր նաև դստեր ամուսնուն որդեգրելը: Ժառանգին էր փոխանցվում ընտանիքի անունը, ունեցվածքը, բիզնեսը: Թեև հարկ է նշել, որ, ըստ սոցիոլոգ Ուենո Չիձուկոյի, այս համակարգը գործում էր սամուրայների ընտանիքներում, իսկ այլ խավերում ունեցվածքի ժառանգման ավելի ճկուն կանոններ էին գործում:

Այս շրջանում գերակայում էին պայմանավորված ամուսնությունները, որոնք ընտանիքների համար կապերն ընդլայնելու, հարստությունը և բիզնեսը մեծացնելու միջոց էին հանդիսանում: Օրինակ՝ երկու առևտրական ընտանիքների զավակների միությունը ստեղծում էր ավելի մեծ ու հարուստ առևտրական ընտանիք: Այս ժամանակաշրջանը Ճապոնիայում հաճախ կոչվում է որպես «դարաշրջան, երբ բոլորն ամուսնանում էին», սակայն պետք է նշել, որ բոլորն ամուսնանում էին գյուղական համայնքներում, իսկ մեծ քաղաքներում իրավիճակը այլ էր: Էդո քաղաքում տղամարդկանց 50 տոկոսից ավելին ամուրի էին, ինչը պայմանավորված էր քաղաքում տղամարդկանց թվի առատությամբ (այն համարյա 2 անգամ գերազանցում էր կանանց թվին):

Ընտանիքում կանանց զբաղվածությունը մեծապես կախված էր դասակարգից. գուղացի, առևտրական, արհեստավոր կանայք աշխատում էին թե՛ դրսում, թե՛ տանը: Սամուրայական ընտանիքների կանայք հաճախ ունեին օգնականներ և դրսում չէին աշխատում, բայց, այնուամենայնիվ, ունեին որոշակի պարտականություններ, ինչպիսին հավուր պատշաճի հյուրեր ընդունելն էր: «Տնային տնտեսուհի» դասակարգումն այս շրջանում գոյություն չուներ:

Մինչմոդեռն շրջանի ճապոնական ընտանիքներում սովորաբար կար 2-3 երեխա: Ընդ որում՝ երեխաների քանակը փոքր էր ոչ միայն դարաշրջանին բնորոշ պատճառներով (համաճարակներ, սով), այլև ելնելով այն հանգամանքից, որ ճապոնական հասարակության բավական լայն զանգվածներում կիրառվում էին ընտանիքը փոքր պահելուն միտված միջոցառումներ: Դրանցից էին՝ հղիության արհեստական ընդհատումը, բեղմնականխման փորձերը և երբեմն նույնիսկ մանկասպանությունը: Հարկ է նշել, որ այս կամ այն եղանակի կիրառման մեջ եղել է աշխարհագրական տարբերություն, և մասնավորապես մանկասպանությունը հիմնականում տարածված էր Ճապոնիայի արևելքի առավելապես աղքատ շրջաններում:

Նոր շրջանի ճապոնական ընտանիքը

19-րդ դարի երկրորդ կեսից Ճապոնիան, որն ավելի քան 2 դար գտնվում էր հարաբերական մեկուսացման մեջ, այլ երկրների ճնշման տակ ստիպված էր «բացվել» և բռնել արագընթաց մոդեռնիզացիայի ուղին: Երկրում անց են կացվում կրթական, ռազմական, տնտեսական և այլ բարեփոխումներ, որոնց նպատակն էր Ճապոնիան դարձնել այնպիսի երկիր, որն ի վիճակի կլիներ մրցակցել արևմտյան ուժերի հետ և պահպանել անկախությունը: Այս բարեփոխումները 1868-1912 թվականներին գահակալած Մեյջի կայսեր անունով կոչվում են Մեյջիի բարեփոխումներ:

19-րդ դարի երկրորդ կեսում տեղի ունեցած փոփոխություններն ազդում են նաև ընտանիքի վրա. դրանք դառնում են ավելի պահպանողական, բժշկության զարգացման և պետության՝ բնակչության աճը խթանելու քաղաքականության արդյունքում՝ ընտանիքներում մեծանում է երեխաների թիվը, կտրուկ նվազում են ամուսնալուծությունները, օրենքով արգելվում է հղիության արհեստական ընդհատումը, աճում է «ռոմանտիկ սիրո» վրա հիմնված ամուսնությունների թիվը:

1871 թվականին հանվում է միջդասակարգային ամուսնությունների արգելքը, որը գործում էր Էդոյի ժամանակաշրջանում, ինչպես նաև թույլատրվում են նախկին սամուրայների և «հասարակ մարդկանց», ճապոնացիների և օտարերկրացիների միջև ամուսնությունները: Այսպիսով, եթե նախկինում ճապոնացիների ճնշող մեծամասնությունը ստիպված էր ամուսնանալ նույն դասակարգին, նույն համայնքին պատկանող մարդկանց հետ, ապա Մեյջիի շրջանից ամուսնու ընտրության հնարավորությունները մեծանում են: 1880-ականների վերջին մեծ տարածում է գտնում «սեր» բառը, որն առաջին անգամ ճապոներեն լեզվի մեջ հայտնվել էր 1887 թվականին հրատարակված «ֆրանսերեն-ճապոներեն բառարան»-ում՝ որպես «amour» բառի թարգմանություն: Միևնույն ժամանակ, տարածվում է նաև ռոմանտիկ սիրո վրա հիմնված ամուսնությունների գաղափարը: Թեպետ հարկ է նշել, որ չնայած այդ գաղափարը շատերին էր հրապուրում, պայմանավորված ամուսնությունները, միևնույնն է, գերակայում էին և մինչև երկրորդ աշխարհամարտի ավարտը կազմում էին բոլոր ամուսնությունների բացարձակ մեծամասնությունը:

Կողակցի ընտրության սահմանափակումների վերացումը, «ռոմանտիկ սիրո» գաղափարի տարածումը, սակայն, չեն նշանակում, որ Ճապոնիայի ընտանեկան համակարգում տեղի ունեցան միայն ազատական փոփոխություններ: Ընդհակառակը, 1898 թվականին ընդունված քաղաքացիական նոր օրենսգիրքն ամրապնդեց ընտանիքում հայրիշխանությունը՝ ընտանիքի «գլխին» կամ հորը տալով գրեթե անսահմանափակ իշխանություն: Օրենքով «ամրագրվեց» նաև ընտանիքում կանանց հանդեպ խտրական վերաբերմունքը: Ինչպես նշում է պատմաբան Վերա Մակին, ամուսնությունը համարվում էր օրինական կայացած, երբ կինը գրանցվում էր ամուսնու ընտանեկան գրանցամատյանում: Ամուսնացած կանայք պատկանում էին նույն իրավական դասակարգմանը, ինչ անչափահասները և այլ՝ որոշում ընդունել անկարող անձինք, և իրավասու չէին առանց ամուսնու թույլտվության գնել կամ վաճառել գույք, ժառանգել և կառավարել ունեցվածք: Կանայք զուրկ էին նաև այնպիսի իրավունքներից, ինչպիսին մասնակցությունն է քաղաքականությանը, ընտրություններում առաջադրվելու և քվեարկելու հնարավորությունը:

Ի դեպ, հայրիշխանական գաղափարները տարածվում էին ոչ միայն առանձին ընտանիքների, այլև ամբողջ պետության վրա: Նոր շրջանի Ճապոնիայում տարածված էր «ընտանիք-պետություն» գաղափարը, ըստ որի՝ Ճապոնիան մի մեծ ընտանիք էր, որի «գլուխը» կայսրն էր, իսկ երեխաները՝ ժողովուրդը: Ինչպես իրական ընտանիքներում, այնպես էլ պետությունում ճապոնացիները պետք է հավատարիմ լինեին ընտանիքի հորը և օգտակար լինեին թե՛ իրական, թե՛ երևակայական ընտանիքի համար:

19-րդ դարի վերջից կտրուկ նվազում է ամուսնալուծությունների թիվը: Եթե 1883 թվականին ամուսնալուծությունների գործակիցը 3.39 էր, ապա 1889 թվականին այն արդեն 1.50 էր, 1902 թվականին՝ 1.43, իսկ 1938 թվականին՝ 0.63: Ապահարզանների նվազման պատճառները դժվար է միանշանակ բացատրել, բայց կարելի է մատնանշել այն հանգամանքը, որ ամուսնությունների գրանցումը և լուծարումը արդեն անհրաժեշտ էին կատարել համապատասխան կառույցներում, ինչը, ի տարբերություն Էդոյի ժամանակաշրջանի, խոչընդոտներ էր ստեղծում «հեշտ» ամուսնալուծությունների համար: Որոշ չափով խոչընդոտ էր հանդիսանում նաև օրենսդրությունը. օրինակ, քաղաքացիական օրենսգրքի 809-րդ հոդվածով 25 տարեկանից ցածր անձանց դեպքում առանց կնոջ ծնողների համաձայնության ամուսնալուծությունը չէր կարող կայանալ:

Մեյջիի ժամանակաշրջանում տարածում է գտնում նաև «լավ կին, իմաստուն մայր» պահպանողական գաղափարը, ըստ որի՝ կանանց կրթության նպատակը, ինչպես նաև հիմնական դերը պետք է լիներ ազգի համար «պիտանի» և բազմաթիվ զավակներ դաստիարակելը: Նրանք պետք է լինեին ոչ միայն իրենց ընտանիքի, այլև «ազգի» մայրեր, որոնք կայսրության հպատակների էին դաստիարակելու:

Ընտանիքներում մեծանում է նաև երեխաների թիվը: Դա որոշ առումով պայմանավորված էր բժշկության ձեռքբերումներով և մանկական մահացության դեպքերի նվազումով, բայց ավելի մեծ դեր էր խաղում պետական քաղաքականությունը, որը խրախուսում էր մեծ ընտանիքները: Մեյջիի ժամանակաշրջանի կարգախոսներից մեկն էր՝ «հարուստ երկիր, ուժեղ բանակ»ը, և պետական այրերից շատերը կարծում էին, որ «հարուստ երկիր և ուժեղ բանակ» ունենալու համար նախ և առաջ պետք է ունենալ մեծ բնակչություն: Ճապոնիայի էքսպանսիոնիստական և կայսերապաշտական նպատակներն էլ ավելի են ամրապնդում մեծ բնակչություն, ըստ այդմ՝ բազմազավակ ընտանիքներ ունենալու քաղաքականությունը: 1880 թվականին, այնուհետև 1907 թվականի քրեական օրենսգրքերով քրեականացվում է հղիության արհեստական ընդհատումը, որը մինչ այդ բավական մեծ տարածում ուներ Ճապոնիայում: Հղիությունը կանխարգելող միջոցների բացակայության պայմաններում, իսկ հետագայում ծնելիության վերահսկման շարժման ճնշման պայմաններում կանայք այլ ելք չունեին, քան բազմաթիվ երեխաներ ունենալ, կամ դիմել վտանգավոր ապօրինի աբորտների: Կանխարգելիչ միջոցներից արգելված չէր միայն պահպանակը, այն էլ սեռավարակների տարածումը կանխելու համար:

1930-ականներին միլիտարիզմի և այլ երկրների հետ առճակատման ճանապարհն ընտրած Ճապոնիան սկսում է էլ ավելի խրախուսել մեծ ընտանիքները՝ կոչ անելով ճապոնացիներին, որպեսզի նրանք «ծնեն և բազմանան»: Առավել բազմազավակ ընտանիքները պարգևատրվում էին և պետական մրցանակների արժանանում: Չնայած այս միտումներին՝ իրենց «տնային տնտեսուհի» համարող կանանց թիվը մեծ չէր: Միջին խավի կանայք հաճախ աշխատում էին դպրոցում կամ հանրախանութում, ցածր եկամուտ ունեցող խավի կանայք՝ մետաքսի և այլ գործարաններում, ինչպես նաև հանքերում: Այս շրջանում նույնիսկ բազմազավակ մայրերը հազվադեպ կարող էին իրենց թույլ տալ տնային տնտեսուհի լինել:

Իրավիճակը կտրուկ փոխվում է Ճապոնիայի պարտությունից հետո, երբ նոր աշխարհաքաղաքական պայմաններում Ճապոնիան խրախուսում է ընտանիքի այլ ձևերը:

Ընտանիքը հետպատերազմական Ճապոնիայում

Երկրորդ աշխարհամարտից հետո Ճապոնիայի քաղաքական, հասարակական և տնտեսական կյանքում տեղի են ունենում մի շարք խոշոր փոփոխություններ: Ամերիկյան օկուպացիայի տարիներին Ճապոնիայի դեմոկրատիզացիայի և ապառազմականացման նպատակով անց են կացվում կրթական, տնտեսական, առողջապահական և այլ բարեփոխումներ, 1946 թվականին տեղի են ունենում խորհրդարանական ընտրություններ, որտեղ կանայք Ճապոնիայի պատմության մեջ առաջին անգամ ընտրելու և առաջադրվելու իրավունք են ստանում: 1947 թվականին ուժի մեջ է մտնում Ճապոնիայի նոր սահմանադրությունը, որը պարունակում էր այնպիսի գործառույթներ, ինչպիսին են պատերազմից իսպառ հրաժարվելը, մարդու հիմնարար իրավունքները: 1950-ականներից մեծ տեմպերով սկսում է աճել Ճապոնիայի տնտեսությունը (Ճապոնիայի տնտեսական հրաշք)՝ բերելով այնպիսի փոփոխությունների, ինչպիսին մարդկանց կուտակումն է մեծ քաղաքներում և նոր կենցաղային սովորությունների ձևավորումը:

Երկրի տնտեսական և հասարակական կյանքում տեղի ունեցած փոփոխություններն ազդում են նաև ընտանիքի վրա: Հետպատերազմական ճապոնական ընտանիքի առանձնահատկությունները կարելի է բնութագրել հետևյալ կերպ. ռոմանտիկ սիրո վրա հիմնված ամուսնությունների կտրուկ աճ, ընտանիքների միջուկայնացում, «տնային տնտեսուհի կին-աշխատող ամուսին» ընտանեկան մոդելի տարածում և ըստ այդմ՝ ընտանիքում գենդերային դերերի ավելի հստակ բաժանում, ինչպես նաև ցածր ծնելիություն:

Թեև մինչպատերազմական շրջանի Ճապոնիայում արդեն նկատվում էր սիրո վրա հիմնված ամուսնությունների աճ, դրանք ամուսնությունների ընդհանուր թվի փոքր մասն էին կազմում: Օրինակ՝ 1930-ականների վերջին ամուսնությունների ընդամենը 13,4 տոկոսն էր հիմնված սիրո վրա, իսկ ճնշող մեծամասնությունը պայմանավորված էր: Դա մասամբ պայմանավորված էր մինչպատերազմական ճապոնական հասարակության առանձնահատկություններով, մասամբ էլ Մեյջիի շրջանում ընդունված քաղաքացիական օրենսգրքով, ըստ որի՝ ամուսնության համար անհրաժեշտ էր «ընտանիքի գլխի» համաձայնությունը: Ի տարբերություն դրան, 1947 թվականին ուժի մեջ մտած սահմանադրության 24-րդ հոդվածի համաձայն, ամուսնությունը համարվում է կայացած 2 կողմերի համաձայնության դեպքում. կանայք և տղամարդիկ օգտվում են հավասար իրավունքներից, և ամուսնու կամ կնոջ ընտրությունը, ունեցվածքի և ժառանգության կառավարումը կատարվում են անհատի ընտրության, ազատության հիման վրա, միայն 2 կողմերի համաձայնությամբ: Ամուսնության ազատության օրենքով ամրագրումը, ինչպես նաև հետպատերազմական շրջանում տիրող համեմատաբար ազատական մթնոլորտը բերում են պայմանավորված ամուսնությունների թվի նվազման և սիրո վրա հիմնված ամուսնությունների աճի: Այսպիսով, 1949 թվականին արդեն ամուսնությունների մոտ 21 տոկոսն էր սիրո վրա հիմնված, 1960-ականների վերջին՝ 50 տոկոսը, իսկ 2000-ականերին՝ 87 տոկոսից ավելին: Միաժամանակ աճում է նաև ամուսնության միջին տարիքը՝ հետզհետե բերելով ավելի հասուն տարիքում ամուսնությունների աճի:

1960-ականներից մինչև 1973 թվականը տևած տնտեսական արագ աճը փոխում է նաև հասարակական կառուցվածքը ագրարայինից ուրբանիստականի: Նախկինում ֆերմերներ կամ փոքր բիզնեսմեններ եղած մարդկանցից շատերը դառնում են գործարանների բանվորներ կամ գրասենյակային աշխատողներ: Ինչպես նշում է սոցիոլոգ Օչիայ Էմիկոն, հենց այս շրջանում է ամուսնացած կանանց մի ստվար զանգված դառնում տնային տնտեսուհի: Սա պայմանավորված էր ինչպես ամուսինների աշխատանքային երկար ժամերով, որը հաճախ պարտավորեցնում էր կանանց մնալ տանը, այնպես էլ ամսագրերի, հեռուստատեսության և ֆիլմերի միջոցով հրամցվող գենդերային դերերի և «իդեալական տնտեսուհու» կերպարներով: Սոցիոլոգ Յամադա Մասահիրոն նշում է, որ 1950-ականների վերջից մինչև 1960-ականները հեռարձակված ամերիկյան հեռուստասերիալները, ինչպիսին «Հայրիկն ավելի լավ գիտի»-ն և «Լյուսիի շոու»-ն էին, ճապոնացիներին ծանոթացնում են ամերիկյան տնային տնտեսուհու կենցաղին և նպաստում այդ կերպարի իդեալականացմանը:

Ի դեպ, ճապոնիայում հեռուստատեսային հաղորդումներ հեռարձակվել են 1953 թվականից, և 1950-ականների վերջից հեռուստացույցը (սառնարանի և լվացքի մեքենայի հետ մեկտեղ), համարվում էր տնային տնտեսության «երեք սրբազան գանձերից» մեկը, որը յուրաքանչյուր ընտանիք ցանկանում էր ունենալ: Կենցաղային տեխնիկայից բացի ցանկալի էր նաև քաղաքի ծայրամասում կամ բնակելի թաղամասում սեփական տան առկայությունը: Այդ կենցաղային տեխնիկայով «զինված» տանը ապրում էին միջին վիճակագրական ընտանիքները, որտեղ կանայք հայտնվել էին համեմատաբար նոր՝ «տնային տնտեսուհու» դերում, իսկ տղամարդիկ առավոտից երեկո դրսում աշխատում էին:

Հետպատերազմական «իդեալական» ընտանիքների կերպարներ կարելի է տեսնել այնպիսի սիրված մուլտսերիալներում, ինչպիսին «Սաձաե-սան»-ը և «Չիբի Մարուկո-չյան»-ն են: «Սաձաե-սան»-ը, որի մանգան տպագրվել է 1949-1957 թվականներին, իսկ անիմացիոն սերիալը հեռարձակվում է 1969 թվականից մինչ այժմ, ինչպես նաև 1986-2018 թվականներին մանգայի տեսքով լույս տեսած և 1995 թվականից որպես անիմացիոն սերիալ հեռարձակվող «Չիբի Մարուկո-չյան»-ը պատկերում են հետպատերազմական շրջանին բնորոշ համարվող ընտանիքներ՝ տնային տնտեսուհի մայր և տատ, գրասենյակային աշխատող հայր և պապիկ կերպարներով, որոնք ապրում են սեփական տներում, և որտեղ գենդերային դերերը խստորեն բաժանված են:

Այս անիմացիոն ֆիլմերի ընտանիքներում երեխաների թիվը խոսում է նաև հետպատերազմական շրջանի մեկ այլ փոփոխության՝ ծնելիության անկման մասին: Մինչպատերազմական շրջանում մեծ թիվ էին կազմում բազմանդամ ընտանիքները: Հետպատերազմական շրջանում՝ մասնավորապես 1947-1949 թվականներին գրանցվում է ծնելիության բարձր աճ՝ «բեյբի բում», և ծնելիության գործակիցը հասնում է 4,54-ի: Այս միտումը, սակայն, երկար չի շարունակվում: Հետագա տարիներին նկատվում է ծնելիության անկում, և 1961 թվականին դրա գործակիցը դառնում է 1,96: Ծնելիության նվազման պատճառները տարբեր էին, սակայն  առաջին հերթին պետք է նշել ընտանիքի պլանավորման վերաբերյալ պետական քաղաքականության փոփոխությունները: Եթե մինչպատերազմական շրջանի Ճապոնիայում մեծ բնակչություն ապահովելու նպատակով արգելված էին աբորտները և հակաբեղմնավորիչ միջոցների մեծ մասը, ապա հետպատերազմական շրջանի սկզբում, երբ Ճապոնիայի տնտեսությունը դեռ ծանր վիճակում էր, Ճապոնիան կտրուկ փոխում է ռեպրոդուկտիվ քաղաքականությունը՝ խրախուսելով փոքր ընտանիքներ: 1948 թվականին ընդունված եվգենիկ պաշտպանության մասին օրենքով օրինականացվում է հղիության արհեստական ընդհատումը: Հակաբեղմնավորիչ միջոցների համեմատաբար անհասանելիության պայմաններում հենց աբորտն է դառնում բազմաթիվ ճապոնացիների՝ ընտանիքի պլանավորման միջոցը: Բացի դրանից, մեծ տարածում է գտնում ընտանիքի պլանավորման շարժումը՝ հատկապես ցածր եկամուտ ունեցող խավի կանանց իրազեկելով հղիության կանխարգելման և ընտանիքի պլանավորման մասին: Ճապոնիայում ծնելիության աճը կարճ ժամանակով վերականգնվում է 1971-1974 թվականներին, երբ գրանցվում է ծնունդների 2,16 գործակից, իսկ դրանից հետո շարունակ նվազում է՝ 1990-ականներին հասնելով շոկային 1,34-ի:

Նյութի աղբյուրը՝ Աստղիկ Հովհաննիսյան- «Ճապոնական հասարակություն»

Comments

Popular posts from this blog

Պետության և իրավունքի տեսություն

  Պետության և իրավունքի տեսության հասկացությունը, առարկան և մեթոդաբանությունը Պետության և իրավունքի տեսությունը հանդիսանում է առաջնային, կարևորագույն իրավաբանական գիտություն: Գիտությունը հանդիսանում է ինտելեկտուալ գործունեություն: Պետության և իրավունքի տեսությունը ուսումնասիրում է հասրակական կյանքի պետաիրավական ոլորտը: 1.Պետության և իրավունքի տեսությունը հանդիսանում է համատեսական գիտություն, որովհետև ունի ուսումնասիրության լայն ընդարձակ ոլորտ՝ հասարակական կյանքի պետաիրավական ոլորտն ամբողջությամբ: 2.Պետության և իրավունքի տեսությունը հանդիսանում է փիլիսոփայական գիտություն, որովհետև ուսումնասիրում է պետության և իրավունքի, պետաիրավակաբ այլ երևույթների խորքային բնույթը: Պետության և իրավունքի տեսությունը հանդիսանում է նաև փիլիսոփայական գիտություն, որովհետև ուսումնասիրում է պետությունը և իրավունքը որպես համընդհանուր ունիվերսալ երևույթներ: 3.Պետության և իրավունքի տեսությունը հանդիսանում է ֆունդամենտալ գիտություն, որովհետև մշակում է պետաիրավական ոլորտի առաջնային ընդհանուր և կարևորագ...

Համեմատաիրավական մեթոդը և համեմատական իրավագիտությունը

  Համեմատական իրավագիտության հասկացությունն ու առարկան Այժմեության հիմնական իրավական համակարգերը հանդես են գալիս որպես համեմատական իրավագիտության գլխավոր օբյեկտ։ Ազգային իրավական համակարգի հարաբերակցությունն արտասահմանյան իրավական համակարգերի հետ պայմաններ է ստեղծում յուրաքանչյուր երկրի իրավական համակարգի ազգային առանձնահատկություններն առավել հստակ բացահայտելու համար։ «Իրավական համակարգ» կատեգորիան իրավական գրականության մեջ օգտագործվում է տարբեր իմաստներով։ Իրավական համակարգը հասարակության զարգացման օբյեկտիվ օրինաչափություններով պայմանավորված՝ փոխկապակցված և համաձայնեցված այն միջոցների և երևույթների՝ ամբողջական համակարգն է, որոնք վերարտադրման շնորհիվ մշտապես գործում են և կիրառվում մարդկանց և նրանց կազմակերպությունների (այդ թվում՝ պետության) որպես իրավունքի սուբյեկտների կողմից՝ իրենց մասնավոր և հանրային նպատակներին հասնելու, հասարակության մեջ իրավակարգ ապահովելու համար։ Յուրաքանչյուր պետություն ունի իր իրավական համակարգը։ Իրավական համակարգերի գոյությունն առաջին անգամ ճանաչվե...

Փիթեր Դրաքեր

  Փիթեր Դրաքերը 20-րդ դարի բիզնես հանճարներից է, ով կարողացավ այն ժամանակվա համար ոչ այդքան հայտնի «կառավարչի» մասնագիտությունը վերածել լուրջ, մտածված և կշիռ ունեցող գիտական կարգապահության։ Դրաքերը թերահավատորեն էր մոտենում «մարդկային փոխհարաբերությունների» և «վարքագծային դրսևորումների» դպրոցների կողմից կառավարման վերաբերյալ առաջարկվող մոտեցումներին։ Նա վստահ էր, որ կառավարիչը պետք է մտածի ոչ թե մարդու պահանջմունքների, տրամադրության, երջանկության, ցանկությունների մասին, այլ պետք է հոգա իր առջև դրված խնդիրների կարգավորմանը հասնելու, արդյունք արձանագրելու մասին։ Այս ամենի հետ մեկտեղ՝ նա շեշտադրում էր, որ աշխատանքային միջավայրում պետք է տիրի փոխադարձ հարգանքի վրա հիմնված դրական բարոյահոգեբանական մթնոլորտ։ Դրաքերի հետաքրքրությունների կենտրոնում այն աշխատակիցներն էին, ովքեր աշխատանքային միջավայրում ներդնում էին ոչ թե ֆիզիկական, այլ մտավոր ներուժ։ Նրան հետաքրքրում էր այն ֆենոմենը, թե ինչպես են ղեկավարից ավելի գիտելիք ունեցող, աշխատանքային գործընթացի վերաբերյալ ավելի շատ տեղեկատվությա...