Ալբերտ և Լարիսա Խաչատուրյանները թեյ են խմում իրենց այգում՝
դեպի հողը խոնարհված ծաղիկների մեջ, և նայում են հին դպրոցի փլատակներին: Նրանք նման
են երկրաշարժ վերապրած մարդկանց:
Խաչատուրյանների՝ Շուշիի վերին հատվածում գտնվող տունը քաղաքում
կանգուն մնացած եզակի շենքերից է: Շրջելով այդ երբեմնի ծաղկուն քաղաքի փողոցները երիզող
խնձորենիների և կաղնիների ստվերում՝ անցնում էի հին, ժամանակին շքեղ պատշգամբներով
առանձնատների այրված կմախքների կողքով: Շուշին, որը կանգնած է ձորաբերանին՝ Ղարաբաղի
կենտրոնական մասում, ժամանակին խոշորագույն կովկասյան քաղաքներից էր և հայտնի էր իր
թատրոններով, մզկիթներով ու եկեղեցիներով: Գրեթե ամբողջովին ավերված քաղաքում այժմ
ապրում են ընդամենը մի բուռ մարդիկ. հատուկենտ տները երիզում են ամայի փողոցները: Այդ
ավերածությունները երկաշարժի արդյունք չեն. դրանք մարդկային արարքների հետևանք են:
Խաչատուրյանները Շուշիում մնացած հազվադեպ բնիկներից են:
Նրանք ներկայացնում էին հիմնականում ադրբեջանաբնակ քաղաքի հայ փոքրամասնությունը:
1988 թվականի փետրվարին, երբ Ղարաբաղի հայերը սկսեցին բողոքի շարժումը, Շուշիի ադրբեջանցիները
վախեցան: «Ոչ ոք չքնեց»,- հիշում է այն օրերին Շուշիի քաղգործկոմի աշխատակից Զահիդ
Աբասովը: Շուշիի հայերը՝ Լարիսա և Ալբերտ Խաչատուրյանների պես մարդիկ, վախեցած էին
կրկնակի: Նրանք խորհրդային տարիներին բավական լավ կյանքով ապրած ուսուցիչներ էին, ունեին
տասնյակ ադրբեջանցի ընկերներ ու գործընկերներ: Բայց 1988թ. նրանք միանգամից դարձան
խիստ խոցելի սոցիալական խմբի անդամներ, այսինքն՝ նրանք Ադրբեջանի կազմում հայկական
մարզի ադրբեջանական քաղաքի հայ բնակիչներ էին: Ո՞ւմ պաշտպանությանը պիտի ապավինեին:
Նրանց պատմությունը, Շուշիում կատարվածի պատմությունն ընդհանուր առմամբ, պատմություն
է այն մասին, թե ինչպես նախկին հարևանները սկսեցին վախենալ միմյանցից, ապա և՝ կռվել
միմյանց դեմ:
Շուշին զերծ էր Սումգայիթի սոցիալ-տնտեսական-պրոբլեմներից,
և սկզբում քաղաքի երկու համայնքների միջև թշնամանք չկար: Բայց 1988 թվականի փետրվարյան
ջարդերը Սումգայիթում անմիջապես լարում առաջացրին մթնոլորտում, որն է՛լ ավելի շիկացավ,
երբ Լեռնային Ղարաբաղ սկսեցին գալ փախստականները. նախ՝ հայերը Սումգայիթից, ապա՝ ադրբեջանցիները
Հայաստանից: Շուշիում պայթաքուղն ավելի երկար մխաց՝ թերևս տարիներով ամրապնդված վստահության
փոխհարաբերությունների շնորհիվ: Պայթյունը, այդուհանդերձ, տեղի ունեցավ 1988 թվականի
սեպտեմբերին, երբ հաշված օրերի ընթացքում հայերը դուրս քշվեցին Շուշիից, իսկ բոլոր
ադրբեջանցիները՝ Ստեփանակերտից: Ալբերտը ինձ պատմեց այդ օրվա մասին, երբ, գալով տուն,
բախվել էր իր այգին ավերող ու իր ունեցվածքը ջարդուփշուր անող ամբոխին.
Կարծում էինք՝ ամեն բան խաղաղությամբ կավարտվի: Շատ բարդ
էր, որովհետև Շուշին փոքր քաղաք է: Բոլորս ճանաչում էինք միմյանց. բոլորս ընկերներ
էինք, գնում էինք միմյանց հարսանիքներին ու թաղումներին: Եկա տեսնեմ՝ հարևանս՝ Հուսեյնը,
տակնուվրա է անում պատշգամբս: Ասացի. «Հուսե՛յն, այս ի՞նչ ես անում»: Նրա փեսային ե
օգնել էի ընդունվել կուսակցության շարքերը: Լուռ հեռացավ:
1988 թվականի վերջից, երբ հեռացան բոլոր հայերը, մինչև
1992 թվականի սկիզբը Շուշին ադրբեջանական հանդուգն ֆորպոստ էր հայերի վերահսկողության
տակ գտնվող Լեռնային Ղարաբաղի սրտում: Երբ 1992 թվականին՝ Խորհրդային Միության փլուզումից
հետո, բռնկվեց լայնամասշտաբ պատերազմը, հայկական զորքերը ի վերջո գրավեցին Շուշին:
Շուշիի հայերը, այդ թվում Խաչատուրյանները, վերադարձան մի քաղաք, որը կրկին իրենց տունն
էր, բայց հիմնահատակ ավերված:
Խաչատուրյանների զույգը այգում թեյ խմելիս հայացքն ուղղում
է քարուքանդ քաղաքին, որտեղ երկուսն էլ աշխատել էին երկար տարիներ: Ժամանակին նեոկլասիցիզմի
ոճով կառուցված Ռեալական դպրոցի ավերված շենքը ամենացավալի կորուստներից է: 1906 թվականին
կառուցված եռահարկ դպրոցը ժամանակին 400 աշակերտ ուներ ու կրթություն էր տալիս տեղի
բուրժուազիայի զավակներին: Դպրոցի շրջանավարտները ուսումը շարունակում էին Մոսկվայի
և Սանկտ Պետերբուրգի համալսարաններում: Այսօր շենքի վեհաշուք ճակատից մնացել են սոսկ
արված եռաշարք լուսամուտների փուչ խոռոչները: Ներս մտնողին դեռևս ողջունում է մուտքի
դռան մոտ մարմարի հատակին մնացած լատինատառ Salve-ն (Ողջույն): Բայց բարձրանալով մարմարե
կիսաշրջանաձև աստիճաններով՝ հայտնվում ես ավերված դասասենյակներում ու միջանցքներում,
որտեղ կանաչ խոտ է աճում հատակի սալերի ճեղքերից:
Շուշիի պատմությունը վերականգնելու համար ստիպված էի հետ
ու առաջ ճամփորդել հայերի կողմից վերահսկվող բուն քաղաքի և Ադրբեջանում ապաստանած «արատքսված
Շուշիի»՝ քաղաքի ադրբեջանական համայնքի միջև: Քաղաքի երկու հատվածները բռնի կերպով
բաժանել էին միմյանցից նախ մարտերը, ապա հրադադարի գիծը:
Սկսեցի Ադրբեջանի կասպյան առափի առողջարաններից մեկից, որտեղ
«Շուշա» անվանումը սպիտակ մեծատառերով գրված էր հենց մուտքի աստիճաններին: Լուսամուտների
միջև սարդոստայն էին հյուսել լվացքի պարանները: 1992 թվականին պատերազմը Շուշիի հազարավոր
ադրբեջանցիներին քշել էր Բաքվից դեպի հյուսիս գտնվող այս հին ծովափնյա հանգստավայրը:
Տեղանքն ավազոտ է ու չոր. հատուկենտ տերևաթափ սոճիներն էին միայն հիշեցնում Ղարաբաղի
անտառների մասին:
Ջաֆարովների ընտանիքն ապրում է մութ սենյակում, որի հիմնական
կահավորանքը գրեթե մինչև առաստաղը հասնող վերմակների ու բարձերի կույտն է: Ասացին,
որ իրենց որդին՝ Չենգիզը, սպանվել է 1992 թվականի մայիսի 8-ին՝ Շուշիի անկման օրը:
Երբ հարցրի խորհրդային տարիների մասին, ստացա մի պատասխան, որը հետագայում տասնյակ
անգամներ լսելու էի ինչպես մեկ, այնպես էլ մյուս կողմից՝ «Առաջ հայերի հետ նորմալ ապրում
էինք»: Նրանց ընկալմամբ՝ ատելության քայքայիչ սաղմը ներսում չի եղել, դրսից է բերվել:
Չենգիզի լավագույն ընկերը՝ Զաուրը, որ թավ բեղերով ու ռեգբիստի
կազմվածքով հաճելի տղամարդ էր, ներս մտավ կաղալով. քայլում էր ձեռնափայտի օգնությամբ:
Պատմեց, որ 1992 թվականին ծառայում էր ոստիկանությունում և Շուշիի ադրբեջանցի պաշտպանների
թվում էր: Հայերի վճռորոշ գրոհից 6 շաբաթ առաջ վիրավորվել էր «Գրադ»-ի պայթյունից:
Բեկորները վնասել էին ոտքերը, ձախ ոտքի անդամահատումից հետո ևս 22 վիրահատություն է
պահանջվել, որ կարողանա ոտքի կանգնել: Ասաց, որ մշտական աշխատանք չունի և օրվա մեծ
մասը անցկացնում է մարդկանցով լեցուն առողջարանում: «Ամառն սկսվում է: Հիմա 3-4 ամիս
շոգից մեռնելու ենք: Մենք լեռնաբնակներ ենք, շոգին սովոր չենք. հենց այդ ժամանակ է,
որ կարոտը սկսում է խեղդել»:
Զաուրի մտերիմ ընկերներից երկուսը հայ են եղել: Նրանք միասին
են մեծացել մզկիթից զառիվայր իջնող փողոցում, վոլեյբոլ ու ֆուտբոլ են խաղացել, միմյանց
օգնել են շուկայից գնումներ կատարելիս: Երբ Զաուրին բանակ էին տանում, նրանցից մեկը,
որպես հաջողության բարեմաղթանք, վճարել էր վարսավիրի փողը: «Պատերազմի ժամանակ անընդհատ
վախենում էի, թե ավտոմատից նշան բռնելիս կտեսնեմ Վիգենին կամ Սուրիկին,- վերհիշում
է նա:- Գիշերային մղձավանջս էր դարձել»:
Զաուրի օգնությամբ շփումներ ունեցա Շուշիից արտաքսված ադրբեջանցիների
շրջանակում: Նրանք հուզվեցին, երբ ասացի, որ պատրաստվում եմ գնալ իրենց հայրենի քաղաքը:
Յուսուֆը փաստաբան էր: Մեղմ ձայնով, բարակ սև բեղերով և տխուր աչքերով մոտ 40-ամյա
այդ տղամարդու կերպարում չեխովյան տրտմություն կար: Նա ավելի ինքնամփոփ ու դառնացած
էր, քան Զաուրը, և ասաց, որ միայն վերջերս է խախտել մինչև Շուշիի ազատագրումը չամուսնանալու
իր երդումը: Թղթի կտորի վրա գծեց ու ամենայն մանրամասնությամբ բացատրեց, թե քաղաքում
ինչպես գտնեմ իր տունը:
2000 թվականի գարնանը կիսաքանդ Շուշիի բնակչությունը
3000 էլ չէր կազմում՝ նախկին բնակչության մեկ տասներորդից էլ պակաս: Նրանք հիմնականում
չքավոր հայ փախստականներ էին Ադրբեջանից: Մարմարապատ աղբյուրի մոտ դույլերով ջրի հերթում
գտա քաղաքը լավ ճանաչող երկու բնիկ շուշեցիների: Զաուրի ընկերները, հավանաբար, հեռացել
էին քաղաքից: Ավելի ուշ, սակայն, ինձ ուղեկցեցին եկեղեցու հարևանությամբ գտնվող քառահարկ
մի բնակելի շենք, որտեղ ծանոթացա ամրակազմ սևաբեղ և սևաչ մի տղամարդու հետ: Զաուրի
ընկեր Վիգենն էր: Մինչ բացատրում էի այցելությանս պատճառը, Վիգենի կինը սուրճ մատուցեց:
Սկզբում, երբ փոխանցեցի Զաուրի ողջույնը, որին վերջին անգամ
10 տարի առաջ էր տեսել, Վիգենը շփոթվեց: Հետո հարցրեց. «Ընտանի՞քն ինչպես է: Հայրը,
կարծես, մահացել է, չէ՞»: Պատերազմը այդ պահին մոռացվեց. նրան հետաքրքրում էին հին
Շուշիի նորություններն ու բամբասանքները, իսկ այդ հարցում ես չէի կարող օգտակար լինել:
Նա արդեն գիտեր, որ իր ընկերը կորցրել է ոտքը: «Կռվում էր Մարտակերտի շրջանում,-պատմեց
նա:- Ռադիոկապով լսեցի շուշեցի ծանոթներից մեկի ձայնը: Նույն ալիքով եթեր մտա ու զրույցի
ընթացքում իմացա, որ Զաուրը վիրավորվել է»: Շուշիի «փողոցային հեռագրակապի» համար ռազմաճակատային
գիծը խոչընդոտ չէր, իսկ «թշնամիներից» ոմանք դեռ բարեկամներ էին:
Վիգենին ասացի, որ Զաուրը անընդհատ վախենում էր նշան բռնելիս
իր հայ ընկերներից մեկին տեսնել: «Ես էլ նույն վախն ունեի»,- ժպտաց նա: Սակայն Վիգենը
ապագային շատ ավելի սթափ էր նայում: Ի վերջո, նա էլ անցել էր պատերազմի բովով և այժմ
աշխատում է Լեռնային Ղարաբաղի կառավարական կառույցներից մեկում: Շուշիի ադրբեջանցիները
կունենա՞ն վերադառնալու հնարավորություն: «Իմ կարծիքով, մինչև դա տեղի ունենա, այս
սերունդը կմեծանա»,- պատասխանեց նա՝ ցույց տալով իր 6-ամյա որդուն:
Հաջորդ հանձնարարությունը կատարելը ավելի բարդ էր. քարուքանդ
քաղաքում Յուսուֆի տունը գտնելու հույսներն աննշան էին: Այնուամենայնիվ, մի քանի օր
անց երկու ծանոթ լրագրողների հետ գնացինք այն որոնելու: Գտանք Յուսուֆի նախկին հարևաններից
մեկին, որը մեզ տարավ մի քառահարկ բնակելի շենքի մոտ: Գրեթե բոլոր բնակարանները այրված
էին, բայց մի քանիսում մարդիկ էին ապրում: Յուսուֆի բնակարանը (թիվ 28-ը) կարծես դրանցից
մեկն էր: Երկրորդ հարկում գտնվող այդ բնակարանի պատշգամբի բազրիքին սևահեր մի հայուհի
էր հենված: Անունն Անուշ էր:
Անուշը մեզ վերև հրավիրեց: Ներողություն խնդրեցինք ու բացատրեցինք,
թե ինչու ենք եկել: Մեր անսպասելի այցը անհանգստացրեց նրան, ինչը զարմանալի չէ: Այդուհանդերձ,
մեզ ներս հրավիրեց: Նա ուսուցչուհի էր, մոտավորապես նույն տարիքի, ինչ Յուսուֆը՝ միջին
տարիքի շեմը վերջերս հատած, երկնագույն առատ շպարը շրջանակում էր նրա խոշոր սև աչքերը:
Մինչ մենք, բազմոցին նստած, լսում էինք, թե ինչպես են այստեղ հայտնվել, նրա դուստրը
սուրճ պատրաստեց: Անուշի պատմածը պատերազմով կոտրված կյանքի ևս մեկ պատմություն էր:
Շուշին դեռ մխում էր կրակների մեջ, երբ առաջին անգամ եկել էր այստեղ 1992 թվականի մայիսի
10-ին՝ Յուսուֆի և իր հոր հեռանալուց ընդամենը 2 օր անց: Ղարաբաղի հայկական իշխանությունները
խրախուսում էին իրենց տները կորցրած մարդկանց՝ հնարավորինս արագ բնակություն հաստատել
Շուշիում, քանի որ մտավախություն ունեին, թե ավարառու թալանչիները ամբողջությամբ կրակի
կտան քաղաքը: Անուշը այդ առումով հարմար թեկնածու էր. երեք ամիս առաջ նրա բնակարանը
հողին էր հավասարեցվել Շուշիից արձակված «Գրադ»-ով, իսկ դրանից առաջ հայրենի գյուղում
գտնվող տունը հրկիզվել էր ադրբեջանցիների գրոհի ժամանակ: Ուստի մտավ թիվ 28 բնակարանը,
որն այժմ իր միակ տունն է: «Դուռը բաց էր, բնակարանը՝ թալանված»,- ասաց նա: Մենք շտապեցինք
վստահեցնել, որ նախկին տանտիրոջ իրավունքը հաստատելու կամ իրենը վիճարկելու համար չենք
եկել, բայց ամենադժվար ու անպատասխանելի հարցը՝ «Ո՞ւմ է պատկանում այս տունը», մնում
էր առկախ:
Անուշի հյուրասենյակի պատերից մեկին՝ հատակից մինչև առաստաղ,
փակցված էր ռուսական աշնանային անտառի պատկերով լուսանկարչական պաստառ: Այդպիսի պաստառներ
կային միլիոնավոր խորհրդային բնակարաններում՝ աշնանային արևից նարնջագույն ու ոսկեգույն
երանգներ ստացած արծաթաբուն կեչիներ: Անուշը ցույց տվեց, որ պաստառի մի կտոր պոկված
է եղել, և իրենք վերականգնել են բնանկարի բացակայող հատվածը: Ինքն ու իր դուստրը այնքան
խնամքով էին արել դա, որ առաջին հայացքից դժվար էր նկատել: Նրա նյարդային ժպիտը կարծես
ուզում էր հասկացնել, որ դա բնակարանին իր կապվածության խորհրդանիշն է:
Կեչիների պատկերով լուսանկարչական պաստառը դարձավ հաստատումն
այն բանի, որ գտածս Յուսուֆի բնակարանն էր: Վերադառնալով Ադրբեջան՝ նրան գտա Բաքվի
կենտրոնում՝ իր փաստաբանական աղմկոտ գրասենյակում, ու ցույց տվի արածս լուսանկարներից
մի քանիսը: Երբ հասանք կեչիներով պաստառին, խոր հոգոցով ասաց. «Այո՛, սա իմ տունն է»:
Դուրս եկանք գրասենյակից ու զրույցը շարունակեցինք Շատրվանների հրապարակում գտնվող
մի սրճարանում, որտեղ քյաբաբ են մատուցում: Յուսուֆի խոսքը, սակայն, ավելի ու ավելի
ցրված էր դառնում, քանի որ գնալով ավելի ու ավելի էր խորասուզվում մտքերի մեջ: Արածս,
թերևս, սխալ էր: Մի բան է օդի մեջ ասել, թե ապրել եմ թիվ 28 բնակարանում, և բոլորովին
այլ բան՝ բախվել կոնկրետ իրականության հետ, որ այդ բնակարանը դեռ գոյություն ունի,
և այնտեղ թշնամի է ապրում:
Հետո Յուսուֆը կենտրոնացավ մեկ այլ լուսանկարի վրա. իր այգու
լուսանկարն էր: Բազմաբնակարան շենքից ջրատար խողովակ էր ձգվում դեպի այդ փոքրիկ կանաչ
կղզյակը: Ընդամենը մի քանի քառակուսի մետրի վրա կային սալահատակ արահետներ, մրգատու
ծառեր, հաղարջի թփեր՝ իսկական փոքրիկ օազիս: «Երբ տեսանք, թե խողովակն այստեղից է գնում,
ենթադրեցինք, որ այգին բնակարանինն է»,- ինձ ասել էր Անուշը: Նա այդտեղ բանջարեղեն
էր աճեցնում: Իսկ Բաքվում Յուսուֆն ինձ ասաց, որ այդ այգին իր հոր ուրախությունն ու
հպարտությունն էր: «Չգիտեմ, հայրս կդիմանա՞ր սրան»,- ասաց՝ ակնդետ ուսումնասիրելով
մայիսյան ծաղկունքով փթթող այգու լուսանկարը:
Բաքվում բավական ժամանակ անցկացրի տեղահանված շուշալիրար-ների
շրջանում: Բացի վիրավորված ոստիկան Զաուրից և փաստաբան Յուսուֆից, շփվեցի լրագրողներ
Քյարիմի և Հիքմեթի, նկարիչ Արիֆի հետ: Փաստը, որ եղել եմ իրենց համար այլևս անհասանելի
իրենց հայրենի քաղաքում, ինձ յուրատեսակ թալիսմանի կարգավիճակ էր տալիս նրանց շրջանում:
Լուսանկարներս թարմացնում էին Շուշիի կորստի ցավը, բայց և ճանապարհ էին բացում դեպի
հաճելի հիշողությունների աշխարհը: Լուսանկարներս նորից ու նորից ուշադրությամբ զննվում
էին, քննարկվում էին անխտիր բոլոր մանրամասները: «Սա ո՞ր փողոցում է»,- փողոցի անկյունում
կանգնած փոքրիկ տղայի լուսանկարի մասին է հարցնում մեկը: Կամ՝ «եթե մզկիթի հետևից նայես
ձախ, կերևա Հուսեյնի տան պատը»:
Հունիսյան քամոտ մի առավոտ շուշալիրար-ները ինձ հրավիրեցին
ճաշկերույթի Բաքվի ծայրամասում գտնվող լճափի սրճարանում: 4-ժամյա զրույցը կրկին ու
կրկին վերադառնում էր նույն թեմային՝ բարեկամ-թշնամի հայերին: Քյարիմը, ով Շուշիի թերթի
խմբագիրն էր եղել, հումորի սուր զգացում ուներ և մի քանի անգամ դիպուկ հեգնանքով լիցքաթափեց
առաջացող լարվածությունը: Ամենամեղմը Զաուրն էր. նավաստու համազգեստ հիշեցնող հագուստով
նա նման էր ազատ երեկոն ընկերների հետ անցկացնող ռեգբիստի: Անընդհատ պատմում էր իր
ընկերների մասին, իսկ հայերի մասին խոսում էր առանց ատելության: Թեև Զաուրն էլ չէր
հավատում, թե խաղաղ բանակցություններում կարող է որևէ առաջընթաց արձանագրվել:
Մյուսները ավելի ագրեսիվ էին տրամադրված: Երբ ասացի, որ Ֆրանսիան
և Գերմանիան մի քանի սերունդ տևած հակամարտությունից հետո հասան խաղաղության, նրանցից
մեկը, օրինակ, ասաց. «Այո՛, հայկական ֆաշիզմն էլ գերմանականի պես պետք է ջախջախել»:
Ալեխառն մորուքով ու երկարավուն մռայլ դեմքով Արիֆը ամենաանհաշտն էր: Նա ուզում էր
նոր պատերազմում «ազատագրել» Շուշին և հույսն այդ առումով կապում էր Հեյդար Ալիևից
հետո Ադրբեջանի նոր առաջնորդի հետ: «Ալիևից հետո մենք կունենանք ժողովրդավարական ճանապարհով
ընտրված նախագահ, որը կկռվի, մինչև Ղարաբաղում ոչ մի հայ չմնա»,- հայտարարեց նա: Արիֆը
նաև խմբի անդամներից ամենաարտիստիկն էր: Նա գունավոր ապակենկարների վարպետ էր. Ադրբեջանում
դա ավանդական արհեստ էր՝ մեր օրերում գրեթե մոռացված: Շուշիից արտաքսվելուց հետո նրա
կյանքը զառիվայր ընթացավ, և հիմա Բաքվում հազիվ գոյություն էր պահպանում: Ճաշկերույթի
վերջում Արիֆը խոստովանեց, որ հայերի նկատմամբ իր դառնությունը մեկ այլ պատճառ էլ ունի:
Նա ամուսնացած է եղել մի հայուհու հետ, բայց ընտանիքը չի կայացել, և միասին ապրել են
ընդամենը 8 ամիս:
Անընդհատ նկատում էի, որ նոր ընկերներս ամեն բանի համար մեղադրում
էին Ռուսաստանին: Նրանց պատմածով՝ 1991-1994 թվականների պատերազմը հավասարապես Հայաստանի
և Ռուսաստանի դեմ էր: Թեև հարկ է նշել, որ դա հիմնավորող փաստեր գրեթե չունեին: Զրույցի
ժամանակ մեկը կարող էր ասել. «Շուշին ոչ թե հայերը գրավեցին, այլ ռուսները» կամ «Հայերին
չեն մեղադրում, նրանք սոսկ գործիք էին Ռուսաստանի ձեռքում» կամ «Ղարաբաղում հայերին
բնակեցրել են ռուսները 19-րդ դարում՝ Թուրքիայի և մեր միջև սեպ խրելու նպատակով»: Փաստեր,
իրոք, կան, որ պատերազմի ընթացքում Ռուսաստանը աջակցել է հայերին, բայց այս պնդումներն
ավելի քան չափազանցված էին: Զրուցակիցներիս եթե հավատալու լինենք, հայերն ընդհանրապես
չեն էլ կռվել այդ պատերազմում: Արդյո՞ք Ադրբեջանի ցավագին պարտությունը արդարացնելու
փորձ չէ հաղթանակը հզոր Ռուսաստանին վերագրելը: Թե՞ հակամարտությունը Ռուսաստանին վերագրելով՝
փորձում են մեղքը հանել իրենց նախկին հարևան հայերից: Այս պատերազմում, նկատել եմ՝
ոչ ոք անձնական թշնամիներ չի ունեցել. մեղավորը միշտ խորհրդավոր արտաքին ուժերն են
եղել:
Շուշին լավ օրինակ է, որով կարելի է ուսումնասիրել, թե ինչպես
են հարևանները բարեկամներից վերածվում թշնամիների: Անցած դարում քաղաքը երեք անգամ
հիմնովին այրվել է 1905, 1920 և 1992 թվականներին. առաջին անգամ դա արել էին երկու
կողմերը միասին, երկրորդ անգամ՝ ադրբեջանցիները, երրորդ անգամ՝ հայերը: Եղբայրասպանության
կովկասյան չափանիշներով անգամ սա պետք է որ ռեկորդ լինի: Այդ դժոխային իրադարձությունների
միջև ընկած ժամանակահատվածներում Շուշին, այդուհանդերձ, բարգավաճող քաղաք էր, որտեղ
լայն տարածում ունեին միջհամայնքային ամուսնությունները:
Համայնքներին միմյանց կապող օղակները առևտուրն ու ռուսաստանյան
իշխանությունն էին, որոնցից առաջինը միանգամայն բնական էր, երկրորդը՝ արհեստական:
1920 թվականի ավերիչ ջարդ ու թալանին նախորդել էր ռուսների հեռացումը քաղաքից՝ տնտեսական
անկման և ավարտվող քաղաքացիական պատերազմի պայմաններում:Ադրբեջանական բանակը այդ օրերին
ասպատակելով անցավ քաղաքի վերին՝ հայկական թաղամասերով՝ կրակի տալով ամբողջ փողոցներ
ու սպանելով հարյուրավոր հայերի: Երբ ռուսները՝ արդեն բոլշևիկյան համազգեստով, վերադարձան,
Լեռնային Ղարաբաղի նոր մայրաքաղաք հռչակվեց Ստեփանակերտը: Շուշիի հայկական մասի ուրվականակերպ
ավերակները այդպես էլ մնացին ավելի քան 40 տարի: 1930 թվականին քաղաք այցելած բանաստեղծ
Օսիպ Մանդելշտամին սարսռեցրել էին այդ դատարկ ու լուռ փողոցները: Բանաստեղծություններից
մեկում նա սարսափում է Շուշիի «40 հազար մեռած պատուհաններից»:
Վերջապես՝ միայն 1961 թվականին, Բաքվի կոմունիստական իշխանությունները
հրամայեցին քանդել-վերացնել փլատակները, թեև հին շինություններից շատերը հնարավոր էր
վերականգնել: Սերգեյ Շուգարյանը, ով այն ժամանակ Շուշիի կուսակցական ղեկավարներից էր,
ինձ հետ զրույցում ասաց, որ չէր ենթարկվել փլատակների քանդման հատուկ հանձնաժողովը
գլխավորելու Բաքվի հրահանգին: Այժմ Երևանում ապրող այդ տարիքն առած մարդու ձայնը երերում
էր, երբ պատմում էր, թե ինչպես էր հին հայկական թաղամասը գետնին հավասարեցվում: «Փլատակների
կանգուն պատերը դեռ ամուր էին,- ասաց Շուգարյանը:- Բոլոր տները կարելի էր վերականգնել.
հարկավոր էր միայն վերականգնել փայտյա ծածկերն ու դռները: Տարիներ շարունակ շրջել եմ
այդ փլատակների մեջ: Գտել եմ ջրհորներ, ոսկորներ: Ամբողջ հոգով ատում էի նրանց, ովքեր
կրակի էին տվել քաղաքը»:
Ինչ-որ մեկն ասել է, թե պատերազմի հիմնական պատճառը բուն
պատերազմն է: Դա, թերևս, վերաբերում է նաև պատերազմի մասին հիշողություններին, որոնք
ապրում են 1 կամ 2 սերունդ: Ղարաբաղում պատմական վշտի ամենասուր զգացողությունն ունեն
քաղաքաբնակ հայերը, որոնցից շատերը հիշում են հին Շուշին՝ մինչև 1920 թվականը: Դերասանուհի
Ժաննա Գալստյանը՝ Ղարաբաղում հայ ազգայնական շարժման հիմնադիրներից մեկը, պատմել է
ինձ, որ երեխա ժամանակ իրենց տանը թաքուն լսել է մեծահասակների զրույցները նախահեղափոխական
ժամանակների մասին, և դա խոր ազդեցություն է թողել իր վրա: Նրա տատի ընտանիքը արտաքսվել
էր Ալղուլի կոչվող գյուղից ու ապաստան գտել Խանքենդիում (այդպես էր կոչվում ներկայիս
Ստեփանակերտի տեղում գտնվող գյուղը): Հետագայում Ալղուլին ամբողջովին բնակեցվել էր
ադրբեջանցիներով:
Մենք մի փոքր մահճակալ ունեինք, որի վրա քնում էինք ես ու
տատս: Ամեն երեկո Ալղուլիից գալիս էին տատիս ազգականները՝ ծեծված, արտաքսված մարդիկ,
որոնք Ալղուլիից ոտքով եկել ու հաստատվել էին Խանքենդիում: Այդ տարեց մարդիկ այն ժամանակ
դեռ կենդանի էին, իսկ ես շատ փոքր էի, ու նրանք այդ ամենի մասին շշուկով էին խոսում:
Դրանք այն ժամանակ արգելված խոսակցություններ էին. ստալինիզմի տարիներն էին: Երեխայի
ուղեղը գիտեք ինչպես է կառուցված՝ բառ առ բառ ձայնագրում է լսածը:
Բաքվի նեղլիկ փողոցներից մեկում գտնվող աղտոտ մի գրասենյակում
հանդիպեցի Շուշիի մեկ այլ կարոտյալի: Կլորադեմ Զահիդ Աբասովը Ադրբեջանում Շուշիի վտարանդի
վարչակազմի մշակութային հարցերի պատասխանատուն է՝ ընդհանուր առմամբ անիմաստ մի պաշտոն,
որը նրան անվերջ ժամանակ է տրամադրում խորհրդածելու, թե ինչ կարող էր լինել, եթե…
1980-ականներին նա գլխավորում էր Շուշիի կոմերիտական կազմակերպությունը: Քանի որ շրջանը
բնակեցված էր հիմնականում հայերով, ինքն էլ հիմնականում հայերի հետ էր աշխատում, բոլորին
շատ լավ հիշում է: Երբ հիշատակեցի Խաչատուրյաններին, բացականչեց. «Սքանչելի զույգ է»:
«Ինչպե՜ս է ծերացել»,- ասաց՝ դիտելով Լարիսա Խաչատուրյանին պարտեզում պատկերող լուսանկարը:
Ժաննա Գալստյանի մասին հեգնանքով խոսեց. «Մի անգամ ինձ բյուրեղապակյա սկահակ նվիրեց:
Թողել եմ Շուշիում: Եթե ուզում է, կարող է հետ վերցնել»:
Աբասովը գրասեղանի դարակից հանեց մի քանի սև-սպիտակ լուսանկար:
Դրանցից մեկը, որ արդեն խամրել էր, պատկերում էր բացօթյա սրճարանում սեղանի շուրջ նստած
6 արևահար, ժպտացող երիտասարդների: Նրանցից մեծ արևային ակնոցովն ու լայն ժպտացողը
ինքը Աբասովն էր: Ասաց, որ եթե իրենից աջ նստած կարճաթև սպիտակ վերնաշապիկով մարդը,
որի ժամացույցը փայլում է արևի տակ, ծանոթ է թվում, ապա չի սխալվում. դա Հայաստանի
ներկայիս նախագահ Ռոբերտ Քոչարյանն է: Ընկերների խմբով Լեռնային Ղարաբաղից 1986 թվականի
ամռանը մեկնել էին Ղրիմ՝ Յալթայի «Գուրզուֆ» առողջարանում հանգստանալու:
Ճակատագրի բերումով Աբասովը կորցրեց գրեթե ամեն բան և հայտնվեց
վտարանդիության մեջ, մինչ նրա կոմերիտական ընկերներից ոմանք այսօր անկախ Հայաստանի
ղեկավարներն են: Աբասովի ամենամերձավոր գործընկերներն էին Ստեփանակերտի կոմերիտական
կազմակերպության քարտուղար Սերժ Սարգսյանը, նրա տեղակալ Ռոբերտ Քոչարյանը, և Նելլի
Մովսիսյանը, ով հիմա Լեռնային Ղարաբաղի կրթության նախարարն է:
Այն տարիներին Աբասովն ամեն օր Շուշիից աշխատանքի էր գնում
Ստեփանակերտ, և, որպեսզի ընդմիջմանը նորից Շուշի չբարձրանա, գործընկերները հերթով նրան
հրավիրում էին իրենց տները՝ նախաճաշելու: Հարցրի, թե երբ է առաջին անգամ նկատել հայերի
ազգայնականության դրսևորումները: «Իրադարձությունների նախաշեմին ինչ-որ բան սկսեցի
նկատել Սերժ Սարգսյանի մեջ,- արձագանքեց Աբասովը: Նա լռակյաց էր դարձել: Բայց Ռոբերտ
Քոչարյանի հետ շփվելիս մինչև վերջ էլ ոչինչ չզգացի, անգամ ֆուտբոլային խաղերի ժամանակ,
երբ ավանդաբար դրսևորվում են ազգայնական զգացմունքները: Մարզկոմում կային աշխատակիցներ,
որոնք երկրպագում էին «Արարատ» ֆուտբոլային թիմին, բայց Ռոբերտը դա էլ չէր անում»:
Աբասովն ավելացրեց, որ շարունակում էր հարաբերություններ պահպանել իր ընկերների հետ
նույնիսկ 1988 թվականից հետո, բայց քաղաքական հակամարտության հետևանքով այդ հանդիպումներն
աստիճանաբար հպանցիկ ու գողունի էին դառնում, քանի որ ազգային շահերի համար մղվող պայքարը
անցանկալի էր դարձնում մյուս համայնքի ներկայացուցիչների հետ շփումը: Աբասովը խոնարհվեց
գրասեղանին՝ ավելի մռայլվելով: «Դեռ որքա՞ն կարող է սա շարունակվել»,- հարցրեց ինձ,
ասես հակամարտությունը մի հրեշավոր թյուրիմացություն է, որ կարող է կարգավորվել մի
քանի բարեկամական զրույցներով:
Երևանում Հայաստանի պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը
ծիծաղեց, երբ փոխանցեցի իր նախկին ընկերոջ ու գործընկերոջ ողջույնները: Ասաց, որ լավ
է հիշում նրան, լավ մարդ էր: Սարգսյանն ինձ ասաց, որ ինքը բավական վարժ խոսում է ադրբեջաներեն,
և բազմաթիվ ադրբեջանցի ընկերներ ուներ, բայց ընդգծեց, որ կրթությունը ստացել է Հայաստանում.
այս հանգամանքը Աբասովն անտեսել էր: Սարգսյանը կարծես ուզում էր ասել, որ ազգային հարցին
շատ ավելի մեծ կարևորություն է տալիս, քան անձնական ընկերությանը: «Խնդիրը ներհատուկ
էր բուն խորհրդային համակարգին: Ինչ վերաբերում է Զահիդին, կամ, ասենք, Ռոհանգըզին,
ով Շուշիի կոմերիտական կազմակերպության առաջին քարտուղարն էր, նա հաճելի, նորմալ կին
էր»:
Որքան ավելի էի խորանում պատասխանների, սպանությունների անձնական
պատճառների որոնումներումս, այնքան ավելի էի հուսալքվում: Ոչ ոք անձնական որևէ մեղք
չէր զգում: Ինձ հետ հարցազրույցում Ռոբերտ Քոչարյանը սոսկ ընդհանուր դատողություններ
արեց անձնական ընկերության և ազգամիջյան հակամարտության վերաբերյալ: «Իհարկե, ադրբեջանցի
ընկերներ ունեմ: Իրավիճակը, ընտրածս կյանքի ուղին այնպիսին էին, որ ընկերների լայն
շրջանակ չեմ ունեցել: Բայց հիշում եմ ունեցածս բոլոր ընկերներին, նրանցից դժգոհելու
պատճառներ չունեմ, նորմալ ընկերական հարաբերություններ ենք ունեցել: Բայց սովորաբար,
երբ սկսվում են էթնիկ հակամարտությունները, այդ ամենը երկրորդ պլան է նահանջում»:
1988 թվականից Հայաստանի նախագահը Ղարաբաղի հայ ազգայնական «Կռունկ» շարժման առաջնորդներից
էր: 1992 թվականին նա մասնակցել էր Շուշիի գրավման մարտական գործողությանը: Նա, այդուհանդերձ,
այդ ամենի մասին խոսում էր այնպես, կարծես որևէ մասնակցություն չի ունեցել հակամարտության
սկզբնավորմանը, և այն ծագել է ինքնաբերաբար: Նաև իր խոսքն էր կրավորական, ասես «էթնիկ
հակամարտությունները սկսվում են» ինչպես բնական երևույթները: Նախագահը որևէ բացատրություն
չուներ:
Նյութի աղբյուրը՝ Թոմաս դե Վաալ- «Սև այգի. Հայաստանն ու Ադրբեջանը խաղաղության և պատերազմի միջով»
Comments
Post a Comment