11 նոյեմբերի, 2013 թվական, Անթիլիաս, Բիքֆայա, Քասլիք
Առավոտյան
նախաճաշին հանդիպեցի Կորյուն սրբազանին։ Պատմեցի Բիբլոս իմ այցելության մասին։
-Եղա՞ք
«Թռչնոյ բոյն» որբանոցը,- հետաքրքրվեց սրբազանը։
-Երանի
չլինեի՞,- պատասխանեցի,- շա՜տ տխուր էր պատկերը։
-Այո՛,
իրո՛ք տխուր է,- զրույցն առաջ է տանում սրբազանը,- բայց լավ է, որ այցելել եք մեր որբ
մանուկներին։ Ամեն մեկը խաթարված ու կոտրված կենսագրություն ունի։ Կաթողիկոսարանն իր
հովանու տակ է առել այդ որբ մանուկներին, մենք նրանց սատար կկանգնենք ամեն կերպ, ինչով
որ կկարողանանք։
Սրբազանին
ասացի, որ երեկոյան ընթրիքից հետո երկար կխոսենք։ Պիտի հանդիպեի կաթողիկոսարանի դիվանապետ
Խաչիկ Տետեյանին, ով իր հիմնական աշխատանքից զատ նաև ստեղծագործում է, բանաստեղծական
ժողովածուների հեղինակ է։ Ու թեև նրա աշխատանքը պաշտոնապես սկսվում է ժամը 8-ին, բայց
ըստ իր պարտաճանաչ բնավորության, նրան շատ ավելի վաղ կարելի է տեսնել կաթողիկոսարանում։
Վաղ առավոտ
նա արդեն այցելուներ ուներ, և գործնական զրույց էր վարում, բայց նկատելով ինձ՝ ասաց․
-Նե՛րս մտեք, պարոն Սիմոնյան, ինչո՞վ կարող եմ օգտակար լինել Ձեզ։
-Առանձնապես բան չկա,- ասացի,- պարզապես կուզեի ճշտել Արամ Ա կաթողիկոսի հետ հանդիպման
օրը և ժամը, որպեսզի այլ բաներ չպլանավորեմ և ծրագրերի համատեղում չլինի։
-Վեհափառը արդեն տեղյակ է, որ այստեղ եք,- սիրալիր պատասխանեց դիվանապետը,- Ձեզ
լրացուցիչ կտեղեկացնենք։
Ինձ հետ վերցրած տասնյակ գրքերից ամենաշատը բանաստեղծական «Խաչքար» ժողավածուս
էր, որ պիտի նվիրեի լիբանանահայությանը։ Մի օրինակ թողեցի Տետեյանին, իսկ մյուսը՝ ընծայագրով,
խնդրեցի փոխանցել վեհափառին, որպեսզի Նորին սրբության հետ հանդիպելիս նա ավելի հստակ
պատկերացում ունենա թե՛ իմ, թե՛ գրական գործունեությանս մասին։
-Կփոխանցե՛նք, անհո՛գ եղեք,- ասաց դիվանապետը,- վեհափառը շատ է սիրում կարդալ ամեն
բան, այս գիրքը իր անձնական գրադարանի մեջ պետք է մնա։
Կեսօրին կաթողիկոսարան պիտի գա Հարություն Իսկահատյանը, որի մասին ինձ Երևանում
պատմել է Գևորգը։ Հարությունը լիբանանահայ գործիչ է, հեղինակ է «Վկայարան հայկական
ցեղասպանության» մատենաշարի, որի 5 հատորներն արդեն հրատարակվել են, եղել են շնորհանդեսներ
Երևանում, որոնց անդրադարձել է Բեյրութում հրատարակվող «Ազդակ» օրաթերթը։
Ըստ նախնական պայմանավորվածության՝ պիտի հանդիպեմ Լիբանանում Սերբիայի Հանրապետության
դիվանագիտական առաքելություն իրականացնող գործերի հավատարմատար Վելկո Պիլյակի և Լիբանանում
Սերբիայի Հանրապետության պատվո հյուպատոս Ժոզեֆ Մարտինիոսի հետ։ Հարությունը ուղեկիցս
ու թարգմանս է լինելու։ Եվ քանի որ պատվո հյուպատոսի հետ պայմանավորվածությունը ժամը
15։00-ին էր, որոշեցինք մինչ այդ այցելել Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության Բիքֆայայի
դպրեվանք, ծանոթանալ ու զրուցել սաների հետ։
Դիվանապետ Խաչիկ Տետեյանն իսկույն հեռաձայնեց դպրեվանքի տեսուչ Հայր Հուսիկ Մարտիրոսյանին,
ով սիրով համաձայնեց հանդիպմանը։
Հարություն Իսկահատյանի ուղեկցությամբ մեկնում եմ Անթիլիասից մոտ 10 կիլոմետր հեռու
գտնվող լեռնային Բիքֆայա ավան, որտեղից նայելիս Բեյրութն ու Միջերկրական ծովն ասես
ափիդ մեջ են թվում։ Դպրեվանքի մուտքի մոտ մեզ է դիմավորում երիտասարդ մի սարկավագ և
ուղեկցում տեսուչ Հայր Հուսիկի աշխատասենյակը։
-Համեցե՛ք,- սիրալիր ներս է հրավիրում տեսուչը,- լսել ենք Ձեր մասին, գիտենք, քանի
որ հետո մեր սաների համար դասախոսություն պետք է կարդաք «Սերբական ուղղափառ եկեղեցին
և Կոսովոյի սրբավայրերը» թեմայով։ Վստահորեն կարող եմ ասել, որ մեր սաները սերբական
եկեղեցու մասին չեն լսել։ Նրանց համար Ձեր խոսքը շատ հետաքրքրական պիտի լինի։
-Այդ թեմայով դասախոսությունը հատուկ եմ պատրաստել,- ասացի Հայր Հուսիկին,- երբ
դեռ Երևանում տեղեկացա, որ դպրեվանքում հանդիպում պիտի ունենամ սաների հետ, որոշեցի
օգտագործել առիթը և ներկայացնել սերբական ուղղափառ եկեղեցին։ Սերբերը մեզ՝ հայերիս
հոգեհարազատ են և վստահ եմ, որ խոսքս կհետաքրքրի ոչ միայն սաներին, այլև դպրեվանքի
դասախոսներին, Կիլիկիո սուրբ Աթոռի միաբաններին։
-Քանի որ Ձեր գրական գործունեության և ուսումնասիրության հիմնական թեմաները Սերբիային
կվերաբերեն, շատ հետաքրքրական պատմություն կուզեմ հիշել,- ասում է տեսուչը։ Շատ տարիներ
առաջ Վանկուվերում հոգևոր առաքելություն իրականացնելու ժամանակ ծանոթացա այնտեղ բնակվող
Լազարյան ընտանիքի անդամների հետ։ Շատ մտերմացանք։ Տարեց Լազարյանը հաճախ հետաքրքրական
պատմություններ հիշեց իր կյանքից։ Պատմեց, որ անցյալ դարի 50-ական թվականներին Միացյալ
Նահանգներ է տեղափոխվել Հարավսլավիայից․․․
Միանգամից ցնցվեցի, տեսուչի խոսքերն անհավատալի էին թվում։ Մի պահ մոռացանք մեր
հիմնական զրույցը Բիքֆայայի դպրեվանքի մասին։ Ասացի, որ գիտեմ այդ Լազարյաններին, ապրել
են սերբական Չաչակ քաղաքում, ուր և ընտանեկան գերեզման ունեն։
-Ուրեմն նորություն չէ՞ Ձեզ համար Լազարյանների մասին պատմությունս,- շարունակեց
տեսուչը,- կփորձեմ կապ հաստատել ձեր միջև։
-Անշո՛ւշտ,- նորություն չէ,- ասացի,- բայց չգիտեի, որ սերբահայ որոշ Լազարյաններ
փոխադրվել են Ամերիկա։
-Այդ Լազարյանը տարեց մարդ է՝ 85-ին մոտ,- շարունակում է Հայր Հուսիկը,- բայց առույգ
է, և միտքը փայլուն է աշխատում։ Հուսով եմ, որ շատ կուրախանա, երբ իրեն ասեմ մեր հանդիպման
մասին։
-Շուրջ 4 տասնամյակ զբաղվում եմ սերբահայ գաղթօջախի ուսումնասիրմամբ, հավաքում
եմ սերբահայերի մասին արժեքավոր նյութեր,- տեղեկացնում եմ տեսուչին,- բայց ցավոք, Լազարյանների
մասին շատ բան չգիտեմ, միայն լսել եմ, որ Սերբիայում այդպիսի հայկական ընտանիք է եղել։
Ի՞նչ հետաքրքիր են մարդկային ճակատագրերը, նույնիսկ հեռավոր Լիբանանում սերբահայերն
ուղեկցում են ինձ, եթե ոչ ուղղակիորեն, ապա զարմանալի ու հետաքրքիր պատմությունների
ձևով։
-Երևանից Ձեզ կուղարկեմ Լազարյանների ընտանեկան լուսանկարը,- ասում եմ Հայր Հուսիկին,-
դուք էլ իրենց ուղարկեք, կարծում եմ անսպասելի անակնկալ կլինի, շատ կուրախանան ու կվերապրեն
Սերբիայում իրենց ապրած տարիները։
Այնուհետև Հայր Հուսիկն առաջարկեց մի բաժակ թեյի ու քաղցրավենիքի ուղեկցությամբ
շարունակել զրույցը, մի քիչ խոսել Բիքֆայայի դպրեվանքի ու նրա այսօրվա անելիքների մասին։
Տեսուչը ցույց է տալիս տարբեր հրատարակություններ ու գրքեր, որոնց մեջ տեղ է հատկացված
դպրեվանքին ու նրա պատմությանը։
Դպրեվանքի պատմությունը մեր ժողովրդի տարագրության պատմության անբաժանելի մասն
է։ 1915 թվականի հայոց մեծ եղեռնի հետևանքով, երբ Կիլիկիո Սուրբ Աթոռը ևս վտարանդի
դարձավ ու 1930 թվականին կաթողիկոսությունը հաստատվեց Անթիլիասում։ Նույն տարին իսկ
Սահակ Բ կաթողիկոսը հիմնեց դպրեվանքը, որն ըստ էության դարձավ Սուրբ Աթոռի սիրտը։
Դպրեվանքը կարևոր ներդրում ունեցավ հայ եկեղեցու ծառայական և ուսումնական առաքելության
մեջ, ինչպես նաև հոգևոր վերազարթոնքի առումով։ Հազարավոր սաներ իրենց հոգեմտավոր ձևավորումն
ստացել են հենց դպրեվանքում։ Այս առումով Ն․Ս․Օ․Տ․Տ․ Արամ
Ա կաթողիկոսը հատուկ կարևորություն և առաջնահերթություն է տալիս դպրեվանքի բարգավաճմանը։
Դպրեվանքի ուսումնական ծրագրում ընդգրկված են աստվածաբանական և հայագիտական առարկաներ։
Վեհափառ հայրապետի գլխավորությամբ ստեղծված է հատուկ հանձնախումբ, որը բծախնդրությամբ
հետևում է դպրեվանքի ուսումնական ծրագրերին և ուսուցչական կազմի աշխատանքներին։ Հանձնախումբը
հարկ եղած դեպքում որոշումներ է կայացնում՝ նպատակ ունենալով բարելավելու դպրեվանքի
ուսումնական ծրագիրը՝ հարմարեցնելով այն ներկա պայմաններին ու կարիքներին։
Դպրեվանքի կրթական առաջին տարում ուսուցանում են աստվածաշնչյան և ծիսական նյութեր,
բարոյագիտություն, գրաբար, աշխարհաբար, արաբերեն, անգլերեն, ֆրանսերեն, հայոց պատմություն,
Հայաստանի աշխարհագրություն, ընդհանուր պատմություն, ընդհանուր աշխարհագրություն, շարական,
թվաբանություն, երկրաչափություն, գիտություն, տարրաբանություն, երաժշտություն և նկարչություն։
Դպրեվանքի կրթական երկրորդ տարվա ծրագրում ներառված են հին և նոր Կտակարանների
ներածությունը, Սուրբ Գրոց ժամանակների պատմությունը, մեկնաբանությունը, տեսական աստվածաբանությունը,
հովվական աստվածաբանությունը, հայրաբանությունը, բարոյագիտությունը, հայ եկեղեցու պատմությունը,
ընդհանուր եկեղեցու պատմությունը, հայոց պատմությունը, հայ մշակույթի պատմությունը,
միջեկեղեցական շարժման պատմությունը, կրոնների պատմությունը, ծիսագիտությունը, կանոնագիտությունը,
իմաստասիրությունը, հոգեբանությունը, ընկերաբանությունը, մանկավարժությունը, մատենագրությունը,
հայ գրականությունը, գրաբարը, արաբերենը, անգլերենը և ֆրանսերենը։
Այստեղ սովորելու են գալիս հիմնականում Լիբանանից, Սիրիայից և Իրանից։ Ամեն տարի
դպրեվանքն ավարտում են շուրջ 60 ուսանողներ։ Հատուկ ծրագիր է մշակված նաև ամուսնացյալ
քահանայության թեկնածուների համար։
Դպրեվանքի ուսուցչական կազմը գլխավորում է Արամ Ա վեհափառ հայրապետը։ Կազմում ընդգրկված
են եկեղեցական և աշխարհական 25 ուսուցիչներ։
Առավոտյան և երեկոյան ժամերգությունները դպրեվանքի առօրյայի անբաժանելի մասն են
կազմում։ Ամեն ուրբաթ և շաբաթ երեկոյան ժամերին արտադասարանային հատուկ ձեռնարկներ
են կազմակերպվում՝ հյուրընկալված դասախոսների մասնակցությամբ։ Կիրակի և տոն օրերին
դպրեվանքի սաներն իրենց մասնակցությունն են բերում Անթիլիասի սուրբ Գրիգոր Լուսավորիչ
մայր տաճարում մատուցվող պատարագին։ Անմասն չեն մնում նաև կրոնական տոնախմբություններից
և մշակութային ձեռնարկներից։
Դպրեվանքում 1957 թվականից լույս է տեսնում «Գլաձոր» տարեգիրքը։ Ստեղծված է նաև
աշակերտական հատուկ խմբագրակազմ, որը ղեկավարում է տարեգրքի հրատարակման աշխատանքները։
Այս հետաքրքիր ու բովանդակալից տեղեկատվությունը համեմվում է Մեծի Տանն Կիլիկիո
կաթողիկոս, Ն․Ս․Օ․Տ․Տ․ Արամ Ա վեհափառի խոսքերով, որ նա մի առիթով ասել
է դպրեվանքի սաների հետ հանդիպելիս․ «Դպրեվանքը սուրբ վայր է, ուր հանձնառու և տեսլական ունեցող սպասավորներ են պատրաստվում
մեր եկեղեցու և ժողովրդի ծառայության համար։ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության դպրեվանքը
վճռական դերակատարություն ունի մեր ժողովրդի պատմության այս կարևոր ժամանակամիջոցի
ընթացքին, երբ մեր ժողովրդի կարիքներն ու սպասումները այնքան բազմաթիվ ու այլազան են
թե՛ հայրենիքի և թե՛ Սփյուռքի ներսում»։
Զրույցն անվերջ կշարունակվեր, եթե պայմանավորված չլինեինք Լիբանանում Սերբիայի
Հանրապետության պատվո հյուպատոս Ժոզեֆ Մարտինիոսի հետ։ Շնորհակալություն հայտնեցինք
Հայր Հուսիկին ջերմ ընդունելության և դպրեվանքի մասին արժեքավոր տեղեկություններ տալու
համար՝ առաջիկայում կարդացվելիք իմ դասախոսության օրը նորից հանդիպելու պայմանով։
Հարություն Իսկահատյանի հետ հեռանում ենք Բիքֆայայից։ Ժամանակն արագ սահեց ու չզգացինք,
թե երբ մոտեցավ Ժոզեֆ Մարտինիոսի հետ հանդիպման ժամը։
-Շատերը չէին եղել Բիքֆայայում,- ասում է Հարությունը,- ի՜նչ հրաշալի կառույցներ
են իրականացված։ Հոյակապ դպրեվանք է։
-Ինչպես տեսնում ես՝ Արամ Ա կաթողիկոսը մեծ տեղ է հատկացնում քրիստոնեական կրթությանը,-
շարունակում եմ Հարությունի միտքը,- դա հայ առաքելական եկեղեցու առաքելությունն է։
Պատմության ամենասահմռկեցուցիչ ժամանակներում հայերս միշտ էլ ապավինել ենք եկեղեցուն,
որը հուսալի տանիք է եղել մեր ժողովրդի համար։
Մինչ կզրուցեինք Բիքֆայայի դպրեվանքի ու կաթողիկոսի ազգաշահ առաքելության մասին,
Հարությունը մեքենան կանգնեցրեց Քասլիք թաղամասի բարձրահարկ մի շենքի առջև։
-Արդեն հասա՞նք,- հարցնում եմ Հարությունին,- վստա՞հ ես։
-Երկար ժամանակ չեմ եղել այս թաղամասում, հուսով եմ, որ չեմ սխալվել,- ասաց նա,-
բայց ամեն պարագայում կհարցնեմ ոստիկանին։
Հարությունը իջեցրեց մեքենայի լուսամուտի ապակին ու արաբերենով դիմեց ոստիկանին՝
հարցնելով Սերբիայի հյուպատոսության տեղը։
Ոստիկանը սիրով պատասխանեց՝ հաստատելով, որ Հարությունը չի սխալվել։
Բազմահարկ շենքի վերելակը տանում է մեզ երկրորդ հարկ։ Ներս ենք մտնում։ Միջանցքում
մեզ դիմավորում է շիկահեր, մորուքով մի երիտասարդ և սերբերեն դիմում մեզ․
-Բարի օր
Բարի օր,- պատասխանեցի ես, այնուհետև սերբերենով շարունակելով խոսքս ասացի, որ
Հայաստանում Սերբիայի պատվո հյուպատոսն եմ։
-Գիտե՛մ, ինձ արդեն տեղեկացրել են Սերբիայի արտգործնախարարությունից,- սիրալիր
պատասխանեց երիտասարդը,- ես Սերբիայի Հանրապետության գործերի ժամանակավոր հավատարմատարն
եմ, անունս՝ Վելկո։ Պատվո հյուպատոս Մարտինիոսը ձեզ է սպասում, համեցե՛ք։
Հարություն Իսկահատյանի հետ մտնում եմ պատվո հյուպատոսի գրասենյակը, տեղավորվում
ենք հարմարավետ փափուկ բազմոցներում։ Աշխատասեղանի ձախ կողմում Սերբիայի Հանրապետության
դրոշն է, աջ կողմում՝ Լիբանանինը։ Պատուհանից հրաշալի տեսարան է բացվում Միջերկրական
ծովի ուղղությամբ։
-Դուք զրուցեք, ես հիմա կմոտենամ,- ասում է Վելկո Պիլյակը,- մի փոքր գործ կա՝ ավարտեմ
ու կմիանամ զրույցին։
Հարությունն իսկույն անցնում է գործի՝ բառացիորեն թարգմանելով ամեն խոսքս։
-Ուրախ եմ, որ Լիբանանում գտնվելու օրերին նաև մեզ այցելելու ժամանակ եք գտել,-
ասում է Ժոզեֆ Մարտինիոսը։ Քանի որ երկուսս էլ Սերբիայի պատվո հյուպատոսներ ենք, դուք՝
Հայաստանում, ես՝ Լիբանանում, այդ հանդիպումը լավ առիթ է խոսելու հյուպատոսական մեր
խնդիրների և նաև կատարած գործերի մասին։
Խոսում ենք առավել հրատապ խնդրի՝ Մերձավոր Արևելքում առկա լարվածության և այն ինչ-որ
չափով մեղմելու մասին։ Այսօր տարածաշրջանում ստեղծված լարված իրավիճակը, որ հանգեցրել
է լայնածավալ ու կործանարար պատերազմի Սիրիայում, անհանգստացնում է պատվո հյուպատոսին։
Ցավով է նշում նա, որ աշխարհի նոր քաղաքականություն կերտողները գերհզոր ուժերն են,
որոնք տնօրինում են մոլորակի ճակատագիրը։ Խոսում ենք Լիբանանում ժամանակ առ ժամանակ
գլուխ բարձրացնող լարվածության ու ծայրահեղականների ձեռնարկած գործողությունների մասին,
որ ստեղծում են բոլոր այն մութ ուժերը, ում դուր չի գալիս ծաղկող Լիբանանը, ովքեր խեթ
են նայում երկրի ու նրա ժողովրդի խաղաղությանն ու բարեկեցիկ կյանքին․․․
-Մենք դա լավ ենք հասկանում, բարեկա՛մս,- կիսում եմ նրա մտահոգությունը,- մեր տարածաշրջանը
ձերից ավելի բարվոք վիճակում չէ։ Հավանաբար տեղյակ եք ադրբեջանցիների սադրանքներին
ու վայրագություններին, որոնք իրականացվել են հայերի հանդեպ՝ սկսած 1988 թվականից,
երբ սկսվեց արցախյան շարժումը։ Խորհրդային տարիներին, «ազգերի բարեկամության» քողի
տակ, լուռ ու աննկատ հայատյաց քաղաքականություն էր տարվում Ադրբեջանում։ Աշխարհը խուլ
ու համր ձևանալով չի ցանկանում լսել փոքրաթիվ ու ճնշված ժողովուրդների ձայնը։ Ես լավ
գիտեմ, որ արաբ ժողովուրդը ևս օսմանյան դարավոր քաղաքականության զոհն է դարձել, գիտեմ
նաև, որ արաբ շատ հեղինակներ ժամանակին անդրադարձել են հայոց պատմությանը, Մեծ եղեռնին,
առանձին հրատարակություններ կան, որոնք վկայում են թուրքերի կողմից հայերին բնաջնջելու
իրողությունը։ Հայերիս համար թանկարժեք են Ֆուադ Հասան Հաֆեզի, Մուսա Պրենսի, Մուհամմադ
Րիֆաաթ ալ-Իմամի, Մարվան ալ-Մուդավվարի, Սամիր Արբաշի, Սալեհ Զահր-ադ-Դինի, Օմար ալ-Դակկակի
և արաբ ուրիշ հեղինակների աշխատությունները Հայաստանի և հայոց մասին։
Մարտինիոսը քրիստոնյա արաբ է, զրույցից զգացվում է, որ հատուկ համակրանք ունի հայերի
հանդեպ, քաջատեղյակ է հայոց պատմությանն ու մեծ եղեռնին։ Նա ուշադիր լսում է ինձ, իսկ
Հարությունը մանրակրկիտ թարգմանում է ամեն բառս։
-1915 թվականին և հաջորդող տարիներին Լիբանանը սիրով է ընդունել ու պատսպարել եղեռնից
հրաշքով փրկված հայ գաղթականներին, ու մենք երախտապարտ ենք արաբ ժողովրդին,- ասում
եմ Մարտինիոսին,- հայերը երբեք չեն մոռանա Լիբանանի բարեհաճ վերաբերմունքն ու մարդասիրական
այդ քայլը։
-Թեև ես մասնագիտությամբ գործարար եմ, բայց սիրում եմ կարդալ, քաջատեղյակ եմ ձեր
ողբերգական անցյալին,- ասում է Ժոզեֆը,- գիտեմ նաև, որ հայերը ստեղծագործ ու աշխատող
ժողովուրդ են։ Բոլորիս է հայտնի, թե որքան մեծ է եղել հայերի ավանդը Լիբանանի բարգավաճման
գործում։ Մենք շատ բարձր ենք գնահատում հայի ստեղծագործ միտքը։ Եվ դրա համար էլ Լիբանանի
խորհրդարանում, ղեկավար շատ պաշտոններում, երկրի հասարակական կյանքի տարբեր ոլորտներում
մեծ թվով հայերի կարող եք հանդիպել։
Հաճելի էր լսել այդ ամենը, ուրախ էի, որ այստեղ նույնիսկ շարքային արաբների հետ
շփվելիս դրվատանքի խոսքեր էի լսում լիբանանահայերի մասին։
-Քիչ առաջ դուք նշեցիք եղեռնի մասին,- ասում է Մարտինիոսը,- մենք այդ ամենի համար
մեծ ցավ ենք ապրում, որովհետև արաբ ժողովուրդը ևս իր վրա զգացել է օսմանյան յաթաղանի
դաժան կնիքը, բայց ի՜նչ արած, փոքրաթիվ ժողովուրդները անզոր են ընդդիմանալու մեծ պետությունների
քաղաքականությանը և իրենց ինքնությունը պահպանելու համար շատ թանկ են վճարում, նույնիսկ՝
սեփական կյանքով։ Դրա ամենավառ ապացույցը հենց հայոց մեծ եղեռնն է։
-Վելկո, իսկ դուք արաբերեն գիտե՞ք,- դիմում եմ Սերբիայի Հանրապետության գործերի
ժամանակավոր հավատարմատարին։
-Ես մասնագիտությամբ արևելագետ եմ,- պատասխանում է նա,- դրա համար էլ նշանակված
եմ այս աշխատանքին։ Իմ նստավայրը Սիրիայում էր, բայց երբ պատերազմական լայնածավալ գործողություններ
սկսվեցին, հարկադրված փոխադրվեցի Բեյրութ։
-Երևի այդքան էլ ծանրաբեռնված չէ ձեր աշխատանքը,- հետաքրքրվում եմ,- Լիբանանում
հազիվ թե սերբեր լինեն, կամ էլ արաբները հազիվ թե Սերբիա այցելեն։
-Եթե ասեմ, որ Լիբանանում շուրջ 1000 սերբեր կան, երևի ձեզ անհավատալի թվա,- պատմում
է Վելկոն,- բայց դա իրողություն է։ Շատ հաճախ ինձ են դիմում ամենատարբեր հարցերով ու
ես փորձում եմ օգտակար լինել, որքանով կարողանում եմ։ Բելգրադի հետ ուղիղ չվերթ չկա
և դա զգալի չափով դժվարացնում է Սերբիա-Լիբանան կապը։
Շուրջ 2 ժամ տևեց իմ զրույցը Լիբանանում Սերբիայի պատվո հյուպատոս Ժոզեֆ Մարտինիոսի
հետ։ Մենք շնորհակալություն հայտնեցինք ջերմ ընդունելության համար՝ հասկանալով, որ
պատվո հյուպատոսն իր հոգսերն ունի, իսկ Մարտինիոսն իր հերթին շնորհակալ եղավ այցի համար,
ասաց, որ մինչ Հայաստան վերադառնալը կցանկանար ինձ հետ նորից հանդիպել և ճաշի հրավիրել։
Առաջարկը սիրով ընդունեցինք։
Հարությունի հետ ճամփա ընկանք Անթիլիաս։ Նա ինձ հասցրեց կաթողիկոսարան, որ մի քիչ
դադար առնեի։ Մայրավանքն ինձ այնքա՜ն հարազատ ու նվիրական է դարձել։ Կաթողիկոսարանի
իմ առանձնասենյակում ասես հարազատ տանը լինեի։ Ամեն բան այնքան էի անձնավորել, սրտիս
մոտ ընդունել, որ ոտքիս տակ ասես Հայաստանի հողն էի զգում։ Ընթրիքից հետո պիտի երկար
զրուցեի Կորյուն սրբազանի հետ՝ փորձելով, այնուամենայնիվ հասկանալ, թե որտեղի՞ց է ինձ
ծանոթ նրա անունը։
Երեկոյան մեզ դիմավորեց Թորոսը՝ Կորյուն սրբազանը քիչ առաջ այստեղ էր, Ձեզ էր հարցնում,-
տեղեկացնում է նա։
-Գիտե՛մ, պիտի հանդիպենք ընթրիքից հետո,- պատասխանում եմ,- եթե նորից հարցնի, ասեք
վերադարձել եմ։
Օրը հագեցած էր Բիքֆայայի դպրեվանքի տեսուչի և Սերբիայի պատվո հյուպատոսի հետ ունեցած
հանդիպումների անմոռանալի հուշերով։
Ընթրիքին հանդիպեցի Կորյուն սրբազանին՝ չենթադրելով, որ հետագա բոլոր օրերին միասին
ենք սեղանի շուրջ նստելու՝ վայելելով Տիրոջ պարգևած կերակուրը։
-Իմացա, որ Բիքֆայայի դպրեվանք եք այցելել,- ասում է սրբազանը։
-Ոչ միայն Բիքֆայա,- պատասխանում եմ, այլև հանդիպել եմ Լիբանանում Սերբիայի պատվո
հյուպատոսին, ամբողջ օրն զբաղված եմ եղել այդ երկու հանդիպումներով ու մեծ բավարարվածությամբ
եմ վերադարձել Անթիլիաս։
-Գնանք ընթրելու սիրելի Բաբկեն,- ասում է Կորյուն սրբազանը,- կպատմեք Ձեր տպավորությունները
Բիքֆայայի վերաբերյալ։
-Անթիլիասից բացի որտե՞ղ եք հոգևոր առաքելություն իրականացրել,- հարցնում եմ Կորյուն
սրբազանին։
-Մոտ քառորդ դար եղել եմ Իրանահնդկաստանի հայոց թեմում՝ Նոր Ջուղայում,- պատասխանում
է նա։
-Նոր Ջուղայո՞ւմ․․․ Հիշեցի՜,
սրբազան, հիշեցի՜, լսել եմ Ձեր մասին,- ասացի՝ իսկույն մտաբերելով նրա անունը։
Կորյուն արքեպիսկոպոսի անունն իսկույն արթնացավ հիշողությանս մեջ, որովհետև 2009
թվականի ապրիլին Իրանում գտնվելու օրերին այցելել էի նաև Նոր Ջուղա և երկու օր ագահությամբ
ըմբոշխնում էի հայոց սրբալույս մասունքները՝ Սուրբ Ամենափրկիչ վանքն ու թանգարանը,
մեր նախնյաց տապանաքարերը, հուշարձանները։ Հենց Նոր Ջուղայում էլ ինձ պատմել էին Կորյուն
սրբազանի մասին։
-Եթե այցելել եք Իրան, ուրեմն խոսելու շատ բան ունեինք,- ասում է սրբազանը։
-Երկու շաբաթվա ընթացքում Իրանն անհնար է ամբողջությամբ տեսնել,- ասում եմ,- ամիսներ
են հարկավոր այդ ամենը լիարժեք վայելելու համար, բայց ուրախ եմ, որ տեսել եմ Թեհրանը,
Նոր Ջուղան, Շիրազը, Պերսեպոլիսը․․․
-Կարևոր քաղաքներում եղել եք,- զրույցն առաջ է տանում սրբազանը։ Ես շուրջ 25 տարի
Իրանում հոգևոր առաքելություն եմ իրականացրել և լավ գիտեմ իրանահայ գաղթօջախի, մանավանդ
Նոր Ջուղայի կյանքը։ Բեյրութի «Ազդակ» թերթը շարունակաբար տպագրել է Խաչատուր Կեսարացու
կյանքին ու գործին նվիրված հոդվածաշարս։ Եթե Ձեզ հետաքրքիր է, կտամ՝ կկարդաք։
Այսօր էլ աչքիս առաջ ասես պատկերվում է Նոր Ջուղայի առաջնորդարանի դիմաց Խաչատուր
Կեսարացու հառնող արձանը։ Կեսարացին հայրական սիրով ասես հսկում է հայոց եկեղեցին ու
հոգևորականների տապանաքարերը, հսկում է հայոց նշխարները, որոնք օտար երկնքի տակ, որպես
սուրբ մասունք, շարունակում են գոյատևել․․․
-Լավ է, որ «Ազդակը» շարունակաբար տպագրել է Կեսարացուն նվիրված Ձեր հոդվածաշարը,-
ասում եմ սրբազանին,- բայց արժե այդ ամենը հավաքել, ի մի բերել ու ամբողջական մի գիրք
հրատարակել, ափսո՜ս է։
-Դուք միանգամայն ճի՛շտ եք,- պատասխանում է սրբազանը,- դրա համար, սակայն, ոչ միայն
ժամանակ է պետք, այլև այդ ամենը լրացնել նոր հրապարակումներով, թարմացնել և հարմարեցնել
գրքային ոճին։ Դրանք, ի վերջո, թերթային հրապարակումներ
են՝ լայն շրջանակի ընթերցողների համար։
-Ժամանակ պիտի գտնեք, սրբազա՛ն,- փորձում եմ համոզել,- հետո ուրիշ գործեր ի հայտ
կգան, ուրիշ թեմաների կնվիրվեք ու Կեսարացին միայն թերթերի էջերում կմնա։
-Սիրելի՛ Բաբկեն, հիմա ուշ ժամ է,- ասում է սրբազանը,- մի քիչ հանգստացե՛ք, վաղը
նորից կշարունակենք մեր զրույցը։
Բարի գիշեր եմ մաղթում սրբազանին՝ մեր հետաքրքիր զրույցը շարունակելու պայմանով։
Նյութի աղբյուրը՝ Բաբկեն Սիմոնյան- «Պատկերներ Լիբանանից»
Comments
Post a Comment