Հրեական իրավունքի հասկացությունը, առանձնահատկությունները և
սկզբունքները
Հրեական
իրավունքը աշխարհի հնագույն կրոնական իրավական համակարգերից մեկն է։ Գոյություն ունի
հրեական իրավունքի գիտական մի քանի սահմանում։ Այսպես, այն համարվում է հրեաների հին
կրոնական սովորույթների վրա ձևավորված իրավունք՝ «իրենց հողի իրավունքը»։
Այլ աղբյուրներ
պնդում են, որ հրեական իրավունքը հրեաների առօրյա կյանքի և նրանց հավատքի տարբեր կողմերը
կարգավորող իրավական նորմերի համակարգ է։ Նմանատիպ համակարգը հիմնականում ներառում
է սովորութային իրավունքի նորմեր, որոնք ամբողջ աշխարհի հրեաները ավելի քան 2000 տարի
կիրառում և պաշտում են։
Վերջապես,
երրորդ կարծիքի համաձայն, հրեական իրավունքը ոչ միայն կրոնական և սովորութային նորմերի,
այլև համապատասխան էթնիկ-կրոնական սկզբունքների, հրեա ժողովրդի բազմադարյան պատմական
զարգացման ընթացքում ձևավորված ավանդույթների, Թալմուդայի և այլ սուրբ գրքերի և գրերի
բազմաթիվ մեկնաբանությունների, ինչպես նաև կրոնական՝ ռաբբիական դատարանների տարբեր
որոշումների համակարգ է։
Հրեական
իրավունքում զուգահեռ գոյակցում և գործում են․
Կրոնական կուռքերի պաշտամունքի և կրոնական ծիսակատարությունների ընթացակարգը սահմանող նորմերը
Մասնավոր և հասարակական կյանքում հրեաների վարքագիծը կարգավորող կրոնական նորմերը
Արդի ժամանակաշրջանում դատավորների կողմից ստեղծվող և կիրառվող նորմերը
Հրեական իրավունքում առանձնացնելով սոցիալական նորմերի, սկզբունքների, կրոնական մեկնաբանությունների, սովորույթների և ավանդույթների տարբեր խմբեր՝ հարկ է հաշվի առնել, որ խոսքը ոչ թե իսրայելական իրավունքի մասին է, այլ միայն դրա մեկ կարևոր բաղադրատարրի մասին։ Հրեական իրավունքը չի կարող նույնացվել Իսրայելի ամբողջ իրավունքի հետ։
Հրեական իրավունքը դիտարկվում է որպես հնագույն, կրոնական իրավունք,
որը մեծ ազդեցություն ունի Իսրայելի ժամանակակից սոցիալ-քաղաքական և իրավական կյանքի
վրա։ Իսրայելի իրավունքը աշխարհիկ իրավունք է, որը աշխարհիկ օրենսդրության հետ մեկտեղ
ներառում է նաև հրեական իրավունքի կրոնական նորմերը։
Անցնելով մոտ 3000-ամյա զարգացման ուղի՝ հրեական իրավունքը մինչև
այժմ էլ պահպանում է իր բացառիկ ինքնատիպությունը, որն ընդգրկում է ինչպես առանձին
ինստիտուտներ (սեփականության իրավունք, առուվաճառք), այնպես էլ հրեական իրավունքի տարբեր
սկզբունքներ, նրա բնույթը և գաղափարախոսությունները։
Հրեական իրավունքին բնորոշ են հետևյալ առանձնահատկությունները․
Այս իրավունքն առաջացել
է որպես հրեականության կրոնի բաղկացուցիչ մաս։ Հրեական կրոնը և հրեական իրավունքը ունեն
մեկ միասնական աղբյուր՝ Աստվածային հայտնությունը, որին կարգադրված էր հետևել անվերապահորեն։
Ե՛վ կրոնական, և՛ իրավական նորմերին հետևելը ապահովվում էր նույն մարմինների և պաշտոնատար
անձանց կողմից։
Մյուս կրոնական իրավական
համակարգերի համեմատ հրեական իրավունքի ձևավորման և զարգացման ժամանակաշրջանը բավականին
երկար և հակասական է՝ համակցված բազմաթիվ փոփոխությունների, նորմերի, սկզբունքների
և դրույթների ոչ միանշանակ մեկնաբանության, բավականին բազմազան լրացումների հետ։
Հրեական իրավունքի զարգացման պատմության, պարբերացման ժամանակ
որպես հիմք են ընդունվում կրոնական և գաղափարախոսական չափանիշները։ Սիոնայի (Երուսաղեմի խորհրդանիշ
Սիոն լեռը) պատմությունը բաժանվում
է 5 ժամանակաշրջանի․
«Ղևտացիների դարաշրջան»
(հին
հրեաների կրոնական պաշտամունքի ծառայողներ)։ Մ․թ․ա․ 7-րդ դարում ղևտացիները ավարտեցին Երկրորդ օրենքի կամ Մովսեսի
օրենքի կազմումը, որը հրեական իրավունքի օրենսդրական հիմքն է, և Երուսաղեմի տաճարում
կարդացին այն ժողովրդի համար։
·«Փարիսեցիների դարաշրջան»
(մ․թ․ա․ 2-րդ դարում հասարակական-կրոնական հոսանքի ներկայացուցիչներ)։
Այս ժամանակահատվածը համընկավ Հրեաստանի՝ հռոմեական կառավարման հետ, որն ավարտվեց Երուսաղեմի
կործանմամբ և վերջին հրեաների՝ աշխարհով մեկ վերաբնակեցմամբ։ Փարիսեցիները փորձում
էին սեփական ձևով մեկնաբանել հրեական իրավունքի կարևորագույն աղբյուրը՝ Թորան (Հնգամատյանը)
(Աստվածաշնչի առաջին 5 գիրքը)։
·«Թալմուդիստների դարաշրջան»,
որը
տևեց մինչև 18-րդ դարի վերջը։ Այս դարաշրջանը բնութագրվում է Թալմուդի՝ հրեականության
դոգմատիկ կանոնների և դրույթների հավաքածուի կանոնների և դրույթների հրեաների կողմից
(ոչ միայն Հրեաստանում, այլև մյուս երկրներում) պահպանման առանձնահատուկ խստությամբ։
Ընդ որում, առանձնահատուկ ուշադրություն էր դարձվում այն նորմերին, որոնք խոչընդոտում
էին այլ պետություններում բնակվող միահավատ հրեաների ձուլումը այդ երկրների ժողովուրդների
հետ։
· «Միջանկյալ ժամանակաշրջան»-
19-րդ
դարը հրեաների ազատագրման դարաշրջանն էր։
«Սիոնիզմի դարաշրջան»- 20-րդ դարի սկզբից
մինչ մեր օրերը։ Այս վերջին դարաշրջանը կապված է հրեական իրավունքի հետագա զարգացման
հետ ոչ միայն նրա ավանդական մեկնաբանմամբ և հին կրոնական նորմերի՝ նոր սոցիալական պայմաններին
համապատասխանեցմամբ, այլ նաև ռաբբիական դատարանների կողմից այդ իրավունքի նորմերի ակտիվ
կիրառմամբ, ինչպես նաև նրա՝ ժամանակակից իսրայելական իրավունքի վրա ազդեցությամբ։
Հրեական իրավունքի կայացման և զարգացման ընթացքը բավականին հակասական
բնույթ էր կրում, որը ակնհայտ հետք թողեց ոչ միայն նրա կառուցվածքի և ձևի վրա, այլ
նաև նրա էության և բովանդակության վրա։
Ընդ որում, հակասությունները ոչ միայն ներքին էին՝ տարբեր կրոնական
ուղղությունների և դոկտրինաների միջև, որոնք հանգեցրին հին հրեաների պառակտմանը և միասնական
Հրեական Թագավորության բաժանմանը Հրեաստանի (հարավային թագավորության, որը պահպանեց
ավանդական հրեական օրենքները) և Իսրայելական Թագավորության (հյուսիսային թագավորության,
որը կամայական փոխեց ժառանգության կարգը և պաշտամունքի կուռք դարձրեց ոսկե հորթը)։
Կային նաև ներքին հակասություններ՝ կապված բախումների, իսկ երբեմն նաև հրեականության
այլ կրոնների և նրանց ստեղծած իրավունքի դեմ բաց պայքարի հետ։
Այսպես հին հրեաները անհանդուրժողականություն էին ցուցաբերում
հեթանոսական դավանանքի և բոլոր հեթանոս ազգերի նկատմամբ։ Տեր Աստվածը հրեաների համար
միակ աստվածն էր, երկնային և երկրային թագավորները, օրենսդիրը և զինվորական առաջնորդը։
Մարգարեները, առաջնորդները և դատավորները միայն Աստծու կամքի խոնարհ կատարողներն էին։
Հեթանոս ազգերի նկատմամբ բացասական վերաբերմունքը դրսևորվում է երկրորդ օրենքում։ Եթե
հրեաներից որևէ մեկը կսկսի ծառայել այլ աստվածների, ապա յուրաքանչյուր հավատացյալ հրեա,
եթե այդ մասին նրան հայտնի դառնա, պարտավոր է՝
· Մեկ անգամ ևս հավաստիանալ,
որ դա ճիշտ է (դու լավ փնտրիր)
· և եթե դա ճիշտ է, եթե այդ նողկալիությունը Իսրայելում է արվել, այդ կնոջը կամ տղամարդուն տանել իր դարպասների մոտ և քարերով այնքան ծեծել, մինչև որ նա մահանա
Հրեաների բացասական վերաբերմունքը օտար կրոնների և դրանք կրողների
հանդեպ համապատասխան արձագանք առաջացրեց հրեաների նկատմամբ։ Շատ երկրներում, որտեղ
բնակվում էին հրեաները, հրեական կրոնի, հրեական ապրելակերպի և սովորույթների ոչ ցանկալի
լինելը հաճախ զուգորդվում էր նրանց իրավունքների սահմանափակմամբ և հալածանքներով։ Օրինակ՝
Իսպանիայում ինկվիզիցիայի ժամանակաշրջանում հրամանների մի ամբողջ շարք էր արձակվել՝
սկզբում հրեաների իրավունքները սահմանափակելու մասին (ժամերգության, հրեական սովորույթների
և տոների պահպանման արգելք), այնուհետև նաև նրանց երկրից վտարելու մասին։ Կաթոլիկ հավատի
մաքրության պահպանման և «հրեական աղանդի» ոչնչացման նպատակով Իսպանիայում քրիստոնյաները
պարտավոր էին հայտնել, թե ով է այցելում ժողովարան, պնդում, որ «Մովսեսի օրենքները»
նույնքան կարևոր են, որքան «Հիսուսի օրենքները», հետևում հրեական ծոմին, թլպատում կատարում,
ամուսնանում հրեական օրենքներով, հրեաների մորթած կենդանիների միս ուտում կամ ուտում
այն նույն միսը, որն ուտում են հրեաները, նրանց հետ սեղան նստում։
Հրեական աղանդից կաթոլիկ հավատի մաքրման ուղղությամբ իրենց պարտականությունները
չկատարելու համար, ինչպես նաև Իսպանիայից վտարելուց հետո հրեաներին իրենց տանը ապաստանելու
համար քրիստոնյաները դատապարտվում էին մահվան և ունեցվածքի առգրավման։
Հրեական հավատքի հանդեպ անհանդուրժողականությունը ինկվիզիցիայի
դարաշրջանից հետո տեղ գտավ նաև այլ պետություններում։ Ռուսաստանում մինչև 1917 թվականը
հրեաներին թույլատրվում էր ապրել միայն խիստ որոշված տարածքում։
Հրեական իրավունքի հաջորդ առանձնահատկությունը նրա հրամայական
բնույթն է։ Այս իրավական համակարգում գերիշխում են ուղղակի արգելքները, պահանջները,
ցանկացած տիպի սահմանափակումները և պարտականությունները։ Այս իմաստով հրեական իրավունքը
հրեաների կյանքի բոլոր ոլորտները կարգավորող համընդհանուր պարտականությունների համալիր
է։ Դա նախ և առաջ վերաբերում է հին հրեական իրավունքի այն նորմերին, որոնք կարգավորում
էին հասարակության անդամների վերաբերմունքն իրենց պետության, հասարակական ինստիտուտների,
Աստծու, նրա օրենքների և պատվիրանների նկատմամբ։ Հրեական հավատքի հանդեպ հիմնական պարտականությունը
կրոնական կանոնները և սեփական Աստծուն հավատարմությունը խստիվ պահպանելն է։
Սինայական օրենսդրությունը (Մովսես Աստծու ասույթները) ցուցանում
է՝
· Մովսեսի և «աստվածընտրյալ
ժողովրդի» համար չպետք է լինեն այլ աստվածներ
·Վերևում՝ երկնքում,
ներքևում՝ երկրի վրա, և երկրի խորքի ջրերի մեջ եղած որևէ բանի նմանությամբ քեզ կուռքեր
չկերտես
· Չխոնարհվես և չծառայես
այլ աստծու
· Աստծու բոլոր պատվիրանները
պահպանի՛ր
·Քո տեր Աստծու անունն զուր տեղը չպիտի արտասանես, որովհետև Տերը արդար չի համարում նրան, ով իր անունը զուր տեղն է արտասանում
Հրեական իրավունքում կարևոր է նաև կրոնական տոներին հետևելու պարտականությունը։ Սուրբ գրքերում և գրերում յուրահատուկ ուշադրություն է հատկացվում շաբաթին։ «Հիշի՛ր շաբաթ օրը, որպեսզի սուրբ պահես այն։ 6 օր աշխատի՛ր և արա՛ քո բոլոր գործերը, իսկ 7-րդ օրը՝ Շաբաթը, քո տեր Աստծունն է։ Շաբաթ օրը ոչ մի գործ մի՛ արա, ո՛չ դու, ո՛չ քո որդին, ո՛չ քո դուստրը, ո՛չ քո ստրուկը, ո՛չ քո ստրկուհին, ո՛չ քո կենդանին, ո՛չ եկվորը, որը քո տանն է»։
Հրեաների կարևոր պարտականությունների խումբը կապված է զոհաբերության
և ծեսերի խիստ պահպանման հետ։ Կենդանու տեսքով զոհը պետք է լինի առանց որևէ արատի,
արական սեռի, խոշոր անասուն, միայն այս դեպքում այն աստծուն պիտանի կլինի։ Կենդանին
պետք է զոհաբերվի միայն հրեայի կողմից և ոչ թե կողմնակի որևիցե մեկի։
Ծեսերի, պատվիրանների և դրանցում պարունակվող արգելքների խիստ
պահպանման պարտականության պահանջը զուգորդվում էր կա՛մ խրախուսանքով (լավ բերքով, առատ
սնունդով, խաղաղությամբ), կա՛մ հարկադրական
սանկցիաներով (հիվանդություն, քաղց, վնաս)։
Հրեական իրավունքի բազմաֆունկցիոնալ բնույթը արտահայտվում էր
նրանով, որ այն իրականացնում էր ոչ միայն ստանդարտ (դաստիարակչական, կանոնակարգող)
գործառույթներ, այլ նաև իր սեփական, հատուկ, միայն իրեն բնորոշ գործառույթներ։ Դա նախ
և առաջ հրեական համայնքի ձևավորման և դարերի ընթացքում նրա հոգևոր-բարոյական և կրոնական
միասնության պահպանման գործառույթն էր։ Սա հրեական իրավունքի “միավորող գործառույթն”
է։
Այս գործառույթի սոցիալական նշանակությունը կապված է Աստծու
և հրեա ժողովրդի միջև Իսրայելի զավակների՝ Աստծու ընտրյալ լինելու մասին Սինայ լեռան
վրա պայմանագրի կնքման հետ։ Հավատը միակ և ընդհանուր Յահվեին (Աստծուն) հրեաներին դարձնում
է մեկ միասնական ազգ։
Հրեական իրավունքը միշտ չէ, որ համարվում է համակարգային մտածողության
արդյունք, այլ երբեմն կրում է էմպիրիկ և դոգմատիկ բնույթ, քանի որ այս իրավունքը կիրառող
ռաբբիական դատավորների և ռաբբիների պատկերացմամբ այն տրվում է Աստծու կողմից՝ Իսրայելի
ժողովրդի բոլոր սերունդների կողմից հավերժ պահպանելու համար։ Հրեական իրավունքը միանգամայն
արդյունավետ ազդեցություն է գործում ժամանակակից իսրայելական իրավունքի վրա։
Հրեական իրավունքի կարևոր առանձնահատկություններից է Իսրայելի
հասարակության և այլ պետություններում բնակվող հրեաների վրա նրա ուղղակի կարգավորող
ազդեցության սահմանափակ բնույթը։ Ի տարբերություն իր զարգացման վաղ փուլերի և այլ իրավական
համակարգերի՝ ժամանակակից հրեական իրավունքը ուղղակի կարգավորիչ ազդեցություն չունի
իսրայելական հասարակության շրջանակներում առաջացած հասարակական հարաբերությունների
վրա։ Նրա անմիջական կարգավորիչ ազդեցությունը տարածվում է միայն ամուսնության և ամուսնալուծության
ընթացքում և դրանց արդյունքում առաջացած հարաբերությունների համակարգի վրա։
Հրեական իրավունքը՝ որպես ժամանակակից իսրայելական իրավունքի
անբաժանելի և բաղկացուցիչ մաս, ձևավորում է ազգությամբ հրեա քաղաքացիների անձնական
իրավունքը՝ նրանց անձնական կարգավիճակի հետ կապված հարաբերություններին վերաբերող գործերում։
Ներկա ժամանակներում հրեական իրավունքի նորմերի կիրառմամբ որոշվում է յուրաքանչյուր
հրեայի շահերի հետ առնչվող այնպիսի հարցերի շրջանակը, ինչպիսիք են ամուսնության և ամուսնալուծության,
ընտանիքի անդամների նյութական ապահովման և ալիմենտների, անգործունակ անձանց ամուսնաընտանեկան
հարաբերությունների սահմանափակման հարցերը, իսկ որոշ դեպքերում նաև անձնական սեփականության
տնօրինման հետ առնչվող հարցերը։ Բացի դրանից՝ հրեական իրավունքը կարգավորում է հրեական
կրոնական գթասրտության և ժամերգության հետ կապված հարաբերությունները, ինչպես նաև Իսրայելում
բնակվող “օտարերկրացի հրեաների” ամուսնության և ամուսնալուծության հետ կապված հարցերը։
Իսրայելական հասարակությունում հրեական իրավունքի անմիջական
կարգավորող ազդեցության սահմանափակ բնույթը որոշ չափով փոխհատուցվում է այլ պետություններում
բնակվող հրեաների վրա դրա տարածմամբ։ Խոսքը կրկին ամուսնաընտանեկան հարաբերությունների
մասին է։ Հրեական իրավունքը յուրաքանչյուր հրեայի և միաժամանակ բոլոր հրեաների անձնական
իրավունքն է, անկախ նրանց մշտական բնակության վայրից, քաղաքացիությունից և նույնիսկ
դավանանքից։ Հրեան նույնիսկ այն ժամանակ, երբ այլ դավանանք է ընդունում, միևնույնն
է, մնում է հրեա, սակայն այդ դեպքում նա կարող է զրկվել որոշակի իրավունքներից։
Իր մասշտաբներով հրեական իրավունքի ազդեցությունը սահմանափակվում
է հրեական աշխարհով և չի տարածվում ոչ հրեաների վրա։ Հրեական ժողովրդի աստվածընտրյալության
սկզբունքը արգելում է այլ ազգերի հետ ձուլմանն ուղղված ցանկացած գործողություն։
Իր էությամբ և բնույթով հրեական իրավունքը բացառապես ոչ պետական,
կրոնական, հրեական համայնքի իրավունք է, որը մինչ 18-րդ դարը օժտված էր դատական ինքնավարությամբ։
Նույնիսկ 2 պետությունների՝ Հրեաստանի և Իսրայելի անկումը, այնուհետև նաև սեփական տարածքից
զրկումը չհանգեցրին հրեական իրավունքի կորստին՝ ինքնատիպ հրեական համայնքի պահպանման
շնորհիվ։
Հրեական իրավունքի բովանդակային բաղադրիչների շարքում կարևոր
դեր են խաղում իրավունքի սկզբունքները։ Հրեական իրավունքի սկզբունքները ոչ մի փաստաթղթում
կամ իրավունքի աղբյուրում բովանդակված չեն։ Նրանք ճանաչվում և ձևակերպվում են բուն
իրավունքի ուսումնասիրության ընթացքում։
Հրեական իրավունքում հարկ է նախ և առաջ առանձնացնել կրոնական
հիմքի՝ էթնիկական և ազգային հիմքերի հետ օրգանական համադրության սկզբունքը։ Հրեական
համայնքի և էթնիկական ինքնության, ինչպես նաև կենսաձևի, կրոնական և սոցիալական ինքնատիպության
պահպանման համար հրեաներին արգելվում էր ամուսնանալ օտարազգիների հետ։
Հրեա ժողովուրդը երդմամբ և անեծքի սպառնալիքներով պարտավորություն
ընդունեց օտարազգի ժողովուրդներին չտալ իր աղջիկներին և նրանց աղջիկներին իրենց որդիներին
կնության չվերցնել։ Ամուսնաընտանեկան հարաբերությունների ոլորտում առանձնապես բարձր
պահանջները ներկայացվում էին հոգևորականներին։ Օրենքով հոգևորականին թույլատրվում էր
ամուսնանալ միայն սեփական ազգի կնոջ հետ և միաժամանակ արգելվում էր ամուսնանալ այրի
կամ վտարանդի կամ արատավոր կնոջ կամ պոռնիկի հետ։
Օրենքը հրեաների և նրանց պետություններում բնակվող օտարերկրացիների
համար տարբեր իրավական կարգավիճակներ էր սահմանում։ Սուրբ օրենքի համաձայն՝ հրեային
չէր կարելի միշտ ստրկության մեջ պահել, դաժան վերաբերվել նրա հետ, մինչդեռ օտարերկրացիների
հանդեպ դա թույլատրվում էր։
Հրեայի
ավելի բարձր կարգավիճակը օտարերկրացիների համեմատ արտահայտվում էր նաև այլ, օրինակ՝
մասնավոր-իրավական հարաբերություններում։ Այսպես, Երկրորդ օրենքի համաձայն հրեաներին
արգելվում էր միմյանց վարկով տալ արծաթ, հաց կամ այլ բան, քանի որ դա համարվում էր
հրեային ոչ հարիր և կարող էր հանգեցնել հրեական համայնքի կրոնաէթնիկական հիմքի քայքայմանը։
Նույնը օտարերկրացիների հետ հարաբերություններում ոչ միայն թույլատրվում էր, այլև խրախուսվում․ “Օտարերկրացիներին վարկով տուր, իսկ եղբորդ
մի տուր վարկով, որպեսզի Տերդ օրհնի քեզ ամեն բանում, ինչն արվում է քո ձեռքերով այն
հողի վրա, որին դու պատրաստվում ես տիրանալ”։
Հրեական
համայնքի պահպանման և ամրապնդման խնդիրը զարգացման ավելի ուշ փուլում լուծվում էր ոչ
միայն կրոնական, այլ նաև պետական մակարդակով։ Օրինակ՝ Իսրայելում 1950 թվականին ընդունված
“Վերադարձի մասին օրենքը” խրախուսում էր աշխարհի բոլոր երկրներից հրեաների վերաբնակեցումը
իրենց պատմական հայրենիքում։
Հրեական
իրավունքի կարևոր սկզբունքներից է հրեա ազգի մեսիականության և աստվածընտիր լինելու
սկզբունքը։ “Դու քո հայր Աստծու մոտ սուրբ ազգ ես և քեզ ընտրել է Աստված, որպեսզի երկրի
վրա եղած բոլոր ազգերից դու իր սեփական ազգը լինես”։ Այս սկզբունքն առկա է հրեական
իրավունքի հիմքը կազմող բազմաթիվ սուրբ գրքերում, օրենքներում և պատվիրաններում։
Հրեական
իրավունքի հաջորդ սկզբունքը օրենքների, սովորույթների, ուխտերի և պատվիրանների խիստ
և անշեղ պահպանման սկզբունքն է։ Ղևականում գրված է Աստծու հրամանը՝ պահպանել Աստծու
պատվիրաններն ու օրենքները և չանել այն “նողկալիությունները”, որոնք իրենց թույլ են
տալիս օտարերկրացիները։ “Պահպանե՛ք իմ խրատները, որպեսզի չառաջնորդվեք այն գարշելի
սովորույթներով, որոնցով առաջնորդվել են ձեզանից առաջ, և չպղծվեք դրանցով”։
Հրեաներին
ուղղված մի շատ բնութագրական զգուշացում կա․ “Մի՛ ավելացրեք ոչինչ նրան, ինչը ես եմ ձեզ
պատգամում, և ոչինչ մի՛ պակասեցրեք դրանից։ Պահպանե՛ք և կատարե՛ք պատգամները և օրենքները,
քանզի հենց դրանում է ձեր իմաստնությունն ու բանականությունը այն ազգերի աչքերի առաջ,
որոնք, լսելով այս բոլոր պատգամների մասին, կասեն, որ միայն այս մեծագույն ազգն է իմաստուն
և բանական”։
Երկրորդ
օրենքի գիրքը օրենքներին հետևողների համար սահմանում է խրախուսում (օրհնություն) և
դատապարտում (անեծք)՝ օրենքը խախտողների համար։
Իրենց
Աստծուն հավատարմության և իրենց ազգի հանդեպ “ճշմարիտ հավատի” սկզբունքն արտահայտվում
է հրեական Աստծու սրբությանը և անսխալականությանը, հրեական ազգի կրոնական և բարոյական
մաքրությանը և ոչ հրեա ազգերի կանխահայտ մեղսականությանը և նվաստությանը վերաբերող
պահանջների օրենսդրական և կրոնական ամրագրման մեջ։
Այս սկզբունքը մի կողմից սահմանում է «ճշմարիտ հավատի» և հրեա
ազգի «աստվածընտրության» հասկացությունը, մյուս կողմից՝ դրա իմաստը ոչ միայն աստծու,
հավատի և հրեա ժողովրդի մասին հրեաների կրոնական-ազգային պատկերացումներին չհամապատասխանող
ամեն բանի ժխտումն է, այլև հակազդումն է բոլոր օտար երևույթներին։
Այսպես, նվաճողական արշավանքների ժամանակ հրեաներին պատգամվում
է «ոչնչացնել բոլոր վայրերը, որտեղ ազգերը, որոնց դուք իշխելու եք, ծառայել են իրենց
աստվածներին, ավերել նրանց զոհասեղանները և ջարդել կուռք-աստվածների արձաններն ու ջնջել
նրանց անուններն այդ վայրից»։ Այդ կերպ պետք է վարվել նաև կռապաշտ ազգերի հետ։
Երկրորդ օրենքի գրքում ասվում է, որ հրեան պետք է խաղաղություն
առաջարկի այն քաղաքին, որը պատրաստվում է նվաճել։ Եթե այդ քաղաքի բնակչությունը կհամաձայնի
խաղաղությանը և կբացի դարպասները, ապա պետք է վճարի տուրքեր և ծառայի հրեաներին։ Եթե
չի համաձայնի խաղաղությանը, ապա հրեան պարտավոր է պաշարել այդ քաղաքը և կենդանի չթողնել
ոչ ոքի, որպեսզի կենդանի մնացածները չսովորեցնեն հրեաներին անել այնպիսի նողկալիություններ,
որոնք իրենք արել են իրենց աստվածների համար, և որպեսզի դրանով հրեաները մեղք չգործեն
իրենց Աստծու առջև։
Այդպես է առաջարկվում հրեաներին վարվել բոլոր քաղաքների և ժողովուրդների
հետ։ «Եթե այդ ազգերը քեզանից մեծաթիվ են, մի՛ վախեցիր նրանցից, քանզի քո Տեր Աստվածը
քեզ հետ է, և նա այդ ազգերին քիչ-քիչ կվտարի, եթե դու չես կարող շուտ ոչնչացնել նրանց»։
Աստծուն հավատարմության պահպանման, ճշմարիտ հավատի և հրեա ազգի
աստվածընտիր լինելու սկզբունքը բավականին բացահայտ արտահայտվում է նաև ժամանակակից իսրայելական իրավունքում։ Այսպես,
Իսրայելի գործող քրեական օրենսգիրքը հավատափոխության համար քրեական պատասխանատվություն
է նախատեսում։
Հրեական իրավունքի հիմնական սկզբունքների շարքում առանձնանում
է նաև արյան վրեժի սկզբունքը։ Հրեաների կրոնական և բարոյական օրենքների համաձայն՝ արյան
վրեժը ոչ միայն թույլատրելի, այլև անհրաժեշտ էր համարվում։ Այն թույլ էր տալիս արագ
լուծել անհաշտ վեճերը և նպաստում էր հասարակության մեջ հարաբերական կայունության պահպանմանը։
Արյան վրեժի հրեական սկզբունքն ունի հետևյալ առանձնահատկությունները․
Խիստ սահման է դրվում
ատելությամբ, թշնամանքով կատարած սպանությունների և արյան վրեժի հիմքով կատարած սպանությունների
միջև։ Արյան վրեժը կարող է կիրառվել միայն ատելությամբ, թշնամանքով կամ կանխամտածված
սպանությունների դեպքում
·Արյան վրեժը չի թույլատրում
չկանխամտածված սպանությունների դեպքում
Հրեաների մոտ ցանկացած
սպանություն (և՛ կանխամտածված, և՛ չկանխամտածված) ենթակա էր ձևական դատական քննության,
և միայն դրանից հետո էր հրեան ստանում արյան վրեժի իրավունքը
Ի տարբերություն այլ
կրոնական իրավական համակարգերի՝ հրեական իրավունքը ոչ մի պարագայում թույլ չէր տալիս
մարդասպանի կյանքի համար փրկագին վճարել
Վերը նշված սկզբունքների հետ մեկտեղ գոյություն ունեն նաև հրեական
իրավունքի մի քանի այլ սկզբունքներ, որոնց թվում առանձնանում են․
Հրեա և այլ ազգերի ներկայացուցիչների
նկատմամբ տարբեր կարգավիճակի և տարբերակված վերաբերմունքի սահմանման սկզբունքը
·Աստվածային բացարձակի
սկզբունքը՝ առաջին հերթին հույս դնել Աստծու, աստվածային դատաստանի վրա և հետո միայն՝
մարդկային դատարանի վրա
Միմյանց, հոգևորականների
և մեծահասակների նկատմամբ հրեաների հարգալից վերաբերմունքի սկզբունքը
Ընչազուրկների, եկվորների
և չքավորների նկատմամբ կարեկցանքի և մեծահոգության սկզբունքը
Հրեական իրավունքի հիմնական
աղբյուրները
Հրեական իրավունքի սկզբնական աղբյուրներն են եղել ծեսերը և վարքագծի
բանավոր կանոնները, որոնք սերնդեսերունդ փոխանցվել են տեղական տաճարների քրմերի կողմից։
Իրավական վեճերը լուծում էին քրմերը՝ որպես աստվածային կամքի արտահայտողներ։ Այդ կանոնների
գրավոր ձևակերպումը սկզբում խստիվ արգելվում էր, որպեսզի այլ ազգությունները չկարողանային
փոխառել հրեական ազգի բացառիկ նվաճումը։
Պատգամների բանավոր փոխանցման սկզբունքը ստացել է «կաբբալա»
անվանումը։
Սակայն երբ պատգամների քանակը շատացավ, հասկանալի դարձավ, որ
դրանք հաջորդ սերունդներին հնարավոր է հասցնել միայն գրավոր ձևակերպման միջոցով։ Այդպես
ստեղծվեց հրեա ժողովրդի առաջին գրավոր հուշարձանը, որը նաև հրեական իրավունքի առաջին
աղբյուրն է՝ Աստվածաշունչը։
Աստվածաշունչը մ․թ․ա․ 8-րդ դարից մինչև մ․թ․ 2-րդ դարի տարաբնույթ
կրոնական շարադրանքների՝ ներառյալ աշխարհի արարման մասին առասպելների, պատմական ասույթների,
տարբեր նորմերի հավաքածու է։ Աստվածաշունչը բաղկացած է 2 մասից՝ Հին Կտակարան (սուրբ
գրքեր, որոնք գրվել են մինչև Քրիստոսի գալուստը) և Նոր Կտակարան (սուրբ գրքեր, որոնք
գրվել են Քրիստոսի գալստից հետո)։ Հին և Նոր Կտակարանները բաղկացած են գրքերից, որոնք
բաժանվում են գլուխների, որոնք էլ իրենց հերթին՝ համարների։
Հրեական կրոնը որպես սուրբ գիրք ճանաչում է միայն Հին Կտակարանի
գրքերը, որոնք անվանվում են նաև «Հրեական Աստվածաշունչ»։ Հին Կտակարանի գրքերը բաժանվում
են 3 մասի՝
·Հնգամատյան կամ Թորա
(ուսմունք)՝ Մովսեսի գրքերը (օրենքները), որոնք պարունակում են հրեաների կենսագործունեության
օրենքները և կանոնները։ Թորան հրեական իրավունքի մեջ դիտարկվում է որպես իրավունքի
ինքնուրույն աղբյուր։
·Մարգարեների գրքերը
(հրեական անվանումը՝ Նվիիմ)
· Գրեր (հրեական անվանումը՝ Կթուվիմ)
Թորան լայն իմաստով նշանակում է հրեականության հիմնադիր դոգմաները,
օրենքները և սուրբ գրքերը, որոնք դիտարկվում են որպես հայտնության ճշմարտություն։ Նեղ
իմաստոց Թորան՝ Հնգամատյանը, Աստվածաշնչի առաջին 5 գիրքն են․
«Ծնունդ»՝ նկարագրում
է աշխարհի արարումը, հրեաների միմյանց հետ ապրելու և հարաբերվելու կանոնները
·«Ելք»՝ պատմում է Եգիպտոսից
հրեաների ելքի մասին
«Ղևտական»՝ նվիրված
է Իսրայելի կյանքի կրոնական-պաշտամունքային կողմին։ Գիրքը մանրամասն ներկայացնում է
հրեական կրոնական օրենքը, ծեսերը, նվիրական անոթները, քահանաների և սպասավորների՝ ղևտացիների
(այստեղից էլ՝ գրքի անվանումը) պարտականությունները։ Գրքի գլխավոր գաղափարն է Իսրայելից
Աստծու ժողովուրդ կազմելը, որը Տիրոջ հետ կլինի հոգևոր, բարոյական սերտ հաղորդակցության
մեջ։ Այդ նպատակին են ծառայում Ղևտականում զետեղված հրամանները՝ զոհաբերումների տեսակները
և կատարման կարգը, հոգևորականների կարգման արարողությունները, մաքրության և անմաքրության
վերաբերյալ (բոլոր տեսակի անմաքրությունների ցանկը, որոնք խոչընդոտում են մարդուն Աստծու
հետ հաղորդակցվելուն), Աստծու ժողովրդի անձնական սրբությունը կենցաղում ու հասարակական
կյանքում, ծեսերի, պաշտամունքների մատուցման սրբությունն ու կարգը, սրբազան օրերը։
·«Թվեր»՝ նկարագրում
է իսրայելցիների քառասնամյա դեգերումը անապատում մինչև Մեռյալ ծովի արևելք հասնելը,
պատմում է հրեա ժողովրդի, ղևտացիների, առաջնեկների մարդահամարների մասին, ինչպես նաև
Մովսես մարգարեի միջոցով շնորհված օրենքների մասին
«Երկրորդ օրենքը» նախորդ
գրքերում շարադրված օրենքների բարոյախրատական վերարտադրումն է։
Երկրորդ օրենքի գրքում
հատուկ ուշադրություն է դարձվում պատվիրաններին, որոնք իրենց բնույթով և բովանդակությամբ
բաժանվում են 2 տեսակի։
Պատվիրաններ, որոնք
սահմանում են մարդու պարտականություններն Աստծու առջև․
·
Քո Աստծուց բացի՝ այլ աստվածներ մի՛ ստեղծիր քեզ համար
·
Քեզ համար կուռքեր և պատկերներ մի՛ ստեղծիր
·
Քո Տեր Աստծու անունը զուր տեղը մի՛ արտասանիր
·
Սուրբ պահի՛ր շաբաթ օրը
Պատվիրաններ, որոնք կարգավորում էին մարդկանց միջանձնային հարաբերությունները․
· Պատվի՛ր քո հորն ու
մորը
· Մի՛ սպանիր
· Մի՛ շնացիր
· Մի՛ գողացիր
· Քո մտերիմի դեմ սուտ
վկայություն մի՛ տուր
· Ո՛չ քո մերձավորի տան,
ո՛չ նրա ագարակի վրա աչք մի՛ ունեցիր։ Ո՛չ քո մերձավորի կնոջ վրա, ո՛չ նրա ծառայի վրա,
ո՛չ նրա աղախնու վրա, ո՛չ նրա եզան վրա, ո՛չ նրա էշի վրա, ո՛չ նրա անասունի վրա, ո՛չ
այն ամենի վրա, ինչ քո մերձավորինն է, աչք մի՛ ունեցիր։
Երկրորդ օրենքը դիտարկվում է որպես հրեական իրավունքի ինքնուրույն
աղբյուր։ Այստեղ կարևոր նշանակություն է տրվում կարգադրություններին և օրենքներին։
Օրենքների և կարգադրությունների միջոցով կարգավորվում էին հրեական հասարակական կյանքի
գրեթե բոլոր ոլորտները։ Խոսքը ոչ միայն նյութական իրավունքի, այլև դատավարական իրավունքի
նորմերի մասին է։
Դատավարական նորմերը սահմանում են, օրինակ՝ հրեական դատարանների
կազմակերպման և գործունեության կարգը, գործի քննության կարգը։ Երկրորդ օրենքի 25-րդ
գլխում ասվում է․ «Եթե լինի դատավեճ
մարդկանց միջև, ապա թող նրանց բերեն դատարան և դատեն, ճշտին թող արդարացնեն, իսկ մեղավորին
դատապարտեն»։
Թալմուդ (ուսուցում)՝ մ․թ․ա․ 4րդ դարից մինչև մ․թ․ 5-րդ դարը ձևավորված հրեական դոգմատիկ կրոնական, իրավական և
էթիկական դրույթների և տեքստերի ժողովածու։ Թալմուդը դիտարկվում է նաև որպես հրեական
ռաբբիների կողմից կատարված Հին Կտակարանի մեկնաբանություն և լրացում։ Այն հրեական քաղաքացիական
և կրոնական իրավունքը ձևավորող սուրբ գրերի հավաքածու է, որը բաժանվում է 2 խմբի․
Միշնա (կրկնություն), որը բովանդակում է բուն տեքստերը, և Գեմարա
(ավարտ), որը պարունակում է տեքստերի մեկնաբանությունը։ Միշնան բաղկացած է 6 հիմնական
բաժիններից․
· Հողագործության մասին
կրոնական օրենքներ
· Ծիսակարգային և կրոնական
պարտականություններ
· Կանայք, ամուսնություն
և ընտանեկան կյանք
· Քաղաքացիական և քրեական
իրավունք
· Տաճար և զոհաբերության
ծիսակարգ
· Ծիսական մաքրության
մասին օրենքներ
Թալմուդի բովանդակության մեջ, դրա կարգավորող միջոցների և հասարակական
հարաբերությունների վրա արդյունավետ ներգործության համակարգի մեջ գերակայող դիրք ունեն
Գեմարայի ռաբբիական մեկնաբանությունները։
Այն ամենը, ինչ կատարվում էր և կարող էր կատարվել հրեայի կյանքում,
կարգավորվում էր ռաբբիական մեկնաբանություններով լի Թալմուդի օրենքներով՝ ամուսնությունները,
ամուսնալուծությունները, գույքային գործարքները և ընդհանրապես ամբողջ կյանքը՝ ընդհուպ
հագուստի մանրուքները և պճնանքը։
Վերը հիշատակված համակարգված ռաբբիական մեկնաբանությունները
հարկ է դիտարկել որպես հրեական կրոնական իրավունքի կարևոր աղբյուր։
Հրեական իրավունքի հաջորդ աղբյուրն է Հալախան՝ ավանդական հրեական
իրավունքը, հրեականության օրենքների և կանոնների ամբողջությունը, որը կանոնակարգում
էր հավատավոր հրեաների կրոնական, ընտանեկան և հասարակական կյանքը։ Ավելի նեղ իմաստով՝
Հալախան Թորայում, Թալմուդում և հետագա ռաբբիական գրականության մեջ պարունակվող օրենքների
ամբողջությունն է և այդ օրենքներից (հալախոտներից) յուրաքանչյուրն առանձին վերցված։
«Հալախա» տերմինը ծագում է հրեական «քայլել» բայից և նշանակում
է «գործելու ուղի», «վարքագիծ», «ուղեցույց»։ «Քայլել» բառի այդպիսի կիրառման մասին
նշում է 14-րդ Սաղմոսը, որտեղ բարեպաշտ կոչվում է նա, «ով քայլում է անապական»։
«Հալախա» տերմինը, սկզբնական շրջանում ընկալվելով որպես կոնկրետ
գործով որոշում, պահպանեց սկզբնական իր նեղ իմաստը և հետագայում սկսեց ծառայել որպես
հրեականության ամբողջ իրավական և կրոնական համակարգի հասկացություն։
Քանի որ հրեաների կյանքը իր բոլոր դրսևորումներով կարգավորվում
է կրոնական օրենքով, հալախան ներառում է կրոնական պատվիրաններ, հրեականության օրենսդրական
դրույթներ, ինչպես նաև դրանց բազմաթիվ լրացումները։ Բացի դրանից՝ հալախայի ոլորտում
ներառվում են տարբեր ռաբբիների իրավական որոշումները, որոնք սահմանում են կրոնական
վարքագծի նորմեր կամ հաստատում առանձին օրենքներ։
Բացի սուրբ գրքերից՝ հրեական իրավունքի աղբյուրներից են հեղինակավոր
կրոնական գործիչների ընդունած ակտերը (կարգադրությունները և հրամանները)։ Դրանք ոչ
թե մեկնաբանող ակտեր են, այլ վարքագծի նոր կանոններ։ Այդպիսի ակտերի ընդունումը պայմանավորված
էր Թորայի դրույթներով և մեծ նշանակություն ուներ հրեական իրավունքի մշտական թարմացման
հարցում։
Հրեական իրավունքի գործնական նշանակություն ունեցող կարևոր աղբյուր
են հրեական դատարանների որոշումները, որոնք ապահովում են այս իրավունքի զարգացումը
և պահպանում դրա հիմքերը։
Հրեական հասարակությանը հաջողվեց ընդհուպ 19-րդ դարը պահպանել
դատական ինքնավարությունը և հետևաբար նաև իր իրավունքը, որը զարգանում էր շնորհիվ նրա,
որ դատավորները գործերի քննության ընթացքում ուղղակիորեն չէին կիրառում սուրբ գրքերի
նորմեր, այլ ուղղորդվում էին դրանցով և յուրաքանչյուր առանձին դեպքում ղեկավարվում
էին արդարության սկզբունքով։
Դրա մասին են վկայում տարբեր ժամանակների հայտնի հրեա իրավաբանների
դատական որոշումների ժողովածուները (օրինակ՝ «Հարցեր և պատասխաններ» ժողովածուն, որը
ներառում է 300 հազար դատական որոշում)։
Հրեաների սովորույթը ծագել է սուրբ գրերից առաջ և հանդիսացել է հասարակական հարաբերությունների առաջին կարգավորիչը։ Սակայն Թորայի ի հայտ գալուց հետո սովորույթը պարտադիր կարգով համաձայնեցվում էր նրա դրույթների հետ։ Բոլոր սովորույթները չէ, որ Թորայի պահանջներին համապատասխան ընդունվել և օրինականացվել են, սակայն շարունակել են պահպանել իրենց նշանակությունը և կիրառումը։ Որոշ սովորույթներ գործում էին որպես Թորան լրացնող նորմեր և մեծ ազդեցություն ունեցան նրա բովանդակության վրա՝ աստիճանաբար ներգրավվելով նրա տեքստում (օրինակ՝ հրեական իրավունքում հայցային վաղեմության ինստիտուտը ծագել է սովորույթի հիման վրա)։
Հրեական իրավունքը՝
որպես Իսրայելի իրավական համակարգի ենթահամակարգ
Հրեական կրոնական իրավունքի գաղափարները, սովորույթները և առանձին
ինստիտուտներ գործնականում իրենց արտացոլումն են գտել ժամանակակից իսրայելական իրավունքի
բոլոր ոլորտներում։
Հրեական իրավունքի՝ որպես ժամանակակից իսրայելական իրավունքի
ենթահամակարգի էության և դերի բացահայտման համար առաջին հերթին հարկ է ներկայացնել
հենց ժամանակակից Իսրայելի իրավունքի առանձնահատկությունները։ Իսրայելական իրավունքի
առանձնահատկությունների բացահայտումը թույլ է տալիս հասկանալ հրեական և իսրայելական
իրավունքների փոխհարաբերակցությունը, ինչպես նաև հրեական իրավունքի տեղը և դերը Իսրայելի
ընդհանուր իրավական համակարգում։
Իսրայելական իրավունքի առանձնահատկությունների մեջ առաջին հերթին
հարկ է նշել, որ հրեական իրավունքը դրա միակ և բացառիկ ենթահամակարգը չէ։ Հրեական իրավունքի
հետ մեկտեղ գոյություն ունեն նաև ժամանակակից իսրայելական իրավունքի այլ ենթահամակարգեր։
Դրանք առաջին հերթին Օսմանյան կայսրության ստատուտային իրավունքի
նորմերն են, որոնք մինչև հիմա կիրառվում են Իսրայելի իրավական համակարգում՝ հղում կատարելով
դրանց մուսուլմանական կամ ֆրանսիական աղբյուրներին։ Պետականության կորստից հետո ժամանակակից
Իսրայելի տարածքը դարձավ Օսմանյան կայսրության հեռավոր գավառ (1517-1917 թվականներ),
որի վրա տարածվում էր կայսերական ստատուտների, մասնավորապես «Մաջալա»-ի (1869-1876
թվականներ) գործողությունը։ Միաժամանակ, կրոնական հրեական համայնքներին լայն ինքնավարություն
էր տրված ամուսնաընտանեկան հարաբերություններին վերաբերող գրեթե բոլոր հարցերի լուծման
մեջ։
Առևտրային հարաբերությունների ոլորտում ամբողջ Օսմանյան կայսրության
տարածքում, անկախ հավատից, տարածվում էին ֆրանսիական աղբյուրներից բառացիորեն արտագրված
օրենքները։
Այդ ժամանակ հրեական համայնքների կողմից ընկալվեց Օսմանյան կայսրության
իրավական մշակույթը, որը հիշեցնում էր ժամանակակից Թուրքիայի իրավական մշակույթը։
19-րդ դարի առաջին կեսին հրեական իրավունքում ակնհայտ էր ինչպես
մահմեդական, այնպես էլ ֆրանսիական իրավունքների տարրերի համադրությունը։ 19-րդ դարի
վերջից սկսվեց նորմատիվ իրավական ակտերի կոդիֆիկացիան։ Գործողության մեջ դրվեց մուսուլմանական
իրավունքի վրա հիմնված ծավալուն քաղաքացիական օրենսգիրքը։ Ընդունվեցին ֆրանսիական իրավունքի
վրա հիմնված քրեական, առևտրային, քրեական դատավարության և քաղաքացիական դատավարության
օրենսգրքերը։
Այսպիսով, Օսմանյան կայսրության ժամանակաշրջանի ընթացքում Իսրայելի
տարածքում գործող իրավունքը բնութագրվում է հետևյալ հատկանիշներով․
· Հենքը Օսմանյան կայսրության
իրավական մշակույթի վրա
Ռոմանագերմանական իրավական
ոճի տարրերի համադրությունը ավանդական իսլամի տարրերի հետ
Նրանում կոդիֆիկացված
օրենսդրության գերակայությունը
Ժամանակակից իսրայելական իրավական համակարգում առկա է նաև անգլիական
իրավունքի նշանակալի ազդեցությունը։ Անգլիական ընդհանուր իրավունքի ազդեցոթյունը դիտարկվում
է 1917-1947 թվականներին, երբ Մեծ Բրիտանիան Ազգերի լիգայի կողմից ստացավ Պաղեստինի
կառավարման մանդատը։
Բրիտանական կառավարման ժամանակահատվածը դարձավ Իսրայելի իրավական
համակարգի ձևավորման ժամանակաշրջանը, և դրա հետևանքով իսրայելական իրավական համակարգը
ավելի շատ նմանություններ ունի ընդհանուր իրավունքի իրավական համակարգի հետ։ Այս ժամանակահատվածը
Իսրայելում տևեց ընդամենը 30 տարի, բայց շարունակում է իր ազդեցությունն ունենալ մինչև
այսօր։
Մեծ Բրիտանիայի «մանդատային կառավարումը» ներառում է 2 փուլ՝
· «Հույսի և հավատի ժամանակաշրջան»՝
1917-1936 թվականներ
· «Պայքարի և երկպառակությունների
ժամանակաշրջան»՝ 1936-1948 թվականներ
Առաջին ժամանակաշրջանն իր անվանումն ստացել է այն բանից ելնելով,
որ հույսեր էին փայփայվում, որ Բրիտանիայի գաղութային շահերի միաձուլումը ներգաղթյալների
կապիտալի հետ Պաղեստինում «առևտրային դրախտ» կստեղծեր։ Այսպիսի հույսերի հիմքում այն
հանգամանքն էր, որ Պաղեստինի գաղութային իշխանությունների կողմից համատեղ բիզնեսի բոլոր
ոլորտների վերաբերյալ ընդունվել էր օրենսդրական ակտերի մի ամբողջ շարք՝ ընկերությունների,
կոոպերատիվների, ընկերակցությունների, սնանկության, արտոնագրերի և մտավոր սեփականության
մասին օրենքները, բանկային և առևտրային օրենսգրքերը։
Երկրորդ ժամանակաշրջանը սկսեց 1936 թվականի արաբ բնակչության
ապստամբությամբ և խորհրդանշեց Պաղեստինում «առևտրային դրախտ» ստեղծելու հրեաների հույսերի
վերջը։ Ստեղծված իրավիճակում բրիտանական գաղութային իշխանությունները ստիպված եղան
ուղղություն ունեցող օրենսդրությունից անցում կատարել դեպի պատերազմական և արտակարգ
օրենսդրություն։
«Մանդատային կառավարման» ժամանակաշրջանում Պաղեստինում անգլիական
ընդհանուր իրավունքը նշանակալիորեն ճնշեց ֆրանս-օսմանական իրավունքը, և Իսրայելում
ստեղծված նոր իրավական համակարգի հիմքում դրվեց անգլիական ընդհանուր իրավունքը, որը
մինչ օրս պահպանում է իր դիրքերը։ Սա առավելապես վերաբերում է անգլիական դատական նախադեպերի
կիրառմանը կալանքի վերցնելու և կալանքի տակ պահելու, արտաքսման, սեփականության առգրավման,
տրանսպորտային շարժի սահմանափակման, ցենզուրայի, տների քանդման, արտադրական և ֆինանսական
վերահսկողության, մամուլի նկատմամբ վերահսկողության և այլ քաղաքացիական և քրեական գործերի
քննության ընթացքում։
Ժամանակակից իսրայելական իրավունքի ընդհանուր համակարգում գերակայող
դիրք է զբաղեցնում «զուտ» իսրայելական իրավական համակարգը, որը ձևավորվեց 1948 թվականին՝
Իսրայելի կողմից իր անկախությունը հռչակելուց հետո, և գործում է մինչ օրս։
Այսպիսով՝ ժամանակակից իսրայելական իրավական համակարգը պատմական
հերթականությամբ կազմում են հետևյալ ենթահամակարգերը՝
·Կրոնական հրեական իրավունքի
տարրերը
·Օսմանյան կայսրության
ստատուտային իրավունքի մնացորդային տարրերը
Անգլիական ընդհանուր
իրավունքի տարրերը
·Իսրայելի անկախության
հռչակումից հետո «զուտ» իսրայելական իրավունքը
Իսրայելում անկախության ձևավորումից հետո ընդունվեց դեկրետ,
որն ուժի մեջ թողեց բոլոր գործող օրենքները, որոնք չէին հակասում Իսրայելի անկախության
հռչակագրին և դրա հիման վրա Քնեսեթի ընդունած օրենքներին։
Պետությունը հրեական իրավունքը պաշտոնապես ճանաչեց որպես աշխարհիկ
օրենսդրության աղբյուր։ Սրա հետ մեկտեղ իրավունքի հավելյալ աղբյուրներ են համարվում
նաև այն երկրների իրավունքները, «որտեղից վերադարձել են համերկրացիները, որպեսզի ձուլվեն
1 հասարակության մեջ», ինչպես նաև այդ օրենքների «գործնական փորձը և գիտական հիմքերը»։
Կրոնական հրեական իրավունքի հետ հարաբերությունները բնութագրող
արդի իսրայելական իրավունքի համակարգի առանձնահատկություններից է գրված սահմանադրության
բացակայությունը։ Երկրում սահմանադրության և հետևաբար նաև աշխարհիկ և կրոնական իրավունքների
հարաբերակցության հիմնախնդիրների սահմանադրական արտացոլման բացակայության պատճառները,
ըստ հետազոտողների, հետևյալն են․
Իսրայելի ստեղծման պահից
հարևան արաբական երկրների հետ չդադարող պատերազմական վիճակը, որը խանգարում է Իսրայելին
հստակ սահմանել իր տարածքը
Իսրայելի՝ իր քաղաքական համակարգի և պետության ընդհանուր նպատակների ոչ հստակ պատկերացումը (հատկապես անկախության առաջին տարիներին)
Գրված սահմանադրություն չունեցող Մեծ Բրիտանիայի իրավական համակարգի ազդեցությունը Իսրայելի իրավական համակարգի վրա
Կրոնական կուսակցությունների բացասական վերաբերմունքը Իսրայելի Սահմանադրության ընդունման փաստի նկատմամբ (կրոնական կուսակցությունները մտահոգված էին, որ սահմանադրությունը կարող է կասկածի տակ դնել ավանդական հրեականության և հրեական կրոնական իրավունքի դրույթները)։
Նյութի աղբյուրը՝ Վահե Գևորգյան- «Համեմատական իրավագիտություն»
Comments
Post a Comment