Skip to main content

Բանակցությունների տեսական հիմնահարցերը

 

Բանակցությունները որպես միջգիտակարգային հետազոտության առարկա

Հասարակական կյանքի զարգացման արդի փուլում մարդկանց կենսագործունեության տարբեր բնագավառներում լայնորեն կիրառվում են բանակցությունները՝ որպես նրանց ամենօրյա փոխհարաբերությունների, վիճահարույց հարցերի, հակամարտությունների կարգավորման, շահերի արտահայտման ու պահանջմունքների բավարարման, միջպետական հարաբերությունների հաստատման և պետությունների միջև համագործակցության ապահովման առավել արդյունավետ ու քաղաքակիրթ եղանակ: Մարդիկ բանակցում են բոլոր տարիքներում, ամեն օր և ամենուրեք, սկսած մանուկներից, ովքեր իրենց «բանակցային յուրօրինակ լեզվով»՝ (որին, ի դեպ, շատ ու շատ ծնողներ անվերապահորեն ենթարկվում են) թոթովանքի կամ լացի շնորհիվ գրեթե միշտ ծնողներից ստանում են իրենց ուզածը, շուկայում գնումներ կատարելիս, երբ վաճառողի հետ սակարկում ենք ինչ-որ ապրանք գնելիս, վերջացրած համերկրային հիմնախնդիրների շուրջ բազմակողմ ու բազմառարկա քաղաքական, դիվանագիտական բանակցությունները, որտեղ ներգրավված են լինում հարյուրավոր փորձագետներ, արհեստավարժ դիվանագետներ, քաղաքական գործիչներ ու պետության առաջին դեմքեր: Բնականաբար, բանակցությունների այդքան լայն ընդգրկումը, իր հերթին, դեպի «իրեն է ձգում» շատ ու շատ գիտությունների ու գիտաճյուղերի, որոնք ուսումնասիրում են մարդկային կենսագործունեության առանձահատուկ այս ոլորտի տարբեր տեսանկյունները:

Բանակցությունների վերաբերյալ տեսական ուսումնասիրությունները, բանակցությունների տեսության ձևավորումն ու մեծածավալ հետազոտություններն այս հիմնահարցի վերաբերյալ սկսվում են 20-րդ դարի 50-ական թվականներից, հատկապես ԱՄՆ-ում, եվրոպական մի շարք երկրներում, ինչպես նաև Խորհրդային Միությունում, որտեղ հետազոտությունները հիմնականում տարվում էին միջազգային բանակցությունների գործընթացի վերլուծության ուղղությամբ: Պետք է նշել, որ բանակցությունների հիմնահարցն առավել մշակված է ամերիկյան քաղաքագիտական դպրոցի կողմից, որտեղ այդ ուսումնասիրությունները տարվում էին բազմաթիվ ուղղություններով, որոնց հիմքում ընկած են տարբեր մոտեցումներ: Մի դեպքում բանակցությունները դիտարկվում և արժևորվում են որպես խաղաղության հաստատման և հակամարտությունների կարգավորման կարևոր միջոց, մյուս դեպքում՝ որպես քաղաքականության «ուժային հայեցակարգի» արտահայտություն, որպես գերակայության հաստատման և առավելագույն օգուտների ձեռքբերման միջոց: Ներկայումս ԱՄՆ-ում գործում են մի շարք գիտահետազոտական ինստիտուտներ Հարվարդի, Ջորջ Մեյսոնի, Բոստոնի, Կալիֆոռնիայի և այլ համալսարաններում, որոնք զբաղվում են բուն բանակցությունների տեսական և կիրառական հարցերի ուսումնասիրմամբ:

Բանակցությունների հիմնահարցի ուսումնասիրումը կրում է միջգիտակարգային բնույթ: Այն գտնվում է ոչ միայն քաղաքագիտության, այլև տնտեսագիտության, փիլիսոփայության, պատմության, հոգեբանության, սոցիոլոգիայի, միջազգային հարաբերությունների տեսության, դիվանագիտության և այլ հումանիտար գիտությունների ուսումնասիրության տիրույթում: Այդ գիտություններից յուրաքանչյուրին հետաքրքրում է բանակցությունների տեսության այս կամ այն կողմը: Տնտեսագիտության շրջանակներում ուշադրություն է դարձվում հատկապես՝ գործարար բանակցությունների, բիզնես-էթիկայի ու բիզնես-գործարքների հետ կապված հարցերին, հոգեբանության տեսանկյունից առավել հետաքրքրական են բանակցային սուբյեկտների հոգեբանական վարքագծի, բանակցությունների մասնակիցների կողմից հիմնախնդիրների սուբյեկտիվ ընկալման հարցերը: Սոցիոլոգիան բանակցությունների հիմնախնդրին մոտենում է բանակցություններին ներգրավված սուբյեկտների սոցիալական կարգավիճակի, սոցիալական գործընկերության տեսության, աշխատանքային և սոցիալական կոնֆլիկտների կարգավորման տեսանկյունից: Առանձին ուսումնասիրման են ենթարկվում նաև միջազգային հարաբերությունների պատմությունն ու նրանում արձանագրված բանակցությունների ընթացքն ու վերջնական արդյունքները: Դիվանագիտության մեջ հիմնականում մշակվել են բանակցությունների արարողակարգային և փաստաթղթային կողմերի վերլուծության հետ կապված հարցերը: Փիլիսոփայության ուշադրության կենտրոնում հայտնվում են բանակցությունների առանձին փուլերի օրինաչափությունների, մասնավորապես՝ դիրքորոշումների ձևակերպման և հիմնավորման, փաստարկման փուլի ժամանակ կիրառվող փաստարկների ուսումնասիրությունը:

Ավանդաբար, քաղաքագիտության մեջ բանակցություններին վերաբերող ուսումնասիրությունները տարվել են միջազգային հարաբերությունների տեսության, իսկ վերջերս՝ նաև կոնֆլիկտաբանության շրջանակներում: Բանակցությունների վերաբերյալ հետազոտությունները զարգացել են հատկապես միջազգային հակամարտությունների վերլուծության համատեքստում: Այսօր քաղաքագիտության այս երկու ճյուղերն էլ զարգանում են հարաբերականորեն ինքնուրույն, միաժամանակ, հարստացնելով քաղաքագիտության տեսական և կիրառական գիտելիքների բազան: Քաղաքագիտական տեսանկյունից բանակցությունները դիտարկվում են հետևյալ կտրվածքով.

1.Բանակցությունները որպես հասարակության քաղաքական կյանքում ընթացող գործընթացների կարևորագույն, բաղկացուցիչ տարր: Այս առումով հատկապես կարևորվում են բանակցությունների գործընթացային ասպեկտների հետազոտությունը: Բանակցությունների գործընթացի ուսումնասիրությունը թույլ է տալիս հետազոտվող հիմնահարցը ներառել քաղաքագիտական գիտելիքների համակարգի մեջ:

2.Երկրորդ կարևոր հանգամանքը, որով ավելի է շեշտադրվում հիմնահարցի քաղաքագիտական տեսանկյունը, վերաբերում է իշխանական հարաբերությունների դրսևորմանը քաղաքական բանակցություններում: Այս տեսանկյունից բանակցությունները ներկայանում են որպես իշխանական լիազորությունների բաշխման կամ վերաբաշխման հարաբերություններ, որպես իշխանություն-ընդդիմություն փոխհարաբերությունների կարգավորման կարևորագույն կառուցակարգ:

3.Երրորդ՝ հիմնահարցի քաղաքագիտական կողմն է արտացոլում նաև քաղաքականության սուբյեկտների կողմից համատեղ որոշումների մշակման և/կամ դրանց ընդունման գործընթացի ուսումնասիրումը քաղաքական բանակցությունների գործընթացի համատեքստում: Այս տեսանկյունից ուշադրության են արժանանում բանակցային որոշումների նախապատրաստման, բանակցային որոշումների դասակարգման, դրանց մշակման և ընդունման գործընթացները:

Նյութի աղբյուրը՝ Խաչիկ Գալստյան- «Բանակցային տեխնոլոգիաներ»

Comments

Popular posts from this blog

Պետության և իրավունքի տեսություն

  Պետության և իրավունքի տեսության հասկացությունը, առարկան և մեթոդաբանությունը Պետության և իրավունքի տեսությունը հանդիսանում է առաջնային, կարևորագույն իրավաբանական գիտություն: Գիտությունը հանդիսանում է ինտելեկտուալ գործունեություն: Պետության և իրավունքի տեսությունը ուսումնասիրում է հասրակական կյանքի պետաիրավական ոլորտը: 1.Պետության և իրավունքի տեսությունը հանդիսանում է համատեսական գիտություն, որովհետև ունի ուսումնասիրության լայն ընդարձակ ոլորտ՝ հասարակական կյանքի պետաիրավական ոլորտն ամբողջությամբ: 2.Պետության և իրավունքի տեսությունը հանդիսանում է փիլիսոփայական գիտություն, որովհետև ուսումնասիրում է պետության և իրավունքի, պետաիրավակաբ այլ երևույթների խորքային բնույթը: Պետության և իրավունքի տեսությունը հանդիսանում է նաև փիլիսոփայական գիտություն, որովհետև ուսումնասիրում է պետությունը և իրավունքը որպես համընդհանուր ունիվերսալ երևույթներ: 3.Պետության և իրավունքի տեսությունը հանդիսանում է ֆունդամենտալ գիտություն, որովհետև մշակում է պետաիրավական ոլորտի առաջնային ընդհանուր և կարևորագ...

Համեմատաիրավական մեթոդը և համեմատական իրավագիտությունը

  Համեմատական իրավագիտության հասկացությունն ու առարկան Այժմեության հիմնական իրավական համակարգերը հանդես են գալիս որպես համեմատական իրավագիտության գլխավոր օբյեկտ։ Ազգային իրավական համակարգի հարաբերակցությունն արտասահմանյան իրավական համակարգերի հետ պայմաններ է ստեղծում յուրաքանչյուր երկրի իրավական համակարգի ազգային առանձնահատկություններն առավել հստակ բացահայտելու համար։ «Իրավական համակարգ» կատեգորիան իրավական գրականության մեջ օգտագործվում է տարբեր իմաստներով։ Իրավական համակարգը հասարակության զարգացման օբյեկտիվ օրինաչափություններով պայմանավորված՝ փոխկապակցված և համաձայնեցված այն միջոցների և երևույթների՝ ամբողջական համակարգն է, որոնք վերարտադրման շնորհիվ մշտապես գործում են և կիրառվում մարդկանց և նրանց կազմակերպությունների (այդ թվում՝ պետության) որպես իրավունքի սուբյեկտների կողմից՝ իրենց մասնավոր և հանրային նպատակներին հասնելու, հասարակության մեջ իրավակարգ ապահովելու համար։ Յուրաքանչյուր պետություն ունի իր իրավական համակարգը։ Իրավական համակարգերի գոյությունն առաջին անգամ ճանաչվե...

Փիթեր Դրաքեր

  Փիթեր Դրաքերը 20-րդ դարի բիզնես հանճարներից է, ով կարողացավ այն ժամանակվա համար ոչ այդքան հայտնի «կառավարչի» մասնագիտությունը վերածել լուրջ, մտածված և կշիռ ունեցող գիտական կարգապահության։ Դրաքերը թերահավատորեն էր մոտենում «մարդկային փոխհարաբերությունների» և «վարքագծային դրսևորումների» դպրոցների կողմից կառավարման վերաբերյալ առաջարկվող մոտեցումներին։ Նա վստահ էր, որ կառավարիչը պետք է մտածի ոչ թե մարդու պահանջմունքների, տրամադրության, երջանկության, ցանկությունների մասին, այլ պետք է հոգա իր առջև դրված խնդիրների կարգավորմանը հասնելու, արդյունք արձանագրելու մասին։ Այս ամենի հետ մեկտեղ՝ նա շեշտադրում էր, որ աշխատանքային միջավայրում պետք է տիրի փոխադարձ հարգանքի վրա հիմնված դրական բարոյահոգեբանական մթնոլորտ։ Դրաքերի հետաքրքրությունների կենտրոնում այն աշխատակիցներն էին, ովքեր աշխատանքային միջավայրում ներդնում էին ոչ թե ֆիզիկական, այլ մտավոր ներուժ։ Նրան հետաքրքրում էր այն ֆենոմենը, թե ինչպես են ղեկավարից ավելի գիտելիք ունեցող, աշխատանքային գործընթացի վերաբերյալ ավելի շատ տեղեկատվությա...