Իրանահայ հայտնի թարգմանիչ, պետական և հասարակական գործիչ,
դիվանագետ, մանկավարժ և խմբագիր Հովհաննես Խան Մասեհյանը ծնվել է Թեհրանում 1864 թվականի
փետրվարի 23-ին՝ Պարսկաստանի Նասեր Էդ Դին շահի արքունական ոսկերչապետի ընտանիքում:
Հայրը՝ Ծերունի Մասեհյանը, Ղաջարների ժամանակաշրջանի փորձառու ակնագործներից մեկն էր,
որը նաև հռչակված էր իր պատրաստած անկրկնելի ադամանդակուռ գլոբուսով: Այդ՝ ոսկուց,
արծաթից և հարյուրավոր թանկարժեք ադամանդ, զմրուխտ, հակինթ, փիրուզ և մարգարիտ քարերով
ձևավորված գործը ներկայումս համարվում է Իրանի ազգային հարստություն և պահվում է Իրանի
Իսլամական Հանրապետության Կենտրոնական բանկի Ազգային զարդերի գանձարանում: Մայրը՝ Աննա
Երվանդյանը, Մոզաֆարեդդին Միրզայի ֆրանսերենի ուսուցիչ՝ Անտոն Խան Երվանդյանի քույրն
էր:
Մասեհյանի մանկությունն ու պատանեկությունը, ողջ գիտակից
կյանքն անցել է բացառիկ պայմաններում: Մասեհյանը նախնական կրթությունը ստացել է Թադեոս-Բարդուղիմեոս
եկեղեցում գործող Մկրտիչ վարդապետի վարժարանում (Շահաբդուլադիմի թաղամասում, որն այդ
ժամանակ բնակեցված էր գերազանցապես հայերով): Միջնակարգ կրթությունը ստացել է Թեհրանի
Հայկազյան դպրոցում և Թավրիզում՝ իր քեռու՝ Անտոն Խան Երվանդյանի մոտ: Այնուհետև, Մասեհյանը
գերազանց առաջադիմությամբ և «Ոսկե խաչ» շքանշանով ավարտել է Հայկազյան դպրոցը, որն
առաջնորդվում էր եվրոպական կրթական համակարգով:
Պատանի Հովհաննեսի կյանքում կարևոր իրադարձություն էր բարձրագույն
կրթություն ստանալու նպատակով Եվրոպա մեկնելը, որտեղ 1881 թվականին ընդունվել է Փարիզի
Քոլեջ դե Ֆրանսը, որը գերազանցությամբ ավարտել է 1884 թվականին՝ փիլիսոփայություն,
իրավագիտություն, քաղաքատնտեսություն և գրականություն մասնագիտացմամբ:
Ծննդավայրի կանչով Մասեհյանը 1884 թվականին վերադարձել է
Թեհրան, այնուհետև աշխատանքի է անցել արտաքին գործերի նախարարության թարգմանչական գրասենյակում:
Նասեր Էդ Դին շահը նկատելով Մասեհյանի թարգմանչական ձիրքը՝ հանձնարարել է նրան թարգմանել
եվրոպական գրողների, այդ թվում՝ Ալեքսանդր Դյումայի, Չարլզ Դիքենսի, Պիեռ Լոտիի ստեղծագործությունները:
Հետագա տարիների ընթացքում Մասեհյանը թարգմանչական գործում
լուրջ ձեռքբերումներ է ունենում: Նա որպես ավագ թարգմանիչ արքայազն Հեսամոլ սալթանեի
ղեկավարած պատվիրակության հետ 1887 թվականին մեկնել է Լոնդոն՝ մասնակցելու Վիկտորիա
թագուհու գահակալության 50-ամյա հոբելյանական տոնահանդեսներին:
Հատկանշական է, որ Մասեհյանն իր երկրորդ ճանապարհորդությունը
դեպի Լոնդոն կատարել է 1897 թվականի մայիսին՝ մասնակցելով Վիկտորիա թագուհու գահակալության
60-ամյակին նվիրված տոնակատարություններին, ինչպես նաև ծննդյան 80-ամյակին՝ որպես պատվիրակության
առաջին քարտուղար:
Մասեհյանի ակտիվ գործունեությունը չի սահմանափակվել միայն
թարգմանչության ոլորտով: Մեծ է նրա ներդրումը կրթության ասպարեզում, ինչպես նաև դպրոցների
հիմնադրման և ընդարձակման գործում: Օրինակ՝ 1888-1896 թվականները նշանավորվեցին այն
հանգամանքով, որ Մասեհյանը ստանձնեց Հայկազյան դպրոցի տնօրենի պաշտոնը, իսկ 1892 թվականին
ընտրվեց Թեհրանի «Ուսումնասիրաց ընկերության» նախագահ: Նրա նախաձեռնությամբ 1899 թվականին
Թեհրանում հիմնվել է բարձրագույն քաղաքագիտության դպրոց, որտեղ եղել է միջազգային իրավունքի
և ընդհանուր պատմության ամբիոնի վարիչ ու դասախոս:
Պարսկահայության կյանքում շրջադարձային իրադրություն էր
1894 թվականին Մասեհյանի կողմից հիմնադրված պարսկահայ առաջին տպագիր օրրանը՝ «Շավիղ»
շաբաթաթերթը:
Նույն տարում երիտասարդ Հովհաննեսը զորավար Ամիրխանի ղեկավարած
պատվիրակության հետ մեկնել է Սանկտ Պետերբուրգ որպես շահի պատվիրակության թարգմանիչ՝
Նիկոլայ Երկրորդի գահակալությունը շնորհավորելու նպատակով: Վերադարձի ճանապարհին պատվիրակությունը
մի քանի օրով կանգ է առել Մոսկվայում: Առիթից օգտվելով՝ Մասեհյանն այցելել է ռուսաստանաբնակ
հայ մշակութային գործիչ Գևորգ Քանանյանի տուն, ինչպես նաև հանդիպել Վարդգես Սուրենյանցին:
1894 թվականը նաև նշանակալից է այն իրադարձությամբ, որ Մասեհյանը
նշանակվել է պարսից Նասեր Էդ Դին շահի արքունիքի գլխավոր թարգմանիչ: Մանկավարժ Վարազդատ
Վարդանյանը իր հոդվածում նշում է.
1889 թվականին շահի պատվերով նա պետք է թարգմաներ արևելագիտական
մի ձեռագիր աշխատություն: Այս իրողությունը հիմք է տալիս կարծելու, որ նա նմանատիպ
թարգմանություններ գուցե ևս կատարել է նախկինում:
Համբարձում Առաքելյանին ուղղված նամակներից մեկում Մասեհյանը
հայտնել է, որ նա պարսկական կառավարության կողմից գուցե մասնակցի 1902 թվականի օգոստոսին
Համբուրգում արևելագետների միջազգային համաժողովին:
Հատկանշական է, որ Մասեհյանն իր գործունեության երկու ոլորտներում
լրջագույն հաջողությունների հասավ. Մասեհյան-թարգմանիչը և Մասեհյան-դիվանագետը լավագույնս
դրսևորվեցին մի կողմից թարգմանչական արվեստում, մյուս կողմից՝ Պարսկաստանի դիվանագիտական
ասպարեզում:
Գիտելիքների ստվար պաշարը, ընդունակությունները և լեզվական
կարողությունները նպաստել են, որ նա մեծ համբավ ձեռք բերեր Պարսկաստանում և լուրջ պաշտոններ
զբաղեցներ այնտեղ. օրինակ՝ Մասեհյանը 1895-1901թթ. Պարսկաստանի արտաքին գործերի նախարարության
գրասենյակի պետն էր, մամուլի բաժնի վարիչը, արևելյան երկրների բաժնի պետը, արտասահմանյան
գրագրությունները վարող օպերատիվ տեսուչը:
Հարկ է նշել, որ 1901 թվականի ամռանը պարսկական պատվիրակության
կազմում Մասեհյանը մեկնել է Փարիզ, այնուհետև՝ Լոնդոն: Նույն թվականին Մասեհյանը նշանակվել
է Բեռլինում Պարսկաստանի դեսպանի խորհրդական, ղեկավարել է դիվանագիտական և հյուպատոսական
հաստատություններ Մյունխենում, Շտուտգարդում և Դրեզդենում:
Փաստերը վկայում են, որ Մասեհյանը 1911 թվականին ստիպված
էր վերադառնալ Թեհրան և ստանձնել շահի խնամակալ Նասեր օլ Մոլքի խորհրդականի պաշտոնը:
Այդ ժամանակահատվածում Պարսկաստանի համար անհրաժեշտ էր Բեռլինում ունենալ հմուտ դիվանագետ:
Ըստ օրենքի՝ ոչ մահմեդականը չէր կարող զբաղեցնել դեսպանի պաշտոնը: Հովհաննես Մասեհյանի
անցած ուղին, գիտելիքները, հմտությունները դիվանագիտական ասպարեզում չեզոքացրին նրա՝
ոչ մահմեդական և այլազգի լինելու հանգամանքը: 1912 թվականի վերջին նա նշանակվեց Բեռլինում
Պարսկաստանի դեսպան, որտեղ պաշտոնավարեց մինչև 1916 թվականի մարտ ամիսը:
1919 թվականին Մասեհյանը ներկայացնում էր Պարսկաստանի շահերը
Վերսալյան պայմանագրի կնքման ժամանակ: Նա մասնակցել է միջազգային մի շարք խորհրդաժողովների
Բեռլինում, Փարիզում և Լոնդոնում իբրև Պարսկաստանի լիազոր ներկայացուցիչ:
Խիստ ուշագրավ է նաև, որ առաջին համաշխարհային պատերազմի
ավարտից հետո Մասեհյանը համագործակցել է Պողոս Նուբարի և Ավետիս Ահարոնյանի պատվիրակությունների
հետ և իր դիվանագիտական հմտություններն օգտագործելով՝ անգնահատելի ծառայություն մատուցել
հայկական հարցի հետապնդման գործին: Նա վայելում էր Նուբարի և Ահարոնյանի վստահությունը
և իր անաչառ մոտեցմամբ կարողացավ մեղմել կողմերի հակասությունները՝ ի շահ հայության:
Հայկական հարցի համար վճռորոշ այս ժամանակահատվածում Մասեհյանի՝ հայկական պատվիրակությունների
աշխատանքներին մասնակցությունը բնորոշում է նրան իբրև իրական հայի, որը ջանք ու եռանդ
չէր խնայում՝ օգնելու իր ժողովրդին այդ վճռորոշ և պատմական պահին:
Ցավոք, Մասեհյանը չնայած պատրաստակամությանը և ցանկությանը,
չի հասցրել իր նպաստը բերել Հայաստանի առաջին հանրապետության կայացման գործին, քանի
որ այն կարճ կյանք է ունեցել: Այդուհանդերձ, Մասեհյանն ամուր կապերով կապված էր իր
արմատներին և հայկական ինքնությանը: Թերևս, այս էր պատճառը, որ Թեհրան վերադառնալով՝
1927 թվականին Պարսկաստանի հարավային շրջանների հայերի կողմից ընտրվեց մեջլիսի պատգամավոր՝
դառնալով հայ ժողովրդի ձայնը Պարսկաստանի խորհրդարանում:
Հմուտ դիվանագետ Հովհաննես Մասեհյանին երկրորդ անգամ վստահեցին
դեսպանի պատասխանատու աշխատանքը Գերմանիայում 1921 թվականին՝ Ահմադ շահի հրամանագրով:
Այնուհետև՝ 1927 թվականին Մասեհյանը Ռեզա շահ Փահլավիի կողմից նշանակվեց դիվանագիտական
նոր պաշտոնի, այն է՝ Անգլիայում դեսպան:
1929 թվականին Պարսկաստանի կառավարությունը որոշում ընդունեց
հաստատել դիվանագիտական և առևտրային հարաբերություններ Ճապոնիայի հետ: Երկու կողմերը
պայմանավորվեցին դեսպաններ փոխանակել, երկուստեք բացել դեսպանություններ:
1929 թվականի դեկտեմբերի 15-ին Ակիվո Կազաման այցելեց Պարսկաստան
և հանդիպեց Ռեզա շահին Գոլեսթան պալատում:
1930 թվականի ապրիլի 16-ին դեսպանի նշանակման հարցում պարսկական
կողմի ընտրությունը կանգ առավ Հովհաննես Մասեհյանի վրա: Այսպիսով, Պարսկաստանի կառավարության
որոշմամբ 1930 թվականի հունիսի 28-ին Մասեհյանը ժամանեց Ճապոնիա որպես այդ երկրում
պարսից առաջին արտակարգ դեսպանորդ և լիազոր նախարար:
Իր պարտականությունները բարեխղճորեն կատարելու համար
1931 թվականի հոկտեմբերի 22-ին Ճապոնիայի կայսր Հիրոհիտոյի կողմից Մասեհյանը պարգևատրվել
է Սուրբ Գանձ առաջին աստիճանի շքանշանով:
Այդ տարիներին նկարչուհի Վավա Խաչատուրյանին հղած նամակներում
Մասեհյանը նկարագրել է ճապոնացիների առօրյա կյանքի մասին իր տպավորությունները: Ճապոնիայում
ապրած տարիներին նա նամակագրական կապ է ունեցել նաև Վավա Խաչատուրյանի ամուսնու՝ Սարգիս
Խաչատուրյանի հետ, որին ուղղված նամակներում Մասեհյանը ներկայացրել է իր առողջական
խնդիրները՝ դրանց առաջացումը պատճառաբանելով իր համար խիստ անսովոր կլիմայով: Այդ հանգամաքով
պայմանավորված՝ Մասեհյանը դիմում է ներկայացրել Պարսկաստանի կառավարությանը՝ խնդրելով
իրեն հետ կանչել, որից հետո ներկայացել է Ճապոնիայի կայսերը, հանձնել հետկանչագրերը
և ճամփա ընկել Պարսկաստան:
Ըստ պաշտոնական տեղեկությունների՝ հետդարձի ճանապարհին՝ Չինաստանում՝
Մանջուրիայի Հարբին քաղաքի հիվանդանոցում, միայնության մեջ 1931 թվականի նոյեմբերի
19-ին իր մահկանացուն է կնքում մեծանուն հայորդին:
Հարբինում Ֆրանսիայի հյուպատոսը, որը նաև զբաղվում էր Պարսկաստանի
քաղաքացիների հարցերով, տեսնելով Մասեհյանի անձնագիրը, ենթադրել է, որ դեսպանը մահմեդական
է, և հուղարկավորությունը կազմակերպել է իսլամական ծեսով:
Սույն թեմային անդրադարձել է նաև Արծվի Բախչինյանը. «Մասեհյանին
Հարբինում սխալմամբ հուղարկավորել են իսլամական ծեսով, ինչն առաջացրել է տեղի հայերի
վրդովմունքը: Հարբինի հայոց Ազգային վարչությունը պահանջել է Խան Մասեհյանի դագաղը:
Համապատասխան փաստաթղթեր ներկայացնելուց հետո վարչության կազմը ստացել է այն, Չինաստան
ժամանած իրանահպատակ հայերի և տեղի թաթար համայնքի ներկայությամբ դագաղը բերվել է հայկական
եկեղեցի, կատարվել է հոգեհանգստի արարողություն և հոգեճաշ է տրվել քաղաքի հայկական
ճաշարաններից մեկում»:
Այնուհետև՝ նույն թվականի դեկտեմբերի 4-ին Թեհրանի հայ համայնքում
ստեղծվում է հանձնաժողով՝ Մասեհյանի հուղարկավորությունը կազմակերպելու համար: Պարսից
կառավարության որոշմամբ և հիշյալ հանձնաժողովի աջակցությամբ Հովհաննես Մասեհյանի աճյունը
տեղափոխվում է Թեհրան: Հուղարկավորությունը տեղի է ունենում 1932 թվականի ապրիլի
1-ին Թեհրանից ոչ հեռու՝ Վանագ գյուղի սուրբ Գևորգ եկեղեցու բակում:
31 տարի անց՝ 1963 թվականի սեպտեմբերի 3-ին նրա աճյունը կրկին
տեղափոխվել և վերահուղարկավորվել է Թեհրանի սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցու բակում,
որտեղ տեղադրված է նաև իրանահայ քանդակագործ Էմմա Աբրահամյանի հեղինակած կիսանդրին:
Անգնահատելի է Մասեհյանի հետագիծը: Ազնիվ ծառայությունների
համար նա պարգևատրվել է Ցարական Ռուսաստանի կողմից «Ստանիսլավ» շքանշանով, Իտալիայի
կառավարության կողմից՝ «Սեն Լազար» և «Սեն Մորիս» Կոմանդորի աստիճանով, Գերմանիայի
կառավարության կողմից՝ «Ֆրեդերիկ Բերնբերբ» շքանշան աստղով:
Մեծանուն հայը, որն իր ողջ կյանքը նվիրեց պարսկահայության
բարեկեցության ապահովմանը, դիվանագիտական և թարգմանչական գործին, չունեցավ իր ընտանիքը:
Գևորգ Դարֆին գրում է. «Ամուրի էր Մասեհյանը, սակայն իր հարազատների շրջանակում, եղբայրների
ու քույրերի համար նա վերին աստիճանի անձնվեր ու բարեհամբույր էր. հարգված էր բոլորից
որպես գերդաստանի պետ և ինքն էլ մտահոգ էր բոլորի վիճակով, կիսում էր նրանց հոգսերն
ու դառնությունները, ուրախանում նրանց հաջողություններով: Սակայն ոչ մեկին մասնակից
չէր դարձնում իր տխրությանը, դժվարություններին: Իր բնածին բարեսրտությունը տարածում
էր անգամ իր հակառակորդների վրա, ովքեր պարտված նրա մեծահոգությունից՝ դառնում էին
իր հավատարիմ բարեկամները: Մի զգայուն սիրտ էր, բարեսիրտ արևելքցի, իսկ արտաքինով անվրդով
ու զուսպ անգլիացու էր նման՝ համառ ու տոկուն»:
Անդրադառնալով Մասեհյան թարգմանչին՝ հարկ է նշել, որ Ավետիք
Իսահակյանի խորհրդով է սկսել Շեքսպիրի ստեղծագործությունների թարգմանությունները:
1890-ական թվականների սկզբից ձեռնամուխ է եղել Շեքսպիրի երկերի՝ անգլերենից հայերեն
թարգմանությանը, որի առաջին տարբերակը՝ «Համլետը», տպագրել է «Թիֆլիսի հայոց հրատարակչական
ընկերությունը» 1894 թվականին: Աշխատանքն արժանացել է դրվատանքի, և այդ առիթով իրենց
հեղինակավոր կարծիքն են հայտնել Հովհաննես Հովհաննիսյանը և Հովհաննես Թումանյանը:
Հովհաննես Հովհաննիսյանը Մասեհյանի մասին գրում է. «Հենց
մի քանի էջ կարդալուց հետո մարդ խոստովանում է, որ թարգմանիչը քաջ գիտե յուր մայրենի
լեզուն և վստահությամբ օգտվում է յուր գիտությունից»:
Թումանյանը գրում է. «Աստվածային
Շեքսպիրին խոսեցրին հայոց լեզվով», և անդրադառնալով Մասեհյանի թարգմանած «Համլետին»՝
ասում է, որ այդ գործն իրեն «թվում է մի թռիքչ, մի հանկարծակի թռիչք»:
Ռուբեն Զարյանն իր «Շեքսպիրը և հայերը» գրքում մեծ հիացմունքով
է խոսում Մասեհյանի մասին. «Մասեհյանը թարգմանեց այնպես, որ Շեքսպիրը դառնա հայրենի
գրականության սեփականություն, հայերեն հնչի այնպես, որ ընթերցելիս չհիշես, թե կարդացածդ
թարգմանություն է, և շեքսպիրյան երկն ընկալես նույն հարազատությամբ, ինչ Թումանյանի
առասպելը, Տերյանի սոնետները: Եվ մի պահ ունենաս այն պատրանքը, թե Շեքսպիրն ինքն է
հայերեն գրել: Թվում է՝ եթե Շեքսպիրը հայերեն գրեր՝ այդպես կգրեր: Միայն այդպես»:
Մասեհյանի թարգմանությունները վաղուց դարձել են հայ թարգմանչական
գրականության գանձարանի մաս՝ ժամանակ առ ժամանակ վերահրատարակվելով ու բեմադրվելով:
Հովհաննես Մասեհյանը թարգմանել է «Ինչպես կուզեք» (1895թ.), «Ռոմեո և Ջուլիետ»
(1896թ.), Վենետիկի վաճառականը (1897թ.), «Լիր արքա» (1898թ.) պիեսները, Վիեննայի Մխիթարյանների
մոտ հրատարակված «Համլետ»-ը, «Օթելլո»-ն, «Մակբեթ»-ը և այլ գործեր: Թարգմանել է նաև
Գյոթեի, Բայրոնի, Օմար Խայամի, Թագորի, Սաադիի, Շիլլերի և այլոց ստեղծագործությունները:
Մասեհյանի թարգմանությունների մեջ կերպարային զգացողություն
կա, ողբերգականի ու կատակերգականի համատեղություն, երկնայինի ու երկրայինի ներդաշնակություն,
լեզվական ճոխություն, երևակայության թռիչք: Մասեհյանն իր թարգմանություններով նպաստել
է հայ գրական լեզվի զարգացմանը՝ մի կողմից ստեղծելով նոր բառեր, մյուս կողմից օգտագործելով
գրաբարյան բառապաշարը:
Հովհաննես Մասեհյանի մեջ կենտրոնացած էին մարդկային բոլոր
դրական հատկանիշները. նա հասարակական նվիրյալ գործիչ էր, որը միշտ փորձում էր նպաստել
իր ժողովրդի հոգևոր զարգացմանը:
Հովհաննես Մասեհյանը բարոյական վեհ նկարագրի տեր անվանի անհատականություն
էր: Նրա արքունական կյանքը, բարձր պաշտոններն իր ժողովրդի գոյավիճակը ոչ միայն մոռանալու
պատճառ չեն դարձել, այլև նպաստել են, մասնավորապես, պարսկահայության ճակատագրին ականջալուր
լինելու գործին: Անառարկելի փաստ է, որ Մասեհյանն իր ողջ էությամբ, հոգով ու սրտով
կապված է եղել իր ազգակիցների հետ և մտահոգ էր նրանց որպիսությամբ:
Հովհաննես Մասեհյանի կյանքի և մասնագիտական գործունեության
վերաբերյալ աղբյուրները քիչ չեն, սակայն երբևէ խորությամբ չեն հետազոտվել Ճապոնիայում
նրա դիվանագիտական ծառայության վերաբերյալ մանրամասները:
Նյութի աղբյուրը՝ Աննա Վարդանյան- «Հովհաննես Խան Մասեհյան դիվանագետը»
Comments
Post a Comment