Skip to main content

Երևան. Արևելքի գաղտնիքները

 

1905թ. Լուիջի Վիլարի անունով լրագրողին կովկասյան այս փոքրիկ՝ 28 հազար բնակչութամբ քաղաքը գերել էր իր արևելյան հմայքի շռայլությամբ.

Արևելքի բոլոր գաղտնիքների բույրը պահպանած կամարակապ խանութների շարքը, որոնց մուտքերը վարագուրված են մուգ գործվածքով, մուգ կապույտ տունիկաներով թաթարների խմբերը, նրանց մեջ վեր ու վար անող մոլլաների կանաչ գլխարկները, այս ամենը չափազանց հրապուրիչ էր: Տեսա շուրջ մեկ տասնյակ տղաների կրոնական դասը. ուսուցիչը միալար ձայնով երգեցիկ խոսում էր՝ հետ ու առաջ ճոճվելով: Հարևան խցում վարսավիրը սափրում էր իր հերթական զոհի գլուխը: Ամենուր թեյ ու սուրճ էին վաճառում, բայց չտեսա այն յուրահատուկ համով արևելյան քաղցրավենիքից, որ համտեսել էի Կոստանդնուպոլսում ու Սարաևոյում: Մութ ծառուղիներում ու փոքրիկ բակերում որոճում էին անճոռնի ուղտերը: Գարշահոտ շուկայատեղին անցնելով՝ անսպասելիորեն հայտնվում ես Գյոք Ջամի մեծ մզկիթի առջև:

Նկարագրվածը Երևանն էր՝ այն ժամանակ խառը հայ ու մահմեդական բնակչությամբ, ռուս նահանգապետով ու միջինարևելյան ոգով: Մի քանի դար շարունակ Երևանը Պարսկաստանի ֆորպոստն էր, իսկ Վիլարիի այցելության ժամանակ Ռուսաստանի իշխանության տակ էր արդեն շուրջ 80 տարի: Երևանը հայերի մայրաքաղաք է դարձել գրեթե ինքնաբերաբար: «Հայերից շատերը Վանն էին մայրաքաղաք համարում»,- գրում է մեկ այլ ճանապարհորդ՝ Ուիլյամ Էլերոյ Քըրթիսը, որը Երևան այցելել էր Վիլարիից 5 տարի հետո՝ 1910 թվականին: Նա նկատի ուներ հարավում՝ Թուրքիայի տիրապետության տակ՝ Արևմտյան Հայաստանում գտնվող քաղաքը թեև նույն հաջողությամբ կարող էր ավելացնել նաև Վրաստանի մայրաքաղաք Թիֆլիսը, որը մեծաքանակ ու հարուստ հայ բնակչություն ուներ:

Իր ուղղաձիգ փողոցներով և վարդագույն տուֆից ու գրանիտից կառուցված շենքերով Երևանը խորհրդային քաղաքի տպավորություն է թողնում: Հիմա այն ամբողջովին հայկականացել է, բայց իր ընդգրկման չափերով ու վայելչությամբ քաղաքը, կարծես թե, չի համապատասխանում հայերի խառնվածքում առկա կատակասիրությանը: Միայն ամռանը, երբ մարդիկ լցնում են զբոսայգիները, սուրճին գավաթի շուրջ աշխույժ զրույցներ են վարում սրճարաններում, քաղաքն ավելի մտերմիկ է դառնում: Երևանի բոլոր պողոտաները տանում են դեպի նեոկլասիցիզմի ոճով կառուցված օպերայի կլոր շենքը: Շենքին հարող ընդարձակ Թատերական հրապարակը՝ կոմպոզիտոր Սպենդիարյանի և  բանաստեղծ Թումանյանի արձաններով, 1988 թվականին դարձավ այն վայրը, որտեղ անցկացվում էին բազմամիլիոնանոց ցույցերը: Պատահական չէ, թերևս, որ «գլասնոստ» բառի հայերեն «հրապարակայնություն» համարժեքի հիմքում «հրապարակ» բառն է: Ինչևէ, 1988 թվականից հետո Երևանը մեծապես տուժեց էներգետիկ ճգնաժամից, պատերազմից, արտագաղթի մեծ ալիքից: Երևանցիներից շատերը բողոքում են, թե ժամանակին կյանքով լի իրենց հայրենի քաղաքը այսօր տաղտուկ է ու ոգեզուրկ:

Մի օր մարդաշատ Մաշտոցի պողոտայից թեքվեցի դեպի գողտրիկ բակը, որտեղ հույս ունեի գտնել հին Երևանի այն շենքը, որը Վիլարին անվանել էր «Գյոկ Ջամի կոչվող մեծ մզկիթ»: Գտա նույն տեղում՝ կենտրոնական շուկայի դիմաց. շուկան, սակայն, այժմ մեծ պահեստանման փակ շինություն է, որի դիմաց գյուղացիները լավաշ, լոլիկ, թարխուն են վաճառում: Բակի հեռավոր ծայրում՝ թթենիների ստվերում գտնվող ուղղանկյուն ջրավազանից այն կողմ երևում էր 18-րդ դարի մզկիթի արտաքին պատը:

Ինձ ուղեկցում էր ճարտարապետ Գրիգոր Նալբանդյանը: Բացի քար տաշող մի քանի բեղավոր պարսիկ բանվորներից, այստեղ ոչ ոք չկար: Նալբանդյանը ղեկավարում էր մզկիթի վերականգնման աշխատանքները, որ իրականացնում էր հայ-իրանական մի համատեղ ձեռնարկություն: Հայաստանն ու Իրանը, չնայած կրոնական տարբերություններին, քաղաքական դաշնակիցներ են: Մզկիթի պատերը նորից շարվում էին հայկական կարմիր աղյուսով ու երեսպատվում պարսկական փիրուզագույն սալիկներով: Հանեցինք մեր կոշիկներն ու մտանք ներս. ձայնը խուլ արձագանքով հետ դարձնող կամարապատ տարածքի հատակը արդեն սալապատված էր Սպահանի մարմարով: Մզկիթը դատարկ էր. այստեղ կանոնավոր հաճախում են միայն Իրանի դեսպանության երկու տասնյակ դիվանագետները: Երևանի կենտրոնում գտնվող այս գողտրիկ օազիսը պարսկական տիրապետության ժամանակաշրջանի միակ պահպանված վկայությունն է:

Երևանում պեղվել են հնագույն Էրեբունի քաղաքի մնացորդները. դրանք վկայում են, որ հայերը դարեր ի վեր ապրել են այս տեղանքում: Սակայն 16-ից մինչև 19-րդ դարերը հայերի մշակութային ու կրոնական կյանքը կենտրոնացած էր Էջմիածնում, հայ եկեղեցու առաջնորդի՝ կաթողիկոսի նստավայրում, որը գտնվում է Երևանից 16 կիլոմետր հեռավորության վրա: Խանության մայրաքաղաք Երևանը, մինչդեռ, հիմնականում մահմեդական քաղաք էր, որտեղ 6 մզկիթ կար, իսկ մեծ եկեղեցիներ չկային: Երբ 1827թ. ռուսները նվաճեցին Արևելյան Հայաստանը, Երևանի շրջանում հայ բնակչությունը կազմում էր ընդամենը 25 հազար՝ քանակապես զգալիորեն զիջելով մահմեդական բնակչությանը: 19-րդ դարում քաղաքն արդեն առավել հայկական էր, որովհետև ռուսները խրախուսեցին հազարավոր հայերի ներգաղթը Թուրքիայից և Պարսկաստանից: Այդուհանդերձ, 1870-ականներին Երևանն ուներ ընդամենը 12 հազար բնակիչ: Այն շատ ավելի փոքր էր Շուշիից, իսկ հայ վերաբնակները գերադասում էին աշխատանք որոնել Բաքվում:

Երևանը դարձավ այն, ինչ դարձել է մեկ այլ՝ շատ ավելի մեծ ներգաղթի ալիքի արդյունքում: 1915-1918թթ. թուրքական Անատոլիայի բնակչության գրեթե 1/4-ը, փախչելով թուրքերի և քրդերի իրականացրած զանգվածային ջարդից ու տեղահանությունից, ապաստան գտավ Արևելյան Հայաստանում: Ջարդերին զոհ գնացին 1 միլիոնից ավելի հայեր, հայոց պատմության մեծագույն, որևէ այլ իրադարձության հետ անհամեմատելի ողբերգություն էր դա: Հայերը այն անվանում են Մեծ եղեռն, անգլերեն՝ Հայոց ցեղասպանություն: 1918-1920թթ. Երևանը կարճատև կյանք ունեցած Հայաստանի Հանրապետության մայրաքաղաքն էր և Անատոլիայից փախած 100 հազարավոր հայերի գլխավոր ապաստանը: 1920 թվականին Երևանը դարձավ Խորհրդային Հայաստանի մայրաքաղաքը: 1932 թվականին Երևան այցելած գրող Արթուր Քյոսթլերին՝ որպես հրեայի, քաղաքի թաղամասերը հիշեցրել են Պաղեստինի հրեական բնակավայրերը.

Խանդավառությունը, խառնաշփոթը, սխալներն ու անճաշակությունը, որ ուղեկցում էին շինարարական տենդը, հուզիչ էին ու շատ ծանոթ զգացմունքներ էին արթնացնում: Այստեղ ևս միանման, էժանագին ու տգեղ ուտիլիտար շինությունները դուրս էին մղում, հմայիչ, գունեղ ու փնթի Արևելքը: Երևանը նույնպես քաղաքաշինական կանոններից դուրս կառուցվող նորաբնակների քաղաք էր՝ անավարտ փողոցներ, կիսակառույց շինություններ, խողովակների ու մալուխների լաբիրինթոս: Հեռախոսներն այնքան քիչ էին, որ հեռախոսավարին կարիք չկար ասելու բաժանորդի համարը, բավական էր ասել անունը: Ամենածանոթը, սակայն, լեզուների բաբելոնյան խառնաշփոթն էր. բնակչության զգալի մասը կազմում էին փախստականներն ու ներգաղթողները Թուրքիայից, Եվրոպայից ու Ամերիկայից: Հաճախ է պատահել, որ անցորդին որևէ հարց եմ ուղղել կոտրված ռուսերենով ու պատասխանը ստացել վարժ գերմաներենով կամ ֆրանսերենով: Քաղաքի աշխույժ կյանքով ապրող և իրազեկ մտավորականության քաղաքական կողմնորոշումը, ի հակադրություն Թիֆլիսի մտավորականության, Ռուսաստանի և խորհրդային վարչակարգի նկատմամբ ընդգծված բարեկամական էր:

Ժամանակակից Հայաստանը ձևավորվել է 1915 թվականի մեծ ողբերգության ստվերի ներքո: Եթե պարզեցված ասենք, Ադրբեջանի ամենահրատապ խնդիրը 20-րդ դարում «ազգ» ձևավորելն էր, մինչդեռ Հայաստանի խնդիրը միանգամայն այլ էր. լայնորեն ճանաչված ազգը սփռված էր աշխարհով մեկ, բայց պետականություն չուներ: Հայաստանի խորհրդային հանրապետությունը կառուցվեց այդ դերը ստանձնելու համար և դարձավ հայերի նոր հայրենիքը: Իր օպերայի և բալետի թատրոնի շենքով, Ազգային պատկերասրահով, հին ձեռագրերի թանգարան Մատենադարանով Երևանը դարձավ հայերի երազանքների ու իղձերի շտեմարանը: Քյոսթլերի բնորոշմամբ՝ դա  «երկրորդ Թել Ավիվն է, որտեղ մեկ այլ մարտիրոսված ազգի փրկված մասը ժողովվել է նոր տուն կառուցելու»:

2000 թվականի ապրիլի 24-ին՝ կեսօրից քիչ անց, միացա դեպի Երևանի արևմտյան մասում՝ Ծիծեռնակաբերդում գտնվող ցեղասպանության հուշահամալիր քայլող մարդկանց հոծ խմբերին: Սալահատակ լայն ծառուղին ամբողջովին գրաված՝ դանդաղ շարժվում էին դեպի հուշարձանը բարձրախոսներից հնչող կոմպոզիտոր Կոմիտասի եղերական երաժշտության ներքո: 1967 թվականից ի վեր Հայաստանում այս օրը նշվում է որպես Ցեղասպանության զոհերի հիշատակի օր. 1915 թվականի ապրիլի 24-ին Ստամբուլում ձերբակալվել և ապա սպանվել են հայ հայտնի մտավորականները:

Ներքին, ընտանեկան իրադարձություն է: Դեպի բլրի գագաթին կառուցված հուշահամալիր բարձրացող մարդիկ անկաշկանդ էին. զրուցում էին միմյանց հետ, լուսանկարվում: Բարձրաստիճան պաշտոնյաներ չկային. նրանք ավելի վաղ էին հուշակոթողի մոտ դրել իրենց ծաղկեպսակները: Մենք շատ դանդաղ էինք առաջ շարժվում, ինձ ուղեկցող ընկերներս, մինչդեռ, զարմացած էին, որ մարդիկ քիչ են: 1980-ականների վերջին և 1990-ականների սկզբին գրեթե ամբողջ քաղաքն էր մասնակցում արարողությանը: «10 տարի առաջ մեզ համար սա շատ մեծ իրադարձություն էր,- ասաց Տիգրանը:- Քայլում էինք մի 10 մետր ու կանգնում-սպասում: Հետո նորից էինք քայլում: 4-5 ժամ էր տևում»:

Հասանք բլրի գագաթին: Ձախից մի երկար գորշ պատ էր ձգվում, որի վրա փորագրված են այն քաղաքների անունները, որոնց հայ համայնքը բնաջնջվել է՝ Կարս, Էրզրում, Տրապիզոն, Վան և այլն: Իսկ մեր դիմաց հուշահամալիրն էր. 12 գորշ բազալտե վահանները, որոնցից յուրաքանչյուրը խորհրդանշում է թուրքական մեկ վիլայեթ, խոնարհված են կենտրոնում վառվող հավերժ կրակի վրա: Մենք ծաղիկներ դրեցինք կրակն օղակող կարմիր ու սպիտակ ծաղկաթերթիկների տեսքով կառուցված բազրիքին: Ապա դուրս եկանք լայն աստիճանների մոտ, որոնք իջնում էին դեպի քաղաք: Մեր դիմաց Արարատ լեռան ճերմակ գագաթն էր, որ իշխում էր ողջ շրջապատի վրա, և թվում է, թե հուշահամալիրի հեղինակները նախագծում հաշվի են առել և՛ այս տեսարանը, և՛ այս վայրէջքը: Արարատ լեռան տեսարանը հայերի կորուսների խորհրդանիշներից է, քանի որ լեռը այժմ երկրի սահմաններից դուրս է՝ Թուրքիայում:

Ցեղասպանության զոհերի հիշատակի ամբողջ օրը Երևանում մթնոլորտը մի տեսակ ուրիշ էր, և որոշ ժամանակ պահանջվեց, մինչև հասկացա, որ այլ էր քաղաքի երաժշտական ֆոնը: Այդ միակ օրը բոլոր ռադիոընդունիչներից, որ սովորաբար ամբողջ հզորությամբ միացված են սրճարաններում ու տաքսիներում, ռուսական անճաշակ փոփ երաժշտության փոխարեն հնչում էին բացառապես հայկական մեղեդիներ, լսվում էր դուդուկի ողբը: Մեկ օրով Հայաստանը հրաժարվում է իր խորհրդային տեսքից ու հագնում են իրեն շատ ավելի սազական արևելյան տարազ:

Ապրիլի 24-ին պաշտոնական արարողություններ և հանրային միջոցառումներ չանցկացնելը ավելի հանդիսավոր բնույթ է տալիս ոգեկոչման այդ օրվան, թեև, հավանաբար, նաև վկայում ցեղասպանության նկատմամբ այսօրվա հայաստանցիների վերաբերմունքում տեղ գտած փոփոխության մասին: Մարդկանց կյանք են ներխուժել այնքան այլ հարցեր՝ Ղարաբաղից մինչև տնտեսական գոյատևում, որ 1915 թվականի իրադարձությունները, կարծես թե, դադարել են այսօրվա հայերի հավաքական բնորոշման գործոն լինել: Իմ ընկեր Տիգրանը փոքր-ինչ այլ միտք արտահայտեց. Ադրբեջանի նկատմամբ հաղթանակը, նրա խոսքերով, փոխել է հայերի ինքնաընկալումը՝ որպես «ազնիվ զոհերի»: Այս անգամ նրանք վերջապես հաղթել են, իսկ հակառակորդը՝ պարտվել: Ինչպե՞ս կարելի է շարունակել «ողբացող ազգ» մնալ, երբ պարտության ես մատնել հարևանիդ:

Աշխարհով մեկ սփռված հայության համար, այդուհանդերձ, 1915 թվականի ցեղասպանությունը մեծապես բնորոշում է, թե ինչ ասել է հայ լինել: Սա զարմանալի չէ, եթե հաշվի առնենք, որ սփյուռքահայությունը, հատկապես Միացյալ Նահանգներում և Ֆրանսիայում, կազմում են հիմնականում 1915 թվականից հետո Արևելյան Անատոլիայից փախած հայերի ժառանգները: 1950-ական թվականներից ի վեր սփյուռքի հայկական կազմակերպությունները մեծ ջանքեր են գործադրում ու միլիոնավոր դոլարներ ծախսում՝ ստիպելու Թուրքիային ընդունել, որ հայերի նկատմամբ ցեղասպանություն է իրագործել, իսկ այլ երկրներին՝ կատարվածը ճանաչել որպես ցեղասպանություն:

Ի զարմանս շատերի՝ Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը քաղաքական հարց չդարձրեց 1915 թվականը: 1993 թվականին հայ-թուրքական սահմանի փակումը և դիվանագիտական հարաբերությունների բացակայությունը ղարաբաղյան հակամարտության և ոչ թե 1915 թվականի վերաբերյալ վեճի արդյունք են: Տեր-Պետրոսյանի ժառանգորդը՝ Ռոբերտ Քոչարյանը, սկզբնական շրջանում նույնպես շրջանցում էր ցեղասպանության հարցը: Հետագայում, սակայն, 2000 թվականին, նա սկսեց միջազգային ամբիոններից խոսել սպանությունները որպես ցեղասպանություն ճանաչելու անհրաժեշտության մասին: Եվրախորհրդարանը և Ֆրանսիայի Սենատը ընդունել են 1915 թվականի սպանությունները «ցեղասպանություն» ճանաչող որոշումներ: Միացյալ Նահանգների Կոնգրեսը շատ մոտ էր նույնն անելուն, բայց Թուրքիայի հնարավոր արձագանքից մտավախություն ունեցող նախագահ Բիլ Քլինթոնի հեռախոսազանգը համոզեց Կոնգրեսին սառեցնել որոշման ընդունումը:

Եվրոպական խորհրդարանների որոշումները զայրացրին Թուրքիային, որը անգամ չեղյալ հայտարարեց առևտրային պայմանագրերը ֆրանսիական մի շարք ընկերությունների հետ: Ըստ թուրքական մեկնաբանության՝ 1915 թվականի սպանությունների մասշտաբը շատ ավելի փոքր էր հայերի ներկայացրածից, և դրանք տեղի էին ունեցել Օսմանյան կայսրության փլուզումից առաջ՝ քաղաքացիական պատերազմի ժամանակ, որի ընթացքում սպանվել էին ինչպես թուրքեր, այնպես էլ հայեր: Թուրքական ազգային գաղափարախոսությունը այդ իրադարձություններին միանգամայն այլ մեկնաբանություն է տալիս. հայերը ընկալվել են որպես «հինգերորդ շարասյունը» մեծ տերությունների, որոնք ձգտում էին բարուրում ոչնչացնել նոր թուրքական պետությունը:

Փոխադարձ մեղադրանքների պայմաններում ձեռնարկվել են նաև հայ-թուրքական երկխոսություն սկսելու մի քանի խիզախ փորձեր: 2001 թվականին ձևավորվեց հայ-թուրքական հաշտեցման հանձնաժողովը, որը քննադատության թիրախ դարձավ երկու երկրներում: 2000 թվականին հանդիպումներ ու նամակագրություն եղան հայ և թուրք պատմաբանների միջև: Դրանց արդյունավետության հիմնական խոչընդոտներից էր այն, որ ջարդերի ժամանակաշրջանին վերաբերող ինչպես Օսմանյան կայսրության, այնպես էլ 1918-1920 թվականների Հայաստանի դաշնակցական կառավարության արխիվները մատչելի էին ընդամենը մի քանի արտոնյալ պատմաբանների համար:

Այս հակասական մթնոլորտում ինձ համար ազդեցիկ էր հայ պատմաբան, նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի՝ արտաքին քաղաքականության հարցերով գլխավոր խորհրդական Ժիրայր Լիպարիտյանի փաստարկը, թե «ցեղասպանության հարցի» քաղաքականացումը նսեմացնում է դրա նշանակությունը: Նրա խոսքերով՝ երբ հարցը ընդգրկվում է քաղաքական օրակարգում, կողմերի համար հրամայական է դառնում սեփական անզիջում դիրքորոշումները պաշտպանելը, ոչ թե ինտելեկտուալ բանավեճը: «Տպավորություն է ստեղծվում, որ հանուն և ընդդեմ ճանաչման մղվող պայքարում կողմերը կրկնում են անցյալի տրամաբանությունը՝ այդ անցյալը արդարացնելու նպատակով,- գրել է Լիպարիտյանը:-Կողմերի ծայրահեղ մերժողական դիրքորոշումները՝ դիմացինի դիրքորոշման անվերապահ մերժումը, ավելի անհաշտ է դարձնում նրանց»:

Հարցի քննարկումների մեծ մասը վերաբերել է ոչ այնքան պատմությանը, որքան հարևանի զոհը եղած լինելն ապացուցելու համառ ձգտմանը: Հայերի ընկալումը, թե 1915 թվականին իրենց ոչնչացնում էին, սրվեց 1988 թվականին, երբ սկսվեց ղարաբաղյան հակամարտությունը: «Ոչնչացվելու վախը և ոչ թե որպես մարդ անհատապես ոչնչացվելու, այլ որպես ազգ ոչնչացվելու վախը, ցեղասպանության վախը կա յուրաքանչյուր հայի մեջ,- ինձ հետ զրույցում ասաց հայ հայտնի սոցիոլոգ Լյուդմիլա Հարությունյանը:- Այդ վախը հնարավոր չէ վերացնել»: Հարությունյանը նշեց, որ խոսակցական լեզվում հայերը «թուրք» են անվանում ինչպես թուրքերին, այնպես էլ ադրբեջանցիներին՝ միմյանցից չտարբերակելով նրանց: 1988թ. 1915 թվականի «թուրքական սպառնալիքը» տեղափոխվեց-վերագրվեց ադրբեջանցիներին, և Ծիծեռնակաբերդի՝ ցեղասպանության զոհերի հուշահամալիրի հարևանությամբ տեղադրվեց Սումգայիթի ջարդերի զոհերի հուշարձան: Հարությունյանն ասաց նաև, որ Հայաստանում շատերը հրաժարվում են ընդունել ադրբեջանցիների նկատմամբ հայերի գործադրած բռնությունների փաստը. «Հայերը (ադրբեջանցիներին) պատասխանել են գրեթե նույն մեթոդներով, բայց հայերի պատմական հիշողության մեջ դա տե չունի»:

Պատերազմը փոխեց տարածքային վեճի բնույթը: 2000 թվականին, չլուծված ղարաբաղյան հարցի պայմաններում, Ադրբեջանի ներգրավումը ցեղասպանության շուրջ բանավեճին անխուսափելի էր: 2000 թվականի հոկտեմբերին նախագահ Ալիևը հայտարարեց. «Պատմության մեջ երբեք տեղի չի ունեցել «հայոց ցեղապանություն» կոչվածը և եթե անգամ տեղի է ունեցել, ապա սխալ կլինի հարցը բարձրացնել 85 տարի հետո»: Հայերից կրած պարտությունից ու տառապանքից հետո Ալիևը ուզում էր հաստատել նաև ադրբեջանցիների իրավունքը՝ իրենց զոհ համարելու:

Երևանը շատ գաղտնիքներ ունի: Դրանցից մեկը ավտոտնակների, օժանդակ շինությունների ու բանջարանոցների մեջ է, որոնք գտնվում են Վարդանանց 22 հասցեի բազմահարկ բնակելի շենքի բակում՝ կենտրոնից ոչ հեռու: Նեղ աստիճանները տանում են դեպի կեղտոտ կանաչավուն ավտոտնակներով շրջապատված բաց տարածքը, որը ծածկված է աղյուսի կտորներով ու ավազով: Այս տեղում, ես գրեթե համոզված եմ, մզկիթ է եղել, ուր հաճախել են Երևանի ադրբեջանցիները, և որը, «պարսկական» չորակվելու դժբախտությունն ունենալով, քանդվել է:

Տեղանքն այնքան խղճուկ ու ամայի էր, որ մի պահ կասկածեցի, թե ճիշտ եմ եկել: Աստիճանների մոտ ծալովի աթոռի վրա նստած ծաղկավոր զգեստով մի ծեր կին խաղող, լոբի ու սոխ էր վաճառում: Այդ ամենը շարված էր նրա դիմաց՝ հենց գետնին փռված կտորի վրա: Թուխ դեմք ուներ, կաթիլանման ականջօղեր: Երևի ամեն օր գյուղից էր գալիս՝ միրգ ու բանջարեղեն վաճառելու: «Այստեղ երբևէ մզկիթ եղե՞լ է»,- հարցրի նրան: Պատասխանեց, թե այո՛, եղել է:

«Հապա ի՞նչ եղավ»:

«Մինչև վերջին օրը մատով չդիպանք, քանի դեռ նրանք չէին քանդել Բաքվի հայկական եկեղեցին»: Նկատի ուներ, թերևս, 1990 թվականի սկիզբը:

«Բայց ինչո՞ւ քանդեցին»:

«Իսկ ինչո՞ւ թողնեին,- ուսերը թոթվեց նա:- Մենք քրիստոնյա ենք, նրանք՝ մահմեդական: Հենց որ սկսվեցին Ադրբեջանի հետ կապված հարցերը, մեր հայերը երեք օրում քանդեցին այն: Հատուկ մեքենա էին բերել: Չգիտեմ ինչպես է կոչվում: Ահա այսպես է քանդում…»,- ձեռքի ափի շարժումով փորձեց ցույց տալ, թե ինչպես է աշխատում բուլդոզերը:

Զգուշությամբ ասացի, թե շինությունը չպետք է տուժի մարդկանց արարքների համար:

«Այո՛, պատերը մեղք չունեն,- համաձայնեց կինը:- Բայց նրանք ամեն ինչի հետ են կռվում: Մարդիկ ի՞նչ անեն: Սա ի՞նչ կյանք է»:

Լավ չհասկացա, թե ինչ էր ուզում ասել, բայց ենթադրում եմ, որ իր նկատի ունեցած «նրանք»-ը որևէ կապ չուներ մզկիթի հետ:

Իրենց մայրաքաղաքի ներսում մզկիթի վերացումը հայերի համար ավելի դյուրին է դարձրել «լեզվական աճպարարությունը», Հայաստանի ադրբեջանցիներին էլ ավելի դյուրին է վերացնել պատմությունից, քանի որ «ազերի» կամ «ադրբեջանցի» անվանումը առհասարակ չի գործածվել մինչև 20-րդ դարը:Մինչև նորագույն ժամանակաշրջանը այդ մարդկանց անվանում էին «թաթարներ», «թուրքեր» կամ պարզապես «մահմեդականներ»: Այնուամենայնիվ, նրանք ո՛չ թուրք էին, ո՛չ էլ պարսիկ. նրանք թրքախոս շիաներ էին՝ Սեֆյան դինաստիայի ժամանակաշրջանի պարսկական կայսրության հպատակներ, այլ կերպ ասած՝ այն մարդկանց նախնիները, ում այսօր «ադրբեջանցի» ենք անվանում: Ուստի, երբ հայերը խոսում են Երևանում «պարսկական մզկիթի» մասին, այդ բնորոշմամբ ստվերում են փաստը, որ այդտեղ եկող հավատացյալների մեծ մասը 1760-ական թվականներին կառուցվելուց ի վեր կարող էին, ըստ էության, ադրբեջանցիներ լինել:

Մերօրյա Հայաստանում այս փաստերը շատ քչերին են հայտնի: Մինչդեռ այն, որ Հայաստանը հայրենի տուն է եղել բազմաթիվ թրքախոս մահմեդականների համար, սոսկ բնական կթվար Հայաստանի ազգային հերոսներից մեկի՝ 18-րդ դարի մեծ բանաստեղծ Սայաթ-Նովայի համար, ում անունն այսօր կրում է Երևանի կենտրոնական պողոտաներից մեկը: Հայաստանում ծնված, Սանահինում հոգևոր կրթություն ստացած այդ վանականը դարձել էր վրաց Հերակլ II-ի պալատական բանաստեղծը Թիֆլիսում: Սայաթ-Նովան իր բանաստեղծությունները գրել է հայերեն, ադրբեջաներեն, վրացերեն ու պարսկերեն (ամենահայտնի բանաստեղծություններից մեկում գործածել է բոլոր 4 լեզուները): Մինչև մեր օրերը պահպանված նրա բանաստեղծությունների մեծամասնությունը ադրբեջաներեն է, որն այն ժամանակ Կովկասի lingua franca-ն էր՝ խոսակցական հաղորդակցության խառը լեզուն:

Սակայն 20-րդ դարասկզբին ադրբեջանցիները, որոնք դարեր շարունակ ապրել էին Արևելյան Հայաստանում, վերածվել էին մեկուսացված, խտրականության ենթարկվող ձայնազուրկ հյուրերի: Հայերը հայրենիքի իրենց իրավունքը իրականացրին այս մարդկանց հաշվին: 1918-1920 թվականներին տասնյակ հազարավոր ադրբեջանցիներ արտաքսվեցին Զանգեզուրից: 1940-ականներին՝ սփյուռքահայության ներգաղթին ընդառաջ, ևս տասնյակ հազարավոր ադրբեջանցիներ տարհանվեցին Ադրբեջան: 1988-1989 թվականների զտումների արդյունքում հեռացան դեռևս մնացած ադրբեջանցիները:

Այսօրվա հայերը եթե հիշատակում են ադրբեջանցիների մասին, ապա՝ որպես գյուղաբնակների: Ասում են, թե ադրբեջանցիներն էին շուկաներում վաճառում լավագույն միրգն ու բանջարեղենը: Սակայն կային նաև բավական ապահովված քաղաքաբնակներ, որոնց ժառանգներն այսօր Ադրբեջանում կազմավորել են հզոր քաղաքական համայնք: Նրանց անվանում են «երազ»՝ «Երևանի ադրբեջանցիներ»: Նրանցից մեկը՝ նախագահի նախկին խորհրդական Էլդար Նամազովը, ինձ հետ զրույցում ասաց, որ իր պապը վաճառական էր, նրան էր պատկանում քաղաքի այսօրվա կենտրոնական զբոսայգու տարածքի մեծ մասը: Նրանց ընտանիքը ստիպված էր լքել Հայաստանը 1940 թվականին: «Մեր ընտանիքում բազմաթիվ պատմություններ էին պատմում, թե ինչեր են արել հայերը Երևանի ադրբեջանցիներին,- վերհիշում է Նամազովը:- Իմ բազմաթիվ ազգականները մահացել են դարասկզբին Երևանում տեղի ունեցած ադրբեջանական ջարդերի ժամանակ, իսկ շատերը մահացել են տեղահանությունների ընթացքում»:

Պաշտոնական տվյալներով՝ Հայաստանում այսօր ապրում են մոտ 8 հազար ադրբեջանցիներ: Իրական թիվը պետք է որ ավելի փոքր լինի. մնացել է, հավանաբար, մի քանի հարյուր մարդ, հիմնականում թոշակառուներ: Այնուամենայնիվ, Երևանում ամեն օր կարելի է հանդիպել բազմաթիվ ադրբեջանցիների. նրանք քաղաք են մտնում մեծ բեռնատարներով, շուկաներում միրգ ու բանջարեղեն են գնում, վաճառում են իրենց բերած լայն սպառման ապրանքներն ու լվացքի փոշին: Բայց ինչպե՞ս: Դա Իրանի ադրբեջանցիներն են, որոնց համար Հայաստանը շահութաբեր շուկա է: Նրանց վառ գույներով ներկած բեռնատարները՝ նարնջագույն խցիկներով և կապույտ ու կանաչ բրեզենտե ծածկերով, երթևեկում են դեպի ծով ելք չունեցող հանրապետության ճանապարհներով, որի բնակիչներն այդ իրավիճակի ակամա գերիներն են դարձել: Այստեղ մեծ դեր ունի ընկալումը: Իրանը ընկալվում է որպես բարեկամ երկիր, և վարորդները, թեև ադրբեջանցիներ են թե՛ լեզվական, թե՛ էթնիկ առումներով, Իրանի քաղաքացիներ են, կարելի է ասել՝ «պարսկական մզկիթի» մարմնավորված համարժեքը: Հայերը հանդուրժողական են նրանց նկատմամբ և լավ գործարար կապեր են պահպանում:

Իրանի ադրբեջանցիները, սակայն, մեծ թիվ չեն կազմում: Որպեսզի Երևանը վերագտնի նախկին՝ 1905 թվականին Վիլարիին հրապուրած գործարար աշխուժությունը, հարկավոր է վերաբացել Ադրբեջանի և Թուրքիայի հետ սահմանները: Բայց 2000 թվականին դա ընդամենը հեռավոր հեռանկար էր: Կովկասի հետպատերազմյան խճճված աշխարհագրությունը՝ բազմաթիվ փակ սահմաններով ու ճակատային գծերով, Մոսկվան ու Լոս Անջելեսը ավելի մոտիկ է դարձրել Երևանին, քան Էրզրումն ու Բաքուն: Ուստի արևելյան շուկան շարունակում էր փակ մնալ:

Նյութի աղբյուրը՝ Թոմաս դե Վաալ- «Սև այգի.Հայաստանն ու Ադրբեջանը խաղաղության ու պատերազմի միջով»

Comments

Popular posts from this blog

Պետության և իրավունքի տեսություն

  Պետության և իրավունքի տեսության հասկացությունը, առարկան և մեթոդաբանությունը Պետության և իրավունքի տեսությունը հանդիսանում է առաջնային, կարևորագույն իրավաբանական գիտություն: Գիտությունը հանդիսանում է ինտելեկտուալ գործունեություն: Պետության և իրավունքի տեսությունը ուսումնասիրում է հասրակական կյանքի պետաիրավական ոլորտը: 1.Պետության և իրավունքի տեսությունը հանդիսանում է համատեսական գիտություն, որովհետև ունի ուսումնասիրության լայն ընդարձակ ոլորտ՝ հասարակական կյանքի պետաիրավական ոլորտն ամբողջությամբ: 2.Պետության և իրավունքի տեսությունը հանդիսանում է փիլիսոփայական գիտություն, որովհետև ուսումնասիրում է պետության և իրավունքի, պետաիրավակաբ այլ երևույթների խորքային բնույթը: Պետության և իրավունքի տեսությունը հանդիսանում է նաև փիլիսոփայական գիտություն, որովհետև ուսումնասիրում է պետությունը և իրավունքը որպես համընդհանուր ունիվերսալ երևույթներ: 3.Պետության և իրավունքի տեսությունը հանդիսանում է ֆունդամենտալ գիտություն, որովհետև մշակում է պետաիրավական ոլորտի առաջնային ընդհանուր և կարևորագ...

Բազմակողմ դիվանագիտություն

  Բազմակողմ «դիվանագիտություն» հասկացությունը: Պատմական ակնարկ և կայացման հիմնական փուլերը: Բազմակողմ դիվանագիտության դերակատարության բարձրացումը 20-րդ դարի երկրորդ կեսին Բազմակողմ դիվանագիտությունը երկուսից ավել կողմերի միջև վարվող բանակցություններն են, մի քանի դերակատարների մասնակցությամբ միջազգային համաժողովները, միջազգային կազմակերպությունների շրջանակներում իրականացվող դիվանագիտական աշխատանքը: Դասական բազմակողմ դիվանագիտության առաջին օրինակ է համարվում 1814-1815թթ. Վիեննայի կոնգրեսը, սակայն բազմակողմ դիվանագիտության սաղմեր կարելի է հանդիպել նաև Հին Հունաստանի քաղաք-պետությունների կողմից վարվող դիվանագիտության մեջ, ինչու չէ, նաև միջին դարերում կնքվող դաշինքներն ու պայմանագրերը նույնպես կարելի է դասել բազմակողմ դիվանագիտության նախատիպերի շարքին, օրինակ՝ 1648թ. Վեստֆալյան պայմանագիրը: Առաջին դասական միջազգային կազմակերպություններն են՝ Հռենոսով նավարկության կենտրոնական հանձնաժողովը՝ մշտական քարտուղարությամբ, որը ստեղծվել էր Վիեննայի կոնգրեսի որոշմամբ և առաջին հանդիպումն անցկա...

Միջազգային գործընթացների վերլուծությունը ազգային անվտանգության համատեքստում

ՀՀ արտաքին քաղաքականության սկզբունքներն ու գերակայությունները https://www.mfa.am/hy/speeches/2019/08/27/fm_opening_remarks/9782 ՀՀ ազգային անվտանգության ռազմավարություն https://www.gov.am/am/National-Security-Strategy/ https://www.un.org/disarmament/wmd/nuclear/npt/text/ https://www.un.org/ru/documents/decl_conv/conventions/npt.shtml https://www.undocs.org/S/RES/2231(2015) https://undocs.org/ru/S/RES/2231(2015) https://www.worldbank.org/en/news/press-release/2019/11/06/world-bank-lebanon-is-in-the-midst-of-economic-financial-and-social-hardship-situation-could-get-worse https://www.transparency.org/en/countries/lebanon https://www.forbes.com/profile/saad-hariri/?sh=45cebbdb65b5 Դասախոսություն 1. Միջազգային գործընթացների հասկացությունը և սուբյեկտները Միջազգային գործընթացները հավաքական հասկացություն է: Այն իրենից ներկայացնում է միջազգային հարաբերությունների հիմնական դերակատարների՝ պետությունների, միջպետական և ոչ պետական տարբեր կազմակերպությունների, տարատեսակ կառույցների, միավորումների, հ...