Ռուս-թուրքական
1877-1878թթ. Ռուսաստանի համար հաղթական պատերազմով, Բալկաններում և Անդրկովկասում
նրա ռազմաքաղաքական դիրքերի բացահայտ ամրապնդման հետևանքով ու հատկապես եվրոպական մեծ
տերությունների դժկամությամբ ու մտավախության առնչությամբ կյանքի կոչված Բեռլինի վեհաժողովը
դիվանագիտության պատմության մեջ ճանաչելի դարձավ ոչ միայն սլավոնական ժողովուրդների
պետականության վերականգնումը կամ օսմանյան ծանր տիրապետության մասնակի թեթևացումը պաշտոնապես
վավերացնող կարևորագույն պատմաքաղաքական փաստերով, այլև հայոց հարցի արծարծման, որը
դուրս գալով միջազգային ասպարեզ, շուրջ կես դար իր վրա գամեց մեծ տերությունների ուշադրությունը,
որոնք շահարկելով այն օգտագործում էին որպես քաղաքական խաղաքարտ ու դիվանագիտական մանրադրամ
և դրանով իսկ կործանում հայ ժողովրդի արդարացի իղձերը և պատմական ակնկալիքները:
Ռուսաց դիվանագիտության
համար հայոց հարցը Ռուսաստանի արևելյան քաղաքականության, ռուս-թուրքական միջպետական
և ռազմաքաղաքական հակամարտության, Բալկաններում, Մերձավոր Արևելքում ու Անդրկովկասում
գերիշխելու, եվրոպական դիվանագիտության դեմ սուր պայքարի արդյունք էր, միջազգային հարաբերությունների
համակարգում արևելյան հարցի բաղկացուցիչ հիմնախնդիր: Հայկական հարցի միջազգային ասպարեզ
դուրս գալու և միջազգայնացվելու դերում մեծ է ռուս դիվանագետ Իգնատևի դերը, որը հենվելով
պատերազմում հաղթողի իրավունքի վրա, թուրքական ներկայացուցիչներից նախապես պահանջեց
կատարել «հանուն մեր անդրկովկասյան սահմանների բարելավման, տարածքային զիջումներ Հայաստանում»:
Ընդհանրապես, հայոց հարցի ծագման և միջազգայնացման պատմության և ուսումնասիրության
համար մեծ հետաքրքրություն են ներկայացնում ռուս դիվանագետի հուշերը այն առումով, որ
դրանց մանրակրկիտ քննախոսության շնորհիվ մեր առջև պատկերվում է Սան Ստեֆանոյի պայմանագրի
16-րդ հոդվածի քաղաքական, դիվանագիտական ասպարեզ դուրս գալու առարկայական և ենթակայական
շարժառիթները, նրա նշանակությունը ռուսաց կայսերական դիվանագիտության և հայության համար:
Ռուս-թուրքական բանակցությունների ժամանակ, ինչպես վկայում է ռուս դիվանագետը, իրենց
խնդրանքով Ադրիանապոլիս ժամանեցին արևմտահայության ներկայացուցիչները: Իգնատևը նշում
է, որ Կ.Պոլսի հայոց պատրիարքը Ադրիանապոլսի թեմի իր փոխերեցի միջոցով պատերազմում
հաղթանակի առնչությամբ ռուսաց բանակի գլխավոր հրամանատարին ուղարկեց շնորհավորական
բաց նամակ, որը նրան հանձնվեց հանդիսավորությամբ: Ավելին, Իգնատևը տեղեկացնում է մի
շատ կարևոր փաստ, որի համաձայն՝ Օսմանյան կայսրության բարձրաստիճան հայազգի պաշտոնյաները՝
պետական խորհրդի անդամ Նուրյան Էֆենդին և զինվորական նախարարության գլխավոր բժիշկ Ստեփան
փաշան, Կարմիր Կիսալուսնի գործերի պատրվակով Կ.Պոլսից ժամանելով Ադրիանապոլիս՝ իրականում
նպատակ ունեին հասնել Արևմտյան Հայաստանի ինքնավարությանը:
Հայազգի այդ օսմանյան
չինովնիկները Իգնատևին մանրամասնորեն պատմելով հայերի աղետների մասին Փոքր Ասիայում
և Անատոլիայում միաժամանակ ռուս դեսպանին տեղեկացրին, որ հայ բարձրաստիճան հոգևորականությունը
նախապատրաստվում է Նորին մեծության անունով ուղարկել խնդրագիր՝ Սվազի, Վանի, Մուշի
և Էրզրումի մարզերին ինքնավարություն շնորհելու մասին: Ռուս դիվանագետի համար նրանց
պաշտոնական անթաքույց նման հայտարարությունը խիստ զարմանալի էր ու անսպասելի, որովհետև
Իգնատևը տեղյակ էր վերջիններիս ոչ ռուսանպաստ դիրքորոշման մասին, որը կասկած չէր հարուցում
նրա մոտ: Ռուս դիվանագետն ուղղակի հայտնեց Նուրյան Էֆենդուն և Ստեփան փաշային, որ իրենք
դեռևս վերջերս թշնամաբար էին գործում Ռուսաստանի դեմ: Համոզվելով, որ Իգնատևին ամեն
ինչ քաջ հայտնի է, նրա զրուցակիցները չփորձեցին անգամ հակաճառել, գերադասելով պարզապես
բացատրել, որ իրենց կարծիքով արևմտահայերը Թուրքիայում որևէ նշանակություն ունենալու
նպատակով հարկադրված էին հավատարիմ մնալ Բարձր Դռանը այնքան ժամանակ, քանի դեռ կարելի
էր հուսալ թուրքական կայսրության պահպանման, ապա և Եվրոպայի կողմից մտահղացված վերափոխումների
միջոցով նրա վերածնության վրա: Սակայն
քանի որ այժմ Թուրքիայի՝ որպես մեծ տերության գոյությունը դառնում է անհնարին, ապա հայերին անհամեմատ ավելի շահավետ է ձգտել Հայաստանի վերածնմանը, այսինքն՝ ինքնավարությանը
Ռուսաստանի հովանավորության ներքո: Այսպես, Կ.Պոլսի հայազգի բարձրաստիճան
ներկայացուցիչները փորձում էին արդարացնել իրենց դիվանագիտական մարտավարությունը
ռուս-թուրքական քաղաքական առնչություններում: Հատկանշական է, որ արևմտահայերի
այս ազդեցիկ ներկայացուցիչների
այցից հետո Ադրիանապոլիս ժամանեց նոր պատվիրակություն՝
իր հետ բերելով Ներսես պատրիարքի՝ ռուսաց կայսրին հղած խնդրագիրն ու նամակը: Խնդրագիրը հայ ժողովրդի
անունից ստորագրված էր պատրիարքի և 9 արքեպիսկոպոսի
կողմից, որով կայսրին խնդրում էին իրենց
վերցնել իր հովանավորության ներքո և Անատոլիայի հայությանը շնորհել նույնպիսի ինքնավար կառավարում, ինչպիսին տրվելու էին բալկանյան
ժողովուրդներին: Իգնատևը ծանոթ լինելով ողջ հայության
ակնկալիքներին, այդ գրավոր
դիմումները հանձնում էր կանցլեր Գորչակովին՝ կայսրին ներկայացնելու համար, քանզի
նրանց կամքից էր կախված հայերի խնդրանքների իրագործման հնարավորությունը: Հետևաբար, Ադրիանապոլսում ու Սան Ստեֆանոյում
թուրքական ներկայացուցիչների հետ բանակցելու ընթացքում Իգնատևի քաղաքական-դիվանագիտական
մարտավարությունը հայկական հարցում հստակ էր, նա քաջ գիտակցում էր, որ դրա լուծումը՝
արևմտահայերի խնդրանքների բավարարումը միանգամայն համահունչ է Ռուսաստանի քաղաքականության
հետ Արևելքում: Մինչդեռ հիմնահարցին միանգամայն այլ տեսանկյունից էր մոտենում և այլ
ձևով պատկերացնում կանցլեր Գորչակովը, որի մասին է վկայում նրա հեռագիրը Իգնատևին:
Վերջինս ամբողջովին այն նշել է իր նոթերում: Գորչակովի հեռագրում ուղղակի մատնանշվում
էր, որ կայսերական կառավարությունը մտահոգված չէ Թուրքիայի հետ բնակչությանն ընդունել
Ռուսաստանի հովանավորության ներքո, առավել ևս արևմտահայերին շնորհել այն առավելությունները
և արտոնությունները, ինչ նախատեսվում էր բալկանյան քրիստոնյա ժողովուրդներին: «Ձեզ
(Իգնատևին) հավանաբար հայտնի է,- նշված է կանցլերի հեռագրում,- մեծ իշխան Միխայիլ Նիկոլաևիչի
(կայսրի եղբոր)՝ կայսրի հավանությանն արժանացած տեսակետը՝ Հայաստանում նոր չափավոր
սահմանագիծ անցկացնելու վերաբերյալ»: Սա, բնականաբար, չէր կարող համահունչ լինել հայոց
պատրիարքի հույսերի հետ, քանզի վերջինս ակնկալում էր արևմտահայերի համար այնպիսի ինքնակառավարում,
ինչպիսին նախատեսվում էր Բոսնիայի, Հերցեգովինայի ու Կրետեի համար: Ռուս դիվանագետի
կողմից նախագծված սահմանը ասիական տարածքում թեև համաձայնեցված չէր Կովկասի փոխարքայի
հետ, այնուամենայնիվ, լիովին համընկնում էր նրա մտահղացումներին: Այլ կերպ լինել չէր
կարող, որովհետև Սան Ստեֆանոյի հեղինակը ղեկավարվում էր կովկասյան սահմանների ամրապնդման,
նրա ասիական տարածքների պաշտպանունակությունը զորեղացնելու միտումով: Իգնատևը նպատակադրվել
էր ոչ միայն դժվարացնել ապագայում Ռուսաստանի վրա Թուրքիայի հնարավոր հարձակումը և
դրանով իսկ ապահովել հարավային սահմանները, այլև զգալիորեն կրճատել ռազմական ծախսերը:
Չէ՞ որ Սան Ստեֆանոյի պայմանագրով Ռուսաստանին էին անցնում ոչ միայն Կարսը և Բաթումը,
այլև Բայազետի մարզը Ալաշկերտի հովտի հետ միասին: Այդ մասին Իգնատևը հեռագրեց կանցլերին.
«Ուրախ եմ, որ կարող եմ Ձեզ տեղեկացնել, թե թուրքերը երկարատև ու դժվարին բանավեճից
հետո ավարտեցին համաձայնությամբ մեզ զիջելու Բաթումը, Արդահանը, Կարսը և Բայազետը:
Դեռ շարունակում ենք վիճել սահմանազատման մանրամասների շուրջ»: Գորչակովին հղած նոր
հեռագրում Իգնատևը գրում է. «Ի լրացումն իմ այսօրվա հեռագրի՝ տեղեկացնում եմ, որ Օլթին,
Արդանուշը, Արդվինը, Կաղզվանը և Խամուրը մնում են Ռուսաստանին»: Այս ցանկալի լուրը
հասցեագրվեց ոչ միայն Գորչակովին, այլև նրա տեղակալ Գիրսին, արտգործնախարարության ասիական
դեպարտամենտի կառավարչին, Թիֆլիսում նստած Կովկասի փոխարքային: Հետևապես, նախնական
համաձայնությամբ հայկական հողերի մի զգալի մասն անցնում էր Ռուսաստանին: Այս առնչությամբ
անվիճելի է, որ Իգնատևը կատարեց առաջին դրական քայլերը հայկական հարցի լուծման ուղղությամբ,
եթե նկատի ունենանք, որ հայ ժողովրդի բնօրրան հողերի մի մասի միակցումը ռուսաց կայսրությանը
նույնպես կունենար միանշանակ առաջադիմական նշանակություն:
Այսպիսով, ռուսաց դիվանագիտությունը
Սան Ստեֆանոյում հաջողությամբ իրականացրեց Ռուսաստանի արտաքին քաղաքականության գլխավոր
ուղղություններից մեկը, քանզի այն նախատեսում էր նաև կայսրությանը միակցել Արևմտյան
Հայաստանի տարածքները, որը պատմականորեն հիմնականում կունենար դրական նշանակություն,
թեև արևմտահայերն ունեին ավելի մեծ սպասելիքներ: Ահա ինչու արևմտահայերին չգոհացրեց
Սան Ստեֆանոյի պայմանագիրը, քանզի նրանց ակնկալիքները ինքնավարության վերաբերյալ ի
դերև ելան: Իրենց դժգոհությունը հայտնելով Իգնատևին՝ նրանք ռուս դիվանահետից ստացան
սթափ, բայց նաև հուսախաբ պատասխան, որի համաձայն՝ անել ավելին հնարավոր չէր, ուստի
անհրաժեշտ է հաշտվել իրողության հետ ու բավարարվել ձեռք բերածով: Իգնատևն առարկայական
ու ենթակայական գործոնների պատճառով չկարողանալով գրաված հայկական ողջ հողերը միացնել
Ռուսաստանին, այնուամենայնիվ, մշակեց և Սան Ստեֆանոյի պայմանագրի մեջ մտցրեց մի հոդված,
որը պետք է որոշ չափով բարելավեր Թուրքիայի տիրապետության տակ մնացող արևմտահայերի
կարգավիճակը: Այսպես ծնվեց և պատմաքաղաքական ու միջազգային դիվանագիտության ասպարեզ
ելավ 16-րդ հոդվածը, որն ուներ հետևյալ բովանդակությունը. «Նկատի առնելով այն, որ ռուսական
զորքերի դուրսբերումը նրանց կողմից գրավված Հայաստանի՝ Թուրքիային վերադարձվելիք վայրերից
կարող է այնտեղ առիթ տալ բախումների ու բարդությունների, որոնք երկու պետությունների
բարի հարաբերությունների վրա կունենան վնասակար ազդեցություն, Բարձր Դուռը պարտավորվում
է անհապաղ կենսագործել հայաբնակ մարզերի տեղական կարիքներից հարուցվող բարելավումներ
և բարենորոգություններ, և զերծ պահել հայերի անվտանգությունը քրդերից և չերքեզներից»:
«Հայերը,- նշում է Իգնատևը,- մեզանից չպետք է պահանջեն ավելին, քան այն, որ այժմ մենք
կարող ենք ձեռք բերել: Համենայն դեպս, եթե մեզ հաջողվի Բարձր Դռան հետ համաձայնության
գալ պայմանագրում առաջարկված հոդվածի իմաստով, ապա Ռուսաստանի պաշտոնական հովանավորությունը
նրանց նկատմամբ կապահովվի և դա կլինի կարևոր քայլ նրանց ապագայի բարելավման ճանապարհին»:
Բացի 16-րդ հոդվածից,
արևմտահայերին էր վերաբերում Սան Ստեֆանոյի պայմանագրի 25-րդ հոդվածի այն հատվածը,
որի համաձայն՝ «Ռուսական զորքերի դուրսբերումը ասիական Թուրքիայից կկատարվի 6 ամսվա
ընթացքում՝ հաշված վերջնական հաշտություն կնքելու օրից», մինչև որ Բարձրագույն Դուռը
կիրագործեր 16-րդ հոդվածով ստանձնած պարտավորությունները: Երբ թուրքական պատվիրակության
ղեկավար Սաֆվետ փաշան տեղեկանում է այս հոդվածի մասին, նա խիստ դժգոհելով ասում է.
«Դուք մեզ համարյա զրկել եք եվրոպական մարզերից, գոնե մեզ հանգիստ թողեք Ասիայում»:
Թեև Սան Ստեֆանոյի պայմանագրի 16-րդ հոդվածում անգամ խոսք և ակնարկ չկար արևմտահայերին
ինքնավարություն տալու վերաբերյալ, այնուամենայնիվ, այդ կետի նշանակությունն այն էր,
որ հայկական հարցն առաջին անգամ դարձավ միջազգային դիվանագիտության քննարկման առարկա,
իսկ Բարձր Դուռը պաշտոնապես ճանաչեց Հայաստանի ու հայոց ազգի գոյությունն Օսմանյան
կայսրության ասիական հատվածում: Հայկական հարցը մտցվեց միջազգային պայմանագրի մեջ,
պարտավորեցնելով թուրքական կառավարությանը բարեփոխումներ անցկացնել Արևմտյան Հայաստանում,
ապահովել արևմտահայության անձի, կյանքի, գույքի անվտանգությունը:
Իր ժամանակի պատմաքաղաքական
իրադրության մեջ, երբ արյունոտ սուլթան Աբդուլ Համիդը ձգտում էր նույնիսկ քաղաքական
քարտեզից ջնջել Հայաստան անունը, իսկ Թուրքիայի մեծ վեզիր Քյամիլ փաշան լկտիաբար հայտարարում
էր, թե «պետք է ջարդել այն բոլոր ծնոտները, որոնք կարտասանեն Հայաստան բառը», 16-րդ
հոդվածն արևմտահայերի համար ընդհանուր առմամբ կարելի է համարել նպաստավոր և դրական
երևույթ: Հայկական հարցի լուծման ռուսաց դիվանագիտության ծրագիրն արևմտահայերի համար
ավելի իրատեսական էր և նախընտրելի: Այս պատմական փուլում հայ ժողովրդի և Ռուսաստանի
շահերը համընկնում էին, որն ամփոփվեց 16-րդ հոդվածի մեջ, իսկ ռուսաց դիվանագիտությունը,
եթե անտեսենք առանձին բացառություններ, հիմնականում կենսագործում էր հայանպաստ քաղաքականություն:
Այդ դիվանագիտական մարտավարության ակունքներում կանգնած էր Իգնատևը: Ավելին, երբ Իգնատևին
պարզ դարձավ, որ ինքն ընդգրկված չէ ռուսաց պատվիրակության կազմում Բեռլինի վեհաժողովին
մասնակցելու համար, որտեղ վերանայվելու էին Սան Ստեֆանոյի պայմանագրի հոդվածները՝ ներառյալ
և Օսմանյան կայսրության ասիական տարածքներին վերաբերող կետերը, նշանավոր դիվանագետը,
ցուցաբերելով իսկական քաղաքացուն հատուկ գծեր և պետական մոտեցում, մի կողմ թողեց անձնական
վիրավորանքը իրեն մեկուսացնելու առումով, որոշեց Գորչակովին ներկայացնել «հնարավոր
զիջումները Անգլիային» խորագրով զեկուցագիրը:
Խոշոր դիվանագետներին
բնորոշ խորաթափանցությամբ նա, մինչև ռուս-անգլիական Լոնդոնի համաձայնագրի կնքումը Շուվալովի
ու Սոլսբերիի միջև, հիանալիորեն կռահեց, թե Անգլիան ինչպիսի առաջարկներով է հանդես
գալու Բեռլինի վեհաժողովում և ինչ պահանջներ է ներկայացնելու Ռուսաստանին ու այդ առնչությամբ
Գորչակովին խորհուրդ տվեց ղեկավարվել իր կողմից մշակված դիվանագիտական մարտավարությամբ,
որը լավագույնը կլիներ ռուս-անգլիական հակամարտությունները հարթելու գործում: Իգնատևը
նշում էր, որ «Սան Ստեֆանոյի պայմանագրի 19-րդ հոդվածով Ասիայում մեր նոր ձեռքբերումներով
որոշված սահմանագիծը կարող է փոփոխվել այնպես, որ Բայազետ քաղաքը և Ալաշկերտի հովիտը
թողնվեն Թուրքիայի սահմաններում: Դրանով Ռուսաստանի կողմից զիջվող Բայազետի վրայով
Պարսկաստան տանող առևտրական ուղուց Մեծ Բրիտանիան կստանար լիակատար բավարարում: Բայց
քանի որ մեր նոր սահմանի ձախ թևը կլիներ լիովին անպաշտպան, ապա արդարացի կլիներ ի փոխ
պարտադրել Թուրքիային քանդելու Բայազետի ու Էրզրումի ողջ ամրությունները»:
Իգնատևի այս հեռամետ
առաջարկի ռազմաքաղաքական կարևորությունը հասկանալու համար անհրաժեշտ է նշել, որ առաջին
աշխարհամարտի տարիներին ռուսաց բանակը հայ կամավորների անմիջական մասնակցությամբ Արևմտյան
Հայաստանի տարածքներն ազատագրելիս կխուսափեր այդչափ զոհերից ու այդքան շատ արյուն թափելուց,
եթե Բեռլինի վեհաժողովում ռուսաց դիվանագիտությունը կարողանար իրականացնել Իգնատևի
մտահղացումը: Ինչ վերաբերում է Սան Ստեֆանոյի պայմանագրի 16-րդ կետին, ապա Իգնատևը
խորհուրդ էր տալիս այդ հոդվածը քննարկելիս «պահանջել Թուրքիայից մատնացույց անել այն
բարենորոգումները, որոնք նա կանցկացնի Ասիայում քրդերի, չերքեզների և այլոց գազանություններից
հայ բնակչությանը պաշտպանելու և քրիստոնյա բնակչությանը անձնական անվտանգություն տրամադրելու
համար»:
Հետևապես Իգնատևը
16-րդ հոդվածին տալիս էր մեծ նշանակություն, դրանով իսկ հիմնավորում և հույս հայտնում,
որ Ռուսաստանի պատվիրակության բոլոր ներկայացուցիչները գործի կդնեն դիվանագիտական ողջ
կարողությունը և հմտությունը՝ այն պաշտպանելու և ուժի մեջ թողնելու համար: «Այս հոդվածը,-
նշում է Իգնատևը,- լիովին բավարարում է հայերի համընդհանուր ցանկությունները: Առաջին
անգամ Հայաստանի անունը հրապարակվեց միջազգային պայմանագրում և Թուրքիայի կողմից ընդունված
պարտավորությունները կարող են հիմք ծառայել խնամակալության համար Փոքր Ասիայի քրիստոնյա
բնակչության մեծամասնության նկատմամբ: Այս հոդվածը կապացուցի Եվրոպային, որ Ռուսաստանը
մտահոգված է ոչ միայն բացառապես սլավոնների, ոչ էլ նույնիսկ միայն իր կրոնակիցների
մասին, որ նա մարդասիրությունից դրդված նկատի ուներ ապահովել Թուրքիայի ողջ քրիստոնյա
բնակչության բարեկեցությունը… Ասիայում անդրկովկասյան նոր սահմանն անցկացվել է Թիֆլիսում
հավանության արժանացած նախագծի համաձայն, որը և իրագործվեց բոլոր մանրամասնություններով:
Ռուսաստանը ձեռք է բերում հյուսիսային Անատոլիայի շտեմարան համարվող հարուստ երկրամաս,
Բաթումի հիանալի նավահանգստով և ռազմավարական կարևորագույն դիրքերով, որոնք դյուրացնում
են դեպի Էրզրում տանող մատույցները, անհնարին չափով դժվարացնում հակառակորդի ցանկացած
հարձակումը կովկասյան մեր տիրույթների վրա:
Կարսը, Բաթումը և Բայազետը
մնում են մեր իշխանության ներքո: Դրանից դուրս մենք կվերահսկենք Պարսկաստանի տարանցիկ
ճանապարհը և կստանանք քրդական բոլոր խոշոր ցեղերին մեր ձեռքում պահելու հնարավորություն,
տիրելով այդ վայրերին՝ կհեշտանա մեր ազդեցությունն Անատոլիայի ողջ բնակչության վրա,
և կունենանք ազատ ելք դեպի Մուշի ու Վանի հովիտը՝ հայ ժողովրդի գլխավոր օջախները»:
Ի դեպ, հայությունը ցավով
ընդունեց լուրն այն մասին, որ Իգնատևը չի մասնակցելու Բեռլինի վեհաժողովին, քանզի նրան
համարում էին իրենց շահերի պաշտպանը և իղձերի արտահայտիչը: Այս տեսանկյունից ուշագրավ
է Խորեն արքեպիսկոպոս Գալֆայանի (Նարբեյի) ջերմ նամակը, որը նա ուղարկել էր Իգնատևին
Պետերբուրգում գտնվելու ժամանակ: Խորեն Նարբեյը Հայաստանի ինքնավարության ծրագիրը,
Ներսես Վարժապետյանի դիմումը Ալեքսանդր II-ին հանձնելու համար և կայսերական բարյացակամությունը
հայցելու հույսով մեկնեց Պետերբուրգ՝ տեսակցեց Գորչակովին: Անձամբ ներկայանալով կայսրին՝
Խորեն Նարբեյը նրան հանձնեց օսմանյան պետության կազմում արևմտահայերի ինքնավարության
մասին ծրագիրը: Նա հանդիպումներ ունեցավ կովկասյան ռազմաճակատում գործող ռուսաց բանակի
հայազգի տաղանդաշատ գեներալներ Լորիս-Մելիքովի, Տեր-Ղուկասովի, ապա նաև հայ հասարակական-քաղաքական
և պատմագիտական մտքի հայտնի ներկայացուցիչ Եզյանի (Էզովի) հետ: Իսկ Իգնատևն այդ պահին
հիվանդ էր և ապաքինվում էր գյուղում: Ռուս դիվանագետը կարևորելով Նարբեյի նամակի բովանդակությունը,
այն զետեղել է իր նոթերում՝ մեկ անգամ ևս ընդգծելու համար իր նկատմամբ հայության տածած
սերը և հարգանքը, շնորհակալական գնահատականը և ունեցած ակնկալիքները: «Մեզ համար,-
գրում է Խորեն արքեպիսկոպոսը,- կրկնակի ցավալի է ձեր հիվանդությունը, որը համընկավ
այնպիսի վճռական պահին, երբ Դուք մեզ այնքան էիք անհրաժեշտ վեհաժողովում: Դուք կկարողանայիք
մեզ պաշտպանել ցանկացած բարեկամից լավ և նկարագրել մեր թշվառ դրությունը: Դուք Եվրոպայի
առաջ վեհաժողովում կլինեիք մեր լավագույն հովանավորողը և պաշտպանը: Թեև Բեռլինում առիթ
չի ներկայանա դրսևորելու Ձեր պերճախոսությունը մեր օգտին ու ինչ էլ պատահի, ես երբեք
չեմ մոռանա և մեր երկիրը նույնպես չի մոռանա այն, ինչ Դուք կատարեցիք մեր փրկության
համար: Ապագա պատմաբանը կասի, որ գեներալ Իգնատևին է պատկանում եվրոպական պայմանագրի
մեջ հայերին առաջին անգամ ներգրելու պատիվը և թուրք կեղեքիչներին հարկադրելու փառավոր
փաստաթղթում (Սան Ստեֆանոյի պայմանագրում) պաշտոնապես ճանաչելու անարդարացիորեն տառապող,
մոռացված քրիստոնյա ժողովրդի գոյությունը: Դուք ձեռք բերեցիք մեր ողջ ժողովրդի հավերժ
երախտագիտության իրավունքը»:
Սան Ստեֆանոյի պայմանագրի
վերանայման նպատակով Բեռլինում միջազգային վեհաժողովի գումարումը առանց որևէ դժվարության
համոզեց հայերին, որ հայկական հարցի լուծումը այլևս կախված չէ միայն Ռուսաստանից, ուստի
անհրաժեշտ էր արդեն ստանալ հատկապես Եվրոպայի մեծ տերությունների համաձայնությունը
և աջակցությունը: Հայերը համոզվելով, որ իրենց օրինական պահանջների իրագործումը սերտորեն
կապված է եվրոպական մեծ տերությունների կենսագործած քաղաքականության հետ, որոշեցին
Բեռլին, Հռոմ, Փարիզ, Լոնդոն, Պետերբուրգ ներկայացուցիչներ ուղարկելու համար ստեղծել
պատվիրակություն և ղեկավար նշանակել ժամանակի աչքի ընկնող հոգևորական, ջերմ հայրենասեր
Մկրտիչ Խրիմյանին: Պատվիրակության մեջ ընդգրկված էին նրա քարտուղար և թարգմանիչ Մինաս
Չերազը և Խորեն Նարբեյը: Ներսես պատրիարք Վարժապետյանի հանձնարարությամբ Բեռլին ժամանեց
նաև Ստեփան Փափազյանը: Բայց վեհաժողովին ներկայացված փաստաթղթերը ստորագրում էին Մկրտիչ
Խրիմյանը և Խորեն Գալֆայան-Նարբեյը, իսկ ամենայն հայոց կաթողիկոսին ակտիվ գործունեություն
կոչելու դիտավորությամբ Էջմիածին ուղևորվեց ապագա «երկաթյա պատրիարքը»՝ Մատթեոս Իզմիրլյանը:
Եթե Խորեն Նարբեյը մեկնեց Պետերբուրգ, ապա Խրիմյանը և Չերազը եղան Իտալիայում, Ֆրանսիայում,
Անգլիայում՝ իրենց հետ տանելով Արևմտյան Հայաստանի ապագա ինքնավարության ծրագիրը, Ներսես
Վարժապետյանի հուշագիրը, որտեղ փաստերով հիմնավորվում էր ինքնավարության օրինականությունը
և անհրաժեշտությունը, վիճակագրական տվյալներ հայերի թվի մասին, Հայաստանի քարտեզը:
Նրանք նախ՝ գնացին Հռոմ,
հանդիպումներ ունեցան Իտալիայի քաղաքական մի շարք գործիչների, ներառյալ արտգործնախարար
կոմս Կորտիի հետ և ստացան արևմտահայերի ինքնավարության պահանջը վեհաժողովում պաշտպանելու
ջերմ հավաստիացումներ: Հռոմից Խրիմյանը և Չերազն անցան Փարիզ և հանդիպումներ ունեցան
այնտեղ գտնվող եգիպտահայ նշանավոր քաղաքական գործիչ Նուբար փաշայի և Ֆրանսիայի պետական
գործիչների հետ, «Թեմպ» թերթի տնօրեն-խմբագիր Ադրիեն Էբրարի, Փարիզում Գերմանիայի դեսպան
իշխան Հոգենլոեի, Անգլիայի դեսպան լորդ Լայնսի հետ: Դեսպաններն արևմտահայերի պահանջներն
իրավացի են համարում, իսկ Լայնսը հավելում է, թե «Ապահով եմ, որ Լոնդոնում լավ ընդունելություն
կգտնեք, եթե չափավոր լեզու գործածեք»:
Հայ պատվիրակներին ընդունեց
Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ուիլյամ Հենրի Վադդինգտոնը: Զգուշանալով ներկայացված
ծրագրի ընդունման դժվարությունից, որովհետև Լիբանանի նման ինքնավարություն Արևմտյան
Հայաստանում հայերի և մահմեդականների խառը բնակչության պատճառով ըստ նախարարի անհնարին
է, այնուամենայնիվ, նա հանդիսավորությամբ խոստացավ. «Կարող եք ապահով լինել, որ Ֆրանսիան
անտարբեր չէ Հայաստանի վիճակի նկատմամբ: Ես անձամբ համակրում եմ ձեր դատին, որովհետև
շրջել եմ Ասիայում, ուսումնասիրել եմ ձեր ժողովրդի պատմությունը և գրականությունը…
Եվ տրամադիր եմ ձեր դատը պաշտպանելու վեհաժողովում, ուր ոչ ոք ինձանից լավ չի ճանաչում
ձեր ազգն ու երկիրը»: Դրանից հետո Խրիմյանը և Չերազը մեկնում են Անգլիա և այնտեղ մոտ
երկու ամիս եռանդուն գործունեություն են ծավալում: Մանչեստրի ու Լոնդոնի հայ համայնքի
օգնությամբ մի շարք հանդիպումներ են ունենում պետական ու հասարակական գործիչների հետ:
Լոնդոնում ծավալվել էր հայասիրական մի շարժում, ինչպես հայ գործիչների, այնպես էլ լորդ
Ջեյմս Բրայսի ջանքերով ստեղծված անգլո-հայկական ընկերության կողմից: Ընկերության գործնական
ղեկավարությունն իր ձեռքն էր վերցրել հնդկահայ Սեթ Աբգարը, որը 1876թ. Լոնդոնում ֆրանսերեն
հրատարակել էր հայկական դատին նվիրված մի գրքույկ: Քենթըբերիի արքեպիսկոպոսի հետ հանդիպման
ժամանակ ելույթում Խրիմյանն ասում է. «Կհավատամք նաև, որ նախախնամության կողմեն պատրաստված
հայոց հինգդարյան գերության շղթան արձակող Մեծին Բրիտանիո համատարած պետության հզոր
և ազատասեր ձեռքն է, որ ստրկացած ազգերուն ազատություն կը բաշխե: Ահավասիկ այդ պաշտպանող
ձեռքեն հայոց ազգը ևս իր արդար բաժինը կխնդրե»: Ներսես Վարժապետյանը, Մկրտիչ Խրիմյանը,
նրանց համախոհները կարծում էին, թե Բեռլինի վեհաժողովում Անգլիան կպաշտպանի հայոց դատը:
«Անգլիան որ ուզե՝ Հայաստանը փրկված է»,- ասում էր Վարժապետյանը: «Մեր քաղաքականությունն
է Ռուսիո երախտագետ ըլլալով՝ հուսալ Անգղիա և Անգղիո շնորհիվ ապահովել մեր բարոյական
և նյութական բարեկեցությունը»: Խրիմյանը և Չերազը երկար ժամանակ սպասում էին Անգլիայի
վարչապետի ու արտգործնախարարի ընդունելությանը: Լսելով հայ պատվիրակներին՝ Սոլսբերին
իր «անկեղծ» համակրանքն է հայտնում, բայց ինչպես ինքն է գրում Կ.Պոլսի դեսպան Լեյերդին,
հարկ չի համարում «վեհաժողովի կողմից գործադրելի մասնավոր միջոցների նկատմամբ խոստումներ
տալ»: Վարչապետ Բիկոնսֆիլդը և արտգործնախարար Սոլսբերին դեմ էին Հայաստանի ինքնավարությանը,
պաշտպանում էին Թուրքիային և նրան օգտագործում Ռուսաստանի դեմ:
Նրանք մերժում են Հայաստանի
ինքնավարության պահանջը՝ պատրվակ դարձնելով, թե Օսմանյան կայսրության տիրապետության
տակ գտնվող հայերը խառն են մահմեդականների հետ, որով էլ պայմանավորում էին իրենց տեսակետը
հայկական ինքնավարության անհնարինության մասին: Ահա ինչու Սոլսբերին տվեց ոչինչ չասող
խոստումներ, թե հայերը ձեռք կբերեն այն, ինչ կտրվի քրիստոնյա մյուս ժողովուրդներին:
Լոնդոնում Խրիմյանը և Չերազն այցելեցին Անգլիայի նշանավոր պետական-քաղաքական գործիչ,
հայասերի անուն ունեցող ընդդիմության առաջնորդ Գլադստոնին, ֆրանսիական, գերմանական
դեսպաններին, Անգլիայի մայրաքաղաքում որպես հյուր գտնվող Գերմանիայի թագաժառանգ Ֆրիդրիխ
Վիլհելմին, թուրքական դեսպանին:
Լոնդոնում հայ պատվիրակները
լսեցին նաև անկեղծ ու սթափ, զգաստացնող խոսքեր: Պառլամենտի անդամներից՝ Ֆորստերը, Խրիմյանին
ասում է. «Մի վշտացնեք Ռուսաստանին, որ ձեր դրացին է, մի դառնաք գործիչ ո՛չ պահպանողական
կուսակցության և ո՛չ էլ մեր, ազատամիտների ձեռքը: Անգլիայի օգնության վրա չի կարելի
հույս դնել»: Հայ պատվիրակության՝ տարբեր երկրների պետական բարձրաստիճան այրերի հետ
ունեցած հանդիպումներից կարելի է կատարել երեք հիմնական եզրահանգում:
Նախ՝ ակնհայտ էր Բեռլինի
վեհաժողովից առաջ եվրոպական դիվանագիտության շռայլ խոստումների բացահայտ փարիսեցիությունը:
Երկրորդ՝ Բեռլինի վեհաժողովում այդ ամենն անմիջապես փոխարինվեց բացարձակ անբարյացակամ
դիրքորոշմամբ Արևմտյան Հայաստանի ինքնավարության ծրագրի նկատմամբ, որը պայմանավորված
էր Թուրքիային սիրաշահելու, զիջումներ ստանալու, և հատկապես Ռուսաստանի դեմ պայքարում
նրան մասնակից դարձնելու հետ: Երրորդ՝ հայկական հարցի լուծման մեջ հիմնականում շահագրգռված
էր Ռուսաստանը, որը, սակայն, անհնարին համարելով Եվրոպայի մեծ տերությունների դիրքորոշման
ու շահերի անտեսումը, փորձեց այդ հիմնախնդիրը լուծել եվրոպական դիվանագիտության շրջանակներում
և միջազգային հարաբերությունների համակարգում: Այդ է մասնավորապես վկայում ռուս-անգլիական
համաձայնագիրը, որովհետև այն տարածվում էր նաև հայոց հողերի վրա: Այս առումով հետաքրքիր
են ու կարևոր Շուվալովի օրագրում հիշատակված տեղեկությունները Կարսը Ռուսաստանին հանձնելու
կամ, ավելի ճիշտ, նրա կազմում թողնելու դիվանագիտական պայքարի մասին: Անգլիայում Ռուսաստանի
դեսպանը նշում էր, որ մինչև Բեռլինի վեհաժողովը իրեն արդեն հաջողվել էր Լոնդոնում Սոլսբերիի
հետ համաձայնություն ձեռք բերել Կարսը ռուսաց կայսրությանը հանձնելու վերաբերյալ, որը
զարմանք էր պատճառել թե՛ «երկաթե կանցլեր» Բիսմարկին, և թե՛ կայսր Վիլհելմ II-ին, որոնց հետ նա Բեռլին
այցելելու ժամանակ ունեցել է պաշտոնական զրույցներ գալիք վեհաժողովի գումարման կապակցությամբ:
Բիսմարկի հետ երկխոսության ընթացքում Շուվալովը Կարսը և Բաթումը Ռուսաստանին հանձնելու
անհրաժեշտությունը հիմնավորեց պատմական զուգահեռներ անցկացնելու միջոցով, որի դեմ առարկել
դժվար էր անգամ «երկաթե կանցլերին»: «Ռուսաստանում,- ասաց ռուսաց դեսպանը,- այս երկու
կետերի (Կարսի և Բաթումի) միացման օգտին հասարակական կարծիքն արտահայտվեց նույնքան
եռանդագին, որքան 1870թ. Գերմանիայում այն (հասարակական կարծիքը) պահանջում էր միացնել
Էլզասը»: Ուշագրավ է նաև Ալեքսանդր II-ի տեսակետը, որը ծանոթանալով Լոնդոնից Շուվալովի բերած նախնական պայմաններին,
նույնպես արտահայտելով իր զարմանքը, ասաց. «Ինչ վերաբերում է… Կարսին ու Բաթումին…
ես ոչնչի չեմ հավատում: Անգլիացիները կհրաժարվեն դրանից, երբ գործը հասնի համաձայնագրի
ստորագրմանը: Մի խոսքով, նրանք մեզ խաբում են»: Սակայն ռուս դիվանագետի օրագրի եզրափակիչ
հատվածից պարզ է դառնում, որ նա բոլորովին չէր կիսում կայսրի կարծիքը: Շուվալովի տեսակետով,
եթե հաշվի առնենք Եվրոպայի մեծ տերությունների թշնամական դիրքորոշումը Ռուսաստանի նկատմամբ,
ապա պետք է ոչ թե քննադատել վեհաժողովի արդյունքները, այլ ընդհակառակը, պարզապես զարմանալ
նրանց կողմից Ռուսաստանին կատարված զիջումներից: Ակնհայտ է, որ նա ուղղակի ջատագովում
է իր դիվանագիտական գործունեությունը Բեռլինում, իսկ վեհաժողովի որոշումները դիտարկում
որպես Ռուսաստանի դիվանագիտական լուրջ հաղթանակ: «Այս հարցի վերաբերյալ անկանխակալ
պատմությունը,- եզրակացնում է Շուվալովը,- իր դատողությունը կարտահայտի, նա կորոշի,
թե վեհաժողովում ում դրությունն էր ավելի նպաստավոր՝«պոչն իրեն քաշած» հայրենիք վերադարձած
ռուս լիազորների՞, թե՞ անգլիական նախարարների, որոնց տանը դիմավորեցին մեծարանքով և
հաղթանակով»: Բեռլինի վեհաժողովի մասնակից ռուս գեներալ Անուչինը իր հիշողություններում
ուշադրությունը սևեռում է ռուս-անգլիական համաձայնագրի 7-րդ հոդվածի վրա, որով Սան
Ստեֆանոյի պայմանագրով սահմանված պարտավորությունները Հայաստանի վերաբերյալ արդեն պետք
է կռահել, որ Անուչինը նկատի ունի 16-րդ հոդվածը, թեև այդ մասին նշված չէ նաև համաձայնագրում:
«Սան Ստեֆանոյի նախնական պայմանագրի մեջ Հայաստանի վերաբերյալ,- արձանագրված է ռուս-անգլիական
համաձայնագրի 7-րդ կետում,- պարունակվող խոստումները պետք է տրվեն ոչ թե բացառապես
Ռուսաստանի, այլ նաև Անգլիայի անունից»: Եթե ռուս-անգլիական համաձայնագրի 7-րդ հոդվածը
պարզապես սահմանափակում էր Ռուսաստանի նախաձեռնությունները Արևմտյան Հայաստանում, ըստ
էության կապում նրա ձեռքերը ազատ գործելու հնարավորությունից ու իրավունքից, ապա
10-րդ կետով ռուսաց դիվանագիտությունը կատարեց ուղղակի լուրջ զիջում և ակնհայտորեն
նահանջեց Սան Ստեֆանոյի պայմանագրից: Իսկ սա առաևկայորեն հակասում էր արևմտահայության
շահերին, ուղղվում նրանց դեմ: «Ինչ վերաբերում է Ալաշկերտի հովտին և Բայազետ քաղաքին,-
ասված է ռուս-անգլիական համաձայնագրի 10-րդ հոդվածում, ապա, քանի որ այդ հովիտը հանդիսանում
է դեպի Պարսկաստան տանող տրանզիտային մեծ ճանապարհ և թուրքերի աչքում ունի հսկայական
նշանակություն, Նորին մեծություն կայսրը համաձայն է այն վերադարձնել նրանց, բայց փոխարենը
հօգուտ Պարսկաստանի պահանջել է և որպես զիջում ստացել է Կոտուրի ոչ մեծ տերիտորիան,
որը երկու միջնորդ կառավարությունների հանձնաժողովները արդարացի են համարել վերադարձնել
շահին»:
Շուվալովը Գորչակովի
գիտությամբ Լոնդոնի համաձայնագրի ստորագրման ժամանակ անտեսեց Իգնատևի խորհուրդը սուլթանից
պահանջել քանդելու Բայազետի ու Էրզրումի ամրությունները և այդ տարածքները վերադարձնելու
դիմաց հօգուտ Պարսկաստանի լուծել Կոտուրի ոչ մեծ տարածքը:
Ռուսաստանի գործողությունների
շրջանակները սեղմելու առումով ուշագրավ է համաձայնագրի 11-րդ կետը, որով «Համաձայնվելով
չառարկել ռուսական կայսրի՝ Բաթում նավահանգիստը ձեռք բերելու և իր նվաճումները Հայաստանում
պահպանելու ցանկությանը, Նորին Մեծության (Անգլիայի) կառավարությունն իրենից չի թաքցնում,
որ Ռուսաստանի սահմանների ընդլայնման հետևանքով հավանաբար կարող է ծագել Ասիայում թուրքական
բնակչության անդորրության սպառնացող լուրջ վտանգ: Սակայն Նորին մեծության կառավարությունն
այն կարծիքին է, որ Օսմանյան կայսրությանն այդ վտանգից պահպանելու պարտականությունը,
որն այսուհետև կընկնի հատկապես Անգլիայի վրա, հետագայում կարող է իրագործվել առանց
այն բանի, որպեսզի Եվրոպան ենթարկվի նոր պատերազմի աղետներին: Դրա հետ միասին թագուհու
կառավարությունն ի գիտություն է ընդունում Նորին կայսերական մեծության հավաստիացումն
այն մասին, որ ապագայում Ռուսաստանի սահմանը չի ընդլայնվի ասիական Թուրքիայի կողմից:
Այս կապակցությամբ Նորին մեծության կառավարությունը համարելով, որ սույն հուշագրում
համաձայնեցված Սան Ստեֆանոյի պայմանագրի փոփոխությունները բավական են, որպեսզի թուլացվեն
այն առարկումները, որոնք ինքն ունի պայմանագրի այս տարբերակի դեմ, պարտավորվում է չառարկել
Սան Ստեֆանոյի նախնական պայմանագրի այն հոդվածների դեմ, որոնք չեն փոփոխվել վերոշարադրյալ
10 կետերով, եթե կոնգրեսում այդ հոդվածների պատշաճ քննարկումից հետո Ռուսաստանը շարունակի
պնդել դրանց վրա:
Հնարավոր է, որ կոնգրեսում
բանավեճի ընթացքում երկու կառավարությունները կգերադասեն փոխադարձ համաձայնությամբ
մտցնել այնպիսի նոր փոփոխություններ, որոնք անհնար է կանխատեսել, բայց եթե ռուսական
և անգլիական լիազորների միջև համաձայնություն չկայանա նոր փոփոխությունների առթիվ,
ապա սույն հուշագիրը կոչված է կոնգրեսում Ռուսաստանի և Մեծ Բրիտանիայի լիազորների համար
ծառայելու որպես փոխադարձ պարտավորություն»: Այս ամենը հնարավորություն է ընձեռում
համակողմանիորեն ու անաչառորեն պարզաբանել, թե ինչու մայրամուտ ապրեց Սան Ստեֆանոյի
պայմանագրի 16-րդ հոդվածը, ինչպես ծնվեց 61-րդ կետը և ինչպես Ռուսաստանը քայլ առ քայլ
նահանջեց Բեռլինի վեհաժողովում:
Բեռլինի վեհաժողովը քննության
առավ նաև հայկական հարցը: Այն որպես երկրորդական հիմնախնդիր քննարկվելու էր բավական
ուշ, որը հնարավորություն ընձեռեց Բեռլին մեկնած հայ պատվիրակներին հանդիպել վեհաժողովի
մասնակիցներին, բախել բոլոր փակ և բաց դռները, Հայաստանի ինքնավարության ծրագիրն ուղարկել
վեհաժողովի պատվիրակներին: Իտալիայի պատվիրակության ղեկավար Կորտին Բեռլին մեկնելուց
առաջ ստացել էր Հայաստանի՝ Ալիշանի կազմած աշխարհագրական տեղեկագիրը: Նրանք վեհաժողովի
նախագահ Բիսմարկին ներկայացնելով իրենց դիմումը Կ.Պոլսի հայոց Ազգային ժողովի և Ներսես
Վարժապետյանի անունից խնդրում են Սան Ստեֆանոյի 16-րդ հոդվածի հիման վրա քննության
առնել Հայաստանում վարչական բարենորոգումներ անցկացնելու վերաբերյալ հարցը: Դիմումին
կից ներկայացնում են վարչական բարենորոգումների ծրագիր, վիճակագրական տվյալներ Արևմտյան
Հայաստանի հայ բնակչության թվի մասին: Արևմտյան Հայաստանի այն մասը, որ Սան Ստեֆանոյի
պայմանագրով չէր անցել Ռուսաստանին և որի համար պահանջվում էր ինքնավարություն, ուներ
2.062.300 բնակիչ, որից 1.300.000-ն՝ հայ, մնացածը՝ թուրք, քուրդ: Հայերի ընդհանուր
թիվը Թուրքիայում, չհաշված Սան Ստեֆանոյի պայմանագրով Ռուսաստանին անցած շրջանների
ազգաբնակչությունը, կազմում էր ավելի քան 3 միլիոն մարդ: Բեռլինի վեհաժողովին է դիմում
և իր առանձին ծրագիրն է ներկայացնում եգիպտահայ հայտնի գործիչ Նուբար փաշան, որտեղ
ինքնավարության մասին ընդհանրապես ոչինչ չէր ասված, այն նախատեսում էր ու բավարարվում
միայն բարենորոգումներով և իր չափավորությամբ զիջում էր հայոց պատվիրակության մշակած
նախագծին: Նուբար փաշան, ինքնավարությունը համարելով անհնարին, սահմանափակվում էր բարենորոգումներով:
Այդ ծրագիրը թուրքական կառավարության հովանավորությամբ և նրա միջոցով կատարվելիք բարենորոգումների
հետ էր կապում արևմտահայության ապագան:
Նուբար փաշան, ունենալով
անգլիական դիրքորոշում, սակայն, պարզ տեսնում էր այն որոշակի տարբերությունը, որ գոյություն
ուներ հայ ժողովրդի արևելյան ու արևմտյան հատվածների միջև: Բայց այդ ճշմարտացի տարբերազատումը
նրան մղում էր ոչ թե քարոզելու հայ ժողովրդի մյուս հատվածի անցումը ցարական տիրապետության
տակ, այլ այն դիվանագիտորեն մատնացույց անելու Բարձր Դռանը՝ խորհուրդ տալով արևմտահայերի
համար ստեղծել ապրելու բարվոք պայմաններ:
Բիսմարկը համաձայնվում
է վեհաժողովի օրակարգի մեջ մտցնել հայկական հարցի քննարկումը, բայց երբ հայ պատվիրակները
ցանկանում են հանդիպել նրա հետ, «երկաթե կանցլերը» իր խորհրդականի միջոցով հայտնում
է, որ ժամանակ չունի: Սան Ստեֆանոյի 16-րդ հոդվածը կանխավ դատապարտված էր վերանայման,
քանզի արդեն կնքվել էր ռուս-անգլիական համաձայնագիրը, իսկ թուրքական ներկայացուցիչները
հենվելով Անգլիայի ու Ավստրո-Հունգարիայի աջակցության վրա, գրոհեցին այդ կետի դեմ.
Ռուսաստանի հիմնականում հայանպաստ դիրքորոշումը բավարար չէր վեհաժողովում: Թուրքիայի
ներկայացուցիչները հայ պատվիրակներին հրավիրում են իրենց երկրի դեսպանատուն, առաջարկում
հայերին դադարեցնել գործունեությունը, վերադառնալ Կ.Պոլիս՝ խոստանալով տեղում լուծել
նրանց խնդիրը: Թուրքական կեղծ խոստումներին քաջատեղյակ Մկրտիչ Խրիմյանը մերժում է նրանց
առաջարկը: Թուրքական պատվիրակության ղեկավար Ալեքսանդր Կարաթեոդորի փաշան փորձեց սուլթանի
միջոցով հարկադրել Վարժապետյանին, որ նա ետ կանչի հայ պատվիրակներին: Բայց Վարժապետյանը
չի կատարում սուլթանի պահանջը, պատասխանելով, որ ազգային ժողովն է ուղարկել և միայն
նա կարող է ետ կանչել: Թուրքական կառավարության և պատվիրակության բոլոր դավերը՝ հայկական
հարցը Բեռլինում տապալելու ուղղությամբ ապարդյուն են անցնում: Ռուսաստանի ու Ֆրանսիայի
ներկայացուցիչների օգնությամբ այդ հարցը դրվում է քննարկման:
1878թ. հունիսի 22-ին
վեհաժողովի 12-րդ նիստում քննության դրվեց Սան Ստեֆանոյի պայմանագրի 16-րդ հոդվածը՝
հայկական հարցը: Լորդ Սոլսբերին առաջարկում է այդ կետից պահել միայն բարեփոխումներին
վերաբերող հատվածը, դրանով իսկ փորձելով հավաստիացնել, թե Անգլիան ոչ միայն դեմ չէ,
այլև համաձայն է ու պաշտպանում է բարենորոգումների ծրագիրը: Նա միաժամանակ առաջարկեց
ջնջել առաջին տողերը, որը կարդալիս թվում էր, թե ռուսական զորքերի ներկայությունից
է կախված բարենորոգումների իրագործումը: Ապա նա հայտարարեց, թե առաջիկա նիստերից մեկում
ինքը կներկայացնի հայերի համար կազմած մի ծրագիր:
Անգլիան չէր կարող հանդուրժել,
որ Արևմտյան Հայաստանում նախատեսվող բարեփոխումները կապվեն ռուսական բանակի ներկայության
հետ, որը կուժեղացներ Ռուսաստանի դիրքերը և հեղինակությունը, հնարավորություն կընձեռեր
բարենպաստ պայմանների դեպքում միակցել հայկական հողերը ռուսաց կայսրությանը: Սոլսբերիի
առաջարկը հակասում էր Ռուսաստանի շահերին, համապատասխանաբար նաև՝ արևմտահայության ակնկալիքներին:
Սոլսբերիից հետո ելույթ ունեցած կոմս Շուվալովը երկյուղ հայտնեց, որ եթե ռուսական զորքերը
հեռանան մինչև խոստացած բարենորոգումների իրագործումը կարող է առաջացնել լուրջ անկարգություններ:
Ապա նա խնդրեց բոլոր դիտողությունները հետաձգել և անդրադառնալ դրան, երբ վեհաժողովն
ամբողջովին կզբաղվի հայկական հարցով: Բեռլինի վեհաժողովի ողջ աշխատանքը ընդհանրապես
և հայկական հարցի քննարկումը հատկապես, աներկբայորեն վկայեցին, որ Անգլիան ու Թուրքիան
հանդես են գալիս համատեղ և համագործակցված՝ հիմքում ունենալով վեհաժողովի բացումից
9 օր առաջ Կ.Պոլսում Թուրքիայի արտգործնախարար Սաֆվետ փաշայի ու Կ.Պոլսում Անգլիայի
դեսպան Աուսեն Հենրի Լեյրդի միջև ստորագրված «Պաշտպանողական դաշնակցություն Անգլիայի
ու Թուրքիայի միջև» ստորագրված գաղտնի փաստաթուղթը: Դա հնարավորություն ընձեռեց Թուրքիայի
պատվիրակության պարագլուխ Կարաթեոդորի փաշային գրավել ավելի անկախ կեցվածք, դառնալ
անհամեմատ հանդուգն, քանզի վեհաժողովի կլոր և կանաչ սեղանին դրվեց նրա մասնակիցների,
հատկապես Ռուսաստանի ներկայացուցիչների համար անսպասելի փաստաթուղթը, որը, անշուշտ,
բացասաբար անդրադարձավ հայկական հարցի վերջնական ճակատագրի վրա: Անգլիան ու Թուրքիան
«… որոշեցին կազմել պաշտպանողական դաշնակցության մի դաշնագիր, որ նպատակ ունի ապահովելու
ապագայում Նորին մեծություն սուլթանի հողերն Ասիայում»: Դժվար չէ կռահել, որ թուրք-անգլիական
համաձայնագիրն ուղղված էր Ռուսաստանի դեմ և այն անթաքույց արձանագրված է ընդամենը երկու
կետից կազմված համաձայնագրի առաջին հոդվածում: «Եթե Ռուսաստանը,- նշված է առաջին կետում,-
իր ձեռքում պահելով Բաթումը, Արդահանը, Կարսը կամ նրանցից մեկն ու մեկը, այսուհետև
երբևիցե փորձ անի տիրելու Ասիայում Նորին կայսերական մեծություն սուլթանի ունեցած այս
երկրներից որևէ մի մասին, որը խաղաղության վերջնական դաշնագրով պիտի որոշվի, այն ժամանակ
Անգլիան պարտավորվում է միանալ Նորին կայսերական մեծություն սուլթանի հետ՝ զենքի ուժով
այս երկրները պաշտպանելու համար:
Ի փոխհատուցում Նորին
կայսերական մեծություն սուլթանը խոստանում է Անգլիային մտցնել անհրաժեշտ բարենորոգումներ,
որոնք հետո պիտի մանրամասնաբար որոշվեն երկու պետությունների միջև և որոնք նպատակ ունեն
Բարձր Դռան քրիստոնյա և այլ հպատակների բարվոք կառավարումը և պաշտպանությունը խնդրի
առարկա եղած երկրներում և որպեսզի Անգլիան իր պարտականությունը կատարելու համար հարկավոր
եղած միջոցներն ապահովի, Նորին կայսերական մեծություն սուլթանը հավանություն է տալիս
նույնպես, որ Կիպրոս կղզին գրավվի և կառավարվի Անգլիայի կողմից»:
Թուրքիային Ռուսաստանի
ոտնձգություններից պաշտպանելու պաշտոնապես պարտավորություն ստանձնելով, Անգլիան փաստորեն
ոչ միայն իրավունք ստացավ գրավել Կիպրոսը, ոչ միայն պայմաններ ստեղծեց սուլթանի վրա
ներգործելու համար, այլև կարողացավ երաշխիքներ ձեռք բերել կասեցնելու Ռուսաստանի ծավալապաշտական
ձգտումները թուրքական կայսրության ասիական տարածքներում: Անգլիան չէր կարող հանդուրժել,
որ ռազմավարական նշանակություն ունեցող կարևոր այդ շրջաններն անցնեն իր գլխավոր մրցակցին
ու հակառակորդին՝ Ռուսաստանին: Հատկանշական է, որ թե՛ Շուվալովը, և թե՛ Սոլսբերին դիվանագիտական
տարբեր մարտավարություն որդեգրելով, ցանկություն հայտնեցին հետաձգել հայկական հարցի
քննարկումը վեհաժողովում: Եթե Շուվալովին դա անհրաժեշտ էր անգլիացի դիվանագետի բոլոր
դիտողությունների հետ մանրամասնորեն ծանոթանալու և համապատասխան հակապահանջներ մշակելու
համար, ապա Սոլսբերին հայկական բարենորոգումների հարցի հետաձգման մեջ տեսնում էր միջոց
ու հնարավորություն փոփոխություն մտցնելու ծրագրում, առաջարկելով վեհաժողովին զբաղվել
Սան Ստեֆանոյի պայմանագրի 19-րդ հոդվածի b կետով, որը վերաբերում էր Կարսին ու Արդահանին: Անգլո-թուրքական
համաձայնագիրը ծանր տպավորություն գործեց նաև հայ պատվիրակության վրա: «Թեպետ ես պաշտպանում
եմ ձեր դատը,- ասում էր Վադդինգտոնը,- բայց չեմ կարող իմ ընկերներին ստիպել, որ նրանք
անպատճառ ընդունեն իմ առաջարկները»: Իսկ Շուվալովը կանչում է հայ պատվիրակներին և նրանց
հայտնում դառը ճշմարտությունը. «Վեհաժողովը ժամանակ չունի զբաղվելու Ձեր հարցով…»:
Ռուս-անգլիական դիվանագիտական
պայքարը Բեռլինում ավարտվեց փոխզիջումային տարբերակով: Բեռլինի վեհաժողովում ընդունված
պայմանագրի 58-րդ հոդվածով «Բարձր Դուռը Ասիայում ռուսական կայսրությանն է զիջում Արդահանի,
Կարսի և Բաթումի տարածքները, վերջինիս նավահանգստով հանդերձ, ինչպես նաև այն բոլոր
տարածքները, որոնք գտնվում են ռուս-թուրքական նախկին սահմանի և հաջորդ սահմանագծի միջև»:
Հետևաբար Բաթումի շուրջ ծավալված սուր պայքարն ավարտվեց Ռուսաստանին հանձնելու և ազատ
նավահանգիստ հայտարարելու որոշմամբ: Սակայն, զիջելով այս հիմնախնդրում, Սոլսբերին հարկադրեց
Գորչակովին ու Շուվալովին նահանջել և բավարարել իր մյուս պահանջները: Մասնավորապես
Բեռլինի դաշնագրի 60-րդ հոդվածի համաձայն՝ «Սան Ստեֆանոյի պայմանագրի 19-րդ հոդվածով
Ռուսաստանին զիջված Ալաշկերտի հովիտը և Բայազետ քաղաքը վերադարձվում են Թուրքիային»:
Դրանով ապահովվում էր Սև ծովի վրայով Տրապիզոն-Կարին-Թավրիզ տանող նրա առևտրական ճանապարհը,
որն Անգլիայի համար առավել կարևոր էր մանավանդ այդ ժամանակաշրջանում, քանի որ դեռ չէր
նվաճվել Եգիպտոսը և լրիվ ապահովված չէր Սուեզի ջրանցքի մշտական օգտագործումը: Ռուսաց
դիվանագիտությունը կարող էր սփոփվել սոսկ այն փաստով, որ Բարձր Դուռը Պարսկաստանին
է զիջում Կոտուր քաղաքը և տարածքը, որը նախատեսված էր ռուս-անգլիական համաձայնագրով:
Սոլսբերիին հաջողվեց նաև վերանայել Սան Ստեֆանոյի պայմանագրի 16-րդ հոդվածը, իսկ նոր
կետը մշակվեց Կարաթեոդորի փաշայի հետ կողասրահային հանդիպումներից հետո, որը նշանակում
էր հաշվի առնել ու բավարարել Թուրքիայի շահերը: Սոլսբերիի բանաձևը ռուսաց պատվիրակության
կամքին հակառակ, մասնակի խմբագրությամբ ընդունվեց և դիվանագիտական այդպիսի սուր պայքարից
հետո ծնվեց չարաբաստիկ 61-րդ հոդվածը: Գորչակովը և Շուվալովն առարկում են, որ վեհաժողովը
երաշխավորություն հաստատի այդ հոդվածի գործադրության համար: Կարաթեոդորի փաշան հանդես
է գալիս նրանց դեմ, իսկ Սոլսբերին պաշտպանում է Թուրքիայի ներկայացուցչին: Բիսմարկը
քվեարկում է. ռուսաց առաջարկը չի ընդունվում: «Բարձր Դուռը պարտավորվում է առանց հետագա
հապաղման իրագործել հայաբնակ մարզերում տեղական կարիքներից հարուցված բարելավումներն
ու բարենորոգումները և ապահովել հայերի անվտանգությունը չերքեզներից և քրդերից: Բարձր
Դուռը տերություններին պարբերաբար կհաղորդի այն միջոցների մասին, որոնք ինքը ձեռք է
առել այդ նպատակի համար, իսկ տերությունները կհսկեն դրանց կիրառմանը»: Ինքնավարության
մասին ոչ մի խոսք չպարունակող, այն չկիրառելու դեպքում Թուրքիայի նկատմամբ եվրոպական
տերությունների որևէ պարտավորությունների ու կոնկրետ գործողությունների մասին ոչինչ
չնշող հոդվածը միջազգային հարաբերությունների համակարգում ու դիվանագիտության պատմության
մեջ հայտնի դարձավ հայկական բարենորոգումներ անվան ներքո: Սան Ստեֆանոյի պայմանագրով
նախատեսված ռուսաց զորքերի առկայության պայմաններում բարենորոգումներ ստանալու երաշխիքը
փոխարինվեց մեծ տերություններին պարբերաբար դրանց մասին հաղորդելու և վերջիններիս կողմից
հսկելու ձևակերպումով: Թուրքական դիվանագիտությունը համոզված էր, որ այս անձև ու հստակությունից
զուրկ հոդվածը անխուսափելիորեն կդառնա «մեռած տառ», քանզի մեծ տերությունների հակամարտությունից
հմտորեն օգտվելով, նրանցից յուրաքանչյուրին մասնակի զիջումներ կատարելու միջոցով Աբդուլ
Համիդին կհաջողվի «օձիքն ազատել», այսինքն՝ խուսափել բարենորոգումներ անցկացնելու վերաբերյալ
ստանձնած պարտավորությունից: Ինչպես ռուսաց առածի համաձայն՝ յոթ դայակների պահած երեխան
հսկող աչք չունի, այնպես էլ հովանավորողների լիառատության հետևանքով արևմտահայերի ակնկալիքները
մնալու էին սոսկ անիրագործելի ցանկություն: Արևմտյան տերությունների դիվանագիտության
պատճառով ոչ միայն ի դերև ելան ինքնավարության վերաբերյալ արևմտահայերի ծրագրերը, այլ
նույնիսկ բարենորոգումների չափավոր պահանջները: Հետևաբար անհրաժեշտ է ուշադրությունը
հավասարաչափ սևեռել ոչ միայն 61-րդ հոդվածի անկատարության և չիրագործման պատմադիվանագիտական
փաստի, այլև այն հանգամանքի վրա, որ ռուս-թուրքական պատերազմին ամենևին չմասնակցած
Անգլիան հասավ դիվանագիտական լուրջ հաջողության: Նա բավարարված էր Թուրքիայի դիրքորոշումից,
որի պարագայում հայկական բարեփոխումների իրագործման հիմնախնդիրն արդեն դառնում էր ածանցյալ:
Ֆրանսիան Օսմանյան կայսրությունում ուներ տնտեսական մեծ շահեր. նա թափանցել էր Թուրքիայի
տնտեսության կարևորագույն ոլորտների մեջ և ստանում էր նկատելի շահույթներ, որոնք նույնպես
հարկադրում էին ֆրանսիական դիվանագիտությանը առանձնապես մեծ տեղ չհատկացնել հայոց հարցին
Բեռլինի վեհաժողովում: Ահա ինչու Ֆրանսիայի արտգործնախարար Վադդինգտոնի քաղցր, շռայլ,
բայց իրատեսությունից հեռու, թերևս անիրագործելի խոստումները՝ պաշտպանել հայ ժողովրդի
օրինական պահանջները, ոչ այլ ինչ էին, եթե ոչ փարիսեցիության կատարյալ դրևորումներ:
Ավելին, Բիկոնսֆիլդը Վադդինգտոնին իր քաղաքական մարտակառքին գամելու նպատակով նրան
խոստացավ հանձնել Թունիսը և դրանով իսկ մեկ կրակոցով սպանեց երկու նապաստակ: Նախ՝ անգլիական
դիվանագիտությունը կարողացավ փարատել Ֆրանսիայի դժգոհությունը Կիպրոսի վերաբերյալ կնքված
անգլո-թուրքական համաձայնագրից, որը խիստ սրեց անգլո-ֆրանսիական հարաբերությունները:
Երբ պարզ դարձավ Կ.Պոլսի՝ կնքված գաղտնի համաձայնագիրը, Վադդինգտոնը շտապեց հեռագիր
ուղարկել Տուլոն, արդեն ուշ էր, քանզի երբ ֆրանսիական երեք նավեր մոտեցան Կիպրոսի Ֆամագուստա
նավահանգստին, այնտեղ արդեն խարիսխ էր գցել անգլիական ռազմածովային ուժերի Միջերկրականի
նավախումբը: Իր հերթին Ֆրանսիայի վարչապետ Գամբետան շտապեց հեռագրել Վադդինգտոնին՝
առանց համաձայնագիրը ստորագրելու թողնել Բեռլինը և վերադառնալ Փարիզ: Բիկոնսֆիլդը և
Սոլսբերին անհանգստացած նման անցանկալի գործընթացից՝ շտապեցին հարթել հասունացող դիվանագիտական
ու քաղաքական վտանգավոր ճգնաժամը: Սոլսբերին հանգստացրեց ֆրանսիացիների կրքերը Վադդինգտոնին
հայտնելով, որ Անգլիան չի առարկի, եթե Ֆրանսիան գրավի Թունիսը: Երկրորդ՝ Անգլիան հայկական
հարցում ստացավ իր համար խիստ անհրաժեշտ Ֆրանսիայի համաձայնությունը և առանց որևէ դժվարության
կարողացավ հաջողությամբ վերանայել արևմտահայերին վերաբերող և Ռուսաստանի շահերին համապատասխանող
բոլոր հոդվածները: Գերմանիայի կանցլեր և վեհաժողովի նախագահ, ամենազոր Բիսմարկը բնավ
էլ չառարկելով Անգլիայի այդ նվիրատվության դեմ, միաժամանակ շարունակելով փարիսեցիական
«ազնիվ դիվանագիտական խաղը», Իտալիային նույնպես խորհուրդ էր տալիս գրավել Թունիսը
և ծայրաստիճան սրում էր ֆրանս-իտալական հակամարտությունները: Դրանով նա ցանկանում էր
շեղել Ֆրանսիայի՝ Գերմանիայի հիմնական հակառակորդի ուշադրությունը Էլզաս-Լոթարինգիայից՝
երկու երկրների համար քաղաքական գլխավոր կռվախնձորից: Բիսմարկի խոստովանությամբ «Ռուսաստանը
մնաց փոքրամասնության մեջ», այսինքն՝ Գերմանիան քվեարկեց մեծամասնության հետ: Ավստրո-Հունգարիային հորդորել ու համոզել որդեգրելու
հակառուսաց դիվանագիտական մարտավարություն ըստ էության անհրաժեշտություն չկար, ուստի
և օրինաչափ է, որ Բեռլինի վեհաժողովում Անդրաշին դարձավ Բիկոնսֆիլդի և Սոլսբերիի ու
Բիսմարկի ամենահուսալի դաշնակիցը: Բեռլինի վեհաժողովում Ռուսաստանի համար հաստատված
ոչ բարենպաստ քաղաքական-դիվանագիտական մթնոլորտում նրա ներկայացուցիչներին մնում էր
առանց խուճապի, աստիճանաբար, կազմակերպված նահանջել նաև հայկական հարցում՝ պահպանելով
այն ամենը, ինչ հնարավոր էր ու իրատես: Հետևաբար, Բեռլինի վեհաժողովում մեծ տերությունների
միջև ընթացած դիվանագիտական սուր հակամարտությունների հետևանքով Հայաստանը դարձավ նրանց
կողմից կնքված ամոթալի հաշտության, Անգլիայի ամենանշանավոր գործիչներից մեկի՝ Լլոյդ
ջորջի բառերով ասած, սեղանի զոհը: Նրա կարծիքով, եթե չլիներ իրենց՝ անգլիացիների չարաղետ
միջամտությունը, ապա հայերի մեծամասնությունը դեռ 1878թ. Սան Ստեֆանոյի պայմանագրով
կանցներ Ռուսաստանի դրոշի տակ: Անգլիական պատվիրակությունը հայկական հարցն օգտագործեց
սոսկ Ռուսաստանի դեմ պայքարելու և Թուրքիայում իր դիրքերն ամրապնդելու համար:
Լլոյդ Ջորջը, թեև ուշացումով,
այնուամենայնիվ, համարձակություն ունեցավ խոստովանել, որ «Բրիտանական կառավարության
քաղաքականությունը ճակատագրական անխուսափելիությամբ հանգեցրեց 1895-1897 և 1909 թվականների
ահավոր սպանդներին և 1915թ. զարհուրելի եղեռնին»: Հատկանշական է, որ Լլոյդ Ջորջից շատ
առաջ Մալկոլմ Մակքոլը «Անգլիայի պատասխանատվությունը Հայաստանի առջև» մեղադրական հոդվածում
նշում էր, որ 61-րդ կետը մնաց որպես մեռած տառ, որովետև եվրոպական պետություններին
Թուրքիան երբեք չհաղորդեց պայմանագրով նախատեսված իր պարտավորությունների ուղղությամբ
կիրառվելիք միջոցառումների մասին, որովհետև որևէ միջոցառում իր կողմից բնավ չէր կիրառվել,
իսկ տերությունները սառնասրտորեն հաշտվեցին Թուրքիայի կողմից միջազգային պարտավորության
խախտման հետ: Մալկոլմ Մակքոլի անաչառ կարծիքով «Այդ բարձրագույն աստիճանի ամոթալի փաստի
համար գլխավորապես և բոլորից շատ պատասխանատու է Անգլիան»: Բեռլինի վեհաժողովի դիվանագիտական
ողջ գործընթացը աներկբայորեն վկայեց, իսկ ընդունված միջազգային քաղաքական դաշնագիրն
ակնհայտորեն ապացուցեց, որ ազգային շահերի պաշտպանության համար ինքնուրույն պահանջներ
ներկայացնելու և հատկապես դրանց իրագործման գլխավոր պայմանը անկախ և հզոր պետականության
առկայության մեջ է: Միայն այդ դեպքում է հնարավորություն ընձեռվում միջազգային հարաբերությունների
համակարգում ներկայանալ որպես լիիրավ անդամ և հանդես գալ ինքնուրույն սուբյեկտի դերում:
Հակառակ դեպքում անխուսափելիորեն լինելու էր այն, ինչ եղավ Բեռլինի վեհաժողովում՝ այն
ո՛չ ընդունեց հայոց պատվիրակությանը, ո՛չ էլ հաշվի առավ նրա ներկայացրած ծրագիրը: Մկրտիչ
Խրիմյանին և նրա ուղեկիցներին նույնիսկ չթույլատրվեց մասնակցել 16-րդ հոդվածը քննարկող
նիստերին, կանխել 61-րդ հոդվածում մտցնել Հայաստան անունը հայկական բնակավայրեր բառերի
փոխարեն:
Հայ պատվիրակներին այլևս
ոչինչ չէր մնում անել Բեռլինում: 1878թ. հուլիսի 13-ին նրանք բողոք են ներկայացնում
վեհաժողովի նախագահ Բիսմարկին, որտեղ ասված է. «Հայ պատվիրակությունն իր ցավն է հայտնում,
որ իր օրինավոր և միանգամայն չափավոր պահանջները վեհաժողովի կողմից չընդունվեցին… Մենք
կարծեցինք, թե այսպիսի մի ազգ, որևէ քաղաքական փառասիրություն չունենալով, իրավունք
կստանա իր սեփական կյանքով ապրելու և հայկական հողի վրա հայ պաշտոնյաների ձեռքով կառավարվելու:
Հայերը հասկացան, որ խաբվել են, թե նրանց իրավունքները չեն ճանաչվել…
Հայ պատվիրակությունը
պիտի ետ դառնա Արևելք՝ իր հետ տանելով այդ դասը: Բայց նա, այնուամենայնիվ, հայտնում
է, թե հայ ժողովուրդը երբեք պիտի չդադարի աղաղակ հանելու, մինչև որ Եվրոպան իր պահանջներին
արդար գոհացում չտա»:
Հետևաբար, եթե հայոց
պատվիրակությունը և հատկապես Խրիմյանը Բեռլին մեկնելիս ակնկալում էին լաց լինելով շահել
Եվրոպայի մեծ տերությունների ազնիվ, կրթված, սառնասիրտ, փողկապավոր, կոկիկ հագնված
դիվանագետների գթությունը և իրենց մերկ արդարությամբ ու ազնիվ խնդրանքներով լուծել
սեփական բազմաչարչար ժողովրդի դարավոր երազանքները, ապա Եվրոպայից վերադարձան ոչ միայն
հուսախաբված ու հիասթափված, այլև որպես սթափ մտածողներ ու գործիչներ, որոնց համար արդեն
պարզ էր եվրոպական դիվանագիտության իրական քաղաքական դիմանկարը:
Եթե Բեռլին գնալուց առաջ
Մկրտիչ Խրիմյանը հեռու էր դիվանագիտության և քաղաքականության անգամ այբուբենի իմացությունից,
ապա ընդամենը 1 ամիս անց նա արդեն ներկայացավ որպես իսկական ու սթափ մտածող քաղաքական
գործիչ, քանզի դառը ճշմարտությունը նրան սթափեցրեց և ցույց տվեց ազգային-ազատագրական
հիմնախնդիրների լուծման իրական, լուսավոր ուղին: Այս է վկայում նրա հետևյալ խորիմաստ
ու պատկերավոր միտքը. «Կոնգրեսի դռան վրա գրված էր՝ իրավունքը ուժովինն է, քաղաքագիտությունը
գթություն չունի, իրավունքն ալ սուրի ծայրին է: Հայաստանցիներ, սիրեցեք երկաթը, ձեր
փրկությունը երկաթով կլինի»:
Սան Ստեֆանոյում ամրագրված
16-րդ կետի վերաձևության ծնունդ՝ Բեռլինի վեհաժողովում ընդունված 61-րդ հոդվածը կարծես
վերջապես անդորրություն, անձի ազատություն և գույքի անձեռնմխելիություն ու անվտանգություն,
օսմանյան կայսրության մեջ քիչ թե շատ տանելի կյանք էր հեռագծում արևմտահայության լայն
զանգվածներին: Այդպես էին մտածում բոլոր նրանք, ովքեր տուրք տալով մտացածին երևակայությանը
և պատրանքների զոհը դառնալով, արևմտահայության համար այլ հեռանկար չէին տեսնում, մտովի
չկարողանալով անգամ պատկերացնել այն, ինչ կատարվեց երկու տասնամյակ չանցած, որը դառնալով
նախադեպ ու սովորական երևույթ, իր բարձրակետին հասավ 1915թ., մակընթացությամբ և տեղատվությամբ,
շարունակվեց մինչև 20-րդ դարի 20-ական թթ. առաջին տարիները: Այլ կերպ խորհել գրեթե
«անիմաստ էր ու անմտություն», չէ՞ որ անվտանգության և անձեռնմխելիության մասին 61-րդ
չարաբաստիկ հոդվածը երաշխավորում էին աշխարհի հսկաները, քանզի արևմտահայերի «թիկունքում»
կանգնած էին որոշակի պարտավորություններ ստանձնած մեծ տերությունները, միջազգային քաղաքական
առանցքային հիմնահարցեր լուծողները, մոլորակի և բազում ժողովուրդների ճակատագրեր տնօրինողները:
Մինչդեռ, եթե Բեռլինի վեհաժողովի հանդեպ ընդհանրապես և 61-րդ հոդվածի նկատմամբ հատկապես
ցուցաբերվեր ոչ թե զգացմունքային ու հախուռն, մակերեսային ու դյուրահավատ, այլ զգաստ
ու անկողմնակալ, խոր և համակողմանի, պատմաքաղաքական ու դիվանագիտական սթափ, հաշվեկշռված,
զգաստ, իրատես մոտեցում, ապա, թերևս, հնարավոր լիներ գոնե ինչ-որ չափով կանխատեսել
ճակատագրական նշանակություն ունեցող դեպքերի զարգացման հետագա ողջ ընթացքը և դրանով
իսկ արևմտահայության թեկուզև մի հատվածը դուրս բերել, փրկել այդ աղետալի ու ողբերգական
վիճակից: Դժբախտաբար Աբդուլ Համիդը և նրա խառնախումբն ավելի իրատես գնահատեցին ու մոտեցում
ցուցաբերեցին արևմտահայությանը վերաբերող հոդվածին: Նրանք համոզված էին, ընդ որում,
ոչ առանց հիմքի, որ եվրոպական դիվանագիտության լաբիրինթոսում խճճված սուր և անհաղթահարելի
հակասությունները հնարավորություն չեն ընձեռի Բեռլինի վեհաժողովի մասնակիցներին հետևողական
լինելու նրա կենսագործմանը, առավել ևս անվերապահորեն հովանավորելու արևմտահայությանը:
Ավելին, մեծ տերությունների իրարամերժ շահերը, սուր հակամարտությունները քաղաքական
այդ պահին լավագույն միջոց դարձան ռուսաց բանակին աջակցելու համար պատժելու Օսմանյան
կայսրությանը «անհնազանդ» ժողովրդին, «գյավուր անհավատներին», «անվստահելի ազգին»:
Աբդուլ Համիդը լավ հասկանում էր, որ հանուն փոքրաթիվ ժողովրդի շահերի պաշտպանության
եվրոպական տերությունները հազիվ թե փորձեն տհաճություններ պատճառել իրեն, առավել ևս
հակամարտության մեջ մտնեն Օսմանյան կայսրության հետ:
Հայ հասարակական-քաղաքական
միտքը Բեռլինի վեհաժողովի 61-րդ հոդվածին տվեց ծայրահեղ հակասական ու իրարամերժ գնահատական՝
չափից ավելի անհիմն խանդավառությունից մինչև լիակատար հոռետեսություն, հայրենյաց երկիրը
ազատագրված տեսնելու վառ, բայց անհիմն երևակայությունից ու ակնկալիքներից մինչև ջարդերի
ու կոտորածների սթափ, բայց դառը հնարավոր հեռանկարը: Այսուհանդերձ, աստիճանաբար գերակայվում
էր «ապերախտ» Եվրոպայից հիասթափվելու և հայրենիքը երկաթե շերեփով ազատագրելու միտումը,
բուն հայկական խնդիրը Հայաստանի մեջ և ոչ թե Բեռլինում փնտրելու, սեփական ուժերի վրա
հենվելու գաղափարը, քանզի արդեն գիտակցվեց, որ հակառակ դեպքում ազգը, ժողովուրդը ապագա
չունի և դատապարտված է պատմականորեն: Հետևաբար, Բեռլինի վեհաժողովից հետո արևմտահայությունը
և հայ ժողովուրդը ընդհանրապես կանգնել էր երկընտրանքի առաջ՝ մեկը մյուսից դաժան ու
ահեղ՝ կամ առանց թուրք ու քուրդ խուժանին դիմագրավելու աստիճանաբար հոշոտվել ու դառնալ
այդ ելուզակների անմեղ զոհը, կամ զենքը ձեռքին հերոսաբար պայքարել և դիմագրավման մեջ
զոհվելով, միաժամանակ հույս ունենալ, որ այդ պայքարի շնորհիվ թերևս հնարավոր կլինի
փրկվել: Հայ ժողովուրդն ընտրեց գոյամարտի ուղին, որպեսզի չվերանա պատմության քաղաքական
բեմահարթակից, չարժանանա բազում հնագույն ազգերի ճակատագրին, որոնց այսօր քաղաքակիրթ
աշխարհը հիշում է միայն փոշիացած վավերագրերի, ժամանակի ընթացքում դեղնած և խամրած
աղբյուրների հաստափոր ու լղարիկ պատմաքաղաքական աշխատությունների միջոցով:
Աբդուլ Համիդի ոճրագործ
արյունոտ մեքենան, օգտվելով եվրոպական դիվանագիտության սառնասիրտ անտարբերությունից,
սկսեց հետևողականորեն իրագործել «հայկական հարցի լուծումը հայերին ոչնչացնելու մեջ
է» ծրագիրը: 19-րդ դարի 90-ական թթ. աբդուլհամիդյան հայոց կոտորածները պայմանավորված
էին ոչ այնքան Օսմանյան կայսրության ներքին գործերին մեծ տերությունների միջամտությամբ,
որքան միջոց էին սեփական նպատակներին հասնելու համար օգտվել եվրոպական դիվանագիտության
ոչ հետևողական քաղաքականությունից, որի հիմքում ընկած էր սուլթանից անընդմեջ զիջումներ
ստանալու և պարտադրելու ձգտումը:
Հետևաբար, եվրոպական
տերությունների ցանկացած միջամտություն, եթե, մի կողմից՝ ինչ-որ չափով ժամանակավորապես
սանձում էր արյունարբու սուլթանի ոճրագործությունները, ապա մյուս կողմից՝ համոզում
էր նրան, որ Եվրոպան, համենայն դեպս, լուրջ մտադրություններ չունի պաշտպանելու արևմտահայերին՝
նրանց սատար կանգնելու համար: Կ.Պոլսում Ֆրանսիայի դեսպան, եռանդուն ու ազդեցիկ դիվանագետ
Պոլ Կամբոնի գնահատականների համաձայն՝ թուրքերի վարչական ապաշնորհությունը և նրանց
մոլեռանդությունը հանգեցրին հայկական հարցի ծագմանը: Դեսպանը գտնում էր, որ իրադարձություններն
Արևմտյան Հայաստանում դրսևորեցին լայն վերափոխումների նկատմամբ սուլթանական կառավարության
անկարողությունը: Այս առումով անհրաժեշտ է անջրպետել և տարանջատել եվրոպական տերությունների
քաղաքականությունը սուլթանի հայաջինջ հանցագործություններից, քանզի նրանց քաղաքականությունը
կարող էր ուժեղացնել կամ սահմանափակել, բայց ոչ երբեք պատճառ դառնալ օսմանյան կայսրության
պատմության մեջ սև բծի ու արյունոտ էջի համար:
1894-1896թթ. կոտորածների
ժամանակ Արևմտյան Հայաստանում և Օսմանյան կայսրության տարբեր վայրերում, որոնց զոհը
դարձան շուրջ 300.000 արևմտահայեր, եվրոպական դիվանագիտությունը փորձեց արևմտահայերի
համար բարեփոխումներ անցկացնելու պատրվակով իրականում նոր զիջումներ ստանալ սուլթանից:
Ռուսաց դիվանագիտության ակտիվ մասնակցությունն այս փուլում նույնպես ակնհայտ էր, բայց
արևմտահայերի շահերի տեսանկյունից բոլորովին այլ դերակատարմամբ:
Հատկանշական է, որ Թուրքիայում
ժայթքող ազգային-ազատագրական շարժումը և սուլթանական կառավարության արյունոտ հանցագործությունները
ոչ միշտ են կանգնեցրել նրան միջազգային բնույթի դժվարությունների և բարդությունների առջև: Այն
գերազանցապես կախված էր մեծ տերությունների ղեկավար այրերի կենսագործած քաղաքական ու դիվանագիտական մարտավարությունից: Եթե նրանց քաղաքական շահերը և եսասիրական նպատակները քաղաքական
տվյալ պահին չէին պահանջում օգտագործել օսմանյան կայսրության ներքաղաքական ճգնաժամը, այնժամ ազգային պայքարը, զինված ելույթները և ինքնապաշտպանական
կռիվները պարփակվում էր նրա ներսում
և սարսափելի ողբերգությունները, նողկալի հաշվեհարդարները, որոնք կենսագործվում էին սուլթանական արյունոտ վարչակարգի կողմից ոչ թուրք հպատակների նկատմամբ, գրեթե չէր անհանգստացնում Եվրոպային: Դեպքերն այլ ընթացք էին ստանում և բոլորովին
ուրիշ ուղղությամբ զարգանում, երբ այս կամ
այն մեծ տերության շահերը նրան դրդում էին ուշադրությունը
սևեռել Օսմանյան կայսրությունում
ծավալվող բարդ ներքաղաքական գործընթացներին: Այնժամ տարբեր, ներառյալ
և հյուպատոսային ու դիվանագիտական օղակներով լայնորեն տարածվում էին թուրքական գազանությունները, Օսմանյան կայսրությունում հալածվող
քրիստոնյա բնակչության նկատմամբ
համակրանքի դրսևորումները, հակասուլթանական հզոր
հասարակական կարծիք ստեղծելու միտումը: Թուրքիայում եղած ներքին բարդությունների
թվին, որը հանգեցրեց
միջազգային քաղաքական ճգնաժամի, եվրոպական դիվանագիտությունը դասեց նաև բարենորոգումների
հիմնախնդիրը Արևմտյան Հայաստանում: Սասունի 1894թ. կոտորածներից
հետո համաշխարհային հասարակության
ճնշման ներքո Կ.Պոլսի, Ռուսաստանի, Անգլիայի և Ֆրանսիայի
դեսպանները պահանջեցին սուլթանից
քննիչ հանձնաժողով ուղարկել
Սասուն: 1895թ. հունվարին Սասուն ժամանեց հայոց ջարդերի պատճառները և հանգամանքներն
ուսումնասիրելու համար քննող հանձնաժողով, որի կազմում որպես դիտորդներ մասնակցում էին նաև Ռուսաստանի, Անգլիայի ու Ֆրանսիայի ներկայացուցիչները: Հետաքննության ընթացքում եվրոպական պատվիրակներին հաջողվեց պարզել, որ անկարգությունների մեջ հենց
հայերի մեղսակցության մասին սուլթանի պնդումներին հակառակ, սպանությունները կատարել էին կանոնավոր բանակի զինվորները և «համիդիեի» գնդերը: Եվրոպական ներկայացուցիչները մատնանշում էին հայկական վիլայեթների վարչության վերակառուցման
անհրաժեշտության մասին: Նրանց եզրակացությունն ընդհանուր
առմամբ հստակ էր ու որոշակի: Նախ՝ սուլթանական իշխանությունները ոճրագործություններ
են կատարել Սասունի խաղաղ բնակչության նկատմամբ
և երկրորդ՝ հայկական վիլայեթներում բարենորոգումներն անհրաժեշտ
են ու անխուսափելի: Այդպիսի եզրակացությունը, բնական է, պետք
է անհանգստացներ Աբդուլ
Համիդին: Սուլթանը որոշեց իրեն հատուկ խորամանկ խուսանավմամբ
խառնել եվրոպական դիվանագետների
խաղաքարտերը և ձախողել
բարենորոգումներ անցկացնելու նրանց մտադրությունները: Սուլթանը Կ.Պոլսի անգլիական դեսպանին հավաստիացրեց, թե ինքը
հայոց վիլայեթներում բարեփոխություններ
անցկացնելու նպատակով արդեն ստեղծել է հատուկ
հանձնաժողով, ուստի և «ավելորդ» է հայերի հանդեպ եվրոպացի դիվանագետների «հովանավորությունը»: Սակայն դրանք սոսկ դատարկ խոսքեր էին և ուրիշ
ոչինչ, և միանգամայն
տրամաբանական է, որ Ռուսաստանի, Անգլիայի ու Ֆրանսիայի
ներկայացուցիչները չհավատալով Աբդուլ Համիդ II-ի խոստումներին, սուլթանին հանձնած իրենց նախագծում առաջարկում էին բարենորոգումներ անցկացնելու համար նշանակել գերագույն կոմիսար: Սուլթանը կատարեց որոշ զիջումներ՝ մասնավորապես
Պետերբուրգում Թուրքիայի նախկին դեսպան Շաքիր փաշային նշանակեց գերագույն կոմիսարի պաշտոնում, ազատեց Բիթլիսի վալուն (նահանգապետին), ներում շնորհեց դատապարտված ու ձերբակալված հայերին: Կ. Պոլսի
Ռուսաստանի, Անգլիայի, Ֆրանսիայի դեսպանները սկսեցին զբաղվել նախագծի մշակմամբ, որի հիմնադրույթները մշակեցին Ֆրանսիայի ներկայացուցիչները: Թեև բարենորոգումների
նախագծի շուրջ ծավալվեց դիվանագիտական սուր և անզիջում պայքար, 1895թ. մայիսի 11-ին սուլթանին հուշագրի հետ միասին հանձնեցին իրենց կազմած նախագիծը, որը նախատեսում էր Արևմտյան
Հայաստանի 6 վիլայեթներում (Բիթլիսի, Վանի, Էրզրումի, Սվազի, Դիարբեքիրի, Խարբերդի) անցկացնել վարչական, դատական, ֆինանսական բարենորոգումներ, որոնք պետք է կանխարգելեին թուրքական իշխանությունների կամայականությունները
և հայ ժողովրդին երաշխավորեին կյանքի ու գույքի անվտանգության ապահովում: Թեև մշակված նախագիծն ուներ վերին աստիճանի սահմանափակ բովանդակություն և լավագույն դեպքում կարող էր նվազագույն չափով բավարարել արևմտահայության տարրական իրավունքները, այնուամենայնիվ, «1895թ. հունիսի 13-ին Թուրքիան մերժեց դեսպանների խնդրանքը,… այն համարելով
ինքնիշխանության խախտում»: Միաժամանակ Աբդուլ Համիդը տերությունների ներկայացուցիչներին հանձնեց
բարենորոգումների նախագծի վերաբերյալ իր պատասխանը, որը կազմված
էր անհամեմատ ավելի անորոշ, առանց դրանց իրագործման որևէ երաշխիքի, ուստի և «առաջացրեց, ինչպես հայ բնակչության, այնպես էլ եվրոպական
կառավարությունների դժգոհությունը»: Հատկապես խիստ անհաշտ դիրք էր գրավել բրիտանական դիվանագիտությունը և «Անգլիան այդ պահից
անցնում է սուլթանի հանդեպ սպառնալիքի քաղաքականությանը»՝ Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Հանոտոյի բառերով «Լորդ Սոլսբերին դիվանագիտական ընդհարման
ֆազը համարեց ավարտված ու առաջարկեց
անցնել հարկադրական գործողությունների»: Այս առումով հիշարժան է անգլիական պառլամենտում 1895թ. օգոստոսի 15-ի Սոլսբերիի ելույթի այն հատվածը, որը վերաբերում
էր հայոց հիմնահարցին ու Թուրքիայի
նկատմամբ եվրոպական տերությունների
քաղաքականությանը: Սոլսբերին իր ցասկոտ ճառով հարձակվելով սուլթանի
վրա՝ ոչ միայն ընդգծեց հայկական բարեփոխումների
հիմնախնդրում Անգլիայի, Ֆրանսիայի և Ռուսաստանի լիակատար համերաշխությունը, ոչ միայն հիշեցրեց, որ Թուրքիայի
անկախությունը պարզապես հենվում է եվրոպական տերությունների կողմից
այդ անկախությունը պահպանելու
ցանկությունների վրա, այլև զգուշացրեց, որ Թուրքիայի քաղաքականությունը հայոց հարցում կարող է հարկադրել
Եվրոպային մերժել սուլթանին՝ պաշտպանելու թուրքական պետության արհեստական գոյությունը: Անշուշտ, Սոլսբերիի հայտարարությունը
երեք տերությունների միասնության
մասին պարզապես չէր համապատասխանում իրականությանը: Իսկապես, այն ավելի շատ դիվանագիտական
փարիսեցիություն էր, Թուրքիայի վրա ճնշում գործադրելու հնարք, ցանկալին
իրականություն ներկայացնելու մտացածին հայտարարություն, քանզի թեև Անգլիան
ու Ռուսաստանն արևմտահայության
համար բարենորոգումների նախագծի
մշակման հարցում հանդես էին գալիս
համատեղ, այսուհանդերձ, տարբեր էին լուծման եղանակները: Այլ կերպ
ասած, տարաձայնություններն ավելի խորն էին, քան շփման եզրերը: Տերությունների
միջև հակասություններն այնքան
էին ակնհայտ, որ չվստահելով Անգլիային, Ֆրանսիան ու Ռուսաստանը չպաշտպանեցին Թուրքիայի գործերին զինված միջամտության վերաբերյալ
նրա կեղծ թե իրավ դիվանագիտական մտահղացումները: Իսկ ոճրագործ թուրքական կայսրությունն
իր արյունոտ սուլթանի գլխավորությամբ օգտագործելով եվրոպական
տերությունների միջև եղած մշտական տարաձայնությունները և հակասությունները, այս անգամ արդեն մայրաքաղաքում՝
Կ.Պոլսում կազմակերպեց հայերի նոր կոտորած: Ջարդերի համար առիթ ծառայեց 1895թ. սեպտեմբերի 30-ից մինչև հոկտեմբերի 2-ը մայրաքաղաքում շարունակվող հայերի կազմակերպած խաղաղ ցույցը, որոնք
պահանջում էին բարեփոխումների անցկացում: Թուրքիայի նոր բռնությունները հարկադրեցին եվրոպական երեք տերություններին վերստին դիմել սուլթանին՝ նրանից նորից պահանջելով անցկացնել բարեփոխումներ: Եվրոպական դիվանագիտության այս միջամտությունը նկատի ունենալով՝ սուլթանը այս անգամ
էլ սկսեց խուսանավել և 1895թ. հոկտեմբերի 20-ին իր
հրամանագրով հաստատեց Բարձր Դռան կողմից հրատարակված բարենորոգումների
նախագիծը: Այս փաստաթուղթը
ևս դարձավ սոսկ թղթի կտոր, քանզի
արևմտահայերի նկատմամբ բռնությունները շարունակվեցին
նաև սուլթանի շնորհագրից հետո: Այդպիսի բռնություններ տեղի ունեցան Տրապիզոնում, Դիարբեքիրում, Էրզրումում, Մարաշում, իսկ Վանը և նրա
ծայրամասը վերածվեցին ավերակների, այդ շրջանում ոչնչացվեց ու սրի քաշվեց
ավելի քան 20 հազար
հայ բնակիչ: Թուրքիայի
ջարդարարական քաղաքականության հետևանքով 1894-1896թթ. կոտորածների
զոհ դարձան շուրջ 300 հազար արևմտահայեր: Անգլիայի նշանավոր պետական գործիչ և դիվանագետ, հայասերի անուն վաստակած Գլադստոնը Աբդուլ Համիդի ոճրագործության
համար նրան անվանեց մարդասպան սուլթան: Անգլիական դիվանագիտությունը, օգտվելով արևմտահայության դեմ ձեռնարկված նոր բարբարոսություններից, Թուրքիայից հերթական զիջումներ ստանալու նկատառումներով 1896թ. հոկտեմբերին վերստին առաջարկեց եվրոպական դեսպանների մակարդակով
գումարել վեհաժողով և քննարկել արևմտահայերի համար բարենորոգումների մասին հարցը: Անգլիան շարունակում էր պնդել սուլթանի դեմ ինտերվենցիա կազմակերպելու նպատակահարմարության մասին: Ֆրանսիայի արտգործնախարար Հանոտոն Անգլիայի առաջարկը դիտեց որպես
մի փորձ՝ «ազդել հայերի ներքին շարժման վրա և գործել ի վնաս Ֆրանսիայի ու Ռուսաստանի
շահերի»: Իսկ ռուսաց դիվանագիտությունը մի կողմից՝ համաձայնվելով Թուրքիայում բարենորոգումների
նախագծի քննարկմանը, մյուս կողմից՝ հրաժարվում էր սուլթանի դեմ ձեռնարկվելիք հարկադրական
բոլոր միջոցառումներից՝ կռահելով, որ «անգլիական կառավարությունը հույս ուներ հայերի
օգտին իր միջամտությամբ վախեցնել սուլթանին, որպեսզի հարկադրի նրան հաշտվելու Եգիպտոսի
ռազմակալման հետ և ցարական ու կայսերական բարեկամությունը փոխարինի բրիտանական բարեկամությամբ…
Նա հուսով էր Թուրքիային վերստին ենթարկել անգլիական ազդեցությանը, ինչպես դա եղել
էր Պալմերստոնի ու Դիզրայելիի ժամանակ»: Ռուսաց դիվանագիտության քաղաքական կեցվածքը
19-րդ դարի 90-ական թվականների հայկական բարենորոգումների հիմնահարցում լիովին հայանպաստ
չէր, որը կարելի է հավաստել անառարկելի պատմական փաստերով: Բավական է հիշատակել, որ
անգլիական դիվանագիտության կեղծ թե իրավ առաջարկը Օսմանյան կայսրությունը բաժանելու
մասին մերժվեց ռուսաց կայսրի կողմից: «Ես վճռապես դեմ եմ,- ասում էր Նիկոլայ II-ը Անգլիայի
հետ նման համաձայնությանը: Դա գործնականում կլիներ Թուրքիայի աստիճանական բաժանման
առաջին քայլը»: Փաստորեն «Նիկոլայ I-ի՝ Համիլթոն Սեյմուրի հետ ունեցած զրույցի ժամանակից
Պետերբուրգի և Լոնդոնի դերերը փոխվեցին»: Երկու հզոր և մրցակից կայսրությունների քաղաքական
դիրքորոշման միջև Բեռլինի վեհաժողովի համեմատությամբ ևս կատարվեցին էական փոփոխություններ:
Կայսերական Ռուսաստանի դիվանագիտությունը այս պատմափուլում կարծես առանձնապես շահագրգռված
չէր Արևմտյան Հայաստանը Ռուսաստանին միացնելու մեջ: Այլ կերպ դժվար է բացատրել, թե
ինչու Ռուսաստանը մերժեց Անգլիայի առաջարկը, որի նպատակն էր ռուսաց կայսրին շահագրգռելու,
նրան զիջումներ կատարելու միջոցով ոչ միայն հաղթահարել երկու տերությունների հակամարտությունները,
այլև իրագործել նրանց հետապնդած գլխավոր մտահղացումները: Անգլիայի վարչապետներ Ռոզբերիի
ու Սոլսբերիի ելույթները, հայտարարությունները, առաջարկները, ապա նաև Նիկոլայ II-ի
պաշտոնական այցը Լոնդոն ու բանակցությունների արդյունքները վկայում են, որ այդ պատմափուլում
բրիտանական դիվանագիտությունը ցանկանում էր, որպեսզի ցարական կառավարությունը ոչ միայն
ճանաչի Անգլիայի քաղաքական գերիշխանությունը Եգիպտոսում, այլև հարկադրի կամ համոզի
սուլթանին հաշտվելու այդ մտքի հետ: Հետևաբար, անգլիական քաղաքականության մեջ Ռուսաստանին
հատկացվում էր որոշակի դեր Եգիպտոսում ամրապնդվելու հիմնախնդրում, որի դիմաց նա պարտավորվում էր ճանաչել
Արևմտյան Հայաստանը գրավելու Ռուսաստանի իրավունքը: Ռուսաց դիվանագիտությունը մերժեց
այդ պատմափուլում մերձեցման ձգտող իր մշտական մրցակցի ու հակառակորդի առաջարկը, որովհետև
կռահեց Անգլիայի հետապնդած հիմնական ու իսկական նպատակը՝ թշնամացնել Ռուսաստանը Թուրքիայի
հետ, որը կազմում էր բրիտանական քաղաքականության գլխավոր հիմնախնդիրներից մեկը: Սակայն
Ռուսաստանի քաղաքականության նկատելի փոփոխությունը և հայկական բարեփոխումների հարցում
գրաված դիրքորոշումը պայմանավորված էր քաղաքական բնույթի ավելի խոր պատմադիվանագիտական
գործոններով: Ռուսաստանին իհարկե, ոչ այնքան անհանգստացնում էր Թուրքիայի հետ հարաբերությունները
վատացնելու հանգամանքը, որքան Անգլիայի ազդեցության ուժեղացումը տարածաշրջանում ընդհանրապես
ու Օսմանյան կայսրությունում մասնավորապես: Դա ելակետ դարձավ ռուսաց դիվանագիտության
համար արյունոտ սուլթանի հսկայածավալ տերության քաղաքական ստատուս քվոն պահպանելու
համար, անգամ այն դեպքում, երբ Սոլսբերին խոստացավ նեղուցների հարցում ընդառաջել Ռուսաստանի
ավանդական ցանկություններին: Կայսերական դիվանագիտությանն անհրաժեշտ էր կանխարգելել
Անգլիայի քաղաքական ծրագրերի իրագործումը Մերձավոր Արևելքում, որը և դարձավ հիմնապատճառ
հայկական բարենորոգումների հարցում ոչ հայանպաստ դիրքորոշում ունենալու համար: «Այդ
պատճառով 1894-1896թթ. ընթացքում հայկական գործերին միջամտած երեք տերությունների միջև
ծավալվեց պայքար. անգլիական կառավարությունը ձգտում էր ուժեղացնել ճնշումը սուլթանի
վրա, իսկ ռուսականը և ֆրանսիականը՝ նվազագույնի հասցնել նրա նկատմամբ պահանջը»: Պատմադիվանագիտական
առումով մեծ տերությունները մի կողմ թողեցին հայկական հարցը և ժամանակավորապես դադարեցին
այն քննարկել Կրետեում ծագած ապստամբության պատճառով:
Անգլիայի, Ռուսաստանի, Ֆրանսիայի դիվանագիտական ոչ հետևողական ու անվճռական
գործողությունները Արևմտյան Հայաստանում բարենորոգումներ անցկացնելու հիմնախնդրում
անխուսափելի դարձրին, որպեսզի ընդունված նախագծերը դառնան «մեռած տարր», թղթի կտոր
և որևէ կերպ նպաստեն արևմտահայության պայմանների բարելավմանը օսմանյան բռնատիրության
համակարգում: Առջևում հրեշագործ 20-րդ դարն էր իր մահասարսուռ Մեծ եղեռնով՝ քաղաքակիրթ
աշխարհի սառն ու անտարբեր, երկչոտ և ստրկամիտ աչքերի առջև:
Նյութի աղբյուրը՝ Էդիկ
Մինասյան- «Ռուսաց դիվանագիտությունը միջազգային հարաբերությունների համակարգում»
Comments
Post a Comment