10 նոյեմբերի, 2013 թվական, Բիբլոս
Առավոտյան
նոր էի ավարտել նախաճաշս ու պտտվում էի Մայրավանքի շուրջը, երբ հեռվից նկատեցի Գրիգորի
մեքենան։
-Կարո՞ղ
ենք շարժվել, պատրա՞ստ եք,- հարցրեք Գրիգորը։
-Պատրա՛ստ
եմ,- ասացի ու տեղավորվեցի նրա մեքենայի հարմարավետ բազմոցին։
Գրիգոր
Դաքեսյանի ուղեկցությամբ մեկնում եմ Բիբլոս, որը Բեյրութից դեպի հյուսիս 35 կիլոմետր
հեռավորությամբ քաղաք է երկրի նախալեռնային հատվածում։ Բեյրութից Բիբլոս տանող ճանապարհը
երկրի գլխավոր մայրուղին է, որը կապում է մայրաքաղաքը երկրի հյուսիսային և Սիրիայի
ծովեզրյա և հյուսիսային շրջաններին։ Մայրուղու ամբողջ երկայնքով արմավենու ու բանանի
ծառեր են, որոնք մի առանձին հմայք են տալիս շրջապատին։ Հետո հասկացա, որ ուր որ էլ
գնալու լինեմ, Լիբանանի ծովեզրյա ճանապարհներին բանանի ծառերը իմ մշտական ուղեկիցներն
են լինելու։
-Տեսնո՞ւմ
եք ինչքա՜ն բանանի ծառեր կան այստեղ, Լիբանանը բանանի երկիր է,- բառախաղ անելով ասում
է Գրիգորը։ Լիբանան նշանակում է բանան։ Թեև մեր երկրի բանանը մի քիչ փոքր է, բայց ավելի
անո՜ւշ է․․․
Հավերժահարս Բեյրութը մնում է հետևում, իսկ օրվա պայծառ արեգակից Միջերկրականի
կապույտ հայելին իր գեղեցկությամբ ավելի է ընդգծվում։
-Ահա Բիբլոսը, հասա՛նք,- տեղեկացնում է Գրիգորը,- ամբողջ օրը այստեղ կանցկացնենք,
տեսնելու շատ բան կա։
Հիմա կրկին մտաբերում եմ միջին դարերի պատմության ուսուցչուհուս հրաշալի պատմությունները,
որոնցով մեզ ճամփորդության էր տանում աշխարհի այս կամ այն անկյունը, հնարավորություն
տալիս հաղորդակցվելու միջնադարում տեղի ունեցած պատմական կարևոր անցուդարձերին։ Մեր
սիրելի ուսուցչուհին պատմում էր, որ Բիբլոս քաղաքը հիմնադրել են փյունիկեցիները, որ
այն աշխարհի հնագույն քաղաքներից է, և որ մարդկությունը հայտնի է եղել դեռ մեր թվարկությունից
հազարամյակներ առաջ։ Որպես նավահանգիստ-քաղաք գոյություն ունի շուրջ 6000 տարի։ Այդ
են հաստատում փյունիկյան ժամանակներից մեզ հասած արձանագրությունները և կանգուն կոթողները։
Քաղաքը զարգացած մշակութային կենտրոն է եղել։ Անվանումն առաջացել է Բիբլիա բառից, որ
բառացի թարգմանաբար նշանակում է սուրբ տեքստերի հավաքածու, իսկ լիբանանցիները Բիբլոսը
արաբերենով Ջիբեյլ կամ Ջուբեյլ են կոչում։
Քաղաքում՝ հին եկեղեցիներ, ամրոցների ու պարիսպների ավերակներ, որոնք լուռ վկաներն
են հեռավոր ու բարձրարվեստ անցյալի։ Եկեղեցիների հարևանությամբ՝ մահմեդական արաբների
պաշտամունքային կառույցներ, շքեղ առանձնատներ, միջնադարյան նեղլիկ փողոցներ, որոնք
այսօր էլ առևտրային աշխույժ կյանքով են ապրում։ Իսկ հին Բիբլոսի կենտրոնական փողոցում,
որ շուրջ 1500 տարվա պատմություն ունի, հուշանվերների ու նախշագործված հագուստեղենի
խանութներ են, որոնք աչքի են ընկնում ապրանքների բազմազանությամբ ու բազմերանգությամբ։
Գրիգորի հետ քայլում եմ քաղաքի ամենահին թաղամասում։ Զննող հայացքով նայում եմ
քաղաքի սալիկապատ փողոցներին, ինքնատիպ խանութներին, նորաձև հագուկապով անցուդարձ անող
ջահելներին։ Եվ, հանկարծ, ո՜վ զարմանք՝ ականջս շոյող հայերեն բառեր եմ լսում։
Մոտեցանք վաճառասրահին։ Հայեր էին։
-Հայաստանի՞ց եք եկել,- հարցրեց երիտասարդ կինը՝ լսելով Գրիգորի հետ իմ արևելահայերեն
զրույցը։
-Հայաստանից եմ, այո՛,- սիրալիր պատասխանեցի,- եկել եմ տեսնելու Բիբլոսը։
Կողքի երիտասարդը, որ պարզվեց, թե վաճառողուհու ազգականն էր, ամաչեց ներքաշվել
զրույցի։ Բեյրութահայեր են, բայց այստեղ փոքրիկ խանութ ունեն և վաճառականությամբ են
զբաղվում։
-Մի՛ զարմացեք,- ասում է Գրիգորը,- այստեղ մոտ 500 հայ է ապրում։ Առաջ հայերի թիվը
ավելի շատ է եղել, շատերը մեկնել են Ջբեյլ։ Լիբանանի մեջ ուր ասես, հայ կա։
Մի փոքրիկ Լիբանան՝ Հայաստանի Հանրապետությունից 3 անգամ, Արցախով միասին՝ 4 անգամ
փոքր տարածքով երկիր, բայց հայերն այստեղ դեռ հին ժամանակներից մշակութային հարուստ
ժառանգություն են ստեղծել, անգնահատելի հետք թողել՝ արժանանալով ոչ միայն շարքային
լիբանանցիների, այլև բարձրաստիճան այրերի համակրանքին ու անափ սիրուն։ Եվ, հիրավի,
թող օրհնվի Լիբանանի արաբ ժողովուրդը, որ թև ու թիկունք եղավ 1915 թվականի հայոց մեծ
եղեռնից հրաշքով փրկվածներին ու հանգրվան տվեց տասնյակ հազարավոր հայ գաղթականների
ու որբերի։ Իսկ Լիբանան գաղթած հայերն անպատասխան չթողեցին արաբ ժողովրդի ազնիվ վերաբերմունքը։
Լիբանանը ծաղկեց նաև հայի ստեղծագործ մտքի ու աշխատանքի շնորհիվ։ Հայերը սիրելի ու
հարգված դարձան երկրի հասարակական ու տնտեսական կյանքի բոլոր ասպարեզներում։
-Այստեղ հայոց որբանոց կա, որ «Թռչնոց բոյն» է կոչվում,- ասում է Գրիգորը,- անպայման
պիտի այցելենք այդ մանուկներին։
Գրիգորի հետ քայլում եմ քաղաքի Արմենիա փողոցով, որտեղ գտնվում է «Թռչնոց բոյն»
որբանոցը։
Նկատելով մեզ, մետաղե դարպասին է մոտենում հայազգի մի երիտասարդ ու սիրալիր ներս
հրավիրում։ Գրիգորը տեղեկացնում է, որ Հայաստանից եմ։
-Համեցե՛ք,- ասում է երիտասարդը,- հիմա ձեզ կդիմավորի քույր Քնարը։ Մի քիչ սպասե՛ք։
Քույր Քնարը՝ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությանն պատկանող Գայանյան քույրերի միաբանության
մեծավորուհին, զրուցում էր օտարազգի հյուրերի հետ։ Նա մի պահ ընդհատեց զրույցը, մոտեցավ
մեզ ու ասաց․
-Խնդրում եմ, մի քանի վայրկյան սպասե՛ք, հիմա կավարտեմ զրույցը հյուրերի հետ ու
հանգիստ կկարողանանք խոսել․․․
Մինչ նա կավարտեր զրույցը օտարազգի հյուրերի հետ, մենք շրջեցինք որբանոցի բակում,
ուր նարնջենիներ կան, որոնց ճյուղերը բեռնված են առատ ու ախորժատես պտուղներով։
Որբանոցը հսկայական մի համալիր է իր բոլոր հարմարություններով՝ ննջասենյակներով
ու շքեղ ճաշասրահով, խաղադաշտով ու ժամանցի սենյակներով։ Բակում խաղում էին անհոգ ու
ժպտերես երեխաները՝ անտեղյակ լինելով իրենց անուրախ մանկությանը։ Ի՜նչ լավ է, որ դեռ
շատ բան չեն հասկանում, որ իրենց փշրված ճակատագրի արցունքոտ էջերը կարողանում են գոնե
ժպիտով փարատել։
Քիչ հետո աշխատասենյակից դուրս եկավ քույր Քնարը և մեզ հրավիրեց իր առանձնասենյակը։
Զրուցում ենք «Թռչնոց բոյն»-ի մասին, նա մեզ ներկայացնում է որբանոցի պատմությունը,
տեղեկացնում, որ ազգությամբ դանիուհի, 25-ամյա Մարիա Յակոբսոնը 1907 թվականին գործուղված
էր Խարբերդ և աշխատում էր ամերիկյան հիվանդանոցում։ Առաջին աշխարհամարտում այդ հիվանդանոցոմ
առաքելություն իրականացնող ամերիկացիները, սակայն, հեռանում են Խարբերդից՝ անտեր ու
անպաշտպան թողնելով հայկական գավառներն ու հայ որբերին։ Նրանց գաղտնի վայրերում պատսպարելու
ամբողջ բեռն իր ուսերին է վերցնում Մարիան՝ ապահովելով նրանց սնունդ և բուժօգնություն։
Ավելի ուշ, երբ ամերիկյան Նպաստամատույց բարեսիրական կազմակերպությունը հեռանում է
Միջին Արևելքից, Մարիա Յակոբսոնի ջանքերով և օժանդակությամբ դանիական բարեսիրական մի
կազմակերպություն 1926 թվականին կարողանում է գնել Ջիբեյլի ամերիկյան որբանոցը։
«Թռչնոց բույն» հայոց որբանո՜ց․․․ Մի պահ խորհում էի, թե որքան անարդար բաներ կան աշխարհում, դեռ
որքա՜ն պիտի քնած մնա մարդկության խիղճը ու ե՞րբ պիտի ջնջվի որբանոց բառը աշխարհի երեսից՝
մանավանդ վտանգված ճակատագիր ունեցող հայի համար։ Մեծ եղեռնից անցել է շուրջ 100 տարի,
բայց հայերը դեռ որբանոցներ ունեն Հայաստանում ու Սփյուռքում, ուր ապաստանում են ծնողազուրկ
բազմաթիվ երեխաներ։ Պատկերացնում էի, թե ի՜նչ տխուր պահեր եմ ապրելու՝ տեսնելով ծնողական
ջերմությունից ու գուրգուրանքից զուրկ հայ մանուկներին, որոնք, որպես թևաթափ թռչուններ,
ծվարել են այստեղ, որպեսզի չզգան իրենց անուրախ մանկության դառնությունը։ Առավել ցավալի
էր, երբ տեղեկացա, որ որբանոցն ունի նաև մսուր ու մանկապարտեզ, ասել է, թե մսուրային
ու մանկապարտեզային տարիքի շատ մանուկներ զրկված են ուրախ մանկություն վայելելու բերկրանքից,
որ նրանց կյանքի առաջին էջը բացվում է որբանոց բառով։ Խե՜ղճ ու անտեր մանուկներ․․․ ինչո՞վ են մեղավոր նրանք և ինչո՞ւ են կրում իրենց բաժին հասած
դառը ճակատագիրը․․․ Երևի թե պատահական չէ,
որ որբանոցը «Թռչնոց բույն» է կոչվում, որն այնքա՜ն ներդաշնակ է այստեղ հանգրվան գտած
անտերունչ հայ մանուկների ճակատագրին։
«Թռչնոց բույնը» ցեղասպանության հետևանք է,- ասում է քույր Քնար Գայփաքյանը,- հայ
ժողովրդի պատմության վերջին 100 տարիների ընթացքում որբանոցը կարևոր դեր է ունեցել։
Ցեղասպանությունից հետո այն դարձել է հազարավոր որբերի պատսպարանը։ Շարունակելով Մարիա
Յակոբսոնի մարդասիրական առաքելությունը, դանիացի Քոյր Քիստն Վինտի օժանդակությամբ
1970 թվականին «Թռչնոց բույն» որբանոցը հանձնվեց Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության
տնօրինությանն ու հոգածությանը։ Շատ հայ մանուկներ մեծացան ու կրթություն ստացան այս
որբանոցում, իսկ ավելի ուշ՝ ընտանիք են կազմել ու կարևոր պաշտոնների հասել ոչ միայն
Լիբանանի, այլև հարևան երկրների հայկական գաղթօջախներում։
Այնուհետև քույր Քնարն առաջարկում է ներկա լինել դասին ու լսել երեխաների խոսքը։
Դասն սկսվում է «Հայր մեր»-ով, քույր Քնարի հետ միասին բոլոր երեխաները աղոթք են անում։
Այսպես աղոթքով է սկսվում նրանց օրը, աղոթք առ աստված, որ դարման է նրանց անամոք ցավին։
Նայում էի թախիծով լի նրանց աչքերին, որոնցում փշրված մանկությունն էր անթեղված։ Քույր
Քնարի օգնությամբ փորձեցի երկխոսություն հաստատել մանուկների ու պատանիների հետ, լսել
նրանց խոսքը։ Ամաչկոտ այդ հայորդիները դժվարությամբ էին ներքաշվում զրույցի մեջ, բայց
քույր Քնարի հորդորով նրանք աշխուժացան ու հետաքրքիր երկխոսություն սկսվեց։ Նրանցից
յուրաքանչյուրը պատմում էր, թե ի՜նչ երազանքներ ունի, ինչպիսի՞ն կցանկանար տեսնել իր
ապագան։ Ոմանք, սակայն, լուռ էին ու տխուր․․․
-Գիտե՞ք, մենք հսկայական աշխատանք ենք տարել հայ մանուկների կյանքը այստեղ հետաքրքրական
ու բովանդակալից դարձնելու համար,- բացատրում է քույր Գայփաքյանը։ Նրանք այստեղ միայն
գիշերում են և սնվում, իսկ ամեն առավոտյան նրանք ավտոբուսներով փոխադրվում են Բեյրութ,
ուր նրանք դպրոց են հաճախում։ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունը մեզ ավտոբուսներ
է տրամադրել այդ նպատակով։ Արամ Ա Վեհափառի հոգատարությունը մեր որբերի հանդեպ անգնահատելի
է։ Հատկապես տոնական օրերին կաթողիկոսը միշտ այցելում է մեր որբերին։
Հետո երեխաները ցրիվ եղան դեսուդեն, ամեն մեկը մի ուղղությամբ՝ խաղալու կամ ընթերցանության։
Նորից շրջում ենք բակում, ուր հանգչում է Մարիա Յակոբսոնի աճյունը։
Հրաշալի կերպար էր Մարիան, ով դեռ Խարբերդում հայերեն է սովորել ու իր խնամած որբերի
հետ հայերեն էր խոսում։ Ականատես էր հայոց մեծ եղեռնին և գուցե դրա համար էլ մայրական
սիրով ու գորովանքով փայփայում էր ծնողազուրկ ամեն հայ մանուկի, հարազատ զավակի պես
սիրում նրանց։ Մահից առաջ պատգամել էր, որ իր աճյունն ամփոփեն ոչ թե հայրենի Դանիայում,
այլ՝ Ջիբեյլում, որպեսզի իր սիրելի ու պաշտելի որբերի կողքին լինի միշտ։
Օրհնվի՛ անունդ, ո՜վ լուսահոգի Մարիա, լո՜ւյս իջնի գերեզմանիդ․․․ Պատգամդ կատարվե՛լ է, այստեղ ես հանգչում դու, քո՛ սիրելի որբերի
կողքին, ուր «Թռչնոց բույնն» է՝ քո՛ իսկ ջանքերով ստեղծված հայոց որբանոցը։
Որբանոցի բակում Մարիան ասես տիրականորեն հսկում է իր նորօրյա որբերին, որոնց չի
էլ տեսել, հսկում է հոգու աչքերով, ու հոգու ձեռքերով շոյում ու փայփայում նրանց, որ
ոչ մի հայ մանուկ որբացած չզգա իրեն։
Գերեզմանի մարմարե սալիկին Մարիայի դիմանկարն է և արաբերենով ու հայերենով հետևյալ
տողերն են դաջված․
Ի ԳՆԱՀԱՏՈւԹԻԻՆ
ՄԱՐԻԱ Փ․ՃԱԳՊՍԸՆԻ 1882-1960
ՈՐ ՔՐԻՍՏՈՆԷԱԿԱՆ ՆՈւԻՐՈւՄՈՎ
ԾԱՌԱՅԵՑ ՈՐԲԵՐՈւՆ 1907-1960
ՄԵՐՁԱՎՈՐ ԱՐԵՎԵԼՔԻ ՀԱՅ ԱԻԵՏ․ ԵԿԵՂԵՑԻՆԵՐՈւ ՄԻՈւԹԻւՆ
ԱՊՐԻԼ 1968 ՃԸՊԷՅԼ ԼԻԲԱՆԱՆ
Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության նախաձեռնությամբ մեծ թափով նորոգվում է նաև
որբանոցի հարևանությամբ գտնվող շենքը, ուր նախատեսվում է ստեղծել ցեղասպանության թանգարան,
որն իր դռները կբացի հայոց մեծ եղեռնի 100-րդ տարելիցին։ Իսկ երբ հետաքրքրվեցի, թե
ինչու հենց Բիբլոսում որբանոցի հարևանությամբ է ստեղծվելու թանգարանը, այլ ոչ թե մայրաքաղաք
Բեյրութում կամ Անթիլիասում, քույր Քնարն ասաց, որ որբանոցը ցեղասպանության արդյունք
է, ուստի և տրամաբանական է, որ հենց ա՛յս տեղում լինի թանագարանը, և դա լավ առիթ կլինի,
որպեսզի այցելուների ուշադրությունը հրավիրվի նաև հայոց որբանոցին։
Հրաժեշտ եմ տալիս «Թռչնոց բույն»-ին, քույր Քնարին ու հայ որբուկներին, բայց խոնավացած
աչքերումս նրանց կերպարն է դաջված, ունկերիս մեջ՝ նրանց արտասանած «Հայր մերը․․․»։ Ախ, երանի՜, հազա՜ր երանի ջնջվի որբանոց բառը աշխարհի բոլոր
բառարաններից, որ ոչ մի մանուկ իրեն որբ ու անտեր չզգա, որ արցունքի փոխարեն խինդով
ու ժպիտով լեցուն լինեն նրանց ջինջ ու անմեղ աչքերը․․․
Երեկոն իր թևերը փռել էր Միջերկրականի ջրերին։ Մայրամո՜ւտ էր։ Մենք հրաժեշտ էինք
տալիս Բիբլոսին, բայց աչքիս առաջ սիրունատես ու ժրաջան հայ մանուկներն էին։ Իրարամերժ
խոհերով պարուրված՝ լուռ էի։ Գրիգորը մերթընդմերթ ինձ էր նայում։ Անշուշտ, հասկանում
էր, որ ինձ համար ծանր էր տեսնել որբացած մանուկներին։
-Հասկանում եմ Ձեզ, անշուշտ, հուզվեցիք,- ասում է Գրիգորը, իրոք, տխուր է, երբ
մանուկը որբ է, բայց որբանոցը տեսնելը շատ կարևոր էր։
Վերադառնում ենք Անթիլիաս։ Ճանապարհին ինձ նորից ուղեկցում էին արմավենու ու բանանի
ծանոթ ու փարթամ ծառերը, որոնց գեղեցկությամբ կրկին հիացած, փորձում էի փոքր-ինչ մեղմել
հոգուս խռովքը։ Բայց ինչպե՞ս մեղմել, երբ գիտակցում ես, որ աշխարհում հազար-հազարավոր
մանուկներ կարոտ են մայրական գորովանքի և հայրական հովանու, որ նրանցից շատերը նույնիսկ
անարդարության ու բռնության զոհ են դառնում։
Թող օրհնվի՜ «Թռչնոց բույնը», որ տանիք է դարձել բազում որբուկների համար, որոնց
փշրված թևերը պիտի ապաքինվեն ու իրենք էլ մի օր ճախրեն՝ Տիրոջից առնելով այն ջերմությունը,
որ դեղ ու դարման է լինելու իրենց անուրախ մանկությունը։
Նյութի աղբյուրը՝ Բաբկեն Սիմոնյան- «Պատկերներ Լիբանանից»
Comments
Post a Comment