17 նոյեմբերի, 2013
թիվ, Անթիլիաս, Ջունի
Անթիլիասի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Մայր տաճարում կիրակնօրյա
պատարագ է։ Բազմամարդ է Մայր տաճարի առջև, ինչպես ամեն կիրակի։ Տեսնում եմ ծանոթ ու
անծանոթ դեմքեր։ Կան նաև հայաստանաբնակներ։ Մինչ պատարագի սկսվելը, հավաքվածները զրուցում
են, գրկախառնվում, հավանաբար ոմանք վաղուց չեն տեսել իրար, իսկ պատարագի համար Մայր
տաճար գալը լավ առիթ է ողջագուրվելու, զրուցելու, միմյանց պատմելու գաղթօջախում առկա
նորությունների մասին։
Պատարագի մեղեդիներն ու բուրվառներում ծխացող խնկի բույրը տարածվել
էին շրջապատում։ Ահել ու ջահել եկել էին հաղորդակից դառնալու Բարձրյալի խոսքին, մոմ
վառելու և աղոթելու առ Աստված՝ ինքնամաքրվելու․․․
Պատարագի ավարտին սուրբ նշխար էր բաժանվում տաճարի մուտքի մոտ։
Հավատացյալներից յուրաքանչյուրը խաչակնքում էր, առնում էր իր բաժին նշխարը, դնում շուրթերին՝
փառք տալով Տիրոջը։
Նշխար բաժանողը նկատեց ինձ ու ասաց․
-Մոտեցե՛ք, նշխար վերցրե՛ք, գիտե՛մ,դուք Հայաստանից եք եկել,
Ձեզ պետք կգա, ազգականներին և ծանոթներին կբաժանեք։
Բաժանողը անձեռոցիկի մեջ բավականին նշխար դրեց։ Լիբանանից տանելու
եմ Երևան՝ բաժանելու ինձ հարազատ ու սրտամոտ մարդկանց, ովքեր գիտեին, որ Լիբանան եմ
այցելելու և խնդրել էին, որ Մեծի Տանն Կիլիկիո Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Մայր տաճարից
նշխար վերցնեմ։ Նույնիսկ կարևոր չէ, թե ում ինչքան բաժին պիտի հասներ։ Կարևորը մի պտղունց
առնելն է՝ զգալու սուրբ նշխարի խորհուրդը։
Պատարագի ավարտին դարձյալ հնչում էր մեր սիրելի «Կիլիկիա» երգը։
Ու նրա մեղեդիներին էին միախառնվել աղոթքը, խնկի բույրն ու բոցկլտացող մոմերի լույսը․․․
Լսում էի «Կիլիկիա» երգն ու երանի՜ տալիս այն բերկրալի օրվան,
երբ մի օր կայցելեմ Սիս՝ Մեծի Տանն Կիլիկիո երբեմնի աթոռանիստը․․․
․․․Հիմա մտքերս կրկին ետ են թռչում, դարձյալ մտաբերում եմ պատմության դասերը, նաև՝
ինձ արդեն ծանոթ գրականությունը Կիլիկիայի մասին։ Այստեղ, Անթիլիասում, աչքերիս առաջ
ասես տարբեր գրքերից ծանոթ Սսի կաթողիկոսության խունացած լուսանկարներն էին, որոնք,
որպես սուրբ մասունքներ, հավերժ դաջվել են մեր մտապատկերում։
Հիշատակարաններն ու տարբեր աղբյուրները արժեքավոր բազմաթիվ վկայություններ
են պահպանել կիլիկյան հայոց պետության մասին, ուր կրթությունը, գիտությունն ու մշակույթը
զարգացել են ազգային ավանդույթների հիման վրա՝ որպես համահայկական գիտակրթական և մշակութային
համակարգի անբաժան մաս։ Գիտական ու մշակութային բոլոր ձեռնարկումներն ամեն կերպ խրախուսվում
էին արքունիքի և, առաջին հերթին, թագավորների կողմից։ Ավելին՝ նրանց նախաձեռնությամբ
են հիմնադրվել երկրի վարդապետարաններն ու լուսավորչական խոշոր կենտրոնները՝ Դրազարկը,
Մաշկևորը, Արքակաղինը, Մեծաքարը, Ակները, Սիսը, Տարսոնը, Սկևռան․․․
Կիլիկիայում կրթական համակարգն անվճար էր, իսկ կրթական օջախները
նաև գիտամշակութային կենտրոններ էին, որտեղ ծաղկում էին գիտության և մշակույթի բոլոր
ճյուղերը։ Դրանցից առավել նշանավոր էին Սիս մայրաքաղաքի վարդապետարանն ու Հռոմկլայի
կաթողիկոսական դպրոցը, որոնց մեծ համբավ բերեցին Գրիգոր Պահլավունին, Ներսես Շնորհալին,
Գրիգոր Տղան և նշանավոր այլ գործիչներ։
Կիլիկյան արվեստի խորհրդանիշը, անկասկած, մանրանկարչությունն
էր։ Հռոմկլայում, Դրազարկում, Սկևռայում, Ակներում, Սիսում և այլուր գործում էին մանրանկարչության
կենտրոններ, որտեղ արվեստի այս ինքնատիպ ճյուղն իր զարգացման բարձրակետին հասավ Գրիգոր
Մլիճեցու, Վարդանի, Հովհաննեսի և այլ ծաղկողների փայլուն աշխատանքների շնորհիվ, իսկ
Թորոս Ռոսլինի ու Սարգիս Պիծակի ստեղծագործությունները, որպես անհերքելի գլուխգործոցներ,
կարելի է դասել համաշխարհային կերպարվեստի լավագույն նմուշների շարքը։
Կիլիկյան հայկական պետության շինարարները հայ ճարտարապետության
ավանդույթների լավագույն շարունակողներն էին։ Նրանց հանճարեղ մտքի ու վարպետության
շնորհիվ են հառնել Կիլիկիայի հիասքանչ քաղաքները՝ Սիսը, Անարզաբան, Տարսոնը, Ադանան
և Այաս նավահանգիստը։ Իսկ բարձրադիր ու վեհասքանչ ամրոցները՝ Կոռիկոսը, Լամբրոնը, Վահկան,
Պապեռոնը, Օձաբերդը, Բարձրբերդը իրենց վեհությամբ և ճարտարապետական անկրկնելի լուծումներով
այնքան էին հմայել ու ներշնչել եվրոպացի խաչակիրներին, որ նրանք հայ ամրոցաշինության
առանձնահատկությունները տարածեցին եվրոպական տարբեր երկրներում։
Այս ամենը գեղեցիկ մի պատմություն է մնացել, անմոռաց մի հուշ,
քանի որ բարբարոս ու վայրագ ցեղերի ձեռքով ավերակ դարձավ ծաղկուն ու բարգավաճ Կիլիկիան
ու վաղուց արդեն չկա նրա երբեմնի փառքը․․․
Ավերա՜կ Սիս․․․
․․․ Ցավից մղկտում էր սիրտս։ Ու միայն Մեծի Տանն Կիլիկիո աթոռի Մայր տաճարում հնչող
պատարագի մեղեդիներն էին, ասես, դարմանում խռովահույզ հոգիս, նաև՝ այն հույսն ու հավատը,
թե մի օր Կիլիկիո Սուրբ Աթոռը կվերահաստատվի իր պատմական կենտրոն Սիսում․․․
․․․ Պատարագն արդեն ավարտվել էր։ Հավատացյալ լիբանանահայերը դեռ խմբված Մայր տաճարի
առջև՝ զրուցում էին։ Նրանց մեջ նկատեցի Գրիգոր Դաքեսյանին, ում հետ հանդիպելու այսօր
նախնական պայմանավորվածություն կար։ Գրիգորը ևս նկատեց ինձ խմբված մարդկանց մեջ ու
հարցրեց․
-Պարո՛ն Բաբկեն, ներկա գտնվեցի՞ք պատարագին։
-Այո՛, բնականաբար,- ասում եմ Գրիգորին։- Անթիլիասում գտնվելուս
ընթացքում սա արդեն երկրորդ պատարագն է։ Այդքան լիբանանահայեր կային, ուղղակի հուզիչ
էր, մանավանդ երբ պատարագի ավարտին հնչեց «Կիլիկիա» երգը․․․
-Ուրեմն կարո՞ղ ենք շարժվել,- հարցրեց Գրիգորը։
-Այո՛, կարող ենք,- հաստատեցի ես,- սպասում էի պատարագն ավարտվի։
Գրիգորը ցանկանում էր, լիբանանյան օրերս հագեցված լինեն, որպեսզի
ընթերցողիս շատ ասելիք ունենամ, քանի որ այցելությունս ամփոփելու եմ առանձին գրքով։
Գրիգորի ընտանիքի անդամների և «Եղիշե Մանուկյան» քոլեջի ուսուցիչ
Կարո Հովհաննիսյանի հետ մեկնում ենք Բեյրութից դուրս, Ջունիի ուղղությամբ՝ գեղատեսիլ
մի վայր, ուր հյուրասիրության է հրավիրել Գրիգոր Դաքեսյանը։
Ժամանակակից շքեղ ռեստորանում մեզ համար նախօրոք տեղ էր առանձնացված։
Տեղավորվեցինք։ Ավելի մոտիկից եմ ծանոթանում Գրիգորի ընտանիքի անդամների՝ կնոջ՝ հայուհի
Ռիտայի ու զավակների, նաև Կարո Հովհաննիսյանի հետ։ Չանցած 10-15 րոպե՝ սեղանը հարստացավ
լիբանանյան հաճելի ու սիրված խորտիկներով։
-Ինչպե՞ս եք հարմարվել մեր ուտելիքներին,- հետաքրքրվում է Գրիգորը՝
գիտենալով, որ վաղուց հրաժեշտ եմ տվել մսամթերքին։
-Շատ համեղ ուտելիքներ ունեք,- պատասխանում եմ,- կաթողիկոսարանի
ճաշարանում ամեն օր հաճույքով եմ ճաշակում լիբանանյան ճաշերը, նաև՝ լաբնին, լոլիկը,
մրգերը, թխվածքները։
Իսկ լիբանանյան ուտելիքն իրոք համեղ է ու ինքնատիպ, մանավանդ
լաբնին, որ նույն քամած մածունն է, քնջութով հացանման բուլկին՝ ասրիեն, համմուսը, թահինով
հալվա՜ն․․․ էլ ո՜րն ասեմ, մեկը
մյուսից համեղ է։ Բա մրգեղե՜նը․․․ մանավանդ փոքր, բայց
անուշահամ բանանը։
Հետո տեղեկացա, որ լիբանանցիները սննդամթերք արտադրելիս զերծ
են մնում արհեստական ու քիմիական հավելումներից, մանավանդ երբ խոսքը կաթնամթերքի մասին
է։ Իսկ կաթնամթերքի հիմնական շտեմարանը Բեքաայի հովիտն է, որտեղ անաղարտ ու մաքուր
արտովայրեր կան, որոնցով էլ պայմանավորված են տեղական կաթնամթերքի հաճելի համն ու բարձր
որակը։
Ուր էլ հրավիրել են հյուրասիրության, համոզվել եմ, որ Լիբանանում
հրաշալի ավանդույթ էլ կա։ Մինչ կավարտվի ռեստորան այցելած հյուրերի խնջույքը, մատուցողները
հարևան սեղանին մրգեղենի ու քաղցրավենիքի հյուրասիրություն են նախապատրաստում։ Ռեստորանի
կողմից՝ անվճար։ Արաբական մյուս երկրներում նման ավանդույթ չկա։ Դա բնորոշ է Լիբանանին
միայն։ Հաճելի ավանդույթ է․․․
Հետո զրույցի մեջ ներքաշվեց նաև Կարո Հովհաննիսյանը։
-Մի քանի օր հետո հյուր պիտի գաք «Եղիշե Մանուկյան» քոլեջին,-
տեղեկացնում է նա,-կհանդիպեք տնօրենին, աշակերտների և ուսուցիչների հետ։
Կարո Հովհաննիսյանը տեղյակ էր իմ կենսագրությանը։ Գիտեր, որ
շուրջ 40 տարի զբաղվում եմ հայ-սերբական կապերով և չէր կարող անտարբեր մնալ ու հարցեր
չտալ այդ մասին։ Հետո նա մի մեծ ծրար տվեց ինձ, որում իր հրատարակած նյութերի պատճենված
օրինակներն էին, տեղեկացրեց, որ 1980-ականների սկզբներին «Ազդակի» էջերում հաճախ է
հանդես եկել Հարավսլավիայի քաղաքական, տնտեսական խնդիրներին, ինչպես նաև ազգամիջյան
հարաբերություններին վերաբերող հրապարակումներով։
«Եղիշե Մանուկյան» քոլեջում դասավանդելուց զատ, Կարո Հովհաննիսյանը
դպրոցահասակ աշակերտների համար հոգևոր դաստիարակության դասեր է անցկացնում Մեծի Տանն
Կիլիկիո կաթողիկոսությանն առընթեր դասասենյակներում։ Կարո Հովհաննիսյանն անափ սիրով
է խոսում իր հարազատ կրթօջախի, երիտասարդ տնօրեն Զոհրաբ Ղազարյանի ու մանկավարժների
մասին։
Հետո Կարո Հովհաննիսյանը խնդրում է, որ ավելի հանգամանալից պատմեմ
իմ գրական գործունեության մասին։ Հասկացա, որ ցանկանում է բովանդակալից կազմակերպել
իմ այցը «Եղիշե Մանուկյան» քոլեջ։
Մինչ մենք կզրուցեինք ամենատարբեր խնդիրների շուրջ, արաբ մատուցողները
սեղանը թարմացնում էին նոր ու ախորժելի խորտիկներով։ Եվ, անշուշտ, գայթակղիչ է Լիբանանի
քաղցրավենիքը, որի հանդեպ անհնար է անտարբեր մնալ ու չհամտեսել դրանք։
-Սիրո՞ւմ եք անուշեղեն,- հետաքրքրվում է Գրիգորը։
-Անշո՛ւշտ, քաղցրավենիքի մեծ սիրահար եմ,- ասում եմ Գրիգորին,-
մանավանդ թխվածքեղենի։ Նույնիսկ ճաշի փոխարեն կարող եմ քաղցրավենիք ուտել։
-Ձեր կազմվածքից չի երևում, որ անուշեղենը ճաշի պես եք սիրում,-
միջամտում է Գրիգորը,- ավելի գեր պետք է լինեիք։
-Ո՛չ սիրելի Գրիգոր, ես քաղցրավենիքի հանդեպ, իրոք, թուլություն
ունեմ, բայց ամեն բան սիրում եմ չափի մեջ,- բացատրում եմ նրան՝ մտաբերելով բայազետցի
Վարինկա տատիս ու Եղիսաբեթ մորս պատրաստած ընկույզով ու մեղրով անմահական փախլավան,
որ ուտելիս հալվում էր բերանում։
Երբ արդեն ավարտին էր մոտենում հյուրասիրությունը, Գրիգոր Դաքեսյանի
զավակները, որ մինչ այդ զուսպ էին, ամաչկոտ ու քչախոս, փոքր-ինչ աշխուժացան։ Ու երբ
խոսք եղավ օրեր առաջ «Դարուհի Հովակիմյան» երկրորդական վարժարան իմ այցելության մասին,
այդ պահին տեղեկացա, որ Գրիգորի որդին՝ Ավետիս-Նարեկն էլ նույն դասարանում էր, ուր
ես հանդիպման եմ հրավիրված եղել։ Ուղղակի նա քաշվեց ասել այդ մասին։ Բնական է, չէի
կարող մտապահել բոլորի դեմքերը, բայց աշակերտները ինձ լավ էին մտապահել։ Նույն դպրոցն
է ավարտել Գրիգորի երեց դուստրը՝ Ալիսը, որ արդեն համալսարան է հաճախում, իսկ կրտսեր
դուստրը՝ Լոռին սովորում է «Զարուհի Հովակիմյան»-ի հարևանությամբ գտնվող ՀԲԸՄ-ի մեկ
այլ դպրոցում՝ Լևոն Նազարյան նախակրթարանում։ Պարզվեց, որ այդ նույն՝ Հովակիմյան-Մանուկյան
դպրոցն են ավարտել Գրիգոր Դաքեսյանը, Կարո Հովհաննիսյանը, Հարություն Իսկահատյանը,
երևանաբնակ Գևորգ Յազիչյանը, նաև Անդրանիկ Դաքեսյանն ու Սաքո Օգնայանը, ում հետ հանդիպումներ
էին նախատեսված հաջորդ օրերին։
Հաճելի կիրակի պարգևեցին ինձ Գրիգոր Դաքեսյանն ու Կարո Հովհաննիսյանը։
Կիրակի, որ լարված ու ստեղծագործական նախորդ օրերից ավելի խաղաղ էր ու հանգիստ։
Նյութի աղբյուրը՝ Բաբկեն Սիմոնյան- «Պատկերներ Լիբանանից»
Comments
Post a Comment