Skip to main content

«Գոբլի պլանը», Թուրքիայի նախագահի առաջարկը և Ջորջ Բուշի ժամկետի ավարտը

 

ԼՂ կարգավորման թուրքական արտառոց առաջարկը, ԱՄՆ արձագանքը ԼՂ-ում շարունակվող մարտերին և Ջորջ Բուշի հրաժեշտի նամակը Լևոն Տեր-Պետրոսյանին

«Գոբլի պլանը»

1992թ. հունվարի երկրորդ կեսին Պետդեպի ազգերի գծով փորձագետ, հետախուզության և հետազոտության բյուրոյի, հետո նաև՝ Եվրոպական հարցերով բյուրոյի դիվանագետ Պոլ Գոբլը հեռանում է Պետդեպարտամենտից և աշխատանքի անցնում Քարնեգի հիմնադրամում: Լինելով անկախ փորձագետ և տիրապետելով ԽՍՀՄ-ում գոյություն ունեցող ազգային խնդիրներին՝ նա ստանում է Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման փաստաթուղթ պատրաստելու առաջարկ: Գոբլը պատմում է, որ իրեն դիմել էր նախկին պետքարտուղար Վենսի օգնականը.

-Ինձ առաջարկեցին գրել շրջանակային ամփոփագիր: Գրեցի 5-8 էջ՝ բացատրելով, թե որոնք են խնդիրները: Սկսեցի պատմությունից՝ ներկայացնելով, թե ինչպես են գծվել սահմանները, ինչպես է Ստալինն ինստիտուցիոնալիզացրել երկու երկրների միջև լարվածությունը՝ Նախիջևանը կտրելով Ադրբեջանի հիմնական տարածքից, Լեռնային Ղարաբաղն էլ Հայաստանից: Ստալինն ուզում էր լարվածության միջոցով վերահսկել երկու երկրների քաղաքականությունը:

Գոբլը պատմում է իր առաջարկի մասին՝ ներկայացնելով տարածքային փոխանակման գաղափար:

-Ղարաբաղը բնակեցված է հայերով: Եթե հայերը չեն ուզում, որ իրենց այնտեղից դուրս հանեն, ապա պետք է գտնել այն Հայաստանի մասը դարձնելու տարբերակ, կամ ինչ-որ ձևով այն դարձնել Հայաստանի շարունակություն: Խնդիրն այն էր, թե ինչպես պետք է դրան համաձայներ Ադրբեջանը: Եթե Բաքվի ղեկավարությունը զիջեր Ղարաբաղն ու երկրի արևմտյան շրջանները, իշխանության մնալ չէր կարողանա: Ոչ մի կառավարություն չի կարող տալ իր տարածքի մեծ հատվածներ և պահել իշխանությունը: Պետք է հասկանալ, որ Ադրբեջանում ոչ մի իշխանություն մի օր չի զարթնելու և ասելու, թե սխալվել է, թե Ղարաբաղը բնակեցված է հայերով ու պետք է լինի Հայաստանի մասը: Կարող են ասել, բայց իշխանության երկար չեն մնա: Հետևաբար, միակ տարբերակը դրա փոխարեն Ադրբեջանին իր ուզածը տալն էր՝ Զանգեզուրի միջանցքը: Դրանով Ադրբեջանը կկապվեր Նախիջևանի հետ: Իմ առաջարկը, որը հայտնի էր դարձել «Գոբլի պլան» անունով, ենթադրում էր, որ Ղարաբաղը պետք է միանար Հայաստանին, Զանգեզուրն էլ Ադրբեջանին:

1992թ. ամռանը հրապարակած Coping with the Nagorno Karabakh Crisis գիտական հոդվածում Փոլ Գոբլը նշում է, որ Հայաստանն ու Ադրբեջանը չեն կարողանա խնդիրը լուծել ինքնուրույն:

«Որևէ կարգավորում չի լինելու, եթե տեղի ունենա վերադարձ 1988թ. ստատուս քվոյին, որովհետև նախկին կարգավիճակն ապահովվում էր միայն գերիշխող ուժի առկայությամբ՝ ԽՍՀՄ-ով, որը, սակայն, այլևս գոյություն չունի»:

Անդրադառնալով ԼՂ հարցում այլ երկրների շահերին՝ Գոբլն ասում է, որ Թուրքիան ուզում է արագ, բայց երկարատև խաղաղություն, որպեսզի ստիպված չլինի միջամտել՝ դրանով իսկ վատթարացնելով հարաբերությունները եվրոպացիների ու ամերիկացիների հետ: Իրանն էլ չի ցանկանում տեսնել Ադրբեջանի խոշոր հաղթանակը, քանի որ դա կարող է խթանել ադրբեջանական անջատողականությունն  Իրանի ներսում:

Տարածքների փոխանակման գաղափար է ունեցել նաև Թուրքիայի նախագահ Թուրգութ Օզալը: Նա այդ մասին խոսում է 1992թ. ապրիլի 28-ին Սպիտակ տանը՝ Բուշի հետ հանդիպման ժամանակ: Ի դեպ, այս գաղտնազերծված փաստաթուղթն առաջին և թերևս միակ փաստարկված վկայությունն է, որ ԱՄՆ-ն և Թուրքիան քննարկել են Սյունիքը Լեռնային Ղարաբաղի հետ փոխանակելու հնարավոր սցենարը:

Գաղտնազերծված արձանագրությունից կարելի է տպավորություն ստանալ, որ ԱՄՆ բարձր ղեկավարությունն այնքան էլ լավ չէր պատկերացնում ո՛չ Հայաստանի խնդիրները, ո՛չ էլ Լեռնային Ղարաբաղի խնդրի բուն էությունը: Օգտվելով դրանից՝ Թուրքիայի նախագահը փորձում էր առաջ մղել Թուրքիայի, հետևաբար՝ նաև Ադրբեջանի շահերից բխող առաջարկներ՝ շահարկելով ԱՄՆ բարդ հարաբերություններն Իրանի հետ, և Ռուսաստանի շահերը տարածաշրջանում:

-Բոսնիա և Հերցեգովինայում հաստատված օրինակը շատ վտանգավոր է: Մենք տեսնում ենք, որ նմանատիպ խնդիրներ առաջանում են նաև նախկին Խորհրդային Միությունում: Ռուսաստանը տեսնում է, որ ես նպատակներ ունեմ Լեռնային Ղարաբաղի հարցում: ԼՂ բնակչության 88%-ը հայ է, 20%-ը՝ ադրբեջանցի: Նրանք կարող են փոխանակել տարածքները. Լեռնային Ղարաբաղն անցնի Հայաստանին, իսկ Ադրբեջանը ստանա Հայաստանի այն մասը, որն Ադրբեջանը բաժանում է երկու մասի: Ստալինն է սահմաններն այստեղ գծել: Նա Ադրբեջանը բաժանել է, որ տա հայերին ու դրանով կաշառի,- ասում է Թուրքիայի նախագահը:

-Ի՞նչ տեղի կունենա այն հայերի հետ, որոնք ապրում են երկրի հարավում, այն մասում, որը Դուք ուզում եք տալ Ադրբեջանին,- հարցնում է պետքարտուղար Բեյքերը:

-Ընդհանուր առմամբ, առավելագույնը 50.000 մարդ ստիպված կլինի տեղափոխվել: Հակառակ պարագայում այս պատերազմը հավերժ կշարունակվի: Թուրքիան լավ հարաբերություններ ունի Հայաստանի հետ, և Հայաստանն ունի Թուրքիայի հետ լավ հարաբերությունների կարիքը: Այդպես վարվելու մեկ այլ պատճառ էլ կա: Կենտրոնական Ասիայի հանրապետությունները Եվրոպայի հետ կապի կարիք ունեն: Նոր ռուսները ցանկանում են լինել ցարական շրջանի ռուսների պես, որ բոլոր ճանապարհները տանեն Մոսկվա: Ռուսաստանը կարող է սպառնալիք դառնալ միջինասիական նորանկախ երկրների համար: Ռուսաստանը կարող է ցանկանալ դրանք վերադարձնել իր կազմ: Հույս ունեմ՝ ամեն ինչ Ռուսաստանի ձեռքում չեք թողնի,- ասում է Թուրքիայի նախագահը:

Թուրգութ Օզալը դժգոհում է, որ բոլոր գազամուղներն անցնում են Ռուսաստանի տարածքով: Նրան հատկապես դուր չէր գալիս, որ այդպես է անցնում նաև թուրքմենական գազը: Թուրքիայի նախագահը Բուշին ասում է, որ Թուրքմենստանն ու միջինասիական նորանկախ մյուս երկրները փնտրում են եվրոպական շուկա դուրս գալու այլընտրանքային ուղիներ՝ շրջանցելով Ռուսաստանը.

-Մյուս ճանապարհը կանցնի Աֆղանստանով դեպի Պակիստան և Հնդկական օվկիանոս: Կարևոր է, որ այս պետությունները Ռուսաստանից անկախ դառնան՝ ենթակառուցվածքների զարգացման միջոցով: Մենք սկսել ենք հեռահաղորդակցման ծրագիր՝ նրանց առաջարկելով կապեր, որոնք ավելի լավն են, քան Ռուսաստանինը,- ասում է Օզալը:

-Մենք արդեն այդ նույնն անում ենք: Տաջիկստանից բացի մյուսները դա ցանկանում են: Ի՞նչ եք կարծում, տաջիկները խոցելի՞ են իրանցիների համար,- Օզալին հարցնում է Բեյքերը:

-Ոչ, չեմ կարծում: Նրանց հետ ամեն ինչ լավ կլինի, քանի որ տաջիկները սուննի են: Բայց Ադրբեջանն է խնդրի լուծման բանալին: Նրանց միջանցք է պետք, և Ադրբեջանը կարող է դա ապահովել: Սա նաև շահեկան կլինի Հայաստանի համար:

-Ադրբեջանցիներին կհետաքրքրի՞: Մեզ տեղյակ պահեք: Հնարավոր է՝ պատրաստ լինենք միջոցներ ձեռնարկել: Պետք է ժողովրդագրական հարցերը ճշտենք,-ասում է Բեյքերը:

Գաղտնազերծված այս խոսակցությունից տպավորություն է ստացվում, որ ԱՄՆ ղեկավարությունը տեղյակ չի եղել  «Գոբլի պլանի» գոյության մասին: Անդրադառնալով այդ հարցին՝ Գոբլն ասում է, որ իր ծրագիրն այդ խոսակցությունից առաջ լայնորեն քննարկվել էր:

-Դա նախագահ Բուշի մարտավարությունն էր: Նա ցույց էր տալիս, որ ԱՄՆ-ն այդ մոտեցմանը ո՛չ կողմ է, ո՛չ դեմ: Եթե նա կողմ կամ դեմ արտահայտվեր այդպիսի լուծման, հետևանքները տարբեր կլինեին: Նմանատիպ հանդիպումների ժամանակ պետք է ձևացնել, թե չես կենտրոնացել դրա վրա: Կարծում եմ՝ Բրենթ Սքոուքրոֆթը չէր ցանկանա, որ այդ ծրագիրն ամբողջությամբ ընդունվեր կամ ամբողջությամբ մերժվեր: Պետքարտուղար Բեյքերը և նա սահմանների կայունության կողմնակից էին: Նրանք կարծում էին, որ սահմանային որևէ փոփոխություն կարող էր դոմինոյի էֆեկտ ունենալ. սահմանային փոփոխություններ սկսվեին ամենուրեք:

Գոբլն այդ մոտեցմանը համաձայն չէր: Նա փաստարկում էր, որ նախկին ԽՍՀՄ երկրների սահմանները բազմիցս փոփոխվել էին ԽՍՀՄ գոյության տարիներին: Գոբլի համար անակնկալ էր, որ պետքարտուղար Բեյքերը հղում կկատարի իր պլանին և կասի, որ այն հետաքրքիր է: Նրա խոսքով, հենց դա անուն տվեց իր ծրագրի և այն դարձրեց շատ ավելին, քան իրականում էր:

Շուշիի ազատագրմանը հաջորդող իրադարձությունները

ԱՄՆ դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատարը մայիսի 18-ին հաղորդագրություն է ուղարկում Վաշինգտոն՝ տեղեկացնելով, որ չի կարողացել նախարար Հովհաննիսյանին անձամբ փոխանցել պետքարտուղարի գրությունը: Նախարարը 24 ժամ անհասանելի էր, որից հետո հավատարմատարը գրությունը փոխանցել է փոխնախարար Արման Կիրակոսյանին:

Գաղտնազերծված հաղորդագրությունից պարզ է դառնում, որ ԱՄՆ պետքարտուղարն ինչ-որ գրություն պետք է փոխանցեր Հայաստանի արտաքին գործերի նախարարին, մինչև Լիսաբոն մեկնելը (խոսքը 1992թ. հունիսի 26-28-ը Լիսաբոնում կայացած եվրոպական համաժողովի մասին է), որի բովանդակությունը դեռ գաղտնազերծված չէ: Նույն օրը Լեռնային Ղարաբաղի ինքնապաշտպանության ուժերն ազատագրում են Լաչինը, և Հայաստանը Լեռնային Ղարաբաղի հետ ունենում է ընդհանուր ցամաքային սահման:

Մայիսի 19-ին ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Փրայսը գրություն է ուղարկում Վաշինգտոն, որով տեղեկացնում է, որ պետքարտուղար Բեյքերի նամակը փոխանցվել է Րաֆֆի Հովհաննիսյանին: Ըստ հավատարմատարի, «նախարարը մեծ ուշադրությամբ կարդացել է նամակը և ասել, որ պետքարտուղարը 6 ամսվա մեջ առաջին անգամ իրեն անունով է դիմել՝ հույս հայտնելով, որ դա լավ նշան է»: ՀՀ ԱԳ նախարարը պատասխանել է, որ նամակի բովանդակության որոշ կետերին համաձայն է և պատրաստ է դրանք Լիսաբոնում մանրամասն քննարկել պետքարտուղարի հետ:

Միաժամանակ գաղտնազերծված փաստաթղթի հայտնի է դառնում, որ կողմերը Տեր-Պետրոսյան-Բուշ հեռախոսազանգ էին նախապատրաստում նույն օրվա երեկոյան: Նախագահները պետք է քննարկեին իրավիճակը Նախիջևանի հետ սահմանին, Լեռնային Ղարաբաղն ու Լաչինի միջանցքը, նաև այն, որ որոշ երկրներ իրավիճակը սխալ էին ներկայացնում միջազգային հանրությանն ու մամուլին, որպեսզի միջազգային հանրությունը դատապարտեր Հայաստանին:

Մայիսի 21-ին Մոսկվայում Թուրքիայի դեսպանության աղբյուրները փոխանցում են, որ թուրքական զորքերը զբաղեցրել են համապատասխան դիրք և պատրաստվում են հակահարված տալ հայկական զորքերին, որոնք «փորձելու են հարձակվել Նախիջևանը Թուրքիային կապող կամրջի վրա»: Ըստ նույն աղբյուրի, հայկական «ագրեսիայի» նպատակը Թուրքիային հայ-ադրբեջանական հակամարտության մեջ ներքաշելն էր:

Մայիսի 23-ին Լիսաբոնում կայանում է Բեյքեր-Հովհաննիսյան հանդիպումը: Քննարկում են Լեռնային Ղարաբաղի հարցը: Բեյքերն ասում է, որ եկել է բանակցությունների ժամանակը և տեղեկացնում է, որ միջազգային հանրությունը Հայաստանն ընկալում է որպես ագրեսոր:

Հանդիպման ժամանակ Բեյքերն առաջարկում է առաջիկա օրերին կազմակերպել ԵԱՀԽ Մինսկի խմբի հանդիպում, որին ի պատասխան Րաֆֆի Հովհաննիսյանն ասում է, որ համաձայն է քննարկել բոլոր խնդիրները, բայց խնդրում է հանդիպումը կազմակերպել մայիսի 28-ից հետո, քանի որ այդ օրն ինքը պետք է մեկներ Եգիպտոս:

Րաֆֆի Հովհաննիսյանը հիշում է, որ այդ հանդիպման ժամանակ Բեյքերին ցույց է տվել ԱՄՆ Կենտրոնական հետախուզական գործակալության 1926 թվականի մի քարտեզ, որտեղ Խորհրդային Հայաստանը ցամաքային կապ է ունեցել Լեռնային Ղարաբաղի հետ:

Արտաքին գործերի նախարար Րաֆֆի Հովհաննիսյանը հունիսի 15-ին Սան Պաուլոյից հեռախոսազրույց է ունենում ԱՄՆ պետքարտուղար Ջեյմս Բեյքերի հետ: Քննարկում են Ադրբեջանի կողմից Շահումյանի շրջանի և Լեռնային Ղարաբաղի մի քանի բնակավայրերի զավթումը: Ըստ հայկական մամուլի, պետքարտուղար Բեյքերը հավաստիացնում է, որ ինքն այդ կապակցությամբ արդեն իսկ դիվանագիտական դեմարշներ է արել: Միևնույն ժամանակ նա հայտնում է, որ իր համար անընդունելի է Ադրբեջանի կողմից բռնի ուժի գործադրման շարունակումը: Բեյքերը նաև անթույլատրելի է որակում հակամարտությանը Թուրքիայի միջամտության հնարավորությունը:

Հունիսի 26-ին ԱՄՆ նախագահ Բուշը հեռախոսազրույց է ունենում Թուրքիայի վարչապետ Դեմիրելի հետ: Հեռախոսազրույցը տևում է 8 րոպե: Դեմիրելը Բուշին ասում է, որ Ստամբուլում հանդիպել է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հետ, որոնք ներկայացրել են իրենց խնդիրները:

Օգոստոսի 9-ին Հայաստանի փոխնախագահ Գագիկ Հարությունյանը հանդիպում է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Բրենթ Սքոուքրոֆթի հետ: Այս հանդիպման վերաբերյալ այլ մանրամասներ չեն գաղտնազերծվել:

Օգոստոսի 10-ին նախագահ Բուշը Հայաստանում ԱՄՆ դեսպանի պաշտոնում Սենատի հաստատմանն է ներկայացնում կադրային դիվանագետ Հարրի Գիլմորի թեկնածությունը:

Օգոստոսի 23-ին հրաժարական է տալիս ԱՄՆ պետքարտուղար Ջեյմս Բեյքերը: Նա պետք է գլխավորեր Ջորջ Բուշի նախընտրական շտաբը: Պետքարտուղարի պարտավորությունների կատարումը դրվում է նրա տեղակալ Լոուրենս Իգլբուրգերի վրա:

Սեպտեմբերի 23-ին Հայաստանն ու ԱՄՆ-ն կնքում են «Ներդրումների փոխխրախուսման և պաշտպանության» պայմանագիրը:

1992-ը ԱՄՆ-ում նախընտրական տարի էր, և ակնհայտ էր, որ թեկնածուները պետք է պայքար մղեին նաև հայկական քվեների համար: Նախագահ Բուշը 1990թ. ցեղասպանության 75-րդ տարելիցի կապակցությամբ ուղերձ էր հղել հայ ժողովրդին՝ խուսափելով «Ցեղասպանություն» բառից: Այս առումով հայ համայնքը հատուկ սպասելիք չուներ ԱՄՆ նախագահից: Ի տարբերություն հանրապետական նախագահի՝ դեմոկրատների թեկնածու Բիլ Քլինթոնի շտաբն օգոստոսի 18-ին նրա անունից հայտարարություն տարածեց, որտեղ խոսվում էր նաև ցեղասպանության մասին.

«Եթե ընտրվեմ, առավել ակտիվ պետք է աշխատեմ հայ ժողովրդի հետ, որպեսզի այն վերակերտի իր պետությունը: 1915 թվականի ցեղասպանությունը, տարիների համայնավարական բռնատիրությունը և 1988 թվականի ավերիչ երկրաշարժը մեծ վնաս հասցրին Հայաստանին: Բայց հայ ժողովուրդը հերոսաբար դիմադրեց այս ամենին և արժանապատվորեն վերականգնեց իր ազատ ու անկախ պետությունը»:

Այնուհետև Բիլ Քլինթոնն ԱՄՆ կառավարությանը կոչ էր անում դատապարտել Ադրբեջանի բռնությունները և Հայաստանին ու Լեռնային Ղարաբաղին տրամադրել մարդասիրական օգնություն:

Սեպտեմբերի 9-ին ԱՄՆ սենատոր Ջոն Քերին նամակ է հղում ՀՀ նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին: Նա իր մտահոգությունն է արտահայտում Հայաստանում ժողովրդավարությունից շեղվելու առնչությամբ: Նամակը հանձնվում է ԱՄՆ-ում Հայաստանի ներկայացուցչությանը: Քերին հայտնում էր, որ անձամբ է ԱՄՆ կառավարությանը կոչ արել դատապարտել Ադրբեջանի բռնություններն ու մարդու իրավունքների ոտնահարումը: Այնուհետև նա ափսոսանք է հայտնել, որ ՀՀ նախագահը սահմանափակում է իր տեսակետներին հակադրվող մտքերը.

«Ընդդիմադիր կուսակցություններին արգելվում է եթերաժամ տրամադրել ռադիոյով և հեռուստատեսությամբ: Դուք անում եք խորհրդարանը ցրելու առաջարկներ, Դուք առանց որևէ դատարանի որոշման երկրից վտարել եք ընդդիմադիր կուսակցության առաջնորդին»:

Քերին ավելացնում է, որ հայ ժողովրդի համար գրված ու հայ ժողովրդի հաստատած Սահմանադրությունը շատ ավելի օգտակար կլիներ, քան հրամաններով ու առանց Սահմանադրությամբ առաջնորդվելու պրակտիկան:

«Ես կոչ եմ անում, պարոն նախագահ, ձեռնարկել անհրաժեշտ ամեն ինչ և վերջ տալ հակաժողովրդական մոտեցումներին և Հայաստանի Հանրապետությունը մեկ անգամ ևս դնել ժողովրդավարական ուղու վրա»:

Հոկտեմբերի 2-ին ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալ Ռիչարդ Կաուզլարիչին ընդունում է Հայաստանի նախագահ Տեր-Պետրոսյանը: Կաուզլարիչը հանդիպումից անմիջապես հետո զեկուցագիր է ուղարկում Վաշինգտոն, որտեղ մանրամասն ներկայացնում է հանդիպման արդյունքները.

Տեր-Պետրոսյանը տեղեկացնում է, որ դրանից 4 օր առաջ իրավիճակը ողբալի է եղել, Հայաստանում ցորեն չի եղել, և նա զանգահարել է Ելցինին՝ խնդրելով օժանդակել ցորեն առաքելու հարցում: Նրա աջակցությամբ Բաթումից Հայաստան է մատակարարվել 1000 տոննա ցորեն:

-Եթե հացահատիկը մեզ հասներ երկու օր ուշ, հավանաբար մեր կառավարությունն այլևս գոյություն չէր ունենա:

Տեր-Պետրոսյանը նաև նկատում է, որ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ֆիզիկական անվտանգությունն ամենակարևորն է, և դրա միակ երաշխիքն ինքնապաշտպանությունն է:

-Դա պետք է փոխարինել միջազգային երաշխիքներով: Եվ երբ դա տեղի ունենա, ծայրահեղականությունը (նկատի ունի Լեռնային Ղարաբաղի հայերի) կվերանա:

Նախագահն ամերիկյան կողմին նաև տեղեկացնում է, որ խնդիրը բարձրացրել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բութրոս Ղալիի հետ հանդիպման ժամանակ, որը հայտարարել է, որ ՄԱԿ-ը սատարում է Մինսկի խմբին, և կարիք չկա, որ ՄԱԿ-ը ներքաշվի այս խնդրի մեջ: Տեր-Պետրոսյանը Բութրոս Ղալիին նաև առաջարկել է ստեղծել ԵԱՀԽ-ՄԱԿ մի յուրահատուկ ձևաչափ, եթե ԵԱՀԽ ձևաչափն արդյունավետ չլինի:

Հոկտեմբերի 13-ին նախագահ Տեր-Պետրոսյանը հանդիպում է Լեռնային Ղարաբաղի բանակցություններում ԱՄՆ հատուկ ներկայացուցիչ Ջոն Մարեսկայի հետ և տեղեկացնում, որ այդ հանդիպումն այնքան կոնֆիդենցիալ է, որ դրա քննարկման թեմաներին ծանոթ չեն արտաքին գործերի նախարարն ու Լեռնային Ղարաբաղի հայությունը: Միաժամանակ Տեր-Պետրոսյանը չի թողնում, որ հանդիպմանը մասնակցի նաև ԱԳՆ ներկայացուցիչը, որը պետք է միայն սղագրեր հանդիպումը: Ըստ հանդիպման գաղտնազերծված ամերիկյան սղագրության, նախագահն աջակցել է Մինսկի համաժողով հրավիրելու և ԵԱՀԽ մանդատն ամրապնդելու վերաբերյալ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձև ընդունելու առաջարկին: Հանդիպման սկզբում դեսպան Մարեսկան մտահոգություն է հայտնել Մինսկի հետաձգված գործընթացի և ղարաբաղյան հակամարտության սրման կապակցությամբ, և ընդհանուր առմամբ դրական է գնահատել Ռուսաստանի բանակցային ջանքերը: Դեսպան Մարեսկան նաև բացատրել է բանակցային գործընթացի խոչընդոտները, ասել, որ ադրբեջանցիները հրաժարվել են համաձայնեցնել առանց նախապայմանների հրադադարը:

Հոկտեմբերի 30-ին ՀՀ կառավարությունը դիմում է ԱՄՆ իշխանությանը և նկարագրում հանրապետությունում ալյուրի զգալի պակասի պատճառով առաջացած օրհասական վիճակը: Հայաստանը խնդրում է ալյուր ուղարկել: ԱՄՆ իշխանությունը որոշում է անհապաղ ուղարկել 236 տոննա ալյուր: Մի քանի օրվա ընթացքում այն հասնում է Հայաստան: Միաժամանակ նախատեսվում էր նաև երկու շաբաթվա ընթացքում 66 հազար տոննա ցորեն ուղարկել Հայաստան:

Հոկտեմբերի 31-ին ԱՄՆ նախագահի մամուլի քարտուղար Ֆիթսուոթերը հայտարարություն է տարածում արտակարգ կերպով պարենային ապրանքներ Հայաստան առաքելու վերաբերյալ.

«Նախագահը 1992թ. հոկտեմբերի 31-ին հանձնարարել է արտակարգ պարենային բեռնափոխադրումներ իրականացնել Հայաստան: Դա տեղի է ունեցել՝ ի պատասխան Հայաստանի նախագահ Տեր-Պետրոսյանի՝ հոկտեմբերի 30-ի հրատապ խնդրանքի: Հայաստանին այս ճգնաժամի պայմաններում սատարելու համար Միացյալ Նահանգները կսկսի ավիափոխադրումներ իրականացնել նոյեմբերի 1-ին՝ ԱՄՆ ռազմաօդային ուժերի C-5 օդանավերով: Հայ ժողովրդի ձմեռային սննդի ավելի երկարաժամկետ կարիքները հոգալու համար Միացյալ Նահանգները սկսել է նաև ծովային բեռնափոխադրմամբ 66.000 տոննա ցորենի մատակարարումը: ԱՄՆ-ն նաև կմատակարարի 3000 տոննա վերամշակված ապրանքներ Թուրքիայում գտնվող պահեստներից: Սա վկայում է, թե որքան սերտ են հայ-ամերիկյան երկկողմ հարաբերությունները»:

Ջորջ Բուշի չընտրվելն ու հրաժեշտի նամակը ՀՀ նախագահին

Նոյեմբերի 3-ին ԱՄՆ-ում անցկացվեց նախագահի ընտրություն: Ջորջ Բուշը չընտրվեց: Հաղթեց դեմոկրատական կուսակցության թեկնածու Բիլ Քլինթոնը: Ըստ սահմանադրության, նա պաշտոնը ստանձնելու էր 1993թ. հունվարի 20-ին, իսկ մինչև այդ Բուշն ամբողջ ծավալով իրականացնելու էր նախագահի իր պարտականությունները:

Պարտությունը Բուշը չափազանց ծանր էր տանում: Հեղինակ Ջոն Մեչամը փայլուն կերպով նկարագրում է Բուշի պարտության օրը.

«Անգամ խավարում նա փորձում էր միշտ նայել առաջ: Արդեն ուշ էր և նա գիտեր, որ պետք է քնի, բայց չէր կարող, ամեն դեպքում, ոչ հիմա: Չափազանց շատ բան էր տեղի ունեցել, և չափազանց շատ բան կար իր մտքում: Հյուսթոնյան հյուրանոցի 271-րդ սենյակում երեկոյան նա կորցրեց ևս մեկ ժամկետով ԱՄՆ նախագահ դառնալու իր հնարավորությունը: Ջորջ Հերբերտ Ուոքեր Բուշը դուրս թռավ անկողնուց և աննկատ անցավ հարակից հյուրասենյակ: Հոգնած, բայց անհանգիստ նա տեղավորվեց փոքրիկ բազմոցին: Սենյակը դատարկ էր, իսկ սիրտը՝ լցված: Ահա այնտեղ, միայնակ նա ջանում էր համակերպվել այն լուրի հետ, որ ինքը՝ ԱՄՆ նախագահը, որը համաշխարհային երկրորդ պատերազմի սերնդի մարմնավորումն է, պարտվել է Բիլ Քլինթոնին՝ ժողովրդական պայթյունի ժամանակ ծնված Արկանասի դեմոկրատ նահանգապետին: Իր անձնական, ձայնարկիչ-օրագրում Բուշը նշել է. «Ես ցավ եմ ապրում, և հիմա պետք է մտածեմ, թե ինչպես չվհատվել և գլուխը վեր պահել առաջիկա մի քանի բարդ օրերի ընթացքում»: Նա շարունակեց խոսել ցածր ձայնով. Բարբարան՝ նրա 47-ամյա կինը, քնած էր ննջարանում: Իր օրագրում Բուշը նշում էր. «Ես մտածում եմ մեր երկրի մասին և այն մարդկանց, որոնք ցավ են ապրում, և այնքան բան կա, որ մենք չարեցինք»: Այո, մենք առաջընթաց ենք գրանցել, բայց գործն ավարտին չենք հասցրել, և դա պարզապես սպանում է ինձ»:

Իհարկե, Բուշը հեռանում էր, սակայն ԱՄՆ-ն շարունակում էր ուշադրության կենտրոնում պահել Հայաստանը և աջակցություն ցուցաբերել նորանկախ պետությանը: Դեկտեմբերի 9-ին Հայաստանում ԱՄՆ դեսպանատանը կայացած ասուլիսի ժամանակ Միացյալ Նահանգների ժամանակավոր հավատարմատար Թոմաս Փրայսն ընթերցում է մի հայտարարություն, որից հետևում է, որ նախագահ Տեր-Պետրոսյանի հայտարարած հատուկ տնտեսական վիճակն ամերիկյան կառավարության ուշադրության կենտրոնում է, և ԱՄՆ-ն կձգտի որքան հնարավոր է արագ օգնություն հասցնել Հայաստան:

Ալեքսանդր Արզումանյանը հիշում է, որ այդ ժամանակ երկրում հաց չկար.

-Ամերիկացիները մեզ հաց էին ուղարկում: Վրաստանով չէինք կարողանում բերել: Պետդեպարտամենտում կոորդինացիոն խմբի նիստին քննարկում էինք, որ ցորենը գողանում էին, տեղ չէր հասնում: Բացատրում էինք, որ Վրաստանում «գողականներ» կային, որոնք տարածաշրջանի տերերն էին: Նրանք հարձակվում էին գնացքների վրա, պայթեցնում էին երկաթգիծը, ռեկետ էին անում: Այդ ժամանակ իրենք երևի նորից աջակցել էին մեզ. թուրքերը բացել էին սահմանը, և այդ հացը տեղ էր հասել:

1993թ. հունվարի 1-ին՝ պաշտոնը թողնելուց շուրջ 20 օր առաջ, ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշը հրաժեշտի նամակ է գրում Լևոն Տեր-Պետրոսյանին.

«Հարգելի՛ պարոն նախագահ,

Պատրաստվելով հեռանալ պաշտոնից՝ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Ձեզ՝ Հայաստանի և Միացյալ Նահանգների միջև սերտ կապերի հաստատման գործում Ձեր ներդրած ջանքերի համար: Ինձ համար հաճելի էր գործակցել Ձեզ հետ Հայաստանի անկախության առաջին տարիների ընթացքում: Հավատացած եմ, որ միասին կերտել ենք հայ-ամերիկյան ապագա հարաբերությունների ամուր հիմքեր:… Հայաստանն առանձնահատուկ տեղ է զբաղեցնում ամերիկացիների սրտերում: Ես վստահ եմ, որ Միացյալ Նահանգները շարունակելու է մեծ աջակցություն ցուցաբերել Հայաստանին:

Անկեղծորեն՝ Ջորջ Բուշ»:

Comments

Popular posts from this blog

Պետության և իրավունքի տեսություն

  Պետության և իրավունքի տեսության հասկացությունը, առարկան և մեթոդաբանությունը Պետության և իրավունքի տեսությունը հանդիսանում է առաջնային, կարևորագույն իրավաբանական գիտություն: Գիտությունը հանդիսանում է ինտելեկտուալ գործունեություն: Պետության և իրավունքի տեսությունը ուսումնասիրում է հասրակական կյանքի պետաիրավական ոլորտը: 1.Պետության և իրավունքի տեսությունը հանդիսանում է համատեսական գիտություն, որովհետև ունի ուսումնասիրության լայն ընդարձակ ոլորտ՝ հասարակական կյանքի պետաիրավական ոլորտն ամբողջությամբ: 2.Պետության և իրավունքի տեսությունը հանդիսանում է փիլիսոփայական գիտություն, որովհետև ուսումնասիրում է պետության և իրավունքի, պետաիրավակաբ այլ երևույթների խորքային բնույթը: Պետության և իրավունքի տեսությունը հանդիսանում է նաև փիլիսոփայական գիտություն, որովհետև ուսումնասիրում է պետությունը և իրավունքը որպես համընդհանուր ունիվերսալ երևույթներ: 3.Պետության և իրավունքի տեսությունը հանդիսանում է ֆունդամենտալ գիտություն, որովհետև մշակում է պետաիրավական ոլորտի առաջնային ընդհանուր և կարևորագ...

Փիթեր Դրաքեր

  Փիթեր Դրաքերը 20-րդ դարի բիզնես հանճարներից է, ով կարողացավ այն ժամանակվա համար ոչ այդքան հայտնի «կառավարչի» մասնագիտությունը վերածել լուրջ, մտածված և կշիռ ունեցող գիտական կարգապահության։ Դրաքերը թերահավատորեն էր մոտենում «մարդկային փոխհարաբերությունների» և «վարքագծային դրսևորումների» դպրոցների կողմից կառավարման վերաբերյալ առաջարկվող մոտեցումներին։ Նա վստահ էր, որ կառավարիչը պետք է մտածի ոչ թե մարդու պահանջմունքների, տրամադրության, երջանկության, ցանկությունների մասին, այլ պետք է հոգա իր առջև դրված խնդիրների կարգավորմանը հասնելու, արդյունք արձանագրելու մասին։ Այս ամենի հետ մեկտեղ՝ նա շեշտադրում էր, որ աշխատանքային միջավայրում պետք է տիրի փոխադարձ հարգանքի վրա հիմնված դրական բարոյահոգեբանական մթնոլորտ։ Դրաքերի հետաքրքրությունների կենտրոնում այն աշխատակիցներն էին, ովքեր աշխատանքային միջավայրում ներդնում էին ոչ թե ֆիզիկական, այլ մտավոր ներուժ։ Նրան հետաքրքրում էր այն ֆենոմենը, թե ինչպես են ղեկավարից ավելի գիտելիք ունեցող, աշխատանքային գործընթացի վերաբերյալ ավելի շատ տեղեկատվությա...

Էթիկայի կանոնները ճաշասեղանի շուրջ գտնվելու ժամանակ

  Ռեստորանում գործարարի կողմից դրսևորվող վարքագիծն ունի որոշակի առանձնահատկություններ։ Օրինակ՝ եթե գնում եք ռեստորան ուղեկցորդուհու հետ և այդ որոշումը կայացրել եք ինքնաբուխ, ապա պետք է փորձեք գտնել ազատ տեղ։ Իսկ եթե հանդիպումը նախօրոք պլանավորված է եղել, ապա տղամարդը պետք է գա կնոջից մի փոքր շուտ, վերնահագուստը թողնի հանդերձասրահում, մատուցողից ճշտի՝ որտեղ է գտնվում պատվիրված սեղանը։ Այս ամենը նա պետք է անի նախքան հրավիրված կնոջ գալը։ Դրանից հետո դիմավորում եք կնոջը, օգնում նրան հանել վերնազգեստը և ուղեկցում սրահ։ Սովորաբար սրահ մտնելուց առաջ մարդիկ իրենց նայում են հայելու մեջ։ Հայելու առաջ կարելի է միայն ուղղել սանրվածքը, հագուստը։ Դա վերաբերում է և՛ կնոջը, և՛ տղամարդուն։ Հագուստի և սանրվածքի թերություններն ուղղեք հանդերձասենյակում։ Ռեստորանի սրահ առաջինը մուտք է գործում տղամարդը, իսկ կինը հետևում է նրան։ Եթե առաջինը կինն է մտել սրահ, ապա ճանապարհին տղամարդը պետք է նրանից առաջ անցնի և ուղեկցի դեպի պատվիրված սեղանը, օգնի նստել ամենահարմար տեղը։ Ամենահարմար տեղը, սովորաբար, համա...