Հանդիպում Սերբիայի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր, «Դվերի» կուսակցության անդամ Զորան Ռադոյիչիչի հետ
25 հոկտեմբերի, 2017 թիվ, Բելգրադ
Այսօր
հանդիպում է նախատեսված Սերբիայի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր, «Դվերի»
կուսակցության անդամ Զորան Ռադոյիչիչի հետ։ Ուղիղ 1 ամիս առաջ պաշտոնական այցով նա
գտնվում էր Երևանում, և, օգտվելով առիթից, այցելեց նաև Սերբիայի Հանրապետության հյուպատոսություն,
ուր հաճելի զրույց ունեցանք Հայաստան-Սերբիա երկկողմանի հարաբերությունների շուրջ։
Ժամը
13։00-ին նշանակված է հանդիպումը։ Ազգային ժողովի կենտրոնական մուտքի մոտ ինձ դիմավորում
է Ռադոյիչիչը։
-Պարոն
հյուպատոս, ուրախ եմ Ձեզ տեսնել Ազգային ժողովում, հուսամ, որ նախկինում եղել եք այստեղ,-
ասում է պատգամավորը։
-Երկու
անգամ եղել եմ,- պատասխանում եմ,- բայց շենքն ամբողջությամբ չեմ տեսել։
-Ուրեմն
մի փոքր շրջայց կկատարենք շենքում, կծանոթանաք նիստերի երկու դահլիճներին, կտեսնեք
հարուստ գրադարանը, ուր հաճախ են այցելում մեր պատգամավորները,-առաջարկում է Ռադոյիչիչը։
Պատգամավորը
հրավիրում է Ազգային ժողովի աշխատակցին, որպեսզի նա ներկայացնի շենքի կառուցման պատմությունը,
խոսի սրահների ու նրանց նշանակության մասին։ Սրահների պահարաններում ցուցադրված են
տարբեր երկրների խորհրդարանների նախագահներից ստացված հուշանվերները՝ արձանիկներ, սափորներ,
գավաթներ, կիրառական արվեստի հիանալի նմուշներ։
-Ի դեպ,
Հայաստանի Ազգային ժողովի նախագահից ևս հրաշալի մի հուշանվեր կա,- տեղեկացնում է բացատրողը,-
թանկարժեք քարերով արծաթե սափոր է։
Տաք զգացողություն
պարուրեց ինձ։ Հայ արծաթագործության այդ հրաշալի նմուշը տեղ է գտել Սերբիայի Ազգային
ժողովի սրահներից մեկում․․․
Զորան Ռադոյիչիչն առաջարկում է ճաշել միասին և խոսել այսօրվա
ցավոտ ու լուծում պահանջող ազգային հարցերի շուրջ։ Անշուշտ, նորից ու նորից անդրադառնում
ենք Արցախին և Կոսովոյին։
-Ի դեպ, պարոն հյուպատոս, ես հասցրել եմ ծանոթանալ օրեր առաջ
լույս տեսած Ձեր «Մի պտղունց սերբական հող» գրքին, որը լույս է ընծայել բելգրադյան
«Catena mundi» հրատարակչությունը, որի տնօրենը ևս «Դվերի» կուսակցությունից է,- տեղեկացնում
է զրուցակիցս։ Հասցրել եմ կարդալ Ձեր գիրքը և չեմ կարող չարտահայտել հիացմունքս, թե
որքան սեր ու համակրանք կա Ձեզանում մեր երկրի հանդեպ։ Գրքում այնպիսի տողեր կան, որ
անհնար է դրանք կարդալ առանց հուզմունքի։ Վաղուց այդպիսի գիրք չէի կարդացել։ Այն ամբողջությամբ
շաղախված է ցավով ու կարոտով։ Ձեր էսսեներում և ուղեգրություններում Հայաստանն ու Սերբիան
այնքան են ներդաշնակված իրենց անցյալով ու ներկայով, ասես մի մոր զավակներ լինեն։ Մի
խոսքով, այդ գրքում հառնում են Ձեր երկու հայրենիքները։ Մենք պիտի փայփայենք Ձեր նման
բարեկամներին, սիրենք և սատարենք։
-Առանց ցավի զգացողության անհնար է այսպիսի գիրք գրել,- պատասխանում
եմ։ Ճշմարիտ ամեն մի ստեղծագործություն, գիրք, բանաստեղծություն կամ արձակ գործ տառապանքից
է ծնվում։ Ինձ համար նույնքան ցավալի է Կոսովոյի ճակատագիրը, որքան Արևմտյան Հայաստանի։
Աշխարհը, ցավոք, չի ցանկանում նկատել հայոց արդար պահանջատիրությունը, ինքնորոշված
Արցախի անկախության իրողությունը։
-Հիմա կրկին մտաբերում եմ իմ այցը Հայաստան,- շարունակում է
զրույցը Ռադոյիչիչը։ Հիացած եմ հայերի ընդունելությամբ ու ջերմ վերաբերմունքով։ Հայաստանում
գտնվելու 3 օրերի ընթացքում հասկացա ու համոզվեցի, որ մենք հայերից շատ բան ունենք
սովորելու։ Երևանում՝ Սերբիայի հյուպատոսությունում Ձեզ հետ վերջերս ունեցած զրույցը
ևս արդյունավետ էր ու փոխշահավետ։ Ձեր պատմություններից շատ մանրամասներ իմացա, որոնց
մինչ այդ անտեղյակ էի, մանավանդ բելգրադահայության մասին։ Երբեք չեմ մոռանա այցելությունս
Մատենադարան, որտեղ դուք՝ հայերդ սրբորեն պահպանում եք հազարամյակների ձեր վկայագրերը՝
ձեռագիր գրքերն ու մագաղաթները։ Մատենադարանը հայ ժողովրդի ինքնության ու հինավուրց
մշակույթի հավերժ բաբախող սիրտն է։ Մշակույթի ու ձեռագրերի այդպիսի գանձարան ոչ մի
տեղ չեմ տեսել։
-Մատենադարանում հավանաբար Ձեզ պատմել են, որ 1915 թվականին
բարբարոս թուրքերը հազարավոր արժեքավոր ձեռագրեր են այրել ու ոչնչացրել,- լրացնում
եմ Ռադոյիչիչի միտքը,- բայց մենք կյանքից ավելի թանկ ենք գնահատել մեր գոյության վավերագրերը,
կործանումից փրկել դրանց զգալի մասը, որոնցում մեր հեռավոր անցյալի պատմությունն է
ամփոփված։ Շատ ձեռագրեր զոհողության գնով ենք փրկել։
-Դուք քաջատեղյակ եք, որ 1941 թվականի ապրիլի 6-ին ֆաշիստական
Գերմանիան ռմբահարելով Սերբիայի խաղաղ քաղաքներն ու գյուղերը, նպատակ է ունեցել առաջին
հերթին ոչնչացնել ազգային գրադարանը և ծննդատները,- պատմում է պատգամավորը։ Եվ դա հասկանալի
է ինչ նպատակով՝ վերացնել պատմական վավերագրերը, գրական-մշակութային հարուստ ժառանգությունը
և կանխել ազգաբնակչությանն աճը։
-Այո՛, քաջատեղյակ եմ ֆաշիզմի բարբարոսություններին,- պատասխանում
եմ։ Չգիտեմ, ծանո՞թ է Ձեզ արդյոք, երկրորդ աշխարհամարտի նախաշեմին Ադոլֆ Հիտլերի արած
ցինիկ հայտարարությունը․ «Ո՞վ է այսօր հիշում
հայերի ցեղասպանությունը»։ Հիտլերի այդ խոսքերը պատահական չէին, քանզի Գերմանիան անուղղակիորեն
մասնակից էր հայոց ցեղասպանությանը՝ սատարելով թուրք դահիճներ Թալեաթին, Էնվերին ու
Ջեմալին, որոնք եղեռնի հիմնական կազմակերպիչներն էին։ Այդ խոսքերով Հիտլերը ցանկացել
է հայերի ցեղասպանության հարցում ունեցած պատասխանատվությունից զերծ պահել Գերմանիային։
Եթե ժամանակին կանխվեր հայոց ցեղասպանությունը, դրան չէին հաջորդի արյունալի մյուս
ոճիրները։ Չդատապարտված ամեն հանցագործություն նոր ոճիր է ծնում։ Եթե դատապարտվեր առաջին
աշխարհամարտում և 1941-1945 թվականներին սերբերի հանդեպ գործված արյունալի սպանդը,
Բալկաններում 20-րդ դարի 90-ական թվականներին պատերազմի նոր օջախներ չէին առաջանա և
հարավսլավական ճգնաժամի պատճառով այդքան մարդկային զոհեր չէին լինի։ 1991 թվականից,
երբ սկսվեցին ազգամիջյան ընդհարումները նախկին Հարավսլավիայում, ես պարբերաբար եղել
եմ Ձեր երկրի տարբեր հատվածներում, ուր մարտական գործողություններ էին տեղի ունենում՝
Սերբական Կրաինայում, Սերբական Հանրապետությունում, Բարանիայում, Սլավոնիայում, Արևմտյան
Սրեմում։ Ավելի քան 7 տարի ապրել եմ Բելգրադում և հաճախ են առիթներ եղել հայտնվելու
պատերազմական Հարավսլավիայի տաք օջախներում։ Տեսել եմ քանդված ու ավերված բնակավայրեր,
անտուն հազարավոր մարդկանց քարավաններ, որոնք հանգրվան էին փնտրում ամենուր։ Ակամայից,
աչքիս պատկերվում էին անօթևան բազմաթիվ հայ գաղթականների քարավանները, որոնք ադրբեջանական
բաշիբոզուկներից մի կերպ փրկելով իրենց կյանքը, վերադառնում էին Հայաստան, կամ մեկնում
նախկին Խորհրդային Միության տարբեր քաղաքներ։ 20-րդ դարում մեր ժողովուրդը մի քանի
անգամ մարտիրոսվել է՝ 1909 թվականին, 1915-1923 թվականներին, 1937 թվականին,
1988-1992 թվականներին։
-Պարոն Սիմոնյան, մենք ուրախ և հպարտ ենք Ձեր ազգանվեր գործունեության
համար,- ասում է Ռադոյիչիչը։ Դուք 20-րդ դարի իսկական վավերագիր եք։ Գրական խոսքով՝
սերունդներին պահ եք տվել պատմական իրադարձությունները։ Պարզապես չեմ կարողանում հավատալ,
որ այս մեծածավալ աշխատանքը՝ և՛ գրական, և՛ հյուպատոսական, մի մարդու ուսերին է ծանրացած։
-Իսկ գիտե՞ք օրվա մեջ որքան եմ աշխատում, պարոն Ռադոյիչիչ,-
դիմում եմ սերբ պատգամավորին,- ամենաքիչը՝ 12 ժամ։ Հակառակ դեպքում ոչինչ անել չէի
կարողանա։ Եվ այդպես՝ շուրջ 40 տարի․․․
Պատգամավոր Ռադոյիչիչի խնդրանքով՝ պատմում եմ սերբահայ գաղթօջախի
ձևավորման, այսօրվա սերբահայերի մասին՝ նշելով, որ շատ բելգրադահայեր մեծ դեր են ունեցել
Սերբիայի հասարակական կյանքի տարբեր բնագավառներում, իրենց տաղանդով ու գիտելիքներով
հարստացրել սերբական արվեստը, գիտությունը, բժշկությունը։
-Մի քանի օրից Բելգրադի քաղաքային գրադարանի «Հռոմեական սրահում»
տեղի է ունենալու «Մի պտղունց սերբական հող» գրքիս շնորհանդեսը,- դիմում եմ Ռադոյիչիչին,-
Ձեզ ևս հրավիրում եմ։ Այդ օրը ներկա են լինելու նաև շատ բելգրադահայեր, ովքեր ծնվել
ու մեծացել են Սերբիայում, բայց, ցավոք, չեն խոսում հայերեն։
-Անպայման կգամ, պարոն հյուպատոս,- ոգևորված ասում է Ռադոյիչիչը։
Ուզում եմ լսել Ձեր խոսքը, որը միշտ տաք ու անկեղծ է, շաղախված անափ սիրով։ Ձեր գիրքը,
իրոք, հայ-սերբական գրական մի հուշարձան է, որ անառիկ ամրոց է հիշեցնում։
Նյութի աղբյուրը՝ Բաբկեն Սիմոնյան-«Հյուպատոսական գրառումներ»
Comments
Post a Comment