12 նոյեմբերի, 2013 թվական, Անթիլիաս
Դեռ
2013 թվականի հոկտեմբերին, թարգմանչաց տոնի օրերին Օշականում ծանոթացել էի լիբանանահայ
մտավորական Ժիրայր Դանիելյանի հետ, ով Հայաստան էր ժամանել՝ մասնակցելու մեզանում արդեն
վաղուց ավանդույթ դարձած այդ հրաշալի հանդիսությանը։ Թարգմանչաց տոնին, ըստ ավանդույթի,
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի և Հայաստանի գրողների միության «Կանթեղ» մրցանակ ստացած բոլոր
գրող-թարգմանիչները կարդում են մեկական թարգմանություն, բայց նախ շնորհավորում են
«կանթեղակիրներին», ապա անցնում ընթերցանության։ Երբ թարգմանություն կարդալու հերթն
ինձ հասավ, ես աներկբա որոշել էի ներկայացնել Չարենցի «Ես իմ անուշ Հայաստանի» բանաստեղծության
սերբերեն թարգմանությունը։ Բուռն ծափերն ուղեկցում էին ինձ։ Ժիրայր Դանիելյանը մոտեցավ
ինձ ու ասաց․
-Հիանալի՜ է, թեև սերբերեն չգիտեմ, բայց զգացի, թե ինչ վարպետորեն եք պահպանել Չարենցի
բանաստեղծության չափը, ռիթմը, մեղեդին։ Թարգմանչաց տոնի ավարտից հետո ավելի հանգամանալից
կխոսենք։
Մրցանակակիրներն ստացել էին իրենց «կանթեղները», թարգմանիչները՝ կարդացել իրենց
թարգմանությունները, իսկ հյուրասիրության սեղանի շուրջ շնորհավորանքների հեղե՜ղ էր։
Ափսո՜ս, մեզ հետ չէր մեր սիրելի Լևոն Անանյանը՝ Հայաստանի գրողների միության նախագահը,
ով այնքա՜ն սիրով էր նախապատրաստում «Թարգմանչաց տոնը» ու նույնքան սիրով ու հարգանքով
վերաբերվում մրցանակ ստացած բոլոր թարգմանիչներին։ Լևոնը հավերժի ճամփան էր բռնել,
բայց այդ օրը նրան սիրով էին հիշում, որովհետև ամեն տարի իր ձեռքով անձամբ էր մրցանակակիրներին
հանձնում այդ հեղինակավոր ու բարձր պարգևը։
-Երբևէ Լիբանանում եղե՞լ եք,- հարցրեց ինձ Ժիրայրը։
-Երբեք չե՛մ եղել,- ասացի,- բայց շուտով պատրաստվում եմ այցելել։ Հավանաբար Համազգայինի
ու Հայկական բարեգործական ընդհանուր միության հրավերով շուտով այցելեմ Բեյրութ։
-Ո՞ւր պիտի մնաք Բեյրութում,- հետաքրքրվեց Ժիրայրը։
-Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության հյուրատանը,- ասացի,- Արամ Ա կաթողիկոսը սիրով
է համաձայնել, որ Բեյրութում գտնվելու օրերին Անթիլիասում բնակվեմ, ինձ սենյակ են տրամադրելու
միաբանների կացարաններում։
-Հրաշալի է, ուրեմն հաճախ առիթ կլինի հանդիպելու,- ասաց Ժիրայրը,- ես այստեղ աշխատասենյակ
ունեմ, խմբագրում եմ «Կամար» ամսագիրը։ Եթե անտիպ բանաստեղծություններ ունեք՝ սիրով
կտպագրենք։
-Երբ Լիբանան այցելեմ, այդ մասին կխոսենք Բեյրութում, բարեկա՛մս,- սիրով ասացի
նրան։
Ժիրայրն ինձ թողեց իր այցեքարտը ու խնդրեց Բեյրութ այցելելիս հեռաձայնել։ Ինքս
էլ չգիտեի, որ ուղիղ մեկ ամիս հետո մեկնելու եմ Լիբանան, որ այդքան շուտ պիտի հանդիպենք
ու շարունակենք մեր ստեղծագործական զրույցները։
Դեռ չէի հասցրել փնտրել Ժիրայր Դանիելյանին, երբ վաղ առավոտյան կաթողիկոսարանում
դեմ առ դեմ ելանք։
-Արդեն Բեյրո՞ւթ հասաք, ե՞րբ եկաք,- ինձ տեսնելով զարմացած և ուրախացած հարցրեց
նա։ Մեկ ամիս առաջ Օշականում հանդիպել ենք, բայց չէի կարծում, որ այսքան շուտ պիտի
հանդիպեինք Լիբանանում։
-Արդեն մի քանի օր է այստեղ եմ,- ասացի,- դեռ հանդիպելու առիթներ շատ կլինեն։
-Ձեր ծրագրերին տեղյակ չեմ,- ասաց Ժիրայրը,- եթե բան չունեք, կարող ենք գնալ «Դեմիրճյան»
կենտրոն։
-Անելիքներ շատ կան, սիրելի Ժիրայր,- ասացի նրան,- բայց հաճույքով քեզ կընկերանամ։
«Դեմիրճյան» երիտասարդական-մշակութային կենտրոնը Հայկական բարեգործական ընդհանուր
միության կառույցներից է, գտնվում է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության Մայրավանքի
հարևանությամբ և կարելի է ընդամենը 10 րոպեում հասնել ոտքով։ Քայլելու կարիք չեղավ։
Ժիրայրը մեքենայով էր ու մենք ընդամենը 2 րոպե անց արդեն Բարեգործականի շենքի դիմաց
էինք։ Վերելակը տանում է մեզ 6-րդ հարկ։ Աչք շոյող այդ կառույցն իր բոլոր հարմարություններով՝
մարզադահլիճներով, վարչական աշխատասենյակներով, հրատարակչական բաժնով հաճելի տպավորություն
է ստեղծում։ Ժիրայրը, որ լավ է ճանաչում Լիբանանի հայկական կառույցների ու մշակույթի
ոլորտի մարդկանց, ներկայացնում է ինձ «Անդրանիկ» մշակութային միության վարիչ-տնօրեն
Գևորգ Սանթուրյանին։
-Լսել եմ Ձեր մասին,- ասում է Սանթուրյանը,- քանի որ հետո դասախոսություն պետք
է կարդաք «Անդրանիկ» սրահում։
Հետո ցույց է տալիս արդեն տպագրված հրավիրատոմսերը, որ բաժանված են դասախոսության
հրավիրվածներին։
-Կհանե՞ք հրավիրատոմսը,- հետաքրքրվում է Սանթուրյանը,- քանի հատ կարող եք առնել։
Նաև լուսանկարիչ ենք հրավիրել ու կամերայով պետք է նկարենք ամբողջ դասախոսությունը։
-Շա՜տ գեղեցիկ հրավիրատոմս է,- պատասխանում եմ,- մի քանի հատ կվերցնեմ իմ ստեղծագործական
արխիվում պահելու համար։
-Այո՛, անշո՛ւշտ,- ասում է Սանթուրյանը,- կարող եք վերցնել։
Հետո Սանթուրյանն ինձ ու Ժիրայրին ուղեկցում է այն սրահը, ուր պիտի կայանա դասախոսությունը։
Գեղեցիկ մի սրահ, ուր կարող է հանգիստ տեղավորվել շուրջ 200 հոգի։ Սփյուռքի պայմաններում
200 հոգանոց սրահ լցնելը միշտ չէ, որ հաջողվում է, ու եթե անգամ եկողների թիվը հասնում
է 100-ի, դա ևս մեծ նվաճում է։ Եվ դրա պատճառներից մեկը, անշուշտ, արևելահայերենի ու
արևմտահայերենի միջև եղած այն պատնեշն է, որ որոշ չափով ոմանց հեռու է պահում մասնակցելու
նման միջոցառումներին։ Եվ, սակայն, Գևորգ Սանթուրյանը վստահորեն նշում է, որ սրահը
մարդաշատ կլինի։
-Պարո՛ն Սիմոնյան, լավ կլինի, որ այցելեք Բարեգործականի վարժարանները,- առաջարկում
է Սանթուրյանը,- կծանոթանաք մեր վարժարանի ծրագրերին, կհանդիպեք աշակերտների հետ։
-Սիրո՛վ կհանդիպեմ,- պատասխանում եմ,- ինձ ևս հետաքրքրում են լիբանանահայ կրթօջախների
ուսումնական ծրագրերը։
Ժիրայր Դանիելյանի ու Գևորգ Սանթուրյանի հետ միասին գնում եմ Կարմիրյան վարժարան,
որ «Դեմիրճյան» կենտրոնի դիմացի մայթին է։ Ուղղակի պիտի անցնել փողոցը, ուրիշ ոչինչ։
Ծանոթությունն սկսվում է մանկապարտեզային տարիքի երեխաներից։ Սանթուրյանը բացատրում
է, որ ընդհանրապես լիբանանահայ բոլոր դպրոցներում կամ վարժարաններում գործում են նաև
մանկամսուրներ ու մանկապարտեզներ, որոնցում հասակ առնող մանուկներն այնուհետև դառնում
են նույն դպրոցի կամ վարժարանի սաներ։ Ամեն հարմարություն կա այստեղ, որպեսզի նախադպրոցական
հասակի հայ երեխաները լիարժեք վայելեն իրենց երջանիկ մանկությունը։ Մի պահ մտաբերեցի
1959 թվականի սեպտեմբերի 1-ը, երբ մայրս առաջին անգամ ինձ տարավ Երևանի Կրուպսկայայի
անվան թիվ 19 միջնակարգ դպրոց, որ այն ժամանակ մայրաքաղաքի հայկական ամենալավ կրթօջախն
էր և Երևանում «ցուցադրական դպրոցի» համբավ ուներ։ Այդ համբավը տասնամյակներ շարունակ
առաջնորդում էր մեր դպրոցին, որ հիմա կրում է Նիկոլ Աղբալյանի անունը։ Ու ամեն անգամ
սիրելի դպրոցի կողքով անցնելիս անափ ջերմություն ու կարոտ եմ զգում, երանությա՜մբ,
նաև թախիծո՜վ նայում այն դասասենյակի լուսամուտներին, որտեղից հրաժեշտ տվեցինք դպրոցին։
Ու այդ կարոտը հագեցնելու միակ ուղին, թերևս, համադասարանցիներով հաճախ հավաքվելն է։
Հավաքվում ենք, նստում սեղանի շուրջ՝ մի պատառ հաց կիսելու իրար հետ՝ մտաբերելով անցած
անմոռաց տարիների հուշերը, որոնք այսօր էլ շարունակ բաբախում են մեր տաք երակներում՝
վառ պահելով սիրելի ուսուցիչների անմեռ հիշատակը։ Վաղո՜ւց արդեն չկան նրանք, բայց դեռ
հիշում ենք ու կհիշենք, որովհետև նրանց շնորհիվ մեր հոգիներում վառված կանթեղը շարունակում
է լուսավորել մեր կյանքի ճանապարհը, ուղղորդում է մեզ, որպեսզի ապրենք անխոտոր ու ճշմարիտ։
-Դո՛ւք, հայաստանաբնակնե՛րդ, այդ առումով ավելի երջանիկ պիտի լինեք, հայրենիքում
եք ապրում,- ասում է Գևորգ Սանթուրյանը,- իսկ մենք այստեղ՝ Սփյուռքում, օտար երկնքի
տակ ենք և մեր հայ մնալու համար մեծ ճիգեր ենք գործադրում։
Իրավացի է Սանթուրյանը։ Հայրենիքից դուրս ապրող հայի համար հայապահպանությունն
առաջնահերթ խնդիր է։ Բարեբախտաբար, Լիբանանը թե՛ 1915 թվականից հետո, թե՛ հիմա շատ
բարեհաճ է գտնվել հայոց հանդեպ։ Եղեռնի մահասարսուռ տարիներին Լիբանանի արաբ ժողովուրդը
ջերմությամբ ընդունեց բազում հայ գաղթականների, ովքեր հասակ առան արաբական այդ հյուրընկալ
հողում, իսկ հիմա նրանց զավակները, թոռներն ու ծոռներն են վայելում արաբ ժողովրդի բարեհաճ
վերաբերմունքն ու սերը։
-Մենք երջանիկ ենք, որ արժանացել ենք Լիբանանի ժողովրդի ջերմ վերաբերմունքին,-
շարունակում է Սանթուրյանը։ Կարողացանք ավանդապաշտ մնալ։ Արևմտյան երկրներում, սակայն,
այլ իրավիճակ է, շատ երկրներում հայ գաղթօջախները կամաց-կամաց մարում են, կամ էլ հայերը,
առանց մայրենի լեզվի ու մայր մշակույթի, կտրված են իրենց արմատներից և ձուլվում են
տեղաբնիկների հետ։
Սանթուրյանի տագնապն ինձ միանգամայն հասկանալի էր։ Այդ տագնապը մեղմելու իսկական
դրսևորումը թերևս այն հոգատար վերաբերմունքն էր, որին ականատես պիտի լինեի Բեյրութի
հայկական դպրոցներում՝ աշակերտության ու մանկավարժների հետ հանդիպելիս։
Ժիրայր Դանիելյանն ասաց, որ կաթողիկոսարանում գործեր կան, պիտի վերադառնա Մայրավանք,
դեռ էլի հանդիպելու առիթներ կլինեն, իսկ Սանթուրյանն առաջարկեց այցելել Հայկական բարեգործական
ընդհանուր միության «Դարուհի-Հովակիմյան» երկրորդական վարժարան։ Սիրով համաձայնեցի։
Սանթուրյանի մեքենայով «Դեմիրճյան» կենտրոնից գնում ենք քաղաքի մեկ այլ թաղամաս։
Հեռվից լսվող երեխաների աշխույժ ձայնը պաշարել էր ամբողջ շրջապատը։
-Երևի հասա՞նք,- հարցնում եմ։
-Այո՛, այո՛, սա է վարժարանը,- պատասխանում
է Սանթուրյանը։
Բեյրութի Հըրշ-Թաբեթ արվարձանում գտնվող «Դարուհի-Հովակիմյան» վարժարանի աստիճանները
տանում են մեզ երկրորդ հարկ՝ տնօրենի աշխատասենյակ։ Սանթուրյանը ինձ ներկայացնում է
երիտասարդ տնօրեն Արա Վասիլյանին, նրան պատմում Լիբանանում գտնվելու իմ առաքելության
մասին։
-Առաջին անգա՞մ եք Բեյրութում,- հետաքրքրվում է տնօրեն Արա Վասիլյանը,- ինչպե՞ս
եք զգում Ձեզ։
-Այո՛, առաջին անգամ եմ Բեյրութում,- պատասխանում եմ,- արդեն մի քանի օր է, հասցրել
եմ բավականին բան տեսնել այստեղ։ Ուրախ եմ, որ առիթ ունեցա այցելելու նաև ձեր դպրոց։
Ի դեպ, ուրիշ դպրոցներ ևս այցելելու եմ։ Ինձ հետաքրքրում են լիբանանահայ կրթօջախների
ուսումնական ծրագրերը։
Արա Վասիլյանը անակնկալ էր նախապատրաստել։ Ասաց, որ քիչ հետո հանդիպելու և զրուցելու
եմ վարժարանի տասներորդ դասարանցիների հետ։ Գևորգ Սանթուրյանը հավանաբար գիտեր այդ
մասին, բայց ձեռնպահ մնաց տեղեկացնել՝ ցանկանալով հաճելի անակնկալ մատուցել։ Ենթադրում
եմ, որ Սանթուրյանը նախապես զանգահարել ու պայմանավորվել էր տնօրենի հետ։
-Սիրո՛վ կհանդիպեմ աշակերտների հետ,- ասացի երիտասարդ տնօրենին,- բայց ինչի՞ մասին եք ուզում խոսեմ։
-Նախ ներկայացրեք Ձեր գործունեությունը, քանի որ ստեղծագործող հրաշալի աշակերտներ
ունենք դպրոցում։ Նրանք հաճույքով են լսում Ձեր խոսքը, բայց լավ կլինի, որ ավելի շատ
անդրադառնաք Հայաստան-Սփյուռք կապերին,- զրույցն առաջ է տանում Վասիլյանը։ Մեզ համար
հայրենիքը գոյապահպանման թերևս ամենաթանկ խորհրդանիշն է։
Մտնում ենք դասարան։ Բոլորը ոտքի են կանգնում։ Կրկին մտաբերում էի, թե ինչպես էինք
մենք ոտքի ելնում, երբ դասարան էր մտնում ուսուցիչը, ինչպիսի՜ հարգանք կար այն ժամանակ,
որ բարեբախտաբար դեռ պահպանվել է հայ իրականության մեջ, որ ուսուցչի հանդեպ դեռ անսահման
պատկառանք կա ու սեր, որովհետև հայի համար ուսուցիչը բոլոր ժամանակներում, սկսած սուրբ
Մեսրոպ Մաշտոցից և հավանաբար նրանից էլ շատ առաջ, սրբություն սրբոց է եղել։ Հենց ուսուցիչներն
են բարության ու մարդասիրության սերմեր սփռել մեր հոգիներում։
-Նստե՛ք, նստե՛ք,- ասացի աշակերտներին։
Մինչ ես կսկսեի խոսքս ու երկխոսության մեջ կմտնեի վարժարանի պատանիների ու պարմանուհիների
հետ, Վասիլյանը համառոտ ներկայացրեց ինձ։ Այդ հրաշալի հայորդիները ուշի ուշով լսում
էին տնօրենին, ապա՝ ինձ։ Զրուցում էի ու աչքի պոչով նայում նրանցից յուրաքանչյուրին՝
մտածելով, որ երևի վաղուց առիթ չեն ունեցել հանդիպելու հայաստանաբնակ մտավորականի հետ,
որովհետև համակ ուշադրություն էին արտահայտում նրանց դեմքերը, հետաքրքրությամբ կլանում
էին խոսքս, բայց երբ եկավ հարցերիս պատասխանելու պահը, բոլորը մի տեսակ քաշված էին,
մի քիչ անհամարձակ։ Տնօրենի միջամտությունից հետո աշակերտներից ոմանք աշխուժացան ու
սկսեցին հարցեր տալ։ Մեկը հարցնում էր իմ գրական գործունեության, մյուսը՝ հյուպատոսական
աշխատանքիս, երրորդը՝ Սերբիայում ապրած տարիներիս մասին։
-Իսկ գիտե՞ք որտեղ է գտնվում Սերբիան,- դիմեցի աշակերտներին։
Խոսքիս հաջորդեց փոքրիկ դադարը։ Համարձակ մի աշակերտ ձեռք բարձրացրեց՝ ցանկանալով
պատասխանել հարցիս։
-Բալկաններում է գտնվում,- ասաց նա։
-Ապրե՛ս, ապրե՛ս,- խրախուսեցի նրան,- էլ ի՞նչ գիտես սերբերի մասին։
-Գիտեմ նաև, որ հայերի նման պայքարել են թուրք ջարդարարների դեմ։
-Ձեր աշակերտները բավականին բանիմաց են,- դիմում են տնօրեն Վասիլյանին,- դա ուրախացնում
է։
Հետո աստիճանաբար սկսեցին ինձ հարցեր ուղղել առավել համարձակները։ Հաճելի երկխոսություն
սկսվեց։ Մի տղա ձեռք բարձրացրեց ու խոսք խնդրեց։
-Անունդ ի՞նչ է տղա՛ս,- հարցրի նրան։
-Հարությո՛ւն,-պատասխանեց փոքր-ինչ ամաչկոտ տղան։
-Լսո՛ւմ եմ հարցդ․․․
-Տակավին հարց չունեմ,- պատասխանեց նիհարակազմ ու դալուկ դեմքով պատանին,- կարո՞ղ
եմ մի քանի բանաստեղծություն կարդալ․․․
-Այս տղան բանաստեղծություններ է գրում,- միջամտեց տնօրենը։ Մենք գրական խմբակ ունենք
վարժարանում, որ շատ օգտակար գործ է կատարում աշակերտների համար։
Տղան մոտեցավ գրատախտակին, փոքր-ինչ շիկնած դեմքով ինձ նայեց՝ երևի սպասելով թույլտվությանս։
-Ասա՛, տղա՛ս, ասա՛, մի՛ քաշվիր,- դիմեցի նրան։
Պատանին կարդաց բանաստեղծությունը։ Ուշադիր լսում էի 15-ամյա տղայի բանաստեղծական
թոթովանքը։ Շնորհալի էր, անշուշտ, բայց՝ դեռ անմշակ, դեռ երկար ճանապարհ պիտի անցներ՝
արժանանալու բանաստեղծի վեհ կոչմանը։ Հետո կրկին ինձ նայեց՝ երևի ակնկալելով իմ գնահատականը։
-Մի բանաստեղծություն և՛ս կարդա,- դիմեցի նրան։
Տղան առանց երկմտելու կարդաց երկրորդը։
-Լա՛վ է, ապրե՛ս,- քաջալերելով ասացի նրան,- ահա երկրորդ բանաստեղծությունդ եմ
լսում ու համոզվում եմ, որ իրոք շնորհք ունես, բանաստեղծական կրակ կա հոգումդ, բայց
պիտի իմանաս, թե ինչպես վառ պահես այդ կրակը, որ չմարի։ Շատ կարդա հայ միջնադարյան
պոեզիա, նաև մեր դասականների, արևմտահայ պոետների՝ Դանիել Վարուժանի, Մկրտիչ Պեշիկթաշլյանի,
Պետրոս Դուրյանի, Միսաք Մեծարենցի, Ռուբեն Սևակի և Սիամանթոյի բանաստեղծությունները,
եթե ուզում ես հղկել բանաստեղծական խոսքդ։
Չզգացվեց, թե ինչպես անցավ մեկ ժամը։ Հետո դուրս եկանք բակ, ուր չէր դադարում աշխույժ
հայ մանուկների ձայնը։
-Այս մանուկները առաջինից չորրորդ դասարանցիներ են՝ ՀԲԸՄ-ի Լևոն Նազարյան նախակրթական
վարժարանի աշակերտներ,- ասում է Վասիլյանը։ Մոտենանք և մի քիչ զրուցենք նրանց հետ։
Տնօրենն ասաց, որ Հայաստանից եմ և հորդորեց նրանց ողջունել ինձ։ Տնօրենի խոսքին
անմիջապես հաջորդեց երեխաների միաձայն ողջույնը։ Ի՜նչ անուշիկ երեխաներ էին, օտար երկնքի
տակ մեծացող հայ նորաբաց բողբոջներ, որոնց կրծքի տակ հայերեն խոսքն էր թրթռում, հոգում՝
հայոց շունչը։ Ու թեև նրանք պիտի ծլարձակեն ու հասակ առնեն Լիբանանի հողում, բայց երբեք
չեն մոռանա այն ակունքը, որ հայրենիք է կոչվում, մեսրոպյան այբուբեն ու հայոց լեզու։
Սանթուրյանի հետ հրաժեշտ տվեցինք բազմազբաղ տնօրենին։ Այդ հրաշալի հայորդիների
աչքերում բոցկլտում էր մայր երկրի անմար ու հարատև կրակը, հայոց աշխարհի պատկերներն
էին դրոշմված, որոնք կրում են ամեն օր ու ամեն ժամ և որոնցով հայ են մնում մայր Հայաստանից
հեռու։
Երեկոյան, ընթրիքից հետո, ինձ նոր հանդիպում էր սպասում Կորյուն սրբազանի հետ։
Երեկ կիսատ էինք թողել մեր հետաքրքիր զրույցը Իրանահնդկաստանի հայոց թեմի մասին։
Կորյուն սրբազանի հետ բարձրացանք ճաշարան։ Ամենքս առավ իր բաժին ուտելիքը և միասին
նստեցինք սեղանի շուրջ՝ ընթրելու և զրուցելու։
-Սրբազա՛ն, զգում եմ, որ ձեր խոսքին վերջ չկա,- դիմում եմ նրան,- երևի թե մի ամբողջ
օր հատկացնեմ ձեզ հետ զրուցելուն։
-Սիրո՛վ, սիրո՛վ,- պատասխանում է սրբազանը,- բայց այնպիսի օր պետք է լինի, որ Ձեր
ծրագրերին չխանգարի։
-Բոլոր օրերս էլ ծրագրված են,- ասում եմ,- բայց ժամանակ կգտնեմ Ձեզ համար։
Դարձյալ հետաձգեցինք մեր զրույցը։ Ո՞վ գիտե, գուցե դրանում անբացատրելի մի խորհուրդ
կար։ Խնդրեցի սրբազանին, որ իր գործունեության մասին նյութեր տրամադրի, որովհետև հաճելի
է, երբ զրուցելուց առաջ զրուցակցիդ մասին որոշակի տեղեկություն ես ունենում։ Այդ դեպքում
զրույցը, ինչպես մենք՝ հայերս ենք ասում, ջրի նման հոսում է։
-2-3 օր ինձ ժամանակ տվե՛ք,- ասում է սրբազանը,- կպատրաստեմ Ձեզ համար անհրաժեշտ
նյութերը, որպեսզի կարողանանք լիարժեք զրուցել։
Համաձայնեցի՛։ Ճաշից հետո դուրս եկա՝ մի քիչ զբոսնելու կաթողիկոսարանի բակում։
Հաճելի երեկո էր, բազում աստղեր էին շողշողում անամպ երկնքում։ Լիբանանի երկնքի աստղերն
էին։ Հայացքս հառած երկնակամարին փորձում էի գտնել Մեծ արջի համաստեղությունը, որ հստակ
երևում է հայոց երկնքում։ Այստեղ չգտա՛։ Ուրիշ, անծանոթ համաստեղություններ էին․․․ Մի պահ մտաբերեցի տարիներ առաջ Բյուրականի աստղադիտարան կատարած
այցելությունս։ Խաղաղ ու անամպ գիշեր էր երկինքը դիտելու համար։ Աստղագետները ցերեկները,
կարելի է ասել, երկնքի հետ անելիքներ համարյա չունեն, նրանց աշխատանքը սկսվում է գիշերը,
երբ վառվում են երկնքի բազում աչքերը, երբ աստղագետներին հյուր են գալիս միլիոնավոր
համաստեղություններն ու միլիարդավոր աստղերը։
Լիբանանի աստղե՜րն էին ուղեկցում ինձ ու բարի գիշեր մաղթում։ Բարի ու անհոգ գիշե՜ր։
Նյութի աղբյուրը՝ Բաբկեն Սիմոնյան- «Պատկերներ Լիբանանից»
Comments
Post a Comment