Skip to main content

Ճապոնական գյուղացիության դրությունը

 

Ընդհանուր աշխարհագրական տեղեկություններ

Ժամանակակից Ճապոնիան իրենից ներկայացնում է տիպիկ ծովային պետություն, ցրված բազմաթիվ կղզիների վրա, որոնց թիվն անցնում է 2000-ից: Դա կղզիների մի հավաքածու է, որոնք գտնվում են Ճապոնական ծովի և Խաղաղ օվկիանոսի միջև: Այդ կղզիների մի մասը կազմում են Ճապոնիայի մետրոպոլիան (մայր երկիրը), իսկ մի մասը հանդիսանում են նրա գաղութները: Մայր երկիրն ընդգրկում է կղզիների հետևյալ 4 խմբակները՝ Հոնսյու, Սիկոկու, Կյուսյու, Հոկայդո, ընդհանուր տարածությամբ 383.900 քառ. կմ:

Գաղութներում գտնվում են Ֆորմոզա կղզին, Պիսկադրոյան կղզիները, Մանդատային կղզիները, Կորեան, Հարավային Սախալինը և Կվանտունկը, ընդհանուր տարածությամբ 298.500 քառ.կմ:

Երկրի բնակչության թիվը 1930թ. վիճակագրական տվյալների համաձայն՝ կազմում է 90.394000 հոգի, որից Հին Ճապոնիայում՝ 64.447000 հոգի, իսկ գաղութներում՝ 25.947000 հոգի:

Ամբողջ բնակչության կեսն զբաղվում է գյուղատնտեսությամբ, 1/5 մասն աշխատում է արդյունաբերության ոլորտում, 1/10 մասն աշխատում է տրանսպորտում և ձկնորսության բնագավառում: Բնակչության խոշոր մասն ապրում է ծովեզերքում: Ծովեզերքում են գտնվում նաև խոշոր քաղաքները, որոնք միաժամանակ հանդիսանում են և լավ նավահանգիստներ:

Ճապոնիայում կա 100.000-ից ավելի բնակչություն ունեցող 28 քաղաք: Նրանցից գլխավորներն են՝ Տոկիո (Ճապոնիայի մայրաքաղաքը), Օսակա, Նագոյա, Կոբե, Կիոտո, Յոկոհամա:

Ճապոնիայի էկոնոմիկան

Վերջին 40-50 տարվա ընթացքում ճապոնական տնտեսության ներսում տեղի են ունենում խոշոր փոփոխություններ: Դեռ 1900թ. հանդիսանալով տիպիկ ագրարային երկիր, հետամնաց գյուղատնտեսությամբ և միայն թույլ զարգացում ունեցող և նոր ստեղծվող արդյունաբերությամբ Ճապոնիան շուտով վերածվում է ագրարային ինդուստրիալ երկրի:

Երկրի ներսում գոյություն ունեցող ֆեոդալական ազնվականությունը երկար տարիներ Ճապոնիան կտրված է պահել դրսի աշխարհից, դրա մեջ տեսնելով իր շահերին համապատասխանող քաղաքական ու տնտեսական կարգերի պահպանման երաշխիքը: Բայց միջազգային շուկայի զարգացումը Խաղաղ օվկիանոսի ավազանում առևտրի ու տրանսպորտի զարգացումը խոշոր խթանի դեր է կատարել Ճապոնիայի արդյունաբերացման համար: 19-րդ դարի երկրորդ կեսից սկսած Ճապոնիայում սկսում են կառուցվել գործարաններ, երկաթուղիներ, զարգանում են արտաքին առևտուրը և գյուղատնտեսությունը:

Արդյունաբերության բնագավառում աշխատող բանվորների թիվը 412.000-ից (1896թ.) բարձրանում է մինչև 2.066.600-ի (1928թ.): Նույն ժամանակամիջոցի համար արտաքին առևտուրը 255 միլիոն իեն գումարից հասնում է մինչև 1403 միլիոն իենի, տեքստիլ արդյունաբերության արտադրանքը 645 հազար կապոցից հասնում է 2451 հազար կապոցի, ածխի հանույթը 6.7 միլիոն տոննայից մինչև 33.9 միլիոն տոննայի, չուգունի և պողպատի արտադրանքը 24 հազար տոննայից մինչև 2797 հազար տոննայի, երկաթուղային ցանցի երկարությունը 5.490 կիլոմետրից մինչև 18751 կիլոմետրի, հացահատիկը 122.3 միլիոն ցենտներից 146.9 միլիոն ցենտների, բոժոժը 8.2 միլիոն ցենտներից 54.8 միլիոն ցենտների, նավատորմը 477 հազար տոննայից մինչև 3729 հազար տոննայի:

Այնուամենայնիվ, Ճապոնիան շարունակում է մնալ ագրարային-ինդուստրիալ մի երկիր, որի տնտեսության մեջ գերակշռող տեղ է գրավում գյուղատնտեսությունը:

Ընդհանուր տեղեկություններ գյուղատնտեսության մասին

Ճապոնիայի գյուղատնտեսության հիմնական ճյուղերն են.

· դաշտագործությունը, որի մեջ վճռական տեղ են գրավում բրնձի, ցորենի ու գարու արտադրությունը

· շերամապահությունը, որի արտադրանքը դարձել է ճապոնական արտաքին առևտրի հիմնական օբյեկտներից մեկը

·    զանազան այլ գյուղատնտեսական մթերքների արտադրությունը (եգիպտացորեն, կարտոֆիլ և այլն)

·տեխնիկական կուլտուրաները՝ վուշ, կանեփ, ինդիգո (բույս, որից կապույտ ներկ են ստանում), ծխախոտ, շաքարեղեգ

·      թեյի մշակումը

·      այգեգործությունը և պտղաբուծությունը

·      անասնապահությունը և ձկնորսությունը

Ամբողջ գյուղատնտեսության ներսում գերակշռող դիրք ունի դաշտագործությունը և շերամապահությունը, որը երևում է գյուղատնտեսության ամբողջ արտադրանքի արժեքի վերաբերյալ հետևյալ տվյալներից: Գյուղատնտեսության ամբողջ արտադրանքը 1929թ. հավասար էր 3.53 միլիարդ իենի, նրանից դաշտագործության արտադրանքը կազմում էր 2537 միլիոն իեն, անասնապահության արտադրանքը՝ 112.9 միլիոն իեն, շերամապահությունը՝ 881.4 միլիոն իեն:

Ճապոնական գյուղատնտեսության բնորոշ գծերից մեկն այն է, որ նրա մեջ տիրապետում է մոնոկուլտուր տնտեսությունը: Դաշտագործության մեջ ամենատարածված կուլտուրան հանդիսանում է բրինձը, և «բրինձ» խոսքը Ճապոնիայում հավասարազոր է «հաց» խոսքին: Մինչև տնտեսական ճգնաժամի սկզբի տարիները բրնձի արտադրանքի արժեքը կազմում էր գյուղատնտեսության արտադրանքի արժեքի գրեթե կեսը, և արտահայտվել է 1.5-1.6 միլիարդ իեն գումարով:

Գյուղատնտեսության հետամնացությունը

Ճապոնական գյուղատնտեսության համար չափազանց բնորոշ է այն, որ նրա մեջ մինչև այժմ էլ պահպանվել են ավատապետական-ճորտատիրական կարգերին հատուկ փոխհարաբերությունները:

Հողը կենտրոնացված է փոքրաթիվ խոշոր կալվածատերերի ձեռքում: 10-ից ավելի հեկտար ունեցող 50000 տնտեսություններում կենտրոնացված է 1462000 հեկտար հող, որը նշանակում է, թե տնտեսությունների ընդհանուր թվի 1%-ի ձեռքում գտնվում է ամբողջ հողի 1/4 մասը: 344000 տնտեսությունները ունեն 3-ից մինչև 10 հեկտար հող, այսինքն՝ 1576000 հեկտար տարածություն, որը նշանակում է, թե տնտեսությունների 7%-ի ձեռքում գտնվում են հողերի 1/4-ից ավելին: Այսպիսով, հողերի տարածության կեսը գտնվում է տնտեսությունների 8%-ի ձեռքում:

Լայն տարածված է վարձակալական հիմունքներով հողի շահագործման հանձնելը: 5576000 գյուղական տնտեսություններից 1478000 տնտեսություններ բոլորովին հողազուրկ են, 2500000 տնտեսություններ ունեն 1/2-ից մինչև 1 հեկտար: «Սեփականատերերի» այս խմբերից 2360000 տնտեսություններ իրենց խղճուկ գոյությունը պահպանելու համար վարձակալական հիմունքներով հող են վերցնում խոշոր կալվածատերերից: Այս երևույթը վարձակալական հիմունքներով հող վերցնելը դարձել է ճապոնական գյուղատնտեսության հատկանշական երևույթներից մեկը, և բնորոշում է նրա մեջ գոյություն ունեցող ավատապետական փոխհարաբերությունները:

Փոքր տարածություն ունեցող հողամասերը, որոնք գտնվում են գյուղացիության մեծամասնության ձեռքում՝ (տնտեսությունների 70%-ն ունի 1 հեկտարից պակաս հողամաս), չեն ապահովում գյուղական տնտեսությունների ապրուստը: Բարձր կապալավարձը, զանազան տեսակի հարկերը և տուրքերն էլ ավելի են վատթարացնում նրանց դրությունը: Ճապոնական գյուղացին տնքում է կալվածատիրոջ սահմանած կապալավարձի ու կառավարությանը վճարվող հարկերի ծանր լծի տակ:

Ճապոնական կալվածատերը, կուլակը միաժամանակ առևտրական է, վաշխառու, որը մեկ կողմից շահագործում է գյուղացիական լայն մասսաներին «ըստ հին սովորույթների»՝ հողի բարձր կապալավարձի միջոցով, մյուս կողմից՝ ծծում է նրա քրտինքի վերջին արդյունքը՝ իր տված փոխառությունների հսկայական տոկոսների միջոցով: Բացի դրանից, նա ստանում է նաև կապիտալիստական շահույթ՝ գյուղացիությունից կապալավարձի դիմաց ամենաչնչին գներով վերցված և շուկայում բարձր գներով վաճառվող գյուղատնտեսական մթերքներից:

Ճապոնական խոշոր կալվածատերը, կուլակը վարձակալական հիմունքներով հողի շահագործումից ստացվող եկամուտները մեծ մասամբ գործադրում է ավելի արդյունավետ առևտրական կամ արդյունաբերական ձեռնարկումների մեջ: Այդ իսկ պատճառով ճապոնական գյուղատնտեսությունը, պահպանելով իր մեջ ավատապետական կարգերի մնացորդները, բնորոշվում է՝ մեկ կողմից զգալիորեն զարգացած խոշոր կալվածատիրությամբ (հողի վարձակալական օգտագործման ծայրահեղ մանրացման պայմաններում), և մյուս կողմից՝ անընդհատ մանրացվող և ցածր տեխնիկայով գործող հողագործությամբ:

Այստեղ պետք է ավելացնենք նաև այն, որ Ճապոնիայի հողն առանց պարարտանյութերի գործածության բերք չի տալիս, իսկ հանքային պարարտանյութերի արտադրությունը և վաճառքը գտնվում է երկու հսկա հաստատությունների ձեռքում՝ Միցոցի և Միցուբիշի, այդ հսկա կապիտալիստական միավորումները հանդիսանում են ճապոնական գյուղացիության ամենախոշոր տզրուկները:

Ագրարային քաղաքականություն

Ճապոնական բուրժուա-կալվածատիրական, միապետական-ազնվական կառավարության գյուղատնտեսության բնագավառում կատարվող ձեռնարկումները բնականաբար գնում են խոշոր կալվածատերերի շահերի պաշտպանության գծով, ի հաշիվ լայն աշխատավորական մասսաների ծայրահեղ շահագործման: Երկրի ներսում՝ գյուղատնտեսական մթերքների վաճառման համար բարձր գներ ապահովելու նպատակով կառավարությունն ստեղծել է մի շարք մաքսային արգելքներ դրսից ներմուծվող ապրանքների համար: Այստեղ պետք է առանձնահատուկ կերպով շեշտել 1921թ. հրատարակված «բրնձի օրենքը», որն իրավունք է վերապահում կառավարությանը կարգավորելու ինչպես մաքսային դրույքները, նույնպես և բրնձի գները:

Պետք է շեշտել, որ բրնձի գների մեջ շահագրգռված են հիմնականում գյուղի կուլակային մասը և խոշոր կալվածատերերը: Հողի վարձակալության արժեքը մուծվում է մեծ մասամբ մթերքներով: Գյուղացու ձեռքում մնացած բերքը վաճառվում է տեղական շուկաներում: Այդ իսկ պատճառով նա նորից ընկնում է «սահմանված» գնով նույն կուլակի, կալվածատիրոջ ձեռքը, քանի որ վերջինը և՛ առևտրական է, և՛ վաշխառու:

Ճապոնական բուրժուա-ֆեոդալական պետության հարկային քաղաքականությունը նույնպես ուղղված է խոշոր կալվածատերերի օգտին: Նրանցից հողային հարկը գանձվում է 1873թ. հողի արժեքի հիման վրա, այն ժամանակ, երբ այժմ հողի արժեքը 15 անգամ բարձրացել է: Իսկ նրա փոխարեն պետական բյուջեի ամբողջ ծանրությունն ընկել է բանվորական և գյուղացիական լայն մասսաների վրա:

Գյուղացիության աչքին թոզ փչելու համար 1917թ. ծրագրվել է «խոշոր» ագրարային ռեֆորմ, որն իրականում բխում էր միայն կալվածատերերի շահերից: Այդ «բարենորոգության» էությունն այն է, որ խոշոր կալվածատերերի ձեռքում գտնվող հողերի որոշ մասը վաճառվեր հողազուրկ և սակավահող տնտեսություններին:

Այդ «ռեֆորմը» բնականաբար էլ ավելի վատացրեց գյուղացիական լայն մասսաների դրությունը: Ահա ինչ է գրում այս առթիվ Ճապոնիայի ագրարային ճգնաժամն ուսումնասիրող ընկերությունն իր հրատարակած գրքում:

«Բարենորոգումը մեծ եկամուտներ ստեղծեց խոշոր կալվածատերերի համար, քանի որ նրանք, ազատվելով վատ հողերից, պետությունից կանխիկ ստացան նրանց արժեքը, իսկ գյուղացիության համար բարենորոգումը դարձավ քայքայման ու աղքատացման աղբյուր, որովհետև հողամասերն այնքան բարձր էին գնահատվում, որ հաճախ ամբողջ բերքի արժեքը չէր բավականացնում միայն տոկոսները վճարելու համար»:

Այս դրությունը պերճախոս կերպով լուսաբանում է «Հոցի» թերթի 1932թ. հունիսի 11-ի համարում տպագրված հետևյալ փաստը.

«Միկուի գյուղում 27 տնտեսություններ (ընդամենը 40-ից) 1927թ. ստացել են պետական ֆոնդից 3000-ական իեն երկարատև փոխառություն: Ամեն տարվա վճարումները հավասար են եղել 190 իեն գումարի: Վարկն ստանալու ժամանակ բրնձի արժեքը եղել է 30 իեն մի կոկուի (մի կոկուն հավասար է 180 կիլոյի) համար, այժմ իջել է 17-18 իենի: Վերջին հաշվով «նոր հողատերերն» ստիպված են եղել ծախելու իրենց հողամասերը: Նրանց դրությունն ավելի վատացել է, քանի որ զրկվելով նաև հողից, նրանք պարտք են մնացել պետությանը՝ ստացած փոխառության համար: Որպես արդյունք նման դրության 5 տնտեսություն գաղթել են գյուղից, իսկ 10 տնտեսություն խրվել են նոր պարտքերի մեջ տեղական վաշխառուների մոտ»:

Պատկերը պարզ է: Ճապոնական բուրժուազիայի ագրարային քաղաքականությունը քանի գնում է՛լ ավելի վատացնում է ճապոնական գյուղի լայն աշխատավորական մասսաների առանց այն էլ չափազանց ծանր ու գրեթե անտանելի դրությունը:

Գյուղացիության դրությունը

Հողազրկություն և վարձակալություն

Ճապոնիայի գյուղատնտեսության մեջ գոյություն ունի մեկ կողմից հողի կենտրոնացում փոքրաթիվ կալվածատերերի ձեռքին և մյուս կողմից՝ նրա ծայրահեղ մանրացումը գյուղի լայն աշխատավորական մասսաների ձեռքին ու այդ մասսաների կատարյալ հողազրկումը:

«2.5 միլիոն տնտեսություններ ունեն միայն 0.4 հեկտար տարածություն ունեցող հողամասեր, 2 միլիոն տնտեսություններ՝ 0.8 հեկտար հողամասեր»,- գրում է Փարիզում հրատարակվող «Պտի Պարիզիեն» թերթի Ճապոնիայի թղթակից Անտրի Վիոլիսը, թերթին ուղղված իր մի թղթակցության մեջ: Դրան պիտի ավելացնել նաև այն, որ 1.5 միլիոն տնտեսություններ բոլորովին զրկված են հողից:

15 տարի Ճապոնիայում ապրող պրոֆեսոր Կոնրոյը վերջերս իր «Ճապոնական սպառնալիքը» վերնագիրը կրող գրքում նկարագրում է Ճապոնիայի ներկա դրությունը: Կանգ առնելով ճապոնական գյուղի վրա, նա գրում է. «Ճապոնիայի գոյության պատմության ընթացքում, այն ժամանակ, երբ կառավարության գլուխ կանգնած փոքրամասնությունն ապրել ու մահացել է գերշքեղության մեջ, միլիոնավորներ մահացել են սովից ու համաճարակներից: Այսօր ճապոնական գյուղացին, չխոսելով կանանց մասին, հանդիսանում է ազգի հիմքը, բայց նրա ճակատագիրը շատ քիչ է տարբերվում 500 տարի առաջ ունեցած ճակատագրից: Այն ժամանակ հողը պատկանում էր նրան, իսկ այժմ նա հանդիպում է նոր տարրերի՝ կուլակին և խոշոր կալվածատիրոջը, և միշտ ենթակա է հարկահավաքի հալածանքին»:

Ճապոնական գյուղացիության լայն մասսաների դրությունը չափազանց ողբերգական է: Հարյուր հազարավոր գյուղացիներ ստիպված են գնալ քաղաք աշխատանք փնտրելու՝ ավելացնելով գործազուրկների շարքերը:

Ճապոնական գյուղերում, որտեղ իշխում է կուլակը, կալվածատերը, վաշխառուն ու առևտրականը, որտեղ գյուղացին ստիպված է իր բերքի մեծագույն մասը հանձնել կապալավարձի դիմաց, որտեղ նրա շլնքին դնում են պետական ռազմա-ֆեոդալական, բյուրոկրատական ապարատի պահպանման ծախսերի ամբողջ ծանրությունը, որտեղ նա ընկնում է անվերջ պարտքերի տակ, գյուղացիական լայն մասսաները բառացի սովամահության հեռանկարի առաջ կանգնելով՝ փախչում են քաղաք՝ գործարաններում և ֆաբրիկաներում մի ափ բրնձի համար կիսաճորտատիրական պայմաններում, կապիտալիստական շահույթի կուտակման համար արյուն քրտինք թափելու:

Այդ գործարաններում ու ֆաբրիկաներում նրան սպասում են նոր տանջանքներ: Բանվորներն ու բանվորուհիներն ընդունվում են աշխատանքի հատուկ, մի քանի տարվա տևողություն ունեցող պայմանագրերի համաձայն: Պայմանագրի կետերի փոքր խախտումը կապվում է տույժի հետ: Ճապոնական «Հիկարի» ամսագրի նկարագրելով Միցուբիշի կոնցեռնի հանքերում հաստատված դրությունը բանվորներից ու բանվորուհիներից գանձվող տույժերը բաժանում է 6 մասի.

·      փոքր խախտման համար՝ աշխատավարձի կրճատում

· եթե 3 անգամ աշխատավարձը կրճատվել է, բանվորը զրկվում է արտաժամյա վարձատրությունից

·  եթե բանվորը հրաժարվում է աշխատել, նրան զրկում են հասանելիք աշխատավարձից և սննդից

·     եթե այդ կրկնվում է 3 օրվա ընթացքում, բանվորը ենթարկվում է ծեծի

·  եթե բանվորը փորձում է փախչել հանքերից, նա ենթարկվում է նախատեսված ամենախիստ պատժի: Բանվորին մերկացնում են, կապում են ձեռքերն ու ձեռքերից կախում, այնպես որ միայն ոտքերի մատերը կպչեն գետնին, որից հետո սկսում են ծեծել թաց պարաններով:

Ավելի վատթար պայմաններում են գտնվում կանայք ճապոնական գործարաններում: Տեքստիլ գործարաններում, որտեղ բանվորության մեծ մասը կանայք են, գլխավորապես գյուղի խորքերից եկած, հաստատված և ուղղակի բանտային ռեժիմ: Հանրակացարանները շրջապատված են բարձր պատերով և նման են իսկական բանտերի: Դուրս գալ թույլատրվում է միայն հատուկ որերին, այն էլ վարչության հրամանով: Բարեկամների, ծանոթների հետ տեսակցելն արգելված է: Բանվորուհիների ամբողջ նամակագրությունը ենթարկվում է քննության: Սնունդը բաղկացած է համարյա բացառապես փոքր քանակությամբ բրնձից:

Ճապոնական «Ձի-Ձի» թերթը՝ նկարագրելով Սայտրամայի ջուլհականոցներում տիրող դրությունը, հաստատում է, որ «Ամեն օր աշխատելով առավոտյան ժամը 5-ից մինչև երեկոյան ժամի 10-ը, այս արհեստանոցների բանվորուհիները տարվա ընթացքում երեք օր հանգիստ են ստանում: Տրված «դասը» չկատարելու համար բանվորուհիները ենթարկվում են տույժերի, որոնց մեջ գլխավոր դեր խաղում է սեռային այլասերումը»:

Այսպես է դիմավորում կապիտալիստական քաղաքը գյուղից եկող բանվորին:

Իսկ ի՞նչ է կատարվում գյուղում:

Գյուղատնտեսության ներսում հողագործության ու սակավահողության պայմաններում առանձնահատուկ նշանակություն է ստանում վարձակալական հիմունքներով հող վերցնելու երևույթը: Գյուղական տնտեսությունների գրեթե կեսը վարձակալական հիմունքներով հող է վերցնում (կապալառու):

Ճապոնական վարձակալ գյուղացին փաստորեն կիսաճորտ է: Նա խոշոր կալվածատիրոջը հանձնում է իր բերքի կեսից ավելին: Բացի դրանից, չքավոր գյուղացին իր տրամադրության տակ մնացած մթերքների վաճառման բնագավառում նույնպես կախվածության մեջ է գտնվում նույն կալվածատիրոջից, քանի որ շուկայի գների կարգավորումը գտնվում է նրա ձեռքին: Սրան պիտի ավելացնել և դրամական կախվածությունը: Գյուղացին հաճախ դիմում է խոշոր կալվածատերերին դրամական օժանդակության համար և վերցնում է նրանցից փոխառություններ ստրկացուցիչ պայմաններով:

Ճապոնական կալվածատերը վերցնում է կապալով տված հողի բերքի 50-60, իսկ երբեմն 80-90%-ը մթերքով, բացի դրանից, ստացված բերքի վաճառքի ժամանակ ստանում է խոշոր եկամուտներ:

Ագրարային ճգնաժամի պատճառած քայքայումը

Կապիտալիզմի պայմաններում չնչին փոքրամասնության ձեռքում հարստության կուտակման հետ միասին տեղի է ունենում խոշոր մեծամասնության, ժողովրդական լայն մասսաների աղքատացում ու քայքայում: Ապրանքների առատության պայմաններում միլիոնավոր զանգվածներ սովի ճիրաններում են գտնվում կամ ապրում են կիսաքաղց դրության մեջ: Կապիտալիստներին պատկանող գործարանները չափազանց շատ ապրանք են արտադրում, բայց չունեն իրենց արտադրած ապրանքների գնորդներ, քանի որ բանվորները և գյուղացիները, որոնք կազմում են բոլոր երկրների ազգանակության ամենախոշոր մեծամասնությունը, միջոցներ չունեն եղած ապրանքները և մթերքները գնելու: Դրա հետևանքով պահեստներում դիզված են ապրանքների հսկայական պաշարներ, առաջ է գալիս գերարտադրություն ու գների անկում, որն իր հերթին պատճառ է հանդիսանում գործարանների, ֆաբրիկաների, բանկերի սնանկացման ու փակման: Փողոց են շպրտվում միլիոնավոր աշխատանքային ձեռքեր: Հսկայական չափով վատանում է թե՛ բանվորների, և թե՛ գյուղացիների դրությունը:

1929թ. սկսված տնտեսական ճգնաժամն այդպիսի ճգնաժամերից ամենաերկարատևը, ամենախորը և ամենաքայքայիչը հանդիսացավ: Այդ ճգնաժամն ընդգրկեց կապիտալիստական բոլոր երկրները և տնտեսության բոլոր ճյուղերը (եթե չհաշվենք ռազմական արդյունաբերությունը, որն աշխատում է պատերազմի համար):

Ճապոնիան նույնպես համակվեց ճգնաժամով:

Ճապոնիայի գյուղատնտեսությունը, որը վերջին 10 տարվա ընթացքում շարունակ հետ է գնում, ամենախոր անկում ապրեց ճգնաժամի հետևանքով: Բրնձի և բոժոժի գների խոշոր անկումը ճգնաժամի տարիներին զրկեց ճապոնական գյուղացիությանը և այն եկամուտներից, որ նա ստանում էր «նորմալ տարիների» ընթացքում:

Բրնձի գինը՝ 1929թ. 26.8 ոսկի իեն մի կոկուի համար, 1932թ. իջել է 12.0 ոսկի իենի: Շերամի գինը՝ 1929թ. 100 կապոցը 1220 իենից իջել է 1930թ. 855 իենի, 1931թ.՝ 591 իենի և 1932թ.՝ 419 իենի, այսինքն՝ համեմատելով 1929 թվի հետ, իջել է 3 անգամ:

Պարզ է, որ նման պայմաններում և գյուղատնտեսության ընդհանուր եկամուտը նույնպես պիտի պակասի: Ըստ տարիների՝ գյուղատնտեսության ընդհանուր արտադրանքի արժեքը ոսկի՝ իենով, արտահայտվում է հետևյալ թվերով: 1929թ.՝ 3211 միլիոն ոսկի իեն գումարից 1931թ. իջնում է 1977 միլիոն ոսկի իենի: Ավելի ուշագրավ է բրնձի ու շերամապահության եկամտի անկումը: 1929թ. բրնձի 1466 ոսկի իեն և շերամի 606 ոսկի իեն գումարների փոխարեն 1932թ. իջնում է մինչև 763 և 188 միլիոն ոսկի իենի: Ինչպես տեսնում ենք, բրնձի ընդհանուր եկամուտը ճգնաժամի առաջին տարիներին կրճատվել է 48%-ով, իսկ շերամապահության եկամուտը՝ 72.3%-ով:

Ստեղծվում է այնպիսի դրություն, երբ գյուղատնտեսական մթերքների գներն ավելի ցածր են, քան նրանց արտադրության ծախսերը:

«Մեր գյուղացիության դրությունը հիրավի ողբերգական է»,- գրում է ճապոնական բուրժուական գրող Ոյադսմարին 1933թ. հրատարակած իր գրքում, «ճգնաժամն ավելի խորը ու խորը մտնում է գյուղ: Արտադրող գյուղացին կրում է խոշոր վնասներ: Քաղաքում և գյուղում գոյություն ունեցող գների տարբերությունը խոշոր է: Մի կոկու բրինձը նստում է գյուղացուն 24 իեն, իսկ քաղաքի շուկայում նա ծախվում է 17-18 իենի»:

Որպես հետևանք նման դրության, ճապոնական գյուղը հասել է կատարյալ քայքայման: «Սովը արդեն վաղուց դարձել է մեր գյուղի մռայլ հյուրը»,- գրում է նույն բուրժուական գրողը: Աշխատավոր գյուղացիության լայն մասսաները սահմանափակում են իրենց, սնվում են սովորաբար թեփով, խոտերով, արմատներով և նույնիսկ դարմանով: Բայց ամենասոսկալին գյուղում գոյություն ունեցող այլասերման երևույթներից ամենասարսափելին, ինչպես գրում է Ոյադսմարին, «երիտասարդ աղջիկների վաճառումն է հասարակաց տներին, իսկ պատանիներին՝ գերություն: Վաճառում են նույնիսկ փոքրահասակ աղջիկներին՝ նախակրթարանների աշակերտուհիներին 3-ից մինչև 10 իեն գնով»:

Բուրժուական թերթերը նկարագրում են շատ դեպքեր, երբ գյուղացիները վաճառում են իրենց երեխաներին, որ հնարավորություն ունենան իրենց պարտքերը ծածկելու: Օրինակ, ճապոնական լրագրող Տոկակուրան, նկարագրելով գյուղացիության սոսկալի դրությունը, գրում է, որ. «Բացարձակ անտանելիության մատնված ծնողները վաճառում են տան մեջ ունեցած միակ ապրանքը՝ իրենց աղջիկը՝ 350-400 իեն գումարի փոխարեն փորձված միջնորդները գյուղի երիտասարդ կանանց տանում են հասարակաց տները»:

Ավելի պերճախոս կերպով այս հանգամանքը նկարագրում է Կոնրոյը «Ճապոնական սպառնալիքը» գրքում: Մատնանշելով, որ գյուղական բնակչության որոշ մասը, ապրուստն ապահովելու համար դիմում է առևտրին, գրում է. «Որպես արդյունք նման դրության, արտասովոր կերպով զարգացել է աղջիկների առևտուրը: Իչիգոյում գեյշաների գնորդներն առաջարկում են նրանց համար բարձր գներ: Ներկայումս դժբախտ գյուղացին ու նրա կինը փոխանակ խնդրելու աստծուց արու զավակ տալ իրենց, ինչպես առաջ էր կատարվում, խնդրում են, որ աղջիկ ծնվի: Այդ աղջիկ երեխային կարելի է վաճառել նույնիսկ դեռ չծնված»:

Պարտքեր և հարկեր

Ծանր ու դժվարին պայմաններում է ընթանում ճապոնական գյուղացիության լայն մասսաների կյանքը: Ծայրահեղ չքավորության և կարիքի մեջ ապրում է Ճապոնիայի բնակչության գրեթե կեսը: 30 միլիոն գյուղացիներ ապրում են փոքրածավալ հողի կտորների վրա, մեծ մասամբ կապալով և ստրկացուցիչ պայմաններով վերցված խոշոր կալվածատերերից: Բացի կապալավարձից, ճապոնական գյուղացին ծանրաբեռնված է նաև հարկերով և պարտքերով:

1914-1918թթ. իմպերիալիստական պատերազմից հետո չտեսնված չափերով ուռճացած պետական ապարատի, բանակի և ոստիկանության պահպանման ծախսերի ծանրությունն ընկնում է բանվորության ու գյուղացիության վրա: Առանձնահատուկ կերպով ծանրանում է գյուղացիության շլնքին տեղական հարկերի լուծը: Տեղական հարկերի գումարը 1880-1884թթ. 16252 իենից բարձրացել է 1929թ. մինչև 674977 իենի: Այդ գումարի 2/5 մասը կազմում են «զանազան հարկերը»: Դա սայլերի, անասունների, նավակների, ձկնորսական գործիքների վրա դրված հարկերն են: Բացի դրանից, վերցնում են նաև տնտեսության հարկ, բնակարանային, հողային և եամուտների հարկեր: Բնորոշ է, որ միևնույն հարկը գանձվում է և՛ գավառական վարչությունների, և՛ թե ավելի փոքր չափերով գյուղական համայնքների կողմից: Երբ գյուղական լայն մասսաները վճարում են հարկ իրենց եկամուտների 32%-ի սահմաններում, կալվածատերերը վճարում են միայն 13%, իսկ վաշխառուները՝ 1%:

Վերջին տարիների ընթացքում ճապոնական գյուղացիության պարտքերն անընդհատ ավելանում են՝ 1932թ. հասնելով 7-8 միլիարդ իեն գումարի. 1933թ. այդ գումարն արդեն հասնում է 10 միլիարդի: Գյուղատնտեսական մթերքների արժեքը մի քանի անգամ ավելի ցածր է պարտքերի համար վճարվող տոկոսներից:

Ճապոնական գյուղացին այլևս դարձել է անհուսալի պարտատեր: Նա ծնվում է ծանրաբեռնված պարտքերի տակ և մութ, չարքաշ ու դժվարին կյանք անցկացնելուց հետո թողնում է իր երեխաներին պարտքերի ավելի ծանր լուծ: Միջին հաշվով մի գյուղական տնտեսության հասնում է 2000 իեն պարտք, որից 3/5 մասը պատկանում է մասնավոր վաշխառուներին, 1/5 մասը՝ բանկերին, և 1/5 մասը՝ վարկային և ապահովագրական ընկերություններին:

Տոկիոյում հրատարակվող «Transpacific» ամսագիրն իր 1933 թվի օգոստոսի 17-ի համարում գրում էր, որ. «Գյուղացին մշակում է իր հողը պարտքերը վճարելու համար, աշխատում է պարտքեր վճարելու համար և ապրում է պարտքեր վճարելու համար»: Գրող Ոյադսմարին իր գրքում հայտարարում է. «Շատերին լավ հայտնի է, որ ամեն մի գյուղական տնտեսության պարտքը կազմում է մի քանի հազար իեն: Նրանք ի վիճակի չեն ոչ միայն փակել այս պարտքերը, այլև վճարել իրենց հարկերը: Մեր գյուղն այժմ գտնվում է սարսափելի դրության մեջ»:

Մխրճված պարտքերի ծանր լծի տակ հնարավորություն չունենալով պետական հարկերը ժամանակին վճարելու, ճապոնական գյուղացին ենթարկվում է անտանելի հալածանքների: Նրա գույքը, ունեցվածքը վաճառվում է աճուրդով, և նա կանգնում է հողից զրկվելու հեռանկարի առաջ: Ահա մի քանի փաստեր.

·    «Կորեայում, Սիսան գավառում (Ցյուսեյնանդո շրջանի) հաշվում են վաշխառուների կողմից արտերկրում բրինձը գրավելու 260 դեպք»:

·  «Կիյսի Հոկուդո շրջանում կալվածատերերը և վաշխառուներն աշխատում են գանձել վարձակալներից ամբողջ պարտքերը: Շատ տեղերում տեղի են ունենում բռնագրավումներ դեռ չհավաքված բրնձի արտերում: Բացի դրանից, Գուն-ի և Տաիկյու շրջաններում կապալավարձը բերքի 65%-ից բարձրացել է մինչև բերքի 95%-ը» («Տոնգ-Աիլբս» թերթի 1993 թվի նոյեմբերի 11-ի համարից):

Միայն մի շրջանում 1933 թվին (Նագանո շրջանում) հարկերը չվճարելու համար իրենց հողերից վտարված են 7000 տնտեսություններ: Ավելանում են, մանավանդ Կորեայում, «դաշտերն այրողների թիվը»: Դա ուրիշ խոսքով այն տնտեսություններն են, որոնք հարկերը չվճարելու համար զրկվում են իրենց հողամասերից ու փախչում են անտառները, այրում են նրանց որոշ մասն ու այսպիսով ստացված ազատ հողի տարածությունն օգտագործում են իրենց տնտեսության կարիքների համար: Սովորաբար այդ տնտեսությունները, նախքան գյուղերից հեռանալը, այրում են ոչ միայն իրենց դաշտերը, այլև պոմեշչիկների դաշտերը: Միայն Հեյնան-Նանդո շրջանի վերաբերյալ տվյալները ցույց են տալիս, որ եթե «դաշտերն այրողների» թիվը 1932թ. եղել է 17011 հոգի, 1933թ. հասել է 121829 հոգու:

Գյուղատնտեսության պրոլետարիատի դրությունը

Ըստ ճապոնական պաշտոնական տվյալների, գյուղացիության 1/3 մասը՝ բացի գյուղատնտեսությունից, զբաղվում է նաև կողմնակի աշխատանքներով: Աչքի է զարնում այն հանգամանքը, որ կանանց և երեխաների մասնակցությունը չափազանց բարձր է: Դա բացատրվում է նրանով, որ վերջինների աշխատանքը վարձատրվում է շատ ավելի ցածր վարձով, քան տղամարդկանց աշխատանքը. այդ հանգամանքն արձանագրում է նաև մի ամերիկյան միսիոներ, ճապոնական գյուղում կատարած մի այցելության առթիվ:

«Մենք այցելեցինք նրանց տները,- ասում է նա, հատակի փոխարեն հող, պատուհաններ չկան և լույսը մտնում է դռնից: Սենյակում կահ-կարասին գոյություն չունի, չկան վերմակներ, նրանց փոխարինում է խոտը: Երևում են մի քանի հողե ամաններ: Եվ ամբողջ տնտեսությունը դա է: Այս ամբողջ դժբախտ ժողովուրդը ձգտում է աշխատանքի, բայց ցանքը վերջանալուց հետո նրանք աշխատանք չունեն: Ձմեռը նրանք անտառանյութ են փոխադրում լեռներից մինչև երկաթուղու կայարանը: 12 ժամվա աշխատանքի համար ստանում են միայն ճաշ, տղամարդիկ՝ 7-8 սին, իսկ կանայք՝ 3 սին աշխատավարձ (մի սինը կես կոպեկից պակաս է): Անհասկանալի է, թե ինչպես նման պայմաններում կարող են ապրել այս մարդկային էակները»:

Միլիոնավոր մարդկանց ապրելու պայմաններն անընդհատ վատանում են: «Ճապոնական ժողովրդի մեծամասնության ապրելու մակարդակը չքավորի կյանքից ավելի ցածր է»,- գրում է «Osaka mainichi» թերթը:

Հոգեվարքի մեջ ապրող ճապոնական գյուղում կուտակվում են քաղաքի պրոլետարիատի պահեստի բանակները: Գյուղատնտեսական բանվորությունը, քաղաքի պրոլետարիատի անմիջական ղեկավարությամբ և դաշն կապած գյուղի լայն աշխատավորական մասսաների հետ, ոտքի է կանգնում ճապոնական բուրժուազիայի և ավատապետության մնացորդների դեմ: Կուտակվում են փոթորկի ամպերը սովամահության դուռը հասած գյուղի վրա, գյուղացիների առաջ գծագրվում են այդ սովամահությունից ազատվելու միակ հեղափոխական ճանապարհները:

Գլուխը կորցրած ճապոնական ռազմատենչ բուրժուազիան իր հերթին նույնպես փորձում է ցույց տալ ճապոնական գյուղի «փրկության» ճանապարհները:

Ճապոնական իմպերիալիզմը համաշխարհային նոր պատերազմ և հրահրում

Երրորդ տարին է, ինչ ճապոնական իմպերիալիզմը գրավել է Մանջուրիան: Ճապոնական իմպերիալիստները փորձում են համոզել Ճապոնիայի լայն ժողովրդական մասսաներին, որ Մանջուրիան և Մոնղոլիան կենսական անհրաժեշտություն են Ճապոնիայի համար, որ առանց նրանց նա չի կարող բարելավել երկրի ժողովրդի դրությունը:

Պատճառաբանելով, որ երկրի բնակչության թիվը չափազանց մեծ է, և հողը քիչ, նրանք ուզում են արդարացնել ժողովրդական լայն մասսաների սովամահությունն ու փորձ են անում նրանց հավատացնել, որ լայն աշխատավորական մասսաների սովից փրկվելու ճանապարհը դա նոր երկրների գրավման ճանապարհն է:

Բայց ճապոնական բանվորությունը և գյուղացիությունը տեսնում են, որ նրանք սովամահ են լինում ոչ թե նրա համար, որ Ճապոնիայում շատ ժողովուրդ կա և քիչ բրինձ, որ չի բավականացնում բոլորին կերակրելու համար, այլ նրա համար, որ բանվորն և գյուղացին չունեն հնարավորություն այդ բրինձը գնելու (բրինձը հանդիսանում է Ճապոնիայի լայն ժողովրդական մասսաների հիմնական սնունդը): Նրանք գիտեն, որ Չինաստանի վրա կատարվող հարձակումը, Մանջուրիայի գրավման պատճառը բոլորովին այլ է:

Ի՞նչ երկիր է Մանջուրիան

Մանջուրիան գտնվում է Չինաստանի հյուսիսարևելյան կողմում: Հյուսիսից նա սահմանամերձ է Խորհրդային Միությանը, արևելքից՝ Խորհրդային Միությանը և Ճապոնիային (Կորեայի միջոցով), արևմուտքից՝ Մոնղոլիային, և հարավից՝ Դեղին ծովին: Իր այս սահմաններում նա ունի 950.000 քառ.կմ տարածություն, այսինքն՝ ավելի մեծ և՛ Ճապոնիայից և՛ նրա գաղութներից 268.000 քառ. կմ տարածությամբ: Ունի 27.5 միլիոն բնակչություն, որի խոշորագույն մասը չինացիներ են: Բնակչությունը հիմնականում զբաղվում է հողագործությամբ, որը տալիս է տարեկան 9.5 միլիոն տոննա հացահատիկային կուլտուրաներ. զարգացած է նաև անասնապահությունը: Ունի զգալի չափով անտառային և հանքային հարստություններ: Քարածուխ ստացվում է Հարավային Մանջուրիայում: Ունի գյուղատնտեսական մթերքներ վերամշակող արդյունաբերություն:

Մանջուրիայից արտածվում են հացահատիկային կուլտուրաներ, մետաքս, կաշիներ, մետաղներ, ալյուր, անասուններ: Ներածվում են տեքստիլ և մետաղյա գործվածքներ, պատրաստի հագուստներ, ծխախոտ և այլ ապրանքներ: Մանջուրիայի խոշոր քաղաքներն են՝ Խարբինը՝ 365000 բնակչությամբ, Մուկդենը՝ 150.000 բնակչությամբ, Գիրինը, Չանչունը, Անդունը:

Դեռ 19-րդ դարի վերջերից Մանջուրիան դառնում է միապետական Ռուսաստանի իմպերիալիստական ձգտումների առարկան: Ռուսական իմպերիալիզմը փորձում է հաստատել իր տիրապետությունը Հեռավոր Արևելքում: Այդ քաղաքականության դեմ հանդես է գալիս ճապոնական իմպերիալիզմը: Այդ հակամարտությունից առաջ է գալիս ռուս-ճապոնական պատերազմը (1904-1905թթ.), որի մեջ, ռուսական ցարիզմին հաղթելու հետևանքով Ճապոնիան ամրացնում է իր ազդեցությունը Հարավային Մանջուրիայում: 1914-1918թթ. իմպերիալիստական պատերազմի ընթացքում միապետական Ռուսաստանի ազդեցությանը Մանջուրիայում զգալի չափով թուլանում է ի հաշիվ ճապոնական ազդեցության ուժեղացման:

Ճապոնիան չափազանց շատ շահագրգռված էր Մանջուրիայով, քանի որ նա հանդիսանում է հարուստ հումույթի բազա, որն ի վիճակի է բավարարելու նրա ածխի, նավթի, երկաթի, գյուղատնտեսական մթերքների պահանջները: Միաժամանակ Մանջուրիան հանդիսանում է ճապոնական դրամագլուխների ներդրման խոշոր շուկա:

Ռազմական տեսակետից Մանջուրիան ապահովում է Ճապոնիայի թիկունքը Միացյալ Նահանգների պատերազմի դեպքում և հանդիսանում է հարմար ռազմադաշտ Չինաստանը նվաճելու կամ Խորհրդային Միության դեմ պատերազմելու ծրագրերն իրագործելու համար: Առանց այս փաստերին ծանոթ լինելու չի կարելի հասկանալ ճապոնական իմպերիալիզմի ռազմատենչ իմպերիալիստական քաղաքականությունը և Ճապոնիայի պատերազմը Չինաստանի դեմ:

Ճապոնական ինտերվենցիան Մանջուրիայում

1931թ. սեպտեմբերի 18-ին, հանկարծակիորեն, առանց որևէ նախազգուշացման, ճապոնական զորքերը, 6 ժամվա ընթացքում, ռմբակոծության ենթարկելով Մանջուրիայի կենտրոն Մուկդեն քաղաքը, գրավեցին այն, և այսպիսով ձեռնարկեցին Մանջուրիայի գրավմանը: Նրանցից հետո ճապոնական իմպերիալիզմը մեկը մյուսի հետևից գրավում է Մանջուրիայի բոլոր քաղաքները և 1932թ. սկզբին ներխուժում է նաև Հյուսիսային Չինաստանի խորքերը:

Գրավելով և հնազանդեցնելով իրեն Մանջուրիան և Հյուսիսային Չինաստանը, ճապոնական իմպերիալիզմը գրավում է բանկերի արժեքները, կողոպտում է բնակչությունը, թալանի է ենթարկում չինական հաստատությունները՝ ձգտելով նման միջոցներով հաստատելու իր տիրապետությունը Չինաստանից պոկված երկրամասերում:

Ինչպիսի՞ հաշիվներ ու ծրագիրներ ունեին ճապոնական իմպերիալիստները, նետվելով պատերազմի Հեռավոր Արևելքում: Նրա հաշիվներն ու պլանները կարելի է ամփոփել հետևյալ ձևով.

·  Պատերազմը Չինաստանում, ըստ ճապոնական ռազմատենչ բուրժուազիայի կարծիքի, պիտի խթան հանդիսանար ազգայնական տրամադրությունների ուժեղացման լայն ժողովրդական մասսաների մեջ և այսպիսով պիտի նպաստեր հեղափոխականացման ենթարկվող մասսաների ուշադրությունը հեռացնելու նրանց ծայրահեղ կարիքի ու չքավորության իսկական պատճառից:

·     Ռազմական դրությունը հնարավորություններ էր ստեղծում էլ ավելի ուժեղացնելու տեռորը ճապոնական պրոլետարիատի և գյուղացիության հեղափոխական շարժման դեմ, էլ ավելի ուժեղացնելու նրանց անգութ շահագործումը: Այդ պայմաններում ճապոնական ռեակցիան ենթադրում էր ոչնչացնել ամբողջովին Ճապոնիայի աշխատավորական մասսաների ավանգարդ-կոմունիստական կուսակցությունը:

· Գրավելով Մանջուրիան և Հյուսիսային Չինաստանը, Ճապոնիայի տիրապետող դասակարգերը ծրագրում են ստեղծել իրենց համար հումույթի և վաճառահանման նոր շուկաներ, տասնյակ միլիոն աշխատավորական լայն մասսաների շահագործման նոր հնարավորություններ:

·  Մանջուրիայի և Հյուսիսային Չինաստանի մի մասի գրավումը անհրաժեշտ են ճապոնական ինտերվենտներին նրա համար, որ ամրացնի նրանց դիրքերը Խաղաղ օվկիանոսի ավազանում և ասիական ցամաքի վրա ու նպաստի այդ շրջաններից այլ իմպերիալիստական պետությունների ազդեցության թուլացմանը և դուրս շպրտմանը:

· Գրավելով Մանջուրիան, ձեռնարկելով Հյուսիսային և Կենտրոնական Չինաստանում ռազմական գործողությունների, ճապոնական իմպերիալիզմը ծրագրում է ստեղծել ռազմադաշտ Խորհրդային Միության դեմ, սոցիալիզմի երկրի դեմ հարձակվելու համար:

·Ռազմական գործողությունները Չինաստանի դեմ վերջապես անհրաժեշտ էին պայքար կազմակերպելու համար Չինաստանում ուժեղացող կոմունիզմի դեմ, մանավանդ չինական խորհուրդների օրըստօրե ծավալվող ազդեցության դեմ:

Ճապոնական իմպերիալիզմի այդ նպատակները դեռ վաղուց շատ ցայտուն և բացահայտ կերպով շարադրել է ճապոնական ռազմական շրջանակների ներկայացուցիչ, գեներալ Տանական՝ թագավորին ուղղված իր զեկուցագրի մեջ: Ահա մի կտոր այդ գաղտնի զեկուցագրից, որ վերջին տարիներս միայն հրատարակվեց և ընդհանուրի սեփականություն դարձավ. «Ճապոնիան չի կարող հեռացնել դժվարություններն Արևելյան Ասիայում, եթե չկիրառի կյանքում արյունի և երկաթի քաղաքականությունը:… Այսուհետև մենք պետք է հետապնդենք ռազմական նպատակներ և գրավենք ճանապարհները՝ Մանջուրիայի և Մոնղոլիայի սիրտը, այն պարզ պատճառով, որ հնարավորություն ունենանք՝ մեկ կողմից կանգնեցնելու Չինաստանի ռազմական, քաղաքական և տնտեսական զարգացումը, իսկ մյուս կողմից՝ կանգնեցնելու ռուսական ազդեցության տարածումը: Ահա մեր ցամաքային քաղաքականության բանալին»:

Գեներալ Տանական Չինաստանով էլ չի բավականանում. նա շարունակում է. Այդ «բանալին» անհրաժեշտ է, որ հնարավոր լինի Չինաստանի բոլոր ռեսուրսները ձեռքի տակ ունենալով «անցնելու Հնդկաստանը, Փոքր Ասիան, Կենտրոնական Ասիան և նույնիսկ Եվրոպան» նվաճելու աշխատանքներին:

Ինչպես տեսնում ենք, իրենց գլուխը կորցրած ճապոնական իմպերիալիստների ախորժակները չափազանց գրգռված են: Բայց իրենց այս ծրագրի իրագործման ճանապարհին նրանք տեսնում են մի խոշոր արգելք: Դա Խորհրդային Միությունն է: Իր զեկուցագրում նույն գեներալը գրում է. «Մեր ազգային զարգացման ծրագրի մեջ, ըստ երևույթին, մտնում է Հյուսիսային Մանջուրիայում Ռուսաստանի հետ մեր սրերի խաչաձևումը»…

«Եթե մենք գիտենք Ճապոնիայի ապագան, մենք պետք է ընդունենք Հյուսիսային Մանջուրիայի դաշտերում Ռուսաստանի հետ պատերազմի անխուսափելիությունը»:

Իր այս ծրագրերն իրագործելու համար ճապոնական իմպերիալիզմը տենդագին պատրաստվում է պատերազմի: Նա ուժեղացնում է իր զորքերի քանակը Մանջուրիայում, կառուցում է նոր երկաթուղիներ, ստեղծում է ինքնաթիռների բազաներ, ուժեղացնում է իր օդային ու ծովային նավատորմիղը: Այդ պատերազմական պատրաստությունները նկարագրեցին ընկերներ Վորոշիլովը և Բլյուխերը կուսակցության 17-րդ համագումարում: Ճապոնիայի ռազմական բյուջեն կլանում է Ճապոնիայի լայն աշխատավորական մասսաների վերջին կոպեկները:

Բոլոր երկրների բանվորների ու գյուղացիների սիրելի առաջնորդ ընկեր Ստալինը, կուսակցության 17-րդ համագումարում՝ վերլուծելով կապիտալիստական աշխարհում պատերազմի ծագման հավանականությունները, առանձնահատուկ կերպով կանգ առավ Չինաստանը նվաճելու համար մղվող պատերազմի և Խորհրդային Միության դեմ նախապատրաստվող պատերազմի հավանական հետևանքների վրա: Այստեղ ամբողջովին մեջբերում ենք նրա խոսքերն այդ մասին:

«Կարծում են, թե պատերազմը հարկավոր է կազմակերպել ռազմական տեսակետով թույլ, բայց շուկայի իմաստով ընդարձակ երկրներից մեկն ու մեկի, օրինակ, Չինաստանի դեմ, որը բանից դուրս է գալիս, չի էլ կարելի բառիս իսկական իմաստով պետություն անվանել, այլ ներկայացնում է լոկ «չկազմակերպված տերիտորիա», որը կարիք ունի, որ ուժեղ պետություններն իրեն զավթեն: Նրանք, ըստ երևույթին, ցանկանում են վերջնականապես բաժանել այդ երկիրը և շտկել իրենց գործերը նրանց հաշվին: Ենթադրենք թե նրանք այդպիսի պատերազմ կազմակերպեցին: Սրանից ի՞նչ կարող է ստացվել: Հայտնի է, որ 19-րդ դարի սկզբին ճիշտ այդպես էին նայում Իտալիայի և Գերմանիայի վրա, ինչպես այժմ նայում են Չինաստանի վրա, այսինքն՝ համարում էին «չկազմակերպված տերիտորիաներ» և ոչ թե պետություններ, և ստրկացնում էին նրանց: Իսկ դրանից ի՞նչ ստացվեց: Դրանից, ինչպես հայտնի է, ստացվեց Գերմանիայի և Իտալիայի պատերազմ այդ երկրների անկախության և որպես ինքնուրույն պետություններ միավորելու համար: Դրանից ստացվեց ատելության ուժեղացումն այդ երկրների ժողովուրդներին ստրկացնողների դեմ, որի արդյունքները մինչև այժմ դեռևս վերացված չեն, և թերևս դեռ շուտով չեն վերացվի: Հարց է ծագում՝ ո՞րն է այն երաշխիքը, որ նույնը չի ստացվի Չինաստանի դեմ իմպերիալիստների պատերազմի հետևանքով»:

«Վերջապես, չորրորդները նկատում են, որ պատերազմը հարկավոր է կազմակերպել ԽՍՀՄ-ի դեմ: Նրանք մտածում են ջախջախել ԽՍՀՄ-ն, բաժանել նրա տերիտորիան և շահվել նրա հաշվին: Սխալ կլիներ ենթադրել, թե այսպես են մտածում Ճապոնիայի որոշ ռազմական շրջանները միայն: Մեզ հայտնի չէ, որ այսպիսի պլաններ որոշվում են Եվրոպայի մի քանի պետությունների քաղաքական ղեկավարների շրջաններում: Ենթադրենք, թե այս պարոնները խոսքից անցան գործի: Սրանից ի՞նչ կարող է ստացվել: Հազիվ թե կարելի է կասկած հայտնել, որ այս պատերազմը կլինի բուրժուազիայի համար ամենավտանգավոր պատերազմը: Այն կլինի ամենավտանգավորը ոչ միայն նրա համար, որ ԽՍՀՄ-ի ժողովուրդները մահու կռիվ կմղեն հանուն հեղափոխության նվաճումների: Այն ամենավտանգավորը կլինի բուրժուազիայի համար նաև այն պատճառով, որ պատերազմը տեղի կունենա ոչ միայն ճակատներում, այլև հակառակորդի թիկունքում: Բուրժուազիան կարող է չկասկածել, որ ԽՍՀՄ-ի բանվոր դասակարգի բազմաթիվ բարեկամները Եվրոպայում ու Ասիայում կաշխատեն թիկունքից հարվածել իրենց ճնշողներին, որոնք ձեռնարկել են ոճրագործ պատերազմն ընդդեմ բոլոր երկրների բանվոր դասակարգի հայրենիքի: Եվ թող մեզնից չդժգոհեն պարոնայք բուրժուաները, եթե իրենք այդպիսի պատերազմի հետևյալ որը գոյություն ունեցողների թվում չգտնեն իրենց մոտիկ կառավարություններից մի քանիսին, որոնք այժմ բարեբաստիկ կերպով թագավորում են «աստծու ողորմությամբ» (ծափերի տարափ): Այդպիսի մի պատերազմ ԽՍՀՄ-ի դեմ արդեն եղել է սրանից մի 15 տարի առաջ: Ինչպես հայտնի է, բոլորի կողմից հարգված Չերչիլն այն ժամանակ այդ պատերազմին տվեց «14 պետությունների արշավանք» բանաստեղծական ֆորմուլը: Այդ պատերազմը մեր երկրի բոլոր աշխատավորներին համախմբեց անձնվեր մարտիկների մի միասնական բանակի մեջ՝ մարտիկներ, որոնք իրենց կրծքով պաշտպանեցին իրենց բանվորագյուղացիական հայրենիքն արտաքին թշնամիներից: Այն վերջացավ ինտերվենտներին մեր երկրից վռնդելով և Եվրոպայում հեղափոխական «գործողության կոմիտեների» ստեղծումով: Հազիվ թե կարելի է կասկածել,որ ԽՍՀՄ-ի դեմ երկրորդ պատերազմի հետևանքը կլինի հարձակվողների լիակատար պարտությունը, հեղափոխություններ Եվրոպայի ու Ասիայի մի շարք երկրներում և այդ երկրների բուրժուա-կալվածատիրական կառավարությունների ջախջախում»:

Նոր համաշխարհային պատերազմի հրդեհը բոցավառվում է Խաղաղ օվկիանոսի ավազանում: Ճապոնական ռազմատենչ զինվորականությունն իր նվաճողական քաղաքականության կիրառմամբ ոտնակոխ է անելու միլիոնավոր աշխատավորական մասսաների իրավունքները Չինաստանում: Չինաստանի իշխող դասակարգերը, չինական կալվածատիրության և բուրժուազիայի Գոմինդան կուսակցությունը ճանապարհ են հարթում ճապոնական իմպերիալիստների առաջ: Միայն Խորհրդային Չինաստանն է անկախ կռիվ հայտարարում ամեն տեսակ իմպերիալիստական ինտերվենցիայի: Բայց ամուր չէ նաև ճապոնական իմպերիալիզմի թիկունքը: Ճապոնական բանվորությունը, ճապոնական գյուղացիության լայն մասսաները կոմունիստական կուսակցության գլխավորությամբ հրապարակ են դուրս գալիս իրենց սեփական իմպերիալիզմի իշխանությունը տապալելու, բուրժուական, կալվածատիրական կարգերի լուծը տապալելու համար:

Վառվում են հեղափոխության կրակները ճապոնական գյուղում, բոցավառվում է քաղաքի պրոլետարիատը, ուժեղանում են կոմունիստական բջիջները բանակում, որը վաղ թե ուշ իր զենքն ուղղելու է իր գեներալների դեմ:

Կստեղծվի բանվորագյուղացիական Ճապոնիա

Մանջուրիայի գրավման հենց առաջին օրերից Ճապոնիայի կոմունիստական կուսակցությունը շարունակ Ճապոնիայի աշխատավորության առաջ մերկացրել է ճապոնական իմպերիալիզմի ռազմական ավանտյուրաների քաղաքականությունը:

Մուկդենի գրավման երկրորդ օրը հրատարակված մի կոչում նա գրում էր. «Բանվորներ, գյուղացիներ և բանակայիններ: Ճապոնական բուրժուազիան կատարել է Մանջուրիայի գրավման առաջին քայլը: Դա երբեք չի հանդիսանում «ինքնապաշտպանության» կամ «անսպասելի դեպքի» արդյունք: Ճապոնիայի ելույթը դա ճապոնական իմպերիալիզմի մարտահրավերն է՝ ուղղված ճապոնական և չինական պրոլետարիատի և աշխատավորական մասսաների, ինչպես նաև Խորհրդային Միության աշխատավորական մասսաների դեմ»:

Կոչը վերջանում է հետևյալ խոսքերով.

«Բանվորներ, գյուղացիներ և բանակայիններ: Ոտքի ելե՛ք ընդհանուր պայքարի Չինաստանի բանվորների, գյուղացիների և բանակայինների հետ միասին: Կռվեցեք ճապոնական իմպերիալիզմի և նրա ռազմական գործողությունների դեմ, որոնք ուղղված են հեղափոխական Չինաստանի դեմ: Կռվեցեք նոր իմպերիալիստական պատերազմի վտանգի դեմ, հեղափոխական Չինաստանի պաշտպանության, չինական կարմիր բանակի օգնության, Խորհրդային Միության պաշտպանության համար: Կորչի իմպերիալիստական Ճապոնիան: Կեցցե Խորհրդային Ճապոնիան»:

Եվ ճապոնական կոմկուսակցության գլխավորությամբ ծավալվող հակապատերազմական աշխատանքը տալիս է իր արդյունքները: Չինաստանում գործող ճապոնական բանակում, բանակ, որը բաղկացած է սովամահության մատնված գյուղի զավակներից, ավելի ու ավելի բարձր է հնչում բողոքի, ընդվզումի ձայնը: Չնայած գոյություն ունեցող խիստ ռազմական գրաքննությանը, որը գաղտնի է պահում զինվորական ապստամբությունների լուրերի տարածումը, վերջիններն արդեն դարձել են Ճապոնիայի լայն աշխատավորական մասսաների սեփականություն:

Նրանք գիտեն, որ կռվից հրաժարվելու համար Ֆուշունի քաղաքում գնդակահարված են 300-ից ավելի զինվորներ, որ Շանհայի ճապոնական զորքերի մի մասը վերադարձվեց հայրենիք «անհուսալի» լինելու հետևանքով: Նրանք գիտեն, որ Տոկիոյի գավառում ձերբակալված և գնդակահարված են 12 երիտասարդ սպաներ, որ ձերբակալություններ են տեղի ունեցել նաև ճապոնական բանակում, որ հայտնաբերվել էր ուժեղ հեղափոխական կազմակերպություն Կորեայում կենտրոնացված ճապոնական բանակում, որ ձերբակալվել ու բանտարկվել են ռազմական նավատորմի բազմաթիվ նավաստիներ իրենց կոմունիստական գործունեության համար:

Ճապոնական կոմկուսակցությունը, որի անդամներից ու համակրողներից վերջին 3 տարիների ընթացքում բանտարկվել և սպանվել են 30 հազար հոգի, հերոսաբար կազմակերպում են հակապատերազմական աշխատանքը ճապոնական բանակում: Չնայած բանակում գոյություն ունեցող ամենադաժան ռեժիմին, այդ գործունեությունը կենտրոնացվել է հիմնովին կազմակերպված գաղտնի զինվորական կոմիտեների ձեռքում:

Ճապոնիայում ու Չինաստանում ճապոնական բանակի հեղափոխական զինվորական կոմիտեները լայնորեն տարածում են կոմունիստական կուսակցության կոչերը: Բերում ենք այդ կոչերից մեկում տպագրված լոզունգները:

«Ընդդեմ Չինաստանի նվաճողական պատերազմի»:

«Ընդդեմ չինական խորհուրդների և չինական կարմիր բանակի վրա հարձակվելու»:

«Հանուն Չինաստանի նվաճելու պատերազմը միջազգային հեղափոխական պատերազմի վերածելու»:

«Ուղղեցեք ձեր զենքերը ճապոնական կապիտալիստների և կալվածատերերի դեմ»:

«Հանուն Խորհրդային Միության պաշտպանության»:

«Կեցցե Ճապոնիայի և Չինաստանի բանվորների, գյուղացիների և զինվորների համերաշխությունը»:

Պայքարը ճապոնական իմպերիալիզմի տիրապետությունը տապալելու համար տեղի են ունենում թե՛ ֆրոնտում, թե՛ բանակում, և թե՛ երկրի ներսում:

Սովամահության մատնված և քայքայման ու այլասերման ենթարկված ճապոնական բանվորության ու գյուղացիության լայն մասսաները պայքարում են իրենց դրության բարելավման համար: Քաղաքներում ծավալվում է գործադուլային շարժումը: Եթե 1932թ. անտանելի տեռորի պայմաններում քաղաքներում տեղի են ունեցել 1926 գործադուլներ 100 հազար մասնակիցներով, ապա 1933 թվի միայն առաջին եռամսյակում եղել են 500-ից ավելի գործադուլներ 35.000 մասնակիցներով: Տնտեսական գործադուլների հետ միասին տեղի են ունենում և զարգանում են քաղաքական գործադուլներ պատերազմի դեմ, արհմիությունների ճանաչման համար, այլ և քաղաքական պահանջների իրականացման համար:

Բանվորների պայքարի զարգացման հետ միասին զարգանում է ու ծավալվում գյուղացիական շարժումը: Ծավալվում են գյուղացիական կոնֆլիկտները: Միայն 1932թ. տեղի են ունեցել 3000-ից ավելի կոնֆլիկտներ վարձակալների և կալվածատերերի միջև: Գյուղացիները պայքար են մղում ոչ միայն կալվածատերերի-վաշխառուների դեմ, այլ նաև ոստիկանական կամայականությունների դեմ: Բազմաթիվ են զինված ապստամբությունները, ընդհարումները, ոստիկանության, զորքի և կալվածատերերի զինված ջոկատների հետ: Գյուղացիությունը պայքարում է ոչ միայն վարձակալության պայմանների բարելավման համար, նա աստիճանաբար սկսում է հրապարակի վրա դնել նաև ճապոնական հեղափոխության հիմնական խնդիրները, ինչպիսին և հողը աշխատավոր գյուղացիական լայն մասսաներին հանձնելու խնդիրը, և գործնականում պայքարել նրա իրականացման համար:

Ահա մի քանի օրինակներ, երբ ճապոնական բուրժուազիայի թերթերն իրենք վկայում են գյուղացիության հեղափոխական շարժման աճման մասին:

«Չոսին Իլբո» թերթը 1933թ. նոյեմբերի 12-ի համարում գրում է, որ.

«Նոյեմբերի 11-ին ավարտվել է Կոգինի գյուղացիական ապստամբությունների քննությունը: Քննությունը շարունակվել է երկու տարի»:

«Կանկե-Նանդո շրջանում, 70 տեղ ծագել են գյուղացիական ապստամբություններ, որոնց ընթացքում տեղի են ունեցել ցույցեր, հրդեհներ և թալան: Ապստամբ գյուղացիներն այրել են կալվածատերերից խլված մի քանի տասնյակ հազարի փաստաթղթեր: Գյուղացիական միությունների 2000 անդամներից ձերբակալված են եղել 310 հոգի: Դատախազության հանձնված են արդեն 131 հոգի»:

«Տակաոկոյում 3000 գյուղացիներ գրոհել են դատարանի և բանտի շենքերը»:

«Մինամի Կամբորա գավառի ընդհարումները վերջացել են վարձակալների հաղթանակով: Վարձակալներն ամրացրել են իրենց միությունը և նույնիսկ ստեղծել են կանանց և երեխաների սեկցիաներ»:

Այն, ինչ որ կատարվում է այսօր ճապոնական գյուղում՝ սովի ու չքավորության ծավալումը, գյուղի այլասերումը և քայքայումը, հանդիսանում է նոր, ավելի խորը հեղափոխական դեպքերի նախերգանքը: Իր գլուխը կորցրած ճապոնական բուրժուազիայի ռազմա-ֆաշիստական խմբավորումները փորձում են ներքին ճգնաժամային դրությունից ելք գտնել արտաքին ավանտյուրաների մեջ: Այս հանգամանքը մոտեցնում է հեղափոխական ճգնաժամը երկրի ներսում:

Ճապոնիայի կոմունիստական կուսակցությունն իր հերոսական աշխատանքով նախապատրաստում է այդ հեղափոխության հաղթանակը:

Ահա թե ինչ ասաց Ճապոնիայի կոմունիստական կուսակցության աշխատանքի մասին ընկեր Մանուիլսկին կուսակցության 17-րդ համագումարում.

«Բուրժուական մամուլի մեջ թափանցող ոչ լրիվ տվյալների համաձայն՝ միմիայն 9 ամսում Ճապոնիայում ձերբակալվել է մոտ 8000 կոմունիստ, և այնուամենայնիվ, մի ձերբակալվածի փոխարեն Ճապոնիայում հրապարակ են գալիս կոմունիստական տասնյան նոր ուժեր:

Ճապոնական կոմկուսը դաստիարակում է բոլշևիկյան պողպատակուռ սերունդ: Մի երիտասարդ կոմերիտուհի 6 շաբաթ շարունակ խոշտանգումների ենթարկվելով, ոչ միայն ցուցմունքներ չի տվել, այլև ի զարմանս ոստիկանների և դահիճների, ոչ մի հառաչ չի արձակել, ոչ մի խոսք չի արտասանել: Ճապոնական կոմկուսը երկրում անվեհեր պայքար է մղում Չինաստանում տեղի ունեցող պատերազմի դեմ: Նա կոմինտերնի որոշ սեկցիաների համար հանդիսանում է բոլշևիկյան մասսայական աշխատանքի օրինակ, վերարտադրելով ամենայն մանրամասնությամբ մեր կուսակցության աշխատանքի ձևերը, երբ նա անլեգալ վիճակում էր: Վերջին ժամանակներս չափազանց ուժեղացել է կոմունիստների ակտիվությունը ռազմական ձեռնարկություններում: Մի քանի տարվա ընթացքում՝ չնայած հսկայական ձախողումների, կուսակցության կենտրոնական օրգան «ՍԵԿԿԻՆ» (Կարմիր դրոշակ) չդադարեց լույս տեսնելուց: Կուսակցությունը հրատարակում է զինվորների համար «Զինվորի բարեկամ» թերթը, Կոբեում՝ մի թերթ նավաստիների համար, հրատարակում է մի գյուղացիական թերթ: Դրանք լի են Ճապոնիայի գործարաններից, զորանոցներից ու գյուղերից ստացվող թղթակցություններով: Հիանալի հիմքերի վրա դրված գործարանային թերթերի մի ամբողջ ցանց լրացնում է ճապոնական կոմկուսի աշխատանքի այդ պատկերը: Դժվար է առանց խոր հուզմունքի կարդալ այդ թերթերը, որոնց ամեն մի խոսքը շնչում է պրոլետարական զայրույթով՝ ընդդեմ շահագործման և լենինյան ու ստալինյան պայքարով՝ ընդդեմ իմպերիալիզմի ու պատերազմի:

Ովքե՞ր են նրանք, որոնց անվանում են մանջուրական բանդիտներ, գրում է Միցուբիշի (Ճապոնիայի երկու ամենախոշոր կապիտալիստական միավորներից մեկը) գործարանում լույս տեսնող գործարանային այդ թերթերից մեկը՝ դրանք մեր եղբայրներն են, չին բանվորներն ու գյուղացիները, որոնք պայքար են մղում ճապոնական իմպերիալիզմի ինտերվենցիայի դեմ: Ճապոնական իմպերիալիզմն արշավում է Չինաստանում արդեն ստեղծված խորհուրդների դեմ և հարձակում է ծրագրում Խորհրդային Միության՝ մեր պրոլետարական հայրենիքի դեմ… իսկ հարձակվել բանվորների ու գյուղացիների խորհուրդների երկրի վրա՝ նշանակում է հարձակվել հենց մեզ՝ ճապոնական բանվորներիս ու գյուղացիներիս վրա: Իսկ այդպիսի թղթակցությունների ու հոդվածների թիվը հասնում է տասնյակների ու հարյուրների: Եվ դա իսկական երաշխիք է, որ կստեղծվի բանվորագյուղացիական Ճապոնիա, որին եղբայրության և պրոլետարական համերաշխության ձեռք են մեկնում մեր խորհրդային երկրի աշխատավորները»:

Comments

Popular posts from this blog

Պետության և իրավունքի տեսություն

  Պետության և իրավունքի տեսության հասկացությունը, առարկան և մեթոդաբանությունը Պետության և իրավունքի տեսությունը հանդիսանում է առաջնային, կարևորագույն իրավաբանական գիտություն: Գիտությունը հանդիսանում է ինտելեկտուալ գործունեություն: Պետության և իրավունքի տեսությունը ուսումնասիրում է հասրակական կյանքի պետաիրավական ոլորտը: 1.Պետության և իրավունքի տեսությունը հանդիսանում է համատեսական գիտություն, որովհետև ունի ուսումնասիրության լայն ընդարձակ ոլորտ՝ հասարակական կյանքի պետաիրավական ոլորտն ամբողջությամբ: 2.Պետության և իրավունքի տեսությունը հանդիսանում է փիլիսոփայական գիտություն, որովհետև ուսումնասիրում է պետության և իրավունքի, պետաիրավակաբ այլ երևույթների խորքային բնույթը: Պետության և իրավունքի տեսությունը հանդիսանում է նաև փիլիսոփայական գիտություն, որովհետև ուսումնասիրում է պետությունը և իրավունքը որպես համընդհանուր ունիվերսալ երևույթներ: 3.Պետության և իրավունքի տեսությունը հանդիսանում է ֆունդամենտալ գիտություն, որովհետև մշակում է պետաիրավական ոլորտի առաջնային ընդհանուր և կարևորագ...

Բազմակողմ դիվանագիտություն

  Բազմակողմ «դիվանագիտություն» հասկացությունը: Պատմական ակնարկ և կայացման հիմնական փուլերը: Բազմակողմ դիվանագիտության դերակատարության բարձրացումը 20-րդ դարի երկրորդ կեսին Բազմակողմ դիվանագիտությունը երկուսից ավել կողմերի միջև վարվող բանակցություններն են, մի քանի դերակատարների մասնակցությամբ միջազգային համաժողովները, միջազգային կազմակերպությունների շրջանակներում իրականացվող դիվանագիտական աշխատանքը: Դասական բազմակողմ դիվանագիտության առաջին օրինակ է համարվում 1814-1815թթ. Վիեննայի կոնգրեսը, սակայն բազմակողմ դիվանագիտության սաղմեր կարելի է հանդիպել նաև Հին Հունաստանի քաղաք-պետությունների կողմից վարվող դիվանագիտության մեջ, ինչու չէ, նաև միջին դարերում կնքվող դաշինքներն ու պայմանագրերը նույնպես կարելի է դասել բազմակողմ դիվանագիտության նախատիպերի շարքին, օրինակ՝ 1648թ. Վեստֆալյան պայմանագիրը: Առաջին դասական միջազգային կազմակերպություններն են՝ Հռենոսով նավարկության կենտրոնական հանձնաժողովը՝ մշտական քարտուղարությամբ, որը ստեղծվել էր Վիեննայի կոնգրեսի որոշմամբ և առաջին հանդիպումն անցկա...

Միջազգային գործընթացների վերլուծությունը ազգային անվտանգության համատեքստում

ՀՀ արտաքին քաղաքականության սկզբունքներն ու գերակայությունները https://www.mfa.am/hy/speeches/2019/08/27/fm_opening_remarks/9782 ՀՀ ազգային անվտանգության ռազմավարություն https://www.gov.am/am/National-Security-Strategy/ https://www.un.org/disarmament/wmd/nuclear/npt/text/ https://www.un.org/ru/documents/decl_conv/conventions/npt.shtml https://www.undocs.org/S/RES/2231(2015) https://undocs.org/ru/S/RES/2231(2015) https://www.worldbank.org/en/news/press-release/2019/11/06/world-bank-lebanon-is-in-the-midst-of-economic-financial-and-social-hardship-situation-could-get-worse https://www.transparency.org/en/countries/lebanon https://www.forbes.com/profile/saad-hariri/?sh=45cebbdb65b5 Դասախոսություն 1. Միջազգային գործընթացների հասկացությունը և սուբյեկտները Միջազգային գործընթացները հավաքական հասկացություն է: Այն իրենից ներկայացնում է միջազգային հարաբերությունների հիմնական դերակատարների՝ պետությունների, միջպետական և ոչ պետական տարբեր կազմակերպությունների, տարատեսակ կառույցների, միավորումների, հ...