Skip to main content

Միջին Ասիան ռուս դիվանագետների ու զինվորականների արտաքին քաղաքականության ուղեծրում

 

19-րդ դարի երկրորդ կեսին Ռուսաստանին Միջին Ասիայի բռնամիակցման հիմնախնդիրն աստիճանաբար դարձավ եթե ոչ առաջնային, ապա առնվազն հիմնական ուղղություններից մեկը կայսրության կենսագործած արտաքին քաղաքականության ուղեծրում: Թեև այս ուղղությունը մնաց ածանցյալ եվրոպական քաղաքականության համեմատությամբ, այնուամենայնիվ, գիտակցելով Ռուսաստանի ազգային պետական շահերի տեսանկյունից սահմանների անվտանգության ապահովման կարևորությունը, կայսերական դիվանագիտությունը որոշակի տեղ հատկացրեց ոչ միայն Միջին Ասիային, այլև Չինաստանին, Ճապոնիային, Հեռավոր Արևելքին ընդհանրապես՝ մշակելով ռազմաքաղաքական գործողությունների մի ամբողջական, համալիր ծրագիր:

Հատկանշական է, որ Միջին Ասիայի բռնամիակցման գործում հատկապես մեծ ակտիվություն ու հետևողականություն ցուցաբերեցին բարձրաստիճան զինվորականները, որոնք հասկանալով այդ տարածքի ռազմավարական նշանակությունը, վճռականապես ներգործում էին արտգործնախարարության վրա: Բայց այդ գերատեսչության ներկայացուցիչները, դրսևորելով հիմնավորված զգուշավորություն, հիմնախնդիրը դիտարկում էին համաեվրոպական քաղաքականության համատեքստում ու այդ կապակցությամբ խուսափում էին մեծ տերությունների, հատկապես Անգլիայի հետ հակամարտության, առավել ևս պատերազմի մեջ ներքաշվելու վտանգից: Եվ օրինաչափ է, որ սկզբնական շրջանում իրարամերժ էին երկու՝ արտաքին գործերի և ռազմական նախարարությունների մոտեցումները: Երկու առավել ազդեցիկ պետական գործիչներ Գորչակովը և Միլյուտինը իրենց գնահատականների մեջ յուրովի իրավացի էին, քանզի Գորչակովը հիմնախնդիրը դիտարկում էր զուտ արտաքին քաղաքականության ու դիվանագիտության, իսկ Միլյուտինը՝ գերազանցապես ռազմական տեսանկյունից: Գորչակովը Ղրիմի պատերազմից հետո արտաքին քաղաքականության առաջնային հիմնախնդիր համարելով Փարիզի հաշտության պայմանագրի՝ Ռուսաստանի համար ծանր կետերի վերացումը, իրավունք ուներ պահանջելու հետաձգել դրա լուծումը: Գորչակովի կարծիքով կայսրության համար ստեղծված միջազգային քաղաքական ոչ բարենպաստ պայմաններում անցանկալի է հարաբերությունները բարդացնել Անգլիայի ու Ֆրանսիայի հետ, մանավանդ որ այդ մեծ տերությունները որոշակի հետաքրքրություն ունեին Միջին Ասիայում ու նրան հարակից երկրներում: Միլյուտինը չժխտելով եվրոպական քաղաքականության կենսագործման բացարձակ գերակայության անհրաժեշտությունը, միաժամանակ պահանջում էր հրաժարվել Միջին Ասիայում պասսիվ դիտորդի դերում հանդես գալուց: Նա համոզված էր, որ Միջին Ասիայի նվաճումը կուժեղացնի Ռուսաստանի դիրքերը ոչ միայն Արևելքում, այլև՝ Եվրոպայում կբարձրացնի կայսրության միջազգային հեղինակությունը և դրանով իսկ զգալիորեն կնպաստի ղրիմյան համակարգի փլուզմանը: Միլյուտինի տեսակետը կիսում էին Միջին Ասիայում հարձակողական քաղաքականություն կենսագործելու կողմնակիցները՝ գեներալ Չեռնյաևը, Կաուֆմանը, արտաքին գործերի նախարարության Ասիական դեպարտամենտի տնօրեն գեներալ և աչքի ընկնող դիվանագետ Իգնատևը, պետական խորհրդի նախագահ մեծ իշխան կայսրի եղբայր Կոնստանտին Նիկոլաևիչը, Օրենբուրգի գեներալ-նահանգապետ Բեզակը: Միլյուտինի կարծիքով արտաքին գործերի նախարարությունը Գորչակովի գլխավորությամբ ասիական քաղաքականության մեջ ղեկավարվում է «պասսիվ պահպանողականության համակարգով» և գերազանցապես զբաղվում Անգլիայի հետ բարեկամական հարաբերություններ պահպանելու հիմնախնդրով: Միլյուտինը նույնպես չէր ժխտում Անգլիայի կողմից Ռուսաստանին սպառնացող հնարավոր վտանգը, բայց նա համոզված էր, որ Գորչակովը չէր հասկանում ռուս-անգլիական հարաբերությունների առանձնահատկությունը Միջին Ասիայում: Ռազմական նախարարը իհարկե, չափազանցնում էր, որովհետև նրա մոտեցումը հեռու էր ճշմարտությունից: Գորչակովը, ասում էր Միլյուտինը, գրեթե չզբաղվելով ասիական գործերով և Ասիայի մասին ունենալով մակերեսային տեղեկություններ, չէր ցանկանում նույնիսկ խորամուխ լինել հանգամանքների մեջ և յուրաքանչյուր ռազմական նախաձեռնություն դիտում էր որպես տեղական զինվորական հրամանատարության ձգտում ծառայությունների համար ստանալ պարգևներ: Այս մարտավարական տարաձայնությունները երկու նախարարությունների միջև որպես կանոն չդադարելով մերթ մեղմանում էին, մերթ սրվում Միջին Ասիայի նվաճման բոլոր փուլերում: Ռազմական նախարարը հենվում էր Իգնատևի մշակած ռազմաքաղաքական ու դիվանագիտական մարտավարության վրա, որոնց միջև հաստատվել էին սերտ բարեկամական, ընկերական հարաբերություններ: Հենց Իգնատևի միջնորդությամբ հարթվում էին կայսերական կառավարության երկու ամենաազդեցիկ նախարարների միջև ծագած տարակարծությունները, նախարարներ, որոնք վայելում էին Ալեքսանդր II-ի սերը և վստահությունը և դրանով իսկ կարողանում էին ներազդել միապետի վրա: «Ընդհանուր ջանքերով մենք (Միլյուտինը և Իգնատևը) հանգստացնում էինք երկչոտ փոխկանցլերին»: Միլյուտինի այս գնահատականի հետ ևս համաձայնվել դժվար է, որովհետև իրականում Գորչակովի մարտավարության մեջ պետք է դիտարկել ոչ այնքան վախկոտություն, որքան բանական զգուշավորություն: Սակայն այս քննադատությունը երբեք չխանգարեց Միլյուտինին պաշտպանել Գորչակովի մշակած արտաքին քաղաքականության գլխավոր ուղղությունները: Ընդ որում, Միլյուտինը գտնում էր, որ Միջին Ասիայում ռազմական գործողություններ կարելի է սկսել միայն խնամքով նախապատրաստվելուց հետո ու մինչև 19-րդ դարի 60-ական թվականները հիմնականում կարողանում էր զսպել առավել ռազմատենչ գեներալներին, նրանց ծրագրերի իրագործումը համարում վաղաժամ: Ուստի միանգամայն օրինաչափ է, որ մինչև այդ ժամանակաշրջանը ռազմական նախարարությունը հիմնականում համաձայնվում էր արտաքին գործերի նախարարության վարած քաղաքականության հետ: Բայց Անգլիայի հնարավոր քաղաքականության գնահատման հիմնախնդրում երկու նախարարությունների ռազմաքաղաքական ու դիվանագիտական մարտավարությունների միջև առկա էին նկատելի տարբերություններ: Միլյուտինն անընդհատ կրկնում էր, թե Միջին Ասիայում անհրաժեշտ է կենսագործել միանգամայն անկախ ու ինքնուրույն քաղաքականություն ճիշտ այնպես, ինչպես Անգլիան Աֆղանստանում, Չինաստանում, Ասիայի մայրցամաքում ընդհանրապես: «Անգլիացիները նվաճելով ամբողջ թագավորություններ, գրավելով ուրիշների քաղաքներն ու կղզիները, չեն նայում մեզ վրա և մենք չենք հարցնում նրանց, թե ինչու են  նրանք դա կատարում»,- ասում էր Միլյուտինը, նկատի ունենալով Լոնդոնում ռուսաց դեսպան Բրուննովի անհանգստությունը Միջին Ասիայում Ռուսաստանի նվաճողական ծրագրերի մշակման ու առկայության կապակցությամբ: Դժվար չէ հասկանալ, որ Բրուննովի մոտեցումները ռուս-անգլիական միջպետական քաղաքական հարաբերությունների նկատմամբ համընկնում էին Գորչակովի արտաքին քաղաքական մարտավարությանը: Եվ դա ոչ այնքան պատահական է, որքան օրինաչափ, որովհետև դեսպանը պարտավոր է լիովին ու ամբողջովին կենսագործել իր նախարարի ու արտաքին քաղաքականության գերատեսչության դիվանագիտական մտահղացումը: Դա յուրաքանչյուր դեսպանի սրբազան պարտքն է իր հայրենիքի առջև: Միջինասիական պետությունների մասին առավելագույնս տեղեկատվություն ստանալու, անգլիացիների քաղաքական ազդեցությունը թուլացնելու նպատակով Միջին Ասիա, Արևելյան Իրան և Արևելյան Թուրքեստան (Կաշգար) ուղարկվեց երեք՝ Իգնատևի, Խանիկովի, Վալիխանովի միսիան: Հատկանշական է, որ Խանիկովը կատարելով իր առաքելությունը, խորհուրդ էր տալիս ռուսաց կառավարությանը կապեր հաստատել Իրանում ապրող հայերի հետ, «մեր հարաբերությունները դարձնել ավելի անշեղ եպիսկոպոսի հետ (հավանաբար նկատի ունի կաթողիկոսին), որի միջոցով մենք կիմանանք պարսկահայերի կարիքները…»: Իգնատևի գլխավորությամբ դիվանագիտական միսիան 1858թ. Օրենբուրգից մեկնեց Խիվա ու Բուխարա: Իգնատևն ավելի վաղ եղել էր Լոնդոնում Ռուսաստանի զինվորական ներկայացուցիչը և ուշադիր հետևում էր անգլիացի գործակալների գործողություններին Ասիայում: Նա 1861թ. դարձավ արտաքին գործերի նախարարության ասիական դեպարտամենտի տնօրենը, իսկ 1864 թվականից մինչև 1877թ. Ռուսաստանի դեսպանն էր Կ.Պոլսում: Իգնատևի ժամանման պահին ռազմաքաղաքական իրադրությունը Միջին Ասիայում բարդ էր ու լարված և ոչ նպաստավոր բանակցային գործընթացի ու պայմանագրի կնքման համար: Խիվայի խանը պատերազմում էր թուրքմենական ցեղերի դեմ, իսկ Բուխարայի խանը՝ Կոկանդի ու Աֆղանստանի դեմ: Կայսերական դիվանագիտությունը քաջատեղյակ լինելով Միջին Ասիայում շարունակվող երկպառակությունների մասին, հրահանգում էր Իգնատևին չմիջամտել բախումներին ու հակամարտություններին: Խիվայի խանը կասկածանքով ու սառը ընդունեց Ռուսաստանի ներկայացուցչին: Քաղաքի բնակիչներին մահապատժի սպառնալիքի ներքո արգելված էր զրուցել ռուսների հետ, ուստի խոսք անգամ չէր կարող լինել բարեկամական ընդունելության մասին:

Իգնատևը 10 օր շարունակ համառորեն ձգտում էր հանդիպել խանին: Բանակցությունները ծանր էին, քիչ հուսադրող ու անարդյունավետ: Դեսպանությունը թողեց Խիվան ու մեկնեց Բուխարա, որտեղ հանդիպեց համեմատաբար բարյացակամ ընդունելության: Էմիր Նասրուլան մայրաքաղաքում չէր, նա պատերազմում էր Կոկանդի դեմ, բայց նրա կուսակալն առաջարկեց Իգնատևին սկսել բանակցությունները Ամուդարյայով նավարկության ու առևտրի վերաբերյալ: Էմիրը պաշտպանեց Իգնատևի առաջարկը և թույլատրեց ռուսաց նավերին նավարկել Ամուդարյայով, իսկ Խիվայի հնարավոր հակազդեցության դեպքում Էմիրը համաձայնվում էր գործել ռուսների հետ համատեղ: Չնայած Ռուսաստանի նկատմամբ Էմիրի արտաքնապես հավատարիմ լինելու կեցվածքին՝ այնուամենայնիվ, Իգնատևի տեսադաշտից չվրիպեց, որ էմիրության մեջ Անգլիայի առևտրաքաղաքական դիրքերը բավականին կայուն են ու ամուր: Բուխարայի էմիրության ներկայացուցիչների հետ զրույցի ժամանակ Իգնատև-դիվանագետը փորձեց բացատրել Անգլիայի քաղաքականության էությունը և հիշեցրեց նրա՝ Կոկանդին զենք վաճառելու, Բուխարային դիմակայող Կոկանդի ու Խիվայի մերձեցման, վերջապես Չինաստանի ու Իրանի դեմ պատերազմների մասին: Այս բոլոր փաստերը, ամփոփում էր Իգնատևը, հակասում են Լոնդոնի բանավոր հայտարարություններին խաղաղասիրական ու պաշտպանական քաղաքականության մասին Ասիայում: Էմիրին առանձնապես խիստ մտահոգեց Իգնատևի վկայությունը Կոկանդի ու Խիվայի մերձեցման վերաբերյալ, որն անմիջական վտանգ էր ստեղծում Բուխարային: Բանակցություններն ավարտվեցին Էմիրի համաձայնությամբ Պետերբուրգ պատասխան այցով ուղարկել իր ներկայացուցչին: Իգնատևը 1858թ. դեկտեմբերին վերադարձավ Օրենբուրգ՝ կատարելով իր առջև դրված հիմնախնդիրը: Սակայն Իգնատևը իրատեսորեն գնահատելով իր դիվանագիտական առաքելության արդյունքները, չէր հավատում, որ ստորագրված ռուս-բուխարական համաձայնությունը կարող է լինել կայուն ու ամուր: Միջին Ասիայում ստեղծված քաղաքական վիճակը համոզում էր Իգնատևին դիվանագիտական մարտավարությունից ռազմականին անցնելու անհրաժեշտության մասին: Միջին Ասիայում հարձակողական քաղաքականության անհրաժեշտությունը Իգնատևը հիմնավորում էր Անգլիայի հետ պայքարի և մրցակցության ուժեղացման անխուսափելիության փաստով: «Անգլիային,- ասում էր Իգնատևը,- անհրաժեշտ է թեկուզ մեկ անգամ ապացուցել, որ մենք կարող ենք դուրս գալ պասսիվ վիճակից ու խզման դեպքում նրան պատճառել զգալի կորուստ»: Ընդ որում, նա գտնում էր, որ Ռուսաստանը կարող է բրիտանական կայսրության տիրույթներին սպառնալ միայն Միջին Ասիայում: Սակայն կայսերական կառավարությունը 19-րդ դարի 50-ական թվականների վերջերին չպաշտպանեց Իգնատևի մարտավարությունը՝ շարունակելով տնտեսական, քաղաքական ու դիվանագիտական ուղիներ փնտրել Միջին Ասիա թափանցելու համար:

1859-1861թթ. Պետերբուրգում տեղի ունեցան միջինասիական քաղաքականության հիմնախնդրի շուրջ տարբեր միջգերատեսչությունների ներկայացուցիչների խորհրդակցություններ: Միջին Ասիայում հարձակողական ռազմաքաղաքական գործողություններ ծավալելու օգտին առավել հիմնավորված ձևով արտահայտվեց ասիական դեպարտամենտի տնօրեն Իգնատևը: Թեև կառավարական շրջաններում նրա հեղինակությունը, Բուխարայի խանության ու Չինաստանի հետ պայմանագրերի կնքման շնորհիվ չափազանց մեծացել էր, այնուամենայնիվ, նշանավոր դիվանագետի առաջարկը հավանության չարժանացավ: Ընդ որում, այդ փուլում համաձայն չէին արտաքին գործերի ու ռազմական նախարարությունները: Եթե Գորչակովին անհանգստացնում էր պատերազմի հնարավորությունը Անգլիայի դեմ, ապա Միլյուտինին՝ նաև պատերազմը Կովկասում: 1862թ. մարտին Հատուկ կոմիտեն կամ Հատուկ խորհրդակցությունը վերստին եզրակացրեց, որ վաղաժամ են ռազմաքաղաքական բնույթի գործողությունները Միջին Ասիայում: Ռուսաստանի արտաքին քաղաքականության մեջ նկատված էական փոփոխությունը պայմանավորվեց եվրոպական իրադարձություններով, մասնավորապես 1863թ. մարտին սկսված լեհական ապստամբության հանգամանքով: Քանի որ Անգլիան սկզբում խոստանում էր աջակցել ապստամբներին՝ ռուսաց դիվանագիտությունը Միջին Ասիայում հարձակողական գործողություններ ծավալելու միջոցով հույս ուներ Անգլիայի ուշադրությունը շեղել Լեհաստանից: Այսպիսի մարտավարության հետ համամիտ էին Միլյուտինը և որոշ վերապահումով Գորչակովը, որը Անգլիային համարում էր «եվրոպական կառավարությունների հակառուսական գործունեության գլխավոր կազմակերպող ուժը»: 1863թ. փետրվարին Հատուկ կոմիտեի նիստում ռազմական նախարարի նախագահությամբ որոշվեց սկսել ռազմական գործողությունները Միջին Ասիայում: 1863թ. մարտին ռուսաց կայսրը հաստատեց Հատուկ կոմիտեի որոշումը, որի իրականացումը նախատեսվում էր սկսել 1864թ.: Կայսերական կառավարությունը նկատի ուներ այն կարևոր փաստը, որ արդեն հաղթանակով ավարտվել էր Կովկասյան պատերազմը, ճնշվել էր լեհական ապստամբությունը և հնարավոր էր անհրաժեշտության դեպքում բանակի հիմնական ուժերը կենտրոնացնել Միջին Ասիայի դեմ: Գորչակովը համաձայնվելով Միլյուտինի ու Իգնատևի ծրագրին, վերստին հիշեցնում էր, թե անհրաժեշտ է գործել ծայրահեղ զգուշորեն, խուսափել ավելորդ տարփողումից, որը կարող էր Ռուսաստանի ընդհանուր քաղաքականության համար Եվրոպայում առաջացնել անցանկալի ասեկոսներ:

Ռուսաստանին միակցվելու նախօրյակին Միջին Ասիայում գոյություն ուներ դեռևս 18-րդ դարում կազմավորված երեք խոշոր պետություն՝ Բուխարայի էմիրությունը, Կոկանդի, Խիվայի խանությունները: Նրանցից բացի գոյատևում էին մի քանի ինքնուրույն ավատատիրական պետական միավորումները: Միջին Ասիայում ապրում էր շուրջ 5 միլիոն բնակչություն՝ զարգացման տարբեր մակարդակի վրա գտնվող զանազան ազգեր ու ժողովուրդներ: Տնտեսական առումով ամենազարգացածը Բուխարայի էմիրությունն էր, որը ուներ մի քանի խոշոր քաղաքներ՝ Բուխարան ու Սամարղանդը համարվում էին Միջին Ասիայի առևտրա-արհեստագործական կենտրոններ:

Ռուսաց դիվանագետները և զինվորականները ծրագրելով Միջին Ասիայի բռնամիակցումը, գերազանցապես ղեկավարվում էին տնտեսական ու քաղաքական երկու կարևորագույն գործոններով: Միջին Ասիայի լայնածավալ տարածքը հատկապես հարուստ էր սպիտակ ոսկով՝ բամբակով, որը հույժ անհրաժեշտ էր Ռուսաստանի տնտեսության ու գլխավորապես թեթև արդյունաբերության զարգացման համար: Միջին Ասիան կարող էր դառնալ գլխավոր շուկա ռուսաց ապրանքների արտահանման ու հումքի անսպառ աղբյուր ազգային երիտասարդ արդյունաբերության համար: Երկրորդ պատճառը սերտորեն կապված էր ռուս-անգլիական սուր մրցակցության ու անհաշտ պայքարի հետ: Անգլիան վաղուց էր ձգտում հաստատվել Միջին Ասիայում: Հնդկաստանի ու Աֆղանստանի հետ կապերը էլ ավելի ամրապնդելու և յուրատեսակ կամուրջ ստեղծելու համար Միջին Ասիան ռազմավարական ու մարտավարական տեսանկյունից ուներ անզուգական նշանակություն: Ռուսաց սպայակույտը պահանջում էր Անգլիայի դեմ դիմել կտրուկ միջոցների համաձայնվելով գեներալ Խրուլյովի տեսակետին, թե «Պատերազմը Անգլիայի դեմ Ասիայի համար անխուսափելի է»: Իսկապես Միջին Ասիայում գերիշխելու պայքարում ռուս-անգլիական հնարավոր պատերազմը կախված էր մազից: «Բրիտանական քաղաքականությունը,- գրում էր Վերնադսկին,- թափանցում է նույնիսկ Միջին Ասիա»: Նա ընդգծում էր, որ հավասարակշռությունը պահպանելու կոչով ուրիշ տերություններին դիմող Անգլիան «իր տիրապետությունը տարածելով ամբողջ աշխարհում, առաջինն է այն խախտում»: Այս առումով հիշարժան է ամերիկյան պատմաբան Քազեմզադեի տեսակետը, որը Ռուսաստանի կողմից Միջին Ասիայի գրավման քաղաքական խթանիչ նախապատճառը համարում է ռուս-անգլիական հակամարտությունը: Արևմտյան մեկ այլ պատմաբան՝ Պիրսը քաղաքական պատճառը համարում է ածանցյալ տնտեսական գործոնի համեմատությամբ: Այս գործոնը սկզբունքային չի համարում ամերիկյան պատմաբան Ռամազանին, նրա կարծիքով գլխավորը Անգլիայի ու Իրանի համար Ռուսաստանի կողմից ստեղծված «լուրջ սպառնալիքն էր» Միջին Ասիայում: Անգլիացի պատմաբան Մորգանը գտնում է, որ ռուս-անգլիական հակամարտությունների խորացման համար գոյություն ունեին առարկայական պատճառներ, որովհետև ընդլայնվում էր ռուսական ու բրիտանական կայսրությունների տարածքն Արևելքում: Իսկ առարկայական գործոնից նա առանձնացնում էր փոխադարձ անվստահությունը և մտավախությունը: Նա հերքում էր Ռուսաստանի կողմից Հնդկաստանը նվաճելու իրատեսական ծրագրի գոյությունը, ինչպես նաև մերժում Անգլիայի կողմից Միջին Ասիան գրավելու մասին որևէ իրական ծրագրի առկայությունը:

Ռուսաց բանակի անցած հարուստ հաղթական ուղին, ռազմական արվեստի ոլորտում հրամանատարության փորձը և հմտությունը անխուսափելի դարձրին վճռական հաղթանակը Բուխարայի էմիրի, Կոկանդի ու Խիվայի խաների թույլ բանակների նկատմամբ: Սակայն դա բնավ չէր նշանակում, թե ռուսաց բանակին սպասում էր հաղթական շքերթով մտնել միջինասիական քաղաքները, ռազմաքաղաքական իրադարձությունները վկայեցին, որ ռուսներին սպասում էր ուժեղ դիմադրություն ու անգամ առանձին դեպքերում մասնակի ու ժամանակավոր անհաջողություններ:

Դեռևս 1854թ. ռուսները հիմնադրեցին Վերնի քաղաքը, ներկայիս՝ Ալմա-Աթան, սակայն Ղրիմի պատերազմը կասեցրեց ռուսաց բանակի հետագա առաջխաղացումը: Այս հենակետի հիմնադրումից 10 տարի անց ռուսները գրավեցին Թուրքեստան քաղաքը, այնուհետև Չիմքենտը: Վերացավ Կոկանդի խանության գերիշխանությունը Հարավային Ղազախստանի նկատմամբ: Սակայն Չեռնյաևի փորձը փոքրաթիվ ուժերով (ընդամենը 1000 մարդ) գրավել Միջին Ասիայի ամենախոշոր և 100 հազար բնակչություն ունեցող Տաշքենդ քաղաքը, հաջողություն չունեցավ: Ռուսաց դիվանագիտությունը Միջին Ասիայի նվաճման տարիներին շարունակում էր ցուցաբերել հիմնավորված զգուշավորություն, ցանկանում էր խուսափել միջազգային մեկուսացումից ու եվրոպական տերությունների, գերազանցապես Անգլիայի հետ բացահայտ բախվելուց: Ավելին, Տաշքենդի գրավման անհաջողությունից հետո կայսերական կառավարությունը որոշեց սահմանափակել տարածքների հետագա ընդլայնման ծրագիրը Միջին Ասիայում, հաստատել կայուն ու ամուր պետական սահման: Այս փաստաթուղթն ուղարկվեց Ռուսաստանի եվրոպական դեսպանություններ և ներկայացուցչություններ՝ հավատարմագրված երկրների կառավարությունների ղեկավարներին հանձնելու համար: Կառավարության այս ծրագիրը գերազանցապես արտահայտում էր Գորչակովի հայացքները, որը անգլիացի պատմաբան Ստամմի կարծիքով, ցանկանում էր հանգստացնել Արևմուտքի տերություններին, առաջին հերթին Անգլիային: Միլյուտինն այս հարցում հիմնականում չառարկելով Գորչակովին, միաժամանակ չափազանց պարտավորեցնող էր համարում նրա պաշտոնական հավաստումը և պնդումը, թե Ռուսաստանի կողմից չի լինելու սահմանների հետագա «ընդլայնում»: «Այս հայտարարությամբ,- գրում էր ռազմական նախարարը,- արտաքին գործերի նախարարությունը կապեց իր ձեռքերը հետագա գործողությունների համար և թույլատրեց մեր հակառակորդներին… պարսավել մեր քաղաքականության խարդավանքն ու ուխտադրժությունը»: Եվ պատահական չէ, որ Միջին Ասիայի գրավված քաղաքներում ու սահմանամերձ ռուսաց տարածքներում տեղակայված կայսերական բանակի գեներալները չցանկանալով իրենց ձեռքերը կապված տեսնել, հաճախ կենտրոնից չստանալով պաշտոնական հրամաններ, իրենց սեփական նախաձեռնությամբ դիմում էին հաջող մարտական գործողությունների ու դրանով իսկ ընդլայնում կայսրության առանց այն էլ լայնածավալ սահմանները: Ռուս գեներալների մեջ իր ռազմատենչությամբ, վճռականությամբ, համարձակությամբ, հետևողականությամբ, կայսրությանը անվերապահորեն նվիրվածությամբ հատկապես աչքի ընկավ գեներալ Չեռնյաևը: Չեռնյաևին թևաթափ չարեց Տաշքենդի դեմ ձեռնարկված առաջին անհաջող գրոհը: Նա հմտորեն օգտագործեց այդ քաղաքի համար Կոկանդի ու Բուխարայի խանությունների միջև ընթացող պայքարը և երկպառակությունները, ապա պատրվակ դարձնելով Տաշքենդի բնակչության Ռուսաստանից օգնություն ստանալու դիմումը, առանց Պետերբուրգի հրամանի երկրորդ անգամ շարժվեց քաղաքի վրա:

Ռուս գեներալը փոքրաթիվ ուժով (ընդամենը 2000 մարդ) հաղթեց Կոկանդի խանի 15 հազարանոց ռազմաջոկատին, ներխուժեց քաղաք և երկօրյա փողոցային մարտերից հետո գրավեց Տաշքենդը: Այդ հաղթանակի շնորհիվ Չեռնյաևը դարձավ օրվա անվիճելի հերոս, որին քաղաքի բնակչությունն ի նշան հնազանդության անվանեց «տաշքենդյան» առյուծ:

1866թ. Տաշքենդը մտավ Ռուսաստանի կազմի մեջ, իսկ նրա բնակիչներն ընդունեցին ռուսական հպատակություն: Այսպիսի որոշում ընդունելու մեջ մեծ էր Չեռնյաևի փաստարկը, իսկ գործողությունը պաշտպանություն էր գտնում ռուսաց հասարակության շրջանում, որը Միջին Ասիայում Ռուսաստանի քաղաքականության հաղթանակի մեջ տեսնում էր լուրջ գործոն Եվրոպայում նրա հեղինակությունը բարձրացնելու համար: Ռազմատենչ ու պատերազմի հերոս գեներալի հեղինակությունն այնքան մեծ էր, որ ոչ միայն ռազմական, այլև արտաքին գործերի նախարարությունը հիմնավորեց նրա ինքնուրույն գործողությունները՝ արդարացնելով այն Բուխարայի էմիրի՝ Տաշքենդի դեմ ձեռնարկած թշնամական գործողություններով: Մեկ անգամ ևս ապացուցվեց դարեր շարունակ գործող չգրված հավերժ ճշմարտությունը՝ «հաղթողներին չեն դատապարտում», այլ շնորհավորում են, հաշվի նստում, երկրպագում, անմահացնում ու հերոսացնում:

1866թ. Թուրքեստանյան մարզի զինվորական նահանգապետ նշանակվեց գլխավոր շտաբի գեներալ-մայոր Ռոմանովսկին, որը շարունակեց Չեռնյաևի հարձակողական մարտավարությունը Միջին Ասիայում՝ հարվածն ուղղելով գլխավորապես Բուխարայի էմիրության դեմ: Ինչպես մյուս խանությունները, այնպես էլ էմիրությունը թույլ պետություններ էին հատկապես ռազմական տեսանկյունից: Եվ օրինաչափ է, որ Բուխարայի էմիրի զորքերը կրում էին ծանր պարտություններ: Մեծ նշանակություն ունեցավ հատկապես Խոջենթի գրավումը 1866թ. մայիսին, որի համար Ռոմանովսկին ստացավ սրբ. Աննայի առաջին աստիճանի շքանշան: Ռուսական զորքերը դրանից հետո մտան Բուխարայի էմիրություն և կանգնեցին Սամարղանդի մոտակայքում: Ռոմանովսկին կարողացավ Ռուսաստան վերադարձնել դեռևս Չեռնյաևի ժամանակ ուղարկված փոքրաթիվ դեսպանությունը, որին ուխտադրժորեն աքսորել էր Բուխարայի էմիրը:

1867թ. ապրիլին Ալեքսանդր II-ը հրապարակեց օրենք Թուրքեստանյան գեներալ-նահանգապետություն ստեղծելու մասին, որի գեներալ-նահանգապետ, ռազմական նախարար Միլյուտինի միջնորդությամբ կայսրը նշանակեց գեներալ-ադյուտանտ Կաուֆմանին: Նա ստացավ լայն լիազորություններ Միջին Ասիայում քաղաքական ու առևտրատնտեսական հիմնահարցեր լուծելու համար: Կաուֆմանն իր լիազորություններն օգտագործում էր տեղի խանությունների հետ լայն առևտրատնտեսական փոխշահավետ կապեր հաստատելու համար՝ դրա մեջ տեսնելով յուրատեսակ միջոց «խաղաղ» ճանապարհով միակցել Միջին Ասիան կամ գերիշխել այդ տարածքում: 1868թ. մարտին Կաուֆմանի ուղարկած դեսպանությունը Կոկանդի խանության հետ կնքեց պայմանագիր, որի համաձայն՝ երկու կողմերի վաճառականները ստանում էին ազատ առևտրի իրավունք: Արտաքուստ հավասարության պայմաններում կայսերական զորքերի կողմից շրջապատված Կոկանդի խանությունն ընկնում էր Ռուսաստանի հսկողության ներքո: Կաուֆմանը ցանկանում էր այդպիսի պայմանագիր կնքել նաև Բուխարայի էմիրի հետ, որին ուղարկեց մշակված նախագիծը: Ռուսաստանում շուրջ 5 ամիս սպասում էին խանի պատասխանին, վերջապես էմիրը տեղեկացրեց պայմանագիրը ստորագրելուց հրաժարվելու և «սրբազան պատերազմ» հայտարարելու մասին:

Կաուֆմանի գլխավորությամբ ռուս զինվորները ջախջախեցին էմիրի զորքերին: Սամարղանդում պայքարը սրվեց Էմիրին պաշտպանող հոգևորականության և առևտրա-արհեստագործական շրջանների միջև, որոնք դեմ չէին միանալու Ռուսաստանին: Երբ ռուսական բանակը 1868թ, մայիսին մոտեցավ քաղաքին, Սամարղանդի դարպասները բաց էին ռուս զինվորների առաջ: Բուխարայի Էմիրի հետ կնքված պայմանագրով Ռուսաստանին անցան Խոջենտ, Ուրա-Տյուբե, Ջիզակ քաղաքները, ռուս հպատակները ստացան ազատ առևտրի և էմիրությունում առևտրական գործակալություններ հաստատելու իրավունք: Էմիրը պարտավորվեց վճարել 500 հազար ռուբլի ռազմատուգանք: Ռուսաց զորքերի կողմից զբաղեցրած տարածքներից ստեղծվեց Զերավշանի շրջանը, իսկ Կաուֆմանը Միջին Ասիայում ռազմական հաջողությունների համար պարգևատրվեց Գեորգիևյան խաչով: Ռուսաց դիվանագիտությունը և զինվորականությունը համագործակցելով ու փոխադարձաբար լրացնելով միմյանց, զուգակցելով դիվանագիտական խաղաղ և զինված ուժի գործադրման մարտավարությունները դանդաղ, բայց հետևողականորեն ամրապնդում էին Ռուսաստանի նվաճումները Միջին Ասիայում:

Միլյուտինը և Գորչակովը ցանկանալով ամրապնդել Բուխարայի էմիրությունում եղած ռուսամետ ուժերի դիրքերը և կայունացնել քաղաքական առնչությունները, հնարավոր էին համարում Սամարղանդը վերադարձնել Էմիրին, որին կտրկանապես դեմ էր Կաուֆմանը: Չեռնյաևի նման մեծ հեղինակություն վայելող գեներալ-նահանգապետը Ալեքսանդր II-ի հետ անձնական հանդիպման ժամանակ համոզեց կայսրին, որ Սամարղանդը վերադարձնել Էմիրին կնշանակի թուլացնել Ռուսաստանի դիրքերը, այն կդիտվի որպես նրա թուլության նշան: Կայսրը համաձայնվեց Կաուֆմանի հետ. Սամարղանդը մնաց Ռուսաստանի կազմում, իսկ ռուսաց բանակը պատրաստվում էր գրավել Բուխարան: Այն զգալիորեն կամրապնդեր Ռուսաստանի քաղաքական ու ռազմավարական դիրքերը Միջին Ասիայում, կհարկադրեր Անգլիային դե ֆակտո ճանաչել նրա գերիշխանությունը: «Անգլիան ոչ մի տեղ այնքան խոցելի չէ,- գտնում էր գեներալ նահանգապետը,- ինչպես Ասիայում: Դա սանձ է, որով մենք միշտ կարող ենք զսպել նրան»:

1870թ. վերջին Պետերբուրգում գումարված հերթական հատուկ խորհրդակցությունում Միջին Ասիայում ստեղծված քաղաքական դրության և այդ տարածաշրջանում Ռուսաստանի քաղաքականության մասին ելույթ ունեցավ Թուրքեստանի գեներալ-նահանգապետը: Կաուֆմանն առաջնային էր համարում Միջին Ասիայում քաղաքական իրադրության կայունացումը և այդ նպատակով առաջարկում էր օրինական տիրակալ ճանաչել Կոկանդի խանին, որովհետև նա միջինասիական կառավարիչներից առաջինը հասկացավ «Ռուսաստանի քաղաքական ծրագրերի իմաստը»: Գեներալ-նահանգապետը կարևորեց Բուխարայի էմիրի հետ հարաբերությունների կարգավորումը: Ընդ որում, նրա կարծիքով, Ռուսաստանի տնտեսական ու քաղաքական շահերից է պահպանել Բուխարայի էմիրության ինքնուրույնությունը և առաջարկում էր չմտցնել կայսրության կազմի մեջ, որովհետև այդ դեպքում անհրաժեշտ կլիներ այնտեղ պահել մեծ թվով զորք ու հատկացնել հսկայական միջոցներ: Կաուֆմանի հետ համաձայն էին արտգործնախարարության ու ֆինանսների նախարարության բարձրաստիճան ներկայացուցիչները, որոնք հիմնախնդրին մոտենում էին զուտ քաղաքական ու ֆինանսական տեսանկյունից: Խիվայի խանության հիմնախնդրում Կաուֆմանն ուղղակի պահանջեց կիրառել զինված ուժ, քանզի խանը չի ճանաչում Ռուսաստանի իշխանությունը, ուստի անհրաժեշտ է վճռական հարված հասցնել Խիվային, բայց նույնպես չմիակցել կայսրությանը՝ հակառակ դեպքում անհրաժեշտ կլինի այնտեղ ևս կենտրոնացնել մեծ թվով զորք, հատկացնել ֆինանսական զգալի միջոցներ: Կաուֆմանի զեկուցումը փաստորեն հանրագումարի բերեց ու ընդհանրացրեց Ռուսաստանի քաղաքականությունը, ռազմական գործողությունները Միջին Ասիան նվաճելու ուղղությամբ: Կայսերական կառավարությունը հիմնականում հավանության արժանացրեց Կաուֆմանի գործունեությունը գեներալ-նահանգապետի պաշտոնում ու նրա ներկայացրած մտահղացումները Միջին Ասիայի հիմնահարցն ամբողջովին լուծելու համար: Կաուֆմանին Խիվայի դեմ արշավանքի նախօրյակին հրահանգված էր Բուխարայի Էմիրի հետ հաշտվելու մասին 1868թ. պայմանագրին կցել լրացուցիչ համաձայնագիր, որը կոնկրետացնելու էր, հստակեցնելու ռուս-բուխարական սահմանը: 1873թ. սեպտեմբերին կնքվեց ռուս-բուխարական նոր պայմանագիր, որը 1868թ. պայմանագրի համեմատությամբ էլ ավելի էր ամրագրում Բուխարայի ենթակայությունը Ռուսաստանին: Թուրքեստանի ռուսաց վարչությունը երաշխավորում էր Էմիրին նրա տիրույթների տարածքային ամբողջականությունը և օգնությունը իր թշնամիների դեմ պայքարում, փոխարենը ստանում էր Բուխարայի գահակալի ժառանգի լուծման խնդրում միջամտելու և առաջին նախարարին ընտրելու իրավունք:

Էմիրի իրավասության տակ էին մնում ներքին կառավարման հարցերը: Այս պայմանագրի կնքումից հետո Բուխարայի էմիրությունը պահպանելով ներքին ինքնավարությունը և նախկին վարչական համակարգը, կորցրեց կամ զրկվեց ինքնուրույն արտաքին քաղաքականություն վարելու իրավունքից:

Բուխարայի էմիրության ու Կոկանդի խանության լիակատար ինքնուրույնության կորուստը բարդացրեց Խիվայի խանության քաղաքական դրությունը: Ռուսաստանը շատ էր կարևորում հարաբերություններն այս խանության հետ, որովհետև Խիվան կայսրության համար ուներ ռազմավարական մեծ նշանակություն: 1872թ. փետրվարին Կաուֆմանը Պետերբուրգ հղած զեկուցագրում տեղեկացնում էր դիվանագիտական բանակցությունների անհաջողության ու Խիվայի հետ ռազմական բախման անխուսափելիության մասին: Ռուսաստանի նկատմամբ Խիվայի խանության թշնամական վարքագիծը Կաուֆմանը հիմնավորում էր ռուսահպատակներին գերելու, նրանց ազատելուց հրաժարվելու փաստերով: Կայսերական դիվանագիտությունն այս անգամ էլ կանգնած էր Խիվայի խանության հետ պատերազմից խուսափելու տեսակետին, գտնելով այն վաղաժամ և ոչ միայն Անգլիայի հետ հարաբերությունները բարդացնելու տեսանկյունից: Այսպիսի դիվանագիտական մարտավարությունը պայմանավորված էր Ռուսաստանի եվրոպական քաղաքականության, հատկապես Գերմանիայի ու Ավստրո-Հունգարիայի հետ միջպետական հարաբերությունների կարգավորման կարևորագույն հիմնախնդիրներով: Հայտնի է, որ 19-րդ դարի 70-ական թվականների սկզբներին երեք միապետները ծավալեցին քաղաքական-դիվանագիտական լայն գործունեություն երեք կայսրերի միջև դաշինք կնքելու ուղղությամբ: Ալեքսանդր II-ը և Գորչակովը առաջնային դիվանագիտական խնդիր էին համարում դաշինքի կնքումը Գերմանիայի ու Ավստրո-Հունգարիայի հետ: Երեք կայսրերի դաշինքը ռուսաց դիվանագիտությունը նպատակամղեց Միջին Ասիայի միացման խնդրի վերջնական լուծմանը: Երեք կայսրերի դաշինքը Ռուսաստանի համար ուներ էական նշանակություն, որովհետև ռուս-անգլիական հնարավոր ռազմական բախման դեպքում Գերմանիան ու Ավստրո-Հունգարիան դաշինքի շրջանակներում պարտավոր էին օգնել Ռուսաստանին: Հետևաբար Միջին Ասիայի միակցման հիմնախնդրում Ռուսաստանը ձեռք էր բերում ուժեղ դաշնակիցներ, իսկ Անգլիան հայտնվում էր դիվանագիտական մեկուսացման մեջ: Եվ օրինաչափ է, որ երեք կայսրերի դաշինքի կազմավորումից հետո Պետերբուրգը տվեց իր համաձայնությունը արշավելու Խիվայի խանության դեմ: Այնուամենայնիվ, ռուսաց կառավարությունը ձգտելով Խիվայի խանությունը Ռուսաստանին միակցել առանց մեծ պատերազմի, որոշեց 1872թ. Անգլիայի հետ բանակցելու համար Լոնդոն ուղարկել կայսրին մոտ կանգնած դիվանագետ Շուվալովին: Նա պետք է Անգլիայի պետական այրերին հանձներ Ալեքսանդր II-ի նամակը, որտեղ նշված էին ռուս-անգլիական առաջարկվող համաձայնագրի հիմնական պայմանները: Նկատի ունենալով, որ Լոնդոնը ակնապիշ հետևում է Միջին Ասիայում Ռուսաստանի ռազմաքաղաքական գործողություններին և ցանկանալով կանխել Անգլիայի դեմ պատերազմի հնարավորությունը, կայսրը խոստանում էր Խիվայի խանությունը չընդգրկել Ռուսաստանի կազմի մեջ, չէր առարկում, որ այդ մասին պաշտոնապես հայտարարվի անգլիական պառլամենտում: Ալեքսանդր II-ի այս ուղերձը դրական ներգործություն ունեցավ անգլիական կառավարության և հասարակության վրա: Շուվալովի այցը դիտվեց որպես նոր փուլի սկիզբ ռուս-անգլիական առնչություններում, իսկ Անգլիայի դիրքորոշումը Ռուսաստանի նկատմամբ կախված է լինելու կայսրից, նրա ստանձնած պարտավորության կատարումից:

Լոնդոնյան բանակցությունների արդյունքը եղավ այն, որ Պետերբուրգը ստացավ անգլիական կառավարության հայտագիրը, որտեղ ներկայացված էին կոնկրետ առաջարկներ Աֆղանստանի սահմանների վերաբերյալ: Ռուսաստանն ընդունեց Լոնդոնի առաջարկը: Ռուսաց կառավարությունը խնդրեց անգլիացի պետական այրերին ներազդել աֆղանական էմիրի վրա, որպեսզի նա չձեռնարկի հարձակողական գործողություններ Միջին Ասիայում: Ռուսաստանը և Անգլիան պարտավորվեցին չմիջամտել Աֆղանստանի ներքին գործերին, ճանաչել նրա անկախությունը: Այս համաձայնությունը ձեռնտու էր թե՛ Ռուսաստանին և թե՛ Անգլիային: Ռուսաց դիվանագիտությունը կարողացավ մի կողմից «խաղաղեցնել» իր ահեղ հակառակորդին, իսկ մյուս կողմից չեզոքացնել Աֆղանստանի էմիրի հնարավոր միջամտությունը Միջին Ասիայի ներքին գործերին:

Անգլիական դիվանագիտությունն կանխում էր Ռուսաստանի հնարավոր զավթողական գործողությունները Աֆղանստանում: Ռուս-անգլիական ստորագրված համաձայնությունից հետո ռուսաց զորքերը 1873թ. փետրվարին վերսկսեցին հարձակումը և շարժվեցին Խիվա, որը բացասաբար, եթե ոչ թշնամաբար ընդունվեց Լոնդոնում: Անգլիական դիվանագիտությունը փորձեց հակառուսական տրամադրություններ բորբոքել ոչ միայն սեփական երկրում, այլև մահմեդական աշխարհում: Լոնդոնը ծրագրում էր Ռուսաստանի դեմ հանել մահմեդական պետություններին ու այդ նպատակով իր ներկայացուցիչներին էր ուղարկում Թուրքիա, Իրան, Աֆղանստան: Անգլիական դիվանագիտության մտահղացումն այս կարևոր հիմնախնդրում ձախողվեց, որովհետև մահմեդական երկրներից Ռուսաստանի դեմ դաշինք ստեղծելու ծրագիրը ի դերև ելավ: Ռուսաց 12 հազարանոց բանակը Կաուֆմանի գլխավորությամբ 1873թ. մայիսին մտավ Խիվա, խանի վատ զինված ու փոքրաթիվ զորքը չկարողացավ դիմադրել ու շուտով ճանաչեց իր պարտությունը: 1873թ. օգոստոսին Կաուֆմանի ու Մուհամեդ-Ռահիմ խանի միջև կնքվեց հաշտության պայմանագիր, որի համաձայն՝ խանը ճանաչեց իր վասալական կախվածությունը Ռուսաստանից ու հրաժարվեց վարել ինքնուրույն արտաքին քաղաքականություն: Ռուս վաճառականներն ազատվում էին մաքսեր վճարելուց ու ստանում ազատ առևտրի իրավունք խանության բոլոր քաղաքներում ու գյուղերում: Խիվան պարտավորվում էր 20 տարվա ընթացքում վճարել 2200 հազար ռուբլի ռազմատուգանք: Խիվան, Բուխարան ու Կոկանդը 1873թ. դարձան Ռուսաստանի վասալական տիրույթները, որոնց կառավարիչները ներքաղաքական հարցերում պահպանում էին ազատ գործելու իրավունք:

Խիվայի խանությունում ռուսաց կառավարությունն անմիջապես վերացրեց ստրկությունը և ստրկավաճառությունը. ազատվեցին շուրջ 40 հազար գերիներ, որոնցից 10 հազարը՝ պարսիկներ: Նրանց ռուսաց զորաջոկատի հսկողությամբ հասցրեցին մինչև Իրանի սահմանը: Միջին Ասիայում Ռուսաստանի քաղաքականության նոր հաջողության մասին է վկայում այն փաստը, որ 1884թ. հունվարի 1-ին «ժողովրդական ներկայացուցիչների ժողովը» որոշում կայացրեց Մերվ քաղաքը կամավոր Ռուսաստանին միացնելու մասին: Մերվի պատվիրակությունը 1884թ. հունվարի 31-ին Աշխաբադում հավատարմության երդում տվեց կայսր Ալեքսանդր III-ին: Ռուսաստանի կազմի մեջ մտած Մերվ քաղաքը ստացավ ներքին ինքնավարություն, պահպանվեցին մահմեդական դավանանքը և սովորույթները, արգելվեց ստրկավաճառությունը: Միջին Ասիայում 19-րդ դարի 70-80-ական թթ. տեղի ունեցան առանձին հակառուսական և հակաինքնակալական ելույթներ, ապստամբություններ, խռովություններ, որոնք առանց մեծ դժվարության ճնշվում էին տեղական ռուսաց վարչակազմի կողմից: Միջին Ասիայի միակցումը Ռուսաստանին էլ ավելի սրեց ռուս-անգլիական միջպետական հարաբերությունները, որը շարունակվեց մինչև 20-րդ դարի սկիզբը: Միայն 1907թ. Պետերբուրգում ստորագրված ռուս-անգլիական համաձայնագիրը զգալիորեն թուլացրեց երկու ախոյանների հակամարտությունը և մրցակցությունը Աֆղանստանում, Տիբեթում, Իրանում և Չինաստանում ու հիմնականում համոզեց Անգլիային, որ Ռուսաստանը հավակնություններ չունի բրիտանական կայսրության մարգարիտ Հնդկաստանի նկատմամբ, որի մասին բազմիցս պաշտոնապես նշվել էր ռուսաց ամենաբարձր ատյաններից:

Ռուսաց կայսերական դիվանագիտության պատմության մեջ Միջին Ասիայի միակցմամբ ավարտվեց մի ամբողջ փուլ, որն ընթացավ միջազգային քաղաքական սուր պայքարով, ռազմական գործողություններով ու ի վերջո պսակվեց Ռուսաստանի հաղթանակով: Միջին Ասիան դարձավ ռուսաց կայսրության ցայտունորեն արտահայտված մի ազգային ծայրամաս դրանից բխող քաղաքական ու տնտեսական բոլոր հետևանքներով:

Նյութի աղբյուրը՝ Էդիկ Մինասյան- «Ռուսաց դիվանագիտությունը միջազգային հարաբերությունների համակարգում»

Comments

Popular posts from this blog

Պետության և իրավունքի տեսություն

  Պետության և իրավունքի տեսության հասկացությունը, առարկան և մեթոդաբանությունը Պետության և իրավունքի տեսությունը հանդիսանում է առաջնային, կարևորագույն իրավաբանական գիտություն: Գիտությունը հանդիսանում է ինտելեկտուալ գործունեություն: Պետության և իրավունքի տեսությունը ուսումնասիրում է հասրակական կյանքի պետաիրավական ոլորտը: 1.Պետության և իրավունքի տեսությունը հանդիսանում է համատեսական գիտություն, որովհետև ունի ուսումնասիրության լայն ընդարձակ ոլորտ՝ հասարակական կյանքի պետաիրավական ոլորտն ամբողջությամբ: 2.Պետության և իրավունքի տեսությունը հանդիսանում է փիլիսոփայական գիտություն, որովհետև ուսումնասիրում է պետության և իրավունքի, պետաիրավակաբ այլ երևույթների խորքային բնույթը: Պետության և իրավունքի տեսությունը հանդիսանում է նաև փիլիսոփայական գիտություն, որովհետև ուսումնասիրում է պետությունը և իրավունքը որպես համընդհանուր ունիվերսալ երևույթներ: 3.Պետության և իրավունքի տեսությունը հանդիսանում է ֆունդամենտալ գիտություն, որովհետև մշակում է պետաիրավական ոլորտի առաջնային ընդհանուր և կարևորագ...

Բազմակողմ դիվանագիտություն

  Բազմակողմ «դիվանագիտություն» հասկացությունը: Պատմական ակնարկ և կայացման հիմնական փուլերը: Բազմակողմ դիվանագիտության դերակատարության բարձրացումը 20-րդ դարի երկրորդ կեսին Բազմակողմ դիվանագիտությունը երկուսից ավել կողմերի միջև վարվող բանակցություններն են, մի քանի դերակատարների մասնակցությամբ միջազգային համաժողովները, միջազգային կազմակերպությունների շրջանակներում իրականացվող դիվանագիտական աշխատանքը: Դասական բազմակողմ դիվանագիտության առաջին օրինակ է համարվում 1814-1815թթ. Վիեննայի կոնգրեսը, սակայն բազմակողմ դիվանագիտության սաղմեր կարելի է հանդիպել նաև Հին Հունաստանի քաղաք-պետությունների կողմից վարվող դիվանագիտության մեջ, ինչու չէ, նաև միջին դարերում կնքվող դաշինքներն ու պայմանագրերը նույնպես կարելի է դասել բազմակողմ դիվանագիտության նախատիպերի շարքին, օրինակ՝ 1648թ. Վեստֆալյան պայմանագիրը: Առաջին դասական միջազգային կազմակերպություններն են՝ Հռենոսով նավարկության կենտրոնական հանձնաժողովը՝ մշտական քարտուղարությամբ, որը ստեղծվել էր Վիեննայի կոնգրեսի որոշմամբ և առաջին հանդիպումն անցկա...

Միջազգային գործընթացների վերլուծությունը ազգային անվտանգության համատեքստում

ՀՀ արտաքին քաղաքականության սկզբունքներն ու գերակայությունները https://www.mfa.am/hy/speeches/2019/08/27/fm_opening_remarks/9782 ՀՀ ազգային անվտանգության ռազմավարություն https://www.gov.am/am/National-Security-Strategy/ https://www.un.org/disarmament/wmd/nuclear/npt/text/ https://www.un.org/ru/documents/decl_conv/conventions/npt.shtml https://www.undocs.org/S/RES/2231(2015) https://undocs.org/ru/S/RES/2231(2015) https://www.worldbank.org/en/news/press-release/2019/11/06/world-bank-lebanon-is-in-the-midst-of-economic-financial-and-social-hardship-situation-could-get-worse https://www.transparency.org/en/countries/lebanon https://www.forbes.com/profile/saad-hariri/?sh=45cebbdb65b5 Դասախոսություն 1. Միջազգային գործընթացների հասկացությունը և սուբյեկտները Միջազգային գործընթացները հավաքական հասկացություն է: Այն իրենից ներկայացնում է միջազգային հարաբերությունների հիմնական դերակատարների՝ պետությունների, միջպետական և ոչ պետական տարբեր կազմակերպությունների, տարատեսակ կառույցների, միավորումների, հ...