Skip to main content

1988 թվականի փետրվար.Ադրբեջան Տարակուսանք ու ջարդեր

 

Արտառոց իրադարձությունները Լեռնային Ղարաբաղում հանկարծակիի բերեցին Ադրբեջանին ու բացահայտեցին երկրի քողարկված հիմնախնդիրները:

Ադրբեջանի բնակչությունը շատ ավելի տարասեռ էր, քան Հայաստանինը: Բնակչության թվով կրկնակի գերազանցելով Հայաստանին՝ ազգային առումով Ադրբեջանը ներկայանում էր որպես շատ ավելի լայն խառնուրդ, որտեղ ապրում էին նշանակալի թվով ազգային փոքրամասնություններ՝ ռուսներ ու հայեր, ինչպես նաև կովկասյան փոքր ազգությունների՝ թալիշների ու լեզգիների ներկայացուցիչներ: Ազգային փոքրամասնություններն այստեղ ապրում էին ինչպես կոսմոպոլիտ մայրաքաղաք Բաքվում, այնպես էլ հեռավոր քաղաքներում ու գյուղերում, որոնք ամենաաղքատներից էին Կովկասում:

Առաջին հայացքից կարող էր թվալ, թե Ադրբեջանի կուսակցական ղեկավարության դիրքերը ամուր էին, քանի որ Քաղբյուրոն պաշտպանում էր Ադրբեջանի դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի հարցում. իրոք, ի տարբերություն Հայաստանի կոմկուսի, Ադրբեջանում կոմունիստական կուսակցությունը կարողացավ իշխանությունը պահել մինչև 1992 թվականը: Այդուհանդերձ, տեղի կուսակցական ղեկավար Քյամրան Բաղիրովը, ով Ադրբեջանի նախկին կուսակցական առաջնորդ Հեյդար Ալիևի հովանավորյալն էր, շնորհազրկված էր ու հիվանդ: Ցուցադրելով իր անվստահությունը՝ Գորբաչովը փաստորեն հեռացրեց Ադրբեջանի ղեկավարությանը ղարաբաղյան հակամարտության կարգավորման աշխատանքներից:

Քաղաքական բողոքի առաջին ակցիան Ադրբեջանում տեղի ունեցավ 1988 թվականի փետրվարի 19-ին՝ հայաստանյան հանրահավաքների 7-րդ օրը: Ուսանողների, բանվորների ու մտավորականների մի խումբ երթով անցավ Բաքվի փողոցներով՝ բլրի գագաթին գտնվող գիտությունների ակադեմիայի շենքից մինչև հանրապետության խորհրդարանի՝ Գերագույն խորհրդի շենքը: Նրանց բռնած ցուցապաստառներն ազդարարում էին, թե Լեռնային Ղարաբաղը պատկանում է Ադրբեջանին: Ցուցարարները, սակայն, գրեթե չունեին որևէ կազմակերպական աջակցություն: Բաքվի մտավորականներից շատերը խոստովանում են, որ մինչև 1988 թվականը Ղարաբաղի հարցը իրենց երբևէ չէր հետաքրքրել. չիմանալով, թե ինչպիսի զորեղ կարևորություն ունի հարցը հայերի համար՝ նրանք պարզապես անառարկելի էին համարում, որ Ղարաբաղն ընդմիշտ իրենցը պետք է լինի: Ուստի Ղարաբաղում ժայթքած բողոքի ալիքը նրանց համար մի կողմից այնքան էլ ընկալելի չէր, մյուս կողմից ավելի ընդգրկուն հետևանքների կարող էր հանգեցնել: Ադրբեջանցիները զգացին, որ հայերը փորձում են մասնատել իրենց հանրապետությունը և վտանգել Ադրբեջանի ազգային ինքնությունը:

Առաջին արձագանքը եկավ ադրբեջանցի պատմաբանների խմբից, որը 1960-ականներից ի վեր թեժ քաղաքականացված բանավեճի մեջ էր հայ պատմաբանների հետ: Բանաստեղծ Բախտիար Վահաբզադեն և պատմաբան Սուլեյման Ալյարովը  «Ազերբայջան» ամսագրում հրապարակեցին «Բաց նամակ», որում հայտարարեցին, թե Լեռնային Ղարաբաղը պատմական ադրբեջանական տարածք է, թե Ղարաբաղի հայերի շարժումը սերում է վտանգավոր իռեդենտիստական ավանդույթներից (իռեդենտիստական կուսակցության ծրագրային պահանջը Իտալիայի վերամիավորումն էր), թե «Ադրբեջանի ժողովուրդը միջազգային սրված մրցակցության նոր դարաշրջանի առաջին զոհերից է»: «Բաց նամակ»-ը անդրադարձել էր նաև մինչ այդ արգելված «Հարավային Ադրբեջանի» (Իրանի տարածքում) հարցին: Հայերին տրված այս եզակի հակահարվածը, սակայն, տպագրվեց միայն Բաքվում, ոչ Մոսկվայում, որտեղ շատ ավելի դրական արձագանքի էին արժանանում հայերի փաստարկները:

Խմորումներ Բաքվում

Մայրաքաղաք Բաքուն միշտ տարբերվել է մնացած Ադրբեջանից: Դա Կովկասի ամենախոշոր քաղաքն էր, որը հայրենի քաղաք էր տասնյակ ազգությունների ներկայացուցիչների համար: Հաղորդակցության գերադասված լեզուն ռուսերենն էր, տարածված էին խառնամուսնությունները: Քաղաքի բազմազգ լինելը, միաժամանակ, խոցելի էր դարձրել այն. միջհամայնքային լարումները թեև տեսանելի չէին, բայց և երբեք լիովին չէին մարում:

Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին Լեռնային Ղարաբաղի մարզային խորհրդի որոշումը կտրուկ շիկացրեց Բաքվում տիրող մթնոլորտը: Իրադրությունն է՛լ ավելի վատթարացրեց ադրբեջանցիների ներհոսքը Հայաստանի հարավում գտնվող Կապան քաղաքից. նրանցից շատերը իջևանում էին Բաքվում ապրող ազգականների մոտ: Զոհերի մասին տեղեկություններ թեև չկային, բայց փախստականներից շատերի վիրակապերը վկայում էին տեղի ունեցած բախումների մասին: Այսպիսի լարված մթնոլորտում ադրբեջանցիներից շատերը որոշեցին, որ Բաքվի «Արմենիքենդ» հայաբնակ թաղամասը հայերի «հինգերորդ շարասյունն է»: Այդ օրերին Բաքու ուղարկված խորհրդային բարձրաստիճան պաշտոնյային ցույց են տվել աճող ազգամիջյան ատելության հետևյալ վկայությունը. հայկական ընտանիքի փոստարկղն էին գցել վանդակավոր աշակերտական տետրից պոկված թերթիկ, որի վրա կարմիր գլխատառերով գրված էր՝ Погосянчики, вон из Баку пока живы (նկատի ունենալով, որ ընտանիքը Լեռնային Ղարաբաղի նոր առաջնորդ Հենրիկ Պողոսյանի կողմնակիցներից է):

Բաքվի կուսակցական կազմակերպության ղեկավարը այդ ժամանակ կոշտ ու եռանդուն Ֆուադ Մոսաևն էր՝ նախկինում ֆուտբոլիստ և ինժեներ-շինարար: Նրա կտրուկ մոտեցումը խնդրի լուծմանը վիճելի էր, բայց, թերևս, այն էր, ինչ պահանջում էր ստեղծված իրավիճակը: Փետրվարի 20-ին արձակուրդը ռուսաստանյան Կիսլովոդսկ քաղաքում անցկացնող Մուսաևը հետ է կանչվում Բաքու՝ խիստ լարված գտնելով քաղաքում տիրող մթնոլորտը. «Ինչ-որ ուժեր սադրում էին մարդկանց, քարոզչությունն աշխատում էր ամբողջ թափով»: Նույն օրը երեկոյան Մուսաևի նախաձեռնությամբ նրա գլխավորած քաղկոմը որոշեց սահմանափակել մուտքը Բաքու: Կազմավորվեցին կամավորական խմբեր, որոնց անդամները փայտե մահակներով պարեկում էին փողոցներում՝ առանձնահատուկ ուշադրությամբ հսկելով հայկական թաղամասը:

Բաքվում հաջողվեց կանխել դժբախտությունը. քաղաքային իշխանությունների կողմից ժամանակին ձեռնարկված գործողությունները, թերևս, կասեցրին ջարդերի առնվազն երկու այլ փորձ նույն տարվա ընթացքում: Այնուամենայնիվ, դժբախտությունը սոսկ տեղափոխվեց Բաքվից 35 կիլոմետր հեռավորության վրա գտնվող Սումգայիթ: Որպես կանխարգելման միջոց՝ Մուսաևը արգելեց հազարավոր բանվորների մուտքը Բաքու, որոնք ամեն օր գալիս էին Սումգայիթից, և Հայաստանից եկած ադրբեջանցի փախստականներին ուղարկեց Սումգայիթի մերձակայքում գտնվող Ֆաթմայի և Սարայի կոչվող գյուղերը: Այսպիսով՝ մինչ Բաքուն փոքր-ինչ խաղաղվեց, բռնկվեց Սումգայիթը:

Օրինակելի խորհրդային քաղաքը

Ինչ-որ մռայլ օրինաչափություն կա այն փաստի մեջ, որ Խորհրդային Միության վերջին շրջանի պատմության մեջ առաջին զանգվածային բռնությունը տեղի է ունեցել հենց Սումգայիթում: Դա օրինակելի խորհրդային քաղաք էր՝ կառուցված մարմնավորելու ժամանակակից ինտերնացիոնալիստ աշխատավորների համայնքի մասին երազանքը: Արդունքում կազմավորվեց անապահով ու դժգոհ լյումպեն-պրոլետարիատի դասակարգ:

Կասպիցի՝ Բաքվից հյուսիս ընկած առափնյա հատվածը, որտեղ այսօր Սումգայիթն է, ամայի էր մինչև երկրորդ համաշխարհային պատերազմը: Հենց ավազածածկ այդ տարածքում, որտեղ ընձյուղվում էին արմավենիներ ու արևադարձային այլ բույսեր, 1940-ականների վերջին սկսեց կառուցվել նոր քաղաքը: Դրա առաջին բնակիչները խորհրդային հասարակության ստորին խավերի ներկայացուցիչներն էին՝ ստալինյան ճամբարներից ազատ արձակված զեկ-երը, Սփյուռքից հայրենադարձության ալիքի կապակցությամբ Հայաստանից հեռացած ադրբեջանցիները և Ղարաբաղից Ադրբեջանում աշխատելու եկած չքավոր հայերը: 1960 թվականին քաղաքի բնակչությունը հասավ 65 հազարի:

1980-ականներին ինտերնացիոնալիստական այս երազանքը արդեն մղձավանջի էր վերաճել: Բնակչության թիվը սրընթաց հատեց 250 հազարի սահմանագիծը, և բնակարանային հարցը քաղաքում ծայրաստիճան սրվեց: Բանվորներն ապրում էին գերբնակեցված հանրակացարաններում: Քաղաքի քիմական գործարանների արտանետումները այն դարձրել էին վատթարագույններից մեկը Խորհրդային Միությունում՝ օդի աղտոտվածության առումով: Մանկական մահացությունն այնքան բարձր էր, որ Սումգայիթում բացվել էր հատուկ մանկական գերեզմանատուն: Սումգայիթցիների միջին տարիքը 25 էր, ընդ որում՝ քաղաքի յուրաքանչյուր երրորդ բնակիչը դատվածություն ուներ: 1981 թվականից մինչև 1988 թվականն ընկած ժամանակահատվածում կալանավայրերից ազատ արձակված 2000 մարդ էր վերադարձել Սումգայիթ:

1963 թվականին, երբ Խորհրդային Միության ղեկավարը Նիկիտա Խրուշչովն էր, Սումգայիթում լուրջ անկարգություններ եղան: Նոյեմբերի 7-ին՝ Հոկտեմբերյան հեղափոխության տարեդարձի տոնակատարությունների ժամանակ, քաղաքի կենտրոնական հրապարակում ընթացող տոնական շքերթից առանձնացան խողովակագլանման գործարանի բանվորները: Ամբոխը ներխուժեց տրիբունա, որտեղ կանգնած էին շքերթն ընդունող տեղի կուսակցական ղեկավարները. մարդիկ պոկեցին Մշակույթի պալատի պատին ամրացված Խրուշչովի մեծադիր նկարը: Ոստիկանությունը մահակներով ցրեց կարգազանցներին, սակայն անկարգությունները շարունակվեցին ևս մի քանի ժամ: Վարկածներից մեկով դա տնտեսական բողոք էր ընդդեմ հացի հերթերի ու աճող գների: Մեկ այլ վարկածի համաձայն՝ անկարգությունները ընդգծված հակահայկական բնույթ ունեին և արձագանքն էին Ստեփանակերտում տեղի ունեցած միջադեպի, որի ընթացքում ադրբեջանցի էր սպանվել: Ասում են նաև, որ անկարգությունների կազմակերպիչները ծրագրում էին կրկնել բողոքի ցույցը 1973 թվականին, բայց ՊԱԿ-ը խափանել էր նրանց ծրագրերը:

Ջարդերի սկիզբը

1988թ. փետրվարին, երբ Բաքվում Ֆաուդ Մուսաևը վճռականորեն ճնշում էր անկարգությունների ցանկացած փորձ, Սումգայիթի մասին ոչ ոք չէր մտածում: Լեռնային Ղարաբաղում հայերի ցույցերի վճռորոշ օրերին Սումգայիթի ղեկավարներից շատերը, այդ թվում՝ կուսակցական ղեկավար Ջահանգիր Մուսլիմզադեն, բացակայում էին քաղաքից: Փետրվարի 26-ին, ըստ ականատեսների, Լենինի հրապարակում՝ Քաղկոմի շենքի դիմաց, մոտ 40-50 մարդ էր հավաքվել բողոքի ցույցի ընդդեմ Ղարաբաղում տեղի ունեցող իրադարձությունների: Ցույցի առիթը Հայաստանից հեռացած ադրբեջանցիների նույն խումբն էր: Փախստականներից մեկը՝ Կապանի ադրբեջանցիներից՝ մորուքավոր երկարավուն դեմքով, բարակ բեղերով մի տղամարդ, որին հետագայում տեղի հայերը անվանեցին «Առաջնորդ», հավաքվածներին պատմեց, թե հայերը ինչպես իրեն վռնդեցին հայրենի տնից, ինչպես սպանեցին իր ազգականներին:

Շաբաթ օրը՝ փետրվարի 27-ին, ցուցարարների թիվը հասավ մի քանի հարյուրի: Ելույթ ունեցողները բարձրախոս էին օգտագործում, ինչը նրանց խոսքը լսելի էր դարձնում շրջակա փողոցներում: Տեղի հայերը մինչև այժմ հիշում են, թե ինչպես էր մինչև ուշ գիշեր անվերջ կրկնվում «Ղարաբաղ» բառը: Քաղկոմի երկրորդ քարտուղարը՝ Բայրամովա ազգանունով մի կին, ինչպես պատմում են, նույնպես ելույթ է ունեցել ու պահանջել, որ հայերը հեռանան Ադրբեջանից: «Առաջնորդի» պատմությունները համեմվում էին նորանոր արյունոտ մանրամասներով: Նրա խոսքերով՝ սպանվել էին իր կնոջ գերդաստանի բոլոր անդամները, իսկ բոլոր կանանց կրծքերը՝ անդամահատվել:

Այդ երեկո հայտնի դարձավ բռնությունների առաջին դեպքերի մասին՝ կինոթատրոնում և շուկայում: Երևան եկավ մեկ այլ գործոն, որը, կարծես, պարտադիր պայման էր սկսված էթնիկ բռնության՝ ոստիկանությունը ոչինչ չէր անում: Ավելի ուշ պարզվեց, որ ոստիկանության տեղի բաժինը համալրված էր գերազանցապես ադրբեջանցիներով. այստեղ ընդամենը մեկ հայ սպա կար:

Նույն երեկոյան ազգային հեռուստատեսությամբ և Բաքվի ռադիոյով ելույթ ունեցավ այդ օրերին Ադրբեջանում գտնվող ԽՍՀՄ գլխավոր՝ զինվորական դատախազ Ալեքսանդր Կատուսևը: Ի պատասխան Ղարաբաղի իրադարձություններին վերաբերող հարցին՝ նա հաստատեց, որ 5 օր առաջ Ասկերանում 2 երիտասարդ է սպանվել, և նշեց նրանց ակնհայտորեն ադրբեջանական ազգանունները: Դրանով Կատուսևը վառված լուցկին մոտեցրեց վառոդի տակառին: «Երբ նա դա ասաց… գիտե՞ք՝ ինչպես են բզզում մեղուները, լսե՞լ եք մեղուների բզզոցը: Դա նման էր միլիոնավոր մեղուների բզզոցի… Այդ բզզոցով էլ ներխուժեցին մեր բակը՝ ոռնալով ու բղավելով»,- պատմել է սումգայիթցի մի հայ:

Հաջորդ՝ փետրվարի 28-ի կիրակի օրը գազազած ամբոխը ամբողջովին լցրեց Սումգայիթի կենտրոնական հրապարակը: Տեղի կուսակցական ղեկավարը՝ Ջահանգիր Մուսլիմզադեն վերջապես վերադարձել էր Մոսկվայից: Վրացի մի ականատեսի խոսքերով՝ Մուսլիմզադեն վստահեցրեց ամբոխին, թե Ղարաբաղը երբեք չի տրվի հայերին, ինչը, սակայն, արդեն չէր կարող բավարարել ամբոխին: Այնուհետև նա ասաց. «Եղբայրնե՛ր, հարկավոր է հայերին թույլ տալ, որ ազատ հեռանան քաղաքից: Քանի որ այսպիսի անհաշտ թշնամանք է սկսվել, քանի որ ազգային հարցեր են բացվել, այսպիսի ուժեր են արթնացել, ապա պետք է հայերին թույլ տալ, որ ազատ հեռանան քաղաքից»: Մուսլիմզադեն անկարող էր խաղաղեցնել ամբոխին:

Դրանից հետո տեղի ունեցածի մանրամասները մինչև այժմ հստակ չեն, բայց մոտավորապես 18:30-ին Մուսլիմզադեն կրկին դուրս եկավ ամբոխի առջև: Ադրբեջանական դրոշը ձեռքին՝ նա գլխավորեց ցուցարարների երթը: Կուսակցական առաջնորդը նրանց տարավ նախ՝ դեպի արևմուտք, հետո՝ հարավ՝ Բարեկամության փողոցով, հետո՝ արևելք՝ դեպի ծովը: Ավելի ուշ Մուսլիմզադեն ասել է, թե մտադիր էր ամբոխին հեռացնել քաղաքի կենտրոնից, տանել դեպի ծովը՝ դժբախտությունը կանխելու նպատակով: Փոխարենը ստացվեց այնպես, որ խառնամբոխը սանձազերծվեց հենց քաղաքի կենտրոնում: Շարասյան պոչից առանձնացան մի քանի խմբեր, որոնք ցրվեցին քաղաքի կենտրոնական թաղամասերում՝ փնտրելով հայերի:

Դրանից հետո կատարվածը աննախադեպ էր խաղաղ ժամանակների Խորհրդային Միությունում: 10-50 հոգանոց ավազակախմբերը վխտում էին քաղաքում, քարկոծում լուսամուտների ապակիները, հրդեհում մեքենաներ, բայց առաջին հերթին հայերի էին որոնում: Սումգայիթի մի քանի թաղամասեր վերածվեցին պատերազմական գոտու: Էպիկենտրոնը քաղաքային ավտոկայանի շրջակայքն էր, որը, խորհրդային սև հումորի ակամա բերումով, գտնվում էր Բարեկամության և Խաղաղության փողոցների անկյունում: Սովորական քաղաքացիներն ահաբեկված էին: Նաթևան Թադիևան, ում ամուսինը բժիշկ էր, պատմում է, որ վերադառնալով ամառանոցից, քաղաքի փողոցները գտավ ամբոխի լիակատար վերահսկողության տակ: «Երբ տեսա այդ ամբոխը, հասկացա, որ ամբոխի սինդրոմ իսկապես գոյություն ունի: Նայում ես աչքերին ու տեսնում, որ ամեն ինչից վերացած են, ոչինչ չեն գիտակցում, ինչպես զոմբիները»:

Այդ փողոցների հայ բնակիչների սոսկալի տառապանքները հանգամանորեն վավերագրված են: Ջարդը վերապրած 44 հայերի վկայությունները ավելի ուշ առանձին գրքով հրատարակվել են Հայաստանում. ջարդի բացառիկ հոգեցունց ու մանրամասն մի նկարագրություն: Վխտող ավազակախմբերը սոսկալի գազանություններ էին կատարում: Զոհերից մի քանիսի դիակներն այնքան այլանդակված էին կացնի հարվածներով, որ այդպես էլ չեն ճանաչվել: Կանանց մերկացնում էին ու այրում, շատերին բազմակի բռնաբարում:

Այդ իրադարձություններից գրեթե 13 տարի անց Սումգայիթի հայերի մի խումբ ապրում է Քասախ գյուղում՝ Երևանից հյուսիս: Նրանց տրամադրվել են կոկիկ քոթեջներ, բայց քչերն ունեն մշտական աշխատանք: Նրանք շարունակում են մնալ քաղաքաբնակներ. միմյանց հետ խոսում են ռուսերեն ու չեն կարողանում ընտելանալ փայտի վառարաններով տներին: Բոլորը ամեն ինչ հիշում են այն սոսկալի երեք օրերի մասին, որոնք վերջ տվեցին իրենց սումգայիթյան կյանքին: Թեև, նրանց կարծիքով, իրենց վերապրածը վայրենի չար բնազդների բռնկում էր, այդուհանդերձ, կատարվածի մեջ տեսնում են նաև որոշակի կազմակերպված հետևողականություն:

«Խառնամբոխը հարձակվում էր մի քանի ալիքներով,- պատմում է ալեհեր Ռաֆիկ Խաչառյանը:- Առաջին խումբը գոռգոռում էր, աղմուկ հանում ու հեռանում: Երկրորդ խումբը գալիս էր թանկարժեք իրերը վերցնելու և կրկին հեռանում էր: Մարդկանց խոշտանգում ու սպանում էր երրորդ խումբը: Երեք տեսակի խմբեր կային: Առաջինում 15, 16, 17 տարեկան պատանիներ էին. սրանք վանդալներ էին: Երկրորդը կողոպտիչներն էին»: Ջարդարարներին, Խաչառյանի խոսքերով, հեշտ էր տարբերակել. նրանք կա՛մ մորուքավոր գյուղաբնակներ էին՝ հիմնականում Հայաստանից փախստականներ, կա՛մ Սումգայիթի ծայրամասերի գերբնակեցված հանրակացարաններում ապրող բանվորներ: Բոլորը երիտասարդ էին՝ 14-ից 30 տարեկան:

Խաչառյանն ու իր ընտանիքը այն ժամանակ ստիպված էին փախչել սեփական բնակարանից: Վերադառնալով բնակարանը տակնուվրա և ջարդուփշուր գտան. «Բաժակ անգամ չէր մնացել, որ առավոտյան մի բաժակ ջուր խմեինք»: Գոնե իրենք էին ողջ և անվնաս: Մարիա Մովսիսյանը (տարեց կին է՝ փիրուզագույն բլուզով) այդ սոսկալի օրը վերհիշելիս լալիս է: Իրենց տուն ներխուժած տղամարդկանցից մեկը ընկել էր իր դստեր հետևից, վերջինս, ահաբեկված փախչելով, երկրորդ հարկի պատշգամբից ցատկել էր ծառի վրա ու կոտրել ոտքը: Դրանից հետո հիշում է միայն, որ դստերը վերմակով ծածկած՝ տարան փողոցն ի վար:

Հարձակվողների մեծ մասն անզեն էր՝ ապավինելով սեփական բիրտ ուժին ու ստվար շարքերին: Հայերից ոմանք դիմադրել էին, ինչով, թերևս, կարելի է բացատրել սպանվածների թվում 6 ադրբեջանցիների առկայությունը: Ջարդարարներից շատերը, այդուհանդերձ, զինված էին գործարաններում նախապես սրած մետաղական ամրանների ու խողովակների կտորներով: Սա բազմաթիվ հանգամանքներից մեկն է, որ թույլ է տալիս ենթադրել, որ բռնության ալիքը, առնվազն պարզունակ ձևով, պլանավորված էր: Ջարդերը վերապրածներից ոմանք հիշում են այլ մանրամասներ ևս. ջարդարարները, օրինակ, անվնաս էին թողնում հեռուստացույցները, ձեռք չէին տալիս նաև երեխաներին:

Ջարդարարներից ոմանք մտածում էին, թե իրենց բնակեցնելու են հայերի բնակարաններում: Զոհերից մեկը՝ Լյուդմիլա Մ-ն, հիշում է նրանց խոսակցությունը, երբ սեփական բնակարանում արնաշաղախ ընկած էր (նրան բռնաբարած ջարդարարները կարծել են, թե մեռած է):

Սենյակում 6 հոգի էին: Խոսում էին իրար հետ ու ծխում: Մեկը դստեր մասին էր խոսում՝ ասելով, թե մեր բնակարանում մանկական կոշիկ չկա, որ կարողանար տանել նրա համար: Մյուսն ասաց, թե իրեն դուր է գալիս բնակարանը (մենք վերջերս շատ լավ վերանորոգել էինք այն), և որ ինքը, երբ ամեն ինչ վերջանա, այստեղ է ապրելու: Սկսեցին վիճել: Մեջ ընկավ երրորդը. «Իսկ ինչո՞ւ դու: Ես չորս երեխա ունեմ, իսկ այստեղ երեք սենյակ է: Հենց այն, ինչ ինձ է պետք: Քանի տարի է՝ ապրում եմ Աստված գիտի որտեղ»: Մեկ ուրիշն էլ ասաց. «Ոչ մեկիդ չի հասնի: Կվառենք այս բնակարանն ու կգնանք»:

Թեև ոստիկանությունը ոչինչ չէր անում, ադրբեջանցիներից ոմանք ինքնուրույն փորձում էին օգնել իրենց հայ հարևաններին: Տեղի կոմերիտականները կազմավորել էին փոքր խմբեր և հայերին տեղափոխում էին համեմատաբար անվտանգ Մշակույթի պալատի շենքը կենտրոնական հրապարակում: Ոմն տիկին Իսմայլովա կարճ ժամանակով դարձավ խորհրդային մամուլի հերոսուհին՝ իր բնակարանում ապաստան տալով մի քանի հայ ընտանիքների: Նաթևան Թաղիևան հիշում է. «Մեր 14-հարկանի շենքում բազմաթիվ հայեր էին ապրում: 14-րդ հարկում ապրող հայերին մենք թաքցրեցինք: Նրանցից ոչ ոք գիշերը իրենց բնակարանում չանցկացրեց: Իսկ հիվանդանոցում մարդիկ հսկող խմբեր էին ստեղծել: Հսկողության տակ էին բոլոր հիվանդները»:

Բռնությունները մի մռայլ սյուրռեալիստական առանձնահատկություն ունեին. մարդասպանների ու կողոպտիչների համար հաճախ դժվար էր ի հայտ բերել թշնամիներին: Խորհրդային հայերն ու ադրբեջանցիներն արտաքնապես շատ նման են իրար, Սումգայիթում միմյանց հետ խոսում էին ռուսերեն, հայերից շատերը տիրապետում էին ադրբեջաներենին: Հայերից ոմանք կարողացել են փրկվել ադրբեջանցի կամ ռուս ներկայանալով՝ ակամա բացահայտելով էթնիկ բռնությունների անհետ աստառը: Հայերի որս կազմակերպած գազազած երիտասարդները կանգնեցնում էին ավտոմեքենաներն ու ավտոբուսները՝ ուղևորների մեջ հայեր որոնելով: Բոլորին ստիպում էին արտաբերել ադրբեջաներեն «ֆունդուկ» բառը. համարվում էր, թե հայերը ունակ չեն ճիշտ արտաբերելու դրա առաջին հնչյունը: Մի բակում քառասունք էին նշում՝ հանգուցյալի մահվան 40-րդ օրը: Հարձակման համար ազդանշան դարձավ հոգեհացի սեղանին հացի առկայությունը. ադրբեջանցիների մոտ նման սեղաններին հաց դնելն արգելվում է:

Այս նուրբ տարբերությունները օրինակ են այն երևույթի, որը Միխայիլ Իգնատևը Ֆրոյդից փոխառած եզրաբանությամբ անվանել է «աննշան տարբերությունների նարցիսիզմ»: Վերլուծելով սերբ-խորվաթական հակամարտությունը՝ Իգնատևը գրում է.

Մի առիթով Ֆրոյդը նկատել է, որ որքան ավելի փոքր են տարբերությունները երկու ժողովուրդների միջև, այնքան ավելի մեծ են դրանք ներկայանում այդ ժողովուրդների երևակայությանը: Նա այդ երևույթն անվանել է աննշան տարբերությունների նարցիսիզմ: Սրա դրսևորումներից է այն, որ թշնամիները միմյանց կարիքն ունեն սեփական ինքնությունը հաստատելու համար: Խորվաթը, այսպիսով, ոչ սերբն է: Իսկ սերբը՝ ոչ խորվաթը: Առանց փոխադարձ ատելության չէր լինի հստակ տարորոշված ազգային ինքնությունը՝ երկրպագելու ու պաշտելու համար:

Այս առումով կարելի է ասել, որ սումգայիթյան ջարդերը հանգեցրին «խորհրդային» ինքնության առաջին բռնի մասնատմանը:

Կենտրոնը դանդաղ է արձագանքում

Իշխանությունները ցավ պատճառելու աստիճան դանդաղում էին արձագանքել իրադարձություններին: Բաքվից Սումգայիթ հասնելու համար ընդամենը կես ժամ էր պահանջվում, բայց մի քանի ժամ որևէ արձագանք չկար: «Գորբաչովը միանգամայն ճիշտ չէ, երբ ասում է, թե 3 ժամ էինք ուշացել: Նման բան չի եղել: Մենք ուշացել էինք 1 օր: Որովհետև սպասում էինք այստեղ զորք ուղարկելու մասին որոշման կայացմանը»,- ասում է այդ օրերին Ադրբեջանում գտնվող մոսկվացի պաշտոնյաներից Գրիգորի Խարչենկոն:

Խարչենկոն և խորհրդային ՊԱԿ-ի նախագահի տեղակալ Ֆիլիպ Բոբկովը 1988 թվականի փետրվարի 28-ի երեկոյան Բաքվից Սումգայիթ մեկնած առաջին խորհրդային պաշտոնյաներն էին: Խորհրդային խիստ կանոնակարգված կյանքին սովոր կուսակցական պաշտոնյայի համար դա արտասովոր բան էր: Խանութների ցուղափեղկերը ջարդուփշուր էին արված, փողոցներում երևում էին այրված տրոլեյբուսներ ու ավտոմեքենաներ: Գազազած ամբոխը դեռ վխտում էր քաղաքով մեկ: Խարչենկոն պատմում է.

«Անհնար էր վերահսկել իրավիճակը, քանի որ քաղաքն ամբողջությամբ խուճապի մեջ էր: Ամենուր վխտում էին ադրբեջանցիները, բակերից լսվում էին ճիչեր՝ «Օգնեցե՜ք, օգնեցե՜ք»: Մենք թիկնազոր ունեինք, մեզ տարան մի վայր… Չեմ ուզում ձեզ ցույց տալ լուսանկարները: Ես դրանք պարզապես ոչնչացրել եմ: Բայց սեփական աչքով եմ տեսել անդամահատված դիակները: Դրանցից մեկը կացնով էր մասնատված՝ ոտքերը, ձեռքերը, փաստորեն մարմին, որպես այդպիսին, չէր մնացել: Նրանք գետնից հավաքում էին չոր տերևները, լցնում էին դիակների վրա, հետո մոտակա մեքենայից վերցրած բենզինը լցնում վրան ու այրում: Սոսկալի էր»:

Բոբկովն ու Խարչենկոն անմիջապես վճռեցին, որ կարգուկանոնը վերականգնելու համար հարկավոր է զորք կանչել: Դա անելը, սակայն, շատ ավելի բարդ էր, քան ասելը: Մի քանի ժամ հետո միայն Սումգայիթ հասան ներքին զորքերի գունդը և Բաքվի զինվորական ակադեմիայի կուրսանտները: Զինվորականները անմիջապես բախվեցին գազազած խառնամբոխի դիմադրությանը: Խարչենկոն պատմում է, որ այդ «ավազակախմբերը ամեն բանի պատրաստ էին, նրանք արյան համն արդեն առել էին, հասկանում էին, որ նահանջելու տեղ չունեն»: Երիտասարդ զինվորներին Մոսկվայից հրահանգել էին չկրակել մարտական փամփուշտներով, այլ օգտագործել ոչ մարտական փամփուշտներ: Ջարդարարները նրանց վրա նետում էին «Մոլոտովի կոկտեյլով» շշեր, սրած մետաղական ամրաններով հարվածում էին նրանց ոտքերին: Վիրավոր զինվորականների թիվը հասնում էր հարյուրի:

Փետրվարի 29-ի երկուշաբթի օրը Կրեմլում գումարվեց Քաղբյուրոյի նիստ՝ քննարկելու Կովկասում ստեղծված ճգնաժամը: Քաղբյուրոյի անդամները, զարմանալիորեն, նախ երկար ժամանակ վատնեցին՝ քննարկելով Հայաստանի իրավիճակը, հետո միայն անցան Սումգայիթում տիրող իրավիճակին: Մտահոգություններ էին արտահայտվում, թե բռնությունները տարածվում են Հայաստանի և Ադրբեջանի այլ քաղաքներում: Նիստի արձանագրությունը վկայում է, որ Խորհրդային Միության առաջնորդները ամեն կերպ ջանում էին հաղթահարել այդ աննախադեպ իրավիճակը.

Դմիտրի Յազով (պաշտպանության նախարար)- Բայց, Միխայիլ Սերգեևիչ (Գորբաչով). Սումգայիթում մենք պետք է մտցնենք, եթե ուզում եք, գուցե բառն այն չէ, ռազմական դրություն:

Գորբաչով- Պարետային ժամ:

Յազով- Մենք պետք է հետևողականորեն իրականացնենք այդ գիծը, Միխայի՛լ Սերգեևիչ, որպեսզի կարողանանք վերահսկել իրավիճակը: Պետք է զորք մտցնենք ու կարգուկանոն հաստատենք: Ի վերջո, սա մեկուսացված վայր է և միլիոնավոր մարդկանցով Հայաստան չէ: Ի դեպ, դա, անշուշտ, կսթափեցնի մյուսներին:

Գորբաչով- Ալեքսա՛նդր Վլադիմիրովիչ (Յակովլև) և Դմիտրի՛ Տիմոֆեևիչ (Յազով), դուք նկատի ունեք հնարավոր իրավիճակը Բաքվում և Լենինականում և այդ քաղաքում, որտեղ հայկական շրջան կա:

(Վիկտոր) Վլասով (ներքին գործերի նախարար)- Կիրովաբադ (Ադրբեջանի երկրորդ քաղաքը, ներկայումս՝ Գյանջա):

Գորբաչով- Կիրովաբադ:

Վլասով- Այնտեղ միայն ապակիներ են կոտրել և վերջ:

Գորբաչով- Պետք է հաշվի առնել, որ նրանք դեռ չգիտեն, թե ինչ է կատարվել Սումգայիթում, բայց այս ամենը տարածվում է գլորվող ձնագնդի արագությամբ:

Էդուարդ Շևարդնաձե- Այստեղ հաղորդակից անոթների պես է: Եթե Հայաստանում իմանան զոհերի մասին, դա կարող է բարդությունների հանգեցնել այնտեղ:

Ալեքսանդր Յակովլև- Հնարավորինս արագ պետք է հայտարարել, որ Սումգայիթում հարուցվել են քրեական գործեր, և հանցագործները ձերբակալված են: Դա անհրաժեշտ է կրքերը հանգստացնելու համար: Դա պետք է արագ ու միանշանակ ասի քաղաքային թերթը բուն Սումգայիթում:

Գորբաչով- Հիմա գլխավորն այն է, որ հարկավոր է անմիջապես հանցագործների դեմ պայքարում ներգրավել բանվոր դասակարգին, կամավորականների: Դա, ասեմ, ձեզ, կանգնեցնում է ցանկացած խուլիգանի ու ծայրահեղականի: Ինչպես եղավ Ալմա Աթայում: Դա շատ կարևոր է: Զինվորականները թշնամանք են առաջացնում:

Գորբաչովը դեմ էր Սումգայիթում անվտանգության ուժեր տեղակայելուն, բայց նրան, ի վերջո, համոզեցին, որ Սումգայիթում սահմանափակ զինվորական ներկայությունը և պարետային ժամը անհրաժեշտություն են: Նման միտումնավոր զուսպ դիրքորոշման համար հետագայում Գորբաչովը արժանացավ հայերի խստագույն պարսավանքին: Դատելով այս սղագրությունից՝ երկրի ղեկավարները անկեղծ էին ճգնաժամը մարելու իրենց ջանքերում, միաժամանակ, սակայն, բացարձակապես անտեղյակ դրա բուն խորքերին: Գորբաչովը առաջվա պես խոսում էր «բանվոր դասակարգին» մոբիլիզացնելու մասին, թեև հենց այդ բանվոր դասակարգն էր հրկիզում ու սպանում Սումգայիթի փողոցներում: Եվ այդ նիստում իր ելույթի մեծ մասը նա նվիրեց «ազգային հարցերով կուսակցական մեծ պլենում» անցկացնելու անհրաժեշտությանը, որտեղ վերաձևակերպվելու էր խորհրդային ազգային քաղաքականությունը: Հայերն ու ադրբեջանցիները, մինչդեռ, արդեն վառել էին խորհրդային ինտերնացիոնալիզմի հուղարկավորության ծիսական խարույկը:

Իսկ Սումգայիթում փետրվարի 29-ին իրավիճակը շատ ավելի պակաս չափով էր վերահսկելի, քան թվում էր Քաղբյուրոյի անդամներին: Հարձակումները՝ արդեն ավտոկայանից դեպի արևմուտք գտնվող «41-րդ թաղամասում», շարունակվում էին ողջ օրվա ընթացքում: Այդ օրը սպանվածների թվում էր նաև մի ամբողջ ընտանիք՝ ամուսինները և նրանց երկու որդիներն ու դուստրը: Եվ նույն օրը, վերջապես, քաղաք մտան Կասպյան նավատորմի ծովային հետևակայինները և դեսանտային գունդը: Երեկոյան պաշտոնապես ուժի մեջ մտավ ռազմական դրությունը, և իշխանության ողջ պատասխանատվությունն անցավ գեներալ Կրաևին: Ամբողջ քաղաքում բարձրախոսներով հրապարակվեց նրա հրամանը ժամը 23-ից հետո ուժի մեջ մտնող պարետային ժամ մտցնելու մասին՝ ևս մեկ աննախադեպ քայլ պատերազմական իրավիճակում չգտնվող Խորհրդային Միության համար: Ժամը 19-ին ավտոկայանի դիմացի հրապարակում դեռ հավաքված էին հազարավոր գազազած երիտասարդներ: Կրաևը դեսանտայիններին հրամայեց գրոհով գրավել ավտոկայանը: Գործողության ժամանակ սպանվեցին մի քանի ադրբեջանցիներ: Երկուշաբթի երեկոյան զոհերի թիվը, պաշտոնական տվյալներով, հասավ 32-ի, իսկ ձերբակալվածների թիվը անցավ 400-ից:

5000 հայեր ապաստան էին գտել Լենինի հրապարակում գտնվող Մշակույթի պալատի հսկայական շենքում՝ ծովային հետևակայինների պաշտպանության ներքո: Խարչենկոն գնաց այնտեղ: Մինչ լսում էր նրանց հիստերիկ բողոքները, հետևից գլխին հարված ստացավ ու պատանդ վերցվեց: Այլևս ամեն բանի պատրաստ հայերի մի խումբ քաղաքից հեռանալու համար օդանավ էր պահանջում. Խարչենկոյին թույլ տվեցին հեռանալ միայն այն բանից հետո, երբ հաջողվեց հայերին համոզել, որ Մոսկվան նրանց էվակուացնելու ծրագիր արդեն ունի: Խարչենկոյին այդ ժամանակ ցնցել էր այն, որ Սումգայիթի բոլոր հայերը ցանկանում էին մեկնել Ռուսաստան, այլ ոչ թե Հայաստան: «Ոչ մեկը նրանցից, ում հետ այդ օրը զրուցեցինք, Հայաստան մեկնելու ցանկություն չհայտնեց: Բոլորը խնդրում էին իրենց տանել Կրասնոդար, Ստավրոպոլ կամ Ռոստովի մարզ: Ինչո՞ւ: Նրանք ասում էին՝ Հայաստանում ոչ ոքի պետք չեն, նրանք իրենց իսկական հայ չեն համարում, իրենք իսկական հայեր չեն»:

Հետևանքները

Զանգվածային սպանությունները Սումգայիթում ջրբաժան դարձան Խորհրդային Միության ճակատագրում: Դրանք, անկասկած, աղետ ու ողբերգություն էին հայերի համար: Սումգայիթում սպանվեց 26 կամ 29 հայ, հարյուրավոր հայեր վիրավորվեցին: Քաղաքից հեռացան գրեթե բոլոր 14 հազար հայերը: Սումգայիթի բռնությունները ցնցեցին Ադրբեջանի 350 հազարանոց ողջ հայ համայնքը. հազարավոր մարդիկ լքեցին Ադրբեջանը: Սումգայիթը աղետ էր նաև Ադրբեջանի համար, որը, փորձելով արձագանքել ղարաբաղյան անսպասելի իրադարձություններին, հեղինակեց մարդկանց կենդանի հիշողության մեջ ամենադաժան միջհամայնքային բռնությունները Խորհրդային Միությունում: Ջարդարարների դաժանությունը ցավագնորեն հակադրվում էր հայաստանյան խաղաղ ցույցերին, և սովորական ադրբեջանցիները ահաբեկված ու շփոթված էին:

Խորհրդային իշխանությունների առաջին մղումը իրադարձություններին վերաբերող տեղեկատվությունը թաքցնելն էր: Սումգայիթյան իրադարձությունների մասին տեղեկատվության բացակայությունը խորհրդային պաշտոնական մամուլում բացահայտեց, որ գորբաչովյան բացախոսությունը դեռ շատ հեռու էր մամուլի ճշմարիտ ազատությունից: Մի ամբողջ շաբաթ խորհրդային լրատվական գործակալությունները հաղորդագրություններ էին տալիս Իսրայելում, Հարավային Աֆրիկայում և Պանամայում տեղի ունեցող անկարգությունների մասին, իսկ Ադրբեջանում կատարվողի մասին անգամ չհիշատակեցին: Կիրակի երեկոյան՝ փետրվարի 28-ին, երբ Սումգայիթում բռնություն ու ջարդ էր, խորհրդային հիմնական հեռուստատեսային լրատվական ծրագիրը՝ «Վրեմյա»-ն, հաղորդեց սոսկ, որ Հայաստանի բանվորները խոստացել են հավելյալ աշխատանքով փոխհատուցել անցած շաբաթվա գործադուլի արդյունքում առաջացած արտադրական կորուստները: Երբ ամեն բան արդեն ավարտված էր, խորհրդային ղեկավարությունը որոշեց քողարկել ջարդերի հակահայկական բնույթը՝ դրանք որակելով ընդամենը «խուլիգանական արարքներ»:

Տեղեկատվության այսպիսի աղավաղումը վիրավորեց հայերին, իսկ այն, որ այդպես էլ չհրապարակեց զոհերի ամբողջական ցուցակը, նրանց մեջ համոզմունք ձևավորեց, թե զոհերի իրական թիվը թաքցվում է: Ջարդերից հետո ականատեսները Բաքվի դիահերձարանում հաշվել են 32 դիակ՝ 26 հայի և 6 ադրբեջանցու: 1 տարի անց Հայաստանում հրատարակված ջարդերի մասին առաջին գրքում զոհերի ցուցակում ավելացվել էր ընդամենը երեք ազգանուն, ակնհայտորեն՝ ավելի ուշ մահացած զոհերի կամ նրանց, ում մարմինները դիահերձարան չէին տարվել: Այդուհանդերձ, հայերը վստահ էին, որ ջարդը շատ ավելի մեծ չափերի է եղել, և այդ տեղեկատվությունը գաղտնի է պահվում: Հայ գրող Սերո Խանզադյանը պնդում էր, որ ջարդարարները սպանել են 450 հայի: 1991 թվականին ֆրանսահայ գրող Կլոդ Մութաֆյանը դեռ համարում էր, որ «պաշտոնական թիվը՝ 32 զոհ, ծաղրական թերահաշվարկ է»:

Ոչ ոքի չբավարարեցին նաև դատավարությունները ոճրագործների նկատմամբ: Դրանցից ամենազգացմունքայինները փոխադրվեցին ռուսաստանյան դատարաններ՝ Ադրբեջանի քաղաքականացված մթնոլորտից հեռացնելու և հայերի ազատ ցուցմունքները ապահովելու նպատակով: Այս դատավարությունները մամուլում գրեթե չլուսաբանվեցին: Իսկ բուն Սումգայիթում ընթացողները դռնփակ էին: Դատապարտվեց, ի վերջո, մոտ 80 մարդ՝ ջարդարարների իրական թվից շատ ավելի քիչ: Մահապատժի դատապարտվեց մեկը՝ Ահմեդ Ահմեդովը: 1988 թվականի վերջին մթնոլորտը հանրապետությունում այնպիսի արմատական փոփոխություններ էր կրել, որ որոշ ծայրահեղական ցուցարարներ Բաքվում բարձրացրել էին «Սումգայիթի հերոսներին» փառաբանող ցուցապաստառներ:

Դավեր ու խարդավանքներ

Սումգայիթյան իրադարձությունների հարցում խորհրդային ղեկավարության ամենամեծ սխալը, թերևս, պաշտոնական հետաքննություն չանցկացնելն էր, ինչի օգտին հանդես էին գալիս թե՛ հայկական, և թե՛ ադրբեջանական կողմերը: Դա ընդամենը է՛լ ավելի խորացրեց կասկածները, թե ջարդերի կազմակերպիչները խուսափեցին արդար դատաստանից: Լիարժեք տեղեկատվության պակասը խրախուսեց դավադրությունների տեսությունների սիրահարներին (Կովկասում սրանք, թերևս, խրախուսանքի կարիք էլ չունեն) գործի գցել լուրերի տարածման մեքենան:

Ջարդերի վերաբերյալ նման տեսությունները բազմաթիվ են ու բազմազան: Շատերը մատնացույց են անում ՊԱԿ-ը՝ պնդելով, թե այս հաստատությունն է կազմակերպել ջարդերը: Վարկածներից մեկով՝ ՊԱԿ-ը դա արել է «հայերին վախեցնելու» նպատակով, որպեսզի նրանք հրաժարվեն բողոքներից, մյուսով՝ թե  ազգամիջյան պառակտումը սերմանվել է Մոսկվայի անվերապահ ազդեցությունը Ադրբեջանում և Հայաստանում պահպանելու համար: Երրորդ վարկածի համաձայն՝ ՊԱԿ-ը Սումգայիթը ծրագրել էր Գորբաչովին և վերակառուցումը վարկաբեկելու համար:

ՊԱԿ-ը, անշուշտ, ուներ բոլոր միջոցները բռնության ալիքը անվարան սադրելու համար, բայց այս վարկածի օգտին որևէ վկայություն ի հայտ չի բերվել: Պնդելու համար, որ ՊԱԿ-ն է կազմակերպել ու իրականացրել ջարդերը, հարկ է պնդել նաև, որ արդեն 1988 թվականին այն գործում էր Գորբաչովից անկախ և արմատական երկարաժամկետ քաղաքական օրակարգ ուներ (որի պատասխան հարվածը, ի վերջո, ուղղվեց հենց իր դեմ): Բացի այդ, կոմիտեի այն ժամանակվա մռայլ պետին՝ Վիկտոր Չեբրիկովին, որը ղարաբաղյան հարցի շուրջ իր բոլոր արձանագրված ելույթներում հանդես էր եկել զուսպ գործողությունների օգտին, հարկ է համարել խարդավանքների մեծ վարպետ, խորհրդային նմուշի Յագո: Հազիվ թե: Դատելով այդ ժամանակաշրջանի գործողություններից՝ ՊԱԿ-ը Կովկասում խորհրդային մյուս հաստատություններից պակաս անզոր ու շփոթված չէր:

Ադրբեջանական կողմից հնչեցվել են է՛լ ավելի անհավանական տեսություններ, որոնց նպատակը, անշուշտ, ադրբեջանցիներին արդարացնելն է: Դրանցից մեկի կողմնակիցները համառորեն պնդում էին, թե օտար դավադիրները ջարդերը նկարահանել էին նախապես տեղադրված կինոխցիկներով և անմիջապես աշխարհով մեկ տարածել նկարահանված ժապավենը: Հարկ է նշել, սակայն, որ մինչև օրս ոչ ոք չի տեսել այն:

1989 թվականի մայիսին պատմաբան Զիա Բունիաթովը՝ հանրապետության գիտությունների ակադեմիայի նախագահը և Ադրբեջանի թիվ մեկ հայատյացը, առաջադրեց ադրբեջանցիների մեղքը լիակատար կերպով հերքող տարբերակ: «Ինչո՞ւ Սումգայիթը» հոդվածում նա եկավ եզրահանգման, թե հայերն իրենք են ծրագրել սումգայիթյան ջարդերը՝ Ադրբեջանը վարկաբեկելու և հայ ազգայնական շարժումը խթանելու նպատակով: «Սումգայիթի ողբերգությունը ամենայն մանրամասնությամբ նախապատրաստվել է հայ ազգայնականների կողմից,- գրել էր Բունիաթովը:- Ողբերգությունից մի քանի ժամ առաջ հայ լուսանկարիչներն ու հեռուստալրագրողները գաղտնի մտել էին քաղաք և կազմ ու պատրաստ սպասում էին: Առաջին հանցագործությունը կատարել է ադրբեջանցի ներկայացող ոմն Գրիգորյան, որը Սումգայիթում 5 հայ է սպանել»:

1990-ականների սկզբին, երբ Ադրբեջանից արդեն հեռացել էին բոլոր հայերը, և պատերազմը վերջնականապես թունավորել էր հարաբերությունները երկու ժողովուրդների միջև, կինոռեժիսոր Դավուդ Իմանովը է՛լ ավելի հեռուն գնաց: Նրա կցկտուր կինոեռապատումը՝ «Սումգայիթի արձագանքը», հուսահատության ճիչ է, որ մեղադրում է միաժամանակ հայերին, ռուսներին և ամերիկացիներին՝ Ադրբեջանում դավադրություն կազմակերպելու համար: Իմանովը, ի վերջո, ղարաբաղյան ողջ իրողությունը ներկայացնում է որպես Կենտրոնական հետախուզական վարչության դավադրություն Խորհրդային Միության դեմ:

Բունիաթովը և Իմանովը իրենց տեսությունները կառուցել են նույն փաստերի փշուրների երերուն հողի վրա: Այդպիսի փաստերից է, ասենք, այն, որ իրադարձություններից առաջ Սումգայիթի հայերը իրենց խնայողական հաշիվներից հանել են ավելի քան 1 միլիոն ռուբլի: Դա, եթե անգամ այդպես է, ամենևին զարմանալի չէ՝ հաշվի առնելով, որ հայերի և ադրբեջանցիների միջև հակամարտությունը խմորվում էր բավական երկար ժամանակ:

Նրանց վկայակոչած փաստերից է Էդուարդ Գրիգորյան անունով հայի մասնակցությունը բռնություններին: Սումգայիթի գործարաններից մեկի այս բանվորը մասնակցել էր հարձակումներին ու խմբակային բռնաբարություններին (այդուհանդերձ, չի կարելի Բունիաթովի պես պնդել, թե նա անձամբ 5 հայ է սպանել): Հետագայում Գրիգորյանը դատապարտվեց 12 տարվա ազատազրկման: Ադրբեջանում փայփայվեց-ծաղկեցվեց մի ամբողջ առասպելաբանություն սումգայիթյան իրադարձություններն իբր կազմակերպած «այս հայի» մասին: Մինչդեռ նա ընդամենը բռնություններին մասնակցելու համար ձերբակալված 84 մարդկանցից մեկն էր, որոնցից 82-ը ադրբեջանցի էին, մեկը՝ ռուս: Գրիգորյանը շարքային տականք էր: Ծնվել էր Սումգայիթում, հայ հոր մահից հետո նրան մեծացրել էր ռուս մայրը: Երեք անգամ դատապարտված էր եղել: Ասում են, թե նա անկարգությունները հրահրողներից է եղել, բայց ասում են նաև, թե իր ադրբեջանցի ընկերներն են համոզել նրան միանալ իրենց: Ամեն դեպքում Գրիգորյանը կրում է ջարդարարի բոլոր հատկանիշները՝ ավազակակերպ, անորոշ ազգային պատկանելություն ու քրեական անցյալ ունեցող երիտասարդ, որն օգտագործում է բռնանալու ցանկացած առիթ: Դժվար է նրան պատկերացնել քաղաքական դավադրի, առավել ևս՝ չարանենգ հայկական դավադրության առանցքային կազմակերպչի դերում:

Եթե բռնությունները ծրագրված էին, ապա դա կարող էր արվել միայն քաղաքի ներսում: Ջարդերից հետո պաշտոնանկ արվեցին քաղաքի մի շարք ղեկավարներ, իսկ Սումգայիթի քաղկոմի քարտուղար Մուսլիմզադեն հեռացվեց կուսակցությունից: Ջարդերը վերապրած հայերից ոմանք պնդում են, թե քաղաքի բարձրաստիճան կուսակցականներից շատերին տեսել են Լենինի հրապարակի հանրահավաքներում, իսկ վերապրած հայերից մի քանիսի պնդմամբ՝ ջարդարարների շարքերում անգամ կային քաղաքային իշխանությունների ներկայացուցիչներ: Մարդասպաններից ու ջարդարարներից շատերը խոստումներ էին ստացել, նրանց տրվել էին հայերի անուններն ու հասցեները, բաժանվել էր ինքնաշեն զենք: Տեղի ղեկավարներից ոմանք, հնարավոր է, գիտակցաբար ուղղորդում էին ամբոխը՝ հայերին Սումգայիթից դուրս մղելու ու դրանով իսկ քաղաքի ամենասուր սոցիալական խնդիրը՝ բնակարանային հարցը, լուծելու հույսով: Հայերի դեմ այդ գործողությունները ծրագրողները, ովքեր էլ որ լինեն, չկարողացան վերահսկել իրադրությունը:

Դավադրությունների տեսության կողմնակիցները ինչ-որ առումով սխալ հարց են բարձրացնում: Բռնությունները վակուումում չէին խմորվել, և եթե անգամ Սումգայիթում սադրիչներ էին աշխատել, նրանց սադրանքը հասցեատեր պետք է ունենար: Գրող ու լրագրող Անատոլ Լիվենը նկարագրել է 1990 թվականին Լատվիայում տեղի ոստիկանների հետ բախում հրահրելու քաղաքացիական հագուստով քողարկված խորհրդային զինվորական կուրսանտների ապարդյուն փորձերը. ֆլեգմանիկ լատվիացիք այդպես էլ հունից դուրս չեկան: Դժբախտաբար, կովկասյան ամբոխը շատ ավելի պայթյունավտանգ է:

Ավելի ճիշտ կլինի հարց բարձրացնել, թե ինչպես կարելի էր խուսափել բռնություններից Սումգայիթում՝ անորոշ դրության մեջ գտնվող փախստականներով լի այդ թշվառ քաղաքում: Ադրբեջանի մյուս խոշոր քաղաքներում՝ Բաքվում և Կիրովաբադում, այդ օրերին հաջողվեց կասեցնել հայերի դեմ ուղղված բռնություններն ու ջարդերը, բայց, ինչպես պարզվեց, սումգայիթյան ամբոխի տարրերի համակցումը շատ ավելի պայթյունավտանգ էր: Բռնության ալիքն այնքան կտրուկ բարձրացավ, որ մնում է միայն զարմանալ, որ չսպանվեցին ավելի շատ հայեր: Այս փաստը, հաշվի առնելով նաև, որ ոստիկանությունը չէր միջամտում, իսկ զորքերը քաղաք մտան 1 օր ուշացումով, թույլ է տալիս ենթադրել, որ միջհամայնքային արյունահեղությունը ինչ-որ չափով արգելակել են խորհրդային որոշ քաղաքացիական արժեքներ: Որքան էլ սոսկալի էին սումգայիթյան ջարդերը, դրանց զոհերի թիվը շատ ավելի փոքր էր, քան 1905 և 1918 թվականների Բաքվի ջարդերի ժամանակ:

Իրենց հանդուրժողական համարող ադրբեջանցիների համար ավելի հեշտ կլիներ ընկալել կատարվածը, եթե գիտակցեին, որ նման բռնությունները խիստ հազվադեպ երևույթ չեն: «Գռգռված ամբոխի քանակական արագ աճի կարևոր պատճառներից մեկը ռիսկի բացակայությունն է,- ամբոխի հոգեբանության դասական իր ուսումնասիրության (Ամբոխներն ու իշխանությունը) մեջ գրում է Էլիաս Քանեթին:- Ուրիշների հետ միասին կատարված սպանությունը, որ ոչ միայն անվտանգ ու թույլատրելի է, այլև հանձնարարելի, անդիմադրելի գայթակղություն է մարդկանց մեծամասնության համար»: Շատ չանցած՝ վայրագ ջարդեր տեղի ունեցան խորհրդային Միջին Ասիայում՝ Օշում և Դուշանբեում: Իրեն խաղաղասեր համարող մեկ այլ երկիր՝ Մեծ Բրիտանիան, արդեն գրեթե մոռացված էթնիկ բախումների թատերաբեմ էր դարձել 1915 թվականին (Լոնդոնի Իսթ Էնդում): Երբ գերմանական սուզանավը ջրասույզ արեց անգլիական ուղևորատար «Լուզիտանիա» նավը, փողոցները գրաված գազազած ամբոխը ջարդուփշուր արեց գերմանական խանութներն ու դաժան ծեծի ենթարկեց գերմանացի խանութպաններին: Վիրավորների թիվը հասավ 200-ի: Սումգայիթյան իրադարձությունների ընդհանուր պատկերը նույնպես պակաս սև-սպիտակ կլիներ, եթե հանրության ավելի լայն շերտեր տեղեկացված լինեին, որ ադրբեջանցիներն էլ բռնի տեղահանվել էին Հայաստանից: Գյուղական վայրերում տեղ գտած բռնությունները հազիվ թե համեմատելի են սումգայիթյան ջարդերի հետ: Այդուհանդերձ, 1988 թվականի ընթացքում հայերը տառապանք պատճառեցին հարյուրավոր ադրբեջանցիների:

Այսպիսով՝ Խորհրդային Միությունում և ամբողջ աշխարհում Սումգայիթը դարձավ խորհրդանիշը էթնիկ դրդապատճառներով պայմանավորված բռնությունների, որոնց միակ զոհը հայերն էին: Հայաստանում ջարդերը բարձրացրին վշտի ու զայրույթի հսկայական ալիք: Անմիջապես զուգահեռներ անցկացվեցին 1915 թվականի ջարդերի՝ Մեծ եղեռնի հետ: Երևանում ցուցարարները կրում էին երկու տարեթվերով ցուցապաստառներ՝ 1915 և 1988: Բազմաթիվ հայեր համոզված էին, որ պետք է պատրաստ լինել հակահարված տալու ագրեսիայի ահագնացող ալիքին: Արկադի Ղուկասյանը՝ Լեռնային Ղարաբաղի ընտրված նախագահը, ասում է, որ Սումգայիթն «անխուսափելի» դարձրեց հակամարտությունը Ադրբեջանի հետ:

Սումգայիթից հետո մենք սկսեցինք մտածել, թե ինչի կարող է այս ամենը հանգեցնել, բայց թափանիվն արդեն սկսել էր պտտվել: Սումգայիթը մեզ վախեցնելու փորձ էր. սպառնում էին՝ «Տեսեք, ձեզ հետ էլ նույնը կանենք»:

Նյութի աղբյուրը՝ Թոմաս դե Վաալ-«Սև այգի. Հայաստանն ու Ադրբեջանը խաղաղության և պատերազմի միջով»

Comments

Popular posts from this blog

Պետության և իրավունքի տեսություն

  Պետության և իրավունքի տեսության հասկացությունը, առարկան և մեթոդաբանությունը Պետության և իրավունքի տեսությունը հանդիսանում է առաջնային, կարևորագույն իրավաբանական գիտություն: Գիտությունը հանդիսանում է ինտելեկտուալ գործունեություն: Պետության և իրավունքի տեսությունը ուսումնասիրում է հասրակական կյանքի պետաիրավական ոլորտը: 1.Պետության և իրավունքի տեսությունը հանդիսանում է համատեսական գիտություն, որովհետև ունի ուսումնասիրության լայն ընդարձակ ոլորտ՝ հասարակական կյանքի պետաիրավական ոլորտն ամբողջությամբ: 2.Պետության և իրավունքի տեսությունը հանդիսանում է փիլիսոփայական գիտություն, որովհետև ուսումնասիրում է պետության և իրավունքի, պետաիրավակաբ այլ երևույթների խորքային բնույթը: Պետության և իրավունքի տեսությունը հանդիսանում է նաև փիլիսոփայական գիտություն, որովհետև ուսումնասիրում է պետությունը և իրավունքը որպես համընդհանուր ունիվերսալ երևույթներ: 3.Պետության և իրավունքի տեսությունը հանդիսանում է ֆունդամենտալ գիտություն, որովհետև մշակում է պետաիրավական ոլորտի առաջնային ընդհանուր և կարևորագ...

Բազմակողմ դիվանագիտություն

  Բազմակողմ «դիվանագիտություն» հասկացությունը: Պատմական ակնարկ և կայացման հիմնական փուլերը: Բազմակողմ դիվանագիտության դերակատարության բարձրացումը 20-րդ դարի երկրորդ կեսին Բազմակողմ դիվանագիտությունը երկուսից ավել կողմերի միջև վարվող բանակցություններն են, մի քանի դերակատարների մասնակցությամբ միջազգային համաժողովները, միջազգային կազմակերպությունների շրջանակներում իրականացվող դիվանագիտական աշխատանքը: Դասական բազմակողմ դիվանագիտության առաջին օրինակ է համարվում 1814-1815թթ. Վիեննայի կոնգրեսը, սակայն բազմակողմ դիվանագիտության սաղմեր կարելի է հանդիպել նաև Հին Հունաստանի քաղաք-պետությունների կողմից վարվող դիվանագիտության մեջ, ինչու չէ, նաև միջին դարերում կնքվող դաշինքներն ու պայմանագրերը նույնպես կարելի է դասել բազմակողմ դիվանագիտության նախատիպերի շարքին, օրինակ՝ 1648թ. Վեստֆալյան պայմանագիրը: Առաջին դասական միջազգային կազմակերպություններն են՝ Հռենոսով նավարկության կենտրոնական հանձնաժողովը՝ մշտական քարտուղարությամբ, որը ստեղծվել էր Վիեննայի կոնգրեսի որոշմամբ և առաջին հանդիպումն անցկա...

Միջազգային գործընթացների վերլուծությունը ազգային անվտանգության համատեքստում

ՀՀ արտաքին քաղաքականության սկզբունքներն ու գերակայությունները https://www.mfa.am/hy/speeches/2019/08/27/fm_opening_remarks/9782 ՀՀ ազգային անվտանգության ռազմավարություն https://www.gov.am/am/National-Security-Strategy/ https://www.un.org/disarmament/wmd/nuclear/npt/text/ https://www.un.org/ru/documents/decl_conv/conventions/npt.shtml https://www.undocs.org/S/RES/2231(2015) https://undocs.org/ru/S/RES/2231(2015) https://www.worldbank.org/en/news/press-release/2019/11/06/world-bank-lebanon-is-in-the-midst-of-economic-financial-and-social-hardship-situation-could-get-worse https://www.transparency.org/en/countries/lebanon https://www.forbes.com/profile/saad-hariri/?sh=45cebbdb65b5 Դասախոսություն 1. Միջազգային գործընթացների հասկացությունը և սուբյեկտները Միջազգային գործընթացները հավաքական հասկացություն է: Այն իրենից ներկայացնում է միջազգային հարաբերությունների հիմնական դերակատարների՝ պետությունների, միջպետական և ոչ պետական տարբեր կազմակերպությունների, տարատեսակ կառույցների, միավորումների, հ...