Skip to main content

Սեպտեմբերի 11-ի հետևանքները

 

Պարոն նախագահ, սեպտեմբերի 11-ի ահաբեկչական գործողություններից հետո մեզանից յուրաքանչյուրը, թե՛ որպես անհատ, թե՛ որպես ղեկավար, որ պատասխանատվություն է կրում մեր մոլորակի ապագայի համար, փորձում էր հասկանալ, թե ինչ պատահեց, ինչու և ինչպես: Այսպիսի ահաբեկչության հղացած ամբարտավանության և ֆաշիստական մտածողության համընդհանուր դատապարտումը ավելի արդարացված չէր կարող լինել: Անմիջապես հաջորդած վճռականությունը, որ ծրագրողները պետք է պատժվեն և նրանց հենակետերը վերացվեն, անհրաժեշտ և խոհեմ քայլ էր: Շարունակում է գործել այն գիտակցությունը, որ սա երկարատև ու բազմաշերտ գործընթաց է:

Գիտնականներն ու վերլուծաբանները փորձել են ուսումնասիրել ու բացատրել ահաբեկչության օրը, դրա պատճառներն ու հետևանքները: Սա անհրաժեշտ գործընթաց է, որը, եթե համբերատար լինենք, ավելի շատ հարցերից կսկսվի, քան պատասխաններից: Եթե անսալու լինենք այս տրամաբանությանը, այն անխուսափելիորեն կհանգեցնի երկխոսության: Ոչ միայն այս տարի, այլև ամեն տարի: Եթե մենք ազնիվ լինենք, ապա այս երկխոսությունը կարտացոլի այն փաստը, որ թեև մենք շատ հստակորեն տեսնում ենք տեղի ունեցող փոփոխությունը, մենք չենք համաձայնում այն խնդրի շուրջ, թե հատկապես ինչ է այս փոփոխությունը և ինչպես է այն ազդում մեզանից յուրաքանչյուրի վրա:

Կան մարդիկ, ովքեր համոզված են, որ աշխարհը շեղվել է տնտեսական գլոբալիզացիայի և ժողովրդավարացման ուղուց: Կան մարդիկ, ովքեր պնդում են, թե միջազգային հարաբերությունների բնույթն ու ընթացքը անդառնալիորեն փոխվել են, թե աշխարհակարգը, այնպիսին, ինչպիսին այն մինչ օրս գոյություն է ունեցել, փլուզվել է: Այսպիսին կարող է լինել խաբուսիկ, անխուսափելի նախնական արձագանքը: Կարող է թվալ, որ երկկողմանի ու բազմակողմ հարաբերությունները հիմնավորապես ու ակամա վերաձևման են ենթարկվել:

Այո, եթե այս ընկալումը դառնա ավելին, քան ժամանակավոր, բնական մի արձագանք, եթե ահաբեկիչներին հաջողվի վհատեցնել մեզ, ստիպելով մեզ ձեռնարկել քայլեր, որոնք չեն համապատասխանում մեր շահերին, դրդելով մեզ հեռանալ սկզբունքներից և մեր օրակարգային հարցերից, ապա կարելի է ասել, որ ահաբեկիչները հաջողության են հասել: Ասել է, թե նրանց հաջողվել է ահաբեկչությամբ հասնել օրակարգային հարցերի առաջադրմանն ու քաղաքականության որոշմանը: Բայց, պարոն նախագահ, ինչպես նյույորքցիներն են երդվել հավատարիմ լինել իրենց քաղաքին ու իրենց կենսակերպին, այնպես էլ միջազգային հանրությունը պետք է հավատարիմ մնա իր կառույցներին, ավանդույթներին ու օրակարգին:

Սա չի նշանակում, այնուհանդերձ, որ կյանքը պետք է կամ կարող է իր սովորական հունը վերադառնալ: Այն անշուշտ չի կարող վերադառնալ սովորական մտածելակերպին: Մեր միավորված մոտեցումներն այն խնդիրներին ու իրողություններին, որ մենք միասնաբար ենք դիմագրավում, անկեղծ ու վճռորոշ վերաիմաստավորման պահանջ են դնում: Այն խորը անբավարարվածությունը, անարդարությունը, աղքատությունը, հուսահատությունը, որոնք թեև չեն արդարացնում ահաբեկչությունը, սակայն ծառայում են այն վավերացնելուն, օրինականացնելուն, պահպանելուն, պետք է քննարկվեն ու նաև վերացվեն: Այս խորը խնդիրները պետք է փոխարինվեն հավասարությամբ, կրթությամբ, սոցիալական արդարությամբ, մարդու իրավունքների պաշտպանությամբ՝ ներառյալ կանանց ու երեխաների իրավունքները, քաղաքացիական ազատություններով ու ժողովրդավարությամբ:

Պարոն նախագահ, Հայաստանը պատրաստակամությամբ միացավ ահաբեկչության ցանցի վերացմանն ուղղված գլոբալ պայքարին, քանի որ այս ջանքերի հաջողությամբ պսակվելը նույնքան կարևոր է մեզ համար, որքան կոալիցիայի առաջնորդների համար: Այնուամենայնիվ, Հայաստանը խնդրում է, որ թնամուն չեզոքացնելու մեր ջանքերում և պատասխանատվության մեջ մենք զգույշ լինենք մեր սահմանումներում և բնորոշումներում: Որքան էլ ահաբեկչության չարիքի դեմ պայքարում համախմբվածությունը կարևորագույն հանգամանք է, այս հարցում կարիքների բազմազանությունն ու գործողությունների տարբերվող օրակարգերը չպետք է դիտվեն որպես համերաշխության պակաս:

Որքան կոալիցիայի առաջնորդներն են մտահոգված իրենց երկրների, ժողովուրդների, կենսակերպի ու արժեքների վրա ահաբեկչության ունեցած ազդեցությամբ, Հայաստանն էլ մտահոգված է նրանով, թե այս ահաբեկչության երևան գալը և դրա դեմ մղվող շարունակվող պատերազմը ինչպիսի ազդեցություն կունենան մեր տարածաշրջանի ու մեր երկրի վրա: Ահաբեկչության դեմ պատերազմը մի նոր հարթություն է ավելացրել մեր ներքին ու արտաքին քաղաքական օրակարգում և ոչ թե նեղացրել խնդիրների շրջանակը: Այն տնտեսական ու քաղաքական պայմանները, որ այս տարածաշրջանն անկայուն են դարձնում, չեն վերացել: Հակառակը, դրանք ավելի են սրվել նոր դաշինքներով ու առաջնայնություններով: Ավելին, դրանք կարելի է հրահրել, եթե անտեսվեն, և թույլ տրվի, որ աննկատ մնան, մինչդեռ ամբողջ ուշադրությունը կենտրոնացած կլինի անմիջական վտանգի վրա: Կենտրոնանալով հազարավորների ատելության վրա՝ մենք չենք ուզում անտեսել պատերազմի եզրին կանգնած միլիոնավորների հուսահատությունն ու կարիքները:

Սա է պատճառը, որ թեև Հայաստանն առաջարկել է իր աջակցությունը համաշխարհային կոալիցիային, ընդսմին՝ առանց վերապահումների, ստորագրել է ՄԱԿ-ի և Եվրոպայի խորհրդի հակաահաբեկչական կոնվենցիաները և ռազմական ու ռազմավարական օժանդակություն առաջարկել, մենք շարունակում ենք պնդել, որ մեր առջև կանգնած հիմնարար, զարգացումային, կարճաժամկետ ու երկարաժամկետ խնդիրներին ևս ուշադրություն դարձվի: Մենք մտահոգված ենք մեր տարածաշրջանի կայունությամբ, որովհետև հիմնարար ազատությունները, որոնք կազմում են ժամանակակից հասարակության սյուները և նվազեցնում են սոցիալական ու քաղաքական բռնի լուծումների հավանականությունը, մեր հարևանությամբ համընդհանրական առումով չեն ապահովվում:

Պարոն նախագահ, աշխարհում անվտանգությունն ու խաղաղությունը կախված են յուրաքանչյուր տարածաշրջանի կայունությունից: Եթե մենք հավատարիմ ենք համաշխարհային կայունությանն ու խաղաղությանը, ապա մեզանից յուրաքանչյուրը մեր տարածաշրջաններում պետք է պատասխանատվություն ստանձնի հրատապ խնդիրների լուծման համար՝ ուղղորդվելով նոր ոգով, նոր մտածողությամբ: Առաջնորդներին է մնում «ռեալպոլիտիկի» նպատակահարմարությունը փոխարինել «արդար-պոլիտիկի» արդյունավետությամբ: Այստեղ չկա ոչինչ, որ նախկինում չի ասվել, բայց գուցե որոնման այս նոր միջավայրում մեր կոչն անարձագանք չի մնա: Մեր տարածաշրջանն ունի այն հարստությունը, ավանդույթները, հնարավորությունները, կապերը, որոնք այն կարող են դարձնել ծաղկուն ու բարգավաճ մի շրջան:

Ինչ վերաբերում է Կովկասում խաղաղության ու կայունության հաստատման գործում Հայաստանի ներդրումին, առկա են երկու փոխկապակցված խնդիրներ մեր երկու հարևանների հետ: Մեկը՝ Հայաստանից արևմուտք գտնվող Թուրքիայի հետ հարաբերությունների բացակայությունն է: Մյուսը՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունն է, որն իր ազդեցությունն է թողնում մեր հարևան Ադրբեջանի հետ հարաբերություններում:

Այս ամբիոնից վերջին 10 տարիների ընթացքում Հայաստանի կառավարության ներկայացուցիչները պնդել են, որ մտքի, հավատքի, համոզմունքների, էթիկայի, ավանդույթների, արժեքների ու մշակույթի հիմնարար ազատությունները հավասարապես վերաբերում են նաև Լեռնային Ղարաբաղի կանանց, երեխաներին ու տղամարդկանց: Սա է ընկած Լեռնային Ղարաբաղի շուրջ հակամարտության հիմքում: Թվեր հնարելուն, տերմինները վերասահմանելուն, պատմությունը նորովի կերտելուն և քննարկումներն աղավաղելուն ուղղված Ադրբեջանի համառ ջանքերը բարդացնում են խնդիրը, և բնավ լուծմանն ուղղված ջանքեր չեն հանդիսանում:

Պարոն նախագահ, ի պատասխան Հայաստանին ու Լեռնային Ղարաբաղին ուղղված Ադրբեջանի իմ գործընկերոջ կողմից հնչեցրած մեղադրանքների՝ թույլ տվեք ասել հետևյալը. Լեռնային Ղարաբաղը երբեք չի եղել անկախ Ադրբեջանի մաս: Որ տեսանկյունից էլ դիտարկենք խնդիրը՝ պատմության կամ աշխարհագրության, երկարաժամկետ քաղաքական հեռանկարի, թե իրականում առկա փաստերի, Լեռնային Ղարաբաղի տղամարդիկ, կանայք ու երեխաները վաստակել են իրենց պատմական հողում խաղաղ ապրելու իրավունքը: Տասնամյակներ շարունակ նրանք զրկված են եղել այս իրավունքից: Այսօր, հակամարտության վերաբռնկումից 12 տարի անց, Լեռնային Ղարաբաղի երեխաներն ավարտել են դպրոցական ուսուցումը՝ զերծ լինելով օտար իշխանությունից ու օտար ենթակայությունից:

Լեռնային Ղարաբաղի ժողովրդի համար արդարության հասնելը դրված է եղել Հայաստանի կողմից իրականացվող քաղաքականության ու գործողությունների հիմքում ոչ պարզապես այն պատճառով, որ մենք հավատում ենք, որ դա ճիշտ է, բայց նաև այն պատճառով, որ մենք հավատում ենք, որ հարատև խաղաղության, տնտեսական համագործակցության ու քաղաքական զարգացման հասնելու համար այս հակամարտությունը պետք է իր արդար ու ամբողջական լուծումը գտնի: Խնդիրը ռազմական ճանապարհով լուծելու մասին Ադրբեջանի դատարկ կոչերը, որոնք ավելի շատ հին կարծրատիպերին են տուրք տալիս, քան նոր իրողություններին, ընդունելի չեն խաղաղությանը լրջորեն վերաբերվող հարևանների համար:

Ինչ վերաբերում է Թուրքիայի հետ մեր հարաբերություններին, գուցե սեպտեմբերի 11-ին հաջորդող այս աշխարհում, երբ սառը պատերազմը իրապես ու վերջնականապես ավարտվեց, որտեղ նախկին հակառակորդները հիմնապատճառ են գտել գաղափարախոսությունը մի կողմ դնելու և համագործակցություն հաստատելու համար, գուցե Թուրքիան ևս մի կողմ կդնի նախապայմանները՝ հանուն տարածաշրջանային ու համաշխարհային խաղաղության: Հայաստանը կցանկանար նորմալ, բարիդրացիական հարաբերություններ ունենալ Թուրքիայի հետ և հույս ունի, որ Թուրքիան դիվանագիտական հարաբերություններ կհաստատի Հայաստանի հետ, կբացի սահմաններն ու կներգրավվի կառուցողական համագործակցության մեջ:

Սակայն պետք է նշել այն, ինչն ակնհայտ է: Հայոց ցեղասպանության հուշը շարունակում է հետապնդել և խոչընդոտել Հայաստանի հետ Թուրքիայի հարաբերությունները: Այդուհանդերձ, մենք համոզված ենք, որ այս հարցը կարող է քննարկվել երկու կառավարությունների միջև՝ երկխոսության ճանապարհով: Վերջին երկու ամիսների դեպքերը հայերիս հիշեցրեցին, որ մարդն իսկապես ունակ է անսահման ու աննկարագրելի չարիք գործելու, և որ զանգվածային բռնությունները անցյալի հուշ չեն: Այնուամենայնիվ, մենք, որպես ցեղասպանության զոհեր,չենք կամենում թույլ տալ, որ մեր ողբերգական անցյալը որոշի մեր ապագայի գործողությունները: Մենք կարող ենք վստահաբար կոչ անել Թուրքիային նույնն անել և մեզ միանալ՝ որպես հավասար մասնակցի, մղում հաղորդելու համար մեր երկու ժողովուրդների միջև երկխոսություն ծավալելու գործին:

Պարոն նախագահ, կասկած չկա, որ ՄԱԿ-ը ամենահամընդգրկուն հովանոցային այն կառույցն է, որը կոչված է և ի զորու է ստեղծելու պայմաններ, որպեսզի պետությունները և ժողովուրդները խաղաղությունը գերադասեն պատերազմից: ՄԱԿ-ը, ամենատարբեր բազմակողմանի ու տարածաշրջանային կազմակերպությունների հետ, հնարավորության սահմաններում, պետք է պարզի և օգտագործի յուրաքանչյուր կազմակերպության և յուրաքանչյուր պետության համեմատական առավելություններն ու առանձնահատկությունները՝ որպես հնարավոր զոհ, որպես հնարավոր զինվոր, որպես հնարավոր գործիք խաղաղության համար պայքարում:

ՄԱԿ-ը սեպտեմբերի 11-ի կարիքը չուներ՝ տնտեսական զարգացումը և աղքատության վերացումը որպես ահաբեկչության դեմ պատերազմում ռազմավարական ճակատներ ընդունելու համար: Նվիրատու երկրները կարող են իրենց ներդրումը բերել այս պայքարի հաջողության գործում ոչ միայն ռազմական ուժեր տրամադրելով, այլ նաև ավելի մեծ ֆինանսական ու տեխնիկական օգնությամբ: Այսպիսի օգնությունը պետք է համակարգված լինի: Նոր հայտերը պահանջում են միջազգային երկխոսության, համագործակցության ու անվտանգության գոյություն ունեցող մեխանիզմների համախմբում: ՄԱԿ-ը կարող է մեծ ներդրում ունենալ այս գործընթացում, հատկապես եթե այն ավելի հավասարաչափ արտացոլի այսօրվա աշխարհի քաղաքական ու տնտեսական իրողությունները: Մենք համոզված ենք, որ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի իրական բարեփոխումն անհրաժեշտ է և մշտական ու ոչ մշտական անդամների քանակի ավելացման մեջ է: Մենք աջակցում ենք Անվտանգության խորհրդում մշտական անդամի կարգավիճակ ստանալու Գերմանիայի և Ճապոնիայի նկրտումներին: Հայաստանը նաև մեծ կարևորություն է տալիս հավասար աշխարհագրական ներկայացուցչություն ապահովելու հարցին և հետևաբար աջակցում է թերի ներկայացված տարածաշրջանների, հատկապես՝ Ասիայի, Աֆրիկայի, Լատինական Ամերիկայի և Կարիբյան ավազանի երկրների ներկայության ընդլայնմանը: Այս առումով, Հայաստանը հավասարապես աջակցում է Հնդկաստանի մշտական անդամությանը Անվտանգության խորհրդում: Մենք համոզված ենք, որ ոչ մշտական անդամության ցանկացած աճ պետք է նաև հավելյալ ներկայություն ապահովի Արևելյան Եվրոպայի երկրների խմբի համար՝ մեկ լրացուցիչ ոչ մշտական տեղի հատկացմամբ:

Պարոն նախագահ, «ժամանակակից կյանքը ցնցել է անշարժ հասարակությունները, և փրկությունը ոչ թե որևէ հավատամքի մեջ է, այլ առողջ, ժողովրդավարական հաստատությունների, օրենսդրության ու կենսունակ տնտեսական համակարգերի»:

Վ.Ս.Նայփոլն է տվել այդ ձևակերպումը, և այս տարի Նոբելյան մրցանակը հանձնվեց նրան և գլխավոր քարտուղար Կոֆի Անանին: Մրցանակակիրների ընտրությունը մտածելու տեղիք է տալիս: Նրանք երկուսն էլ բացառողների թվին չեն պատկանում, այլ ներառողների, ունակ լինելով միաձուլելու իրենց խորն ավանդույթները մեր համաշխարհային հասարակության առջև ծառացած խնդիրներին: Մինչ գրող Նայփոլը հեգնում ու ծաղրում է, Անան դիվանագետը մարտահրավեր է նետում և մխիթարում՝ ուժի դիրքերից: Նրանք երկուսն էլ կարող են իրենց թույլ տալ ավելի ծայրահեղական լինել իրենց արտահայտություններում: Սակայն նրանք դա չեն անում:

Պարոն նախագահ, ուղերձն այստեղ հետևյալն է. քաղաքակրթությունների երկխոսության այս տարում առկա են հաջող եղանակներ՝ աշխարհի ավանդույթներից լավագույնները միաձուլելու համար, անգամ երբ, միևնույն ժամանակ, այդ նույն աշխարհին մարտահրավերներ ես նետում առաջ ընթանալու դեպի բոլորիս համար ցանկալի արդարությունն ու ժողովրդավարությունը: Նայփոլն ու Անանը չեն ժխտում աշխարհի ձախողումները, բայց հայտ են ներկայացնում մեզ՝ շտկելու դրանք: Մենք, համախմբված, կարող ենք ավելին չանել, այլ ընդամենը հետևել նրանց օրինակին:

Նյութի աղբյուրը՝ Վարդան Օսկանյան- «Անավարտ տասնամյակ. ելույթների ընտրանի»

Comments

Popular posts from this blog

Հիրոյոշի Սեգավա- «Հայերի մոռացված ցեղասպանությունը»

Աիչի Սանգյո համալսարանի նախկին դասախոս, ճապոնացի միջազգայնագետ-իրավաբան Հիրոյոշի Սեգավայի աշխատությունը, որը 2005թ. թարգմանվել է նաև հայերեն՝  https://drive.google.com/drive/u/2/folders/1YCq7J1K8B5fjhdDvPAsBtwPONL5lQj6O

Թուրքիան 1993 թվականին

  1993 թ . ապրիլի 20- ին նախագահ Օզալի հուղարկավորության արարողությանը մասնակցելու նպատակով Անկարայում գտնվող հայկական պատվիրակությանը ` նախագահ Տեր - Պետրոսյանին , արտգործնախարար Փափազյանին և նախագահի խորհրդական Լիպարիտյանին , ընդունում է վարչապետ Դեմիրելը : Շատ բովանդակային և հետաքրքիր զրույց էր , պատմում են Փափազյանն ու Լիպարիտյանը : « Դեմիրելը գզրոցից մի քարտեզ հանեց և թուրքերենով ասաց ` սա Հայաստանն է , հայկական հող է , հարց չունենք ` մեր հարևանն է , սա Ղարաբաղն է , հայկական հող չէ , բայց այնտեղ հայեր են ապրում , մտահոգություններ ունեք , վերցրեցիք Ղարաբաղը , դա էլ հասկացանք , սա Լաչինն է , սա ձեր հողը չէ , ոչ էլ հայեր էին ապրում , վերցրեցիք , ասացիք անվտանգության համար է , դա էլ հասկացանք : Քելբաջարի հետ ի՞նչ գործ ունեք : Քելբաջարը որ գրավեցինք , այդ մարդիկ ( թուրքերը ) ասացին , չէ ’, մեր եղբայրներին ծեծում եք» ,- հիշում է Լիպարիտյանը : Այսպես , հայ - թուրքական հարաբերությունների կարգավորումը Ան

Պետության և իրավունքի տեսություն

  Պետության և իրավունքի տեսության հասկացությունը, առարկան և մեթոդաբանությունը Պետության և իրավունքի տեսությունը հանդիսանում է առաջնային, կարևորագույն իրավաբանական գիտություն: Գիտությունը հանդիսանում է ինտելեկտուալ գործունեություն: Պետության և իրավունքի տեսությունը ուսումնասիրում է հասրակական կյանքի պետաիրավական ոլորտը: 1.Պետության և իրավունքի տեսությունը հանդիսանում է համատեսական գիտություն, որովհետև ունի ուսումնասիրության լայն ընդարձակ ոլորտ՝ հասարակական կյանքի պետաիրավական ոլորտն ամբողջությամբ: 2.Պետության և իրավունքի տեսությունը հանդիսանում է փիլիսոփայական գիտություն, որովհետև ուսումնասիրում է պետության և իրավունքի, պետաիրավակաբ այլ երևույթների խորքային բնույթը: Պետության և իրավունքի տեսությունը հանդիսանում է նաև փիլիսոփայական գիտություն, որովհետև ուսումնասիրում է պետությունը և իրավունքը որպես համընդհանուր ունիվերսալ երևույթներ: 3.Պետության և իրավունքի տեսությունը հանդիսանում է ֆունդամենտալ գիտություն, որովհետև մշակում է պետաիրավական ոլորտի առաջնային ընդհանուր և կարևորագույն