Skip to main content

Զմմառի վանք

 

Դեռ Բեյրութ այցելելուց առաջ լսել ու կարդացել էի Զմմառի Հայ կաթողիկե վանքի մասին։ Տարբեր աղբյուրներից տեղեկացել էի նրա պատմությանը։ Եվ հիմա, երբ Լիբանանում եմ, առիթ է ներկայացել այցելելու նաև Զմմառ՝ ավելի մոտիկից ծանոթանալու նրա հոգևոր դասին, գործունեությանը, հրատարակություններին, թանգարանում պահվող մշակութային գանձերին։

Զմմառում պիտի հանդիպեմ «Հայկազեան հայագիտական հանդէս»-ի գլխավոր խմբագիր, մեծահամբավ գիտնական և մշակույթի նվիրյալ Անդրանիկ Ծայրագույն Վարդապետ Կռանյանի հետ, Սերբիայի Հանրապետության հյուպատոսության կողմից հայերեն և սերբերեն գրքեր պիտի նվիրեմ պատրիարքարանի գրադարանին։

Վաղ առավոտյան Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսություն եկավ պատրիարքարանի ներկայացուցիչը և մենք միասին ուղևորվեցինք Զմմառ։

-Ես Սարգիս Նաճարեանն եմ,- ձեռքն ինձ մեկնելով ասաց նա։- Այսօր ամբողջ օրը Զմմառի մէջ պիտի ըլլանք։

-Սարգիս Նաջարյա՞ն,- զարմացած հարցրի ես՝ մի պահ մտաբերելով վաղեմի բարեկամիս՝ Հայաստանի հանրային ռադիոյի ճանաչված հաղորդավար Սարգիս Նաջարյանին։ Ինչպիսի՜ զուգադիպություն․․․

-Լսած եմ անոր մասին,- ասում է ուղեկիցս,- բայց առիթ չեմ ունեցած տեսնելու զինք։

Լիբանանաբնակ Սարգիս Նաջարյանի հետ ծանոթությունս հաճելի տրամադրությունն ստեղծեց, մանավանդ, որ հանրային ռադիոյում աշխատելու տարիներին այդ անուն-ազգանունը հաճախ է հնչել։

-Երբևէ եղա՞ծ եք Զմմառի մէջ,- հարցնում է Նաջարյանը։

-Նախկինում չե՛մ եղել,- ասում եմ ուղեկցիս,- սա իմ առաջին այցն է։

-Կը յուսամ, որ լաւ օրեր կ՝ անցընէք հոս,- հետաքրքրվում է Սարգիսը։

-Անշո՛ւշտ,- զրույցն առաջ եմ տանում,- ինձ հրաշալի ընդունելություն են ցույց տվել Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունում, մասնավորաբար գոհ եմ Արամ Ա կաթողիկոսի բարեհաճ վերաբերմունքից։

-Զմմառի մէջ ալ հետաքրքրական հանդիպումներ պիտի ըլլան,- բացատրում է Նաջարյանը։-Կը տեսնէք մեր թանգարանը, ձեռագրատունը։ Հաւանաբար լսած էք Անդրանիկ Ծայրագոյն Վարդապետ Կռանեանին մասին, որ կը խմբագրէ «Հայկազեան հայագիտական հանդէս»-ը։ Անոր հետ ալ պիտի հանդիպիք։

-Լսե՛լ եմ, անշո՛ւշտ,- պատասխանում եմ,- գիտեմ, որ հրաշալի մտավորական է, բազմաթիվ գրքերի հեղինակ, տեղյակ եմ  նաև, որ խմբագրել է պատրիարքարանի «Մասիս» պարբերականը։

-Գիտեմ, որ գրական ու մշակութային գործունէութենէն զատ, նաեւ Սերպիոյ Հանրապետութեան պատուոյ հիւպատոսն եք Հայաստանի մէջ,- ասում է Նաջարյանը։

-Այո, արդեն 7 տարի է, մշակութային գործունեությունից զատ զբաղվում եմ նաև հյուպատոսական աշխատանքով,- տեղեկացնում եմ Նաջարյանին։- Դա շատ բանով նպաստում է իմ գործունեության աշխուժացմանը։ Մենք դասախոսություններ, գրական ու մշակութային երեկոներ ենք կազմակերպում, զբաղվում ենք հրատարակչական աշխատանքով։ Գրականությունը և մշակույթը շատ ենք կարևորում՝ համարելով մեր գործունեության առանցքը, որովհետև ամեն երկիր աշխարհին է ներկայանում առաջին հերթին իր մշակույթով։

-Ներս ենք մտնում։ Վանքի բակից գեղեցիկ տեսարան է բացվում Միջերկրական ծովի ուղղությամբ։ Ճերմակավուն քարից կառուցված վանական համալիրը աչք է շոյում։

-Զմմառի մէջ տեղեկացուած են Ձեր այցի մասին,- ասում է Սարգիսը։- Հիմա կը տեսնէք վանական համալիրը, թանգարանը, կը ծանօթանաք Հայր Անդրանիկ Կռանեանի հետ։

Քիչ հետո մեզ է մոտենում հայր Մովսես Տոնանյանը։ Տեղեկանալով այցիս մասին, սիրով համաձայնում է ուղեկցել և ցույց տալ Զմմառի վանքում պահպանվող արժեքավոր նմուշները։

-Զմմառի մէջ առաջին անգա՞մ կ՛ըլլաք,- հետաքրքրվում է վարդապետը։

-Այո՛, սա իմ առաջին այցն է Լիբանան,- պատասխանում եմ։

Այցելությունս Զմմառի վանք ինձ հիշեցրեց Վիեննայի Մխիթարյան միաբանության արխիվներում աշխատելուս անմոռանալի օրերը, երբ ուսումնասիրում էի դիվաններում պահպանված և շուրջ 300 տարվա վաղեմություն ունեցող սերբահայ գաղթօջախին վերաբերող բացառիկ ու արժեքավոր վավերագրերն ու նյութերը։ Այդ նշխարներին շփվելիս ավելի էի զգում անցյալ դարերի շունչն ու ոգին, ժամանակի իրադարձությունները հառնում էին աչքիս առջև ու ակամայից ասես այդ ամենի մասնակիցն էի դառնում։

Հայր Մովսեսի հետ շրջում ենք վանքի սրահներով։ Նա սիրով պատմում է հոգևոր այս օջախի գործունեության մասին, ցույց է տալիս այստեղ պահպանվող մասունքներն ու նշխարները՝ ձեռագրատունը, մատենադարանը, թանգարանը, արժեքավոր նմուշները՝ հնատիպ գրքերը, թերթերը, ամսագրերը։ Տեղեկացնում է, որ շուրջ 2000 ձեռագիր է պահպանվում այստեղ, որոնցից 200-ը օտար լեզուներով՝ արաբերեն, ասորերեն, պարսկերեն։ Գրադարանն ունի շուրջ 30000 գիրք, որոնց մեծ մասը հայերեն է՝ հայկական առաջին տպագիր օրինակներից մինչև Հայաստանի նորագույն հրատարակությունները։ Դիվանատանը պահպանվող շուրջ 600 տուփերում եղած փաստաթղթերը մոտավորապես 25 դարյա պատմություն ունեն։ Դրանք միաբանների կենսագրություններ են, կալվածաթղթեր, կոնդակներ, պետական պաշտոնագրեր, նամակներ և բազմաթիվ այլ նյութեր։ Այստեղ են գտնվում Մխիթար Գոշի «Դատաստանագրքի» և «Գիրք Թղթոց»-ի բացառիկ օրինակները, ինչպես նաև 16-18-րդ դարերի հնատիպ տասնյակ գրքեր։

-Հսկայածավալ գրականություն ունեք և արժեքավոր ցուցադրություններ,- ասում եմ հայր Մովսեսին։

Հնատիպ գիրքերուն մեծ մասը ուսումնասիրուած չէ,- բացատրում է վարդապետը։ -Մեր գրադարանին մէջ կան նաև այնպիսի հնատիպ գիրքեր, որոնց բովանդակութենէն նույնիսկ մենք անտեղեակ ենք, չենք հասցուցած լիարժէքօրէն ուսումնասիրել եղած գիրքերուն մեծ մասը։ Այդ ամէնը ուսումնասիրելու համար հսկայական աշխատանք պէտք է կատարել։

Դարերն են ննջում այս հնատիպ գրքերի էջերում։ Բաբախում է պատմության անհանգիստ ու խռովքներով լի զարկերակը։ Զմմառում հանգրվան գտած հնատիպ հարյուրավոր գրքեր պահ են տվել իրենց էջերին հեռավոր դարերի պատմական անցուդարձերը։

-Երևանից գրքեր եմ բերել Զմմառի գրադարանին նվիրելու համար,- դիմում եմ հայր Մովսեսին։ -Հայաստանում Սերբիայի հյուպատոսությունն արդեն մոտ 7 տարի գրքերի նվիրատվության ծրագիր է իրականացնում։ Դրանք մենք նվիրում ենք Հայաստանի, Վենետիկի և Վիեննայի Մխիթարյան միաբանության, Սերբիայի, Ռուսաստանի գրադարաններին, ինչպես նաև աշխարհի տարբեր երկրներում գործող հոգևոր-մշակութային կենտրոններին։

-Մենք սիրով գիրքեր կ՛ընդունինք, գիրքը մեզի համար պաշտամունք է, մանաւանդ որ հիւպատոսութեան անունէն կը նուիրէք,- շնորհակալությամբ ասում է վարդապետը։ - Այդ գիրքերն իրենց մշտական հանգրուանը կ՛ունենան մեր գրադարանի պահոցներուն մէջ։

Վարդապետը երախտագիտությամբ ընդունեց գրքերը։

-Պիտի հանդիպինք Հայր Անդրանիկին,- ասում է Սարգիսը,- յետոյ պիտի ճաշենք հոգեորականներուն հետ։

Հայր Անդրանիկը Զմմառի իր առանձնասենյակում աշխատում էր։ Նկատելով մեզ, նա սիրով ներս հրավիրեց։ Տարիներից փոքր-ինչ ճկնած ու փոքրամարմին վարդապետն ինձ հիշեցրեց միջնադարյան վանքերի դպիրներին ու գրչագիրներին, ովքեր կանթեղի լույսի տակ վավերացնում էին մեր դժվար ու արյունոտ պատմության էջերը՝ պահ տալով մշակութային բազում գանձեր գալիք սերունդներին։

Գրասեղանին «Հայկազեան Հայագիտական Հանդէս»-ի նոր լույս տեսած համարն է, նաև՝ հոդվածներ, գրքեր, ամսագրեր։ Կյանքի արդեն 80-ը բոլորած վարդապետը շարունակում է խմբագրել ծավալուն ու արժեքավոր այդ տարեգիրքը։ Ասացինք, որ շատ չենք զբաղեցնի իրեն, բայց հայր Անդրանիկը սիրով համաձայնեց զրուցել մեզ հետ, խոսել «Հայկազեան Հայագիտական Հանդէս»-ի այսօրվա խնդիրների ու անելիքների մասին։

-Ձեզի հաւանաբար ծանօթ է «Հայկազեան հայագիտական հանդէս»-ը,- հետաքրքրվում է վարդապետը։

-Անշո՛ւշտ, Երևանի գրադարաններում առիթ եմ ունեցել կարդալու հանդեսի առանձին համարներ,- տեղեկացնում եմ հայր Անդրանիկին,- ծրագրում եմ Բեյրութում հանդիպել նաև հանդեսի աշխատակազմի հետ։

-Եթէ հետաքրքրական նիւթեր ունիք՝ կրնաք աշխատակցիլ մեզի,- առաջարկում է վարդապետը։

-Շուրջ 40 տարի զբաղվում եմ հայ-սերբական գրական և մշակութային կապերով, ուսումնասիրում եմ Սերբիայի հայ գաղթօջախի պատմությունը՝ սկսած 13-րդ դարից և այդ մասին ունեմ հրապարակումներ,- ասում եմ վարդապետին։ -Չգիտեմ, որքանո՞վ հետաքրքիր կլինեն սերբահայ համայնքի մասին իմ հոդվածները Ձեր հանդեսի ընթերցողներին։

-Հրաշալի՜ թեմա է,- ոգևորված ասում է նա,- անշուշտ շատ հետաքրքրական պիտի ըլլան։ Սերպիոյ հայ գաղթօճախին մասին համարեա բան չենք գիտեր։ Շատ լաւ կ՛ըլլայ, որ յոդուած մը պատրաստէք այդ հարցին շուրջ։ Մեր հանդէսին համար հրաշալի նիւթ մըն է։

-Կփորձեմ ինչ-որ բան պատրաստել,- պատասխանում եմ,- թեև ժամանակիս զգալի մասը նվիրում եմ գրական ստեղծագործություններ հեղինակելուն, թարգմանական գործունեությանը, իսկ արդեն 7 տարի՝ նաև հյուպատոսական աշխատանքին։

-Լսած եմ, որ Հայաստանի մէջ Սերպիոյ պատուոյ հիւպատոսն էք,- ասում է վարդապետը։

-Այո, հայր Անդրանիկ,- պատասխանում եմ,- հյուպատոսական աշխատանքս համատեղում եմ գրական-մշակութային գործունեությանս, բավականին ծանրաբեռնված եմ։ Օրեցօր նոր գործեր են ավելանում, ոչ միայն գրական բնույթի, այլև՝ հյուպատոսական, այդ իսկ պատճառով շատ գործեր կիսատ են, չեմ կարողանում հասցնել ավարտին։

Այնուհետև հայր Անդրանիկի և Սարգիս Նաջարյանի հետ շրջում եմ վանքի սրահներում, ծանոթանում հրատարակություններին՝ ամսագրերին, գրքերին։

-Ես քաջատեղյակ եմ Ձեր հոգևոր ու մշակութային գործունեությանը,- դիմում եմ վարդապետին,- կարդացել եմ Ձեր հեղինակած գրքերից մի քանիսը։

-Նոր գիրքերէս կը նուիրեմ,- ասում է Կռանյանը։ -Կը կարծեմ, թե Ձեզ կը հետաքրքրեն։

-Անշուշտ, սիրով կընդունեմ, գիրքն ինձ համար կուռք է,- ասում եմ զրուցակցիս։

Քայլում եմ հայր Անդրանիկի և Սարգիս Նաջարյանի հետ միասին Զմմառի վանքի սրահներում, որոնցում խնամքով ու սրբությամբ պահվում են մեր հոգևոր ու մշակութային գանձերը։ Խորհում եմ, եթե չլիներ 1915 թվականի հայոց մեծ եղեռնը, տասնապատիկ հարուստ էր լինելու մեր մշակութային ժառանգությունը։ Սրբապիղծ թուրքի բարբարոս ու կործանարար ձեռքով քանի՜-քանի՜ սրբալույս ձեռագրեր են հրո ճարակ դարձել, եկեղեցիներ ու վանքեր ավերվել, սրբատեղիներ պղծվել․․․ Բայց օսմանցի հորդաներին չի հաջողվել իսպառ բնաջնջել հայ ժողովրդի գոյության ակունքները՝ մագաղաթյա ոսկեձեռիկ մատյանները, ձեռագիր գրքերը, նաև՝ պայքարի ոգին։

-Օրն արդեն կիսվել էր, երբ ինձ հրավիրեցին ճաշի, որին ներկա էին Զմմառի վանքի համարյա բոլոր հոգևորականները։ Վարդապետները հետաքրքրվեցին իմ գործունեությամբ, ցանկացան տեղեկանալ Զմմառ այցիս նպատակին։ Սարգիսը վարդապետներին ասաց, որ Երևանից եմ, եկել եմ ծանոթանալու Զմմառի վանական համալիրին, որպեսզի հետո թղթին հանձնեմ տպավորություններս։ Հայր Անդրանիկն ինձ նվիրեց «Հայկազեան Հայագիտական Հանդէս»-ի նոր լույս տեսած հատորը, իսկ Սարգիսը՝ տարբեր ամսագրեր ու հրատարակություններ, որոնք ուղեցույց պիտի լինեին ամբողջացնելու գիտցածս Զմմառի ու նրա հոգևոր դասի մասին։

․․․Օրը մոտենում է ավարտին։ Հրաժեշտ եմ տալիս Զմմառի կաթողիկե վանքին, հայր Անդրանիկին և մյուս միաբաններին՝ ինձ հետ տանելով նրանց հետ ունեցած ջերմ ու անմոռանալի զրույցների տպավորությունները։

Իրոք, ի՜նչ պայծառ ու գեղեցիկ կերպար է հայր Անդրանիկ Կռանյանը՝ գիտելիքների հարուստ շտեմարան, որով նա առատաբաշխ ու անսահման նվիրումով ծառայում է հայ հոգևոր մշակույթին։

Նյութի աղբյուրը՝ Բաբկեն Սիմոնյան-«Հյուպատոսական գրառումներ»

Comments

Popular posts from this blog

Պետության և իրավունքի տեսություն

  Պետության և իրավունքի տեսության հասկացությունը, առարկան և մեթոդաբանությունը Պետության և իրավունքի տեսությունը հանդիսանում է առաջնային, կարևորագույն իրավաբանական գիտություն: Գիտությունը հանդիսանում է ինտելեկտուալ գործունեություն: Պետության և իրավունքի տեսությունը ուսումնասիրում է հասրակական կյանքի պետաիրավական ոլորտը: 1.Պետության և իրավունքի տեսությունը հանդիսանում է համատեսական գիտություն, որովհետև ունի ուսումնասիրության լայն ընդարձակ ոլորտ՝ հասարակական կյանքի պետաիրավական ոլորտն ամբողջությամբ: 2.Պետության և իրավունքի տեսությունը հանդիսանում է փիլիսոփայական գիտություն, որովհետև ուսումնասիրում է պետության և իրավունքի, պետաիրավակաբ այլ երևույթների խորքային բնույթը: Պետության և իրավունքի տեսությունը հանդիսանում է նաև փիլիսոփայական գիտություն, որովհետև ուսումնասիրում է պետությունը և իրավունքը որպես համընդհանուր ունիվերսալ երևույթներ: 3.Պետության և իրավունքի տեսությունը հանդիսանում է ֆունդամենտալ գիտություն, որովհետև մշակում է պետաիրավական ոլորտի առաջնային ընդհանուր և կարևորագ...

Բազմակողմ դիվանագիտություն

  Բազմակողմ «դիվանագիտություն» հասկացությունը: Պատմական ակնարկ և կայացման հիմնական փուլերը: Բազմակողմ դիվանագիտության դերակատարության բարձրացումը 20-րդ դարի երկրորդ կեսին Բազմակողմ դիվանագիտությունը երկուսից ավել կողմերի միջև վարվող բանակցություններն են, մի քանի դերակատարների մասնակցությամբ միջազգային համաժողովները, միջազգային կազմակերպությունների շրջանակներում իրականացվող դիվանագիտական աշխատանքը: Դասական բազմակողմ դիվանագիտության առաջին օրինակ է համարվում 1814-1815թթ. Վիեննայի կոնգրեսը, սակայն բազմակողմ դիվանագիտության սաղմեր կարելի է հանդիպել նաև Հին Հունաստանի քաղաք-պետությունների կողմից վարվող դիվանագիտության մեջ, ինչու չէ, նաև միջին դարերում կնքվող դաշինքներն ու պայմանագրերը նույնպես կարելի է դասել բազմակողմ դիվանագիտության նախատիպերի շարքին, օրինակ՝ 1648թ. Վեստֆալյան պայմանագիրը: Առաջին դասական միջազգային կազմակերպություններն են՝ Հռենոսով նավարկության կենտրոնական հանձնաժողովը՝ մշտական քարտուղարությամբ, որը ստեղծվել էր Վիեննայի կոնգրեսի որոշմամբ և առաջին հանդիպումն անցկա...

Միջազգային գործընթացների վերլուծությունը ազգային անվտանգության համատեքստում

ՀՀ արտաքին քաղաքականության սկզբունքներն ու գերակայությունները https://www.mfa.am/hy/speeches/2019/08/27/fm_opening_remarks/9782 ՀՀ ազգային անվտանգության ռազմավարություն https://www.gov.am/am/National-Security-Strategy/ https://www.un.org/disarmament/wmd/nuclear/npt/text/ https://www.un.org/ru/documents/decl_conv/conventions/npt.shtml https://www.undocs.org/S/RES/2231(2015) https://undocs.org/ru/S/RES/2231(2015) https://www.worldbank.org/en/news/press-release/2019/11/06/world-bank-lebanon-is-in-the-midst-of-economic-financial-and-social-hardship-situation-could-get-worse https://www.transparency.org/en/countries/lebanon https://www.forbes.com/profile/saad-hariri/?sh=45cebbdb65b5 Դասախոսություն 1. Միջազգային գործընթացների հասկացությունը և սուբյեկտները Միջազգային գործընթացները հավաքական հասկացություն է: Այն իրենից ներկայացնում է միջազգային հարաբերությունների հիմնական դերակատարների՝ պետությունների, միջպետական և ոչ պետական տարբեր կազմակերպությունների, տարատեսակ կառույցների, միավորումների, հ...