21 նոյեմբերի, 2017 թիվ, Բուրջ Համմուդ
Կրկին
Լիբանանում եմ, բայց դեռ թարմ են նախորդ այցելությանս հուշերը, որոնք տաք ու գունեղ
երանգներով թրթռում են իմ երակներում։ Այդ այցելությունից ծնունդ առավ «Պատկերներ Լիբանանից»
ծավալուն ուղեգրությունս, որն իմ նվերն է լիբանանահայությանը, նաև գրական մի հարատև
հուշարձան մեր անթաղ՝ շուրջ 2 միլիոն անմեղ զոհերի հիշատակին, որոնք անհետ ու անշիրիմ
հեռացան այս աշխարհից․․․
Բեյրութում լույս տեսնող «Ազդակ» օրաթերթի նախաձեռնությամբ դեռ
1 տարի առաջ էր ծրագրված կազմակերպել գրքիս շնորհանդեսը։ Իրերի բերումով, սակայն, այցելությունս
Լիբանան հետաձգվեց։ Եվ հիմա, երբ կրկին Լիբանանում եմ, սիրելի բարեկամս՝ «Ազդակ» օրաթերթի
գլխավոր խմբագիր Շահան Գանտահարյանը, նախաձեռնել է խոստացած շնորհանեսը իր հյուրընկալ
հարկի տակ։ Օր առաջ նա առաջարկել էր ավելի վաղ հանդիպել, զրուցել այսօրվա հրատապ, մեր
ժողովրդի համար օրախնդիր հարցերի շուրջ։ Առաջարկը սիրով էի ընդունել։
Գանտահարյանի աշխատասենյակում եմ։ Խմբագիրը մի կողմ է դնում
խմբագրվելիք նյութերը և տպագրության պատրաստ, էջադրված թերթը։
-Մամուլէն գիտեմ, որ այս տարի լրացաւ Ձեր հիւպատոսական գործունէութեան
տասնամեակը,- ասում է նա։ -Մինչեւ գիրքին շնորհանդէսը, մեր լրագրողը Ձեզի հետ կը զրուցէ,
այդ զրույցը կը տպագրենք «Ազդակ»-ի մէջ։ Լաւ կ'ըլլայ, որ գիրքէն զատ խօսիք Հայաստան-Սերպիա
գրական-մշակութային կապերուն եւ Ձեր հիւպատոսական գործունէութեան մասին, քանի որ լիբանանահայութիւնը,
կարելի է ըսել, լիարժեքօրեն տեղեակ չէ այդ հարցերուն։ Մեր ընթերցողին այդ նիւթերը համարեա
անծանօթ են, բայց վստահ եմ, որ մեծ հետաքրքրութիւն պիտի յառաջացնեն, մանաւանդ երբ խօսքը
սերպահայ գաղութին կը վերաբերի։
-Սիրո՛վ,- պատասխանում եմ։- Անկեղծ ասած, ուր էլ գնամ, որտեղ
էլ շրջագայեմ, մարդկանց հետ զրուցելիս հիմնական թեման հայ-սերբական մշակութային առնչություններն
են, քանի որ ժողովուրդներն աշխարհին ներկայանում են առաջին հերթին մշակույթով։
-Երբ լրագրողուհին աւարտէ Ձեզի հետ հարցազրոյցը, կը շարունակենք
խօսիլ,-ասում է խմբագիրը։
Երիտասարդ լրագրողուհին ինձ հրավիրեց գրքերով ու տարբեր հրատարակություններով
լի առանձնասենյակը։ Բազմազան էին ինձ ուղղված հարցերը, բայց հարցաշարում երկու կարևոր
բան էր հետաքրքրում նրան՝ պատվավոր հյուպատոսի իմ գործունեությունը և սերբահայ գաղթօջախի
անցյալն ու ներկան։ Շուրջ 1 ժամ տևողությամբ հարցազրույցում արծարծվեցին համարյա բոլոր
առանցքային հարցերը՝ սկսած 13-20-րդ դարերում սերբահայ գաղթօջախի պատմությունից մինչև
պատվավոր հյուպատոսի նշանակումը։ Փորձեցի ներկայացնել սերբահայ գաղթօջախի շուրջ
780 տարվա պատմության առավել կարևոր շերտերը։
-Այնքան հետաքրքրական ու կարեւոր է Ձեր խօսքը, որ մէկ հրապարակումով
անհնար պիտի ըլլայ ներկայացնել այդ ամէնը,- ասում է լրագրողուհին։ -Հարցազրոյցը կարելի
է տպագրել յաջորդական թիւերով։
-Դուք Ձեր գործը լավ գիտեք,- պատասխանում եմ։ Կարծում եմ հմտորեն
ու սեղմ կներկայացնեք ասածներս, իսկ եթե խոսքը վերաբերում է սերբահայ գաղթօջախին վերաբերող
հոդվածաշարին, ապա ես խմբագրի հետ արդեն պայմանավորվել եմ ինքս հոդվածաշար պատրաստել
«Ազդակ»-ի համար։ Նա սիրով է ընդունել առաջարկս։
Կրկին վերադարձա Շահան Գանտահարյանի աշխատասենյակը։
-Ինչպէ՞ս անցաւ հարցազրոյցը, բարեկա՛մս,- հետաքրքրվում է նա։
-Բովանդակալից ու անմիջական,- պատասխանում եմ։ Լրագրողուհին
նշեց, որ պատմածներիցս շատ բան առաջին անգամ էր լսում և ավելացրեց, որ այդ ամենը դժվար
է ներկայացնել մի հրապարակումով։
-Մեր լրագրողները բաւական փորձառու են ու թրծուած, այնպէս կ'ընեն,
որ գոհ մնաք,- կեսլուրջ ու կեսկատակ ասում է խմբագիրը։ Մեր թերթը տասնամեակներու աւանդույթներ
ունի եւ մեծ առաքելութիւն կ'իրականացնէ։ Մեր նպատակն է մշակոյթին միջոցով հայապահպանութեան
սերմեր սփռել ոչ միայն լիբանանահայութեան, այլեւ Սփիւռքի մէջ բնակող մեր բոլոր հայրենակիցներուն
մէջ։ Ի դէպ, Ձեզ, որպէս պատուոյ հիւպատոսի, կը կարծեմ, թէ կը հետաքրքրէ՝ մեր թերթը որքա՞ն կ'արտացոլէ միջազգային յարաբերութիւններն
ու կապերը։ Մենք այդ առումով հարուստ փորձ ունինք։ Աւանդական դարձած մեր մամլոյ լսարաններուն
հիւրերն են ոչ միայն հայաստանաբնակ մտաւորականներ, այլեւ՝ օտարազգիներ։ Մեզի ժամանակ
առ ժամանակ նաեւ դիւանագետնէր կ'այցելեն։ Այդ հանդիպումները կ'արտացոլուին «Ազդակ»-ի
էջերուն մէջ։ Կը փորձենք անոնց ներկայացնել Հայ Դատի, հայոց պահանջատիրութեան, Արցախի
հիմնահարցերուն մեր հայեցակարգը։ Աշխարհն ամէն օր կը փոխուի, անշուշտ, կը փոխուին նաեւ
մարդկային յարաբերությունները, տեսակէտները, գնահատականները։ Մեր ժողովուրդը դէմ յանդիման
կը բախի նոր մարտահրաւէրներու, որոնց այդքան ալ դիւրին չէ դիմակայել՝ հաշուի առնելով
մեր ֆիզիքական ներուժը։ Լաւ գիտէք, որ ազգային հիմնահարցերուն վերաբերող պայքարն այդքան
ալ դիւրին չէ եւ զոհողութիւններ կը պահանջէ։
-Լավ եմ հասկանում Ձեր մտահոգությունը,- շարունակում եմ խմբագրի
խոսքը,- դրա վառ օրինակը Եվրոպական դատարանին՝ Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսի՝
Սսի կաթողիկոսարանն իր իսկական տերերին վերադարձնելու արդար պահանջատիրությունն է,
որը, ցավոք, անհիմն մերժվել է։ Գերտերություններին չեն հետաքրքրում փոքրաթիվ ժողովուրդների
պայքարն ու ճակատագիրը։ Եվ եթե մենք ժամանակ առ ժամանակ հաղթանակներ ենք արձանագրում,
ապա այդ ամենի դիմաց շատ թանկ են վճարում, նույնիսկ՝ զոհողություններով ու մարդկային
կորուստներով։ Մենք փոքրաթիվ ժողովուրդ ենք և մեր պայքարը շարունակական է, իսկ արդար
պահանջատիրությունը՝ անհրաժեշտություն։ Սփյուռքում ապրող մեր հայրենակիցներն իրենց
մտավոր ներուժը և հեղինակությունը ներդնում են՝ աշխարհին ներկայացնելով մեր շարունակվող
պայքարի խորհուրդը և դրան վերաբերող ճշմարտությունը։ Անհնար է պատկերացնել հայկական
սփյուռք ունեցող որևէ երկրի հասարակական կյանքը առանց հայերի միջամտության ու մասնակցության։
Հայերը ներկա են ամենուր, նրանք հարստացնում և նոր երանգներ են հաղորդում աշխարհի բոլոր
երկրներում՝ պահպանելով, սակայն, իրենց ազգային դիմագիծը։ Արևմուտքում, ցավոք, ավելի
է ընդգծված ձուլման վտանգը, մինչդեռ Մերձավոր և Միջին Արևելքի երկրների հայ գաղթօջախներն
ավելի ավանդապաշտ ու պահպանողական են։ Լիբանանը դրա լավագույն դրսևորումն է։ Երբ խոսքն
ավանդապաշտությանն է վերաբերում, ակամայից մտաբերում եմ Ձեր հոր՝ Գևորգ Գանտահարյանի
անվան հետ կապված հիանալի պատմությունները, որոնք լսել եմ իմ լիբանանահայ բարեկամներից։
Կարդացել եմ նաև Երևանում նրա մասին լույս տեսած հրաշալի գիրքը, ուր զետեղված են նրա
խոհափիլիսոփայական մտքերը, որոնցից հառնում է պարոն Գանտահարյանի լուսավոր կերպարը։
Իրոք, պայծառ անհատականություն էր։ Նա Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության դպրեվանքում
ավելի քան կես դար դասախոսել է, իսկ ներկայիս անվանի շատ հոգևորականներ ու վարդապետներ
նրա սաներն են եղել։ Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսը ևս նրա սանն է եղել և միշտ
հարգանքով ու մեծարանքով է խոսել պարոն Գևորգ Գանտահարյանի մասին։
-Տեղին են Ձեր նկատառումները,- ասում է խմբագիրը։ Ի դէպ, իմ
անափ հայրենասիրութիւնը հօրմէս հաղորդուած է ինծի։ Ան մեզ հայրենապաշտութեան ոգիով
դաստիարակած է։ Ես ալ, իմ կարգիս, դուստրերս դաստիարակած եմ նույն ոգիով։
Շահանը համեստորեն որևէ խոսք չասաց հոր մասին։ Գուցե դրա կարիքը
չկար, որովհետև Գևորգ Գանտահարյանի մասին Երևանում լույս տեսած գիրքն այնքան խոսուն
ու հագեցած է, որ մնացած բոլոր պատմություններն ու մեկնաբանություններն ավելորդ են։
Գիտեի, որ նա ծնվել էր Դամասկոսում, այնուհետև մշտական բնակության տեղափոխվել Լիբանան,
բայց սրտով ու հոգով կապված էր Մայր Հայաստանին։ Երազում էր իր վերջին հանգրվանը գտնել
հայրենիքում։ Այդպես էլ եղավ։ Մահից հետո նրա աճյունն ամփոփվեց Երևանում․․․
-Պարո՛ն Սիմոնեան, յետոյ կը շարունակենք մեր զրոյցը,- ասում
է Շահանը,- իսկ հիմա երթանք, պէտք է գիրքին
շնորհանդէսն սկսիլ, մարդիկ արդէն հաւաքուեր են։ Գիրքէն զատ, կը խնդրեմ, որ անպայման
խօսիք Սողոմոն Թեհլիրեանի, Վահան Մինախորեանի եւ Արշալոյս Աստուածատրեանի մասին։ Ձեր
հրապարակումներէն գիտեմ, որ երեքն ալ ապրած են Պելկրատի մէջ, որ բազմիցս հանդիպեր էք
անոնց հարազատներուն ու ազգականներուն հետ եւ, անշուշտ, պատմելու շատ բան կ'ունենաք։
-Շատ լավ,- պատասխանում եմ,- նրանց մասին կարող եմ ժամերով խոսել,
քանի որ արժեքավոր նյութեր ունեմ, որոնք ինձ են տրամադրել Թեհլիրյանի և Աստվածատրյանի
ազգականները։ Մինախորյանի մասին, ցավոք, շատ բան ասել չեմ կարող, բայց վերջերս եմ եղել
Բելգրադում և գտել նրա գերեզմանը։
Փոքրիկ սրահում, ուր պիտի անցկացվեր շնորհանդեսը, հավաքվել էին
լիբանանահայ անվանի մտավորականներ, կուսակցական ու հասարակական գործիչներ՝ Երվանդ Փամբուկյանը,
Ժիրայր Դանիելյանը, Արամ Սեփեթճյանը, Գևորգ Սանթուրյանը, նաև՝ շարքային գրքասերներ։
Ցանկանում էին լսել առանձին դրվագներ մասնավորապես Սողոմոն Թեհլիրյանի կյանքից, նաև
1983 թվականի մարտի 9-ին Բելգրադում Թուրքիայի դեսպան Ղալիբ Բալկարին ահաբեկած 2 լիբանանահայերի
ու նրանց ճակատագրի մասին։
-Դուք կը ճանչնա՞ք Անդրանիկ Պօղոսեանն ու Ռաֆֆի Էլպեքեանը, որոնք
Պելկրատի մէջ Թուրքիոյ դեսպանը ահաբեկած են,- հարցնում է ներկաներից մեկը։
-Ճանաչում եմ, անշո՛ւշտ,- պատասխանում եմ։ Ես նույնիսկ ճանաչել
եմ նրանց դատավարությանը մասնակից սերբ փաստաբաններ Վելկո Գուբերինային և Պրիեզդա Պոպովիչին,
որոնց հետ բազմաթիվ հանդիպումներ ու զրույցներ եմ ունեցել։ Դատավարության ընթացքում
նրանց վերաբերմունքը հայանպաստ էր, քանի որ քաջատեղյակ էին հայոց մեծ եղեռնի մանրամասնություններին։
Երկուսն էլ, ցավոք, հանգուցյալ են։ Բելգրադում վերջերս լույս տեսած իմ գրքում գրել
եմ այդ մասին։
․․․ Զրույցս դուրս եկավ գրքի շրջանակներից։ Հետաքրքիր դրվագներ պատմեցի հայ-սերբական՝
իմ ավելի քան 40-ամյա գործունեությունից, այն մասին, թե սերբահայ գաղթօջախին վերաբերող
նյութեր ձեռք բերելու նպատակով ինչ ծավալուն ուսումնասիրություններ եմ կատարել Հայաստանի
ու Սերբիայի արխիվներում, Վենետիկի ու Վիեննայի Մխիթարյան միաբանության դիվաններում։
Տեղեկացրի, որ այդ ուսումնասիրությունների հիման վրա իմ հեղինակությամբ լույս կտեսնի
130-20-րդ դարերում Սերբիայում ապրած ծանոթ և անծանոթ հայերին վերաբերող մի աշխատություն։
Ամփոփելով գրքի շնորհանդեսը, «Ազդակ»-ի գլխավոր խմբագիր Շահան
Գանտահարյանը հիանալի խոսք ասաց և կատակով ավելացրեց, որ իմ «Պատկերներ Լիբանանից»
գիրքը մեկ անգամ ևս հավաստում է, որ ես ոչ միայն սերբագետ եմ, այլ արդեն նաև՝ լիբանանագետ։
Նա, անշուշտ, նկատի ուներ, թե որքան խորությամբ եմ ուսումնասիրել լիբանանահայ կյանքը
և նրա մասին աղբյուրագիտական նյութը՝ նման գիրք գրելու համար։
Հետո հետաքրքիր երկխոսություն սկսվեց, հնչեցին հարցումներ, որոնք
ավելի շատ վերաբերում էին Սողոմոն Թեհլիրյանի կենսագրության քիչ ծանոթ էջերին։ Լիբանանահայ
անվանի մտավորական, «Կամար» ամսագրի գլխավոր խմբագիր Ժիրայր Դանիելյանը դրվատանքի խոսք
ասաց, ջերմորեն խոսեց «Պատկերներ Լիբանանից» հատորիս մասին, նշեց, որ դրանում ամփոփված
են իմ խոհերն ու մտորումները։ 2013 թվականին Լիբանան կատարած ուղևորությունից, հավելեց,
որ այդ գիրքը իմ լավագույն նվերն է լիբանանահայությանը։ Նա նշեց նաև, որ դիվանագետի
համար շատ կարևոր է, որ նա գրքի ու գրականության մարդ է, և միայն այդ դեպքում է նման
համատեղումը հրաշալի արդյունք տալիս։ Դրանով չավարտվեց Ժիրայր Դանիելյանի ջերմ խոսքը։
Նա իմ հուշագրքում այսպիսի գրառում արեց․«Գրել
անձի մը մասին՝ կաշկանդուածութին կ'ենթադրէ։ Բայց գրել պայծառ մարդու մը մասին, որ
իր մէջ կուտակած է բազմաթիւ ձիրքեր եւ որ մանաւանդ բարեկամ է ու ընկեր, կաշկանդուածութիւնը
կ'անէանայ եւ գրիչդ հեզասահօրէն կ'արձանագրէ քու մտածումներդ ու ապրումներդ։ Բաբգէնին
հետ ծանօթութիւնս շուրջ 5 տարիներու վրայ կ'երկարի։ 5 տարի միայն․․․ Կարծես թէ Բաբգէն մարդն ու գրողը, բանաստեղծն ու թարգմանիչը,
ուղեգրողն ու դիւանագէտը քեզի ծանօթ է 5 անգամ 5 տարիներէ ի վեր․․․ Բաբգէնը շարժուն, շարժական կամուրջ է։ Կամուրջ, որ կը կամրջէ
Հայաստանը Սերպիոյ, Սերպիան՝ Հայաստանին, Հայաստանն ու արտասահմանեան բազմաթիւ հայ
համայնքներ։ Կը սերտացնէ կապը անոնց միջեւ։ Կը խանդավառէ, մարդոց մէջ կը սերմանէ բարիին
հանդէպ հաւատք, կ'ոգեւորէ զանոնք հայու անմար խիզախութեամբ ու ապագային հանդէպ անբեկ
յոյսով։
Սիրելի՛ Բաբգէն, դուն նուիրեալ ուղեւոր ես ու քու ուղեւորութիւնդ
անկասելի է․․․
Ժիրայր Դանիելյան
21 նոյեմբեր 2017
Պուրճ Համմուտ,
«Ազդակ»-ի խմբագրատան
մէջ»
․․․ Դանիելյանի տաք ու անմիջական գրառումին հաջորդեցին նաև այլ մտավորականների ոգեշնչող
խոսքերն ու գնահատականները։
-Հրաշալի գիրք մը գրած էք,- ասում է Գևորգ Սանթուրյանը,- այնքան
գեղեցիկ ու մանրակրկիտ նկարագրած էք ամէն բան, որ կարծէք թե Լիբանան ծնած էք։ Լիբանանահայ
գաղթօճախին մասին այսպիսի գիրք ոչ մէկը գրած է, այնքան հիւթեղ են պատկերները։
-Փորձել եմ անաչառ լինել իմ նկարագրություններում ու գնահատականներում,-
ասում եմ Սանթուրյանին,- փորձել եմ շարադրել այնպես, ինչպես տեսել ու զգացել եմ։
Հետո խմբվեցինք Գանտահարյանի աշխատասենյակում՝ մի գավաթ սուրճի
շուրջ։ Շարունակվեց հետաքրքիր զրույցը, որ նվիրված էր մեզ բոլորիս հուզող ազգային խնդիրներին
և, առաջին հերթին, Հայաստանի առաջին հանրապետության՝ առաջիկայում նշվելիք 100-րդ տարեդարձին։
Նրանց տեղեկացրի նաև, որ առաջիկայում ծրագրում եմ Բելգրադում սերբահայ գաղթօջախի համար
մշակութային միջոցառումների շարք կազմակերպել և խոսել հայոց պետականության, պատմության,
գրականության ու արվեստի մասին՝այդ ամենով նպաստելով Հայաստանի հետ նրանց անխզելի կապի
ամրապնդմանը։
Նյութի աղբյուրը՝ Բաբկեն Սիմոնյան-«Հյուպատոսական գրառումներ»
Comments
Post a Comment