Skip to main content

Հայոց ցեղասպանությունը և Թուրքիան

 

Հայդար փաշա կայարան.մահվան ճամփորդություն

2010թ. ապրիլի 24-ին մի քանի տասնյակ իրավապաշտպաններ բողոքի ակցիա էին անցկացնում Ստամբուլի «Հայդար Փաշա» կայարանում, որտեղից 95 տարի առաջ` 1915թ., մահվան ճամփորդության էին ուղարկել հայ մտավորականների առաջին խմբին: Նրանք պարզել էին աքսորված և դաժանաբար սպանված հայ գրողների նկարները: Թուրք և քուրդ իրավապաշտպանները, մտավորականները սգո միջոցառում անցկացրին նաև Ստամբուլի կենտրոնական հրապարակներից Թաքսիմում` ի հիշատակ 1915թ. զոհերի:

Թուրքիայի համար անսովոր այս միջոցառումները թուրք ազգայնականների հարձակումներից պաշտպանում էին շուրջ հազար ոստիկաններ: Թուրք ազգայնականները հայտարարում էին, որ հայերն են կոտորել թուրքերին: Մեկ օր անց ծայրահեղ ազգայնական «Մեծ միություն» կուսակցության ներկայացուցիչները այրեցին հայկական եռագույնը:

Մեկ տարի անց նույն օրը հիշատակի միջոցառումներ անցկացվեցին Ստամբուլում, Անկարայում, Դիարբեքիրում, Բոդրումում: Մասնակիցները դատապարտում էին 1915թ. և հետագա տարիներին տեղի ունեցածը, այն համարում «մարդկության դեմ ուղղված հանցագործություն», «մեծ ոճիր», զորակցություն հայտնում հայերին, նրանցից ներողություն խնդրում, սակայն հիմնականում խուսափում էին «ցեղասպանություն» բառից: Թաքսիմ հրապարակում այս անգամ հավաքվել էր ավելի քան 400 մարդ: Հնչում էր հայկական երաժշտություն, որի ներքո ակցիայի բոլոր մասնակիցները ծնկի էին իջել և լռությամբ հարգում էին 1915թ. զոհերի հիշատակը: Հնչեցին ելույթներ, որոնց ընթացքում անուն առ անուն հիշատակվում էին շուրջ 250 մտավորականները, ովքեր Եղեռնի զոհ են դարձել:

Հիշատակի միջոցառում տեղի ունեցավ նաև Ստամբուլի «Սուլթան Ահմեդ» պատմական վայրում: Թուրք մտավորականները պահել էին պաստառներ, որտեղ գրված էր, որ թանգարանը 1915թ. բանտ էր, որտեղ` մահվան ճամփորդությունից առաջ,   պահվում էին հայ մտավորականները: Թուրք ազգայնականները պատասխանեցին երկու գործողություններով: Թաքսիմի հարևանությամբ հավաքված մի քանի տասնյակ թուրքեր կրում էին պաստառ, որի վրա գրված էր. «Կեցցե մեր նոր ազատագրական պատերազմն ընդդեմ երկրորդ Սևրի դաշնագրի»: Ապա ծայրահեղ ազգայնական «Գորշ գայլեր» կազմակերպության անդամները, ձեռքներին ադրբեջանական դրոշներ, անցան Իստիկլալ պողոտայով` ցեղասպանության պնդումները որակելով «իմպերիալիստական ստեր»:

Թուրքիայում 1915 թվականի հիշատակումը, անկախ մասնակիցների թվից ու հնչած ելույթների բովանդակությունից, աննախադեպ էր: Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը դա կապեց հայ-թուրքական «ֆուտբոլային դիվանագիտության» հետ, հայտարարելով, թե «անգամ Թուրքիայում սառույցը կոտրվել է»: Նալբանդյանը 2008թ. ամռանը մեկնարկած Հայաստան-Թուրքիա երկխոսության հետ կապեց նաև նույն տարվա դեկտեմբերին թուրք մտավորականների «Ներողություն եմ խնդրում» նախաձեռնությունը:

Իրականում, Թուրքիայում Հայոց ցեղասպանության տաբուն քանդվել էր ավելի վաղ, և դա կապ չուներ ոչ «ֆուտբոլային դիվանագիտության» և ոչ էլ 1998թ. ցեղասպանության ճանաչման հարցը Երևանի արտաքին քաղաքական օրակարգ բերելու հետ: 1915-ը թուրքական հասարակության ներսում քննարկման ու բանավեճի ամենալուրջ ազդակը Հրանտ Դինքի սպանությունն էր 2007թ. հունվարին: Սակայն մինչ այդ էլ տաբուն քանդվում էր: Այդ տաբուները հետևողականորեն քանդողների մեջ էին 1996 թվականից գլխավորապես թուրքերենով լույս տեղնող «Ակօս»-ն ու նրա խմբագիր Դինքը, տասնյակ թուրք մտավորականներ:

2000թ. հոկտեմբերին Սաբանջը համալսարանի պրոֆեսոր Հալիլ Բերկթայը «Ռադիկալ» թերթի հետ զրույցում  «Օսմանյան կայսրության վերջին տասնամյակում առնվազն 600 հազար հայերի մահվան պատասխանատվությունը դրեց օսմանյան վերջին կառավարության ուսերին: Մինչ այդ, Թուրքիայում բնակվող որևէ այլ պատմաբան այդքան բաց չէր խոսել հայկական ջարդերի մասին. «Իմ հարցազրույցից հետո դրական շատ պատասխաններ ստացա: Միաժամանակ, ես հայտնվեցի դժոխային վիճակում: Հարցազրույցից մեկ օր անց շատ համացանցային կայքեր իմ մասին տեղեկություններ էին տեղադրել, ներառյալ մանրամասներ, որոնք սովորական լրագրողական մեթոդներով հնարավոր չէր պարզել: Դա կազմակերպված հարձակում էր: Ես ստանում էի ատելությամբ լի նամակներ: Դա բեմադրված ահաբեկում էր` կեղծ պատվախնդրություն»:

Բերկթայի խոսքերով` իրենից առաջ մի քանի թուրք մտավորականներ, ինչպես Թաներ Աքչամը կամ Ֆիքրեթ Ադանըրը, Հայկական հարցը բարձրացնում էին դեռ 1990-ական թթ.: «Բայց նրանք մեկուսացված էին Թուրքիայում բնակվող թուրքերից: Մամուլը նրանց տեսակետներին չէր անդրադառնում, ընթերցողների ոչ լայն շրջանակ ունեցող ամսագրեր կամ հրատարակություններ հրատարակում էին նրանց գրքերից մի քանիսը»,- ասել է Բերկթայը:

Թուրք պատմաբանի խոսքերով, յուրաքանչյուր պետություն ունի իր հիմնադրման առասպելը, սակայն Թուրքիայի պարագայում, շնորհիվ «քեմալական դոգմայի համառության, այդ առասպելը երբեք առարկության չի ենթարկվել», առնվազն մինչև 2000-ական թթ.: «Թուրքիան ուշ ձևավորված ազգային պետություն է: Պետական քեմալականության գերիշխանությունը թույլ տվեց, որ հիմնադրման առասպելները գոյատևեն ավելի երկար, քան մնացած ազգային պետությունների մեծ մասում: Անարատ գաղափարի մեր առասպելն այն է, որ, թեև, այլ պետություններ միգուցե էթնիկ զտումներ իրագործել են, սակայն մեր ազգային պետությունն առաքինի է, կատարյալ, սպիտակ և մաքուր»,- բացատրել է Բերկթայը:

Թուրք պատմաբանը ասել է, որ 2000թ. «Ռադիկալ»-ին տված հարցազրույցից հետո ինքը կանոնավոր կերպով օգտագործել է «ցեղասպանություն» բառը: Բերկթայը հենց իր օրինակով է ցույց տալիս Թուրքիայում խոսքի ազատության զարգացումը, հատկապես Հայոց ցեղասպանության հարցում: «Շատ հարցազրույցներ հետևեցին, ես պիտի որ քառասուն հարցազրույց տված լինեմ: Ատելության առաջին արշավն իմ դեմ տևեց երկուսուկես ամիս: Երկրորդը տևեց մեկուկես ամիս: BBC-ի հարցազրույցից հետո այն տևեց 15 օր: Իմ ասածն այն է, որ սա երկարատև գործընթաց է: Նրանք ցանկանում են քեզ վախեցնել աղմկոտ դոփյուններով: Եվ երբ չես վախենում, նրանք ավելի շուտ են հոգնում, քան դու: Նրանց էներգիան սպառվեց»:

«Երկրաշարժ» Թուրքիայում.Սաբիհա Գյոքչենի գաղտնիքը

Թուրք զինվորականությանը և ողջ Թուրքիան ցնցեց 2004թ. փետրվարին «Ակօս»-ում հրապարակված, ապա և թուրքական ամենամեծ տպաքանակ ունեցող «Հուրիյեթ» օրաթերթում արտատպված հոդվածը Թուրքիայի Հանրապետության հիմնադիր Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի հոգեզավակի՝ Սաբիհա Գյոքչենի մասին: Լրագրողներ Տիրան Լյոքմագյոզյանը և Հրանտ Դինքը «Սաբիհա-Խաթունի գաղտնիքը» հոդվածում համարձակություն ունեցան բացահայտ գրելու, որ առաջին թուրք կին օդաչուն և հորական, և մորական կողմից հայ է:

Թուրքիայի հայ համայնքում խոսվել, իսկ սփյուռքահայ մամուլում ժամանակ առ ժամանակ գրվել էր, որ Սաբիհան իրականում Խաթուն Սեբիլջյան անունով հազարավոր իսլամացված և թուրքացված հայ որբերից մեկն էր, ում հորը թուրքերը սպանել էին հայոց ցեղասպանության ընթացքում, և աղջնակը հայտնվել էր Բուրսայի որբանոցում, ապա որդեգրվել Աթաթուրքի կողմից 1925թ., երբ աղջիկը 12 տարեկան էր:

Դեռ 1972թ. սփյուռքահայ գրող Սիմոն Սիմոնյանը Բեյրութում տպագրած իր «Լեռ և ճակատագիր» հատորում պատմում է, որ Սաբիհա Գյոքչենի ընտանիքը Այնթափի Ջիբին գյուղից է: Սիմոնյանը ներկայացնում է այդ ընտանիքի անդամների անունները: Համացանցում կարելի է հանդիպել Ջիբին գյուղի շուրջ երեք տասնյակ այն հայ կանանց ու աղջիկների լուսանկարներին ու կենսագրական մանրամասները, ովքեր պահ են տրվել կամ ամուսնացել մուսուլմանների հետ: Այդ կանանց շարքում է նաև Մարիամը լուսանկարը, որը շատ նման է Սաբիհա-Խաթունի մոր՝ Մարիամի լուսանկարին:

Պոլսահայ լեզվաբան և պատմաբան Բարսեղ Թուղլաջյանը, ով մտերիմ հարաբերություններ է ունեցել Գյոքչենի հետ, բազմիցս ասել է, որ հայտնի օդաչուն ոչ միայն տեղյակ է եղել իր հայկական ծագման մասին, այլև սովորել մի քանի հայերեն բառեր ու դրանք օգտագործել իր հետ զրուցելիս:

Լյոքմագյոզյանը հավատացած է, որ եթե չլիներ իր և Դինքի «Սաբիհա-Խաթունի գաղտնիքը» հոդվածը, ապա «Հրանտը այսօր ողջ կլիներ»: Հրապարակման հեղինակը իրականում հենց Լյոքմագյոզյանն էր, ով արդեն տեղափոխվել և մշտական բնակություն էր հաստատել Հայաստանում: «Հրանտը զանգահարեց և խնդրեց, որ գտնեմ և հարցազրույց անեմ Հռիփսիմե Սեբիլջյան անունով կնոջ հետ»,- հիշում է Լյոքմագյոզյանը:

Սեբիլջյանը պատմել է, որ իր մայրը՝ Տիրուհին, 1946թ. Սիրիայից հայրենադարձվել է և ինչպես նախկինում, Հայաստանում ևս շարունակել փնտրել կորցրած քրոջը՝ Խաթունին: Տիրուհին ունեցել է 5 եղբայր և 1 քույր: Ծնողներին կորցնելուց հետո երեխաները հայտնվել են տարբեր որբանոցներում, այսպես՝ Տիրուհի և Խաթուն որբ քույրերը այլևս չեն հանդիպել, Տիրուհին չի իմացել, որ քույրը դարձել է Թուրքիայի առաջին կին օդաչուն:

«Մեկ շաբաթ թուրքական մամուլի առաջին էջում Սաբիհա-Խաթունի գաղտնիքի շուրջ ստեղծված աղմուկն էր: Թուրքիայում կարևորագույն թեմաները սովորաբար 1-2 օր են մնում մամուլի առաջին էջում, ապա տեղափոխվում են երկրորդ, հաջորդ էջեր: Իմ գրած, ապա Հրանտի կողմից որոշ մասեր ավելացրած հոդվածը ուղղակի «երկրաշարժ» առաջացրեց թուրքական մամուլում և քաղաքական շրջանակներում»,- ասում է Լյոքմագյոզյանը:

Հրանտ Դինքը գրել է. «Ակօս»-ում մեր զետեղած տեղեկությունն այն մասին, որ Աթաթուրքի հոգեդուստր Սաբիհա Գյոքչենը հայկական ծագում ունի, սվիններով ընդունվեց, ապացուցելով, որ եթե Թուրքիայում հնարավոր է խոսել 1915 թվականի զոհերի մասին, ապա վերապրածների մասին երբեք հնարավոր չի լինի»:

Ամենակոշտն արձագանքեց զինվորականությունը՝ «Սաբիհա-Խաթունի գաղտնիքը» հոդվածը որակելով «անհիմն և անազնիվ» քարոզարշավ, «ազգային արժեքներին» հասցված վիրավորանք: Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբը հայտարարեց, թե Աթաթուրքի որդեգրած դստեր ծագումը հարցականի տակ դնելը «չի նպաստում սոցիալական խաղաղությանը կամ ազգային միասնությանը»: Հայտարարության մեջ ասվում էր, որ «Աթաթուրքի ազգայնականությունը էթնիկ կամ կրոնական հիմքեր չուներ» և «սխալ է բացել լրագրողական բանավեճ, որ ծաղրում է ազգային արժեքներն ու զգացմունքները»:

Թուրքական օդային ասոցիացիան տարածած հայտարարությամբ Սաբիհա Գյոքչենի հայկական ինքնության մասին հրապարակումները որակեց «ամբողջովին հնարովի և անհիմն», ինչը «վիրավորանք է ոչ միայն Գյոքչենի, այլ Աթաթուրքի հասցեին»: «Հուրիյեթ»-ի սյունակագիրներից Էմին Չեոլաշանը գրեց, որ մահացած մարդիկ չեն կարող իրենց պաշտպանել նման «զրպարտանքից ու ստերից»:

Հրապարակումից հետո Թուրքիայում այնպիսի աղմուկ էր բարձրացել, որ Ստամբուլում ԱՄՆ գլխավոր հյուպատոս Դեյվիդ Առնեթը հարկ համարեց այդ մասին պետքարտուղարությանը տեղեկացնել խորհրդապահական հաղորդագրությամբ: Համաձայն «Wikileaks» կայքի գաղտնազերծված փաստաթղթի, հյուպատոսը 2004թ. մարտին գրել է, որ Գյոքչենի՝ ազգությամբ հայ լինելու մասին հրապարակումները «ռասիստական այլանդակ դրսևորումների» տեղիք տվեցին, սակայն «առավել մտահոգիչ է» այն, որ թուրք ծայրահեղ ազգայնականները հակաքարոզչական արշավի «թիրախ դարձրին անձամբ Դինքին»: Հյուպատոսի տեղեկություններով ՝Դինքի դեմ ուղղված գործողությունների հիմնական նախաձեռնողը «Ազգայնական շարժում» կուսակցության Ստամբուլի կառույցն է: Ստամբուլում ԱՄՆ հյուպատոսության քաղաքական պատասխանատուն հանդիպել է Դինքի հետ: Ազգայնականների հարձակումներից «ցնցված և վիրավորված» հայազգի խմբագրապետը ամերիկացի դիվանագետի հետ զրույցում նշել է, որ քննարկում է թերթի լույս ընծայումից հրաժարվելու տարբերակը:

Համացանցում կարելի է գտնել նկարներ, որտեղ 25-ամյա օդաչու Սաբիհա Գյոքչենը իր ռազմական օդանավի մոտ կանգնած՝ ձեռքին իր հասակի երկարությամբ ռումբ, պատրաստվում է թռիչքի: 1938թ. նա այդ ռումբերով հարվածներ է հասցրել Դերսիմին (այսօր՝ Թունջելի) և կարևոր դեր կատարել, որպեսզի թուրքական բանակը արյան մեջ խեղդի տեղի ալևիների ապստամբությունը:

«Սաբիհա-Խաթունի գաղտնիքը» հոդվածի հրապարակումից հետո թուրքական հետախուզության՝ MIT-ի ներկայացուցիչները Դինքին ասել են, որ Գյոքչենի հայկական ծագման հոդվածը ցասումի և ընդվզումի տեղիք է տվել: MIT-ի և Դինքի խոսակցության մասին հայտնի դարձավ վերջինիս սպանության դատական նիստերից մեկի ընթացքում՝ 2010թ.: Այս առիթով թուրքական «Թարաֆ» օրաթերթի իր սյունակում խմբագիր Ահմեթ Ալթանը հարց տվեց՝ ինչո՞ւ է այդ հոդվածը ցասում պատճառել: Սաբիհա Գյոքչենը հա՞յ է, թե՞ ոչ: Հայ է, շարունակում է Ալթանը «Սպառնալիք» վերնագրով հրապարակման մեջ: Ուրեմն ինչո՞ւ է ցասում առաջանում, երբ մեկը գրում է, որ նա հայ է. «Գյոքչենը Դերսիմ է գնացել, ռմբահարել է Դերսիմը, մարդկանց է սպանել: Դա ցասում չի առաջացնում, բայց նրա հայ լինելն է ցասում առաջացնում: «Տեսեք, թե որքան ծիծաղելի է: Պետությունը մեկի վրա բարկանում է ճշմարտությունը ասելու համար: Որովհետև առկա է մտայնություն, ըստ որի Գյոքչենի՝ մարդիկ սպանելու իրողությամբ կարող ենք հպարտանալ, բայց նրա հայ լինելուց կարող ենք անհանգստանալ: Մարդ սպանելը հպարտացնող է, իսկ հայ լինելը՝ ամոթալի»:

2007թ. հունվարին սպանված Դինքը իր հրապարակումներում և ելույթներում ընդգծում էր, որ Թուրքիայի քաղաքացիություն ունեցող հայերը ազգային փոքրամասնության կարգավիճակից վերածվել են «հասարակության ընդհանուր թշնամու»: «Տարիներ շարունակ Թուրքիային սպառնացող յուրաքանչյուր վտանգի հետևում հայկական ձեռագիր են փնտրում և դա մատուցում հասարակությանը: «Հայի բիճ», «հայի լաճ» և նման այլ վիրավորական արտահայտություններ ներմուծվեցին առօրյա խոսակցականի մեջ:

Դաշույնի հարված թիկունքից

2005թ. մայիսի 25-27-ը թուրք 8 պատմաբաններ ու հեղինակներ Թուրքիայի հեղինակավոր կրթական հաստատություններից Ստամբուլի «Բողազիչի» համալսարանում՝ «Սաբանջիի» և «Բիլգիի» համալսարանների հետ համատեղ ծրագրել էին «Կայսրության փլուզման շրջանում օսմանյան հայերը.գիտական պատասխանատվության և ժողովրդավարության հարցեր» խորագրով գիտաժողով: Մայիսի 24-ին Թուրքիայի խորհրդարանում ժողովրդահանրապետական կուսակցությունից պաշտոնաթող դեսպան և արտաքին գործերի նախկին փոխնախարար Շյուքրյու Էլեքդաղը գիտաժողովը որակեց «դավաճանական նախագիծ», որի նպատակն է հայամետ քարոզչություն անել «հետազոտության անվան տակ»: «Դավաճանություն» որակումը գործածեց նաև արդարադատության նախարար Ջեմիլ Չիչեքը. «Դա Թուրքիայի ժողովրդի թիկունքին խրված դաշույն է: Մենք պետք է դադարեցնենք դավաճանության ու վիրավորանքի շրջանը, Թուրքիայի ժողովրդի դեմ իր իսկ մասը կազմող մարդկանց կողմից քարոզչության տարածումը»:

Թուրքական իշխանությունների մի մասի և հատկապես ընդդիմության հակազդեցությունը այնքան կտրուկ էր, որ «Բողազիչի» համալսարանը հետաձգեց գիտաժողովը: Վարչապետ Էրդողաննն անձամբ դիմեց այդ համալսարանի ռեկտորին և խնդրեց, որ գիտաժողովը հրավիրվի մինչև Եվրոմիության հետ անդամակցության բանակցությունների մեկնարկը՝ հոկտեմբերի 3-ը: «Բողազիչի»-ի ղեկավարությունը օգոստոսին հայտարարեց, որ գիտաժողովը կկայանա սեպտեմբերի 23-25-ը՝ հրավիրելով նաև արտգործնախարար Գյուլին: Սեպտեմբերի 22-ին, սակայն պարզվեց, որ գիտաժողովը կրկին հետաձգվում է:

Գիտաժողովը կասեցվեց Ստամբուլի վարչական դատարանի որոշմամբ, որի համար հիմք էր ծառայել Իրավաբանների միության դիմումը, որտեղ «Թուրքիայի կառավարության դեմ հանցավոր գործունեության» համար մեղադրվում էին գիտաժողովը նախաձեռնող «Բողազիչի», «Սաբանջի» և «Բիլգի» համալսարանները: Իրավաբանների միությունը հայտարարեց, որ գիտաժողովը վերջնականապես տապալված է, իսկ պաշտոնաթող թուրք սպաների միությունը գիտաժողովի հետաձգումը որակեց «համազգային հաղթանակ» և «ազգային խնդիրներին համարձակորեն տեր կանգնելու» կոչ արեց քաղաքական գործիչներին:

Նյու Յորքում գտնվող արտգործնախարար Գյուլի հակազդեցությունը խիստ էր. «Ինքն իրեն այսքան մեծ վնաս պատճառող մեկ այլ ազգ աշխարհի երեսին թերևս չկա: Հոկտեմբերի 3-ի նախօրյակին միջոցառումը ներսից և դրսից տապալողներն իրենց վերջին ճիգերն են գործադրում: Ինձ համար անակնկալ չի լինի, եթե սրանց միանան նորերը: Ինքներս մեզ վնասելու հարցում անգերազանցելի ենք»:

Ակադեմիականները, սակայն, տեղի չտվեցին: Ավելի քան 100 պատմաբաններ, սոցիոլոգներ, հեղինակներ ստորագրություններ հավաքեցին, դատապարտեցին երկրի իշխանություններին, այդ թվում՝ արդարադատության նախարարին, և պահանջեցին, որ գիտաժողովը կայանա: 2005թ. սեպտեմբերի 24-25-ին՝ ազգայնականների անընդհատ սպառնալիքների պայմաններում, «Բիլգիի» համալսարանում կայացավ դռնփակ գիտաժողով:

«Բիլգիի» համալսարանի մոտ հավաքված մի քանի հարյուր թուրք ազգայնամոլներ լոլիկների ու ձվերի գրոհով դիմավորեցին գիտաժողովի ավելի քան 250 մասնակիցներին, որոնց մեծ մասը թուրքեր էին: Վերջիններիս ազգայնամոլները սպառնացել էին, որ «դավաճանությունն անպատիժ չի մնա», որ «սա Թուրքիան է, կամ սիրի՛ր այս երկիրը, կամ հեռացի՛ր»:

Հրանտ Դինքի խոսքերով՝ գիտաժողովն ապացուցեց, որ Թուրքիան այլևս թևակոխել է անդառնալի գործընթաց ու չնայած բոլոր խոչընդոտներին, գիտաժողովը հնարավոր եղավ կազմակերպել, ինչը մեկ անգամ ևս ապացուցեց, որ «Թուրքիան հայկական հարցի կապակցությամբ նոր գործընթաց է մտել, որտեղից արդեն հետադարձ չկա»:

Արդարադատության նախարար Չիչեքը գիտաժողովի անցկացումը որակում էր դաշույնի հարված մեջքից, մինչդեռ արտգործնախարար Գյուլը ուղերձ հղեց նույն գիտաժողովի կազմակերպիչներին: Նա նշում էր, որ «թուրք ժողովուրդը հաշտ է իր պատմության և ինքն իր հետ»: Արտգործնախարարը, չհեռանալով պետական գծից, ընդգծում էր, որ հայոց ցեղասպանության մասին պնդումները «կեղծ են ու ունեն քաղաքական շարժառիթներ»:

Եվրոպական կառույցները ողջունեցին և գնահատեցին գիտաժողովի կազմակերպիչների համարձակությունն ու վճռականությունը: Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թերի Դևիսը իր աջակցությունը հայտնեց վարչապետ Էրդողանին, ով «պաշտպանեց արտահայտման ազատությունը Թուրքիայում»: Պաշտոնական Անկարայի զուսպ կեցվածքը և գիտաժողովի անցկացումը ապահովելը մեծապես կապված էին Թուրքիայի՝ ԵՄ անդամակցության գործընթացով, ինչպես նաև եվրոպական կազմակերպությունների՝ այդ միջոցառման հանդեպ սևեռուն ուշադրության հանգամանքով:

Գիտաժողովի ընթացքում թուրք ակադեմիականները հիմնականում խուսափում էին «ցեղասպանություն» բառից: Հալիլ Բերքթայն ասել է, որ «ցեղասպանություն» բառը պետք է մի կողմ դնել. «Մենք չենք կարող թույլ տալ քննարկումները սահմանափակել երկու իրարամերժ կարծիքներով՝ եղել է ցեղասպանություն, թե ոչ: Հարցը, թե ինչ է տեղի ունեցել 1915-1916թթ., առեղծված չէ: Մենք 85 տոկոսով գիտենք, թե ինչ է կատարվել, և հարցն այն չէ, որ պետք է հայտնաբերել նոր փաստեր: Հարցը գիտությունը ազգայնական տաբուներից ազատելն է»: Մուրաթ Բելգեն ընդգծել է, որ «հայկական հարցը մեր պատմության ամենամռայլ էջերից է, ոչ ոք չի ցանկանում ընդունել դա», բայց «շատերը հասկանում են, որ հին դիրքորոշումները, մերժման քաղաքականությունը պիտանի չեն»: Թուրքիայից դուրս բնակվող երկու ակադեմիականներ ավելի ազատ էին արտահայտվում: Թաներ Աքչամը իր ելույթում հիշեցրել է, որ չափազանց շատ են հայերի բնաջնջում իրականացնելու մասին փաստաթղթերը: Ֆիքրեթ Ադանըրը նշել է, որ գիտական աշխատանքներում ինքն օգտագործում է «հայոց ցեղասպանություն» եզրը. «1915-1916թթ. տեղահանման ծավալները շատ ավելին էին, քան զանգվածային կոտորածները: Մի ողջ ժողովուրդ՝ կանայք, երեխաներ, ծերեր, տեղահանվեցին ու սպանվեցին ճանապարհներին»:

Ելույթ ունեցողների մեջ էր նաև այլևս գոյություն չունեցող աջակողմյան «Արդարություն» կուսակցության անդամ, նախկին նախարար Ջևդեթ Այքանը: Ծնունդով թոքատցի Այքանը իր ելույթում ասաց, որ 20-րդ դարի սկզբին Թոքատում շուրջ 9000 հայեր էին ապրում, մինչդեռ 1924թ. մնացել էր ընդամենը 700 հայ: «Հազարավոր հայեր կորցրին իրենց տունը, գյուղը, հայրենիքը, որոշ դեպքերում՝ իրենց կյանքը»,- ասաց Այքանը, ընդգծելով, որ գիտաժողովին մասնակցում է՝ վճարելու իր խղճի պարտքը:

Անկարայի համալսարանի քաղաքական գիտությունների բաժնի պրոֆեսոր Բասքըն Օրանը ասել է, որ այս գիտաժողովով ջարդվեց վերջին տաբուն. «Աթաթուրքի քննադատությունը, Կիպրոսի և Քուրդստանի հարցերն այլևս տաբու չեն Թուրքիայում: Միայն մեկ տաբու էր մնացել՝ հայկական հարցը: Այժմ այլևս չկա այդ տաբուն»:

Ժիրայր Լիպարիտյանը ընդունում է, որ մերժողականության «պետական պատնեշը փլված է» և դա Թուրքիայում «դուռ է բացել որոշ գործընթացների համար, որոնք ավելի լայն ֆոն ունեն, քան հայոց ցեղասպանությունը»: «Այն թուրք մտավորականների համար դարձավ պետական սահմանումի, ժողովրդավարացման, բաց հասարակության, մտածելու, գրելու, հետազոտելու և խոսելու ազատության հետ կապված հարց: «Բիլգիի» գիտաժողովի մասնակիցների մեծ մասը պատրաստ չէ գործածել «ցեղասպանություն» բառը, բայց նրանք մերժում են, որ պետությունը կարողանա ասել՝ ոչ, չեք կարող զբաղվել հայկական հարցով»,- ասում է Լիպարիտյանը:

Նախքան գիտաժողովի անցկացումը Թուրքիայում մեծ աղմուկ էր հանել մեկ այլ իրադարձություն՝ կրկին կապված տաբուների ու հայկական հարցի հետ: 2005թ. սկզբից թուրք ազգայնամոլների թիրախում էր աշխարհահռչակ գրող Օրհան Փամուկը: Լայն ճանաչում ստացած ու բազմաթիվ լեզուներով թարգմանված վեպերի հեղինակը փետրվարին շվեյցարական թերթերից մեկին տված հարցազրույցում ասել էր, որ Թուրքիայում և Օսմանյան կայսրությունում 30 հազար քուրդ և 1 միլիոն հայ է սպանվել, սակայն «ոչ մեկը, ինձանից բացի, համարձակություն չունի այդ մասին խոսել»:

Մինչ Թուրքիայում որոշ շրջանակներ Փամուկին մեղադրեցին դավաճանության մեջ, ծայրահեղ ազգայնական իրավաբան Քեմալ Քերինչսիզը դատական հայց ներկայացրեց ընդդեմ գրողի: Փամուկը մեղադրվում էր 301-րդ հոդվածով՝ թուրքերի ազգային ինքնությունը վիրավորելու, թուրք ժողովրդին ու Թուրքիայի Հանրապետությանը նսեմացնելու մեջ: Հետագայում քրեական գործը կարճվեց, իսկ 2006թ. Փամուկը արժանացավ գրականության Նոբելյան մրցանակի: Թուրք ազգայնական շուրջ 8 տասնյակ մտավորականներ հայտարարեցին, թե «Նոբելյան մրցանակը ոչ թե թուրք գրականությանը շնորհված պարգև է, այլ վարձավճար Օրհան Փամուկին»:

Քրեական օրենսգրքի 301-րդ հոդվածով հետապնդվողների մեջ էին նաև Հրանտ Դինքն ու թուրք հայտնի գրող Էլիֆ Շաֆաքը, ինչպես նաև բազմաթիվ այլ լրագրողներ ու գրողներ: «Ստամբուլի ապօրինի զավակը» գրքի հրատարակումից հետո Շաֆաքը մեղադրվեց թուրքական ինքնությունը վարկաբեկելու մեջ, քանի որ գրքի հերոսներից մեկը՝ հիշատակելով հայոց ցեղասպանությունը, ասում էր. «Ես ցեղասպանությունը վերապրածի թոռ եմ: Իմ հարազատների մեծ մասը կյանքը կորցրել է 1915թ.՝ թուրք մսագործների ձեռքով»:

Թալեաթը պահանջում էր սպանված հայերի ապահովագրած գումարները

1915թ., երբ Օսմանյան կայսրության տարածքում և Արևմտյան Հայաստանում շարունակվում էր հայ ժողովրդի սպանդը, Թալեաթ փաշան մտածում էր ամերիկյան ապահովագրական ընկերություններում ի պահ դրված հայերի գումարները ստանալու մասին: Ահա թե ինչ է գրում կայսրությունում ԱՄՆ դեսպան Հենրի Մորգենթաուն հուշերի իր գրքում.

«Մի օր Թալեաթը արեց ամենազարմանալի խնդրանքը, որ ես երբևէ լսել եմ: «New York Life»-ը և «New York equitable life»-ը հայերի շրջանում ահռելի գումարներ էին ապահովագրել:

«Ես ուզում եմ»,- ասաց Թալեաթը, «որ ամերիկյան ապահովագրական ընկերությունները մեզ ուղարկեն իրենց մոտ պոլիսներ ունեցող հայերի ամբողջական ցուցակը: Գործնականում նրանք բոլորը մահացած են և չունեն ժառանգներ, որպեսզի ստանան գումարները: Կառավարությունն է հիմա ստացողը: Կանե՞ս նման բան»:

Սա արդեն չափն անցնում էր, և ես կորցրի հավասարակշռությունս:

«Ինձանից դուք նման ցուցակ չեք ստանա»,- ասացի ես, վեր կացա ու հեռացա»:

2004թ. ամերիկյան «New York life» ապահովագրական ընկերությունը համաձայնություն տվեց, իսկ 2006թ. նոյեմբերից սկսեց ֆինանսական փոխհատուցումները այն հայերի ժառանգներին ու իրավահաջորդներին, ովքեր Օսմանյան կայսրությունում ապահովագրված են եղել «New York life»-ում, սակայն զոհ են գնացել հայոց ցեղասպանությանը: Ընդհանուր առմամբ, փոխհատուցված գումարը կազմում էր գրեթե 8 միլիոն դոլար, որը բաշխվեց ավելի քան 2500 ժառանգների: Գումարի գրեթե կեսը՝ 3.6 միլիոնը փոխանցվեց Հայաստանում բնակվող ավելի քան 1200 ժառանգների ու իրավահաջորդների: «New York life»-ը փոխհատուցումներ տվեց 26 երկրներում բնակվող հայերի:

Մեկ այլ ապահովագրական ընկերություն՝ ֆրանսիական «Աքսան», 2005թ. վերջերին համաձայնվեց հայոց ցեղասպանությանը զոհ գնացած հայերի ժառանգներին ու իրավահաջորդներին, ինչպես նաև՝ Ֆրանսիայում գործող հայկական բարեգործական ընկերություններին, փոխհատուցել ավելի քան 17 միլիոն դոլար: 2007թ. նոյեմբերին «Աքսա»-ն սկսեց փոխհատուցումների վճարումը:

Թալեաթի սև տետրը. 1.1 միլիոն հայ է «անհետացել»

2005թ. թուրք լրագրող և պատմաբան Մուրադ Բարդաքչին բնօրինակի պատճենով հրապարակեց Թալեաթ փաշայի անձնական արխիվի որոշ փաստաթղթեր, իսկ 2008թ. հրապարակեց ամբողջությամբ: Թալեաթի այրին՝ Հայրիյեն, ապա թոռը՝ Այշեգյուլ Բաֆրալը տասնամյակներ պահել էին սև տետրը, որում Օսմանյան կայսրության վարչապետն ու ներքին գործերի նախարարը գրառել էր 1915թ. տեղահանված հայ բնակչության թիվը վիլայեթ առ վիլայեթ: Թալեաթի սև տետրը Բարդակիչին ստացել էր դեռ 1982թ.՝ Այշեգյուլ Բաֆրալից:

«10 տարի առաջ ես այս գրքի համար դավաճան կհամարվեի, այժմ, սակայն, մտածողությունը փոխվել է»,- խոստովանել է Բարդակչին, ով ավելի քան 20 տարի շարունակ լռության էր մատնել ձեռքի տակ եղած փաստերը: Բարդակչին սպասել է այնքան ժամանակ, երբ Թուրքիան կհասնի այն կետին, որ Մեհմեթ Թալեաթի գրագրությունները, անձնական գրառումները հրատարակելը Թուրքիայում մոլեգնություն չի առաջացնի:

Մյուս կողմից, սակայն, թուրք պատմաբանը «Թալեաթ փաշայի մնացած փաստաթղթերը» 77 էջանոց գրքի նախաբանում, որը կրում է «Ինչ է պատահել 1915թ. ապրիլի 24-ին» խորագիրը, կրկնում է թուրքական պաշտոնական թեզը, որ Օսմանյան կայսրությունում հայերը տեղափոխության են ենթարկվել՝ հերքելով հայոց ցեղասպանությունը:

Լոնդոնի «Կոմիտաս» ինստիտուտի տնօրեն, պատմաբան Արա Սարաֆյանը Բարդակչիի հրատարակությունը համարեց «ամենակարևոր փաստագրությունը 1915-1917թթ. Օսմանյան կայսրությունում հայերի զանգվածային կոտորածների վերաբերյալ»:

«2005թ.(Թալեաթի անձնական արխիվի մասնակի) հրապարակումից հետո գլխավոր բանավեճերը տանում էին թուրք պատմաբանները, որոնք ամեն կերպ մեղմացնում էին զեկույցի կարևորությունը: Նրանք մատնանշում էին այն փաստը, որ զեկույցը չունի վերնագիր, ամսաթիվ և կարող էր գրված լինել որևէ մեկի կողմից: Նրանք չէին մեկնաբանում հանգամանքը, որ այն Թալեաթի անձնական փաստաթղթերում է հայտնաբերվել, չէին քննարկում ավելի լայն համատեքստում և չէին առաջարկում իրենց իսկ կողմից բարձրացված հարցերի պատասխանները»,- ասել է Սարաֆյանը:

Բարդակչիի հրատարակությունից հետո «New York Times»-ը իր «Ամնեզիայի թիկնոցով ծածկված՝ ցեղասպանության մոտ մեկ միլիոն զոհ» հոդվածում գրեց, որ Օսմանյան կայսրության պաշտոնական վիճակագրությունից «անհետացել է 972 հազար հայ». «Այս թիվը ռումբի պայթյունի նման մի բան է Թուրքիայի համար, սակայն հրապարակված գիրքն ու դրանում տեղ գտած փաստաթղթերը, ըստ էության, այդպես էլ աննկատ մնացին»:

Թուրքիայում պատմաբանները գրեթե չանդրադարձան գրքին: Զարմանալիորեն, այն լուրջ ուշադրության չարժանացավ նաև Հայաստանի պատմաբանների կողմից, մամուլում չեղան լուրջ քննարկումներ: Լիբանանահայ պատմաբան Զավեն Մսրլյանը «Թալեաթի սև տետրակը» խորագրով ուսումնասիրություն հրապարակեց Բեյրութում, իսկ Սարաֆյանը Թալեաթի անձնական արխիվի հրապարակումից մի քանի ամիս անց՝ 2009թ. մարտին, մամուլում ընդարձակ վերլուծություն նվիրեց դրան, իսկ 2011թ. ապրիլին անգլերենով տպագրեց «Թալեաթ փաշայի զեկույցը հայոց ցեղասպանության մասին, 1917» աշխատությունը:

Ինչպես գրքում, այնպես էլ հարցազրույցներում Սարաֆյանը պնդում է, որ Թալեաթի անձնական արխիվի փաստաթղթերով իրականում տրվել է հայոց ցեղասպանության հատուկ գնահատականը: «Ես փորձում էի գնահատել Թալեաթի զեկույցի կարևորությունը որպես պատմական փաստաթուղթ: Դա անելուց հետո որոշեցի ներկայացնել զեկույցի տվյալները որպես պաշտոնական դիրքորոշում հայոց ցեղասպանության նկատմամբ՝ օսմանյան փաստաթղթերի համաձայն: Փորձել եմ նաև հնարավորության սահմաններում ներկայացնել, թե ինչպես Օսմանյան կայսրության հայկական տարբեր համայնքներ վերապրեցին այդ ժամանակահատվածը: Ես չեմ փորձում ուսումնասիրել թվերը, դա կարող է արվել ժամանակի ընթացքում»,- ասել է հայազգի պատմաբանը:

Ժամանակակից թուրքերենի և օսմաներենի գիտակ հայ պատմաբանը մերժելի է համարում «տեղափոխություն» որակումը, քանի որ իրականում Օսմանյան կայսրության հայերի մեծամասնությունը, կոպիտ հաշվարկով՝ ավելի քան 80 տոկոսը փաստորեն, ըստ Թալեաթի թղթերի, «անհետացել է 1914-ի և 1917-ի միջև ընկած ժամանակահատվածում»: «Նրանց մեծ մասը, հավանաբար, սպանվել է, իսկ մեծ քանակությամբ կանայք և երեխաներ ուղարկվել են մահմեդական ընտանիքներ»:

Թալեաթի թղթերի համաձայն՝ 1914թ. Օսմանյան կայսրությունում պաշտոնական տվյալներով հաշվարկված էր 1 միլիոն 112 հազար 614 հայ: Սարաֆյանն ընդգծում է, որ «այս թիվը ճշգրտման կարիք ունի, հատկապես եթե հաշվի առնենք, որ այդ թվականին պաշտոնական մարդահամար չէր անցկացվել»: «Թալեաթի ամփոփ վերլուծությունն ուշագրավ ծանոթագրություն է ներառում, համաձայն որի՝ զեկույցում նշված հայերի պաշտոնական թիվը 1914թ. չէր ներառում կաթոլիկ հայերին և առաքելական ու կաթոլիկ հայերի (չէին ներառվում նաև շուրջ 40 հազար հայ բողոքականները, որոնց մեծ մասը նույնպես տեղահանվել և սպանվել է) թիվը ուղղել է ու ներկայացրել 1 միլիոն 256 հազար 403: Ծանոթագրության մեջ նաև նշված է, որ հայերի ընդհանուր քանակը պետք է հասցվի մոտ 1.5 միլիոնի՝ նրանց թիվը նվազեցնելու միտումը հաշվի առնելով: Այդպիսով, 1914-1917 ժամանակահատվածում շուրջ 1 միլիոն 100 հազար հայ է անհետացել»,- բացատրել է Սարաֆյանը:

Թալեաթի տեղեկատվությունը ըստ Սարաֆյանի, չի ներառում Օսմանյան կայսրության մի քանի շրջանների տվյալներ. «Առաջին հերթին դա Ջանիկն է (Սամսուն) և Էդիրնեն, որտեղ նույնպես տեղահանումներ էին իրականացվում: Բացի այդ, պարզ չէ, թե քանի հայ է կարողացել փախչել դեպի արևելք և ինչ եղավ նրանց հետ դրանից հետո: Եթե նրանք սովից կամ ցրտից են մահացել, արդյոք չպե՞տք է նրանք ևս համարվեն ցեղասպանության զոհ»:

Թալեաթի հրապարակված փաստաթղթերը և նրա՝ դեռ 1915թ. Օսմանյան կայսրությունում ԱՄՆ դեսպան Հենրի Մորգենթաուի հետ զրույցները հայոց ցեղասպանության իրողության թուրքական ուղղակի հավաստիացումներ են:

Հատվածներ Թալեաթի ու Մորգենթաուի զրույցից.

«Թալեաթը նշեց, որ արդեն ձերբազատվել են հայերի երեք քառորդից, և Բիթլիսում, Վանում, Էրզրումում նրանցից ոչ մեկը չի մնացել: Իսկ ատելությունն այնքան սաստիկ է, որ նրանք պետք է ավարտին հասցնեն այն: Նա ասաց, որ հայերի համար հոգ կտանեն Զորում և այլուր, բայց չեն ուզում, որ հայերը լինեն Անատոլիայում: Ես երեք անգամ շեշտեցի, որ լուրջ սխալ են թույլ տալիս և անպայման կզղջան դրա համար: Նա ասաց. «Մենք գիտենք, որ սխալներ ենք գործել, բայց երբեք չենք զղջա դրա համար»:

«Մի օր մենք խոսում էինք մի հայի մասին, և ես Թալեաթին ասացի, որ նա սխալ կարծիք ունի այդ հայի մասին՝ համարելով նրան թուրքերի թշնամի: Իրականում նա թուրքերի ընկերն է: «Ոչ մի հայ»,- պատասխանեց Թալեաթը, «չի կարող լինել մեր ընկերը այն ամենից հետո, ինչ արեցինք նրանց նկատմամբ»:

«Ազնիվ եմ, ջանասեր եմ, բայց թուրք չեմ»

2007 թվականի հունվարի 21-ին Էջմիածնի Մայր տաճարում և Հայաստանի ու աշխարհի բոլոր հայկական եկեղեցիներում սուրբ և անմահ պատարագի ավարտին կատարվում էր հոգեհանգստյան մասնավոր պաշտոն հունվարի 19-ին սպանված Հրանտ Դինքի հոգու խաղաղության համար: Ստամբուլի «Ակօս» շաբաթաթերթի հիմնադիր և խմբագիր Դինքը սպանությունից երկու օր առաջ հարցազրույց էր տվել ռուսաստանյան «Ռիա Նովոստի» գործակալությանը: Դա 53-ամյա հայ լրագրողի վերջին հարցազրույցն էր:

Հարց– «Ակօս» թերթում Դուք հանդես եք գալիս ի պաշտպանություն Թուրքիայի ոչ միայն հայ, այլև բոլոր փոքրամասնությունների: Չե՞ք վախենում:

ԴինքԻհարկե, վախենում եմ: Եթե ուզում եք իմանալ՝ այդ վախը ինձ հետապնդում է ամեն օր: Դուք երբևէ հետևե՞լ եք աղավնուն: Նա ամբողջ ժամանակ գլուխն է պտտում, ցնցվում է յուրաքանչյուր շրշյունից և պատրաստ է նվազագույն առիթի դեպքում թռչել հեռու: Դա չի կարելի կյանք անվանել, միայն թե ես, ի տարբերություն աղավնու, ոչ մի տեղ չեմ կարող թռչել:

ՀարցԴուք երկու անգամ դատարանի առջև կանգնեցիք թուրք ազգը վիրավորելու համար: Նոբելյան մրցանակի դափնեկիր Օրհան Փամուկին ևս մեղադրում էին, սակայն, ի տարբերություն Ձեզ, նրան չդատեցին: Ինչպե՞ս եղավ:

ԴինքԻնձ դատապարտեցին 6 ամսվա պայմանական ազատազրկման: Ոչ ոք չի կարող գուշակել, թե ինչու տխրահռչակ 301-րդ հոդվածի պատճառով ինչ-որ մեկին դատում են, իսկ ինչ-որ մեկին՝ ոչ: Այդ հոդվածի ձևակերպումը, որի վերացումը արդարացիորեն պահանջում է ԵՄ-ն, որևէ դատավորի ձեռքերի ազատություն է տալիս: Ուղղակի իմ բախտը չբերեց դատավորի հարցում: Նա ինձ մեղադրեց նրանում, թե իբր պնդել եմ, որ թուրքերի արյունը կեղտոտ է: Ինչը, անշուշտ, լիակատար զառանցանք է:

ՀարցԴուք հրատարակում եք «Ակօս» թերթը: Դրա տպաքանակը մեծ չէ: Ինչո՞ւ է Թուրքիայում որոշ մարդկանց այն այդչափ վտանգավոր թվում:

ԴինքՃիշտ է: Թերթի տպաքանակը շուրջ 6 հազար է: Որոշակի ուժերի անհանգստացնում է, որ այն կարդում են շատ ավելի մեծ թվով մարդիկ և ոչ միայն Թուրքիայում:

Հարց- «Ակօս»-ը համարվում է հայկական փոքրամասնության թերթը: Ինչո՞ւ է լույս տեսնում թե՛ հայերեն և թե՛ թուրքերեն:

ԴինքՀենց այդ պատճառով էլ այն այդչափ վտանգավոր է մեր հասարակության որոշակի ազգայնական շրջանակների համար: Մեր թերթը ճշմարտությունն է պատմում հայերի ցեղասպանության մասին: Բայց, միաժամանակ, այդ իրադարձությունը վերաբերում է պատմությանը, որից մենք պետք է դասեր քաղենք:

ՀարցԻրո՞ք այդքան վատ է Թուրքիայում հայ լինելը:

ԴինքԵթե ինչ-որ մեկը բերանը փակ է պահում, ապա դժվար թե խնդիրներ ունենա: Բայց ինձ համար նույնիսկ պատանեկությանս շրջանում դժվար էր դպրոցում երգչախմբի հետ երգել այն մասին, թե որքան հպարտ եմ, որ թուրք եմ: Իհարկե, մեր երկրում կան հպարտանալու բաներ, բայց ես թուրք չեմ:

ՀարցԵ՞րբ Դուք ձեր հանդեպ իսկական խտրականություն զգացիք:

ԴինքԲանակում ծառայությունս ավարտելով՝ ես կարող էի շարունակել զինվորական կարիերաս և սպա դառնալ: Այն ժամանակ ես արդեն ամուսնացած էի, երկու երեխա ունեի և սպասում էինք երրորդին: Որպեսզի կոչում ստանամ, ես, ինչպես և բանակի իմ շատ թուրք ծառայակիցներ, քննություններ տվեցի: Դրանից հետո սպայի կոչման բոլոր հավակնորդներին պետք է հերթով կանչեին և հատուկ մեդալներ շնորհեին: Չկարդացին միայն իմ անունը: Եվ այդժամ ես հասկացա. աշխարհիկ պետություն դարձած Թուրքիայում անհնար է դառնալ սպա, եթե դու մահմեդական չես: Այդժամ ես իրականում առաջին անգամ հասկացա, թե ինչ է նշանակում Թուրքիայում հայ լինելը:

ՀարցՁեր թերթի վերջին համարում նյութերից մեկում դուք հարց եք տվել. «Ի՞նչն է ինձ թիրախ դարձնում»:

ԴինքԱյդ հարցի պատասխանը ավելի շատ հայերին էր վերաբերում, քան թուրքերին: Ես մտածում եմ, որ այնպիսին չեմ, ինչպես շատ հայեր, որոնք նախընտրում են վտանգի դեպքում գլուխները թաքցնել: Բայց ո՞ւր կարող է հասցնել ամբողջ ժամանակ թաքնվելը: Հենց դա է ինձ թիրախ դարձնում, և, ցավոք, ոչ միայն ինձ: Իմ ընտանիքին ևս այդ ամենը առնչվում է: Կնոջ և երեխաների համար հեշտ չէ իմանալ, որ իրենց հայրը անընդհատ հաշվեհարդարի սպառնալիքներ է ստանում՝ թե՛ հեռախոսով և թե՛ էլեկտրոնային փոստով: Տեսնո՞ւմ եք, երբ ես սկզբում ինձ համեմատում էի աղավնու հետ, դա այն պատճառով էր, որ աղավնին, որքան էլ վախենում է, այնուհանդերձ, ուզում է ազատության մեջ լինել: Եվ դա հենց այն է, ինչի համար ես պայքարում եմ, որպեսզի բոլորս ազատության մեջ լինենք:

ՀարցԲայց դուք կարող էիք հեռանալ այս երկրից:

ԴինքԵս ուզում եմ պայքարս շարունակել այստեղ: Չէ՞ որ դա միայն իմ պայքարը չէ: Դա բոլոր նրանց պայքարն է, ովքեր ձգտում են Թուրքիայի ժողովրդավարացմանը: Եթե ես հանձնվեմ և հեռանամ երկրից, դա խայտառակություն կլինի բոլորի համար: Այս երկրում ապրել են իմ նախնիները, այստեղ են իմ արմատները, և ես իրավունք ունեմ մեռնել այն երկրում, որտեղ ծնվել եմ:

Հրանտ Դինքի վերջին հոդվածը` «Հոգեվիճակս վախվորած աղավնու է նման», տպագրվեց նրա սպանությունից հետո: Այդ հոդվածը լիովին պատկերում է Թուրքիայի քաղաքացի հայ մարդու հոգեվիճակը մոտալուտ սպանության նախօրեին:

«Ցավալի էր, որ նպատակին հասել էին նրանք, ովքեր ինձ մեկուսացնելու, տկար և անպաշտպան դարձնելու համար ջանք չէին խնայում: Ավելին, հասարակությանը կեղծիքներով ապակողմնորոշելու և սխալ տեղեկություններ հաղորդելու միջոցով նրանց հաջողվել էր ձևավորել մարդկանց զգալի մի շրջանակ, որը Հրանտ Դինքին դիտում էր իբրև «թուրքերին նսեմացնող» անձ: Իմ համակարգչի հիշողությունը լի է այս շրջանակից տարբեր քաղաքացիների ուղարկած հարյուրավոր նամակներով, որոնք զայրույթ և սպառնալիք են պարունակում: Ինտերնետային այդ նամակներից մեկն ուղարկված է Բուրսայից, որի բովանդակության վտանգավորության մտահոգությամբ դա հանձնել եմ Շիշլիի դատախազություն, սակայն առ այսօր որևէ պատասխան չեմ ստացել:

Ինչ խոսք, չեմ կարող ասել, թե այս սպառնալիքները որքանով են իրատեսական, որքանով` ոչ: Իսկ ինձ համար սպառնալիքի բուն աղբյուրը հոգեբանական այն տանջանքն է, որն ապրում եմ ինքս: Ուղեղս տագնապած էր «Հիմա մարդիկ ի՞նչ են մտածում իմ մասին» հարցով: Ցավոք, ներկայում ինձ ավելի շատերն են ճանաչում, քան առաջ, և զգում եմ, որ մարդիկ շշուկով ասում են իրար. «Նայիր, սա այն հայը չէ՞»:

Ինձ պատող տանջանքի մի կողմում հետաքրքրությունն է, մյուսում` մտահոգությունը: Մի կողմում` զգոնությունը, իսկ մյուսում` երկչոտությունը: Ինչպես աղավնին: Նրա պես հայացքս ուղղում եմ աջ, ձախ, հետ ու առաջ: Գլուխս նրա գլխի նման անընդհատ շարժման մեջ է, իսկ շարժումները` նույնքան արագ:

Ահա սա է այն ամենի գինը: Ի՞նչ էր ասում արտգործնախարար Աբդուլլահ Գյուլը: Ի՞նչ էր ասում արդարադատության նախարար Ջեմիլ Չիչեքը: Ասում են. «Կարիք չկա 301-րդ հոդվածն այսքան չափազանցնելու: Մի՞թե այս հոդվածով որևէ մեկը դատապարտվել կամ բանտարկվել է»: Կարծես գին վճարելը միմիայն բանտարկություն է ենթադրում: Ահա ձեզ այս ամենի գինըԱհա գին վճարելըՈվ նախարարներ, դուք գիտե՞ք այն մասին, թե ինչ ծանր գին է մարդուն դատապարտելն աղավնու երկչոտությանը: Գիտե՞ք: Մի՞թե երբևէ աղավնի չեք տեսել:

Ամենևին հեշտ չեն իմ ապրումները, ընտանիքիս ապրումները: Եղել են պահեր, որ լրջորեն մտածեմ երկրից հեռանալու մասին: Հատկապես այն ժամանակ, երբ սպառնալիքներն ուղղվել են մերձավորներիս: Այդ պահերին ես ինձ միշտ ճարահատյալ եմ զգացել: Ահա այսպիսի անելանելի պահերին ապաստանեցի ընտանիքիս, երեխաներիս և ամենամեծ աջակցությունն էլ նրանցից ստացա: Ես որտեղ լինեմ, նրանք էլ լինելու էին այնտեղ: Եթե ասեի` «Գնանք»՝ գալու էին. «Մնանք»` կմնային: Շատ բարի, բայց ո՞ւր գնալ: Հայաստա՞ն: Ինչպես կարող էր ինձ նման մեկը, որն ընդվզում է անօրինականությունների դեմ, հանդուրժել այնտեղ կատարվող անօրինականությունները: Գուցե այնտեղ ինձ ավելի մեծ փորձություննե՞ր էին սպասում: Իսկ եվրոպական երկրներ գնալը ինձ համար չէրԵթե մենք ստիպված ճամփա բռնեինքՃանապարհ էինք ընկնելու այնպես, ինչպես 1915-ինՄեր պապերըԱռանց իմանալու դեպի ուրՔայլելով այն ճանապարհներով, ինչ ոտաբոբիկ իրենք են անցելՏանջվելով և ապրելով նրանց վիշտըԱհա այսպիսի կանխազգացողությամբ լքելու էինք հայրենիքը: Գնալու էինք այնտեղ, որտեղ կտանեին մեր ոտքերը, այլ ոչ թե սիրտը կկամենար

Հավանական է, որ 2007-ն ինձ համար ավելի ծանր տարի լինի: Կշարունակվեն դատավարությունները, նոր գործեր կհարուցվեն իմ դեմ: Ո՞վ իմանա` ես դեռ ինչպիսի անարդարությունների կբախվեմ:

Բայց և այնպես, իմ միակ երաշխիքը ես համարելու եմ հետևյալ ճշմարտությունը. «Այո, ես վախվորած աղավնու հոգեվիճակում եմ, սակայն գիտեմ, որ այս երկրում մարդիկ աղավնիների ձեռք չեն տալիս: Աղավնիները շարունակում են իրենց գոյությունը քաղաքի խորքերում, նույնիսկ մարդկանց խիտ բազմության մեջ:

Գուցե մի քիչ երկչոտ, բայց և անկախ»:

Դինքի հուղարկավորության ընթացքում մարդիկ սպիտակ աղավնիներ էին բաց թողնում: «Ակօս»-ի խմբագրատան առաջ, որտեղ սպանվել էր Դինքը, տասնյակ հազարավոր մարդիկ պարզել էին «Մենք բոլորս Հրանտ Դինք ենք», «Մենք բոլորս հայ ենք» գրություններով պաստառներ: Հայազգի խմբագրապետի սպանությունը դատապարտեցին աշխարհի բազմաթիվ երկրների նախագահներ, բարձրաստիճան պաշտոնյաներ, միջազգային կազմակերպությունների ղեկավարներ:

Թուրքական հասարակության մեկ այլ հատված անընդունելի համարեց «Մենք բոլորս Հրանտ Դինք ենք», «Մենք բոլորս հայ ենք» մոտեցումը: Սպանությունից ընդամենը տասն օր անց Տրապիզոնի մարզադաշտում հավաքված հազարավոր ֆուտբոլասերներ պարզել էին «Մենք Տրապիզոնից ենք, մենք բոլորս Մուսթաֆա Քեմալ Աթաթուրքն ենք» արտահայտությունները կրող պաստառներ` դրանով իրենց համերաշխությունը հայտնելով և հերոսացնելով տրապիզոնցի 17-ամյա մարդասպան Օգյուն Սամասթին: Նույն օրերին թուրքական մամուլը տպագրեց լուսանկարներ, որտեղ Սամասթը նկարվել է ոստիկանների հետ: Մարդասպանը պարզել էր Թուրքիայի դրոշ, իսկ հետևի ‎‎ֆոնին նույնպես Թուրքիայի դրոշով մեծադիր պաստառն էր, որի վրա Աթաթուրքի խոսքերն են. «Պետության հողը սուրբ է, այն չի կարելի թողնել բախտի քմահաճույքին»:

Ներողություն են խնդրում

2008թ. դեկտեմբերի կեսերին շուրջ 200 թուրք մտավորականներ համացանցում տեղադրեցին հայտարարություն, որով նրանք հայերից ներողություն էին խնդրում: Առաջին աշխարհամարտի տարիներին Օսմանյան կայսրությունում հայերի հետ տեղի ունեցածի համար, այն անվանելով «Մեծ աղետ» թուրքերենով, իսկ հայերեն տարբերակում՝ «Մեծ եղեռն»: Կարճ ժամանակում ներողության այս արշավին միացան ավելի քան 30 հազար թուրքեր:

«Ես ներողություն եմ խնդրում» խորագրով հայտարարության մեջ ասվում էր. «Իմ խիղճը չի ընդունում, որ մենք անհաղորդ մնանք և ուրանանք Մեծ աղետը, որին Օսմանյան Թուրքիայի հայերը ենթարկվել են 1915թ.: Ես մերժում եմ այդ անարդարությունը, կիսում եմ հայ եղբայրներիս զգացմունքներն ու ցավը և ներողություն խնդրում նրանցից»:

Նախաձեռնության հեղինակներից Ջենգիզ Աքթարն ասել է, որ ներողության արշավը որևէ մեկի դեմ ուղղված քայլ չէ. «Մենք մեր անձնական ներողությունն ենք խնդրում մեր հայ եղբայրներից ու քույրերից այն բանի համար, որ այդ հարցը գրեթե 100 տարի չի քննարկվել: Բոլոր թուրքերի պարտականությունն է մտածել և բարձրաձայն արտահայտվել, թե ինչո՞ւ հայերն այլևս չեն ապրում այն տարածքներում, որտեղ ապրել են 4000 տարի»:

Թուրքական քաղաքական և հասարակական շրջանակներում արձագանքն այս նախաձեռնությանը հակասական էր: Եթե նախագահ Գյուլը հայտարարեց, որ «յուրաքանչյուրն ազատ է արտահայտել իր տեսակետը», ապա վարչապետ Էրդողանը քննադատեց նախաձեռնությունը. «Չեմ ընդունում սկսված արշավը և չեմ սատարում այն: Բացի տագնապներ հարուցելուց, մեր անդորրը խախտելուց՝ այն որևէ օգուտ չի տա»: ԱՇԿ առաջնորդ Բահչելին դատապարտեց. «Ես ամաչում եմ այն մարդկանց համար, ովքեր նախաձեռնեցին այս արշավը»: Թուրքական զինված ուժերի խոսնակը հայտարարեց, որ «այս ներողությունը սխալ է և այն կարող է ունենալ վտանգավոր հետևանքներ»:

Մտավորականների արշավից կարճ ժամանակ անց 146 թուրք նախկին դեսպաններ հակառակ հայտարարությունն արեցին. «Այսօր հայկական ահաբեկչությունն իր առաքելությունն ի կատար է ածել: Մենք տեղյակ ենք, որ նախագծի երկրորդ փուլը նախատեսում է ներողության հայցում և հաջորդ քայլը կլինի տարածքների և փոխհատուցման պահանջը»:

Հրանտ Դինքն ասում էր. «Իմ ցանկությունն է Թուրքիան տեսնել ԵՄ մեջ: Ես համոզված եմ, որ Թուրքիան ժողովրդավարական լինելով պետք է ճանաչի հայոց ցեղասպանությունը: Չեմ կարծում, որ Թուրքիան հայոց ցեղասպանությունն ընդունելով կդառնա ժողովրդավար: Հակառակ դեպքում, 1915 թվականը ոչ ժողովրդավար Թուրքիայի կողմից ճանաչվելը քիչ բան կտա հայերիս: Մեծ տերությունների ճնշումով Թուրքիան մի օր կճանաչի, բայց դա թուրքերի մտածողության մեջ շատ բան չի փոխի, եթե պատմության մեջ նորից ինչ-որ բան տեղի ունենա, ապա թուրքերը հայերին վատություն անելու նորից առիթ կգտնեն»:

Նյութի աղբյուրը՝ Թաթուլ Հակոբյան-  «Հայացք Արարատից հայերը և թուրքերը. պատերազմ, սառը պատերազմ, դիվանագիտություն»

Comments

Popular posts from this blog

Պետության և իրավունքի տեսություն

  Պետության և իրավունքի տեսության հասկացությունը, առարկան և մեթոդաբանությունը Պետության և իրավունքի տեսությունը հանդիսանում է առաջնային, կարևորագույն իրավաբանական գիտություն: Գիտությունը հանդիսանում է ինտելեկտուալ գործունեություն: Պետության և իրավունքի տեսությունը ուսումնասիրում է հասրակական կյանքի պետաիրավական ոլորտը: 1.Պետության և իրավունքի տեսությունը հանդիսանում է համատեսական գիտություն, որովհետև ունի ուսումնասիրության լայն ընդարձակ ոլորտ՝ հասարակական կյանքի պետաիրավական ոլորտն ամբողջությամբ: 2.Պետության և իրավունքի տեսությունը հանդիսանում է փիլիսոփայական գիտություն, որովհետև ուսումնասիրում է պետության և իրավունքի, պետաիրավակաբ այլ երևույթների խորքային բնույթը: Պետության և իրավունքի տեսությունը հանդիսանում է նաև փիլիսոփայական գիտություն, որովհետև ուսումնասիրում է պետությունը և իրավունքը որպես համընդհանուր ունիվերսալ երևույթներ: 3.Պետության և իրավունքի տեսությունը հանդիսանում է ֆունդամենտալ գիտություն, որովհետև մշակում է պետաիրավական ոլորտի առաջնային ընդհանուր և կարևորագ...

Բազմակողմ դիվանագիտություն

  Բազմակողմ «դիվանագիտություն» հասկացությունը: Պատմական ակնարկ և կայացման հիմնական փուլերը: Բազմակողմ դիվանագիտության դերակատարության բարձրացումը 20-րդ դարի երկրորդ կեսին Բազմակողմ դիվանագիտությունը երկուսից ավել կողմերի միջև վարվող բանակցություններն են, մի քանի դերակատարների մասնակցությամբ միջազգային համաժողովները, միջազգային կազմակերպությունների շրջանակներում իրականացվող դիվանագիտական աշխատանքը: Դասական բազմակողմ դիվանագիտության առաջին օրինակ է համարվում 1814-1815թթ. Վիեննայի կոնգրեսը, սակայն բազմակողմ դիվանագիտության սաղմեր կարելի է հանդիպել նաև Հին Հունաստանի քաղաք-պետությունների կողմից վարվող դիվանագիտության մեջ, ինչու չէ, նաև միջին դարերում կնքվող դաշինքներն ու պայմանագրերը նույնպես կարելի է դասել բազմակողմ դիվանագիտության նախատիպերի շարքին, օրինակ՝ 1648թ. Վեստֆալյան պայմանագիրը: Առաջին դասական միջազգային կազմակերպություններն են՝ Հռենոսով նավարկության կենտրոնական հանձնաժողովը՝ մշտական քարտուղարությամբ, որը ստեղծվել էր Վիեննայի կոնգրեսի որոշմամբ և առաջին հանդիպումն անցկա...

Միջազգային գործընթացների վերլուծությունը ազգային անվտանգության համատեքստում

ՀՀ արտաքին քաղաքականության սկզբունքներն ու գերակայությունները https://www.mfa.am/hy/speeches/2019/08/27/fm_opening_remarks/9782 ՀՀ ազգային անվտանգության ռազմավարություն https://www.gov.am/am/National-Security-Strategy/ https://www.un.org/disarmament/wmd/nuclear/npt/text/ https://www.un.org/ru/documents/decl_conv/conventions/npt.shtml https://www.undocs.org/S/RES/2231(2015) https://undocs.org/ru/S/RES/2231(2015) https://www.worldbank.org/en/news/press-release/2019/11/06/world-bank-lebanon-is-in-the-midst-of-economic-financial-and-social-hardship-situation-could-get-worse https://www.transparency.org/en/countries/lebanon https://www.forbes.com/profile/saad-hariri/?sh=45cebbdb65b5 Դասախոսություն 1. Միջազգային գործընթացների հասկացությունը և սուբյեկտները Միջազգային գործընթացները հավաքական հասկացություն է: Այն իրենից ներկայացնում է միջազգային հարաբերությունների հիմնական դերակատարների՝ պետությունների, միջպետական և ոչ պետական տարբեր կազմակերպությունների, տարատեսակ կառույցների, միավորումների, հ...