Skip to main content

2019 թվականի ՏԻՄ ընտրությունները Թուրքիայում

 

2019 թվականի մարտի 31-ին Թուրքիայում նշանակված էին ՏԻՄ ընտրություններ, որոնք, ըստ թուրքական քաղաքական ավանդույթի, ունեն կարևոր նշանակություն։ Իշխող և ընդդիմադիր կուսակցությունների միջև պայքարի հիմնական ինտրիգն առավելապես մեծ քաղաքներն էին՝ Ստամբուլն ու մայրաքաղաք Անկարան։ Մայրաքաղաքում ընդդիմության (ՀԺԿ) թեկնածու Մենսուր Յավաշը, առաջին փուլում հավաքելով 50,93 տոկոս ձայն, հաղթեց իշխող ԱԶԿ-ի թեկնածու Մեհմեթ Օզհասեքին, ում օգտին քվեարկել էր ընտրողների 47,12 տոկոսը։ Ստամբուլում քաղաքապետի հիմնական մրցակիցներն էին ՀԺԿ-ից՝ Էքրեմ Իմամօղլուն, իսկ ԱԶԿ-ն առաջադրել էր նախկին վարչապետ Բինալի Յըլդըրըմին, ում օգտին աշխատում էր նաև ողջ իշխանական ռեսուրսը։ Ստամբուլի ընտրություններն, իրոք, կարելի է համարել դրամատիկ, քանի որ, արդեն վերջնական տվյալների հայտարարելուց սկսած՝ իրավիճակը թեժ էր, և կողմերից յուրաքանչյուրը շտապում էր հայտնել, որ իրենք են հաղթել։ Ընտրությունների առաջին փուլում Իմամօղլուն ստացել էր 48,79 տոկոս ձայն, իսկ Բինալի Յըլդըրըմը՝ 48,63 տոկոս։ Ձայների վերջնական հաշվարկից հետո արձանագրվել էր, որ թեկնածուների միջև տարբերությունը կազմում էր ընդամենը 13 000 ձայն։ Ընտրություններից հետո բավարարելով ԱԶԿ-ի և ԱՇԿ-ի բողոքարկման դիմումները՝ Թուրքիայի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հաղթող չճանաչեց Էքրեմ Իմամօղլուին, չեղարկեց Ստամբուլի քաղաքապետի ընտրությունները և հունիսի 23-ին նշանակեց նոր ընտրություններ։ Դժգոհ լինելով ԿԸՀ-ի որոշումից և ի պաշտպանություն Իմամօղլուի՝ հազարավոր քաղաքացիներ դուրս եկան փողոց, սակայն ընդդիմադիր թեկնածու և գործող քաղաքապետ Իմամօղլուն, հանդես գալով իր կողմնակիցներին ուղղված ճառով, նախ քննադատեց և իր անհամաձայնությունը հայտնեց սահմանադրական ճանապարհով պայքարի շարունակության մասին, այսինքն՝ համաձայնվեց գնալ նոր ընտրությունների։ Իմամօղլուի ընտրած մարտավարությունը՝ չգնալ փողոցային պայքարի, շուտով դրական արդյունք էր տալու և «քաղաքական պաուզան» ի օգուտ նրան աշխատեց նա սկսեց կիրառել «ամեն ինչ շատ լավ է լինելու» կարգախոսը, որը շատ արագ տարածում գտավ այդ թվում և՝ սոցիալական ցանցերում։

ԿԸՀ-ի որոշումը պաշտպանող կամ քննադատող հայտարարություններով հանդես եկան քաղաքական կուսակցություններ ու առանձին գործիչներ, այդ թվում և՝ Թուրքիայի նախկին նախագահ Աբդուլլահ Գյուլը, որը, ըստ էության, քննադատեց ընտրությունների չեղարկման իշխանությունների քայլը։ Ընտրությունների արդյունքներիի չեղարկման որոշման մասին քննադատական հայտարարություններով հանդես եկան ԱՄՆ-ն, Եվրամիությունը, Եվրախորհուրդը՝ նշելով ժողովրդավարության, ընտրությունների թափանցիկության, ընտրողների կարծիքը հաշվի առնելու և նմանատիպ այլ հարցերի մասին, սակայն ակնհայտ էր, որ ՏԻՄ ընտրությունները դարձել էին ավելի լայն քաղաքական և միջազգային հարաբերություններին առնչվող խնդիր։ Թեմային անդրադարձավ նաև միջազգային հեղինակավոր մամուլը՝ հիմնականում Էրդողանին և ԱԶԿ-ին ուղղված անթաքույց քննադատությամբ նշելով, որ ընդդիմությունը հաղթել է Ստամբուլի քաղաքապետի ընտրություններում, սակայն Էրդողանը ուզում է կրկին ընտրություններ անցկացնելով փոխել պատկերը։

Ինչևէ, հունիսի 23-ին տեղի ունեցան Ստամբուլի քաղաքապետի ընտրություններ, որոնց իշխանությունն ու ընդդիմությունը մասնակցեցին նույն թեկնածուներով։ Ընտրությունները ոչ միայն ինտրիգային էին, այլև որոշակիորեն շոկային Էրդողանի համար իշխանությունների ռեսուրսներ օգտագործելով ընտրությունները չեղարկելը հասարակության մեջ առաջացրել էր լուռ դժգոհություն, որը դրսևորվեց ընտրությունների ժամանակ, և ընդդիմության թեկնածու Էքրեմ Իմամօղլուն վստահ հաղթանակ տարավ՝ ստանալով 54,21 տոկոս ձայն, իսկ Բինալի Յըլդըրըմը՝ 44,99 տոկոս։ Եվ եթե մարտի 31-ին Իմամօղլուի և Յըլդըրըմի ստացած ձայների տարբերությունն ընդամենը 13000 էր, ապա հունիսի 23-ին այն կազմեց մոտ 800 000։ Ավելին՝ ԱԶԿ թեկնածուն առաջին փուլի համեմատ կորցրել էր 220 000 ձայն։ Սա մի կողմից ոգևորիչ հաղթանակ էր ընդհանուր ընդդիմության համար, սակայն դրանում գերակա դեր խաղացել էր Իմամօղլուի անձն ու կիրառած մարտավարությունը, ինչպես նաև հաջող հռետորի նրա հատկանիշները։ Սրանով նաև Իմամօղլուն անուղղակի հայտ ներկայացրեց Թուրքիայի հետագա քաղաքական գործընթացներին մասնակցելու համար։ Իր հերթին, սա հարված էր անձամբ Էրդողանին և իշխող ԱԶԿ-ի հեղինակությանը, այն էլ Ստամբուլի պես կարևոր քաղաքում։ Սակայն Էրդողանը կարողացավ այս քաղաքական հարվածին էլ դիմակայել, և իշխանական քարոզչամեքենան սկսեց շրջանառել ժողովրդավարական ընտրությունների թեզը, թե քվեների տարբերությունը, դրան հաջորդած նոր ընտրությունները ոչ թե իշխանության ռեսուրսների կիրառում էր, այլ ժողովրդավարության տառին և ոգուն հավատարմության դրսևորում։ Ամեն դեպքում, ընդդիմությունը Թուրքիայի մայրաքաղաքում և ամենամեծ քաղաք Ստամբուլում կարողացավ պահպանել իշխանությունը, իսկ ընտրված քաղաքապետներ Իմամօղլուն և Յավաշը դարձան Թուրքիայի ընդդիմադիր դաշտի նոր դեմքերն ու հաջողության պատմություն ունեցող կերպարներ, որոնց շուրջ հետագայում համախմբման փորձերը և ձգտումները շատ օրինաչափ էին լինելու։

ՏԻՄ ընտրությունները հետաքրքիր էին նաև Թունջելիում (Դերսիմ), որտեղ հաղթեց «Թուրքիայի կոմունիստական կուսակցությունը», և քաղաքապետ դարձավ Ֆաթիհ Մեհմեթ Մաչօղլուն, որը նույն մարզի Օվաջըք գավառի համայնքապետն էր և հայտնի էր իր արձանագրած հաջողություններով, ինչպես նաև ընդունած արտառոց որոշումներով։ Սակայն հաշվի առնելով Դերսիմում ձախ գաղափարների ավանդաբար ուժեղ լինելը՝ քաղաքապետի ընտրություններում կոմունիստ թեկնածուի հաղթանակը միգուցե և կարելի էր սպասելի համարել։

Նյութի աղբյուրը՝ Ռուբեն Սաֆրաստյան- «Թուրքիայի պատմություն հարյուրամյա հանրապետության քաղաքական ուրվագծերը 1923-2023 թվականներին»

Comments

Popular posts from this blog

Պետության և իրավունքի տեսություն

  Պետության և իրավունքի տեսության հասկացությունը, առարկան և մեթոդաբանությունը Պետության և իրավունքի տեսությունը հանդիսանում է առաջնային, կարևորագույն իրավաբանական գիտություն: Գիտությունը հանդիսանում է ինտելեկտուալ գործունեություն: Պետության և իրավունքի տեսությունը ուսումնասիրում է հասրակական կյանքի պետաիրավական ոլորտը: 1.Պետության և իրավունքի տեսությունը հանդիսանում է համատեսական գիտություն, որովհետև ունի ուսումնասիրության լայն ընդարձակ ոլորտ՝ հասարակական կյանքի պետաիրավական ոլորտն ամբողջությամբ: 2.Պետության և իրավունքի տեսությունը հանդիսանում է փիլիսոփայական գիտություն, որովհետև ուսումնասիրում է պետության և իրավունքի, պետաիրավակաբ այլ երևույթների խորքային բնույթը: Պետության և իրավունքի տեսությունը հանդիսանում է նաև փիլիսոփայական գիտություն, որովհետև ուսումնասիրում է պետությունը և իրավունքը որպես համընդհանուր ունիվերսալ երևույթներ: 3.Պետության և իրավունքի տեսությունը հանդիսանում է ֆունդամենտալ գիտություն, որովհետև մշակում է պետաիրավական ոլորտի առաջնային ընդհանուր և կարևորագ...

Կանանց և տղամարդկանց խոսքային վարքագծի գենդերային տարբերությունները

  Լեզվի և խոսքի գործելու ժամանակակից սոցիոլեզվաբանական մոդելը ներառում է փոխպայմանավորված և փոխկախված բաղկացուցիչ մասերի համակարգ, որոնք կապված են մի կողմից անհատկ ֆիզիոլոգիական և նյարդահոգեկան առանձնահատկությունների, մյուս կողմից՝ սոցիալական (մշակութաբանական, էթնիկական) և տնտեսագիտական (որոշակի խմբի, շերտի, դասի պատկանելությունը) գործոնների ազդեցության տակ անհատական խոսքի կոդի կազմավորման յուրահատկությունների հետ։ Նմանատիպ մոդելը ենթադրում է անհատի խոսքային վարքագծի ինչպես էքստրալեզվաբանական, այնպես էլ լեզվաբանական հաշվառում՝ վերջին դեպքում կենտրոնանալով հաղորդակցման ակտում անհատի խոսակցական վերարտադրողականության իրականացման և հնչյունաբանական, լեքսիկական ու շարահյուսական պլանավորման վրա, այսինքն անհատական լեզվական տարբերակի կազմավորման առանձնահատկությունների վրա (անհատական լեզու)։ Էքստրալեզվաբանական բնութագրի հատկանիշները Վերոնշյալ հիմնախնդրի հետազոտությունների տվյալները թույլ են տալիս պնդել, որ տղամարդկանց և կանանց էմոցիոնալ ռեակցիաները արտահայտելու համար օգտագործվում են հաղո...

Փիթեր Դրաքեր

  Փիթեր Դրաքերը 20-րդ դարի բիզնես հանճարներից է, ով կարողացավ այն ժամանակվա համար ոչ այդքան հայտնի «կառավարչի» մասնագիտությունը վերածել լուրջ, մտածված և կշիռ ունեցող գիտական կարգապահության։ Դրաքերը թերահավատորեն էր մոտենում «մարդկային փոխհարաբերությունների» և «վարքագծային դրսևորումների» դպրոցների կողմից կառավարման վերաբերյալ առաջարկվող մոտեցումներին։ Նա վստահ էր, որ կառավարիչը պետք է մտածի ոչ թե մարդու պահանջմունքների, տրամադրության, երջանկության, ցանկությունների մասին, այլ պետք է հոգա իր առջև դրված խնդիրների կարգավորմանը հասնելու, արդյունք արձանագրելու մասին։ Այս ամենի հետ մեկտեղ՝ նա շեշտադրում էր, որ աշխատանքային միջավայրում պետք է տիրի փոխադարձ հարգանքի վրա հիմնված դրական բարոյահոգեբանական մթնոլորտ։ Դրաքերի հետաքրքրությունների կենտրոնում այն աշխատակիցներն էին, ովքեր աշխատանքային միջավայրում ներդնում էին ոչ թե ֆիզիկական, այլ մտավոր ներուժ։ Նրան հետաքրքրում էր այն ֆենոմենը, թե ինչպես են ղեկավարից ավելի գիտելիք ունեցող, աշխատանքային գործընթացի վերաբերյալ ավելի շատ տեղեկատվությա...