Մակեդոնիայի թագավոր Փիլիպոս II-ին հաջողվեց միավորել երկիրը
և դուրս բերել նրան զարգացման ճանապարհ: Արգեադների հարստության ներկայացուցիչ Փիլիպոս
II-ը ծնվել է ք.ա. 382թ.: Նրա հոր՝ Ամյունտաս III թագավորի մասին որոշ (թեև հակասական)
տեղեկություններ են հայտնում Դիոդորոսն ու Հուստինոսը: Ըստ նրանց, Ամյունտաս III-ի
կյանքն անցել էր Մակեդոնիայի թագավորական իշխանության հաստատմանն ուղղված անվերջանալի
պայքարում: Փիլիպոսի մայրը՝ Էվրիդիկեն, որն իր անսանձ բնավորության համար կրում էր
«վայրենի Էվրիդիկե» մականունը, սերում էր Վերին Մակեդոնիայի Լինկեստիդա մարզի ազդեցիկ
ազնվական տոհմից: Լինելով արքայորդի, Փիլիպոսը գահերեցությունը զիջում էր երկու ավագ
եղբայրներին ու նրանց ուղղակի ժառանգներին: Սակայն Էվրիդիկեի ու նրա տարփածուի՝ գահին
հավակնող անտոհմիկ փեսայի ոճրագործությունների շարանը տակնուվրա արեց գահաժառանգման
կարգը, և թագը վաղաժամկետ բաժին հասավ Փիլիպոսի մանկահասակ եղբորորդուն: Որոշ ժամանակ
Փիլիպոսը եղավ պատանի թագավորի խնամակալը, այնուհետև վռնդեց ապաշնորհ ազգականին ու
ք.ա. 359թ. իր ձեռքը վերցրեց Մակեդոնիայի կառավարումը:
Մակեդոնիան քաոսից դուրս բերելու համար Փիլիպոսը գործադրեց
վիթխարի ռազմական ու դիվանագիտական ջանքեր: Նա կարողացավ կաշառքներով ու շռայլ խոստումներով
գնել հարևանների չեզոքությունն ու այդպիսով ժամանակ շահել իր ուժերի համախմբման համար:
Դրան հաջորդեցին ռազմական հաջողությունները, որոնց շնորհիվ Մակեդոնիան ոչ միայն կասեցրեց
հարևանների ոտնձգությունները, այլև տիրացավ այդ երկրների բնական պաշարներին, որոնցից
նշանակելի էին Թրակիայի երկաթի ու ոսկու հանքավայրերը: Եվ, ամենակարևորը՝ Մակեդոնիային
հաջողվեց Թրակիայից դուրս գալ դեպի Էգեյան ծով և հաստատվել Բալկանյան հարուստ ափերում:
Առևտրի ու տնտեսական կապերի աշխուժացման նպատակով Փիլիպոսը
շրջանառության մեջ դրեց ոսկու բարձր պարունակությամբ փիլիպիկ մետաղադրամը:
Իր երկրի հզորացման համար Փիլիպոսը միջոցներ չէր խնայում,
նախընտրում էր հակառակորդին գերազանցել ոչ թե մարտադաշտում, այլ խորամանկությամբ: Փիլիպոսը
բարձր էր գնահատում դավադիր գործարքների արդյունավետությունը և հաճախ էր կրկնում սիրած
ասույթը. «Չկա այնպիսի անառիկ բերդ, որը չկարողանա նվաճել ոսկով բեռնված էշը»:
Թագավորը խուսափում էր տաքարյուն, հապճեպ որոշումներից և
իր առջև անլուծելի խնդիրներ չէր դնում: Նա աչքի էր ընկնում անձնական խիզախությամբ,
մարտի դաշտում ստացել էր բազմաթիվ վերքեր ու կորցրել աչքը նետի հարվածից: Գրավոր աղբյուրների
վկայությամբ, մարտի ամենաթեժ պահերին Փիլիպոսը երբեք գլուխը չէր կորցնում և ցուցադրում
էր անսասան կորով: Սուր ու սթափ միտքը, մարդկանց ներքին մղումների և արատների իմացությունը
նրա հաջողությունների գրավականն էին: Փիլիպոսի վայելուչ ու անկաշկանդ վարքի, զուսպ
արիության դիմակի տակ, սակայն, թաքնված էին գիշատիչ ուխտադրժություն ու պաղ դաժանություն:
Մակեդոնական վերնախավի ապրելաոճի կարևոր մասն էին խրախճանքներն
ու շվայտ կյանքը: Փիլիպոսն արքունիքի վակխանալիաների մոլի մասնակիցն էր և սկզբնական
շրջանում հայտնի էր ոչ այնքան իր սխրանքներով, որքան այլասերվածությամբ ու գինեմոլությամբ:
Ի վերջո, Փիլիպոսը իր անզսպելի կրքերի զոհը դարձավ:
Սակայն հենց Փիլիպոսին հաջողվեց կառուցել միացյալ, հզոր ու
հարստացած երկիր, և հեռու չէր պահը, երբ Մակեդոնիան հանդգնելու էր խառնվել Հունաստանի
գործերին:
Հին Մակեդոնիայի բանակը
Պատանի Փիլիպոսը քաղաքական պատճառներով որոշ ժամանակ գտնվել
էր հունական պոլիս Թեբեում որպես պատվավոր պատանդ: Հենց այնտեղ, հելլենական մշակույթի
ազդեցությամբ ձևավորվեցին ապագա քաղաքական ու ռազմական գործչի աշխարհայացքը և նկրտումները:
Բանակաշինության գործում Փիլիպոսը կատարեց արմատական բարեփոխումներ,
ընդօրինակելով ու զարգացնելով ժամանակի առաջատար երկրների՝ Հունաստանի ու Պարսկաստանի
ձեռքբերումները: Լինելով ք.ա. IV դարի փայլուն հույն ռազմագետ Էպամինոնդասի երկրպագուն,
Փիլիպոսն օգտագործեց նրա մշակած սկզբունքներն ու նորամուծությունները և իր որդի Ալեքսանդրին
թողեց անգնահատելի ժառանգություն՝ իր ժամանակի ուժեղագույն բանակը:
Մակեդոնիայի յուրաքանչյուր մարզ պարտավոր էր բանակ ուղարկել
սահմանված քանակով զինվոր, ընդհանուր թվով՝ 30000 հետևակային ու 3000 հեծյալ: Անվերջանալի
հաղթարշավներում կուտակած ավարը կազմում էր զինված ուժերի նյութական հիմքը: Բանակի
մի մասը՝ արքայական զորքը, կազմված էր ծանր հեծելազորից (հեթայրներից) և վահանակիր
հետևակից (հիպասպիստներից), որոնք իրար համալրում ու պաշտպանում էին: Մյուս՝ աշխարհազորային
մասը, բաղկացած էր տարբեր գնդերից, որոնց թվում էր հռչակավոր մակեդոնական փաղանգը:
Այդպիսի բաժանումը հավասարակշռում էր բանակի կազմի երկու հիմնական սոցիալական խավերին՝
ազնվատոհմիկներին ու ռամիկներին:
Փիլիպոսի կարևոր նորարարությունն այն էր, որ մինչ այդ հիմնականում
սուրհանդակության և բեռնափոխադրման համար օգտագործվող նժույգներին նա դարձրեց կանոնավոր
հարվածային զինուժ: Բանն այն էր, որ հունական ձիերը երկար ժամանակ զիջում էին ասիականներին,
և միայն Փիլիպոսի անդադար ջանքերի շնորհիվ հաջողվեց ազնվացնել մակեդոնական նժույգների
ցեղայնությունը:
Ծանր հեծելազորի կորիզն էին հեթայրները՝ արքայի ազնվազարմ
«բարեկամները»: Նրանցից կազմված հատուկ հեծելավաշտը կատարում էր թագավորի համհարզների
ու թիկնապահների պարտականությունները, սեղանակցում նրա խնջույքներին ու միասին կիսում
ռազմավարը: Հեթայրները հեծնում էին հյութալի մարգագետիններում բուծված հուժկու նժույգներ,
զինված էին ինքնատիպ սուսերով ու նիզակներով, որոնք պիտանի էին ոչ միայն ձեռնամարտի,
այլև նետելու համար, պաշտպանված էին վահաններով ու բրոնզե սաղավարտներով: Նրանք հմտորեն
տիրապետում էին ձիավարությանը, և թշնամական հեծելազորը գրեթե երբեք չէր դիմակայում
հեթայրների գրոհին: Սկզբնական շրջանում հեթայրները հաշվվում էին 1800 միավոր, այնուհետև
նրանց թիվը հասավ 2500-ի:
«Բարեկամներից» բացի, մակեդոնական հեծելազորը համալրված էր
ենթակա ու դաշնակից պետությունների զորագնդերով: Թեսալիան մատակարարում էր հայտնի թեսալիական
ծանր հեծելազոր, որը գրոհում էր յուրօրինակ շեղանկյունաձև դասավորումով: Թրակիացիք
ու իլլիրիացիք ներկայանում էին թեթևազեն հեծյալներով, որոնք իրենց արագաշարժ և դիմացկուն
կարճահասակ երիվարներով անփոխարինելի էին դարաններից հանկարծակի գրոհելու և թշնամուն
հետապնդելու համար:
Այդ ժամանակների նժույգը հանդերձավորված չէր ասպանդակով,
թամբով, պայտով, այնպես որ հեծելարվեստը արտակարգ հմտություն էր պահանջում:
Թագավորի անձնական պահակազորում ծառայող մակեդոնական ազնվազարմ
պատանիները կազմում էին դրանիկների գունդը:
Ծանր հետևակի բռունցքն էր մակեդոնական փաղանգը, որն ավանդական
հունական փաղանգի կատարելագործումն էր: Զորաշարքի առաջնային օղակը կոչվում էր սինտաղմ
և սովորաբար բաղկացած էր 16 տողանից, ամեն մեկում՝ 16 զինվոր: Այսպես կոչված փոքր փաղանգը
միավորում էր 16 սինտաղմ, իսկ մեծ փաղանգը բաղկացած էր ավելի քան 16000 զինվորից: Վերադասավորումները
կատարվում էին ըստ սինտաղմների: Փաղանգայինները պաշտպանված էին սաղավարտով, փոքր ու
թեթև վահանով և զինված էին 3-6 մետրանոց սարիսով (նիզակով): Առաջին գծի զինվորների
նիզակներն ավելի կարճ էին, հետևի շարքերն իրենց զենքը դնում էին առջևինների ուսերին:
Փաղանգայինը բռնում էր սարիսը երկու ձեռքով, վահանը գոտիով ամրացնում մարմնին, և մարտադաշտում
ահեղաբար ցցվում էր սարիսների անտառը: Զորաշարքը նախատեսված էր թշնամու ճակատը ճեղքելու
համար և գրոհի ժամանակ իր ահարկու դանդաղ դոփյունով սոսկալի հոգեբանական ազդեցություն
էր գործում: Փաղանգը, այնուհանդերձ, խոցելի էր թևերից ու թիկունքից, որոնք հարկ էր
լինում պաշտպանել թեթևազեն հետևակի կամ հեծելազորի մասերով: Կտրտված տեղանքում փաղանգը
կորցնում էր ամրակուռությունը և դառնում անզոր: Կիրառվում էր փաղանգի ու ծանր հեծելազորի
զուգակցումը՝ մուրճի ու զնդանի եղանակով: Հակառակորդը քշվում էր փաղանգին ընդառաջ,
այնուհետև հեծելազորը արագ գրոհով զարկում էր ծուղակում հայտնված թշնամուն: Այդ հնարքը
հաջողությամբ կիրառվեց Քերոնեայի ու Գավգամելայի ճակատամարտերում: Հատկապես նշանակալի
եղավ փաղանգի դերը Ալեքսանդրի վերջին խոշոր ճակատամարտում՝ Հյուդասպ գետի ափին, երբ
նա ճակատ առ ճակատ դուրս եկավ հնդկական մարտական փղերի դեմ:
Մակեդոնական զորքի ընտրանի հետևակն էին հիպասպիստները, որոնց
սպառազինությունը կազմված էր վահանից, քաթանե զրահից, սաղավարտից, նիզակից ու սուսերից:
Հիպասպիստը հավասարապես մարտունակ էր թե՛ ձեռնամարտում, թե՛ մարտաշարքում: Ալեքսանդրը
բացառիկ խիզախություն ցուցադրած հիպասպիստներին պարգևատրում էր արծաթապատ վահանով:
Հետևազորի կարևոր մասն էին պելտաստները կամ «վազողները»,
որոնք առավելագույնս իրենց դրսևորեցին Գավգամելայի ճակատամարտում: Հատուկ դիրք զբաղեցնելով
հեծելազորի պաշտպանության ներքո, պելտաստների խնդիրն էր արագ մոտենալ ու նպատակակետ
հարված հասցնել թիրախին: Պելտաստի զենքերը՝ վահանը, նիզակը, պարսատիկն ու տեգը, հնարավորինս
թեթևացրած էին: Փիլիպոսին հմուտ նիզակահարներ ու տեգահարներ էին տալիս հարևան ագրիանացիները,
իսկ նետաձիգներ՝ Կրետե կղզին:
Մակեդոնական բանակում ընդգրկված էին նաև Հունաստանի ուժերը:
Հունական հանրահայտ ծանրազեն հետևակայինները՝ հոպլիտները, զինված էին վահանով ու նիզակով,
զրահապատ սաղավարտով ու սռնապաններով:
Ե՛վ Փիլիպոսը, և՛ հետագայում Ալեքսանդրը չափազանց լուրջ էին
վերաբերվում բանակի տեխնիկական զինվածությանը: Սիցիլիացի ինժեներներից փոխառված գյուտերը
կիրառվում էին բազմատեսակ պաշարողական մեքենաներում և հարմարանքներում: Փիլիպոսն առաջինն
էր Հելլադայում, ով սկսեց քաղաքները գրավել գրոհով, այլ ոչ թե պաշարելով: Բաբանների,
քարանետ զենքերի, հսկայական «հելեպոլիս» աշտարակների, գրոհային սանդուղքների տեղադրման
ու խնամքի համար հատկացված էին մասնագիտացված ջոկատներ: Բարձր էին գնահատվում կամրջանավեր
կառուցողները, շինարարները, տեղագրիչները:
Հայր և որդի Մակեդոնացիները մեծ ուշադրություն էին դարձնում
բանակի մատակարար ծառայությունների անխափան աշխատանքին: Նրանց օրոք ռազմական գործը
սկսում է արվեստից դառնալ գիտություն, որի մասին վկայում են բանակի կառուցվածքը, խնամքով
սարքավորված թիկունքային բազաները, կանոնավոր կապը տարբեր զորամասերի միջև, ռազմական
միջոցառումների անցկացման կարգուկանոնը:
Առաջնային նշանակություն էր տրվում հետախուզությանը, որը
կատարում էր հակառակորդի շարքերում դավաճանների ու կողմնակիցների հավաքագրում, կազմակերպում
լրտեսություն և այլ գաղտնի գործողություններ ու բանսարկություններ:
Մակեդոնիայի զինված ուժերի մասն էր նաև նավատորմը, որը, սակայն,
զիջում էր և՛ հունականին, և՛ պարսկականին:
Հատուկ ուշադրություն էր դարձվում զինավարժությունների կանոնավոր
անցկացմանը և ստորաբաժանումների ներդաշնակ համագործակցմանը: Զինվորները կատարելագործում
էին իրենց հմտությունները ինչպես ռազմադաշտում, այնպես էլ կարճատև զինադադարների ժամանակ:
Նույնիսկ աշխարհազոր ստորաբաժանումներն աչքի էին ընկնում իրենց բարձր պատրաստունակությամբ:
Բազմաթիվ ռազմարշավներում տոկունացան ու կոփվեցին Փիլիպոսի
մարտընկերները, որոնցից առավել նշանավորն ու վաստակաշատն էին զորավարներ Անտիպատրոսն
ու Պարմենիոնը:
Այդպիսով, Փիլիպոսի ստեղծած բանակը նախադեպը չունեցող մի
կառույց էր, որը ամեն պահ ու ամեն պայմաններում պատրաստ էր մարտի ելնել թշնամու դեմ:
Քաղաքական իրադրությունը Պարսկաստանում,
Հունաստանում և Մակեդոնիայում ք.ա. IV դարի կեսերին
Ք.ա. IV դարի երկրորդ կեսը հարուստ էր աշխարհաքաղաքական խոշոր
անցուդարձերով, ինչը պայմանավորված էր հետևյալ հանգամանքներով:
Չնայած արտաքին փայլին ու պերճանքին, ակնհայտ էր, որ Աքեմենյան
Պարսկաստանը հետզհետե մտնում է իր անկման փուլը: Երկրի կառավարելիության ռեսուրսները
սպառված էին: Համատարած պատեհապաշտությունը, այլասերվածությունն ու ընչաքաղցությունը՝
քաղաքական տարուբերումների հենքի վրա, խարխլում էին պետականության բարոյական հիմքերը:
Անցյալում էին մնացել Արքայից արքաների սխրանքներն ու նվաճումները, ամենուրեք ծագում
էին խռովություններ, դժգոհություն, կենտրոնախույս նկրտումներ և արյունահեղ հաշվեհարդարներ:
Արքունիքը մտահոգված էր գոնե եղածի պահպանմամբ: Տեղի ունեցող խմորումները վաղուց արդեն
գտնվում էին հույների ուշադրության կենտրոնում, և փոքրասիական հողեր ու ստրուկներ զավթելու
ցանկությունը, ինչպես նաև պարսիկներից վրեժխնդիր լինելու տենչը դառնում են նրանց հրատապ
խնդիրը:
Սակայն հունական աշխարհը նույնպես գալարվում էր ճգնաժամի
ճանկերում: Վաղեմի թշնամի Պարսկաստանը ջանք չէր խնայում պոլիսների միջև եղած հակասությունները
խորացնելու և հակառակորդի ճամբարում իր համախոհների թիվը ավելացնելու համար: Նա շարունակ
թշնամացնում էր հույներին միմյանց հետ՝ իր ոսկին գցելով կշեռքի այս կամ այն նժարը:
Հունական աշխարհը, մտահոգված պարսկական սպառնալիքով, ահազանգում էր երկրի անկայուն
ու խոցելի վիճակի մասին: Միասնական համահելլենական դաշնության անհրաժեշտությունը գիտակցում
էին բոլոր սթափ ուժերը:
Ք.ա. IV դարի կեսերին Հունաստանում հաստատվեց նոր քաղաքական
ձևաչափ: Երբեմնի ամենաազդեցիկ պոլիսները՝ օլիգարխիական Սպարտան և ժողովրդավարական Աթենքը,
այլևս ի վիճակի չէին ստանձնել ուժերը համախմբողի դերը: Գերիշխանությունը հետզհետե անցնում
էր վերելք ապրող հյուսիսային մարզեր Թեսալիային ու Քաղկիդիկեին, ինչպես նաև Միջին Հունաստանի
Փոկիսին, Բեովտիային, Էվբեային:
Այդպիսի անցումնային վիճակը հիանալի հնարավորություն էր տալիս
Փիլիպոսին, որը, գրավելով Աթենքի իշխանության տակ գտնվող հյուսիսային խոշոր քաղաքներ
Ամփիպոլիսն ու Պոտիդեան, սպասում էր հաջորդ հարմար առիթին՝ Հունաստանի գործերին խառնվելու
համար: Մակեդոնիայի թագավորի համոզմամբ, Հելլադայի բարօրության համար անհրաժեշտ էր
այնպիսի անձնավորություն, որը, անտեսելով կործանարար գժտություններն ու փոխադարձ անվստահությունը,
կստանձներ համահելլենական առաջնորդի դերը: Եվ այդ դերում Փիլիպոսը տեսնում էր միայն
իրեն՝ Մակեդոնիայի թագավորին:
Շուտով ներկայացավ Հունաստան ներխուժելու առիթը: Դա երկու
հարևան մարզեր Փոկիսի ու Բեովտիայի ընդհարումն էր համահունական կրոնական կենտրոն Դելփիքի
պատճառով: Փոկիսցիները զայրացած էին, որ իրենց տարածքում գտնվող Դելփիքը վարում էր
ինքնուրույն քաղաքականություն և ցուցադրում անջատողաական միտումներ: Նրանք ներխուժեցին
Դելփիքում գտնվող Ապոլլոնի սրբավայրը և թալանեցին գանձատունը: Այդ արարքի համար Բեովտիայի
գլխավոր քաղաք Թեբեն «Սրբազան պատերազմ» հայտարարեց Փոկիսին: Թեբեի հետ դաշնային պայմանագրերով
կապված Թեսալիան, այնուհետև՝ Մակեդոնիան, նույնպես դարձան պատերազմի մասնակիցներ: Ռազմական
բախումը տեղի ունեցավ ք.ա. 353թ. Կրոկուսի դաշտում, որտեղ Փիլիպոսը ջախջախեց Փոկիսի
միացյալ զորքը: Իսկ 6 տարի անց նա գրավեց Փոկիսը, պատժեց բնակիչներին և վերադարձրեց
Դելփիքի թալանված գանձերը: Երախտապարտ քաղաքացիները Փիլիպոսին շնորհեցին «Սրբավայրի
պաշտպան» պատվավոր կոչումը:
Փիլիպոսի ամրապնդված դիրքը երկյուղ առաջացրեց որոշ պոլիսներում,
և այնտեղ սկսեց ձևավորվել հակամակեդոնական շարժում: Հատկապես ազդեցիկ էր աթենացի հայտնի
հռետոր ու քաղաքական գործիչ, Մակեդոնիայի կատաղի թշնամի Դեմոսթենեսը: Փիլիպոսի դեմ
հնչող նրա հայտնի «փիլիպիկները»՝ հրապարակային ցասկոտ ու մերկացնող ելույթները, մեծ
դեր խաղացին հանրային կարծիքի ձևավորման գործում: Հակամակեդոնական ուժերը ստանում էին
նաև Պարսկաստանի աջակցությունը:
Սակայն Փիլիպոսը նաև վայելում էր շատերի համակրանքը: Քաղաքացիների
մի ստվար զանգված, հիասթափվելով ժողովրդավարական խառնաշփոթից, հիանում էր եռանդուն
մակեդոնացի միապետով և հույսեր կապում նրա ծրագրերի հետ: Փիլիպոսի ամենաազդեցիկ աջակիցներից
էր Աթենքի հայտնի քաղաքական գործիչ Իսոկրատեսը:
Եվ Փիլիպոսը շարունակում է իր հաղթական երթը: «Սրբազան պատերազմի»
ավարտի մոտ նա զավթում և ավերում է Քաղկիդիկե թերակղզու խոշոր քաղաք Օլյունթոսը և բնակիչներին
վաճառում ստրկության: Այնուհետև պատրաստվում է ներխուժել Բոսֆոր նեղուցի ու Մարմարա
ծովի մերձափնյա հունական հարուստ Բյուզանդիոն (հետագայում՝ Կ.Պոլիս, այժմ՝ Ստամբուլ)
ու Պերինթոս քաղաքները: Այդ քաղաքները հունական աշխարհի տնտեսական ցանցերի, հատկապես
Սևծովյան ավազանի ցորենի մատակարարման կարևոր օղակներն էին: Արշավանքի համար Փիլիպոսը
լրացուցիչ նավեր կառուցեց, բայց ստիպված եղավ նահանջել: Դեմոսթենեսի ջանքերով ոտքի
ելավ Աթենքը, իսկ Փոքր Ասիայի պարսիկ կուսակալները դեպի Բյուզանդիոն ուղարկեցին բազմաքանակ
օգնական ուժեր: Փիլիպոսի նահանջը բուռն ցնծությամբ ընդունվեց հակամակեդոնական ճամբարում:
Ակնհայտորեն Մակեդոնիայի համար մոտենում էր այն պահը, երբ
այլևս անհնար էր դիվանագիտական միջոցներով դիմադրել հույների չմարող թշնամանքին: Ք.ա.
338թ. Բեովտիա մարզի Քերոնեա քաղաքի մոտ տեղի ունեցավ Փիլիպոսի ամենախոշոր ճակատամարտը:
Այն ավարտվեց մակեդոնացիների համոզիչ հաղթանակով և փառք բերեց ոչ միայն Փիլիպոսին,
այլև 18-ամյա Ալեքսանդրին, որի ղեկավարած ծանր հեծելազորի հաջող գրոհը վճռորոշ դարձրեց
կռվի ելքը:
Քերոնեայի ճակատամարտը ազդարարեց հունական պոլիսների պարտությունը:
Սպարտայից բացի, բոլոր պոլիսները հերթով ընդունեցին Մակեդոնիայի գերիշխանությունը:
Վերջապես իրականանում էր ողջ հելլենական աշխարհը միավորելու Փիլիպոսի երազանքը: Նա
ժամանակ չկորցրեց մեղավորներին պատժելու համար: Ընդունելով Մակեդոնիայի ու Հունաստանի
միացյալ ուժերի գերագույն հրամանատարությունը, Փիլիպոսը պատրաստվում է արշավանքի Պարսկաստանի
դեմ: Ի կատարումն այդ ծրագրի, ք.ա. 337թ. նրա նախաձեռնությամբ Կորինթոսում տեղի ունեցավ
պոլիսների վեհաժողով, որը ստեղծեց Կորնթոսյան համահելլենական դաշինքը և վավերացրեց
Փիլիպոսի ստանձնած պարտավորությունները: Դաշինքի հռչակած նպատակները հետևյալն էին.
նախ՝ ազատագրել Էգեյան ծովի փոքրասիական ափին գտնվող հունական գաղութները, այնուհետև՝
Պարսկաստանի հետ սահմանը տեղափոխել դեպի արևելք, Կիլիկիայից դեպի Սև ծով տանող գծով:
Այդ խնդիրները լուծելու համար Ատալոսի ու Պարմենիոնի ղեկավարած
10 հազարանոց բանակը կտրեց Հելեսպոնտոս նեղուցը և մտավ Փոքր Ասիա: Սակայն արշավանքն
ընդհատվեց Փիլիպոսի մահվան պատճառով:
Փիլիպոսի ընտանիքը
Իր բուռն կյանքի ընթացքում Փիլիպոսն ամուսնացել էր մի քանի
անգամ, և յուրաքանչյուր ամուսնությունը պայմանավորված էր քաղաքական նկատառումներով:
Հարևան երկրների ազնվազարմ տոհմերի հետ հաստատվող ազգակցական կապերը նպաստում էին Մակեդոնիայի
հզորացմանը: Հատկապես ճակատագրական եղան նրա չորրորդ ու յոթերորդ ամուսնությունները:
Հարևան Էպեյրոս (այժմյան Ալբանիա) թագավորության արքայադուստր Օլիմպիադան՝ Փիլիպոսի չորրորդ կինը, դարձավ նրա որդի Ալեքսանդրի մայրը: Փիլիպոսն ու Օլիմպիադան, այդ երկու վառ անհատականությունները, սկզբում կրքոտ և բուռն սիրում էին միմյանց, սակայն տարիների ընթացքում այդ սերը վերածվեց սուր հակակրանքի: Փիլիպոսն աստիճանաբար սառչում էր կնոջից, իսկ խանդոտ, տռփալից, գաղտնածեսերի մոլի երկրպագու Օլիմպիադան թունոտ ատելությամբ էր համակվում ամուսնու և նրա մերձավորների հանդեպ: Թագուհու երկաթե կամքն ու վրեժխնդրության տենչը, ինչպես նաև Ալեքսանդրի վրա ունեցած մեծ ազդեցությունը վճռորոշ դեր խաղացին հետագա քաղաքական իրադարձություններում:
Titanium Grinder - The best tips for carving with a
ReplyDeleteThe best tips for carving ecm titanium with a It titanium security is often a titanium headers common technique suppliers of metal of carving large red 사설토토 flowers into small potatos. These small pots are often