27 հոկտեմբերի, 2017 թիվ, Բելգրադ
Գրքի բելգրադյան
տոնավաճառ էր այցելել Չեռնոգորիայի և Պրիմորիեի միտրոպոլիտ Ամֆիլոխիե Ռադովիչը, ում
հետ առաջին անգամ հանդիպել եմ նրա ավանդական նստավայրում՝ Ցետինյեի վանական համալիրում
1996 թվականի հուլիսի 19-ին։ Միտրոպոլիտն իսկույն հիշեց ինձ և ուրախությամբ մտաբերեց
մեր հանդիպումը։
-Բավականին
ժամանակ է անցել մեր առաջին հանդիպումից, թեև մենք տարբեր առիթներով էլի ենք հանդիպել,-
նշում է նա։
-Ես ևս
սիրով եմ հիշում իմ այցը Ցետինյե,- շարունակում եմ նրա խոսքը,- հուսամ կրկին հանդիպելու
նոր առիթներ կլինեն։ Ինձ նվիրված Ձեր խոսքը հրաշալի մի բանաստեղծություն է, որը թարգմանաբար
լույս է տեսել հայերեն։
-Ես դա
որպես սրտի խոսք եմ գրել,- ժպտալով պատասխանում է միտրոպոլիտը։
-Այո,
բայց հրաշալի բանաստեղծություն է ծնունդ առել,- միջամտում եմ։
-Ի դեպ,
ես բանաստեղծական մի քանի ժողովածու ունեմ,- ասում է նա։
-Գիտեմ,
դրանցից մեկը ես ունեմ,- պատասխանում եմ,- հաճույքով եմ կարդացել։ Գիտեմ նաև, որ սերբ
շատ հոգևորականներ բանաստեղծություններ են գրել, իսկ Պետար Պետրովիչ Նեգոշը, որ Չեռնոգորիայի
քահանայապետն էր, հրաշալի բանաստեղծ էր, որի «Դարից թանկ գիշերը» բանաստեղծությունը
վերջերս եմ թարգմանել հայերեն։
-Իրո՞ք․․․ բայց դա շատ դժվար է թարգմանել։ Հրաշալի՜ է․․․, -ոգեշնչված ասում է միտրոպոլիտը։ Մեծանուն պոետի եք թարգմանել։
Այդ ստեղծագործությունը ուրիշ լեզուներով ևս թարգմանվել է, բայց բոլորը չէ, որ հաջողված
են։ Մեծ հերոսություն է թարգմանել այդ բանաստեղծությունը։
-Գիտեմ, որ հեշտ չէ,- ասում եմ հոգևորականին։ Նման ստեղծագործություններ
թարգմանելու համար նախ մեծ համարձակություն է հարկավոր ունենալ և, անշուշտ, գրական,
պատմական, արվեստաբանական գիտելիքների հարուստ պաշար։ Պրոֆեսոր Միլո Լոմպարի հետ մենք
շատ ենք խոսել այդ ստեղծագործության մասին, և նա տեղյակ է, որ թարգմանել եմ, խնդրել
է, որ հայերեն թարգմանությունս բառացի թարգմանեմ սերբերեն, որպեսզի իրեն պարզ դառնա,
թե որքանո՞վ է թարգմանությունը համահունչ բնագրին և որքանո՞վ են պահպանվել Նեգոշի բանաստեղծական
պատկերները։ Լսելուց հետո նա իր հիացմունքն է արտահայտել։
-Դե, պրոֆեսոր Լոմպարը Նեգոշի գրական ժառանգության հրաշալի գիտակ
է,- ավելացնում է միտրոպոլիտը։ Երբ լույս տեսնի թարգմանությունը, մեզ տեղեկացրեք և
ուղարկեք։
-Թարգմանությունից զատ նաև ուղեկցող խոսք եմ գրելու, որպեսզի
ընթերցողն ավելի խորությամբ հասկանա բանաստեղծության խորհուրդը, քանի որ նրանում շատ
են փոխաբերական պատկերները։
-Գիտեմ, որ գրականությունից զատ նաև հյուպատոսական առաքելություն
եք իրականացնում,- ավելացնում է միտրոպոլիտը։ Մեր շատ մտավորականներ, գրողներ, արվեստագետներ
դիվանագիտական առաքելություն են իրականացրել, եղել են դեսպաններ ու հյուպատոսներ։ Վստահ
եմ, որ քաջատեղյակ եք։
-Անշուշտ, կարդացել եմ նաև նրանց հուշագրությունները,- ասում
եմ միտրոպոլիտին։ Գիտեմ, որ քահանայապետ Նեգոշը ևս դիվանագետ էր և կապեր էր հաստատում
ժամանակի անվանի ու ազդեցիկ մարդկանց հետ։ Քաջատեղյակ եմ Նեգոշի հոգևոր ու գրական գործունեությանը։
-Ի դեպ, Սուրբ Էջմիածնի ճեմարանում Պրեդրագ Միյանովիչ անունով
սերբ մի երիտասարդ է սովորում,- տեղեկացնում է միտրոպոլիտը։
-Անձամբ ճանաչում եմ,- շարունակում եմ նրա խոսքը։ Երկու տարի
առաջ նա եկավ ինձ մոտ հյուպատոսություն, ներկայացավ, խոսեց իր ծրագրերի մասին։ Ես նրան
սիրով ընդունեցի և ասացի, որ հաճախ այցելի հյուպատոսություն, մասնակցի մեր միջոցառումներին։
Արդեն հասցրել է հայերեն խոսել, իհարկե, դեռ ոչ հստակ, բայց կան հաջողություններ։ Հուսամ,
որ առաջիկայում նա ավելի կատարյալ կդարձնի հայերենի իր իմացությունը։
-Օգնե՛ք նրան ինչով կարող եք,- ասում է միտրոպոլիտը,- շնորհալի
երիտասարդ է։
-Մենք հաճախ ենք հանդիպում,- պատասխանում եմ,- նա սիրով է արձագանքում
իմ հրավերներին։ Այնպես որ, ես նրան աչքաթող չեմ անում, սատարում եմ իմ հնարավորությունների
սահմաններում։ Ի դեպ, չմոռանամ ասել, 2016 թվականին հանդիպել եմ Սերբիայի պատրիարք
Նորին Սրբություն Իրինեյի հետ, տեղեկացրել նրան, որ Հայաստանում Սերբիայի Հանրապետության
հյուպատոսությունը ծրագրում է սերբերենով հրատարակել Հայ առաքելական եկեղեցու, իսկ
հայերենով՝ սերբական ուղղափառ եկեղեցու մասին գրքեր։ Նա խանդավառությամբ է ընդունել
մեր նախաձեռնությունը։
-Բացառիկ և հսկայական աշխատանք եք կատարում,- ասում է միտրոպոլիտը,-
դա ակադեմիական մի ամբողջ հաստատության գործ է։
-Ես ամեն բան անում եմ անսահման ու անմնացորդ նվիրումով, որովհետև
ցանկանում եմ արժեքավոր ինչ-որ բան թողնել պատմության համար,- առաջ եմ տանում զրույցը։
-Հուսամ, որ առաջիկայում կհանդիպենք, երբ լույս տեսնի Ձեր նոր
գիրքը,- ասում է միտրոպոլիտը։
Միտրոպոլիտ Ամֆիլոխիեն կրկին հրավիրեց ինձ այցելել Ցետինյե,
իր ավանդական նստավայրը։ Սիրով ընդունեցի նրա առաջարկը՝ վստահ լինելով, որ ամեն հանդիպում
մի նոր գործի լավ սկիզբ կարող է լինել։
Նյութի աղբյուրը՝ Բաբկեն Սիմոնյան-«Հյուպատոսական գրառումներ»
Comments
Post a Comment