Skip to main content

Կորեացիները Ճապոնիայում

 

Ճապոնիայում ներկայումս բնակվում են 2,885,904 օտարերկրացիներ, որոնցից ամենամեծաթիվը չինացիներն են։ Երկրորդ ամենախոշոր համայնքը կորեացիներինն է (435459 անձ), թեև անհրաժեշտ է նշել, որ իրականում էթնիկ կորեացիների թիվը գրեթե կրկնակի մեծ է, սակայն ճապոնական քաղաքացիություն ընդունած անձինք վիճակագրական տվյալներում չեն երևում։

Կորեական համայնքի զգալի մասն «ձայնիչի կորեացիներ» են՝ մշտական բնակություն ունեցող անձինք, որոնց նախնիները Ճապոնիայում են հաստատվել հիմնականում 20-րդ դարի առաջին կեսին։

Ճապոնիայում առաջին կորեացի միգրանտները՝ մի քանի հարյուր հոգի, ժամանել էին դեռևս 19-րդ դարի վերջին՝ բանվորների կարիք ունեցող հանքերում և շինարարությունում աշխատելու համար։ Սակայն նրանց թիվն աճում է 1910 թվականից հետո, երբ Ճապոնիան անեքսիայի է ենթարկում Կորեան՝ այն դարձնելով Թայվանից հետո իր երկրորդ գաղութը։ 1920-ականներին աշխատուժի պակասի և Կորեական թերակղզում զբաղվածության սահմանափակ հնարավորությունների պայմաններում, հիմնականում Կորեական թերակղզու հարավից Ճապոնիա են տեղափոխվում հազարավոր կորեացիներ, որոնք աշխատանքի են անցնում հանքերում և գործարաններում։ Նրանք հաճախ շատ ավելի ցածր աշխատավարձ էին ստանում, քան ճապոնացիները, և գոյությունը պահպանելու համար ստիպված էին լինում ապրել գետտոներում։ Առաջին այդ գետտոներից մեկը Օսակայում գտնվող Իկաինո թաղամասն էր, որն ուներ Ճապոնիայում ամենախոշոր կորեական համայնքը։ 1930-ականներին Ճապոնիայում են հաստատվում նաև միգրանտների ընտանիքները՝ կանայք ու երեխաները, և կորեական համայնքը սկսում է ընդլայնվել՝ հասնելով 420000-ի։

Ճապոնիայում կորեացիների թիվն էապես ավելանում է երկրորդ չին-ճապոնական և խաղաղօվկիանոսյան պատերազմների տարիներին, երբ ճապոնական կառավարությունը հարյուր հազարավոր կորեացիների է տեղափոխում Ճապոնիա՝ ոչ բարենպաստ աշխատանքային պայմաններով հայտնի գործարաններում, շինհրապարակներում և հանքերում աշխատելու համարմեծածավալ միգրացիայի արդյունքում՝ 1945 թվականին Ճապոնիայում էր բնակվում մոտավորապես 2 միլիոն էթնիկ կորեացի։ Ճապոնական ածխահանքերում աշխատող բանվորների 1/3-ը հենց կորեացիներն էին։

1910 թվականին Կորեայի գաղութացումից հետո կորեացիները համարվում էին ճապոնական կայսրության հպատակներ, սակայն նրանց հանդեպ առկա էր բացահայտ խտրական վերաբերմունք, որն արտահայտվում էր աշխատանքային վատ պայմաններով և ցածր աշխատավարձով, կորեական մշակույթը ճապոնականին ձուլելու փորձերով, կորեացիների բացասական ընկալումներով։ Խտրականության ամենածայրահեղ դրսևորումներից մեկը տեղի է ունենում 1923 թվականին, երբ սեպտեմբերի 1-ի ավերիչ երկրաշարժից հետո որոշ ճապոնացի զինվորականներ, ինչպես նաև բնակիչներ սպանում են բազմաթիվ կորեացիների՝ անհիմն մեղադրելով նրանց հրդեհ տարածելու և ջրհորները թունավորելու մեջ։ Այս միջադեպը, ինչպես նաև ավելի վաղ՝ 1919 թվականի մարտի 1-ին սկսած կորեական անկախության շարժումը առիթ են հանդիսանում, որպեսզի ճապոնական իշխանություններն էլ ավելի առաջ տանեն ասիմիլյացիայի կամ ձուլման գործընթացը։ 1920-ականներին ճապոնական իշխանությունները «Նայսեն յուվա» (ճապոնա-կորեական հաշտեցում կամ համերաշխություն) կարգախոսի ներքո ֆինանսական օժանդակություն են տրամադրում համերաշխությունը խթանող կազմակերպություններին՝ այդպիսով նպատակ ունենալով ճնշել արմատական շարժումները։ 1925 թվականին, երբ Ճապոնիայում բոլոր չափահաս տղամարդիկ ընտրական իրավունք են ստանում, այդ իրավունքից կարողանում են օգտվել նաև Ճապոնիայում (բայց ոչ գաղութներում) բնակվող կորեացի տղամարդիկ, և 1932 թվականին Փակ Չուն Գումը դառնում է առաջին կորեացի պատգամավորը Ճապոնիայի կայսերական խորհրդարանում։

1930-ականներին «Ճապոնա-կորեական համերաշխություն» կարգախոսը փոխարինվում է «Ճապոնա-կորեական միավորում» կարգախոսով, որի գլխավոր նպատակն էր կորեացիների ասիմիլյացիան կամ «ճապոնացումը»։ Ի դեպ, ձուլման այս ծրագիրը կոչվում էր «Կոմինկա», ինչը բառացիորեն նշանակում է «ժողովրդի կայսրահպատակացում»։ 1937 թվականին դպրոցներում արգելվում է կորեերենի ուսուցումը, 1939 թվականին կորեացիներին հրահանգ է տրվում փոխել իրենց անունները՝ դրանք դարձնելով ճապոնական։ Երկրորդ աշխարհամարտի տարիներին ավելի քան 250000 էթնիկ կորեացիներ, որպես ճապոնական կայսրության հպատակներ, զինակոչվում են ճապոնական բանակ։ Կորեացիների ինքնության ոչնչացմանը մղված նմանատիպ ծրագրերը մեծ անջրպետ են ստեղծում ճապոնացի և կորեացի ժողովուրդների միջև։

Երկրորդ աշխարհամարտից և Ճապոնիայի պարտությունից հետո Ճապոնիայում բնակվող կորեացիներից շատերը վերադառնում են Կորեա, որն այժմ հյուսիսային 38-րդ հորիզոնականով բաժանվել էր երկու օկուպացիոն գոտիների՝ խորհրդային և ամերիկյան։ Ճապոնաբնակ 2 միլիոն կորեացիներից շուրջ 1,4 միլիոնը վերադառնում է Կորեական թերակղզի, իսկ Ճապոնիայում են մնում մոտավորապես 600000-ը։ Հարյուր հազարավոր կորեացիներ բազմաթիվ պատճառներով՝ մասնատված երկիր, քաղաքացիական պատերազմ, աղքատություն, անկայուն իրավիճակ, նախընտրում են մնալ Ճապոնիայում։ Շատերը նույնիսկ հայրենադարձվելուց հետո են վերադառնում Ճապոնիա։

Գաղութային տարիներին կորեացիները համարվում էին ճապոնական կայսրության հպատակներ և, չնայած տարբեր դժվարություններին և խտրական վերաբերմունքին, ունեին նաև որոշակի իրավունքներ, ինչպիսին էր, օրինակ, ճապոնաբնակ տղամարդկանց ընտրական իրավունքը։ 1945 թվականին Կորեայի ապագաղութացումից հետո (թեև ճապոնաբնակ կորեացիները մինչև 1952 թվականը փաստացի ճապոնահպատակ էին) ընդունվում էին մի շարք օրենքներ, որոնք զրկում են նրանց քաղաքացիական իրավունքներից։ 1947 թվականին հայտարարված օտարերկրացիների գրանցման հրամանով կորեացիները, ինչպես նաև թայվանցիները ճանաչվում են որպես «օտարերկրացիներ»։ 1950 թվականին ընդունված քաղաքացիության մասին օրենքը Ճապոնիայի քաղաքացի է համարում միայն էթնիկ ճապոնացի հայր ունեցող երեխաներին՝ այդպիսով քաղաքացիությունից զրկելով ճապոնացի մայրերի և կորեացի հայրերի միջև ծնված երեխաներին։ 1952 թվականին Սան Ֆրանցիսկոյի պայմանագրի ուժի մեջ մտնելուց հետո ճապոնաբնակ կորեացիները վերջնականապես կորցնում են ճապոնական քաղաքացիությունը և դառնում քաղաքացիություն չունեցող անձինք։ Այդպիսով կորեացիները կորցնում են մի շարք իրավունքներ և ազատություններ, ինչպիսին էին ընտրական իրավունքը, սոցիալական ապահովության ծառայությունները, առողջության ապահովագրությունը, պատերազմի վետերանների՝ թոշակից օգտվելու իրավունքը։ Քաղաքացիության կորստի հետևանքով կորեացիները կորցնում են նաև պետական աշխատանքի անցնելու հնարավորությունը, և քանի որ մասնավոր բիզնեսները նույնպես դժկամությամբ էին նրանց աշխատանքի վերցնում, նրանցից շատերը ստիպված էին լինում նպաստ ստանալ գոյությունը պաշտպանելու համար կամ կատարել ոչ պատվաբեր համարվող աշխատանք։ Շատերն աշխատում էին «Պաչինկո» խաղասրահներում, անդամակցում յակուձա խմբավորումներին։

Հետպատերազմական շրջանում Ճապոնիայում ստեղծվում են կորեական մի շարք խմբակցություններ, որոնցից ամենաազդեցիկն էին Հարավային Կորեայի հետ կապեր ունեցող Մինդանը և Հյուսիսային Կորեայի հետ համագործակցող Չոնգրյոնը։ Հատկապես մեծ ազդեցություն ուներ Չոնգրյոնը՝ չնայած ճապոնաբնակ կորեացիների ճնշող մեծամասնությունը ծագմամբ Կորեայի հարավից էր։ Քանի որ այս շրջանում Հարավային Կորեան ասոցացվում էր հիմնականում ծայրահեղ աղքատության, կոռուպցիայի և քաղաքական անկայունության հետ, ճապոնաբնակ կորեացիները հայրենիքի և «պայծառ ապագայի» իրենց հույսերը կապում էին Հյուսիսային Կորեայի հետ։ 1950-ականների վերջին Չոնգրյոնը խրախուսում է կորեացիներին հայրենադարձվել Հյուսիսային Կորեա։ 1959-1967 թվականներին Հյուսիսային Կորեա է «հայրենադարձվում» շուրջ 93000 անձ, որոնց մեծ մասի ճակատագրերն այժմ հայտնի չեն։

Չոնգրյոնը հյուսիսկորեական ֆինանսավորմամբ (որի հետ Ճապոնիան մինչ այժմ դիվանագիտական հարաբերություններ չունի) բացում է նաև մի շարք ուսումնական հաստատություններ՝ տարրական, միջին, ավագ դպրոցներ և նույնիսկ համալսարան, որտեղ կրթությունն իրականացվում է հյուսիսկորեական գաղափարախոսությամբ։ Դպրոցները Ճապոնիայում ծնված, որպես առաջին լեզու ճապոներեն խոսող երեխաներին սովորեցնում են կորեերեն, օգնում են պահպանել կորեական ինքնությունն ու ավանդույթները, թեև պետք է նշել, որ նրանք ունեն խիստ պրոպագանդիստական բնույթ։ Այս ուսումնական հաստատությունները Ճապոնիայում հավատարմագրված չեն, բայց այստեղ են սովորել (և մինչ այժմ ուսանում են) բազմաթիվ ճապոնաբնակ կորեացիներ, նույնիսկ նրանք, ովքեր իրենց ինքնությունը այժմ կապում են Հարավային Կորեայի հետ։

1965 թվականին Ճապոնիան և Հարավային Կորեան վերականգնում են դիվանագիտական հարաբերությունները, որը հնարավորություն է տալիս մինչ այդ պետություն չունեցող ճապոնաբնակ կորեացիներին ստանալ հարավկորեական քաղաքացիություն և դրա հիման վրա՝ Ճապոնիայում մշտական կացության իրավունք։ Ճապոնիայում բնակվող 640000 կորեացիներից գրեթե 390000-ը ստանում է հարավկորեական քաղաքացիություն, իսկ 250000-ը մինչև 1980-ականները մնում է առանց պետության։ Ճապոնաբնակ կորեացիները ճապոնական քաղաքացիության դիմելու հնարավորություն նույնպես ունեին, սակայն մինչև 1970-ականների սկիզբը քչերն էին դրանից օգտվում։ Գլխավոր պատճառը պատմական անցյալն էր և էթնիկ ինքնությունը պահպանելու ցանկությունը։ Մինչև 1980-ականները ճապոնական քաղաքացիություն ստանալու պայմաններից մեկը ճապոնական անուններ ընդունելն էր, ինչը նույնպես շատերի համար խոչընդոտ էր հանդիսանում։ Սակայն 1990-ականներից սկսած՝ ճապոնական քաղաքացիություն ստացողների թիվը աճեց՝ հասնելով տարեկան շուրջ 10000-ի։

Ճապոնիայում կորեական համայնքը մարգինալացված էր և հաճախ խտրականության էր ենթարկվում, որն առավելապես արտահայտվում էր զբաղվածության ոլորտում։ Սակայն 1960 թվականի վերջից և 1970-ականներին իրավիճակը փոխվում է, երբ արդեն չափահաս դարձած ճապոնաբնակ կորեացիների երկրորդ սերունդն ընդվզում է համակարգային անարդարության դեմ։ 1968 թվականի փետրվարին տեղի է ունենում աղմկահարույց միջադեպ, որը հայտնի է որպես «Կիմ Հիրոյի միջադեպ»։ Երկրորդ սերնդի կորեացի Կիմ Հիրոն, որն աղքատության և խտրականության պատճառով դուրս էր մնացել դպրոցից և հանցագործ դարձել, սպանում է հանցագործ խմբի 2 անդամի և պատանդ վերցնում 18 մարդու։ Որպես իր արարքի դրդապատճառ Կիմ Հիրոն բերում է կորեացիների հանդեպ առկա խտրականությունը և անարդարությունը։ Կորեացիներից շատերը ողջունում են այս քայլը՝ նրան համարելով հերոս։

1970 թվականին տեղի է ունենում պակաս արմատական միջադեպ, որը, սակայն, մեծ փոփոխությունների է բերում։ Այն հայտնի է որպես «Հիտաչիի աշխատանքային խտրականության միջադեպ»։ Կորացիների ընտանիքում ծնված 19 տարեկան մի պատանի, որը հաճախել էր ճապոնական դպրոցներ, հանդես եկել ճապոնացու անվան տակ (Արայ Շյոջի)՝ որոշելով, որ որպես ճապոնացի է ապրելու, դպրոցն ավարտելուց հետո դիմում է աշխատանքի Հիտաչի ընկերության «Տոցուկա» գործարան և բարեհաջող անցնում բոլոր փուլերը։ Բազմաթիվ կորեացիներ նախընտրում էին հասարակությունում հանդես գալ ճապոնական կեղծանուններով՝ հուսալով այդ կերպ խուսափել խտրականությունից։ Սակայն Արայի անձնական փաստաթղթերը ստանալուց և նրա կորեացի լինելը բացահայտելուց հետո Հիտաչին նրան աշխատանքի վերցնելուց հրաժարվում է։ Արայը, որի իսկական անունն էր Փակ Չոնսոկ, դատի է տալիս ընկերությանը և 1974 թվականին հաղթում այդ հսկա ձեռնարկության դեմ դատը։ Այս հաղթանակը շրջադարձային է դառնում ճապոնաբնակ կորեացիների համար, որոնք սկսում են այլ ոլորտներում նույնպես հավասարություն պահանջել։ 1974 թվականին Կանսայի համալսարաններում աշխատող ծագմամբ կորեացիների նախաձեռնությամբ սկսվում է Օտարերկրացի դասախոսների աշխատանքի ընդունելու շարժումը։ Մինչ այդ Ճապոնիայի պետական համալսարաններում, բացառությամբ ասիստենտներից, օտարերկրացի պրոֆեսորներ չկային, և շարժումը մեծապես նպաստում է, որ նրանք հնարավորություն ստանան աշխատելու Ճապոնիայում։ Կորեացիների շարժման շնորհիվ հանվում է նաև պետական ծառայողների, փաստաբանների՝ ճապոնական քաղաքացիություն ունենալու նախապայմանը։ Այս և 1980-ականներին ծավալված այլ իրադարձություններ (քաղաքացիության մասին օրենքում փոփոխություններ և այլն) նպաստում են ճապոնական հասարակությունում կորեացիների դիրքի բարձրացմանը և խտրականության դատապարտմանը։ Այս փոփոխությունները հնարավոր եղան նաև այն պատճառով, որ 1970-ականներին ճապոնացիներն իրենք էին սկսել փոխվել։ Այս տարիներին ծավալված հասարակական տարբեր շարժումներն ի հայտ էին բերում մարգինալացված համայնքների խնդիրները՝ փոխելով ճապոնացիների գիտակցությունը և վերաբերմունքը դրանց հանդեպ։

1990-ականներին Հարավային Կորեայի տնտեսական զարգացման և Ճապոնիայում կորեական մշակույթի տարածման պայմաններում ճապոնաբնակ կորեացիներն ավելի մեծ հպարտություն են ցուցաբերում իրենց ժառանգության և ինքնության հանդեպ։ Շատ հայտնիներ, որոնք մինչ այդ հանդես էին գալիս որպես ճապոնացիներ, 1990-ականներին և 2000-ականներին բացահայտում են իրենց կորեական ինքնությունը։ Նրանցից էին քաղաքագետ Կան Սանջունը, ձեռնարկատեր Սոն Մասայոշին։ Միաժամանակ ավելի շատ կորեացիներ ճապոնական քաղաքացիություն են ընդունում։ Ծաղկում է ապրում «ձայնիչի կորեացիների գրականությունը»՝ ճապոնաբնակ կորեացիների կողմից գրվող ճապոնալեզու գրականությունը։ Մասնավորապես Լի Յանջին և Յու Միրին մեծ համբավ և ճանաչում են ձեռք բերում՝ արժանանալով հեղինակավոր գրական մրցանակների։

Սակայն չի կարելի պնդել, որ բոլոր խնդիրները հաղթահարված են։ 2000-ականների վերջից գլուխ բարձրացրած աջական շարժումները հաճախ թիրախավորում են հենց կորեական համայնքին (հատկապես «Ձայտոկուկայ» կոչվող խմբավորումը), իսկ «համացանցային նացիոնալիզմը» ավելի է խորացնում այդ անջրպետը։ Չլուծված պատմական խնդիրները, ինչպիսին երկրորդ աշխարհամարտի «սփոփող կանանց» խնդիրն է, նույնպես խանգարում են վերջնական համերաշխությանը։

Նյութի աղբյուրը՝ Աստղիկ Հովհաննիսյան- «Ճապոնական հասարակություն»

Comments

Popular posts from this blog

Պետության և իրավունքի տեսություն

  Պետության և իրավունքի տեսության հասկացությունը, առարկան և մեթոդաբանությունը Պետության և իրավունքի տեսությունը հանդիսանում է առաջնային, կարևորագույն իրավաբանական գիտություն: Գիտությունը հանդիսանում է ինտելեկտուալ գործունեություն: Պետության և իրավունքի տեսությունը ուսումնասիրում է հասրակական կյանքի պետաիրավական ոլորտը: 1.Պետության և իրավունքի տեսությունը հանդիսանում է համատեսական գիտություն, որովհետև ունի ուսումնասիրության լայն ընդարձակ ոլորտ՝ հասարակական կյանքի պետաիրավական ոլորտն ամբողջությամբ: 2.Պետության և իրավունքի տեսությունը հանդիսանում է փիլիսոփայական գիտություն, որովհետև ուսումնասիրում է պետության և իրավունքի, պետաիրավակաբ այլ երևույթների խորքային բնույթը: Պետության և իրավունքի տեսությունը հանդիսանում է նաև փիլիսոփայական գիտություն, որովհետև ուսումնասիրում է պետությունը և իրավունքը որպես համընդհանուր ունիվերսալ երևույթներ: 3.Պետության և իրավունքի տեսությունը հանդիսանում է ֆունդամենտալ գիտություն, որովհետև մշակում է պետաիրավական ոլորտի առաջնային ընդհանուր և կարևորագ...

Բազմակողմ դիվանագիտություն

  Բազմակողմ «դիվանագիտություն» հասկացությունը: Պատմական ակնարկ և կայացման հիմնական փուլերը: Բազմակողմ դիվանագիտության դերակատարության բարձրացումը 20-րդ դարի երկրորդ կեսին Բազմակողմ դիվանագիտությունը երկուսից ավել կողմերի միջև վարվող բանակցություններն են, մի քանի դերակատարների մասնակցությամբ միջազգային համաժողովները, միջազգային կազմակերպությունների շրջանակներում իրականացվող դիվանագիտական աշխատանքը: Դասական բազմակողմ դիվանագիտության առաջին օրինակ է համարվում 1814-1815թթ. Վիեննայի կոնգրեսը, սակայն բազմակողմ դիվանագիտության սաղմեր կարելի է հանդիպել նաև Հին Հունաստանի քաղաք-պետությունների կողմից վարվող դիվանագիտության մեջ, ինչու չէ, նաև միջին դարերում կնքվող դաշինքներն ու պայմանագրերը նույնպես կարելի է դասել բազմակողմ դիվանագիտության նախատիպերի շարքին, օրինակ՝ 1648թ. Վեստֆալյան պայմանագիրը: Առաջին դասական միջազգային կազմակերպություններն են՝ Հռենոսով նավարկության կենտրոնական հանձնաժողովը՝ մշտական քարտուղարությամբ, որը ստեղծվել էր Վիեննայի կոնգրեսի որոշմամբ և առաջին հանդիպումն անցկա...

Միջազգային գործընթացների վերլուծությունը ազգային անվտանգության համատեքստում

ՀՀ արտաքին քաղաքականության սկզբունքներն ու գերակայությունները https://www.mfa.am/hy/speeches/2019/08/27/fm_opening_remarks/9782 ՀՀ ազգային անվտանգության ռազմավարություն https://www.gov.am/am/National-Security-Strategy/ https://www.un.org/disarmament/wmd/nuclear/npt/text/ https://www.un.org/ru/documents/decl_conv/conventions/npt.shtml https://www.undocs.org/S/RES/2231(2015) https://undocs.org/ru/S/RES/2231(2015) https://www.worldbank.org/en/news/press-release/2019/11/06/world-bank-lebanon-is-in-the-midst-of-economic-financial-and-social-hardship-situation-could-get-worse https://www.transparency.org/en/countries/lebanon https://www.forbes.com/profile/saad-hariri/?sh=45cebbdb65b5 Դասախոսություն 1. Միջազգային գործընթացների հասկացությունը և սուբյեկտները Միջազգային գործընթացները հավաքական հասկացություն է: Այն իրենից ներկայացնում է միջազգային հարաբերությունների հիմնական դերակատարների՝ պետությունների, միջպետական և ոչ պետական տարբեր կազմակերպությունների, տարատեսակ կառույցների, միավորումների, հ...