Skip to main content

Հայոց ցեղասպանության հարցում Ճապոնիայի ժողովրդի դիրքորոշումը

 

Ինձ հաճախ են հարցնում, թե ինչ առնչություններ կարող էին ունենալ աշխարհագրորեն իրարից այդքան հեռու գտնվող երկու երկրների ժողովուրդները 20-րդ դարի սկզբին: Փաստ է, որ դեռևս 1990-ականների սկզբից հայերի և ճապոնացիների միջև եղել են որոշակի առնչություններ. ճապոնացիներն անգամ օգնություն են տրամադրել ցեղասպանությունից փրկված հայերին:

Ուշագրավ են արձակագիր, մանկավարժ Հեղինե Մելիք-Հայկազյանի փոխանցած տեղեկությունները Ճապոնիա կատարած իր ուղևորության մասին: Նա այն հազվադեպ հայերից էր, ով 20-րդ դարի սկզբին այցելել է Ճապոնիա: Այդ ուղևորության տպավորությունները զետեղված են 1905թ. Թիֆլիսում տպագրված «Մի պտույտ Ճապոնում» գրքում, որը 110 տարի անց թվայնացվել է: Գրքում առավել ուշագրավ է «Կիոտոն գիշերը» գլուխը, այստեղ հետաքրքրաշարժ է հեղինակի զրույցը մի մեծահարուստ ճապոնացու հետ, որի տուն էր հրավիրվել՝ երկրորդ հարկից տոնակատարությունը դիտելու համար: Ճապոնացին խիստ զարմացավ՝ իմանալով Հեղինե Մելիք-Հայկազյանի ազգությունը և վրա բերեց. «Յիշում եմ մի քանի տարի առաջ կոտորածներ կային, եթէ չեմ սխալւում: Այստեղ մի ինչ-որ միսիօնար փող էր հաւաքում ձեզ ուղարկելու համար»,- և հավելում է. «Հիմա ի՞նչ վիճակում է Ձեր երկիրը»:

Նման արձագանքը ճապոնացու կողմից ևս մեկ անգամ փաստում է, որ հայերի և ճապոնացիների առնչություններն ունեն ավելի խորը ակունքներ, ինչը միևնույն ժամանակ և՛ հիացմունք, և՛ զարմանք է առաջացնում: Պարզվում է ճապոնացին հայի խորը ցավերի ականատեսն է եղել կապված թուրքերի հետ:

Ճապոնացի ժողովրդի գթասրտությունը հայ ժողովրդի հանդեպ դրսևորվեց նաև այն նվիրատվություններով, որ կատարում էին ճապոնացիները՝ ցեղասպանությունից փրկված հայերին օգնելու նպատակով: Ճապոնացի գործարար, բարերար Էիչի Շիբուսավան, ով հիմնել է ավելի քան 500 ձեռնարկություններ, ծավալել է դիվանագիտական ու բարեգործական գործունեություն և մեծ ավանդ է ունեցել երկրի տնտեսության զարգացման գործում, ձեռնամուխ է եղել նաև 1915 թվականի հայոց ցեղասպանության հետևանքով տարագիր դարձած հայերին օգնության ձեռք մեկնելու գործին:

«Մերձավոր Արևելքի նպաստամատույց կոմիտեի» գործունեությունը ընդլայնելու նպատակով՝ ղեկավարությունը ամերիկացի հոգևորական Լինքոլն Վիրթին, ով առաջին համաշխարհային պատերազմի տարիներին Կարմիր խաչի հանձնակատարի պաշտոնն էր զբաղեցնում, առաջարկել է ուղիներ գտնել՝ բացելու կառույցի մասնաճյուղեր խաղաղօվկիանոսյան երկրներում:

Ճապոնիայի Կայսերական բանկի շենքում պարոն Վիրթը հանդիպում է ճապոնացի ազդեցիկ գործիչների՝ այդ թվում Էիչի Շիբուսավայի հետ: Ծավալվում է խոսակցություն աշխարհագրական և պատմական թեմաների շուրջ, որի ընթացքում Շիբուսավան հետաքրքրվում է, թե ովքեր են հայերը և ինչու օգնության կարիք ունեն: Ապա իմանալով որոշ մանրամասներ՝ հարցնում է, թե ինչու ավելի վաղ չեն դիմել իրենց. «Կարծում էիք, որ բուդդիստներ լինելով չե՞նք օգնի դժբախտության մեջ հայտնված քրիստոնյաներին», այնուհետև անմիջապես 11.000 դոլարի արժողությամբ չեկ է ստորագրում ու հանձնում Վիրթին:

Բացի բարեգործական այդ ժեստից, նա ստանձնում է Ճապոնիայի «Հայ օգնության կոմիտեի» նախագահությունը և 100 ճապոնացի հայտնի գործիչների ուղղված նամակ է գրում՝ հրավիրելով նրանց մասնակցելու Լինքոլն Վիրթի դասախոսությանը՝ հույս ունենալով շահագրգռել նրանց օգնելու հայերին: Փաստ է, որ կոմիտեն և նրա շուրջը հավաքված հասարակական և քաղաքական գործիչները տարբեր միջոցառումներ (դասախոսություններ, համերգներ, բեմադրություններ և կինոդիտումներ) են իրականացրել, որոնց շնորհիվ գումարներ էին փոխանցվում Մերձավոր Արևելքի նպաստամատույց կոմիտեին, Հայ փախստականների ֆոնդին, Հայ երաժիշտների ֆոնդին: Նաև որոշվել էր տարեկան 120 իեն հատկացնել յուրաքանչյուր որբ երեխայի:

Հայ և ճապոնացի ժողովուրդների առնչությունները հետազոտելիս երևան եկավ նաև Պողոս Նուբար փաշայի հուշերից մի հետաքրքիր դրվագ, թե ինչ մեծ սեր և հոգատարություն են տածել ճապոնացիները հայ որբերի հանդեպ: 1927թ. Նյու Յորքում թողարկվող «Հայաստանի կոչնակ» շաբաթաթերթում տպագրված Պողոս Նուբարի «Որբերու կիրակին» կոչում, նա, մասնավորապես, գրում է. «Ամերիկեան Նպաստամատոյց Կազմակերպութեան ընդհանուր քարտուղար պարոն Վիթրի ներկայ տարուան Յուլիսին Թօքիօ (Ճաբոն) գտնուած միջոցին, այցելած է ճաբոնցի աղջկանց վարձարան մը, որուն սանուհիները «կնքամայրն» են եւ բոլոր ծախքերը կը հոգան հայ որբուհիի մը, Մարի Մաճարեան, որ կը գտնուի Շիրայի ամերիկեան որբանոցին մէջ եւ 1760 թիվը կը կրէ: Ճաբոնցի աղջիկները խնդրած են Վիքրիէ որ իրենց քրոջական բարեւները հաղորդէ իրենց սանուհիին, եւ անոր տուած են ճաբոնական սիրուն հովահար մը իբր իրենց նուէրը իրենց հեռաւոր պաշտպանեալին»:

Երբ կարդացի այս տողերը, մեծ ջերմությամբ լցվեցի, հատկապես, որ անձնական մեծ երախտգիտություն ունեմ Պողոս Նուբար փաշայի հանդեպ, ում շնորհիվ իմ մեծ պապը՝ Մովսես Վարդանյանը, հնարավորություն է ունեցել ուսանել Եվրոպայում:

Կարևոր եմ համարում նաև անդրադառնալ մի բարձրարժեք աշխատության՝ «Հայերի մոռացված ցեղասպանությունը» գրքին, որտեղ ճապոնացի իրավաբան, միջազգայնագետ Հիրոյոշի Սեգավան իրավական տեսանկյունից ապացույցներ է ներկայացնում, որ 20-րդ դարի սկզբին հայերի հետ տեղի ունեցածը ցեղասպանություն է, նկարագրում է վերջինիս նախանշանները, ջարդերի և տեղահանման իրականացումը, Մեծ եղեռնի և Հոլոքոստի միջև եղած նմանությունները: Սեգավան գրքի ամենասկզբում նշում է. «Սույն գրքում ես կապացուցեմ, քանի որ հայերի կոտորածների ընթացքում իրականացված գործողությունները ենթակա են Ցեղասպանության կոնվենցիայով սահմանված ցեղասպանությանը հատուկ գործողություններին, հետևաբար դրանք իրոք պետք է որակել որպես ցեղասպանություն՝ 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը»:

Հեղինակը պնդում է, որ իր երկրում հայերի և հայ-ճապոնական առնչությունների վերաբերյալ հետազոտություններ գրեթե չկան, և հետևաբար ճապոնացիները հայերի նկատմամբ հետաքրքրություն չեն ցուցաբերում, իսկ Ցեղասպանության կոնվենցիան լիովին չեն ընկալում: Սեգավայի հաղորդած տեղեկությունները 2000-ականների վերաբերյալ են: Այսօր հայ-ճապոնական հարաբերությունները, ամենատարբեր ոլորտներում փոխգործակցությունը կայուն զարգացող և հեռանկարային են:

Պատմելով այն մասին, թե ինչու և ինչ պայմաններում է ուսումնասիրել հայոց ցեղասպանության թեման՝ Սեգավան նշում է. «Դոկտորանտուրան ավարտելուց հետո երկար ժամանակ իմ հետաքրքրության կենտրոնում եղել է «Ցեղասպանության նախապայմանները» թեման: Այս հետազոտություններն իրենց նպատակին հասցնելու համար ինձ անհրաժեշտ էր կոնկրետ փաստեր բերել: Դա մոտ 20 տարի առաջ էր: Այդ ժամանակ ՄԱԿ-ի արխիվներում ուսումնասիրում էի ցեղասպանությունների հետ կապված նյութեր և հանկարծ հանդիպեցի «1915թ. հայերի ցեղասպանությունը» վերնագրով մի նյութի… մարդկության հանդեպ պատասխանատվության զգացումով դրդված, որոշեցի ինձ վրա վերցնել հայերի ապրած ողբերգության մասին անտեղյակ ճապոնացիների աչքերը բացելու պարտականությունը… շատ երկար և ոչ հարթ ճանապարհ էր…

Դատելով վերոնշյալ դրվագներից՝ պարզ է դառնում, թե ճապոնացի ժողովուրդը ինչպիսի կարեկցանք, սեր և հոգատարություն է տածել կարիքի մեջ գտնվող հայերի նկատմամբ: Ցեղասպանությունը վերապրած ժողովրդի յուրաքանչյուր մասնիկ մարդասիրության նմանօրինակ քայլերի հանդեպ խիստ զգայուն է, իսկ անթաքույց համակրանքն ու երախտիքի զգացումը դեպի այս երկիրն ու ժողովուրդը՝ բնական: Սկզբից ևեթ նշենք, որ Էիչի Շիբուսավայի, Ճապոնիայում գործող Հայ օգնության կոմիտեի շուրջը հավաքված գործիչների, օգնություն հավաքող միսիոներների, Տոկեի Մարու նավի նավապետի և այլ նվիրյալների վարմունքը հավերժական երախտագիտության և երկու ժողովուրդների միջև անխախտ բարեկամության առհավատաչյան են:

Նյութի աղբյուրը՝ Աննա Վարդանյան- «Տոկեի Մարու ճապոնական նավի հետագծով»

Comments

Popular posts from this blog

Պետության և իրավունքի տեսություն

  Պետության և իրավունքի տեսության հասկացությունը, առարկան և մեթոդաբանությունը Պետության և իրավունքի տեսությունը հանդիսանում է առաջնային, կարևորագույն իրավաբանական գիտություն: Գիտությունը հանդիսանում է ինտելեկտուալ գործունեություն: Պետության և իրավունքի տեսությունը ուսումնասիրում է հասրակական կյանքի պետաիրավական ոլորտը: 1.Պետության և իրավունքի տեսությունը հանդիսանում է համատեսական գիտություն, որովհետև ունի ուսումնասիրության լայն ընդարձակ ոլորտ՝ հասարակական կյանքի պետաիրավական ոլորտն ամբողջությամբ: 2.Պետության և իրավունքի տեսությունը հանդիսանում է փիլիսոփայական գիտություն, որովհետև ուսումնասիրում է պետության և իրավունքի, պետաիրավակաբ այլ երևույթների խորքային բնույթը: Պետության և իրավունքի տեսությունը հանդիսանում է նաև փիլիսոփայական գիտություն, որովհետև ուսումնասիրում է պետությունը և իրավունքը որպես համընդհանուր ունիվերսալ երևույթներ: 3.Պետության և իրավունքի տեսությունը հանդիսանում է ֆունդամենտալ գիտություն, որովհետև մշակում է պետաիրավական ոլորտի առաջնային ընդհանուր և կարևորագ...

Համեմատաիրավական մեթոդը և համեմատական իրավագիտությունը

  Համեմատական իրավագիտության հասկացությունն ու առարկան Այժմեության հիմնական իրավական համակարգերը հանդես են գալիս որպես համեմատական իրավագիտության գլխավոր օբյեկտ։ Ազգային իրավական համակարգի հարաբերակցությունն արտասահմանյան իրավական համակարգերի հետ պայմաններ է ստեղծում յուրաքանչյուր երկրի իրավական համակարգի ազգային առանձնահատկություններն առավել հստակ բացահայտելու համար։ «Իրավական համակարգ» կատեգորիան իրավական գրականության մեջ օգտագործվում է տարբեր իմաստներով։ Իրավական համակարգը հասարակության զարգացման օբյեկտիվ օրինաչափություններով պայմանավորված՝ փոխկապակցված և համաձայնեցված այն միջոցների և երևույթների՝ ամբողջական համակարգն է, որոնք վերարտադրման շնորհիվ մշտապես գործում են և կիրառվում մարդկանց և նրանց կազմակերպությունների (այդ թվում՝ պետության) որպես իրավունքի սուբյեկտների կողմից՝ իրենց մասնավոր և հանրային նպատակներին հասնելու, հասարակության մեջ իրավակարգ ապահովելու համար։ Յուրաքանչյուր պետություն ունի իր իրավական համակարգը։ Իրավական համակարգերի գոյությունն առաջին անգամ ճանաչվե...

Փիթեր Դրաքեր

  Փիթեր Դրաքերը 20-րդ դարի բիզնես հանճարներից է, ով կարողացավ այն ժամանակվա համար ոչ այդքան հայտնի «կառավարչի» մասնագիտությունը վերածել լուրջ, մտածված և կշիռ ունեցող գիտական կարգապահության։ Դրաքերը թերահավատորեն էր մոտենում «մարդկային փոխհարաբերությունների» և «վարքագծային դրսևորումների» դպրոցների կողմից կառավարման վերաբերյալ առաջարկվող մոտեցումներին։ Նա վստահ էր, որ կառավարիչը պետք է մտածի ոչ թե մարդու պահանջմունքների, տրամադրության, երջանկության, ցանկությունների մասին, այլ պետք է հոգա իր առջև դրված խնդիրների կարգավորմանը հասնելու, արդյունք արձանագրելու մասին։ Այս ամենի հետ մեկտեղ՝ նա շեշտադրում էր, որ աշխատանքային միջավայրում պետք է տիրի փոխադարձ հարգանքի վրա հիմնված դրական բարոյահոգեբանական մթնոլորտ։ Դրաքերի հետաքրքրությունների կենտրոնում այն աշխատակիցներն էին, ովքեր աշխատանքային միջավայրում ներդնում էին ոչ թե ֆիզիկական, այլ մտավոր ներուժ։ Նրան հետաքրքրում էր այն ֆենոմենը, թե ինչպես են ղեկավարից ավելի գիտելիք ունեցող, աշխատանքային գործընթացի վերաբերյալ ավելի շատ տեղեկատվությա...