Skip to main content

2018-2022 թվականներին հայ-թուրքական կարգավորման գործընթացի նոր փուլ

 

ՀՀ-ում տեղի ունեցած իշխանափոխությունն ու Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորումն «առանց նախապայմանների»

2018 թվականին Հայաստանում տեղի ունեցած իրադարձությունների արդյունքում իշխանության եկած Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը հայ-թուրքական հարաբերությունների մասին խոսելիս տևական ժամանակ կրկնում էին, որ Հայաստանը պատրաստ է Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման՝ առանց նախապայմանների։ 2018 թվականին հաջորդած 2-2,5 տարիների ընթացքում առնվազն հանրայնացված չկար հայ-թուրքական գործընթաց ու շփումներ։ Ըստ Ձեզ՝ մինչ պատերազմն արվո՞ւմ էին քայլեր Թուրքիայի նկատմամբ նոր իշխանությունների քաղաքականության մշակման ուղղությամբ, տեսանելի՞ էր որևէ ձեռագիր, մոտեցում, և ինչպիսի՞ն էր Թուրքիայի արձագանքը Հայաստանում տեղի ունեցած իրադարձություններին ու իշխանափոխությանը։

Հաշվի առնելով Թուրքիայի բավական լուրջ փորձը պետականության, պետական համակարգի, ինստիտուտների կայացվածության հարցում՝ ես կարծում եմ, որ այնտեղ շատ արագ հասկացան, որ իրավիճակն էապես անլրջանում է։ Հետևաբար, հասկացան նաև, թե այդ անլրջությունից ինչ հնարավոր դիվիդենտ կարելի է քաղել, և շատ արագ այս հունի մեջ մտան։ Փորձեմ ավելի պարզ բացատրել երբ դու դառնում ես աշխարհի համար անհասկանալի, իսկ Հայաստանի նոր իշխանությունը շատ մեծ արագությամբ գնում էր աշխարհի համար անհասկանալի դառնալու ճանապարհով, երբ մի հայտարարությունդ մյուսի հետ չի փոխկապակցվում և, առավել ևս, հակասում է մեկը մյուսին, ապա քեզ ոչ բարեկամ երկրները (նույնիսկ թշնամի բառը չեմ օգտագործում) փորձում են դրանից առավելագույնս օգտվել։ Թե Ադրբեջանը դրանից ինչքան ու ինչպես օգտվեց, դա մի հարց է, բայց պարզ է, որ Թուրքիան էլ բացառություն չէր։

Հետևաբար, եթե մենք շատ ուշադիր հետևենք 2018 թվականից հետո տեղի ունեցող տրանսֆորմացիաներին, ապա կտեսնենք, թե Թուրքիան ինչ արագությամբ է սկսում մոտենալ արցախյան հիմնախնդրի կարգավորման գործընթացի այս կամ այն բաղկացուցչին կամ նույնիսկ տարածաշրջանային խնդիրներին, հայ-ադրբեջանական տարաբնույթ հարցերին, ինչպես է փոխվում հռետորաբանությունը, ի լուր աշխարհի հայտարարություններն այն մասին, որ Ադրբեջանի կողքին են և արդեն ոչ միայն քաղաքական պայքարում, այլև շատ հստակ նշելով, որ անվտանգային, ռազմական և այլ հարցերում Ադրբեջանի թիկունքին են, նրա հետ են։ Այս տարիներին Թուրքիան, առանց Հայաստանի կողմից որևէ խոչընդոտի հանդիպելու, օգտվելով քաոսից, անոմալ վիճակից, անլրջությունից, գնում է իր ազդեցությունն ու ներգրավումը մեծացնելու ճանապարհով՝ բավական լայն քայլերով։

Այս նույն ընթացքում մենք գործ ունենք Հայաստանի իշխանությունների կողմից զրոյական զգոնության հետ։ Անգամ հայտնի քաղաքական գործող անձանցից մեկը, որը հետագայում դիվանագիտական ծառայության անցավ, հայտարարություն էր անում, որ բացառում է Թուրքիայի որևէ ներգրավվածություն կամ մասնակցություն հնարավոր ռազմական գործողությունների պարագայում։ Արդյունքում ունեցանք զգոնության լիակատար տապալում և դիմացի կողմից լայն քայլեր այն ուղղությամբ, որից մեկ անգամ չէ, որ հետ էր շպրտվել և որևէ արդյունք չէր արձանագրել մինչ այդ։

Քաղաքականությունը երբեք չի սահմանափակվում որևէ բան հայտարարելով։ Այն բավական լուրջ աշխատանք է՝ համապատասխան գործիքակազմի կիրառմամբ։ Ու այն, որ դու հայտարարում ես, որ պատրաստ ես հարաբերություններ հաստատել առանց նախապայմանների, արդյո՞ք այդքանով ավարտվում է քո առաքելությունը։ Կամ արդյո՞ք ավելին չունես կամ չունեիր անելու, երբ տեսնում էիր դիմացի կողմի քայլերը, դրանց ինտենսիվությունը և զարգացումը։ Սրանք կարևոր հարցեր են, որոնք, ի վերջո, հանգեցրին բավական ծանր իրավիճակի։

Թուրքիայի բացահայտ աջակցությունն Ադրբեջանին 44-օրյա պատերազմի ընթացքում

44-օրյա պատերազմի ընթացքում Թուրքիան Ադրբեջանին աջակցող բացահայտ դիրքորոշում որդեգրեց, օգնեց թե՛ ռազմական տեխնիկայի ու մասնագետների, թե՛ ահաբեկիչներ ներգրավելու միջոցով և թե՛ տեղեկատվական քարոզչական ճակատում։ Թուրքիայի մասնակցության մասին էին վկայում միջազգային լրատվամիջոցները, այս մասին խոսում էին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունը ներկայացնող երկրների բարձրաստիճան պաշտոնյաները։ Իրականում, Թուրքիան Ադրբեջանին նախկինում ևս սատարել էր, բայց ոչ այն ծավալով ու այնպես բացահայտ, ինչպես արվեց 2020 թվականին։ Ինչո՞ւ 2020 թվականին Թուրքիան կարողացավ նման կեցվածք որդեգրել և ինչպե՞ս Թուրքիային հաջողվեց «մարսեցնել» դա։

Ինչո՞ւ իրեն հաջողվեց մի քանի անգամ ավելի, քան մինչ այդ․․․ Առաջին, ի հաշիվ նրա, որ ՀՀ իշխանություններն արտաքին քաղաքական բոլոր ուղղություններով, բոլոր գործընկերների հետ հարաբերություններում բավական լուրջ անկում էին արձանագրել։ Եվ դրանից հմտորեն օգտվեց Թուրքիան։ Եթե ինքը պիտի ունենար զսպող գործոններ, իր իսկ դաշնակիցներ ԱՄՆ-ից, ԵՄ-ից և այլն, ապա դրանք չկային, քանի որ Հայաստանի հարաբերություններն այդ ուղղություններով այն վիճակի չէին, որ անմիջապես ապահովվեր զսպող արձագանք։

Երկրորդ կարևոր ու զսպող գործոնը ՌԴ-ն էր՝ ի հաշիվ տարածաշրջանային մրցակցության, շահերի որոշակի բախումների։ Սակայն այստեղ էլ հարաբերությունները հասցված էին այն վիճակի, որ Թուրքիան քայլն անում էր, բայց դրա հակադրումը չէր ստանում ոչ ուղղակի, ոչ անուղղակի (Հայաստանի միջոցով)։ Ստացվում է, որ արտաքին ողջ կոնյուկտուրան փշրելու արդյունքում ստացվել է այնպես, որ Թուրքիան իրեն շատ ավելի վստահ է զգում, շարժման և ընթացքի էապես ավելի մեծ հնարավորություն ունի, քան երբևէ։ Եվ կրկնեմ, որ ինքն այս իրավիճակից օգտվում է առավելագույնս։

Բայց անգամ հաշվի առնելով ողջ վերոնշյալը՝ շարունակում է անհասկանալի մնալ այն, որ Թուրքիայի կողմից բոլոր «կարմիր գծերը» հատելուց հետո էլ Հայաստանի իշխանությունները որևէ ադեկվատ կեցվածք չորդեգրեցին։ Բերեմ օրինակ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 3 մշտական անդամները, նույն իրենք՝ ղարաբաղյան կարգավորման գործընթացի միջնորդ հանդիսացող ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ 3 երկրները 44-օրյա պատերազմի ընթացքում հերթով արձանագրեցին և ի լուր աշխարհի հայտարարեցին, որ Թուրքիան ահաբեկիչներ է տեղափոխում տարածաշրջան։ Հարց է առաջանում՝ այստեղ որպես պետություն անելիք չունեի՞նք։ Վերոնշյալ ֆիքսված ու արձանագրված փաստի հիման վրա քայլերի, գործողությունների դաշտ չունեի՞նք։ Բայց, ինչպես գիտենք, ոչ մի հրապարակային, հանրայնացված քայլ չի արվել, անգամ ամենապարզը՝ հակաահաբեկչական կոալիցիա ստեղծելու կամ ահաբեկչության դեմ պայքարի գործիքակազմ ամրագրելու խնդրով դիմում չի եղել միջազգային գործընկերներին, որոնք իրենք էին ֆիքսել փաստը։ Նույն կերպ անգամ որևէ տեսանելի փորձ չի արվել Թուրքիային պատասխանատվության ենթարկելու հարցով։ Հիմա եկեք նայենք հարցին Թուրքիայի տեսանկյունից ստեղծվել է իրավիճակ, երբ իրականացրած բոլոր քայլերդ ու գործողություններդ մնում են անպատասխան, անպատիժ, երբ «կարմիր գծերն» անցնում ես, դրան էլ արձագանք չի լինում, հետևաբար, արդեն պարզ է դառնում, որ ինչքան հնարավոր է «առաջ» գնալ, պիտի գնաս։

Ի դեպ, Ադրբեջանին ուղղված Թուրքիայի աջակցությունը քաղաքական ու դիվանագիտական ասպարեզում, բոլոր միջազգային կառույցներում շարունակվեց նաև պատերազմի ավարտից հետո, որի վառ օրինակը Շուշիի հռչակագիրն էր։ Գրեթե ամենօրյա կտրվածքով փոխադարձ եղբայրության խոստումներ են հնչում, որոնց մեծ մասում ուղիղ տեքստերը կամ ենթատեքստերն ուղղված են «ընդհանուր հակառակորդին» կամ թիրախին՝ Հայաստանին, Արցախին և առհասարակ հայությանը։ Եվ այս ամենի դիմաց կա՞ համարժեք աշխատանք Հայաստանի կողմից։

Թուրքական ագրեսիան ու հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման նոր փուլի մեկնարկը

Ստեղծված իրավիճակում Հայաստանի իշխանությունների կողմից ոչ միայն քայլեր չեն իրականացվում Թուրքիային պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ (այդ թվում, օրինակ՝ 2020 թվականից ձևավորված հակաթուրքական դաշինքի հետ համագործակցելու), այլև առաջ է բերվում հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման օրակարգ․․․

-Այո՛, այս ամենին զուգահեռ տեղի է ունենում հայ-թուրքական գործընթաց՝ նշանակված ներկայացուցիչներով։

Ընդհանրապես չկենտրոնանալով անձերի վրա՝ փորձենք անդրադառնալ մի շատ կարևոր հանգամանքի։ Թուրքիան գործընթացի ներկայացուցիչ է նշանակել տարիների փորձ ունեցող, պրոֆեսիոնալ, սակայն պաշտոնաթող դիվանագետի, իսկ Հայաստանը, լինելով խորհրդարանական երկիր՝ խորհրդարանի փոխխոսնակին։ Սա արդեն խոսում է գործընթացում համաչափության բացակայության մասին, ընդ որում՝ համաչափության՝ երկու ուղղությամբ։ Առաջին, Թուրքիայի կողմից նշանակված ներկայացուցիչը բավական երկար ճանապարհ անցած պրոֆեսիոնալ դիվանագետ է, իսկ հայկական կողմը ներկայացնում է պետական համակարգի հետ մինչև 2018 թվականը գրեթե առնչություն չունեցած, նման աշխատանքի փորձ չունեցող մարդ։ Իսկ երկրորդ կարևոր բաղկացուցիչն այն է, որ թուրքական կողմը հատուկ բանագնաց նշանակեց նոր աշխատանքի հրավիրված թոշակառուի, այն պարագայում, երբ Հայաստանը, որը խորհրդարանական պետություն է, ներկայացվեց խորհրդարանի փոխխոսնակի մակարդակով։ Այսինքն՝ երկու բանագնացների կարգավիճակի հետ կապված բալանսները խախտված էին ի սկզբանե։ Իսկ գործընթացի մեկնարկը սկսվում է հենց նշանակումից, որտեղ խնդիրներն ակնառու էին։

Եվ փորձենք համեմատել իրավիճակը 2008-2018 թվականների գործընթացի հետ, երբ որոշ մարդիկ բացահայտ իրենց դժգոհությունն ու անհամաձայնությունն էին արտահայտում։ Արդեն նշել եմ, որ ինքս համաձայն չէի իրենց հետ, բայց անգամ այդ դեպքում մեծագույն հարգանք ունեի իրենց տեսակետի, որոշման և կամքի հանդեպ։ Հիմա ակամայից հարց է առաջանում իսկ ո՞ր են այդ մարդիկ հիմա։ Ցավոք, անցնող 4 տարվա ընթացքում մենք այն աստիճան հետընթաց ապրեցինք, որ մեր սեփական պետությունն ու պետությունները, մեր դավանած արժեքները, դրանց պաշտպանելն ու հետամուտ լինելը դադարել են հանրության որոշ հատվածի մոտ խորքային ու կենսական կարևորության իրողություններ համարվել։

Դրա համար գուցե հասկանալի պատճառներ կան՝ պատերազմ, զոհեր, պարտվածի հոգեվիճակ, պատերազմից հետո ամենօրյա կտրվածքով սեփական իշխանությունների կողմից հանրության ահաբեկում, որ նոր պատերազմ կլինի։ Այս ամենը գուցե թողե՞լ են իրենց ազդեցությունը։

Վստահաբար թողել են։ Երբ խոսում էինք «ֆուտբոլային դիվանագիտության» ժամանակաշրջանի մասին, մի քանի անգամ նշեցինք թեմայի զգայական լինելը։ Իսկ չե՞ք կարծում, որ անաչառ չափորոշիչների պարագայում հիմա պետք է շատ ավելի զգայական լինեինք։ Հաշվի առնելով հենց այն հանգամանքը, որ երբ նախկինում խոսում էինք ցեղասպանության ճանաչման կարևորության մասին՝ հիմքում ունենալով, առաջին հերթին, անվտանգության խնդիրը, ապա ներկա իրողությունների պայմաններում դա շատ ավելի է սրվել։ Թուրքիան ինքն ապացուցեց, որ ոչինչ չի փոխվել, և որ, այո՛, Թուրքիայից եկող սպառնալիքները շատ իրական են։

Թուրքիան դա ապացուցեց և՛ պատերազմի ընթացքում Ադրբեջանին մատուցած իր օժանդակությամբ, և՛ արդեն պատերազմից հետո Շուշիի դեկլարացիայի ստորագրմամբ և վավերացմամբ։

Եվ դա հերթական անգամ ապացուցում է, որ Թուրքիայի մոտեցումներում, ձեռագրում, գործիքակազմում ոչինչ չի փոխվել։ Հետևաբար, եթե մեր հանրության մեջ կային ինչ-որ խմբեր, որոնք մտածում էին ցեղասպանության խնդրի վաղեմության մասին՝ կարծելով, թե Թուրքիան բավարար քաղաքակիրթ է դարձել ու այլևս անվտանգային խնդիրներ չկան, ապա այս ամենն իրենց համար մտորելու առիթ է, իսկ ավելի կոնկրետ՝ ճիշտ հակառակի վառ ապացույց։ Անշուշտ, տրամաբանական կլիներ, որ այս իրողություններն ավելի սրեին գոյության, ինքնապաշտպանության բնազդները։ Բայց, ցավոք, իրական պատկերը տրամաբանությունից հեռու է։

Չե՞ք կարծում, որ մեր հանրության մոտ որոշ բնազդներ ճնշվել են լուրջ հոգեբանական ազդեցության ներքո, այդ թվում՝ 2018 թվականից սկսած զանգվածաբար կիրառվող «նախկինների» գործոնի միջոցով։

Իսկ ինչո՞ւ 2018 թվականից սկսած։ Հանրությանն այս վիճակին հասցնելու ուղղությամբ հետևողական աշխատանք է տարվել շատ ավելի վաղուց՝ նորագույն տեխնոլոգիաների լիարժեք ու լիակատար կիրառմամբ։ Այն, բնավ, չի սկսվել 2018 թվականին պարզապես 2018 թվականին կոնկրետ մարդիկ կամ մարդկանց խումբ արդեն իշխանություն ունեցավ։ Բացի այդ, աշխատանքները տարվել են շատ վաղուց, երբ այսօրվա իշխանականները դեռ ընդդիմություն էին։ Նման աշխատանքի ակներև օրինակներն էին նույն «օդից կախված լուրերը»։ Ոչ մի նշանակություն չուներ, որ հենց այդ իրենց նշած «օդից կախված լուրերի» չնչին տոկոսը կարող էր հաստատվել։

Գուցե չէր հաստատվում, բայց հանրային ընկալման մեջ դրոշմը թողնում էր։

Շատ հետևողական ու լավ գծված սցենարով սեփական հանրության թունավորում ու պառակտում էր տեղի ունենում։ Ավելի գլոբալ եթե ասենք, ապա երկրի արտաքին հարաբերությունների ավանդական ուղղությունների քայքայում ու թունավորում էր տեղի ունենում թե՛ երկկողմ, թե՛ բազմակողմ ձևաչափերում։ Չբացառենք նաև Սփյուռքին։ Այդ ընթացքում փորձ էր արվում Սփյուռքին ներառել՝ օգտագործելով էմոցիանոլ ֆոնը։ Սա, իրապես, հետևողական թունավորում էր, որի գործիքակազմում մշտապես առկա էին սուտը և մանիպուլյացիաները։

Ու այսօր, երբ ամեն ինչ, կարծես թե ակներև է, շատերը հարցնում են՝ ինչպե՞ս ժողովուրդը չի ըմբոստանում, ինչո՞ւ իր ձայնը չի բարձրացնում։ Իսկ պատասխանը շատ պարզ է գործ ունենք տասնամյակից ավել հետևողական կերպով իրականացվող աշխատանքի հետևանքի հետ, ու տարբեր իրադարձություններն ու փորձը ցույց են տալիս, որ այդ հետևանքը մաքրելը հեշտ չի, սթափեցնելը՝ ևս։ Հետևաբար, դրված խնդիրների մեծ մասը՝ որպես քանդվող, պառակտող, կործանող, պարտությունների մղող, շատ լուրջ քաղաքական օրակարգի հիմք է։ Ինչքան էլ ցավալի է ասել, բայց իրականացնողները «հաջողել» են և շարունակում են «հաջողել»։

Վերադառնալով Թուրքիայի նկատմամբ Նիկոլ Փաշինյանի իշխանության կողմից իրականացվող քաղաքականությանը՝ Ձեր կարծիքով ի՞նչ խնդիրներ են հետապնդում այսօրվա իշխանությունները Թուրքիայի հետ բանակցություններում, ի՞նչ են անում։

Եկեք հակառակ կողմից գանք։ Ներկա հայ-թուրքական կարգավորման գործընթացում՝ որպես պետություն, ի՞նչ ենք դրել Թուրքիայի առաջ։ Որտե՞ղ ենք տեսել հետևողական աշխատանք միջազգային կառույցներում պատերազմից առաջ, պատերազմի ժամանակ և պատերազմից հետո՝ Թուրքիայի՝ այս պատերազմում հանցավոր ներգրավվածության, ահաբեկչության հովանավորության և այլնի հետ կապված։

Փաստորեն, ամեն բան մոռացության մատնվեց, կարծես հենց այդպես էլ պիտի լիներ։ Հարաբերությունների կարգավորումն ինքնին վատ բան չէ, բայց երբ հարաբերությունները կարգավորում ենք այս ամենը անտեսելով, մենք նպաստում ենք, որ աշխարհը սա նորմա՞լ ընկալի։ Մենք հասկանո՞ւմ ենք, թե ինչ մակարդակի վրա ենք իջեցնում մեր անվտանգության հարցը։ Ստացվում է, որ եթե կա անպատժելիություն (ոչ թե 100-ամյակ առաջ գործած, այլ բոլորովին վերջերս իրականացրած հանցագործության համար), որը հնարավոր է նման կերպ փաթեթավորել ու ընկալելի դարձնել, ապա հաջորդ փուլում, հակազդեցության բացակայության պայմաններում՝ ի՞նչը պիտի այդ երկրին հետ պահի ավելի ծանր գործողություններից։

Շատ հասկանալի է շրջանառվող թեզը՝ խաղաղություն, բարիդրացիական հարաբերությունների ձգտում, ապագայի տեսլական։ Առաջին հայացքից ոչ մի սխալ բան չկա։ Սակայն այս ամենում առկա բովանդակությունը և գործողությունները ոչնչացնում են մեզ՝ որպես երկիր, որպես պետություն, ազգություն և հանրություն։ Ու այդ թեզին դեմ արտահայտվողը դառնում է խաղաղության ու համերաշխության դեմ խոսող։

Իսկ ո՞վ ասաց, որ պետք չի ապագային նայել, որ պետք չի փորձել բնականոն հարաբերություններ ձևավորել։ Բայց այս ամենի ճանապարհը ո՞րն է։ Արդյո՞ք այդ ճանապարհը Թուրքիային ասելն է «ինչ արել ես, լավ ես արել, ինչ անում ես, լավ ես անում, ինչ որ կուզես՝ հետո արա»։ Սա՞ է արդյոք ճանապարհն ու ընկալումը։

Պիտի սովորենք, պիտի կարողանանք ընդունել ու աշխատել զուգահեռ ճշմարտությունների հետ։ Ես բազմիցս առիթ եմ ունեցել թուրքական կողմի կոլեգաների հետ շփվելու, թուրքական քաղհասարակության ներկայացուցիչների հետ ծրագրեր իրականացնելու։ Չունեմ շփումների, խնդիրների բարձրաձայնման, իրենց լսելու հետ կապված բարդույթներ։ Բայց արդյո՞ք հարաբերությունների պատկերացումը «դուք գրես, ես կստորագրեմ» բանաձևն է։

Թուրքիայի հետ հաշտեցման գործընթաց տնտեսական օգո՞ւտ, թե՞ անվտանգային մարտահրավերներ

Փաշինյանի իշխանությունը որպես հայ-թուրքական կարգավորման և սահմանների բացման կարևոր արդյունք հանրությանը ներկայացնում է խորը տնտեսական համագործակցության հնարավորությունն ու սպասվող տնտեսական օգուտները։ Համադրելի՞ է այս հնարավոր օգուտը տեսանելի ռիսկերի ու մարտահրավերների հետ։

-Այո՛, Թուրքիան մեծ տնտեսություն ունեցող երկիր է՝ համագործակցության լուրջ հեռանկարներով (դրա լավագույն ցուցիչներից են Եվրոպայի հետ Թուրքիայի տնտեսական առնչությունները, հատկապես՝ էներգետիկ համագործակցության ոլորտում)։ Բայց հայ-թուրքական հնարավոր տնտեսական փոխգործակցության հետ կապված կա կոնցեպտուալ խնդիր՝ իր մի քանի բաղկացուցիչով։ Նախ, եթե խոսում ենք բնականոն ընթացքի մասին, որտեղ կա իրական երկխոսություն՝ առանց որևէ նախապայմանի, ապա տնտեսական համագործակցության ու տնտեսական շահի բաղադրիչը շատ նորմալ ու շատ ընկալելի է։ Ավելին, այն իր հերթին կնպաստի այդ երկխոսության առաջմղմանը, հանրությունների ու պետությունների միջև վստահության ամրապնդմանը։ Բայց այս «բնականոն գործընթաց» ասվածը մեր մասին չէ։ Ընթացող հայ-թուրքական գործընթացի պարագայում մենք ունենք Թուրքիայի կողմից շարունակվող նախապայմանների խնդիրը, որն ուղղակի սպառնալիք է դառնում արդեն մեր պետության գոյության համար՝ հաշվի առնելով թուրք-ադրբեջանական միացյալ օրակարգը։ Հետևաբար, այստեղ անվտանգային լրջագույն խնդիր կա, իսկ անվտանգային խնդիրը կշեռքի նժարին դնել տնտեսական երևակայական օգուտի հետ, իհարկե, որևէ կերպ բնական չէ։ Տրամաբանությունն այս մասով բեկվում է։

Երկրորդ, կա՞ իրական հաշվարկ այդ օգուտ ասվածի, թե սա սովորական պոպուլիզմ է։ Ես կարծում եմ, որ առավելապես վերջինն է։

Երրորդ, հաշվարկվա՞ծ են սպասվող տնտեսական համագործակցության հնարավոր ռիսկերն ու մարտահրավերները, արդյոք կա՞ դրանց դիմագրելու գործիքակազմն ու կամքը և արդյո՞ք մենք կարող ենք դրա հետ կապված լավատես լինել։ Այստեղ կա հայեցակարգային լուրջ խնդիր և մենք գործ ունենք ոչ թե իրական սպասվող դիվիդենտների հետ՝ հաշվարկված և կիրառման գործիքակազմն ունեցող, այլ գործ ունենք պարզագույն պոպուլիզմի հետ՝ նպատակ հետապնդող ինչ-ինչ տնտեսական արդյունքներ խոստանալով՝ շեղել սեփական հանրության ուշադրությունն իրական վտանգներից։

Ի՞նչ օրակարգով է ընթանում առկա հայ-թուրքական գործընթացը

Այսօրվա հայ-թուրքական գործընթացից մեզ քիչ բան է հայտնի։ 2023 թվականի հունվարի դրությամբ Հայաստանի և Թուրքիայի նշանակած հատուկ ներկայացուցիչները 4 հանդիպում են անցկացրել՝ համապատասխանաբար՝ 2022 թվականի հունվարի 14-ին, փետրվարի 24-ին, մայիսի 3-ին և հուլիսի 1-ին։ Վերջին հանդիպման արդյունքներով պայմանավորվածություն են ձեռք բերել հնարավոր ամենասեղմ ժամկետներում ապահովել Հայաստան-Թուրքիա ցամաքային սահմանը հատելու հնարավորություն համապատասխանաբար Հայաստան և Թուրքիա այցելող երրորդ երկրների քաղաքացիների համար և որոշել են սկսել այդ ուղղությամբ անհրաժեշտ գործընթացները։ Նույն հանդիպման ընթացքում կողմերի միջև պայմանավորվածություն է ձեռք բերվել նաև հնարավոր ամենասեղմ ժամկետներում սկսել Հայաստան-Թուրքիա ուղիղ օդային բեռնափոխադրումների իրականացումը և այդ ուղղությամբ անհրաժեշտ գործընթացները։ Որքանո՞վ են այս պայմանավորվածություններն իրապես ուղղված հարաբերությունների կարգավորմանը, թուրքական նախապայմաններն առկա՞ են և ի՞նչ ռիսկեր է մեզ համար պարունակում այս գործընթացը։

Նախապայմաններն, իհարկե, կան։ Դրանք, հաշվի առնելով վերջին տարիների իրադարձությունները, որոշակիորեն փոփոխվել, տրանսֆորմացվել են։ Նախապայմաններից այն, որը վերաբերել է արցախյան հիմնախնդրին և նրա կարգավորման գործընթացին, այսօր Թուրքիան միացրել է Ադրբեջանի քաղաքական գծին, համաձայն որի ղարաբաղյան հակամարտության էջը շրջված է, ավարտված է և այլևս չկա, Ադրբեջանը վերականգնել է իր տարածքային ամբողջականությունն, ու առհասարակ չկա Ղարաբաղի խնդիր ու Լեռնային Ղարաբաղ, և որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիրը պիտի կնքվի Ադրբեջանի պահանջների հիման վրա։

Ցեղասպանության հարցի հետ կապված նախապայմանն առկա է, շարունակում է կարևոր տեղ զբաղեցնել, բայց բարդ է այսօր Հայաստանի իշխանությունների կողմից այս հարցի, դրա բարձրաձայնման կամ շոշափման հետ կապված հետևողական գիծ տեսնել։

Ինչ վերաբերում է Թուրքիայի տարածքային ամբողջականության ճանաչման հարցին, ապա սա ևս շարունակում է օրակարգային մնալ։ Կհիշեք՝ վերջին շրջանում թուրքական կողմը հանրային քննարման դաշտ նետեց սահմանի դեմարկացիայի հարց, որը կարճ ժամանակ անց հետ քաշեցին։ Իհարկե, սա չի նշանակում, որ այս հարցը միանշանակ հանված է։ Զուգահեռաբար մենք տեսնում էինք գործընթացներ, որոնք առնվազն հուշում էին, որ բացառված չէ, որ առնչություն ունեն հայ-թուրքական կարգավորման հետ, օրինակ՝ Սահմանադրության փոփոխության նախաձեռնությունները և սրա ներքո հնարավոր քայլերն ու գործողություններն ուղղված Սահմանադրության նախաբանին, որտեղ հղում է արվում Անկախության հռչակագրին (ՀՀ Անկախության հռչակագրի և հատկապես 11-րդ կետի մասին մի անգամ չէ, որ Թուրքիան առիթ է ունեցել խոսելու և բարձրաձայնելու)։ Իհարկե, Սահմանդրության փոփոխության հայտարարված նպատակների մեջ սա չկա, բայց, հաշվի առնելով առկա միտումները, առնվազն չենք կարող բացառել։

Թուրքիայի կողմից ներկայացվող նախապայմանները 2020 թվականի արցախյան պատերազմից հետո համալրվեցին, ստացան նաև իրավական ձևակերպում։ Նախ, ամրագրենք, որ «խաղաղություն Ադրբեջանի պայմաններով» ձևակերպմամբ, որն ասվում է գրեթե ամենօրյա կտրվածքով, Թուրքիան իրեն դարձրել է նաև արցախյան կոնֆլիկտի կողմ։ Խոսելով նախապայմանների մասին՝ չենք կարող չնշել «Զանգեզուրի միջանցքի» մասին, որի հետ կապված Թուրքիան մի կողմից ցույց է տալիս իր աջակցությունն Ադրբեջանին, մյուս կողմից՝ ինքն էլ բավական շահագրգիռ է դրա իրականացման հարցում։ Պատահական չէ, որ այս նախապայմանը տեղ գտավ 2021 թվականի Թուրքիայի և Ադրբեջանի միջև ստորագրված Շուշիի հռչակագրում, որն էլ կարճ ժամանակ անց վավերացվեց երկու երկրներում էլ՝ դառնալով ազգային օրենսդրության մաս։ Եվ «Զանգեզուրի միջանցքի» պահանջը հիշյալ հռչակագրում առկա միակ հակահայկական կետը չէր։

Սրան զուգահեռ, կան այն գործընթացները, որոնք Դուք հիշատակեցիք՝ երրորդ երկրների քաղաքացիների համար սահմանի հատման խնդիր, օդային բեռնափոխադրումներ։ Այսրոպեական արդյունքներ հնարավոր է արձանագրվեն, և մենք տեսնենք գնացող-եկող երրորդ երկրի քաղաքացիներին կամ բեռնափոխադրումները, բայց արդյո՞ք սա փոխում է Թուրքիայի թիրախը, նպատակն ու նպատակադրումները, և արդյո՞ք մենք որևէ կերպ գործ ունենք անկեղծ, իրական, երկարաժամկետ հեռանկարին ուղղված կառուցողական հարաբերությունների, կայուն խաղաղության, տարածաշրջանի զարգացման տեսլականի հետ։ Ես այստեղ լուրջ կասկածներ ունեմ։

-Ի՞նչ, կամ, ավելի ճիշտ, ո՞ւմ օրակարգով է ընթանում այսօր առկա գործընթացը։

-Այսօր գործընթացն ընթանում է թուրք-ադրբեջանական օրակարգով։ Թուրքիան բազմիցս հայտարարվել է, որ իրենք սինքրոնացնում են գործողություններն Ադրբեջանի հետ։ Ամենաբարձր մակարդակով ԱԳ նախարարի մակարդակով, նախագահի աշխատակազմի տարբեր պաշտոնյաների մակարդակով Հայաստանի հետ կապված տարբեր իրավիճակների մասին խոսում են պարտադրանքի լեզվով, օրինակ՝ «Հայաստանն այսինչ բանը պետք է անի» ոճով և նման բառամթերքի կիրառմամբ։

Ի՞նչ տարբերություն Թուրքիայի նկատմամբ Լևոն Տեր-Պետրոսյանի վարած քաղաքականության և Նիկոլ Փաշինյանի որդեգրած մոտեցումների միջև

Երբ խոսում էինք Թուրքիայի նկատմամբ Լևոն Տեր-Պետրոսյանի իշխանության վարած քաղաքականության և հարաբերությունները կարգավորելու ձգտման մասին՝ այն հիմնավորում էիք օբյակտիվ հանգամանքներով և, նախ և առաջ, անվտանգային երաշխիքների բացակայությամբ։ 30 տարի անց Նիկոլ Փաշինյանը նորից որդեգրել է ամեն գնով Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորելու քաղաքականությունը, զուգահեռաբար՝ հարցականի տակ է դրվում անվտանգության երաշխիքների առկայությունը։ Ինչո՞ւ էր այս մոտեցումը հասկանալի ու ընդունելի նախկինում, և ինչո՞ւ է ռիսկային, վտանգավոր ու մեր շահերին չհամապատասխանող՝ այսօր։

Սկսենք ամենակարևորից և ևս մեկ անգամ ամրագրենք՝ իհարկե, ամեն ինչ պետք է արվի հարաբերությունները կարգավորելու համար։ Աննորմալ է հարաբերությունների այս վիճակը։ Իրավիճակը բնական կլինի և կապահովվի տարածաշրջանի կայուն, երկարաժամկետ զարգացումն ու խաղաղությունը կարգավորված հարաբերությունների պարագայում։ Սա թեզ է, որը չպիտի դրվի հարցականի տակ։ Բայց կա շատ կարևոր հանգամանք, որ արտահայտվեց նաև Ձեր հարցադրման մեջ՝ ամեն գնով հարաբերությունները կարգավորելու քաղաքականությունը։ Այստեղ խնդիրը հենց այդ «ամեն գնով» ասվածի մեջ է։ Եվ երբ այսօր վարվող քաղաքականությունը համադրում ենք առաջին նախագահի պաշտոնավարման ընթացքում իրականացվող քաղաքականության հետ, չենք կարող չնկատել մի շատ էական տարբերություն այն ժամանակ «ամեն գնով» հարաբերությունների կարգավորում չկար։ Առաջին նախագահն իր իշխանության տարիներին որևէ կերպ չէր առաջնորդվում թուրքական նախապայմանների բավարարմամբ։ Բավական է հաշվի առնել արցախյան հարցում Հայաստանի իշխանությունների որդեգրած դիրքորոշումը, այն, որ Հայաստանն այդ տարիներին Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում բնակվող մեր հայրենակիցների, մեր քույրերի ու եղբայրների թիկունքին էր՝ հնարավորությունների սահմաններում առավելագույնն անելով։ Հետևաբար, համադրել և խոսել այդ մասին՝ որպես «ամեն գնով» իրականացվող քաղաքականություն, ես կարծում եմ կոռեկտ չէ։

Հնարավոր չէ «ամեն գնով» իրականացվող քաղաքականության ներքո ունենալ բնականոն հարաբերություններ։ «Ամեն գնով»-ը նշանակում է, որ դու պատրաստ ես զիջել ու զիջում ես ամեն ինչ, չկան քեզ համար «կարմիր գծեր»։ Առկա գործընթացի համեմատությունն առաջին նախագահի պաշտոնավարման ժամանակահատվածի հետ օբյեկտիվ չէ նաև վերջին պատերազմի ընթացքում և դրանից հետո Թուրքիայի որդեգրած ակնհայտ թշնամական կեցվածքի պատճառով։ Չպիտի մոռանանք, որ տարբեր դրսևորումներով այս թշնամական կեցվածքը շարունակվեց նաև պատերազմից հետո։ Հիշենք, թեկուզ 2022 թվականի ապրիլի 24-ին Թուրքիայի ԱԳ նախարարի հայտնի ժեստը՝ խորհրդանշող «Գորշ գայլեր» կազմակերպությանը, որն արվեց՝ ողջունելով Ուրուգվայում հայոց ցեղասպանության տարելիցին նվիրված ակցիայի հայազգի մասնակիցներին։ Այս օրինակները երկար կարող ենք շարունակել։

Անդրադառնալով անվտանգության երաշխիքների խնդրին՝ նշեմ, որ այո՛, Հայաստանի նորանկախ շրջանում նման երաշխիքներ չկային, իսկ այսօր էլ հարցականի տակ են դրվում։ Այստեղից տրամաբանական հարց է առաջանում՝ իսկ այդ հարցականի տակ դնելու մեջ հարցեր չկա՞ն, որքանո՞վ է այդ հարցականն օբյեկտիվ, ի՞նչ դեր ունեն դրանում Հայաստանի այսօրվա իշխանությունները։ Այսօր փաստացիորեն մենք Ռուսաստանի հետ ունենք դաշնակցային հարաբերություններ թղթի վրա, բայց իրական քաղաքականության մեջ չունենք։ Ինչո՞ւ, ինչքանո՞վ է սա վերականգնելի․․․ Սրանք իրականում շատ կարևոր հարցեր են, որոնց խորքային մոտենալու պարագայում կհասկանանք, որ պայմանական է անգամ այն, որ անվտանգային իրավիճակը կարելի է որևէ կերպ համեմատել առաջին նախագահի պաշտոնավարման ընթացքում եղած իրավիճակի հետ։

Ի դեպ, մենք խոսեցինք արդեն, որ առաջին նախագահի պաշտոնավարման ընթացքում Թուրքիայի հետ «ամեն գնով» հաշտեցում չէր իրականացվում՝ հաշվի առնելով թեկուզ Արցախի հարցում Հայաստանի այն ժամանակվա իշխանությունների մոտեցումները։ Իսկ ի՞նչ ունենք նույն հարցի առնչությամբ այսօր։ Այսօր արդեն բառացի է հայտարարվում, որ հրաժարվում են Արցախի անվտանգության երաշխավորը լինելուց, այդ թվում՝ թուրքական պահանջների ներքո։ Եվ այդ հրաժարումով անվտանգության երաշխավորի պարտավորությունն ու պատասխանատվությունը դրվում է ռուսական կողմի վրա, այն նույն ռուսական կողմի, որի հետ ՀՀ ռազմավարական դաշնակցությունն այսօր հարցականի տակ է դրվում։ Արդյո՞ք սա որևէ տրամաբանական վերլուծության ենթակա է։

Եվ այնուամենայնիվ, չնայած հայ-թուրքական կարգավորման գործընթացի հետ կապված Փաշինյանի իշխանությանն ուղղված բազմաթիվ քննադատություններին, ստիպված ենք ընդունել նաև, որ հենց այս շրջանում ականատես եղանք իսկապես պատմական նշանակության իրադարձությունների, օրինակ՝ Ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացի հետ կապված։ Հիշենք՝ 2019 թվականի հոկտեմբերին ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձևի ընդունումը, ապա նմանատիպ բանաձևի ընդունումն ԱՄՆ Սենատում 2019 թվականի դեկտեմբերին, և 2021 թվականի ապրիլի 24-ին ԱՄՆ նորընտիր նախագահ Ջո Բայդենի ամենամյա ուղերձում «Հայոց ցեղասպանություն» եզրույթի կիրառումը։ Ինչպե՞ս կմեկնաբանեք։

Առաջին հերթին, եկեք չմոռանանք այն ահռելի աշխատանքը, որ տասնամյակներ շարունակ հետևողական կերպով իրականացրել են ԱՄՆ-ում ապրող մեր հայրենակիցները, Սփյուռքի կառույցները։ Եվ այս ամենում փորձել անտեսել այդ աշխատանքը, առնվազն չի կարելի և օբյեկտիվ չէ։ Հետևաբար, Ձեր կողմից նշված իրադարձությունները, իմ խորին համոզմամբ, այդ հետևողական աշխատանքի հանգրվան-արդյունք էին, որտեղ շատ բարդ է գտնել Հայաստանի գործող իշխանությունների դերակատարումը։

Բայց սա միակ ուշագրավ հանգամանքը չէ։ Հայոց ցեղասպանության հարցում նման քաղաքականության իրականացմամբ ԱՄՆ իշխանություններն, իրականում «հետաքրքիր» ձևով բազմաքայլ կոմբինացիա արեցին։ Ադրբեջանի սանձազերծած պատերազմը, հայկական կողմի կորուստները, ստեղծված ողբերգական վիճակը, այդ ամենում Թուրքիայի ունեցած դերակատարումը, ԱՄՆ կեցվածքը, որն, ըստ էության, «թույլ տվեց», կոշտ չարձագանքեց ու պատասխանատվության խնդիրներ առաջ չքաշեց ագրեսորի համար․․․ Այս ամենը հաշվի առնելով՝ ԱՄՆ-ն, ցեղասպանության ճանաչման մասին հայտարարություններով, փորձեց հավասարակշռել իրավիճակը, բալանսավորել մեր ազգային, էմոցիոնալ խնդիրների հաշվին՝ ցույց տալով դեպի հայ ժողովուրդ իրենց վերաբերմունքը զգացական դաշտում և բացառապես զգացական դաշտում։

Հիշենք ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի ապրիլքսանչորսյան ելույթը, որի ընթացքում կիրառեց «Ցեղասպանություն» եզրույթը, հիշենք նաև դրան հաջորդած զարգացումները՝ ամերիկյան բազմաքայլ կոմբինացիան լիարժեք հասկանալու համար։ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը նախագահ Բայդենի հայտարարությունից օրեր անց՝ ապրիլի 28-ին, մեկնաբանեց վերջինիս խոսքերը՝նշելով, որ «հիշատակի օրվա ուղերձի նպատակը զոհերին հարգանքի տուրք մատուցելն է, ոչ թե մեղադրանք առաջադրելը»։ Ավելի ուշ թեմային անդրադարձավ նաև ՀՀ-ում ԱՄՆ դեսպանը՝ նշելով, որ ցեղասպանության ճանաչումը չպետք է իրավական հետևանքներ առաջացնի, քանի որ հայերի կոտորածը տեղի է ունեցել նախքան ՄԱԿ-ի կողմից ցեղասպանության մասին կոնվենցիայի ընդունումը։ Այսինքն՝ ԱՄՆ քայլերն հայոց ցեղասպանության ճանաչման ուղղությամբ բացառապես էմոցիոնալ, բարոյական հարթության մեջ էին՝ որևէ կերպ չնախատեսելով իրավական հետևանքներ։

Այստեղից էլ հարց է առաջանում՝ ավելի լա՞վ էր «Մեծ եղեռն» եզրույթի կիրառումը՝ չփակելով իրավական հարթության մեջ առկա հնարավորությունների պատուհանը, թե՞ «ցեղասպանություն» եզրույթի կիրառումը՝ հետևից փակելով գործընթացի հաջորդ փուլերին հետամուտ լինելու հնարավորությունը։

Իսկ եթե նորից փորձենք անդրադառնալ այս ամենում Հայաստանի գործող իշխանությունների դերին, ապա ստիպված ենք արձանագրել, որ նրանք այնքանով կապ ունեին, որ այդ իրադարձությունները տեղի էին ունեցել իրենց պաշտոնավարման ընթացքում և ոչ ավելին։ Միաժամանակ, իշխանությունների վարած քաղաքականությունն այնքան հատում ուներ ամերիկյան քաղաքական գծի հետ, որ Բայդենի վարչակազմն այլ քայլով նաև իր օժանդակությունն էր մատուցում Հայաստանի իշխանություններին՝ 2021 թվականի հունիսին սպասվող արտահերթ խորհրդարանական ընտրությունների նախաշեմին, քանի որ այդ ամենը ներկայացվում էր՝ որպես այս իշխանության ձեռքբերում։

Ի՞նչ ակնկալել առկա հայ-թուրքական գործընթացից։

Երբ խոսում ենք հայ-թուրքական գործընթացից ունեցած ակնկալիքի մասին, պետք է հստակ տարանջատենք գլոբալ ակնկալիքն այն ակնկալիքից, որ ունենք այս իշխանություններից։ Այսօր որդեգրված «ամեն գնով հարաբերությունների կարգավորում» բանաձևը վերջնական ու ամբողջական կործանման ամենակարճ ճանապարհն է։ Հետևաբար, առկա գործընթացից դրական որևէ ակնկալիք չկա, մարտահրավերները գնալով աճում են։

Նյութի աղբյուրը՝ Կարեն Բեքարյան- «Խոշորացույց մենք և հարևանները»

Comments

Popular posts from this blog

Հիրոյոշի Սեգավա- «Հայերի մոռացված ցեղասպանությունը»

Աիչի Սանգյո համալսարանի նախկին դասախոս, ճապոնացի միջազգայնագետ-իրավաբան Հիրոյոշի Սեգավայի աշխատությունը, որը 2005թ. թարգմանվել է նաև հայերեն՝  https://drive.google.com/drive/u/2/folders/1YCq7J1K8B5fjhdDvPAsBtwPONL5lQj6O

Թուրքիան 1993 թվականին

  1993 թ . ապրիլի 20- ին նախագահ Օզալի հուղարկավորության արարողությանը մասնակցելու նպատակով Անկարայում գտնվող հայկական պատվիրակությանը ` նախագահ Տեր - Պետրոսյանին , արտգործնախարար Փափազյանին և նախագահի խորհրդական Լիպարիտյանին , ընդունում է վարչապետ Դեմիրելը : Շատ բովանդակային և հետաքրքիր զրույց էր , պատմում են Փափազյանն ու Լիպարիտյանը : « Դեմիրելը գզրոցից մի քարտեզ հանեց և թուրքերենով ասաց ` սա Հայաստանն է , հայկական հող է , հարց չունենք ` մեր հարևանն է , սա Ղարաբաղն է , հայկական հող չէ , բայց այնտեղ հայեր են ապրում , մտահոգություններ ունեք , վերցրեցիք Ղարաբաղը , դա էլ հասկացանք , սա Լաչինն է , սա ձեր հողը չէ , ոչ էլ հայեր էին ապրում , վերցրեցիք , ասացիք անվտանգության համար է , դա էլ հասկացանք : Քելբաջարի հետ ի՞նչ գործ ունեք : Քելբաջարը որ գրավեցինք , այդ մարդիկ ( թուրքերը ) ասացին , չէ ’, մեր եղբայրներին ծեծում եք» ,- հիշում է Լիպարիտյանը : Այսպես , հայ - թուրքական հարաբերությունների կարգավորումը Ան

Պետության և իրավունքի տեսություն

  Պետության և իրավունքի տեսության հասկացությունը, առարկան և մեթոդաբանությունը Պետության և իրավունքի տեսությունը հանդիսանում է առաջնային, կարևորագույն իրավաբանական գիտություն: Գիտությունը հանդիսանում է ինտելեկտուալ գործունեություն: Պետության և իրավունքի տեսությունը ուսումնասիրում է հասրակական կյանքի պետաիրավական ոլորտը: 1.Պետության և իրավունքի տեսությունը հանդիսանում է համատեսական գիտություն, որովհետև ունի ուսումնասիրության լայն ընդարձակ ոլորտ՝ հասարակական կյանքի պետաիրավական ոլորտն ամբողջությամբ: 2.Պետության և իրավունքի տեսությունը հանդիսանում է փիլիսոփայական գիտություն, որովհետև ուսումնասիրում է պետության և իրավունքի, պետաիրավակաբ այլ երևույթների խորքային բնույթը: Պետության և իրավունքի տեսությունը հանդիսանում է նաև փիլիսոփայական գիտություն, որովհետև ուսումնասիրում է պետությունը և իրավունքը որպես համընդհանուր ունիվերսալ երևույթներ: 3.Պետության և իրավունքի տեսությունը հանդիսանում է ֆունդամենտալ գիտություն, որովհետև մշակում է պետաիրավական ոլորտի առաջնային ընդհանուր և կարևորագույն