Skip to main content

Ղարաբաղը պատնեշից կամրջի վերածելով

 

Մի շարք հոբելյանների համընկնումը պարզ տոնակատարությունից ավելին է պահանջում: Ճիշտ է, շատ բան կա տոնելու Հելսինկիի եզրափակիչ ակտի և Փարիզյան խարտիայի ընդունումից հետո: Առաջինը գրվել է սառը պատերազմի ժամանակաշրջանում՝ հակամարտությունը թուլացնելու և կողմերին ընդհանուր արժեքների շուրջ համախմբելու համար, այն դեպքում, երբ ընկալումն այնպիսին էր, թե հենց այդ արժեքներն են բաժանում կողմերին: Մենք այսօր բոլորս այդ առեղծվածի օգուտները քաղողն ենք. ձևը դարձել է բովանդակություն, և ԵԱՀԿ-ն է այդ փոխակերպման արտահայտությունը:

Փարիզյան խարտիան շարունակեց այն տեսլականը, թե ինքնիշխան պետությունների միջև անվտանգությունն ու համագործակցությունն ապահովելու համար պետք է հարգանք գոյություն ունենա այնպիսի հիմնարար սկզբունքների հանդեպ, ինչպիսիք են մարդու իրավունքները, օրենքի գերակայությունը և ժողովրդավարությունը:

Ավելին, Եվրոպական անվտանգության խարտիան, որն ընդունվեց 1999թ. պետությունների ղեկավարների կողմից, պարզորոշ է դարձնում, որ այդ իրավունքներից զրկելը կարող է սպառնալիք դառնալ անվտանգության համար: Այսպիսի քաղաքական ու վարչական ոտնահարումները զուտ «ներքին գործերի» շրջանակներում քողարկելու ջանքերն ավելի ու ավելի սին են դառնում: Անվտանգությունը կարող է նույնչափ վտանգվել նրանից, ինչ կատարվում է երկրների ներսում, որքան նրանից, թե ինչ է կատարվում երկրների միջև: Սակայն հիմնարար նորմերին ու սկզբունքներին հավատարիմ մնալը ոչ մեկի համար հեշտ չէ: Եվ սրանում է ԵԱՀԿ-ի ամենամեծ խնդիրը. գտնել այն մտածված հավասարակշռությունը, երբ սխալն ուղղելու համար օգնության ձեռք են մեկնում այն երկրներին, որտեղ այս նորմերն ու սկզբունքները շարունակաբար թերացել են կատարել, միաժամանակ տեսադաշտից բաց չթողնելով ամենաէական ու առանցքային խնդիրները, որոնք պետք է լուծում գտնեն, եթե փորձում ենք կառուցել կայուն, համահունչ, համագործակցող ու անվտանգ Եվրոպա:

Կասկած չկա, որ Լեռնային Ղարաբաղի շուրջ հակամարտությունը լուրջ վտանգ է ներկայացնում մեր տարածաշրջանի և դրանով իսկ՝ ողջ Եվրոպայի կայունության համար: Չնայած փոխզիջումային լուծման հասնելու կողմերի ստանձնած հանձնառությանը, այդ ուղղությամբ շատ առաջխաղացում չի գրանցվել: Ինչ տեսք էլ ընդունի այդ փոխզիջումային տարբերակը, մենք հավատացած ենք, որ դրան կհասնենք ինքնորոշման ու տարածքային ամբողջականության սկզբունքների միջև ճիշտ հավասարակշռությունը հաստատելով: Պատմության որևէ փուլում Լեռնային Ղարաբաղը չի եղել Ադրբեջանի մասը, բացառությամբ՝ խորհրդային շրջանի: Չնայած այս իրականությանը և անցած 10 տարիների իրականությանը՝ կանոնավոր ու իրավական անջատումով, իր ողջ տարածքի լիարժեք վերահսկողությամբ, իր ժողովրդի կողմից պատշաճ կերպով ընտրված կառավարությամբ Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի հայերը ցանկանում են նստել բանակցային սեղանի մոտ և համաձայնության գալ մի կարգավիճակի շուրջ, որն ընդունելի է Ադրբեջանի համար, որպեսզի մենք կարողանանք հասնել Լեռնային Ղարաբաղում ու տարածաշրջանում երկարատև խաղաղության ու կայունության հաստատման ու պահպանման մեր նպատակին: Ցավոք, այս հարցում Ադրբեջանը մեզ չի ընդառաջում: Մենք հաճախ ենք լսում Ադրբեջանի բազմաթիվ մեղադրանքներն այսօրվա իրավիճակի շուրջ՝ առանց հղում անելու ընդամենը մի քանի տարի առաջ ուժի կիրառմանը, էթնիկական զտմանը դիմելու ու հակամարտության արմատական քաղաքական խնդիրներին ռազմական լուծում տալու իր իսկ՝ Ադրբեջանի ջանքերին: Մենք չենք կարծում, որ այսպիսի ձևակերպումներն ու մտածողությունը օգտակար կարող են լինել գործընթացի համար: Մենք համոզված ենք, որ պերճաբանությանը վերջ տալուն և ճիշտ հավասարակշռությունը գտնելու միջոցով կարգավորմանը հասնելուն այլընտրանք չկա: Եվ այստեղ է, որ ԵԱՀԿ-ն խիստ օգտակար կարող է լինել:

Մենք չպետք է սպասենք պատերազմի վերսկսմանը, նոր արյունահեղությանն ու հետագա տարանջատմանը՝ մեր տարածաշրջանը փակուղուց դուրս բերող նոր ու արդյունավետ մեթոդներ մշակելու համար: Չկարգավորված հակամարտությունները նաև նեխող հակամարտություններ են: Ճգնաժամերի կառավարումը, հակամարտությունների կարգավորումը և հետհակամարտային վերականգնումը պետք է միաժամանակ քննարկվեն: Ուղղագիծ մոտեցումները չեն աշխատի, և ժամանակն է ԵԱՀԿ-ի համար եղանակների ու նախաձեռնությունների նոր համակարգ քննարկելու՝ «սառեցված» իրավիճակներից դուրս գալու համար, որքան էլ դրանք ոչ ավանդական թվան:

Փոփոխություններին հարմարվելու արհեստականորեն կանխելու ջանքերն են, որ ճնշում են առաջացնում և պոռթկում՝ բռնության ու պայթյունի տեսքով: Լեռնային Ղարաբաղում, ինչպես և այլուր, մենք ավելի զբաղված ենք եղել վերականգնմամբ, քան նոր կառուցվածքների համար կանոնների մշակմամբ: Գուցե նոր կանոններ ուսումնասիրելու նախաձեռնության բացակայությունն արդյունք է համընդհանուր այն վախի զգացողության, այն մտավախության, որ գոյություն ունեցող կանոնների հետ խաղալը կարող է վտանգել ամբողջ կառույցը, գոյություն ունեցող ճարտարապետության հասկացությունները հարցականի տակ դնել:

Այս հարցում մենք այնքան էլ համոզված չենք, որ կառույցը, որի արմատները մոտ 350 տարվա վաղեմություն ունեն, չի կարող որոշակի ամրացման, որոշ իրավական, լավ մտածված և ընտրովի ձևափոխումների ենթարկվել: Ի վերջո, վերջին 50 տարիների ընթացքում Եվրոպան մեծ լաբորատորիա է եղել, մի խիզախ գիտափորձ՝ հետազոտելու և ինստիտուցիոնալացնելու ընկերակցության, ինտեգրացիայի, փոխլրացման և լրացման նոր հասկացությունները, որոնք փորձության են ենթարկում ինքնիշխանության և ազգային ինքնության, հանրային շահի, սահմանների ու տարածքայնության, միասնաբար որոշումներ կայացնելու հասկացությունների սահմանները: ԵԱՀԿ-ն պետք է ստանձնի փոփոխությունը կառավարելու, ոչ թե այն կանխելու խնդիրը, եթե պետք է պահպանի իր կարևորությունը հին ու նոր մրցահայտերի առումով: Եզրափակիչ ակտում մրցակցող և միմյանց հակասող սկզբունքները, ինչպիսիք են՝ ինքնորոշումը և տարածքային ամբողջականությունը, չպետք է ուղաձիգ հարթության մեջ դիտվեն՝ որպես «կամ-կամ», որպես «ամբողջը կամ ոչինչ» խաղի երկու բաղադրիչ: Նոր, ճկուն բաղադրիչներ պետք է մտածվեն, ծանր ու թեթև արվեն, ներդրվեն՝ ընտրության հնարավորությունների շրջանակը հարստացնելու համար, համակերպումը թույլատրելու համար, լարվածությունը թուլացնելու և լուծումներն ամրապնդելու համար:

Մենք համոզված ենք, որ ԵԱՀԿ-ն միանշանակորեն ունի այս ուսումնասիրությունն իրականացնելու կարողությունը՝ որպես Եվրոպայում անվտանգության և համագործակցության առավել ամուր ճարտարապետության համար անհրաժեշտ քաղաքական միջոցների մշակման ճանապարհին մեկ այլ որոշիչ քայլ: Ոմանք աներկբայորեն կառարկեն, թե ոչ ավանդական լուծումներն ավելի լավ են մշակվում դիպվածային ու դեպք առ դեպք պարագայում: Ճշմարիտ է: Վերջիվերջո, ցանկացած լուծում պետք է արտացոլի յուրաքանչյուր հակամարտության առանձնահատկությունները: Այդուհանդերձ, ընդհանուր կանոնները, ճկուն կանոնները, համակերպվող կանոնները, հնարավորություն տվող և կարողություններով օժտող կանոններն են, և ոչ թե խստորեն սահմանափակող սկզբունքները, որ արգելում են որևէ շեղում, հեշտացնում են լուծումների մշակումը, վտանգում են անգամ չներգրավված անդամ-պետությունների դավանանքը:

Մեզ համար խաղաղությունը Լեռնային Ղարաբաղում անպայմանորեն նշանակում է՝ մեր հարևանի հետ թշնամության ու առճակատման վիճակից անցում կատարել համագործակցության ու փոխադարձաբար ամրապնդված անվտանգության վիճակի: Մենք կցանկանայինք մտածել այն օրվա մասին, երբ Լեռնային Ղարաբաղը մեր երկրներն անջատող պատնեշից կվերածվի կամրջի՝ կառուցված ի շահ մեր երկրների ժողովուրդների:

Նյութի աղբյուրը՝ Վարդան Օսկանյան- «Անավարտ տասնամյակ. ելույթների ընտրանի»


Comments

Popular posts from this blog

Պետության և իրավունքի տեսություն

  Պետության և իրավունքի տեսության հասկացությունը, առարկան և մեթոդաբանությունը Պետության և իրավունքի տեսությունը հանդիսանում է առաջնային, կարևորագույն իրավաբանական գիտություն: Գիտությունը հանդիսանում է ինտելեկտուալ գործունեություն: Պետության և իրավունքի տեսությունը ուսումնասիրում է հասրակական կյանքի պետաիրավական ոլորտը: 1.Պետության և իրավունքի տեսությունը հանդիսանում է համատեսական գիտություն, որովհետև ունի ուսումնասիրության լայն ընդարձակ ոլորտ՝ հասարակական կյանքի պետաիրավական ոլորտն ամբողջությամբ: 2.Պետության և իրավունքի տեսությունը հանդիսանում է փիլիսոփայական գիտություն, որովհետև ուսումնասիրում է պետության և իրավունքի, պետաիրավակաբ այլ երևույթների խորքային բնույթը: Պետության և իրավունքի տեսությունը հանդիսանում է նաև փիլիսոփայական գիտություն, որովհետև ուսումնասիրում է պետությունը և իրավունքը որպես համընդհանուր ունիվերսալ երևույթներ: 3.Պետության և իրավունքի տեսությունը հանդիսանում է ֆունդամենտալ գիտություն, որովհետև մշակում է պետաիրավական ոլորտի առաջնային ընդհանուր և կարևորագ...

Բազմակողմ դիվանագիտություն

  Բազմակողմ «դիվանագիտություն» հասկացությունը: Պատմական ակնարկ և կայացման հիմնական փուլերը: Բազմակողմ դիվանագիտության դերակատարության բարձրացումը 20-րդ դարի երկրորդ կեսին Բազմակողմ դիվանագիտությունը երկուսից ավել կողմերի միջև վարվող բանակցություններն են, մի քանի դերակատարների մասնակցությամբ միջազգային համաժողովները, միջազգային կազմակերպությունների շրջանակներում իրականացվող դիվանագիտական աշխատանքը: Դասական բազմակողմ դիվանագիտության առաջին օրինակ է համարվում 1814-1815թթ. Վիեննայի կոնգրեսը, սակայն բազմակողմ դիվանագիտության սաղմեր կարելի է հանդիպել նաև Հին Հունաստանի քաղաք-պետությունների կողմից վարվող դիվանագիտության մեջ, ինչու չէ, նաև միջին դարերում կնքվող դաշինքներն ու պայմանագրերը նույնպես կարելի է դասել բազմակողմ դիվանագիտության նախատիպերի շարքին, օրինակ՝ 1648թ. Վեստֆալյան պայմանագիրը: Առաջին դասական միջազգային կազմակերպություններն են՝ Հռենոսով նավարկության կենտրոնական հանձնաժողովը՝ մշտական քարտուղարությամբ, որը ստեղծվել էր Վիեննայի կոնգրեսի որոշմամբ և առաջին հանդիպումն անցկա...

Միջազգային գործընթացների վերլուծությունը ազգային անվտանգության համատեքստում

ՀՀ արտաքին քաղաքականության սկզբունքներն ու գերակայությունները https://www.mfa.am/hy/speeches/2019/08/27/fm_opening_remarks/9782 ՀՀ ազգային անվտանգության ռազմավարություն https://www.gov.am/am/National-Security-Strategy/ https://www.un.org/disarmament/wmd/nuclear/npt/text/ https://www.un.org/ru/documents/decl_conv/conventions/npt.shtml https://www.undocs.org/S/RES/2231(2015) https://undocs.org/ru/S/RES/2231(2015) https://www.worldbank.org/en/news/press-release/2019/11/06/world-bank-lebanon-is-in-the-midst-of-economic-financial-and-social-hardship-situation-could-get-worse https://www.transparency.org/en/countries/lebanon https://www.forbes.com/profile/saad-hariri/?sh=45cebbdb65b5 Դասախոսություն 1. Միջազգային գործընթացների հասկացությունը և սուբյեկտները Միջազգային գործընթացները հավաքական հասկացություն է: Այն իրենից ներկայացնում է միջազգային հարաբերությունների հիմնական դերակատարների՝ պետությունների, միջպետական և ոչ պետական տարբեր կազմակերպությունների, տարատեսակ կառույցների, միավորումների, հ...