12 նոյեմբերի, 2013 թվական, Անթիլիաս Դեռ 2013 թվականի հոկտեմբերին, թարգմանչաց տոնի օրերին Օշականում ծանոթացել էի լիբանանահայ մտավորական Ժիրայր Դանիելյանի հետ, ով Հայաստան էր ժամանել՝ մասնակցելու մեզանում արդեն վաղուց ավանդույթ դարձած այդ հրաշալի հանդիսությանը։ Թարգմանչաց տոնին, ըստ ավանդույթի, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի և Հայաստանի գրողների միության «Կանթեղ» մրցանակ ստացած բոլոր գրող-թարգմանիչները կարդում են մեկական թարգմանություն, բայց նախ շնորհավորում են «կանթեղակիրներին», ապա անցնում ընթերցանության։ Երբ թարգմանություն կարդալու հերթն ինձ հասավ, ես աներկբա որոշել էի ներկայացնել Չարենցի «Ես իմ անուշ Հայաստանի» բանաստեղծության սերբերեն թարգմանությունը։ Բուռն ծափերն ուղեկցում էին ինձ։ Ժիրայր Դանիելյանը մոտեցավ ինձ ու ասաց ․ - Հիանալի՜ է, թեև սերբերեն չգիտեմ, բայց զգացի, թե ինչ վարպետորեն եք պահպանել Չարենցի բանաստեղծության չափը, ռիթմը, մեղեդին։ Թարգմանչաց տոնի ավարտից հետո ավելի հանգամանալից կխոսենք։ Մրցանակակիրներն ստացել էին իրենց «կանթեղները», թարգմանիչները՝ կարդացել իրենց թա...