Դասական հնդուական իրավունքի հասկացությունը
Հնդկական ավանդույթը ներառում է մի
կողմից՝ “հնդուական իրավունքը” (ավանդական իրավունք), որի աղբյուրները հիմնված են կրոնի
վրա, իսկ մյուս կողմից՝ ժամանակակից հնդկական իրավունքը, որն իր բնութագրերով պարտական
է անգլիական ընդհանուր իրավունքին։ Սակայն Հնդկաստանում կան նաև բավականին յուրօրինակ
կենսաձև ունեցող տարածաշրջաններ, որոնք ընդհանրապես իրավունք չեն կիրառում։
Հնդուական դասական իրավունքի հիմնական
առանձնահատկությունը կրոնի հետ սերտ միահյուսումն է։ Հնդուական իրավունքը հարաբերական
ինքնուրույնություն չունի և ըստ էության, հինդուիզմի՝ այդ յուրատեսակ ֆենոմենի և ընդհանուր
պատկերացմամբ, սինկրետիկ ավանդական համակարգի անբաժանելի մասն է, որի կազմում, իրավունքից
բացի, ներառված են նաև տարբեր կրոնական հավատքներ ու ծիսակատարություններ, բարոյական,
փիլիսոփայական և այլ գաղափարական արժեքներ, որոնք ենթադրում են որոշակի ապրելակերպ,
հասարակական կարգ, սոցիալական կազմակերպում և կառուցվածք։ Հնդուական դասական իրավունքի
համակարգն աշխարհում ամենահներից մեկն է։
Հնդուական իրավունքը հինդուիզմի վրա
հիմնված կրոնական, բարոյական և իրավական նորմերի ամբողջություն է, որը ձևավորվել է
կրոնի հիման վրա և սատարվում է պետության կողմից։ Հնդուական իրավունքի տարածման տարածաշրջաններն
են Հնդկաստանը, Հարավարևելյան Ասիայի երկրները (Պակիստան, Բիրմա, Սինգապուր, Մալայզիա)։
Հինդուիզմ են դավանում Արևելյան Աֆրիկայի երկրների (Տանզանիա, Ուգանդա, Քենիա), ինչպես
նաև՝ Կանադայի, ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի որոշ համայնքներ։
Այս իրավունքն իրավական համակարգ է,
որը մի քանի հիմունքներով դասվում է կրոնական և դասական իրավական ընտանիքին։
Նախ և առաջ հնդուական իրավունքը ձևավորվել
է Հին Հնդկաստանում՝ հինդուիզմի կրոնը կազմող դիցաբանական և կրոնական պատկերացումների
ազդեցության ներքո, որն առ այսօր պահպանում է իր կարգավորող նշանակությունը՝ շնորհիվ
հնդուական կրոնական գիտակցության հետևյալ առանձնահատկությունների․
·Վեդաների՝ հնդուական
հնագույն սրբազան տեքստերի պաշտամունք։ Վեդաները մ․թ․ա․ երկրորդ հազարամյակի տարբեր ժամանակահատվածներում և դրանից
ավելի վաղ ստեղծված հնդկական հնագույն տեքստեր պարունակող կրոնական երգերի, հիմների
և ասույթների ժողովածուներ են, որոնց առանձին տողերը կարելի է մեկնաբանել որպես վարքագծի
կանոններ։ Բայց չնայած նրան, որ հնդիկներն ընկալում են վեդաները՝ որպես աստվածային
հայտնություն ու կրոնի և իրավունքի աղբյուր, այդուհանդերձ, դրանց գործնական ազդեցությունը
հնդուական բնակչության հոգևոր կյանքի վրա չափազանց աննշան էր
·Հավատքը բարձրագույն
իրականության սկզբունքի՝ չանհատականացված բրահմանի հավերժական և համապարփակ գոյության
հանդեպ, քանզի շրջակա աշխարհի բոլոր տարրերը համահունչ են՝ բնության և գերբնական ուժերի
աշխարհները կտրված չեն մարդու աշխարհից
Պաշտամունքի մակարդակով
բազմաթիվ աստվածների պատվելը, որոնցից ամենակարևորներն են Վիշնուն, Շիվան, գերագույն
դիցուհին (ունի մի քանի անուն՝ Շակթի, Դուրգա, Կալի)։ Յուրաքանչյուր աստված պաշտամունքի
ինքնուրույն առարկա է։ Ընդ որում, ձևավորվել են անհատական պաշտամունքներ՝ վիշնուիզմ,
շիվանիզմ, շակթիզմ, որոնք փաստացի հանդիսանում են հինդուիզմի երեք հիմնական ձևերը։
Երկրորդ՝ հինդուիզմը սերտորեն կապված է այնպիսի հնդկական սոցիալական
ինստիտուտների հետ, ինչպիսիք են համայնքը, վարնա-կաստայական համակարգը, որոնք բնութագրվում
են իրենց կայունությամբ և կյանքի փոփոխվող պայմաններին համակերպվելու կարողությամբ։
Երրորդ՝ հինդուիզմում մարդը ներկայանում է որպես իրավունքի երկրորդական
սուբյեկտ։ Դա արտահայտվում է խմբային երաշխավորության, կոլեկտիվ պատասխանատվության,
գյուղերում մեծ ընտանիքների կապերի կայունության մեջ։ Պետության ղեկավարից բացի՝ յուրաքանչյուրը
պետք է պաշտի վերադասին և կարող է նսեմացնել ստորադասներին։ Ընտանիքի անդամը կախվածության
մեջ է ընտանիքի մեծերից և ընտանիքի գլխից։ Կինը կախված է ամուսնուց, հասարակության
բոլոր անդամները՝ պետությունից։
Հնդուական իրավունքը չպետք է նույնացնել ժամանակակից Հնդկաստանի
իրավունքի հետ։ Արդի Հնդկաստանի ազգային իրավունքը կոչվում է հնդկական, և ոչ թե հնդուական
իրավունք։
Ի տարբերություն այլ կրոնների՝ հինդուիզմն իր հետևորդներից չի
պահանջում հավատարիմ մնալ միակ դավանանքին։ Հնդիկին չի արգելվում պաշտել այս կամ այն
աստծուն, մի քանի աստվածների միաժամանակ կամ լինել աթեիստ։ Թեև հինդուիզմը զուրկ է
հստակ ձևակերպված աստվածաբանական վարդապետությունից, այն առաջ է քաշում որոշակի հիմնական
կրոնափիլիսոփայական կարգի աշխարհայացքներ, որոնք այսպես թե այնպես ընդունվում են հնդիկների
մեծամասնության կողմից։ Պատմական էվոլյուցիայի ընթացքում այդ աշխարհայացքներից առանձնացել
են մի քանի ուսմունքներ, ինչպիսիք են բուդդիզմը, ջայնիզմը և սիկհիզմը։ Դրանք կարելի
է համարել ինչպես ինքնուրույն կրոններ, այնպես էլ ընկալել որպես հինդուիզմի աղանդներ։
Սակայն, ըստ Հնդկաստանի ժամանակակից օրենսդրության՝ հնդուական իրավունքի դրույթները
տարածվում են բուդդիստների, սիկհերի և այլ դավանանքների հետևորդների վրա։
Հնդուական իրավունքի
կրոնական աղբյուրները
Հինդուիզմի կրոնը ձևավորվել է Հնդկաստանում առաջին և հինգերորդ
դարերի միջև ընկած ժամանակահատվածում՝ բրահմանիզմի գաղափարախոսության և բուդդիզմի կրոնի
աստիճանական մերձեցման, ինչպես նաև՝ տարբեր ազգային հավատքների և պաշտամունքների միաձուլման
արդյունքում և ազատ է մնացել դոգմատիզմից և մոլեռանդությունից։
Բրահմանիզմը (մ․թ․ա․ երկրորդ հազարամյակ)
ուսմունք է, որը պարունակում է հինդուիզմի կրոնա-գաղափարական կարևորագույն սկզբունքներից
մեկը հանդիսացող հնդկական հասարակության համայնքա-կաստայական սոցիալական կառուցվածքի
հիմնավորումը։ Կաստան առանձնահատուկ զբաղմունքներով կամ մասնագիտություններով միավորված
մարդկանց խումբ է։ Նրանք ենթարկվում են միմյանց միջև և, ինչն ավելի կարևոր է, այլ կաստաների
անդամների նկատմամբ իրենց վարքագիծը կանոնակարգող կանոնների հավաքածուներին։ Համաձայն
բրահմանիզմի՝ գոյություն ունի հասարակության աստվածային բաժանում 4 վարնաների (կաստաների)՝
բրահմաններ (քահանաներ), քշատրիներ (զինվորներ), վայշիշներ (առևտրականներ), շուդրաներ
(ծառաներ և արհեստագործներ)։
Ի տարբերություն քրիստոնեության, որտեղ բոլոր մարդիկ հավասար
են Աստծո առաջ, հինդուիզմում մարդն աբստրակցիա է՝ վերացականություն։ Ծնված պահից մարդը
պատկանում է կոնկրետ կաստայի։ Յուրաքանչյուր կաստա ունի կրոնական, բարոյական և իրավական
իր կանոնների հավաքածուն, այսինքն՝ իրավունքների և պարտականությունների որոշակի խումբ,
որոնք կարգավորում են կաստայի անդամների կյանքը։ Հնդկական ավանդույթում բարոյական պահանջների
համընդհանրությունը սկիզբ է առնում աշխարհաստեղծությունից, համաշխարհային օրենքից
(ռիտայից), իսկ էթիկայի օրենքների անհրաժեշտությունը բացատրվում է հատուցման անխուսափելիությամբ
(կարմա)։ Հնդկական հասարակության կաստայական կառուցվածքն արդարացնող դավանությունը
«սամսարան» է՝ հոգու վերամարմնացման մասին ուսմունքը։ Հոգու վերամարմնացումը տեղի է
ունենում կարմային համապատասխան՝ առաքինի կամ վատ վարքի համար։ Համաձայն այդ ուսմունքների՝
մարդու կողմից աշխարհում կատարած բոլոր լավ ու վատ արարքները ձևավորում են նրա հետագա
գոյության հիմքը, որը որոշվում է ըստ ավարտված կյանքի բարոյական որակի։ Եթե ներկայիս
կյանքում մարդը զրկանքներ է կրում և հասարակության մեջ ցածր տեղ է գրավում, ապա նա
դրանով քավում է իր հոգու կողմից նախորդ մարմնացումներում գործած մեղքերը։ Բայց եթե
մարդն ունի բարի մտադրություններ և նրա վարքը առանձնանում է առաքինությամբ և բարեպաշտությամբ,
ապա նա կարող է հույս ունենալ, որ կվերածնվի ավելի բարենպաստ պայմաններում, հավանաբար,
որպես բարձրագույն կաստայի անդամ։ Նա կարող է նաև հուսալ, որ իր հոգին կազատվի կյանքի
ու մահի անվերջ հորձանքից և բարձրագույն հոգևոր գոյության տեսքով կդառնա աստվածային
բնության մի մասը։ Այս ուսմունքը հնդուական հասարակության կաստայական կառուցվածքի հիմքն
է, ավելի ճիշտ՝ արդարացումը, որը բնորոշ է հինդուիզմին՝ լինելով վերջինիս կրոնական,
փիլիսոփայական և սոցիալական համակարգը։
Հինդուական իրավունքի հիմքը կազմում են աշխարհիկ կյանքի ընթացքում
մարդու առաքինության մասին դրույթները, որը գերագույն աստվածներին (Վիշնու, Շիվա, Շագթի)
պաշտելը և կաստայական կանոնները պահպանելն է։
Մարդկանց վարքագծի կանոնները շարադրվում էին շաստրաններում
(տրակտատներում), որոնց նորմերը դասակարգվում էին հետևյալ 3 սկզբունքներին համապատասխան․
·Դհարմա՝ վարքագծի աստվածահաճո
կանոններ, կրոնական վաստակ (առաքինություն)
Արտհա՝ վարքագծի կանոններ,
որոնք թույլ են տալիս հարստանալ և տիրապետել կառավարման արվեստին
·Կամա՝ զգայական հաճույք
ստանալու համար վարքագծի կանոններ
Հինդուիզմի պատմական անվանումը սանսկրիտով հնչում է որպես «սանատանա
դհարմա», ինչը թարգմանաբար նշանակում է «հավերժական կրոն», «հավերժական ուղի» կամ
«հավերժական օրենք»։ Դհարման եվրոպական լեզուներում որևէ համանմանություն չունեցող
բարդ հասկացություն է։ Ամենալայն իմաստով այն նշանակում է աշխարհում համընդհանուր կարգ
ու կանոն, որը ներթափանցում է և կազմակերպում է ողջ և անկենդան մատերիան։ Իսկ ավելի
նեղ ու տարածված իմաստով դհարման նշանակում է պարտավորություն, պարտականություններ,
վարքագծի կանոններ, մի խոսքով՝ կատարելապես բարեպաշտ ու առաքինի հնդիկի ապրելակերպ,
ընդ որում՝ ապրելակերպն իր բոլոր մանրուքներով։ «Դհարմա» հասկացությունն իր նշանակությամբ
միաժամանակ ընդգրկում է թե՛ իրավական, թե՛ կրոնական և թե՛ բարոյական ֆենոմենները։
«Դհարմա» հասկացությունն ավելի լայն է, քան իրավունքը, քանի
որ ներառում է և՛ իրավունքը, և՛ կրոնը, և՛ բարոյականությունը։ Դհարման տեքստեր է ստեղծել,
որոնք մարդուն ուսուցանում են աշխարհի դհարմայական վիճակը պահպանելու պարտավորությունը։
Համաձայն դհարմայի՝ գոյատևելու սկզբունք են հանդիսանում ոչ թե հրամանները և կարգադրությունները,
այլ արժանի ապրելակերպն ու պարտավորությունների կատարումը։ Դհարման ունի մի շարք առանձնահատկություններ․
· Այն բաղկացած է պարտավորություններից
և դրանք հստակ կատարելու պահանջներից
· Չի պարունակում սուբյեկտիվ
իրավունքների հասկացություն
·Կրոնական և իրավաբանական
նորմերի միջև որևէ տարբերություն գոյություն չունի․ ավանդույթը ճանաչվում է որպես իրավունքի աղբյուր։ Եթե դհարմայի
դրույթները չէին համապատասխանում հին ավանդույթներին, ապա կոնֆլիկտը լուծվում էր կաստայի
ժողովում (պանչայաթ)
Դհարմայի գրական շարադրումը
«սրուտին» է (լսված, այսինքն՝ աստվածային հայտնությունը), որը պարունակվում է սուրբ
գրքերում (Վեդաներում)։
Բուդդիզմի կրոնն առաջացել է մ․թ․ա․ 6-րդ դարում՝ որպես բրահմանիզմի քննադատություն։ Բուդդիզմը
ժխտում էր Աստծուն՝ որպես գերագույն անձ, աշխարհի տիրակալ և օրենքի սկզբնաղբյուր, ինչպես
նաև՝ ժխտում էր կաստաների համակարգը։ Համաձայն բուդդիստական ըմբռնման՝ դհարման աշխարհը
կառավարող բնական օրինաչափություն է, բնական օրենք, որի ճանաչումն ու կիրառումն անհրաժեշտ
է ողջամիտ վարվելակերպի համար։ Բուդդիզմը քարոզում էր հումանիզմ և չարին բռնությամբ
չդիմադրելու սկզբունքը։
Հինդուիզմը պահպանել է կաստայական համակարգը և միաժամանակ ընկալել
դհարմայի բուդդիստական մեկնաբանումը։ Ռոմանագերմանական, ինչպես նաև՝ անգլոսաքսոնական
իրավունքի մեջ քրիստոնեական ավանդույթը, ըստ որի՝ մարդու մարմինն առանձնացվում է նրա
հոգուց, հիմք է հանդիսացել մարդու իրավունքների հայեցակարգը մշակելու համար։ Հինդուիզմը
ճանաչում է մարդու մարմնի և հոգու միասնությունը։ Մարդն իրականության իր սեփական փորձից
ավելի լայն ըմբռնմամբ կարող է հասնել տիեզերական մասշտաբների։
Սկսած մ․թ․ա․ 4-րդ դարից Հնդկաստանում
նկատվում են իրավունքի մասին կրոնից առանձնացված պատկերացումներ։ Դա առավել նկատելի
է արտացոլված «Արտհաշաստրա» տրակտատում։ Արտհաշաստրան երկիրը ճիշտ կառավարելու պատգամ
է արքային և քաղաքականության մասին կիրառական գիտելիքների առավել ամբողջական հավաքածու
է, հնդկական քաղաքական մշակույթի հանրագիտարան։ Տրակտատը դրույթներ է պարունակում բրահմանիզմի
կաստայական պատգամների, խիստ պատժամիջոցներով դհարմայի օրենքն ապահովելու, այլ կաստաների
նկատմամբ քրմության գերակայության, կրոնական պաշտամունքի իրագործման մենաշնորհի մասին։
Բրահմանիզմի կանխադրույթներին լրիվ համապատասխանությամբ իրագործվում են ժառանգական
ազնվականների իշխանության և քրմերին աշխարհիկ իշխանավորների ենթակայության գաղափարները։
«Թագավորը պետք է հետևի պալատական քուրմին,- ասված է տրակտատում,- ինչպես որ աշակերտն
է հետևում ուսուցչին, որդին՝ հորը, ծառան՝ տիրոջը»։
Սակայն օրենսդրական գործունեության մեջ գլխավոր դերն «Արտհաշաստրան»
տվել է թագավորին և խորհուրդ տվել արքաներին առաջին հերթին ղեկավարվել պետության ամրապնդման
շահերով և պետական օգուտի գաղափարներով ու եթե հանգամանքները պահանջում են, կանգ չառնել
կրոնական պարտքը անտեսելու առջև։ Հիմնական ուշադրությունը տրակտատում դարձվել է ոչ
թե թագավորական իշխանության կրոնական հիմնավորմանը, այլ պետության կառավարման գործնական
խորհուրդներին։
Հնդուական իրավունքի նորմերի ձևավորման գործընթացն արտացոլվում
է մի քանի հնդկական ժողովածուներում։
Սմրիթի (կտակ, այսինքն՝ ծեր
քուրմերի նվիրաբերած իմաստություն)՝ հնդուական գրականության հնագույն ստեղծագործություններ,
որոնց մի մասը կարելի է բնութագրել որպես իրավաբանական տեղեկատուներ։ Դրանց տարիքը
շատ դժվար է պարզել, քանի որ պատմական իրադարձությունների հստակ ժամանակագրական կարգը
չի համապատասխանում հնդուական դավանանքին, համաձայն որի՝ համաշխարհային գործընթացը
ոչ վերջ ունի, ոչ էլ սկիզբ։ Այդ իսկ պատճառով սմրիթները հավանաբար ստեղծվել են մ․թ․ա․ 800 և 300 թվականների միջև ընկած ժամանակահատվածում։ Դրանցից
ամենահինը բաղկացած է կախարդական և կրոնական այն ծեսերի մասին հակիրճ ասացվածքներից,
որոնք պետք է ուղեկից լինեն մարդու կյանքի ամենակարևոր իրադարձություններին։ Սմրիթների
միմյանցից կտրուկ տարբերվելը բացատրվում է նրանով, որ հակառակ օրթոդոքսալ տեսակետի՝
դրանք գրի են առնվել տարբեր ժամանակահատվածներում և տարբեր հեղինակների կողմից, որոնք
փորձել են հաշվի առնել հետագա ծեսերը։ Սմրիթները պարունակում են մի շարք դրական և բացասական
գործողություններ, ինչպես նաև՝ սոցիալական կյանքին վերաբերող արգելքներ։ Օրինակ, «ասա՛
ճշմարտությունը», «մի՛ ստիր», «ոչ ոքի մի՛ նեղացրու», «հետևի՛ր դհարմային»։ Սմրիթներում
արդեն ուրվագծվում են իրավունքի նորմերի սաղմերը, հիմնավորվում է դատարանների, դատավորների
որակավորման հիմնադրման անհրաժեշտությունը, պարունակվում են դատավարական նորմեր։
Դհարմասուտրաները իրավունքի հարցերով առաջին գրքերն են, որոնք
մանրամասն բացատրում են, թե ինչ վարքագիծ պետք է դրսևորեն տարբեր կաստաների անդամներն
աստվածների, թագավորի, քուրմերի, իրենց նախնիների, ազգականների, հարևանների և կենդանիների
հանդեպ։ Սակայն այս կանոնները հստակ բաժանում չեն կատարում կրոնի, բարոյականության
և իրավունքի պահանջների միջև։
Հիմնական դհարմասուտրաները բաղկացած են առանձին բանաստեղծություններով
մեջընդմիջվող արձակ սուտրաներից։ Սուտրա (բառացիորեն՝ «թել») նշանակում է առավել հակիրճ
նախադասություն, որը կարճ արտահայտություն է, կանոն, ձևակերպում, ինչպես նաև՝ նման
նախադասությունների հերթականությամբ կազմված տեքստ, որը պարզաբանում է իրերի էությունը
և նախատեսված է անգիր անելու համար և հաճախ անհասկանալի է, եթե չկա դրա մեկնաբանությունը։
Սուտրայի ժանրը ձևավորվել է հին վեդայական բրահմանական դպրոցներում՝ գուրու-ուսուցչից
աշակերտներին գիտելիքներ փոխանցելու և ուսուցանելու պրակտիկայում։ Հենց դրանով է բացատրվում
սուտրայի ձևը և ոճաբանությունը՝ հիշելու ենթակա կանոնների հակիրճ լինելը, ինչը, ամենայն
հավանականությամբ, փոխհատուցվում էր ուսուցչի բանավոր բացատրություններով։ Համապատասխան
ծիսական դպրոցներում ստեղծված լինելով՝ սուտրաների հեղինակությունը սովորաբար վերագրվում
էր դրանց լեգենդար հիմնադիրներին, որոնց թվում կան նաև հայտնի բրահմանական ցեղերի նախահայրեր,
օրինակ՝ Աշվալայանան, Բաուդհայանան, Ապաստամբան։ Ավելի ուշ ստեղծված դհարմասուտրաների
ոճը ձևականորեն նմանակվում է, դրանք արդեն պատկանում են գրավոր գրականությանը և ըստ
էության, մեկնաբանում չեն պահանջում։
Մեզ են հասել շատ քիչ քանակով դհարմասուտրաներ։ Դրանց մի մասը
պահպանվել է հազվագյուտ ձեռագրերի տեսքով, մյուս մասը վերականգնվել այն մեջբերումների
հիման վրա, որոնք ներկայացված են մեկնաբանական գրականության մեջ, մի քանիսը հրատարակված
են և միայն 4 կարևորագույն հնադարյան դհարմասուտրաները թարգմանվել են անգլերեն լեզվով․ դրանք Ապաստամբայի, Գաութամայի, Բաուդհայանայի և Վասիշտհիի
դհարմասուտրաներն են։
Դհարմաշաստրաները դհարմայի կանոնների
լայնածավալ ժողովածուներն են, որոնք կազմվել են հայտնի գիտնականների կողմից։ Դհարմաշաստրաները
իրավունքի ձևի զարգացման մեջ մի ինքնատիպ աստիճան են, երբ չգրված իրավական ավանդույթները
փոխարինվում են ոչ թե օրենքներով, այլ պետության կողմից արտոնված կրոնաիրավական կարգադրագրերով։
Նման կարգադրագրերն ուղղված էին ոչ թե մարդու իրավունքների ձևավորմանը, այլ նրա պարտավորությունը
մատնանշելուն և մարդուն դեպի պարտավորություններ պարունակող համապատասխան կանոնները,
այսինքն՝ սրուտիներն ուղղորդելուն։
Դհարմաշաստրաները կազմված են բացառապես բանաստեղծությունների
ձևով՝ անուշտուբհ չափով (ինչպես վիպերգական պոեմները)։ Դհարմաշաստրաներում բացակայում
է վեդայական դպրոցների հետ կապը, դպրոցների հիմնադիրների անունների փոխարեն դրանց վերնագրերում
հայտնվում են վեդայական և, հատկապես, էպիկական ավանդույթի պերսոնաժների անունները։
Այսպիսով, տեքստերն այս դեպքում նախատեսված են ոչ թե նեղ ու կոնկրետ դպրոցի շրջանակներով
սահմանափակված լսարանի, այլ շատ ավելի լայն զանգվածի համար։ Դհարմաշաստրաների ամենահայտնի
օրենքներից են Մանուի, Յաջնյավալկյայի, Նարադայի և այլ օրենքները։
Դհարմաշաստրաներում առաջին անգամ կարելի է գտնել կանոնների քիչ
թե շատ կարգավորված հանրագումարը, որոնք հնարավոր է իրավաբանական կանոններ անվանել։
Այդ ստեղծագործություններից հատկապես հայտնի են Մանուի դհարմաշաստրաները՝ մ․թ․ա․ երկրորդ դարից մեզ հասած կանոնների հավաքածուն, որոնք վերագրվում
են Մանու արքային։ Այդ օրենքներում հատուկ կարևորություն է տրվում բրահմանների ղեկավարող
կարգավիճակի հիմնավորմանը և նրանց բացառիկ իրավունքներին դհարմայի հաստատման, մեկնաբանության
և պաշտպանման հարցերում։ Համաձայն Մանուի օրենքների՝ բրահմանը ծնվում է դհարմայի գանձարանը
պահպանելու համար և որպես բոլոր էակների տիրակալ՝ գրավում է բարձրագույն տեղն աշխարհում։
Բրահմանն ամեն բանի սեփականատերն է։ Արքան, չնայած իր բարձր և աստվածային կարգավիճակին,
պարտավոր է պաշտել բրահմանին, հետևել վերջինիս խրատներին, պահպանել վարնաների համակարգը
և բոլոր նրանց, ովքեր պաշտում են իրենց ներհատուկ դհարման։
Առանձնանում են որոշակի թեմատիկային նվիրված դհարմաշաստրաներ,
օրինակ՝ «Նարադա-Սմրիթի»-ն ամբողջությամբ նվիրված է իրավունքի հարցերին։
Նարադա-սմրիթին դհարմային վերաբերող և որպես իրավական նորմերի
հավաքածու ծառայող դհարմաշաստրաներից մեկն է։ Այդ տեքստը զուտ իրավաբանական բնույթ
է կրում, քանի որ կենտրոնացած է բացառապես դատավարական իրավունքի և սեփականության իրավունքի
հարցերի վրա։ Էթիկական կարգադրագրերը Նարադա-սմրիթիում հետ են մղվում երկրորդ պլան,
ինչը տարբերում է այն մնացած դհարմաշաստրաներից։ Նեղ իրավական ուղղվածությունն այս
տեքստն արքաների և նրանց օգնականների միջավայրում դարձրել էր բարձր գնահատվող երևույթ,
քանզի վերջիններս տեսնում էին իրենց դհարման պետության արդար կառավարման մեջ։
Նարադա-սմրիթին բաղկացած է 3 ներածական բաժիններից՝ ըստ դատական
ընթացակարգերի հիմքերի և դատաժողովի (սաբհե)։ Դրանց հաջորդում են 18 գլուխները, որոնցից
յուրաքանչյուրը նվիրված է առանձին օրենքի (պարտավորություններին, գրավներին, վարկերին,
նվիրատվությանը, պայմանագրերին, աշխատավարձ չվճարելուն)։
Այսպիսով, դհարմաշաստրաները բավականին տարաբնույթ, նախ և առաջ
կրոնա-բարոյական տրակտատներ և իրավական կարգադրագրեր են, դասագրքեր, բայց միևնույն
ժամանակ, ժողովածուներ, որոնք գործնական նշանակություն ունեն և ներառում են գործող
սովորութային իրավունքի նորմեր։ Դհարմաշաստրաները վկայում են հին հնդկական հասարակության
մեջ իրավական կուլտուրայի բավականին բարձր մակարդակի մասին։ Հնդուական դասական իրավունքի
զարգացման բարձր աստիճանի վառ ցուցանիշն է դհարմաշաստրաներում ըստ իրենց բովանդակության
միանգամայն հասուն տրամաբանական իրավական սահմանումների առկայությունը։
Նիբանդհազաներ
Դհարմաշաստրաներից անբաժանելի է ժողովածուների մեկ այլ խումբ՝
նիբանդհազաները, որոնք, ասես, դհարմաշաստրաների մեկնաբանություններ են։ Նիբանդհազաների
նպատակը դհարմաշաստրաների ոչ պարզ իմաստը բացատրելն է, դրանք հասարակ մարդկանց համար
հասկանալի դարձնելը, տարբեր դհարմաշաստրաների միջև եղած ակնհայտ տարաձայնությունները
լուծելը։ Նիբանդհազաների որոշ մասն ընդգրկում է դհարմաների մի ամբողջ համալիր, իսկ
մյուս մասը դիտարկում է միայն մի որևէ ինստիտուտ։ Դրանց հեղինակները երբեմն հայտնի
են։ Նիբանդհազաների կազմման թվականներն ընկնում են 11-րդ դարի և 17-րդ դարի ավարտի
միջև։ Առավել նշանակալի նիբանդհազաներն են «Միտակշարան»՝ Յաջնյավալկյայի Օրենքների
մեկնաբանությունը և «Դայաբհատան» (12-րդ դար)։
Այս նիբանդհազաների ազդեցության տակ ձևավորվել են հնդուական
իրավունքի 2 հիմնական դպրոցները՝ Միտակշարան և Դայաբհատան։ Վերջիններս իրենց ենթադպրոցների
և ճյուղերի հետ իշխում են մահմեդական իրավական մազհաբաների նման՝ յուրաքանչյուրը հստակ
աշխարհագրական շրջանում, թեև անհատների անձնական կարգավիճակը հետևում է դրանց և կախված
չէ բնակության վայրից։ Դայաբհատա դպրոցը գերակայում է Բենգալիայում և Ասսամայում, իսկ
Միտակշարան՝ Հնդկաստանի և Պակիստանի այլ նահանգներում։
Հնդուական իրավունքի այս դպրոցները տարբերվում են հետևյալ 3
կարևորագույն հարցերին ոչ միատեսակ մոտեցմամբ՝
· Ժառանգական իրավունքին
· Միևնույն ընտանիքի առանձին
անդամների գույքի իրավական ռեժիմին
· Ընտանեկան գույքի բաժանմանը
Հնդուական իրավունքը մշտապես ճանաչել է, որ որոշակի տարածաշրջանում,
կաստայում, ցեղում կամ ընտանիքում կիրառվող ավանդույթները պետք է դիտարկվեն որպես իրավունքի
աղբյուր։
Եթե Հին Հռոմում հասուն իրավական կառուցվածքների ի հայտ գալը,
այսինքն՝ իրավունքի զարգացումն ուղեկցվում էր կրոնական ձևերից վերջիններիս ազատելով,
ապա Հին Հնդկաստանում իրավական ինստիտուտների և նորմերի ձևավորումը կատարվում էր կրոնի
միջոցով։
Անգլիական ընդհանուր
իրավունքի ազդեցությունը հնդուական իրավունքի վրա
13-րդ դարում Հնդկաստանի հյուսիսում հաստատվեց խոշոր մահմեդական
պետություն՝ Դելիի սուլթանությունը, և վերջնականորեն ձևավորվեց միջինասիական թուրքերից
բաղկացած մահմեդական զորապետերի տիրապետությունը։ Սուննիական ուղղվածության իսլամը
դարձավ պետական կրոն, իսկ պարսկերենը՝ պաշտոնական լեզու։ 16-րդից մինչև 18-րդ դարը
Դելիի սուլթանությունը փոխարինվեց Մեծ մոնղոլական կայսրությամբ։
Դելիի սուլթանության կառավարման տարիներին սկսվեց եվրոպացիների
Հնդկաստան ներթափանցումը։ 1498 թվականին Վասկո դա Գամայի ղեկավարությամբ պորտուգալացիներն
առաջին անգամ հասան Հնդկաստանի արևմտյան ափ։
Հետագա ռազմական արշավների արդյունքում պորտուգալացիները զավթեցին
Գոա կղզին, որն Արևելքում նրանց ունեցվածքի հենարանը դարձավ։ Ծովային առևտրի ոլորտում
պորտուգալացիների մենաշնորհը խզեց Հնդկաստանի կապերը Արևելքի երկրների հետ, մեկուսացրեց
երկրի հեռավոր շրջանները և դանդաղեցրեց նրանց զարգացումը։
Դելիի սուլթանության իշխանության հաստատմամբ, որտեղ իսլամը բռնությամբ
արմատավորվող կրոն էր, Հնդկաստանը ներքաշվեց մահմեդական աշխարհի մշակութային օղակի
մեջ։
Մահմեդական տիրակալությունը Հնդկաստանում արգելափակեց հնդուական
իրավունքի զարգացումը։ Սակայն հնդուական իրավունքը դուրս չմղվեց մահմեդական իրավունքով։
Մահմեդական իրավունքը հնդիկների նկատմամբ կիրառվում էր հիմնականում քրեական հանցագործությունների
ոլորտում։ Մասնավոր իրավունքի մեջ պահպանվեցին հնդուական ավանդական նորմերը։ Հնդուական
իրավունքը կիրառվում էր կաստաների պանչայաթների (ժողովների) կողմից, բայց չէր կարող
զարգանալ և ամրապնդել իր ազդեցությունը պետության դատական և վարչական մարմինների գործունեության
միջոցով։ Այսպիսով, այս իրավունքը մնաց կրոնի, պատշաճության և բարոյականության ոլորտում։
Միջնադարում հնդուական իրավունքն իրավաբանական իմաստով իրավունք
չդարձավ։ Այն ոչ պաշտոնապես գործող կրոնական, բարոյական և իրավական նորմերի ամբողջություն
էր։ Այն դեռ հիմնվում էր գիտնականների աշխատությունների, սմրիթիների, մեկնաբանությունների
և նրանց ժողովածուների վրա։ Բոլոր այդ աշխատությունները, ըստ էության, սովորութային
իրավունքի նկարագրություն էին։ Հնդկաստանի իրավաբան-քրմերը, անշուշտ, կարևոր դեր էին
խաղում իրավական ճանաչման արժանի ավանդույթների սահմանման գործում։
Հնդուական դասական իրավունքն էական փոփոխությունների ենթարկվեց
բրիտանական գաղութային զավթողականության ժամանակաշրջանում։ Անգլիական իրավունքի ազդեցությունը
շատ ավելի զգալի եղավ, քան մահմեդական իրավունքի ազդեցությունը։
Բրիտանական գաղութային տիրապետության ժամանակ հնդուական իրավունքը
մեծ փոփոխություններ կրեց։ Պաշտոնապես ճանաչվեց հնդուական իրավունքի հեղինակությունը
(ի տարբերություն իսլամական տիրապետության ժամանակաշրջանի, երբ հնդուական իրավունքն
անտեսվում էր), ինչպես նաև ընդունվեց հնդուական և մահմեդական իրավունքի հավասար նշանակությունը։
18-րդ դարից անգլիական դատավորները սկսեցին դատարաններում օգտագործել դհարմաշաստրաները՝
ընտանեկան իրավունքի, սեփականության իրավունքի, ժառանգական իրավունքի և կրոնական պրակտիկայի
հարցերով հնդիկների միջև վեճերը լուծելու համար։ 18-րդ դարի վերջում դատարանները սկսեցին
որպես օրենք օգտագործել սանսկրիտի տեքստերը։
Անգլիական իրավունքի տարածումը բերեց հնդուական իրավունքի զգալի
վերափոխմանը։ Նախ և առաջ սահմանափակվեց դրա կիրառման ոլորտը։ Սեփականության իրավունքի
և պարտավորությունների բնագավառում ավանդական նորմերը շատ արագ փոխարինվեցին ընդհանուր
իրավունքի նորմերով, որը տարածվում էր պետության տարածքում բնակվող բոլոր քաղաքացիների
վրա՝ անկախ նրանց կրոնական պատկանելությունից։ Անգլիական ազդեցությունը նկատվում է
նաև Հնդկաստանի դատավարական և առևտրային իրավունքի մեջ։ Սակայն ժառանգությանը, ամուսնությանը,
կաստաներին և այլ ավանդական ինստիտուտներին վերաբերող վեճերը դեռևս լուծվում էին հնդուական
իրավունքի նորմերի համաձայն։
Գաղութարարները փորձ ձեռնարկեցին նաև հաշվի առնելու Հնդկաստանի
ազգային առանձնահատկությունները և իրավունքը։ Հնդկաստանում արդարադատություն իրականացնող
և հնդուական իրավունքը վատ իմացող բրիտանական դատավորներին կցվում էին հնդիկ մասնագետներ՝
պանդիտներ, որոնք նրանց տեղեկատվություն էին հաղորդում այս կամ այն հարցի վերաբերյալ՝
նախապես երդվելով, որ կմեկնաբանեն կիրառվող օրենքները շաստրաներին համապատասխան։ Նման
պրակտիկան գոյատևեց մինչև 1864 թվականը։ Այդ ժամանակ անգլիական դատարաններն արդեն փորձ
էին ձեռք բերել, կուտակվել էին բազմաթիվ դատական նախադեպեր, անգլերեն էր թարգմանվել
դհարմաշաստրաների մեծ մասը։ Սակայն անգլիական ընդհանուր իրավունքին բնորոշ նախադեպի
կանոնը հեռու էր հնդուական իրավունքի ավանդույթներից, որը դատական որոշումը բոլորովին
պարտադիր չի համարում։ Հնդկաստանում նախադեպային իրավունքը բարդ փոխազդեցության մեջ
մտավ հնդուական և մահմեդական իրավունքի հետ։
Անգլիացիների գաղութային տիրապետության տարիներին հնդուական
իրավունքի բազմաթիվ ինստիտուտներ և նորմեր ձևափոխությունների ենթարկվեցին և նույնիսկ
փոխարինվեցին նոր որոշումներով։ Ձևավորվեց անգլոհնդկական իրավունքի նման մի բան։
Չնայած անգլիական իրավունքի ազդեցությանը՝ հնդուական իրավունքը
լիովին դուրս չմղվեց, և դրա առանձին ավանդական նորմերը և ինստիտուտները շարունակում
էին գործել։ Առաջին հերթին դա վերաբերում է անձնական կարգավիճակի կանոնակարգմանը, որն
ընդգրկում է հարաբերությունների հետևյալ ոլորտները․ ամուսնական և արտամուսնական երեխաներ, անչափահասներ և խնամակալություն,
ամուսնություն և ամուսնալուծություն, ընտանեկան գույքի բաժանում, ժառանգություն, կրոնական
նվիրատվություններ, դամբուպատ (զուտ հնդուական իրավական նորմ, որն ուղղված է պարտապանների
պաշտպանությանը), բենամի (գործարքներ, որոնցում մի անձը գույք է գնում կամ փոխանցում
մյուս անձի՝ բենամիդարի անունից, որն ընդամենը սեփականատիրոջ լիազորված անձ է ու եկամուտ
կամ հասույթ է ստանում նման գործունեության
արդյունքներից), անբաժանելի գույք։
Հնում ձևավորված լինելով՝ հնդուական իրավունքը, թեև սահմանափակ
շրջանակներում, բայց պահպանել է իր կարգավորող նշանակությունն առ այսօր և հիմա էլ հանդես
է գալիս որպես հնդկական հասարակության իրավական համակարգի կարևորագույն բաղադրատարրերից
մեկը։ Հնդուական իրավունքի երկարակեցության հիմնական պատճառը թաքնված է դրա սերտ կապի
մեջ հնդուական ավանդական սոցիալական ինստիտուտների հետ (առաջին հերթին՝ համայնքային
և վարնա-կաստայական կառուցվածքների հետ), որոնք չափազանց կայուն են և ունակ ադապտացվելու
ամենատարբեր սոցիալ-տնտեսական և քաղաքական պայմաններին։
Անգլիական գաղութային տիրապետության ժամանակաշրջանում նախադրյալներ
ստեղծվեցին «տարածքային», այսինքն՝ համաքաղաքացիական իրավունքի առաջացման համար, որը
տարածվում էր ինչպես հնդիկների, այնպես էլ քրիստոնյաների, հրեաների և այլ կրոնական
համայնքների ներկայացուցիչների վրա։ 1833 թվականին գեներալ-նահանգապետի օրոք ստեղծված
խորհուրդը կուտակված նորմատիվ-իրավական նյութերի կոդիֆիկացման փորձեր ձեռնարկեց։ Այս
խորհուրդը մշակեց կոդիֆիկացիայի հետևյալ հայեցակարգը․
·Մահմեդական իրավունքի
կոդիֆիկացիա
· Հնդուական իրավունքի
կոդիֆիկացիա
·Տարածքային իրավունքի
կոդիֆիկացիա՝ այն դեպքերի համար, երբ կիրառելի չէ ո՛չ հնդուական, ո՛չ էլ մահմեդական
իրավունքը
Սակայն նման կոդիֆիկացիայի սկզբունքը հավանություն չգտավ ընդհանուր
իրավունքի իրավաբանների շրջանում։
Հնդուական իրավունքի լուրջ փոխակերպումները սկսվեցին 1850 թվականից,
երբ ընդունվեց կաստայական սահմանափակումները վերացնելու մասին օրենքը, որով չեղյալ
հայտարարվեցին կաստայական պատկանելության կորստով ուղեկցվող ժառանգական իրավունքների
կորստի մասին հնդուական օրենքի դրույթները։ Բրիտանական իշխանությունների կողմից կատարված
հնդուական իրավունքի փոխակերպումները հիմնականում վերաբերում էին ամուսնության, սեփականության
և ժառանգության հարցերին։
19-րդ դարում մի շարք օրենսգրքեր և օրենքներ ընդունվեցին, որոնցից
մի քանիսը պահպանել են իրենց գործողությունն առ այսօր։ Օրինակ՝ 1860 թվականի քրեական
օրենսգիրքը, 1898 թվականի քրեական դատավարության օրենսգիրքը (փոխարինվել է 1973 թվականի
քրեական դատավարության օրենսգրքով), քաղաքացիական դատավարության օրենսգիրքը (փոխարինվել
է 1908 թվականի օրենսգրքով)։
Այդ օրենսգրքերն ու օրենքները ստեղծված են հիմնականում ըստ անգլոամերիկյան
օրինակի, այսինքն՝ չէին ճանաչում իրավունքի բաժանումը մասնավորի և հանրայինի։ Սակայն
Հնդկաստանի իրավունքի համակարգը չընդունեց իրավունքի բաժանումն ընդհանուր իրավունքի
և արդարության իրավունքի։ Չեն համընկնում նաև իրավունքի մի շարք ինստիտուտների հասկացությունները՝
չնայած անվանումների նմանությանը։ Այդ բնագավառներում, օրինակ՝ քաղաքացիական իրավախախտումների
ոլորտում, դատական որոշումների միջոցով ներդրվել է հենց անգլիական իրավունքը։
Տարաբնույթ ավանդույթների հետևանքով, որոնք փոփոխվում էին վայրից,
ժամանակից ու կաստայից կախված, կիրառվող իրավունքը ենթարկվեց ձևափոխումների։ Անկախություն
ձեռք բերելուց հետո հնդուական իրավունքն, ի տարբերություն մահմեդականի, նոր ու էական
փոփոխությունների ենթարկվեց, որոնք վերաբերում էին թե՛ իրավունքի սկզբունքներին և աղբյուրներին,
թե՛ բազմաթիվ ինստիտուտներին և նորմերին։ Փոփոխությունների հիմնական գործիք դարձավ
օրենքը։ Դեռ անկախության համար պայքարի ընթացքում քննարկվում էր հնդուական իրավունքի
լիակատար կոդիֆիկացիայի ծրագիրը, և անկախությունը հռչակելուց հետո՝ 1947 թվականին Հնդկաստանի
կառավարությունը խորհրդարանի քննարկմանը ներկայացրեց հնդուական օրենսգրքի նախագիծը։
Չնայած, որ այդ նախագիծը տապալվեց պահպանողական ուժերի կողմից, դրա փոխարեն
1953-1956 թվականներին ընդունված ընտանեկան և ժառանգական իրավունքին վերաբերող 4 օրենքները,
ըստ էության, նշանակում էին հնդուական իրավունքի կոդիֆիկացիա՝ դրա ժամանակակից տարբերակով։
Ներկայում հնդուական իրավունքն անմիջականորեն կիրառվում է հետևյալ
հարցերի քննության ժամանակ․ անձնական կարգավիճակի
կանոնակարգում՝ ներառյալ ամուսնությունը և ամուսնալուծությունը, անչափահասությունը
և խնամակալությունը, ազգակցությունը, որդեգրումը, ընտանեկան սեփականությունը, ալիմենտային
պարտավորությունները, ժառանգումը, կրոնական ինստիտուտները, համատեղ սեփականությունը,
պայմանագրային իրավունքի տարրերը, կաստայական իրավունքը և վտարումը։ Հնդուական գաղափարները
պահպանվել են պետական հողատիրության հայեցակարգում։
Մուսուլմանական իրավունքը, ինչպես և հնդուական իրավունքը, հանդես
է գալիս որպես երկրում երկրորդ խոշորագույն կրոնական համայնք հանդիսացող մուսուլմանական
համայնքի անդամների անձնական իրավունք։ Ի տարբերություն Արաբական արևելքի երկրների,
որտեղ պետության ազդեցության ներքո մահմեդական իրավունքն էապես ձևափոխված է, Հնդկաստանում
շարունակում է կիրառվել ղուրանի, սուննայի, իջմայի և կիյասի վրա հիմնված ավանդական
մահմեդական իրավունքը։
Ի տարբերություն հնդուական իրավունքի՝ հնդկական իրավունքն ազգային
իրավունք է, նորմերի միասնություն, որոնք գործում են ամբողջ պետության տարածքում։ Հնդկական
իրավունքի նորմերը պարտադիր են Հնդկաստանում բնակվող քաղաքացիների համար՝ անկախ նրանց
ազգությունից և դավանանքից։ Հնդկական իրավունքը ձևավորվել է այն ժամանակաշրջանում,
երբ երկիրը գտնվում էր Անգլիայի կառավարման ներքո։ Անգլիական իրավունքի ազդեցության
ներքո ձևավորվել են իրավաբանական տերմինաբանությունը և կոնցեպտուալ ապարատը։ Սակայն
հնդուական իրավունքն ամբողջությամբ դուրս չի մղվել, դրա ավանդական նորմերը և ինստիտուտները
շարունակում են գործել հատկապես ներընտանեկան, ժառանգական և կաստայական հարաբերությունների
ոլորտներում։
Նյութի աղբյուրը՝ Վահե Գևորգյան- «Համեմատական իրավագիտություն»
Comments
Post a Comment