Skip to main content

Հանդիպում Սերբիայի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր, «Դվերի» կուսակցության անդամ Զորան Ռադոյիչիչի հետ

28 սեպտեմբերի, 2017 թիվ, Երևան

Այսօր ինձ զանգահարեց Երևանում պաշտոնական այցով գտնվող Սերբիայի Ազգային ժողովի պատգամավոր Զորան Ռադոյիչիչը։

-Պարո՛ն Սիմոնյան, եթե հիշում եք, իմ աշխատանքային այցի առիթով մենք արդեն մի անգամ հանդիպել ենք Հայաստանում,- տեղեկացնում է Ռադոյիչիչը։ Ես կրկին Երևանում եմ պաշտոնական այցով։ Կցանկանայի հանդիպել ու զրուցել ձեզ հետ։ Ինձ հետ է նաև պատգամավոր Յովան Պալալիչը։

-Կարող ենք հանդիպել հյուպատոսությունում,- պատասխանում եմ,- հանգիստ ու խաղաղ մթնոլորտում կխոսենք ու կքննարկենք շատ հարցեր։

-Հյուպատոսությունում ենք։ Պատգամավորները հետաքրքրվում են իմ գրական ու հյուպատոսական գործունեությամբ։ Խոսում ենք Սերբիայի նախագահ Նիկոլիչի՝ Հայաստան կատարած պաշտոնական 2 այցերի մասին։

-Ի դեպ, 2016 թվականին Ազգային ժողովի նախագահ տիկին Գոյկովիչը ևս եղել է Հայաստանում,- ասում են պատգամավորները։ Մենք հետևել ենք նրա ղեկավարած պատվիրակության այցին։ Լավ է, որ դուք շատ աշխույժ եք, պարբերաբար հանդիպում եք մեր բարձրաստիճան ղեկավարների հետ և խոսում եք երկկողմանի հարաբերությունների և Ձեր գործունեության մասին։

-Սերբական յուրաքանչյուր պատվիրակության այցի առիթով միշտ ունենում եմ հանդիպումներ, որոնք շատ կարևոր են մեր 2 երկրների հարաբերություններում,- շարունակում եմ պատգամավորների խոսքը։ Ես հանգամանալից զրույց եմ ունեցել և՛ Տոմիսլավ Նիկոլիչի, և՛ Մայա Գոյկովիչի, և՛ արտգործնախարարներ Վուկ Երեմիչի ու Իվան Մրկիչի հետ։ Ամենից շատ, սակայն, տպավորվել է նախագահ Նիկոլիչի այցը Հայաստան՝ Հայոց մեծ եղեռնի 100-րդ տարելիցի առիթով։ Միայն 4 երկիր էր ներկայացված նախագահի մակարդակով՝ Ռուսաստանը, Ֆրանսիան, Սերբիան և Կիպրոսը։ Մնացած երկրները ներկայացված էին վարչապետների, խորհրդարանի նախագահների և այլ պաշտոնատարների մակարդակով։ Նիկոլիչի ելույթը Հայոց մեծ եղեռնի 100-րդ տարելիցի առիթով՝ հայ ժողովրդին սատարելու և համերաշխություն հայտնելու կոչ էր։ Նրա այցը Հայաստան մեր երկրների եղբայրական դարավոր կապերի օրգանական շարունակությունն է։ Ես Նիկոլիչի հետ առիթ եմ ունեցել խոսելու շատ հարցերի շուրջ, նաև՝ Կոսովոյի և Արցախի։ Նախագահ Նիկոլիչի հետ խոսել եմ սերբական կիրիլիցայի՝ կյուրեղյան այբուբենի մասին, քանի որ, ցավոք, Սերբիայում հրատարակվող շատ թերթեր և ամսագրեր այսօր լույս են տեսնում լատինատառով, մինչդեռ սերբական մայր այբուբենը կյուրեղատառն է, ոչ թե լատինատառը։ Մի ժողովուրդ չի կարող 2 այբուբեն ունենալ։ Այբուբենի հանդեպ հարգանքը պիտի պաշտամունքի չափանիշ ունենա։

-Միանգամայն ճիշտ եք,- ասում է պատգամավոր Ռադոյիչիչը։ Դուք հեռվից ավելի ճիշտ ու տեղին եք նկատում մեր բացթողումները։ Եթե մենք փորձեինք օտարի աչքերով նկատել այդ ամենը, երևի թե ավելի քիչ խնդիրներ կունենայինք այսօր։

-Ցավոք պիտի ասեմ, որ աշխարհի գերտերությունների վարած քաղաքականության պատճառով մի լեզվից, այսինքն՝ սերբերենից, ստեղծվեցին բոշնյակերենն ու չեռնոգորերենը, իսկ մի ժողովրդից, այսինքն՝ սերբերից, բոսնիացիներն ու չեռնոգորցիները,- շարունակում եմ մեկնաբանություններս։ Կարդացած ու կիրթ ամեն մի մարդ քաջատեղյակ է բոսնիացիների ու չեռնոգորցիների էթնիկ սերբ լինելու փաստին։

-Այո, բայց աշխարհը կառավարող «մեծերը» այդ կերպ չեն մտածում,- պատասխանում է Ռադոյիչիչը,- նրանք արհեստականորեն սեպ են խրում նույն էթնոսի տարբեր կրոնի մարդկանց միջև՝ փորձելով տարանջատել նրանց։ Եվ ի՞նչ եք կարծում, ինչո՞ւ 1992 թվականին բռնկվեց բոսնիական պատերազմը․․․

-Դե դա պարզից էլ պարզ է,- պատասխանում եմ,- իսլամացած սերբերին, այսինքն բոսնիացիներին, հրահրեցին ուղղափառ սերբերի դեմ։ Դա նույն էթնոսի երկու տարբեր կրոնների պատկանող մարդկանց եղբայրասպան պատերազմ էր։ Ինչպե՞ս կարող են բոսնիացիները ազգ համարվել, եթե սերբերեն են խոսում։ Եվ զարմանալի է, որ աշխարհը սատար է լինում նրանց, ինչից թևավորվում են, որ ազգի կարգավիճակ ունեն։ Չմոռանանք, որ սերբ Տվրտկո արքայի ժամանակ, միջնադարում, Բոսնիան սերբական պետություն է եղել։ Ես, ի դեպ, 1993 թվականին առիթ եմ ունեցել այցելելու Սերբական Հանրապետություն, ուր Պալեում մասնակցում էի «Պոեզիայի սարաևյան օրեր» փառատոնին։ Հենց այդ ժամանակ էլ առիթ եմ ունեցել հանդիպելու նախագահ Ռադովան Կարաջիչին, ով նույնպես մասնակցում էր այդ փառատոնին։ Քաջատեղյակ էի, որ Կարաջիչը նաև հրաշալի բանաստեղծ է, մի քանի գրքերի հեղինակ։ Շուրջ 1 ժամ առանձնազրույց ենք ունեցել, որի ժամանակ նա ինձ պատմել է, թե ինչպես է առաջին անգամ տեղեկացել Հայոց մեծ եղեռնի մասին։ Երբեք չեմ մոռանա այդ հանդիպումը։ 1987 թվականին, պետական միջոցների չարաշահման պատրվակով, որն այդպես էլ չհաստատվեց, Կարաջիչին մեղադրանք էր առաջադրված։ 11 ամիս կալանքի տակ գտնվելու ընթացքում նա առիթ է ունեցել կարդալու Ֆրանց Վերֆելի «Մուսա լեռան 40 օրը» վեպը, որից էլ տեղեկացել է 1915 թվականի հայոց տառապանքների մասին։ Ես, այնուհետև, զրույցս Կարաջիչի հետ թղթին հանձնեցի, իսկ ավելի ուշ տպագրեցի իմ գրքում։

-Դուք շատ սերբերից ավելի լավ գիտեք մեր պատմությունը,- հավելում է Ռադոյիչիչը։

-Մասնագիտության բերումով պարտավոր եմ իմանալ ամեն բան,- պատասխանում եմ։

-Համացանցում հաճախ եմ հանդիպում Ձեր գրական և հյուպատոսական գործունեությանը վերաբերող նյութերին,- ասում է սերբ պատգամավորը։ Ակամայից մտաբերում եմ շվեյցարացի քրեագետ, սերբ ժողովրդի բարեկամ Արչիբալդ Ռայսին, ով առաջին աշխարհամարտից հետո եկավ Սերբիա՝ ձեռք մեկնելու մեր ժողովրդին։ Նա, սակայն, երկար չմնաց Սերբիայում, մի քանի տարի ընդամենը։ Ձեր գործունեությունը Ռայսի արածից ավելի ծավալուն է, Դուք մեր երկրին և ժողովրդին կապված եք ավելի քան 40 տարի։ Ձեր ամբողջ կյանքն ու ստեղծագործական ուղին եք մեզ նվիրել։ Գիտեմ նաև, որ սերբերեն եք դասավանդել Երևանի Վալերի Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանում, թարգմանել եք մեր գրականությունը։

-Ես սիրով եմ կատարում իմ գործը և երբեք չեմ մտածում, թե ինչով են ինձ հատուցելու արածիս դիմաց,- ասում եմ զրուցակցիս։ Եթե առաքելություն է տրված, ուրեմն պետք է կատարել սիրով, անմնացորդ ու առանց որևէ շահ ակնկալելու։

-Այո՛, բայց դուք արել և անում եք առավելագույնը,- պատասխանում է Ռադոյիչիչը։ Ինչպե՞ս եք հասցնում իրականացնել Ձեր ծրագրերը։

-Անկեղծ ասած, այդ մասին մտածելու ժամանակ չունեմ,-պատասխանում եմ։ Ցանկանում եմ ավելին անել, ինչ-որ բան թողնել ինձանից հետո։

-Ձեզ միշտ հիշելու են բոլոր առումներով, բայց ավելի շատ, հավանաբար, գրական-թարգմանական գործունեությամբ,- ավելացնում է Ռադոյիչիչը։ Վերջերս տեղեկացա, որ թարգմանել եք 19-րդ դարի սերբ բանաստեղծ, Չեռնոգորիայի քահանայապետ Պետար Պետրովիչ Նեգոշի «Դարից թանկ գիշերը» հրաշալի բանաստեղծությունը, որը սերբական քնարերգության զարդն է։

-Այո՛, վերջերս եմ ավարտել այդ բանաստեղծության թարգմանությունը, մտադիր եմ հրատարակել, բայց անպայման որոշ մեկնաբանություններով ու ծանոթագրություններով, որպեսզի ընթերցողն ավելի հստակ պատկերացնի դրա գեղարվեստական ու փիլիսոփայական արժեքը,- ասում եմ Ռադոյիչիչին։ Ցավոք, շատ սերբեր չեն էլ լսել «Դարից թանկ գիշերը» բանաստեղծության մասին, իսկ ես արդեն թարգմանել եմ։ Դրանից զատ թարգմանում եմ նաև Նեգոշի «Լեռնային պսակ» հիասքանչ պոեմը, որը հակաօսմանյան ստեղծագործություն է և շատ է համահունչ հայերիս մտածողությանը։ Եթե Աստվածն ինձ երկար կյանք և առողջություն տա, կթարգմանեմ ամբողջությամբ։ Հիմա միայն մեկ քառորդն եմ թարգմանել։

Պատգամավորներին հետաքրքրում են նաև Հայաստանի արդյունաբերությունն ու տնտեսությունը։ Խոսում ենք տնտեսական կապեր ստեղծելու կարևորության մասին։ Խոսակցությունից, անշուշտ, դուրս չեն մնում Արցախի հիմնահարցը, Կոսովոյի խնդիրը, հարևան երկրների հետ Հայաստանի փոխհարաբերությունների հարցը, ինչպես նաև բարբարոս ադրբեջանցիների ձեռքով Ջուղայի հրաշալի խաչքարերի և նույնպիսի բարբարոս ալբանացիների ձեռքով Կոսովոյի հրաշակերտ վանքերի ոչնչացումը։

-Ամեն անգամ Բելգրադի Թաշմայդան զբոսայգու կողքով անցնելիս մտորում եմ, թե ինչո՞ւ են կանգնեցրել Ադրբեջանի կոմկուսի կենտկոմի երբեմնի առաջին քարտուղար Հեյդար Ալիևի արձանը,- ասում է Ռադոյիչիչը։ Ի՞նչ ծառայություններ ունի նա սերբ ժողովրդի նկատմամբ, ոչ ոքի հայտնի չէ՛։ Եվ, ընդհանրապես, ինչո՞ւ պիտի նրա արձանը կանգնեցվի սերբական մայրաքաղաքում, այն էլ մեծանուն արձակագիր, ակադեմիկոս Միլորադ Պավիչի արձանի կողքին։

-Այդ հարցը պիտի ուղղեք սերբական իշխանություններին, նրանք ավելի հստակ կպատասխանեն,- տեղեկացնում եմ Ռադոյիչիչին։ Այդ մասին ես խոսել եմ նաև նախագահ Նիկոլիչի հետ՝ 2014 թվականին Հայաստան նրա պաշտոնական առաջին այցի օրերին։ Նա ևս չէր կարողանում հասկանալ, թե ի՞նչ կապ ունի սերբերի հետ Հեյդար Ալիևը, որի արձանը կանգնեցվել է նախորդ իշխանությունների օրոք։ Նույնիսկ Նովի Սադ քաղաքում հառնում է ադրբեջանցի ոմն կոմպոզիտորի արձանը։ Նրա մասին ոչ ոք չի լսել, իսկ Արամ Խաչատրյանի նման աշխարհահռչակ կոմպոզիտորին սերբերը «մոռացել են»։ Եթե հայերն ու սերբերը հոգեհարազատ ժողովուրդներ են, ուրեմն ճշմարիտ և ըստ արժանվույն պիտի գնահատենք արժեքները և մեր բարեկամությունը։

-Միանգամայն տեղին են Ձեր դիտողությունները, պարո՛ն հյուպատոս,- ասում է պատգամավորը։ Վստահ եմ, որ գալու է ժամանակը և ամեն բան իր անունով է կոչվելու։ Մեզ ևս հայտնի չէ, թե որո՞նք են Հեյդար Ալիևի ծառայությունները Սերբիայի հանդեպ։ Մեր ժողովուրդը նրա մասին բացարձակ ոչինչ չգիտե։

-Դե եթե նա, իրոք, ծառայություններ ունենար, սերբերը կիմանային,- ասում եմ քմծիծաղելով։ Իրենց բոլոր հարցերը նրանք փորձում են լուծել ստով ու կեղծիքով, նենգաբար ու ստոր ուղիներով՝ թոզ փչելով միջազգային հանրության աչքին։ Հակահայկական գրքեր են հրատարակում նույնիսկ սերբերենով։ Այդ ամենը, բնականաբար, ղեկավարվում է Բելգրադում Ադրբեջանի դեսպանության հսկողությամբ և թողտվությամբ։ Տարբեր կայքերում հայերի հասցեին վայրահաչում են, բայց մոռանում են Սումգայիթում և Բաքվում ապրող հայերի հանդեպ 1988-1990 թվականներին գործած արյունալի ոճիրները և չեն ցանկանում խոսել այդ մասին։ Ձեռնտու չէ հիշատակել այդ ամենը։ Աշխարհը, սակայն, սկսել է հասկանալ, որ ադրբեջանական կեղծիքը նպատակ ունի ապակողմնորոշելու միջազգային հանրությանը։ Ադրբեջանական ղեկավարության անթաքույց թողտվությամբ պարբերաբար գնդակոծվում են ոչ միայն Արցախի, այլև Հայաստանի Հանրապետության սահմանամերձ բնակավայրերը։ Կոսովոյի հարցում նույն կերպ են վարվում ալբանացիները սերբերի հանդեպ։ Կարծում եմ՝ Ձեզ լրիվ հասկանալի է իրավիճակը։ Ի դեպ, նախագահ Նիկոլիչի հետ խոսել եմ նաև սերբերի հանդեպ 20-րդ դարում գործված ոճիրների մասին, ափսոսանքս հայտնել, որ Բելգրադում չկա սերբերի ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող ոչ մի հուշարձան։ Նախագահը համակարծիք է եղել ինձ։ Նիկոլիչի հետ խոսել ենք նաև Սերբիայի Ազգային ժողովին ներկայացվելիք՝ Հայոց ցեղասպանությունը ճանաչող օրինագիծ մշակելու հարցի շուրջ՝ հաշվի առնելով, որ սերբերը լավ պիտի հասկանան դրա կարևորությունը, քանի որ պատմության ընթացքում բազմիցս ցեղասպանության զոհ են դարձել։ Տեղյակ եմ, անշուշտ, որ 2 անգամ օրինագիծ է ներկայացվել Սերբիայի Ազգային ժողովին, սակայն, օրակարգում այդ հարցը երբեք չի դրվել քննարկման։

-Ես ևս տեղյակ եմ այդ մասին,- պատասխանում է Ռադոյիչիչը, դրան խանգարող պատճառներ են եղել, բայց վստահ եմ, որ կգան այլ ժամանակներ և Սերբիայի Ազգային ժողովում հայոց ցեղասպանությունը ևս օրակարգի հարց կդառնա։ Ամբողջ աշխարհը գիտե, որ սահմռկեցուցիչ ցեղասպանություն է իրականացվել 1915 թվականին, որ շուրջ 2 միլիոն հայ է զոհ դարձել օսմանյան արյունալի քաղաքականությանը և թուրքական յաթաղանին։

-Մինչև Թուրքիան իր ճակատից չսրբի մարդասպանի խարանը և չճանաչի ցեղասպանության իրողությունը, միշտ պիտի դատապարտվի՝ արժանանալով միջազգային հանրության արհամարհանքին,- առաջ եմ տանում զրույցը։ Մենք երբեք ուրիշներից հող չենք պահանջել և դրա կարիքը չունենք։ Մենք պահանջում ենք շտկել պատմական անարդարությունը, մեզ վերադարձնել մեր հայրենիքի գրավյալ մասը, հարկադրել Թուրքիային վերանայելու իր պատմությունը և հատուցել մեզ պատճառած մշակութային և նյութական վնասը։ Մեր պահանջատիրությունը շարունակական է լինելու։

-Լսում եմ Ձեզ, պարո՛ն հյուպատոս և հիանում եմ հայ ժողովրդի տոկունությամբ ու պայքարի ոգով,- ասում է Ռադոյիչիչը։ Մենք՝ սերբերս, հայերից, իրոք, շատ բան ունենք սովորելու։ Արևմուտքը ցանկանում է մեզանում ճզմել պայքարի ոգին, վերացնել մեր ակունքները, բնաջնջել մեր արմատը, մասնատել մեր երկիրը, ինչպես դա արեց 2006 թվականին՝ ալբանացիներին նվիրելով մեր պետականության բնօրրանը՝ Կոսովոն։ Աշխարհի շատ երկրներ, ցավոք, ճանաչեցին Կոսովոյի անկախությունը, Հայաստանը, սակայն, զերծ մնաց դրանից և մենք, իրոք, երախտապարտ ենք Հայաստանի ղեկավարությանը և հայ ժողովրդին։ Հենց այդ ժամանակ էլ հասկացանք, թե ովքեր են մեր իսկական բարեկամներն ու թշնամիները։

-Ինչո՞ւ եք զարմանում,- ասում եմ ես։ 1915 թվականին հայ ժողովուրդը մատաղացու գառան նման դրված էր զոհասեղանին։ Ո՞ւր էր այդ ժամանակ խուլ ու համր ձևացող «մարդասեր Եվրոպան»։

-Այդ ամենն ինձ հայտնի է Ձեր հրապարակումներից ու գրքերից, թեև մինչ այդ որոշ բան գիտեի 1915 թվականի արյունալի դեպքերի մասին,- ասում է Ռադոյիչիչը։ Սերբական մամուլում ժամանակ առ ժամանակ հայոց ցեղասպանությանը վերաբերող հրապարակումներ են հայտնվում, որոնք մեզ մտորելու տեղիք են տալիս։ Ձեր աշխատությունները մեզանում ավելի ամբողջական են ներկայացնում հայոց մեծ եղեռնը։ Ի դեպ, մի առիթով ձեռքս ընկավ Ձեր աշխատասիրությամբ 1995 թվականին Բելգրադում լույս տեսած «Հայոց մեծ եղեռնը» գիրքը։ Այն արժեքավոր է հենց նրանով, որ գրքում ցեղասպանության մասին խոսում են ոչ թե հայ, այլ օտարազգի հեղինակները։ Սերբական տառապանքների մասին ևս կան շատ ուսումնասիրություններ և աշխատություններ, սակայն սերբերը, ի տարբերություն հայերի, ցավոք, շարունակական աշխատանք չեն կատարել ցեղասպանության ճանաչման հարցում, չեն բարձրաձայնել՝ լսելի դարձնելու իրենց պատմական ողբերգությունը և, բնականաբար, շոշափելի արդյունքների չեն հասել։

-Հայերին մեղադրում են Խոջալուում ադրբեջանցիների հանդեպ գործված «ոճիրների», իսկ սերբերին՝ Սրեբրենիցայում մուսուլմաններին ոչնչացնելու համար,-ասում եմ Ռադոյիչիչին։ Այդ ամենը, սակայն, բացահայտ կեղծիք է։ Ինչո՞ւ աշխարհը չի բարձրաձայնում սումգայիթյան և կոսովյան ողբերգությունները։ Համայն մարդկությունն ականատես է հայերի ու սերբերի հանդեպ իրագործված արյունալի ոճիրներին և բարբարոսություններին, սակայն, քար լռությամբ ու լոկ դիտողի կարգավիճակով է վերաբերվում այդ ամենին։ Այսօր արդեն, առողջ մտածող արդարամիտ օտարազգի որոշ պատմաբաններ իրական փաստերով և բացահայտ խոսում են Խոջալուում ադրբեջանցիներին և Սրեբրենիցայում մուսուլմաններին ոչնչացնելու կեղծիքների մասին։ Խոջալուի և Սրեբրենիցայի «ողբերգությունները» ադրբեջանական և մուսուլմանական զառանցանքներ են․․․

-Ձեր պատմությունները, իրոք, մտորելու և մտահոգվելու տեղիք են տալիս,- պատասխանում է Ռադոյիչիչը։

-Որպեսզի ավելի շատ տեղեկություն ունենաք հայոց տառապանքների մասին,- ասում եմ պատգամավորին,- խորհուրդ եմ տալիս ծանոթանալ սերբական արխիվներում պահպանված՝ 1909 թվականի հայկական ջարդերին վերաբերող նյութերին, որոնք վավերացրել են Պոլսում սերբական դիվանագիտական առաքելություն իրականացնող դոկտոր Նենադովիչը և գործերի հավատարմատար Գավրիլովիչը, ովքեր նկարագրելով հայերի հանդեպ իրականացված աննախադեպ սպանդը, իրենց հաշվետվություններն են ներկայացրել Սերբիայի արտգործնախարար Միլովանովիչին։ Գուցե դա Ձեզ ավելի շատ մտորելու տեղիք տա, և գուցե ավելի լավ հասկանաք, թե ինչ կապ ունի Հեյդար Ալիևի հուշարձանը սերբ ժողովրդի հետ։ Ձեզ հուզող շատ հարցեր ավելի հասկանալի ու հստակ կդառնան։

-Պարո՛ն հյուպատոս, բավականին ծանր բեռ եք վերցրել Ձեր ուսերին՝ 2 ժողովուրդների պատմամշակութային բեռը,- ասում է Ռադոյիչիչը։

-Ինձ համար դա շատ հաճելի բեռ է, այդ բեռը ես սիրով եմ կրում ուսերիս,- պատասխանում եմ զրուցակցիս։ Ոչ ոքից չեմ ակնկալում օգնություն, որովհետև վստահ եմ՝ դա չի լինելու։ Ես խոսում ու գրում եմ ուղղամտորեն, շիտակ, ոչ մի բանից ու ոչ ոքից չեմ վախենում ասելու ճշմարտությունը։ Գուցե ոմանց դուր չի գալիս իմ ուղղամտությունը, դուր չե՛ն գալիս իմ գնահատականներն ու որակումները, բայց դա բոլորովին այլ հարց է։ Ես արժանապատվորեն և համարձակորեն եմ կատարում իմ գործը, հրապարակավ եմ արտահայտում իմ ասելիքը, որի համար հպարտ եմ։ Շատ բաներ անում եմ զոհողություններով, առանց մտածելու հետևանքների մասին։ Եթե հիշում եք՝ 2004 թվականին, երբ բարբարոս ադրբեջանցիները իսպառ վերացրին Ջուղայի անկրկնելի ու բացառիկ խաչքարերը, մեր իշխանական ատյաններում, ցավոք, առանձնապես շատ մեծ աղմուկ չբարձրացավ։ Ո՞ւր էին մեր մտավորականները, ինչո՞ւ չընդվզեցին ու աղմուկ չբարձրացրին։ Եթե հայերը Շուշիում փորձեին քանդել մզկիթը, ադրբեջանցիները մեծ վայնասուն ու ոռնոց կբարձրացնեին՝ իրենց վերագրելով պարսկական այդ հուշարձանը, որը կանգուն է և ծրագրվում է նորոգել։ Այդ օրերին ես հանդես եկա Երևանում լույս տեսնող ռուսալեզու «Գոլոս Արմենիի» թերթում, նաև սերբական մամուլում, թեև դրանում պետք է ներգրավվեին պետական գերատեսչությունները՝ արտաքին գործերի նախարարությունը, մշակույթի և սփյուռքի նախարարությունները։ Այդ առումով սխալ է Կոսովոն համեմատել Արցախի հետ։ Կոսովոն սերբական Նախիջևանն է։ Հայ և սերբ շատ իշխանավորներ ու քաղաքական գործիչներ, ցավոք, հստակ չեն պատկերացնում այդ հիմնահարցերի բուն էությունը և լուծման ուղիները, քանի որ անտեղյակ են պատմությանը։ Առանց պատմությանն առնչվելու ու նրա հետ հաշվի նստելու, միշտ էլ ապարդյուն են լինելու բոլոր բանակցություններն ու ջանքերը։

Վերջին տարիներին հայ և սերբ պատգամավորներ և քաղաքական գործիչներ են հանդիպել Բելգրադում ու Երևանում։ Եղել են երկկողմանի բազմաթիվ բանակցություններ, փորձ է արվել լուծում տալ վերը նշված և առ այսօր դեռ լուծում չստացած ցավոտ հարցերին, բայց, ավա՜ղ, դրական տեղաշարժ համարյա չի արձանագրվել, քանի որ բանակցություններին չեն ներգրավվել բանիմաց ու փորձառու մարդիկ։ Պատգամավորը զուտ ներկայացնում է իր սեփական, կամ լավագույն դեպքում, խորհրդարանի տեսակետը, ուրիշ ոչինչ։ Նա ոչինչ անել չի կարող այդ բանակցություններում, եթե մասնագետ չէ և անտեղյակ է հարցին։

-Իրավացի՛ եք,- ասում է սերբ պատգամավորը։

-Եթե իրավացի եմ, ուրեմն հայ-սերբական քաղաքական երկխոսությունը պիտի լինի թափանցիկ ու հստակ և, անշուշտ, Սերբիայի Ազգային ժողովի որոշ պատգամավորներ պիտի վերանայեն իրենց ոչ հայամետ կեցվածքը Արցախի հարցում,- ասում եմ սերբ պատգամավորին։ Դա պատիվ չի բերում նրանց։ Մենք՝ հայերս, Կոսովոյի հարցում միանշանակ սատար ենք լինում սերբերին, ուստի տրամաբանական կլիներ, որ բարձրաստիճան որոշ սերբեր հստակ պատկերացնեն արցախյան հիմնահարցը և զերծ մնան անհիմն որակումներից և իրենց ոչ հայամետ կեցվածքից։ Ես այդ մասին ասել եմ նաև Հայաստանում Սերբիայի Հանրապետության նորանշանակ դեսպան Դուշան Սպասոևիչին, որի նստավայրն Աթենքում է։ Այս տարվա ապրիլին նա Երևան էր այցելել՝ իր հավատարմագիրը հանձնելու Հայաստանի Հանրապետության նախագահին։ Մենք երկուսով եղանք Ազգային ժողովում, որտեղ պաշտոնական հանդիպման ժամանակ խոսվեց նաև Արցախի և առհասարակ հայերիս առնչվող հարցերում սերբ որոշ պատգամավորների ոչ հայամետ կեցվածքի մասին։ Դեսպան Սպասոևիչն էլ իր հերթին ասաց, որ ամեն ինչ կանի, որպեսզի հարթվեն առկա տարաձայնությունները, քանի որ հայերն ու սերբերը պատմականորեն կապված են եղել, բարեկամ ժողովուրդներ են և ոչ ոքի չի հաջողվի սեպ խրել այդ բարեկամության մեջ։

-Մենք, իրոք, հոգեհարազատ ժողովուրդներ ենք և ավելի ամուր պիտի լինի մեր բարեկամությունը,- շարունակում է իր խոսքը Ռադոյիչիչը։ Առանց միասնական ջանքերի, առանց դաշինքի անհնար է հասնել ցանկալի արդյունքների։ Իսկ հայերը և սերբերը դեռ չիրականացած բազում երազանքներ ունեն։ Այդ ամենին նախապատրաստվել է պետք։ Առաջիկայում երբ Բելգրադ այցելեք, անպայման կհանդիպենք ու կշարունակենք զրույցը, որովհետև ազգային թեմաների շուրջ բանակցությունները ավելի են մերձեցնում հոգեհարազատ հայերին ու սերբերին, ավելի հասկանալի են դարձնում մեր պայքարի խորհուրդը։

Նյութի աղբյուրը՝ Բաբկեն Սիմոնյան-«Հյուպատոսական գրառումներ»

Comments

Popular posts from this blog

Պետության և իրավունքի տեսություն

  Պետության և իրավունքի տեսության հասկացությունը, առարկան և մեթոդաբանությունը Պետության և իրավունքի տեսությունը հանդիսանում է առաջնային, կարևորագույն իրավաբանական գիտություն: Գիտությունը հանդիսանում է ինտելեկտուալ գործունեություն: Պետության և իրավունքի տեսությունը ուսումնասիրում է հասրակական կյանքի պետաիրավական ոլորտը: 1.Պետության և իրավունքի տեսությունը հանդիսանում է համատեսական գիտություն, որովհետև ունի ուսումնասիրության լայն ընդարձակ ոլորտ՝ հասարակական կյանքի պետաիրավական ոլորտն ամբողջությամբ: 2.Պետության և իրավունքի տեսությունը հանդիսանում է փիլիսոփայական գիտություն, որովհետև ուսումնասիրում է պետության և իրավունքի, պետաիրավակաբ այլ երևույթների խորքային բնույթը: Պետության և իրավունքի տեսությունը հանդիսանում է նաև փիլիսոփայական գիտություն, որովհետև ուսումնասիրում է պետությունը և իրավունքը որպես համընդհանուր ունիվերսալ երևույթներ: 3.Պետության և իրավունքի տեսությունը հանդիսանում է ֆունդամենտալ գիտություն, որովհետև մշակում է պետաիրավական ոլորտի առաջնային ընդհանուր և կարևորագ...

Բազմակողմ դիվանագիտություն

  Բազմակողմ «դիվանագիտություն» հասկացությունը: Պատմական ակնարկ և կայացման հիմնական փուլերը: Բազմակողմ դիվանագիտության դերակատարության բարձրացումը 20-րդ դարի երկրորդ կեսին Բազմակողմ դիվանագիտությունը երկուսից ավել կողմերի միջև վարվող բանակցություններն են, մի քանի դերակատարների մասնակցությամբ միջազգային համաժողովները, միջազգային կազմակերպությունների շրջանակներում իրականացվող դիվանագիտական աշխատանքը: Դասական բազմակողմ դիվանագիտության առաջին օրինակ է համարվում 1814-1815թթ. Վիեննայի կոնգրեսը, սակայն բազմակողմ դիվանագիտության սաղմեր կարելի է հանդիպել նաև Հին Հունաստանի քաղաք-պետությունների կողմից վարվող դիվանագիտության մեջ, ինչու չէ, նաև միջին դարերում կնքվող դաշինքներն ու պայմանագրերը նույնպես կարելի է դասել բազմակողմ դիվանագիտության նախատիպերի շարքին, օրինակ՝ 1648թ. Վեստֆալյան պայմանագիրը: Առաջին դասական միջազգային կազմակերպություններն են՝ Հռենոսով նավարկության կենտրոնական հանձնաժողովը՝ մշտական քարտուղարությամբ, որը ստեղծվել էր Վիեննայի կոնգրեսի որոշմամբ և առաջին հանդիպումն անցկա...

Միջազգային գործընթացների վերլուծությունը ազգային անվտանգության համատեքստում

ՀՀ արտաքին քաղաքականության սկզբունքներն ու գերակայությունները https://www.mfa.am/hy/speeches/2019/08/27/fm_opening_remarks/9782 ՀՀ ազգային անվտանգության ռազմավարություն https://www.gov.am/am/National-Security-Strategy/ https://www.un.org/disarmament/wmd/nuclear/npt/text/ https://www.un.org/ru/documents/decl_conv/conventions/npt.shtml https://www.undocs.org/S/RES/2231(2015) https://undocs.org/ru/S/RES/2231(2015) https://www.worldbank.org/en/news/press-release/2019/11/06/world-bank-lebanon-is-in-the-midst-of-economic-financial-and-social-hardship-situation-could-get-worse https://www.transparency.org/en/countries/lebanon https://www.forbes.com/profile/saad-hariri/?sh=45cebbdb65b5 Դասախոսություն 1. Միջազգային գործընթացների հասկացությունը և սուբյեկտները Միջազգային գործընթացները հավաքական հասկացություն է: Այն իրենից ներկայացնում է միջազգային հարաբերությունների հիմնական դերակատարների՝ պետությունների, միջպետական և ոչ պետական տարբեր կազմակերպությունների, տարատեսակ կառույցների, միավորումների, հ...