Skip to main content

Ռուսաց դիվանագիտությունը «երեք կայսրերի դաշինքի» համակարգում

 

Ղրիմի համակարգի փլուզումը ոչ միայն արմատապես փոխեց Ռուսաստանի միջազգային քաղաքական կարգավիճակը մայրցամաքում, այլև էապես ներգործեց Եվրոպայում ուժերի հարաբերակցության տեղաբաշխման վրա: Միջազգային հարաբերությունների ու դիվանագիտության պատմության մեջ սկսվեց որակապես նոր շրջան, որի ընթացքում թեև շարունակում էին գործել նախորդ փուլում քաղաքական գործընթացների վրա վճռապես ազդող մեծ տերությունները, բայց այս անգամ արդեն միանգամայն այլ դերակատարումներով ու հետապնդած նպատակներով: Եվրոպական դիվանագիտությունը կանգնած էր ռազմաքաղաքական նոր միություններ ստեղծելու ճանապարհին, որոնք առաջվանից ավելի շատ գլխավորապես պայմանավորված էին ոչ այնքան արքայատիրական նեղ, որքան ազգային-պետական շահերով: Փարիզի հաշտության պայմանագրի առանցքային կետերի վերացումից հետո վերստին որակական փոփոխության ենթարկվեց Եվրոպայի քաղաքական քարտեզը, ինչպես այն տեղի ունեցավ Վիեննայի վեհաժողովից հետո: Ռուսաստանի արտաքին քաղաքականության գլխավոր հիմնախնդիրը Գորչակովը լուծեց բավականին ծանր գնով և մեծ զոհաբերությամբ, քանզի դրա դիմաց ռուսաց դիվանագիտությունը որպես փոխհատուցում հարկադրված էր ոչ միայն հաշտվել, այլև իր բարյացակամ կեցվածքով նպաստել Եվրոպայի կենտրոնում նոր հզոր և կենսունակ պետության՝ Գերմանիայի կազմավորմանը: Այժմ պարտված Ֆրանսիայի հարևանը դարձավ ոչ միայն ահեղ Գերմանիան, այլև՝ միավորված Իտալիան, իսկ ռուսաց կայսրության հարևանը՝ նախկինում համեմատաբար ոչ մեծ Պրուսիայի փոխարեն միավորված Գերմանիան: Հետևաբար եթե նախկինում մայրցամաքի մեծ տերությունների միջև ընկած էին համեմատաբար թույլ ու փոքր երկրներ, որոնք փաստորեն կատարում էին բուֆերի դեր ու ըստ էության նվազեցնում էին շփման եզրերն ու տարածքային սահմանակցությունը մեծ տերությունների միջև, ապա այժմ միջանկյալ տերությունների փոխարեն հանդես եկան երկու միապետություններ՝ Գերմանիան ու Իտալիան: Եվրոպայի մայրցամաքում մեծ տերությունների տարածքներն ընդհուպ մոտեցան միմյանց, դարձան սահմանամերձ, որը ցանկացած պահին կարող էր միջազգային հարաբերությունների համակարգում ստեղծել պայթյունավտանգ, լարված իրադրություն: Ընդ որում, նման լարվածությունը ոչ միայն չդարձավ անցողիկ երևույթ, այլև ավելի սրվեց ու խորացավ հետագա ժամանակաշրջանում:

Գերմանական կայսրության կազմավորումը հռչակվեց 1871թ. հունվարի 18-ին, իսկ փետրվարի 26-ին Վերսալում ստորագրվեց նախնական հաշտության պայմանագիր, ըստ որի Էլզասը, Արևելյան Լոթարինգիան անցնում էին Գերմանիային, Ֆրանսիան վճարելու էր 5 միլիարդ ֆրանկ ռազմատուգանք: Հատկանշական է, որ Բիսմարկը նախապես ցանկանում էր ստանալ 7 միլիարդ, բայց ռուսաց դիվանագիտության միջամտությամբ նա չափավորեց իր հավակնությունները:

1871թ. մայիսի 6-ին Ֆրանկֆուրտում սկսվեցին բանակցություններ՝ Բիսմարկի և Թյերիի միջև վերջնական հաշտություն կնքելու նպատակով: Իսկ 1871թ. մայիսի 10-ին երկու տերությունների միջև ստորագրվեց հաշտության պայմանագիր, որը հաստատում էր վերսալյան նախնական համաձայնագրում սահմանված հիմնական պայմանները: Գերմանական կայսրության կազմավորումը փոխեց ուժերի տեղաբաշխումը Եվրոպայում ոչ հօգուտ ռուսաց կայսրության: Եվ պատահական չէ, որ արդեն այդ փուլում ռուսաց դիվանագիտության գլխավոր հիմնախնդիրն է դառնում կասեցնել Ֆրանսիայի հետագա ռազմաքաղաքական թուլացումը:

Ռուսաստանի համար Պրուսիայի հզորացման լուրջ վտանգը գիտակցում էին ոչ միայն Գորչակովը և Միլյուտինը, այլև այն խիստ անհանգստացնում էր թագաժառանգ մեծ իշխան Ալեքսանդր Ալեքսանդրովիչին: Նա իր օրագրում նշում էր, «Ռուսաստանը վաղ թե ուշ» կիմանա «պրուսական բարեկամությունը և երախտագիտությունը» ի տարբերություն իր հոր՝ Ալեքսանդր II-ի, որը հույսը դրել էր «Ռուսաստանի ու Պրուսիայի ավանդական դաշինքի» վրա: Թագաժառանգն ամուսնացած էր Դանիայի արքայադուստր Դագմարայի հետ: Նա նպաստում էր իր ամուսնու հակապրուսական տրամադրություններին և սերտ կապեր էր պահպանում Դանիայի արքունիքի հետ, որտեղ դեռևս հիշվում էր 1864թ. ռազմաքաղաքական ծանր իրադարձությունը, որն ավարտվել էր Պրուսիայի հաղթանակով:

Ֆրանսիայի արագ պարտությունն անակնկալ էր նաև ռուսաց հասարակության համար, որը նույնպես հույս ուներ, թե պատերազմը կթուլացնի երկու կողմերին, ուստի և նրանց հետ մրցակցությունը կդառնա անհամեմատ ավելի դյուրին: «Գոլոս» թերթը մտավախություն էր արտահայտում պրուսական «ռազմաբյուրոկրատական պետության» չափից ավելի հզորացման կապակցությամբ, որի խորհրդանիշը նա տեսնում էր Ֆրիդրիխ II-ի արձանի մեջ, որտեղ «նրա ձիու պոչի տակ կանգնած են չարաբախտ Լեսսինգը և Կանտը»: Այդ առնչությամբ «Московские ведомости»-ն կոչ էր անում նախապատրաստվել պատերազմի Պրուսիային սանձահարելու նպատակով: Իսկ «Русский вестник»-ը, կարեկցելով Ֆրանսիային նրա թուլացման կապակցությամբ, այդ երկրին համարում էր «Եվրոպայում Ռուսաստանի միակ ուժեղ բնական դաշնակիցը»:

Ռուսաց դիվանագիտությունը մի կողմից՝ կանխելով Ֆրանսիայի հետագա թուլացումը, մյուս կողմից՝ շարունակում էր պահպանել բարեկամական հարաբերություններ Գերմանիայի հետ: Այսպիսի քաղաքական մարտավարությունն անխուսափելի էր ու նաև հիմնավորված: Նախ՝ Ֆրանսիայի հետ մերձենալու առարկայական գործոնները դեռևս չէին հասունացել, երկիրն ապրում էր ոչ լավագույն ժամանակներ, ուստի և դաշինքը նրա հետ չէր կարող ունենալ համաեվրոպական նշանակություն: Երկրորդ՝ հզորացած Գերմանիայի հետ անհրաժեշտ էր պահպանել նախկին հարաբերությունները, որպեսզի գերմանական կառավարող շրջաններն անմիջապես չդիմեն Ավստրո-Հունգարիայի հետ միության ստեղծմանը, որը շահեկան չէր Ռուսաստանի համար ո՛չ ռազմական, ո՛չ քաղաքական և ո՛չ էլ դիվանագիտական առումով: Այս դաշինքը կարող էր էլ ավելի սրել քաղաքական մթնոլորտը Եվրոպայում: Ավստրո-գերմանական հակառուսական քաղաքական հիմքի վրա հնարավոր դաշինքը կանխելու համար Ալեքսանդր II-ը նույնիսկ պատրաստ էր «մոռանալ» Ավստրիայի թագավորի «ապերախտությունը» և «դավաճանությունը», որն ակնհայտ էր Ղրիմի պատերազմի տարիներին ու Փարիզի հաշտության խորհրդաժողովի ժամանակ: Ռուսաց կայսրը և արտգործնախարարը ոչ պակաս չափով կարևորում էին միջպետական հարաբերությունների կարգավորումը Ավստրո-Հունգարիայի հետ:

Վիլհելմ I-ի և Բիսմարկի համար նույնպես անհրաժեշտ էր շարունակել բարեկամական կապերի պահպանումը Ռուսաստանի հետ, որպեսզի մի կողմից կարողանան խափանել ռուս-ֆրանսիական հնարավոր դաշինքը, իսկ մյուս կողմից վերստին ստանան ռուսաց կայսրության ղեկավարության, եթե ոչ անմիջական աջակցությունը, ապա գոնե դրական չեզոքությունը, որն ուղղակի անհրաժեշտ ու կարևոր պայման էր երկրորդ անգամ ջախջախելու Ֆրանսիային: Գերմանիայի շահերից էր Ֆրանսիային տեսնել միջազգային քաղաքական մեկուսացված վիճակում ու խոչընդոտել նրա կառավարող շրջաններին գտնելու հզոր ու ազդեցիկ դաշնակիցներ և վերստին տեղ գրավելու Եվրոպայի մեծ տերությունների համակարգում: Ռուս հայտնի դիվանագետ Պյոտր Շուվալովի պատկերավոր ու դիպուկ արտահայտությամբ Բիսմարկին անընդհատ հետապնդում էր «դաշինքների մղձավանջը», որից նա չէր կարողանում ազատվել:

Գերմանիայի կայսրին ու կանցլերին Ռուսաստանի բարեկամությունը խիստ անհրաժեշտ էր, որպես հակակշիռ ուժ Ավստրո-Հունգարիայի դեմ, որտեղ դեռևս թարմ էին Սադովայում կրած պարտության ծանր հիշողությունները: Իր հերթին Ավստրո-Հունգարիան նույնպես դեմ չէր Պետերբուրգի դրական ու ընդունելի դիվանագիտական նախաձեռնություններին, որը կարելի էր օգտագործել Բալկաններում համատեղ գործելու և փոխշահավետ զիջումներ կատարելու նպատակով: Հետևաբար Ռուսաստանը, Գերմանիան ու Ավստրո-Հունգարիան ստեղծված քաղաքական պայմաններում հնարավոր էին համարում համագործակցել միմյանց հետ ընդհուպ քաղաքական դաշինքի կնքումը, որը ծառայեցվելու էր իրենց մտահղացումների իրագործմանը: Երեք կայսրերի դաշինքը հնարավորություն էր ընձեռում հավասարակշռելու նրանց հետապնդած նպատակները, գործելու համատեղ ու խուսափելու սուր բախումներից: Միայն այս հիմնարար քաղաքական հանգամանքով է բացատրվում համեմատաբար կարճ ժամկետում՝ ընդամենը երեք տարում Եվրոպայի երեք հզոր տերությունների տիրակալների նման դաշինքի ստեղծումը, որը կարևոր դերակատարում ունեցավ դիվանագիտության և միջազգային հարաբերությունների համակարգում: Սակայն հասկանալի է, որ դաշինքը չէր կարող լինել ամուր ու կայուն, որովհետև չափազանց իրարամերժ էին երեք կայսրերի մտահղացումները, բավականաչափ խորքային էին հակասությունները և համաեվրոպական նշանակության հիմնահարցերի նկատմամբ մոտեցումները և գնահատականները: Եվ պատահական չէ, որ Ռուսաստանի ռազմական նախարար, նշանավոր պետական գործիչ Միլյուտինը չառարկելով Ալեքսանդր II-ի սրտին մոտ երեք կայսրերի դաշինքին, միաժամանակ ցուցաբերեց իրատեսական մոտեցում, չհավատալով Գերմանիայի ու Ավստրո-Հունգարիայի հետ հնարավոր համաձայնության կայունությանը, նա այդ առնչությամբ առաջարկեց ամրապնդել երկրի սահմանների անվտանգությունը և բանակի մարտունակությունը: Այսուհանդերձ, ռուսաց դիվանագիտությունը Լոնդոնի կոնվենցիայի ստորագրումից հետո ծավալեց ակտիվ քաղաքական գործունեություն Գերմանիայի հետ դրացիական հարաբերությունները պահպանելու, իսկ Ավստրո-Հունգարիայի հետ միջպետական ոլորտում ունեցած անհամաձայնությունները հաղթահարելու համար, առանց որի, իհարկե, անհնարին էր երեք միապետների միջև որևէ համագործակցություն համաեվրոպական նշանակության հիմնախնդիրների վերաբերյալ: Դա քաջ գիտակցում էին նաև Վիեննայում ու Բեռլինում ու գրավում կառուցողական կեցվածք Պետերբուրգի դիվանագիտական, ռազմաքաղաքական նախաձեռնությունների նկատմամբ: Երեք միապետները, այսպիսով, ծավալեցին դիվանագիտական մեծ խաղ լիակատար արդյունքի հասնելու նվազագույն հնարավորությամբ՝ նպատակ ունենալով չեզոքացնել յուրաքանչյուրի դեմ հնարավոր դաշինքը և կանխել մեկուսացնելու ոչ շահեկան, թերևս վտանգավոր հեռանկարը: Ալեքսանդր II-ին անհանգստացնում էր ավստրո-գերմանական երկկողմանի համագործակցության միտումը, որի չեզոքացումը հնարավոր էր միայն ռուս-ավստրիական համաձայնությամբ: Իր հերթին Գորչակովը ցանկանում էր Վիեննայի արքունիքի հետ վիճելի հիմնախնդիրների կարգավորման դեպքում Գերմանիային տեսնել Ռուսաստանի համար բարյացակամ միջնորդի դերում: Միջազգային հարաբերությունների ու դիվանագիտության պատմության մեջ «Երեք կայսրերի դաշինք» անվամբ ռազմաքաղաքական խմբակցության ձևավորումը սկսվեց 1872թ. սեպտեմբերից՝ Ավստրո-Հունգարիայի միապետ Ֆրանց Իոսիֆի Բեռլին նախապատրաստվող այցից ու Վիլհելմ I-ի հետ հանդիպումից, որով հյուրը՝ Ավստրո-Հունգարիայի թագավորը, պաշտոնապես ցուցադրելու էր ու ընդգծելու 1866թ. ավստրո-պրուսական պատերազմի «մոռացության» մասին:

Պետերբուրգը խիստ անհանգստացավ ու անգամ մտավախություն ապրեց ստանալով երկու կայսրերի հնարավոր հանդիպման մասին լուրը և անմիջապես մշակեց համարժեք քայլեր ու գործողություններ: Ալեքսանդր II-ն ու Գորչակովը ցուցաբերելով իրատեսական մոտեցում, չէին բացառում, որ երկու միապետների հանդիպումը կարող է ավարտվել ոչ միայն Գերմանիայի ու Ավստրո-Հունգարիայի մերձեցմամբ, այլև Ռուսաստանի դեմ դաշինքի կազմավորմամբ: Եվ օրինաչափ է, որ ռուսաց կայսրը ցանկություն հայտնեց ներկա գտնվել ու մասնակցել այդ հանդիպումներին և իր մտադրության մասին տեղեկացրեց Վիլհելմ I-ին:

Ալեքսանդր II-ը որոշեց նախապես դիմել Պետերբուրգում Գերմանիայի դեսպանին, հարցնելով, թե հաճելի կլինի՞ արդյոք իր թագավորին ավստրիական կայսրի հետ միասին նրանց հանդիպման ժամանակ տեսնել նաև իրեն՝ ռուսաց կայսրին, որը նշանակում էր ոչ միայն բանակցություններին անմիջական մասնակցության ցանկություն, այլև՝ շահագրգռվածություն: Բիսմարկի խորհրդով Գերմանիայի կայսրը փորձեց իր համար շահեկան դարձնել Ալեքսանդր II-ի ակնարկը և տվեց իր համաձայնությունը: Ավելին, ռուսաց կայսրի այցը Բեռլին լիովին համահունչ էր Բիսմարկի մտահղացումներին, որը ձգտում էր Ռուսաստանի ու Ավստրո-Հունգարիայի հետ կապերի ամրացումն օգտագործել Ֆրանսիային լիովին մեկուսացնելու, ապա նոր պարտության մատնելու համար:

Բեռլինում Ալեքսանդր II-ին ու Ֆրանց Իոսիֆին սպասում էր հանդիսավոր և պաշտոնական ճոխ ընդունելություն: Միապետները մասնակցում էին զինվորական զորահանդեսին, տոնական ճաշկերույթներին, թատերական ներկայացումներին՝ կարծես ցանկանալով նմանակել Տիլզիտի և Էրֆուրտի հանդիպումներին: Գործնականում երեք կայսրերին հետաքրքրող ռազմաքաղաքական հիմնահարցերի վերաբերյալ բանակցությունները հիմնականում վարում էին նրանց ուղեկցող արտգործնախարարները: Հատկանշական է, որ նրանք միասին գրեթե չքննարկեցին քաղաքական որևէ հիմնախնդիր: Բանակցությունները որպես կանոն ընթանում էին երես առ երես երկու նախարարների մասնակցությամբ, ինչը վկայում էր քաղաքական փոխադարձ անվստահության մասին: Ինչպես և սպասվում էր, երեք նախարարների համար ռազմավարական ու մարտավարական տեսանկյունից կարևորագույն նշանակություն ունեին Բալկանյան հիմնահարցը և Ֆրանսիայի նկատմամբ ունեցած տերությունների դիրքորոշումը: Ընդ որում, եթե Ալեքսանդրի, Գորչակովի ու Ավստրո-Հունգարիայի արտգործնախարար Դյուլա Անդրաշիի զրույցներում ու բանակցություններում առանցքայինը Բալկանյան խնդիրն էր, ապա Բիսմարկի ու Գորչակովի համար հիմնական թեման Ֆրանսիան էր, որի մեկուսացված ու թուլացած վիճակը շահեկան էր Գերմանիայի և անընդունելի՝ Գորչակովի համար: Եթե կոմս Անդրաշիի՝ այդ հունգարացի ճանաչված մագնատի հետ, որը ի դեպ հայտնի էր իր ոչ ռուսանպաստ դիրքորոշմամբ, քանզի Ռուսաստանը նրա համոզմամբ Ավստրո-Հունգարիայի գլխավոր հակառակորդն էր ու թշնամին, իսկ Անգլիան ու Գերմանիան՝ ցանկալի բարեկամներ, Գորչակովին այնուամենայնիվ, հաջողվեց համեմատաբար արագ ու առանց բարդությունների հասնել բանավոր համաձայնության, ապա Բիսմարկի հետ բանակցություններն ընթանում էին չափազանց ծանր ու լարված մթնոլորտում: Մինչդեռ տրամաբանորեն, հավանաբար պետք է լիներ հակառակը, որովհետև ռուս-գերմանական միջպետական քաղաքական առնչությունները Ղրիմի պատերազմից հետո շարունակում էին մնալ բարեկամական, իսկ Ավստրո-Հունգարիայի հետ՝ անկանխատեսելի, բարդ ու լարված: Իհարկե, իրականում անտրամաբանական ու հակասական ոչինչ չկար, եթե նկատի ունենանք, թե ինչ հիմնախնդիրների շուրջ էին ընթանում բանակցությունները և որքանով էին համընկնում կողմերի շահերը և ինչ նպատակ էին հետապնդում մրցակցող տերություննեըը: Բեռլինում Ֆրանսիայի շուրջ Բիսմարկի ու Գորչակովի միջև սկսված դիվանագիտական մենամարտը չի ավարտվի այդ հանդիպումով, այլ կվերաճի յուրատեսակ փորձաքարի երկու երկրների միջպետական հարաբերությունների համար ու հեռանկարում կդառնա այն գլխավոր քաղաքական պատճառը, որի հետևանքով Գերմանիան ու Ռուսաստանը ի վերջո կհայտնվեն հակամարտող ռազմաքաղաքական խմբակցություններում: Ակնհայտ էր, որ ֆրանս-գերմանական հակամարտությունը կամրապնդեր ռուսաց կայսրության դիրքերը, իսկ Գերմանիայի լիակատար քաղաքական գերիշխանությունը Արևմտյան Եվրոպայում իր մեջ Ռուսաստանի համար պարունակում էր լուրջ վտանգ: Հետևաբար ստեղծված առարկայական իրադրությունն աստիճանաբար ծնում էր ռուս-ֆրանսիական համագործակցությունը: Գորչակովը Բեռլինում գործադրեց դիվանագիտական բոլոր հնարքները, որպեսզի թուլացնի հակաֆրանսիական սրասայրը, որին համառորեն դիմադրում էր Բիսմարկը: Դրա համար Բեռլինում գտնվելու ժամանակ Գորչակովը հանդիպեց Գերմանիայում Ֆրանսիայի դեսպան Հոնտո-Բիրոնին և հասկացրեց, որ Ռուսաստանը չի պաշտպանի Գերմանիային ընդդեմ Ֆրանսիայի, եթե գերմանացիները փորձեն ֆրանսիացիներին արգելել վերականգնելու իրենց բանակը: «Ես ձեզ դա արդեն ասել եմ և ուրախ եմ այն կրկնել,- ասաց Գորչակովը, մեզ անհրաժեշտ է ուժեղ Ֆրանսիա»: Դեսպանին այս կարևոր զրույցից հետո դժվար չէր կատարել ճիշտ եզրակացություն: Նա շտապեց այդ ուրախալի լուրը հաղորդել Փարիզ: Բիսմարկը Բեռլինի բանակցություններից չստացավ այն, ինչ ցանկանում էր ու ինչին ձգտում էր: Իսկապես, Գորչակովը հասկացրեց Բիսմարկին, որ Ռուսաստանը չի աջակցի Գերմանիային Ֆրանսիայի դեմ: Գորչակովի հստակ հայտարարությունը, Ռուսաստանի դիրքորոշումը ընդհանրապես ոչ միայն խիստ ցանկալի էին Փարիզին, այլև ճակատագրական անհրաժեշտություն: Ֆրանսիայի կառավարող շրջանները քաջ գիտակցում էին, թե որքան շահեկան է իրենց թուլացած ու քաղաքականապես մեկուսացված երկրի համար մերձեցումը Ռուսաստանի հետ:

Երկու կանցլերների բանակցությունները հարթ չէին ընթանում նաև բալկանյան հիմնախնդրում, որովհետև Բիսմարկը խոստանում էր թերակղզում աջակցել Ռուսաստանի ծրագրերի այն հնարավոր գործողություններին, որոնք նախապես կհամաձայնեցվեին Պետերբուրգի ու Վիեննայի միջև: Գորչակովին ևս դժվար չէր հասկանալ, որ Բիսմարկն ավելի շատ հակված է դեպի Ավստրո-Հունգարիան: Երեք կայսրերի 1872թ. բեռլինյան հանդիպման ժամանակ չստորագրվեց որևէ պայմանագիր, այլ տեղի ունեցավ միայն կարծիքների ու նոտաների փոխանակում, որոնք որոշելու էին գործողությունների հետագա ծրագիրը: Թեև ռուսաց դիվանագիտությունը Ֆրանսիայի հարցում կենսագործում էր լիովին անկախ և Գերմանիայի համար ոչ ցանկալի ու ընդունելի քաղաքականություն, այսուհանդերձ, թե՛ Ալեքսանդր II-ը և թե՛ Գորչակովը բարձր էին գնահատում ու կարևորում ռուս-գերմանական բարեկամական հարաբերությունների պահպանումը և անգամ հնարավոր ռազմաքաղաքական դաշինքի կնքումը, որն աներկբայորեն երևաց Վիլհելմ I-ի Պետերբուրգ կատարած այցի ժամանակ: 1873թ. մայիսին Գերմանիայի կայսրը կանցլեր Բիսմարկի ու գերմանական բանակի գլխավոր շտաբի պետ ֆելդմարշալ Մոլտկեի ուղեկցությամբ ժամանեց ռուսաց կայսրության մայրաքաղաք, որտեղ նրանք նույնպես արժանացան պատշաճ ու հանդիսավոր ընդունելության: Գորչակովը բանակցություններին անմիջական մասնակցություն չունեցավ, բայց փորձեց համոզել կայսրին ընդգծելու ստորագրվող պայմանագրի զուտ պաշտպանական բնույթը: 1873թ. մայիսի 6-ին Ռուսաստանի ու Գերմանիայի միջև ստորագրվեց ռազմական կոնվենցիա: Նրա առաջին հոդվածն արձանագրում էր, որ եթե երրորդ տերությունը հարձակվի պայմանավորվող կողմերից որևէ մեկի վրա, ապա վերջինս հնարավոր կարճ ժամկետում կստանա ռազմական աջակցություն: Ռուսաստանի անունից ռազմական կոնվենցիան ստորագրեց ֆելդմարշալ կոմս Բերգը, իսկ Գերմանիայի կողմից՝ ֆելդմարշալ Մոլտկեն: Հատկանշական է, որ այդ կարևոր փաստաթղթի ներքո չկար ո՛չ Գորչակովի և ո՛չ էլ Բիսմարկի ստորագրությունը: Ռուսաց դիվանագիտությունը ցանկանում էր կոնվենցիան օգտագործել Անգլիայի, իսկ գերմանականը՝ Ֆրանսիայի դեմ: Այս առումով վերստին երևաց Գորչակով-դիվանագետի ճկունությունը և հեռամետությունը, որը կռահելով Բիսմարկի մտահղացումը և ցանկանալով կանխել այն, խորհուրդ տվեց Ալեքսանդր II-ին կոնվենցիային հաղորդել ոչ թե հարձակողական, այլ պաշտպանողական բնույթ: Դրանով Գորչակովը իրավական հիմք և նախապայմաններ էր ստեղծում կաշկանդելու Բիսմարկի գործողությունները, կապելու կանցլերի ու Մոլտկեի ձեռքերը, զրկում ռազմական կոնվենցիան Ֆրանսիայի դեմ օգտագործելու հնարավորությունից:

Ռուս-գերմանական ռազմական կոնվենցիան դարձավ առաջին կարևոր քայլը երեք կայսրերի դաշինքի վերջնական ձևավորման գործընթացում. մնում էր միայն Ֆրանց Իոսիֆի ստորագրությունը և այդ առաքելությունը ստնձնեց ռուսաց կայսրը: 1873թ. հունիսին Ալեքսանդր II-ը Գորչակովի հետ Ղրիմի պատերազմից հետո առաջին անգամ այցելեց Վիեննա՝ նպատակ ունենալով համոզել Ավստրո-Հունգարիայի թագավորին միանալ ռուս-գերմանական ռազմական կոնվենցիային: Ֆրանց Իոսիֆը ցուցաբերեց զգուշավորություն, վախենալով ներքաշվել հատկապես Անգլիայի դեմ պատերազմի մեջ, որի զորեղ աջակցությունից նա միշտ օգտվում էր ընդդեմ Ռուսաստանի: Ավստրո-Հունգարիան գերադասեց կնքել ավելի քիչ պարտավորեցնող քաղաքական համաձայնագիր, որի նպատակն էր լինելու «ամրապնդել խաղաղությունը» և «հեռացնել պատերազմի հնարավորությունը»: Ավստրո-Հունգարիան ռազմական կոնվենցիայի փոխարեն Ռուսաստանին առաջարկեց մեկ այլ համաձայնագիր, որը ստորագրվեց 1873թ. հունիսի 6-ին Վիեննայի մերձակայքում՝ Շենբրունում: Պաշտոնական փաստաթուղթն ուներ երկու կայսրերի միջև հաստատված պայմանագրի ձև և օրինաչափ է, որ դրա ներքո դրված էին միայն երկու միապետների ստորագրությունները: Երկու կայսրերը պարտավորվում էին կոնկրետ հարցերի շուրջ տարաձայնությունների ծագման դեպքում համաձայնվել միմյանց հետ, իսկ երրորդ տերության կողմից հարձակման սպառնալիքի դեպքում երկու միապետները պարտավորվում էին պայմանավորվել միմյանց հետ համատեղ գործելակերպի մասին:

Գերմանիայի կայսրը 1873թ. հոկտեմբերի 23-ին ժամանելով Վիեննա՝ միացավ Շենբրունի պայմանագրին: Այն ստացավ «երեք կայսրերի դաշինք» անունը, թեև գործնականում դաշնակցային պայմանագիր չէր, այլ ավելի շուտ ուներ կոնսուլտատիվ պակտի բնույթ: Երեք կայսրերի դաշինքը չէր կարող լինել ամուր ու կայուն, որովհետև նրանց միջև տարաձայնություններն ու հակասությունները զգալիորեն գերազանցում էին ընդհանուր շահերին: Երեք միապետներից յուրաքանչյուրը հետապնդում էր սեփական արտաքին քաղաքական նպատակներ, որոնք իրարամերժ լինելով, լավագույն դեպքում ստեղծում էին նվազագույն հնարավորություն համատեղ գործողությունների համար: Նրանց միայն միավորում էր իրենց երկրներում միապետական կարգերի պահպանումը, իսկ Եվրոպայում հեղափոխական շարժման կանխումը՝ Փարիզի կոմունայի կրկնության բացառումը: Թեև «Սրբազան դաշինքի» ու «երեք կայսրերի դաշինքի» ստորագրման միջև ընկած էր մի պատմափուլ՝ շուրջ 6 տասնամյակ, այսուհանդերձ, ակնհայտ էր միապետների հետապնդած նպատակների ընդհանրությունը և քաղաքական տարակարծությունները և հակամարտությունները:

Ռուսաստանը և Ավստրո-Հունգարիան հատուկ հետաքրքրություն էին ցուցաբերում արևելյան հիմնահարցին, ձգտում կանխել մյուս կողմի հնարավոր գերիշխանությունը Բալկաններում: Այդ հակամարտության ու մրցակցության գործընթացում յուրաքանչյուրը ձգտում էր ստանալ Գերմանիայի աջակցությունը: Վիլհելմ I-ը և Բիսմարկը հմտորեն օգտագործում էին Ռուսաստանի և Ավստրո-Հունգարիայի մրցակցությունը՝ հուսալով ստանալ ձեռքերի ազատություն Արևմտյան Եվրոպայում և հատկապես Ֆրանսիայի նկատմամբ: Ռուսաց դիվանագիտությունը երեք կայսրերի դաշինքի կնքմամբ կարողացավ որոշ չափով ապահովել իր արևմտյան սահմանների անվտանգությունը: Գերմանիայի ու Ավստրո-Հունգարիայի հետ մերձեցումը երեք կայսրերի դաշինքի ձևով անշուշտ, հեշտացրեց կայսերական Ռուսաստանի նոր նվաճումները Միջին Ասիայում: Արդեն 1873թ. Խիվայի դեմ ձեռնարկված ռազմական արշավանքից հետո այդ խանության նկատմամբ հաստատվեց Ռուսաստանի քաղաքական հովանավորությունը: Զուր չէ, որ Անգլիայի նախարարները ամեն ձևով անարգում էին «երեք կայսրերի դաշինքը»՝ տալով նրան «Հյուսիսային դավադրություն» անվանումը:

Բիսմարկը համոզված էր, որ Ռուսաստանն իր հիմնական ուշադրությունը սևեռելով Միջին Ասիան նվաճելու հիմնախնդրին, ի վիճակի չի լինի խոչընդոտելու Արևմտյան Եվրոպայում Գերմանիայի գերիշխանության հաստատման ձգտումներին և հատկապես Ֆրանսիային ջախջախելու ծրագրերին: Բիսմարկը շտապում էր նոր հարված հասցնել ֆրանսիային, քանի դեռ վերջինս չէր ապաքինվել ֆրանս-պրուսական պարտված պատերազմից, կանցլերը ձգտում էր նախազգուշական պատերազմի, որպեսզի անխուսափելի դարձնի նոր, ավելի վճռորոշ հաղթանակը: Բայց նրա ճանապարհին կանգնած էր մի անհաղթահարելի արգելք՝ Ռուսաստանը: Բիսմարկին անհանգստացնում էր ոչ միայն ֆրանսիական բանակի արագ վերականգնման փաստը, այլև ավելի շատ Ռուսաստանի հետ Ֆրանսիայի աստիճանաբար, բայց հետևողական մերձեցման ակնհայտ միտումը: Արդեն 1872թ. Ֆրանսիայի պետական համակարգում մտցվեց ընդհանուր զինվորական ծառայությունը: Իսկ 1873թ. սեպտեմբերին Գերմանիայի զորքերը պարտավոր էին թողնել ֆրանսիական տարածքը՝ Ֆրանսիայի լիակատար անպաշտպանվածության ժամանակն անցավ պատմության գիրկը: Ֆրանսիան իր արտաքին քաղաքականության մեջ ձեռք բերեց ավելի մեծ անկախություն ու ինքնուրույնություն դրսևորելու հնարավորություն, որն էլ նկատելիորեն անհանգստացնում էր Գերմանիային: Երբ 1872թ. Բիսմարկը պատրվակ դարձնելով Ֆրանսիայում պարտադիր զինվորական ծառայության անցնելու փաստը, փորձեց հրահրել նոր պատերազմ, ռուսաց դիվանագիտությունն ուղղակի հասկացրեց, թե չի աջակցի Գերմանիային: Բիսմարկը նահանջեց, իսկ Ֆրանսիան Ռուսաստանի դիրքորոշման շնորհիվ խուսափեց ահեղ հարվածից: Սակայն մութ ամպերը չվերացան Ֆրանսիայի քաղաքական երկնակամարից, որովհետև Բիսմարկի մտահղացումը հաստատելու Գերմանիայի գերիշխանությունը Եվրոպայում նրան մղում էր նոր պատերազմի մեկուսացված Ֆրանսիայի դեմ: Միաժամանակ Վիլհելմ I-ը և Բիսմարկը քաջ գիտակցում էին, որ նոր պատերազմը Ֆրանսիայի դեմ այս անգամ չի լինելու ռազմական գործողությունների սոսկ պարզ հանրագումար, այլ դառնալու է ռազմաքաղաքական, միջպետական, դիվանագիտական կարևորագույն մի օղակ համաեվրոպական ընդհանուր շղթայի համակարգում: Գերմանիան լավագույն դեպքում կարող էր հուսալ Ավստրո-Հունգարիայի ոչ թե աջակցությունը, այլ միայն դրական չեզոքությունը: Ռուսաստանի դիրքորոշումը հստակ ֆրանսամետ էր, իսկ Անգլիայի քաղաքական կեցվածքը դժվար էր կռահել նրա կենսագործած դիվանագիտական բարդ և խորամանկ գործողություններից: Անգլիան որպես հզորագույն ծովային տերություն ձգտում էր էլ ավելի ամրապնդել իր քաղաքական գերիշխանությունը մայրցամաքում, ուստի Գերմանիայի հզորացումն անմիջականորեն հակասում էր Անգլիայի շահերին: Ընդ որում, Բիսմարկը չէր բացառում, որ պատերազմը Ֆրանսիայի դեմ կարող էր նպաստել ռուս-անգլիական մերձեցմանը ընդդեմ Գերմանիայի: Հատկանշական է, որ ֆրանսիական դիվանագիտությունը արտգործնախարար Դեկազի գլխավորությամբ հմտորեն օգտագործեց ի շահ Ֆրանսիայի Եվրոպայում ստեղծված քաղաքական իրադրությունը և մեծ տերությունների դիրքորոշումը Գերմանիայի նկատմամբ, որն ակնհայտորեն դրսևորվեց 1874թ., երբ նորից սրվեցին ու ծայրահեղ լարված բնույթ ընդունեցին ֆրանս-գերմանական միջպետական հարաբերությունները: Ֆրանսիայում այդ պահին ստեղծված ներքաղաքական ու արտաքին քաղաքական իրադրությունը հնարավորություն չէր տալիս Գերմանիայի ռազմատենչ ձգտումներին դիմակայել այլ կերպ, քան դիվանագիտական ելույթներով, որը պայքարի միակ լավագույն ձևն էր ու տարբերակը՝ չեզոքացնելու և խափանելու Բիսմարկի անընդմեջ սպառնալիքները:

Քաջատեղյակ լինելով, որ Գերմանիայի հզորացումն անընդունելի է Ռուսաստանին, Անգլիային, Ավստրո-Հունգարիային, Դեկազը պաշտոնապես դիմեց այդ տերությունների ղեկավարներին հայտարարելով, թե Բիսմարկը մտադիր է պատերազմ սկսել Ֆրանսիայի դեմ: Վիեննան և հատկապես Պետերբուրգը Ֆրանսիայի դեսպանների դիմում-զեկույցներն ընդունեցին կարեկցանքով, իսկ դեսպաններին՝ ընդգծված համակրանքով, որը հավասարազոր էր քաղաքական ու դիվանագիտական աջակցության:

Պետերբուրգում ֆրանսիական հանրապետության դեսպան Լեֆլոն Գորչակովի ուշադրությունը հրավիրեց Ֆրանսիային սպառնացող վտանգի վրա: Ռուսաց կանցլերը և առաջին դիվանագետը շտապեց հանգստացնել դեսպանին, հայտարարելով, թե Ֆրանսիայի պաշտպանության համար քայլերն արդեն կատարվել են կամ կկատարվեն: Ռուսաց կայսրը նույնպես հավաստեց դեսպանին, թե Ռուսաստանը չի հանդուրժի և չի թույլատրի ռազմական բախում երկու երկրների միջև:

Կայսրի ու կանցլերի ամենահուսադրող խոստումներից ոգևորված Լեֆլոն տեղեկացնում էր իր կառավարությանը, թե բանակցությունները Պետերբուրգում տվեցին «անսպասելի կարևոր արդյունք», որը Ֆրանսիայի համար «լիակատար անվտանգության վկայություն է, թեև խոսքը չէր գնում պատերազմում համատեղ մասնակցության մասին»:

Ֆրանսիայի արտգործնախարարի ու դեսպանների դիվանագիտական այս մարտավարությունը համընկավ Ֆրանց Իոսիֆի այցին Պետերբուրգ՝ կոմս Դյուլա Անդրաշիի ուղեկցությամբ: Պետերբուրգում Գորչակովը և Անդրաշին՝ երկու տերությունների արտգործնախարարները Ֆրանսիայի օգտին դիմեցին համատեղ ու միացյալ դիվանագիտական ելույթի՝ նրանք միասին այցելեցին այդ երկրի դեսպանին ու հավաստիացրին, որ իրենց կառավարությունները դատապարտում են Բիսմարկի գործողությունները:

Անգլիան նույնպես, թեև որոշ ուշացումով, ասաց իր վճռական խոսքը՝ Վիկտորիա թագուհին անձնական նամակ գրեց Վիլհելմ I-ին՝ նախազգուշացնելով կայսրին, որ եթե Գերմանիան պատերազմ սանձազերծի Ֆրանսիայի դեմ, այն կարող է ունենալ աղետալի հետևանքներ: Ֆրանսիական դիվանագիտության հաշվարկները լիովին արդարացան, իսկ Դեկազի դիվանագիտական ելույթը գործնականում տվեց միանշանակ դրական արդյունք՝ Բիսմարկը հարկադրված էր հերթական անգամ նահանջել, այլ կերպ ասած, բիսմարկյան ռազմաքաղաքական մտահղացումները նորից ձախողվեցին: «Ես կարծում եմ, ասաց Անդրաշին Ֆրանսիայի դեսպանի հետ անձնական զրույցի ժամանակ,- թե հարվածը, որը ցանկանում էին Ձեզ հասցնել, տվյալ պահի համար խափանված է»,- այսպես ամփոփեց արտգործնախարարը ֆրանս-գերմանական հերթական սուր հակամարտությունը և իր մեջ պատերազմի վտանգ պարունակող միջադեպը: Անդրաշին իրավացի էր, որովհետև Ֆրանսիան եվրոպական տերությունների համատեղ դիվանագիտական գործողությունների ջանքերի շնորհիվ խուսափեց մեծ ու իր համար աղետալի հետևանքներով պատերազմից: Հետևաբար Գերմանիայի համար ստեղծված միջազգային քաղաքական անբարենպաստ իրադրությունը հնարավորություն չէր տալիս Բիսմարկին իրագործելու իր մտահղացումները:

Երբ 1875թ. Ֆրանսիայի վրա նորից կախվեց պատերազմ հերթական վտանգը, Բիսմարկն այս անգամ էլ փորձեց ոչ միայն քաղաքականապես մեկուսացնել Ֆրանսիային, այլև ստանալ մեծ տերությունների համաձայնությունը և կանցլերը որոշեց այն սկսել Ֆրանսիայի ամենահետևողական պաշտպանից ու Գերմանիայի վտանգավոր հակառակորդից՝ Ռուսաստանից: Բիսմարկ-դիվանագետին անհրաժեշտ էր շահագրգռել Ալեքսանդր II-ին ու Գորչակովին, նրանց ուշադրությունը սևեռել Ռուսաստանի համար առավել կարևորագույն հիմնախնդիրների լուծման վրա ու դրանով իսկ շեղել վերջիններիս, հեռու պահել եվրոպական գործերից: Այս առումով Բիսմարկի համար ինքնին ուրվանշվում էր Մերձավոր Արևելքը, որտեղ Ռուսաստանն ուներ չափազանց մեծ շահեր, իսկ Գերմանիայի տնտեսական հետաքրքրություններն այնտեղ դեռևս նկատելի չէին. դրանք նոր էին ձևավորվում, ու բնականաբար, գտնվում էին սաղմնային վիճակում: Եվ Բիսմարկն իր սովորության համաձայն պատրաստ էր հաճույքով նվիրել իր բարեկամներին այն, ինչ իրեն չէր պատկանում: Մերձավոր Արևելքում Ռուսաստանի շահերի անմիջական ճանաչման պատրաստակամության բիսմարկյան դիվանագիտական մարտավարությունը նոր չէր, քանի որ արդեն մի քանի անգամ Գերմանիայի կանցլերը փորձել էր միջազգային հարաբերությունների համակարգում այդ առանցքային հիմնախնդիրն օգտագործել Ռուսաստանին Ֆրանսիայից վերջնականապես կտրելու նպատակով: Դեռևս 1873թ. Պետերբուրգ այցելելու ժամանակ Բիսմարկն այդ մասին ակնարկեց Գորչակովին. «Պրուսիայի համար միակ միջոցը դրսևորելու իր շնորհապարտությունը կայսերական կառավարության ցուցաբերած ծառայության դիմաց ֆրանս-պրուսական պատերազմի ժամանակ հանդիսանում է Ռուսաստանի տրամադրության ներքո դնել այն ողջ ազդեցությունը, որին տիրապետում էր Պրուսիան Արևելքում»: Սակայն ոչ միայն Գորչակովը, այլև ռուսաց կայսրը չենթարկվեց այդ գաղթակղությանը, որը ոչ այլ ինչ էր, եթե ոչ բիսմարկյան դիվանագիտական խորամանկության հերթական արտահայտություն: 1875թ. սկզբներին Բիսմարկը հատուկ առաքելությամբ Պետերբուրգ ուղարկեց իր կողմից վստահված դիվանագետներից մեկին՝ Ռադովիցին, որը պետք է իրագործեր կանցլերի մտահղացումները: Բիսմարկը մեծ տեղ հատկացնելով Ռադովիցի դիվանագիտական առաքելությանը, նրան տվեց սպառիչ ու համակողմանի հրահանգներ՝ զգուշորեն, դանդաղ, բայց հետևողականորեն քաղաքական ուղիներ փնտրել ու փոխզիջումներ մշակել, որպեսզի Ռուսաստանը վերջապես հրաժարվի Ֆրանսիային աջակցելու քաղաքական մարտավարությունից: Բիսմարկի հրահանգների համաձայն՝ Ռադովիցը գերմանական կառավարության ու անձամբ կանցլերի անունից Գորչակովին առաջարկում էր ուղղակի հայտարարել Ֆրանսիային, որ նա չի կարող օգնություն ակնկալել Ռուսաստանից: Ռադովիցը նշում էր, որ Ռուսաստանի ֆրանսամետ քաղաքականությունը բացասաբար է անդրադառնում ռուս-գերմանական ավանդական բարեկամության վրա, որովհետև Ֆրանսիայում ռազմատենչ տրամադրություններին ոչինչ այդքան շատ չէր խրախուսում, որքան ռուսների ունեցած համակրանքն ու հավատը Ֆրանսիայի նկատմամբ: Ռադովիցը Բիսմարկի անունից վերստին հայտարարեց, որ Գերմանիան պատրաստ է ոչ միայն ճանաչել, այլև աջակցել Ռուսաստանին Մերձավոր Արևելքում կենսագործվող քաղաքականությանը:

Ռուսաց կայսրը կարևորելով Գերմանիայի հետ միջպետական հարաբերությունները, ընդունեց Ռադովիցին ու գոհունակություն հայտնեց, որ երեք կայսրերի միջև շարունակվում է համաձայնությունը և համագործակցությունը, խոստացավ պաշտպանել ստատուս քվոն Արևելքում: Ալեքսանդր II-ը պարզ ասաց, որ ինքը կգերադասեր Օսմանյան կայսրությունում պահպանել գոյություն ունեցող կարգավիճակը: Կայսրը և կանցլերը կռահելով Բիսմարկի հեռու գնացող մտահղացումները, Ռադովիցի հետ զրույցների ընթացքում ցուցաբերում էին զսպվածություն ու իրենց մերձավորարևելյան քաղաքականության վերաբերյալ բավարարվում էին ընդհանուր ձևակերպումներով  ու հայտարարություններով: Գորչակովը ժխտելով Ֆրանսիայում «Գերմանիայի դեմ հատուկ քարոզչության» առկայությունը, միաժամանակ անկեղծորեն ասեց, թե ինքը «համակրանք է տածում Ֆրանսիայի հանդեպ», թեև այդ համակրանքը չի ազդում նրա քաղաքական գործունեության վրա:

Ռադովիցի դիվանագիտական առաքելությունը, որի հետ մեծ հույսեր էր կապում Բիսմարկը, ձախողվեց, որովհետև նրան չհաջողվեց փոխել ռուսաց քաղաքականությունը ֆրանս-գերմանական հարաբերությունների հիմնախնդրում: Բիսմարկի մենամարտը Գորչակովի հետ ավարտվեց Գերմանիայի կանցլերի պարտությամբ, որովհետև Ռուսաստանի նկատմամբ նրա մոտեցումը ոչ այնքան պատմական էր, որքան տրամաբանական: Հարուստ փորձ ունեցող ռուսաց դիվանագետները իհարկե, չէին կարող որպես մեծ տերության ներկայացուցիչներ կենսագործել բացահայտ միակողմանի քաղաքականություն ու հանուն մերձավորարևելյան հիմնախնդիրների լուծման հաշտվել Գերմանիայի քաղաքական գերիշխանության հետ Եվրոպայում: Գորչակովը քաջ հասկանում էր, որ Մերձավոր Արևելքում Ռուսաստանի հնարավոր հաջողությունները սերտորեն առնչվում են եվրոպական քաղաքականության հետ, քանի որ մեծ տերությունները նույնպես ունեն կենսական շահեր Արևելքում: Եվրոպայում հաստատելով ուժեղ դիրքեր՝ Ռուսաստանը ստանում էր կայուն երաշխիք Մերձավոր Արևելքում նպատակասլաց քաղաքականություն կենսագործելու համար: Ռադովիցի դիվանագիտական հատուկ առաքելության անհաջողությունից հետո էլ Բիսմարկը շարունակեց իր ծրագիրը: Ավելին, որքան ակնհայտ էր Գորչակովի ֆրանսամետ քաղաքականությունը, այնքան ավելի համառ ու հետևողական էին դառնում Ֆրանսիայի դեմ կանցլերի ռազմատենչ սպառնալից գործողությունները: Բիսմարկը օգտվելով ֆրանսիական բանակի անձնակազմն ավելացնելու մասին կառավարության որոշումից, սկսեց լայնածավալ հակաֆրանսիական քարոզչություն՝ մեղադրելով նրան Գերմանիայի դեմ նախազգուշական պատերազմի, ռազմատենչ ռևանշիստական ձգտումների մեջ:

Կանցլերին մոտ կանգնած կառավարամետ մամուլը հեղեղված էր Ֆրանսիայի դեմ տարբեր բնույթի մեղադրական հոդվածներով, հրապարակավ կոչեր էին հնչում հակահարված հասցնել այդ ռազմատենչ ուժերին, սկսել նախազգուշական պատերազմ: Ֆրանսիական ու գերմանական մամուլում տպագրված հոդվածներն իրենց կառավարությունների ռազմատենչ գործողություններն արդարացնելու վերաբերյալ ու փոխադարձ մեղադրանքները պատերազմի հրահրման մեջ լավագույնս վկայեցին, թե որքան հզոր զենք է մամուլը քաղաքական ու դիվանագիտական պայքարում: Գերմանական զանգվածային լրատվամիջոցներով ստեղծելով հակաֆրանսիական հասարակական կարծիք ու վախեցնելով շատերին մոտալուտ հասունացող պատերազմով, Բիսմարկը միաժամանակ տեղեկացրեց Բեռլինում հավատարմագրված դիվանագետներին, որ Ֆրանսիան նախապատրաստվում է հարձակվել Գերմանիայի վրա: Գլխավոր շտաբի պետ ֆելդմարշալ Ֆոն Մոլտկեն նշեց, որ Գերմանիան պետք է կանխի «ագրեսիան» և «այդպիսով պատերազմը կդառնա անխուսափելի, եթե Ֆրանսիան չսահմանափակի իր սպառազինությունը»: Իսկ Բելգիայի դեսպանորդին այդ օրերին Մոլտկեն ուղղակի հայտարարեց, թե «Գերմանիան ստիպված կլինի խոչընդոտել ֆրանսիական զինված օրենքի (Մոլտկեն հավանաբար նկատի ուներ պարտադիր զինծառայության օրենքը) իրագործմանը: Եթե Ֆրանսիան չսահմանափակի իր սպառազինությունները, պատերազմը կդառնա անխուսափելի»,- սպառնում էր գերմանացի ֆելդմարշալը: Մոլտկեն Անգլիայի դեսպանորդի հետ զրույցի ժամանակ նրա ուշադրությունը սևեռելով ֆրանսիական սպառազինությունների արագ աճի վրա, հիմնավորում էր պատասխան համարժեք գործողությունների անհրաժեշտությունը: «Պատերազմ է ցանկանում ոչ թե այն տերությունը, որը սկսում է, այլ այն, որը ձեռնարկում է միջոցառումներ, ստիպելով մյուս տերությանը ելույթ ունենալ: Գերմանիան,- շարունակում էր գլխավոր շտաբի պետը,- հարկադրված է հաշվի նստել իրադրության հետ: Ժամանակին հանդես եկող տերությունը փրկում է շատ բան… Եթե 1871թ. Գերմանիան սպասելու փոխարեն մինչև որ Ֆրանսիան իրեն կհայտարարեր պատերազմ, դրսևորեր նախաձեռնություն, գերմանացիները կործանումից կփրկեին հարյուր հազար կյանք»: Մոլտկեն այդպես անկեղծորեն զարգացնում էր ու հիմնավորում Ֆրանսիայի վրա հնարավոր «նախազգուշական» հարձակման գաղափարը: Մայրցամաքում քաղաքական լարվածությունը սաստկացնելու և Ֆրանսիայի դեմ պատերազմ սանձազերծելու ուղղությամբ բիսմարկյան Գերմանիայի սադրիչ դիվանագիտական գործողությունները միջազգային հարաբերությունների պատմության մեջ հայտնի են «ռազմական ահազանգ» անունով, որովհետև ֆրանս-պրուսական հնարավոր նոր պատերազմն անպայման կդառնար համաեվրոպական՝ իր բոլոր մարդկային ծանրագույն ողբերգություններով և հսկայական նյութական արհավիրքներով ու կորուստներով:

Եվրոպական դիվանագիտությունը քաջ գիտակցում էր այդ վտանգը և պատասխան քայլերով փորձում կանխել ռազմատենչ կանցլերի նկրտումները: Եվրոպան անհամբեր սպասում էր Ռուսաստանի քաղաքական դիրքորոշմանը՝ նրան հատկացնելով վճռորոշ դերակատարում համաեվրոպական պատերազմը սանձահարելու գործում: Հատկապես բացահայտ մտավախության մեջ էր և, ոչ առանց հիմքի, Ֆրանսիան: Նրա կառավարող շրջանները, ցուցաբերելով իրատեսություն, շարունակում էին հայացքը սևեռել Ռուսաստանին: 1875թ. մայիսի 5-ին Փարիզում Գերմանիայի դեսպանը կանցլերի հանձնարարությամբ հայտնեց Ֆրանսիայի արտգործնախարարին,թե ֆրանսիական կառավարության հավաստիացումները չեն բավարարում իր կառավարությանը և Ֆրանսիայի ռազմական միջոցառումների մեջ նա Գերմանիայի համար տեսնում է լուրջ սպառնալիք: Այդ օրերին նախատեսվում էր Ալեքսանդր II-ի այցը Բեռլին և ռուսաց դեսպանը տեղեկացնում էր Գորչակովին, թե Ֆրանսիայում մյուս բոլոր մտահոգությունների մեջ գերակշռում է ներխուժման ահը: Նա միաժամանակ տեղեկացնում էր, որ Բրյուսելից ստացված տագնապալի լրատվության համաձայն՝ Բելգիայի «թագավոր Լեոպոլդը խնդրում է Ձեր (Ալեքսանդր II-ի և Գորչակովի) պաշտպանությունը և թախանձագին խնդրում Ձեզ (Գորչակովին) մեր կայսրից ստանալ հօգուտ Բելգիայի այնպիսի խոսքեր, որոնք կկանգնեցնեին Գերմանիային»:

Ֆրանսիական դիվանագիտությունը Դեկազի գլխավորությամբ փորձում էր համաշխարհային հանրության առջև բացահայտել Ֆրանսիայի նկատմամբ Գերմանիայի իսկական մտահղացումները ու դրանով իսկ շահել Անգլիայի համակրանքը և հատկապես ստանալ Ռուսաստանի աջակցությունը: Այդ կապակցությամբ Դեկազը հմտորեն օգտագործեց Ռադովիցի զրույցը Բեռլինում Ֆրանսիայի դեսպանի հետ, որի ընթացքում գերմանացի դիվանագետը հայտարարեց, թե իր երկրի շատ ազդեցիկ քաղաքական գործիչներ նախազգուշական պատերազմը համարում են անխուսափելի անհրաժեշտություն: Դեկազն այս զրույցի պատճեն ուղարկեց արտասահմանում գտնվող Ֆրանսիայի ներկայացուցիչներին: Նախարարն առաջարկում էր իր դեսպաններին ու դեսպանորդներին եվրոպական երկրների կառավարություններին տեղեկացնել գերմանական սպառնալիքների մասին: Դեկազի դիվանագիտական այս ելույթը տվեց ինչպես 1874թ., դրական արդյունք այն առումով, որ չմնաց անպատասխան: Փարիզում այս անգամ էլ հատկապես կարևորեցին Ռուսաստանի դիրքորոշումը և կայսրի խոստումը: Ֆրանսիայի դեսպանը Պետերբուրգում Գորչակովի ու Ալեքսանդր II-ի կողմից վերստին հավաստիացվեց դիվանագիտական ակտիվ օգնության մասին: Կայսրն առանց այլևայլության հայտարարեց Ֆրանսիայի դեսպանին, որ եթե Գերմանիան հանկարծ որոշի առանց պատճառի կամ շինծու պատրվակով ելույթ ունենալ, ապա նա կկատարի «իր ռիսկով և պատասխանատվությամբ»: Գերմանիայի սպառնալիքները Ֆրանսիային ու Բելգիային շարունակում էին անհանգստացնել Լոնդոնին, որտեղ Դիզրայելին 1874թ. վարչապետի պաշտոնում փոխարինեց Գլադստոնին: Ֆրանսիայի ջախջախման տագնապալի հեռանկարը, Բելգիայի հավանական զավթումը և դրանով իսկ Գերմանիայի հնարավոր բացարձակ գերիշխանությունը Եվրոպայում ոչ պակաս չափով մտահոգում էին Անգլիայի նոր վարչապետին, որը հավատարիմ մնալով իր նախորդների ավանդական քաղաքականությանը, ձգտում էր պահպանել «եվրոպական հավասարակշռությունը», այսինքն՝ բացառել որևէ մի տերության քաղաքական տիրապետությունը Եվրոպայում: Անգլիան ցանկանում էր մայրցամաքում մրցակցող մոտավորապես հավասարազոր տերությունների միջև հաստատել մոտավոր հավասարակշռություն, որը կազմում էր բրիտանական արտաքին քաղաքականության հիմնական դիվանագիտական խաղաքարտը միջազգային հարաբերությունների համակարգում: Անգլիան դարերի խորքից որդեգրելով նման մարտավարություն, բնականաբար, իր ահեղ լծակներով կարող էր խոչընդոտել բիսմարկյան Գերմանիայի մտահղացումները: Դիզրայելին համոզված էր, որ այս հիմնախնդրում ոչ միայն հնարավոր է, այլև հույժ անհրաժեշտ է քաղաքական ու դիվանագիտական համագործակցությունը Ռուսաստանի հետ, ինչպես դարասկզբին երկու կայսրությունները համատեղ ուժերով, համառ և հետևողական պայքարով հաղթեցին նապոլեոնյան Ֆրանսիային: Անգլիայի վարչապետը Բիսմարկին արդարև համարում էր նոր Նապոլեոն, որի մտահղացումները նույնպես անհրաժեշտ էր անհապաղ սանձել: «Մեր և Ռուսաստանի միջև դաշինքը,-ասում էր Դիզրայելին,- հնարավոր է տվյալ կոնկրետ նպատակի համար»: Ինչպես իսկական Բոնապարտի, այնպես էլ նոր Բոնապարտի դեմ պայքարում անգլիական դիվանագիտության ավանդույթները շարունակող ու նրա իսկական զավակ Դիզրայելին ցանկացավ կրակից շագանակներ հանել Ռուսաստանի այրվող ձեռքերով: Սակայն եթե Նապոլեոն Բոնապարտի հետ դիվանագիտական մենամարտում Ալեքսանդր I-ը մեծ դժվարությամբ կարողացավ փրկել Պրուսիան Ֆրանսիայի կայսրի հոշոտումից, ապա Ալեքսանդր II-ի քաղաքական առաքելության մեջ մտավ փրկել Ֆրանսիան Գերմանիայի ոտնձգությունից: Անգլիայի արտգործնախարար լորդ Դերբին գրում էր, թե «ենթադրում են, որ ռուսաց կայսրը այդ նույն իմաստով կխոսի Բեռլին կատարվելիք իր այցի ժամանակ: Երբ նա դա կատարի,- հրահանգում էր նախարարը իր դեսպանին, դուք պետք է ամեն կերպ աջակցեք նրան ի շահ խաղաղության պահպանման»: Անգլիան Ռուսաստանի հետ միասին պայքարելով Գերմանիայի դեմ խնդիր ուներ նաև, եթե ոչ լիովին կազմալուծել, ապա գոնե խարխլել երեք կայսրերի դաշինքը, որն անհնագստացնում էր Անգլիայի քաղաքական գործիչներին:

1875թ. մայիսի 10-ին Ալեքսանդր II-ը Գորչակովի ուղեկցությամբ ժամանեց Բեռլին, որտեղ երկու կանցլերների հանդիպման ժամանակ ծավալվեց դիվանագիտական մենամարտի եզրափակիչ փուլը: Բիսմարկը հավաստիացնում էր Գորչակովին, որ ինքը տակավին մտադրություն չունի հարձակվել Ֆրանսիայի վրա, թե նման լուրերը տարածում է կոմս Դեկազը: Բիսմարկը նշեց, որ ֆելդմարշալ Մոլտկեն քաղաքականության մեջ «ծծկեր երեխա է», «համբակ» և չարժե լսել անգամ նրա հայտարարությունները նախազգուշական պատերազմի մասին, քանի որ դրանք ոչ այլ ինչ են, եթե ոչ անհեթեթություններ: Իսկ մեղադրել իրեն՝ Բիսմարկին պատերազմի սանձազերծման մեջ կնշանակի նրան համարել «հիմար», հավասարազոր է մեղադրել իրեն ապուշության մեջ: Այս ամենը Բիսմարկը կրկնեց Անգլիայի դեսպան Օդո Ռասսելի հետ ունեցած զրույցի ընթացքում: Իր հերթին ռուսաց կայսրը Վիլհելմ I-ի և Բիսմարկի հետ զրույցներում աներկմիտ արտահայտվեց Ֆրանսիայի հետ նոր պատերազմի դեմ՝ հասկացնելով, որ այն արկածախնդրություն է Ֆրանսիայի նկատմամբ: Ալեքսանդր II-ին նույնպես պատասխանեցին, որ «որևէ զավթողական գործողություններ Ֆրանսիայի դեմ չեն մտահղացվում»: Նրանք մեկ անգամ ևս ողջ պատասխանատվությունը բարդեցին ռազմատենչորեն տրամադրված գեներալների վրա, որոնք հասու չեն քաղաքականության մեջ: Բիսմարկը կռահեց, որ Ֆրանսիայի վրա հարձակվելու դեպքում անխուսափելի կդառնա բախումը Ռուսաստանի հետ՝ Գերմանիայի համար կործանարար պատերազմ երկու ճակատով: «Երկաթե կանցլերը» համոզվեց, որ անհրաժեշտ է ոչ միայն նահանջել, այլև անմեղ գառ ձևանալ: Բեռլինից մեկնելուց առաջ Գորչակովը ռուսաց դեսպանատներին ու ներկայացուցչություններին հղած հեռագրում հիշեցնում էր. «Կայսրը թողնում է Բեռլինը լիովին համոզված, որ այստեղ գերիշխում են խաղաղության պահպանումն ապահովող խաղաղասիրական մտադրությունները»: Թեև Գորչակովի հեռագիրը ծածկագրված էր, այնուամենայնիվ, նրա բովանդակությունը շուտով հրապարակվեց և դարձավ ի լուր աշխարհի սեփականությունը: Գորչակովի հեռագիրը ստեղծում էր այնպիսի տպավորություն, թե միայն Ռուսաստանի ներգործության շնորհիվ կանխվեց Ֆրանսիայի հնարավոր նոր ջախջախումը: Այս տպավորությունն էլ ավելի ամրապնդվեց այն պատճառով, որ մամուլում հեռագիրը տպագրվեց խեղաթյուրված ձևով, որտեղ «խաղաղության պահպանումն ապահովող» բառերի փոխարեն տպագրվել էր «այժմ խաղաղությունն ապահովված է», այսինքն՝ միայն ռուսաց կայսրի ներգործության շնորհիվ մի կողմից՝ Եվրոպան խուսափեց մեծ պատերազմից, իսկ մյուս կողմից՝ փրկվեց Ֆրանսիան: Այդ հեռագիրը խիստ զայրացրեց Բիսմարկին, նա խոցող հեգնանքով ու կծու ծաղրանքով Գորչակովին ասաց, թե ռուսաց կանցլերը հավանաբար ցանկանում է հռչակվել «Ֆրանսիայի փրկիչ»: Նա ասում էր, որ կանցլեր-խաղաղարարի փառաբանման համար կարելի է Փարիզի գերմանական դեսպանատանը կազմակերպել թատրոն և այնտեղ ցույց տալ ռուսաց դիվանագետին պահապան հրեշտակի տեսքով, սպիտակ զգեստով՝ թևերով և գրությամբ. «Գորչակովը հովանավորում է Ֆրանսիային»: Բիսմարկի վկայությամբ ինքը Գորչակովի «անազնիվ» վարմունքի համար դժգոհել էր ռուսաց կայսրին: Ալեքսանդր II-ը կանցլերին լսում էր լռելյայն հեզությամբ մեկ-մեկ ծխելով ու թեթևակի ժպիտով: Կայսրը նկատեց, որ չարժե լրջորեն ընդունել «ծերունական սնափառության» ամեն տեսակի դրսևորում: «Ռազմական ահազանգի» հաղթահարումից հետո Ֆրանսիայի նախագահ մարշալ Մակ-Մահոնը ռուսաց կայսրին հղած նամակում արտահայտում էր իր շնորհապարտությունը «այն վեհանձն ու բարձր ազդեցության համար»,որը ցույց տվեց կայսրը եվրոպական գործերի ընթացքի վրա: Հետագայում Գորչակովն իր գլխավորած գերատեսչության գործունեության հաշվետվության մեջ անդրադառնալով «ռազմական ահազանգին», գրում էր, որ Բիսմարկին անհանգստացնում էր Ֆրանսիայի արագ վերականգնման փաստը: Նա շտապում էր ջախջախել Ֆրանսիային, քանի դեռ վերջինս պատրաստ չէր հասունացող նոր և մեծ պատերազմին: Ֆրանսիական կառավարությունը անհանգստացած Գերմանիայի ռազմատենչ ծրագրերից, դիմեց Ռուսաստանին բարոյական աջակցություն ստանալու խնդրանքով: Կայսերական կառավարությունը չէր կարող այդ ամենի նկատմամբ մնալ անտարբեր: «Մենք միշտ,- նշված է արտգործնախարարի հաշվետվության մեջ,- բարձրաձայն ու անկեղծ հայտարարում էինք, որ մենք երբեք չենք խրախուսի Ֆրանսիային ռևանշ-պատերազմի, եթե նա ձեռնարկեր այն, ապա կկատարեր դա իր սեփական ռիսկով և պատասխանատվությամբ, որով նա վտանգի կենթարկվեր՝ իր դեմ ունենալով բոլոր տերություններին, որոնք ցանկանում են պահպանել խաղաղությունը: Բայց մենք չէին կարող սառնասրտորեն դիտել, որպեսզի խաղաղության պայմաններում, առանց որևէ հիմնավոր պատճառի բացառապես ապագա հնարավորությունների կանխատեսության հիման վրա Գերմանիան նետվեր անպաշտպան Ֆրանսիայի վրա և ավարտին հասցներ նրա ջախջախումը: Այդպիսի էական քաղաքական գործոնի վերացումը անհամատեղելի կլիներ մեր շահերին»: Ռուսաց դիվանագիտությունը հմտորեն օգտագործելով ֆրանս-գերմանական հակամարտությունը, կարողացավ էլ ավելի ամրապնդել Ռուսաստանի դիրքերը և ազդեցությունը Եվրոպայում: «Ռուսաստանը վաղուց չէր եղել այսպիսի շահավետ դերում»,- գրառեց իր օրագրում ռազմական նախարար Միլյուտինը: Սակայն 1875թ. մայիսյան քաղաքական ու դիվանագիտական գործընթացները լուրջ հարված հասցրին երեք կայսրերի դաշինքին, որը, իհարկե, շահեկան էր Անգլիային ու հատկապես օգտավետ Ֆրանսիային: Երեք կայսրերի դաշինքը այնուամենայնիվ, անմիջապես չկազմալուծվեց և միառժամանակ պահպանեց իր գոյությունը, քանի որ կողմերը դեռևս շահագրգռված էին դաշինքի պահպանման մեջ: Շուտով արևելյան նոր ճգնաժամի պայմաններում վերստին դրսևորվեցին երեք կայսրերի դաշինքի խոր ու անհաղթահարելի հակասությունները, որոնք անխուսափելի դարձրին նրա կազմալուծումը և նպաստեցին ռազմաքաղաքական հակամարտ նոր խմբավորումների ձևավորմանը:

Նյութի աղբյուրը՝ Էդիկ Մինասյան- «Ռուսաց դիվանագիտությունը միջազգային հարաբերությունների համակարգում»

Comments

Popular posts from this blog

Պետության և իրավունքի տեսություն

  Պետության և իրավունքի տեսության հասկացությունը, առարկան և մեթոդաբանությունը Պետության և իրավունքի տեսությունը հանդիսանում է առաջնային, կարևորագույն իրավաբանական գիտություն: Գիտությունը հանդիսանում է ինտելեկտուալ գործունեություն: Պետության և իրավունքի տեսությունը ուսումնասիրում է հասրակական կյանքի պետաիրավական ոլորտը: 1.Պետության և իրավունքի տեսությունը հանդիսանում է համատեսական գիտություն, որովհետև ունի ուսումնասիրության լայն ընդարձակ ոլորտ՝ հասարակական կյանքի պետաիրավական ոլորտն ամբողջությամբ: 2.Պետության և իրավունքի տեսությունը հանդիսանում է փիլիսոփայական գիտություն, որովհետև ուսումնասիրում է պետության և իրավունքի, պետաիրավակաբ այլ երևույթների խորքային բնույթը: Պետության և իրավունքի տեսությունը հանդիսանում է նաև փիլիսոփայական գիտություն, որովհետև ուսումնասիրում է պետությունը և իրավունքը որպես համընդհանուր ունիվերսալ երևույթներ: 3.Պետության և իրավունքի տեսությունը հանդիսանում է ֆունդամենտալ գիտություն, որովհետև մշակում է պետաիրավական ոլորտի առաջնային ընդհանուր և կարևորագ...

Բազմակողմ դիվանագիտություն

  Բազմակողմ «դիվանագիտություն» հասկացությունը: Պատմական ակնարկ և կայացման հիմնական փուլերը: Բազմակողմ դիվանագիտության դերակատարության բարձրացումը 20-րդ դարի երկրորդ կեսին Բազմակողմ դիվանագիտությունը երկուսից ավել կողմերի միջև վարվող բանակցություններն են, մի քանի դերակատարների մասնակցությամբ միջազգային համաժողովները, միջազգային կազմակերպությունների շրջանակներում իրականացվող դիվանագիտական աշխատանքը: Դասական բազմակողմ դիվանագիտության առաջին օրինակ է համարվում 1814-1815թթ. Վիեննայի կոնգրեսը, սակայն բազմակողմ դիվանագիտության սաղմեր կարելի է հանդիպել նաև Հին Հունաստանի քաղաք-պետությունների կողմից վարվող դիվանագիտության մեջ, ինչու չէ, նաև միջին դարերում կնքվող դաշինքներն ու պայմանագրերը նույնպես կարելի է դասել բազմակողմ դիվանագիտության նախատիպերի շարքին, օրինակ՝ 1648թ. Վեստֆալյան պայմանագիրը: Առաջին դասական միջազգային կազմակերպություններն են՝ Հռենոսով նավարկության կենտրոնական հանձնաժողովը՝ մշտական քարտուղարությամբ, որը ստեղծվել էր Վիեննայի կոնգրեսի որոշմամբ և առաջին հանդիպումն անցկա...

Միջազգային գործընթացների վերլուծությունը ազգային անվտանգության համատեքստում

ՀՀ արտաքին քաղաքականության սկզբունքներն ու գերակայությունները https://www.mfa.am/hy/speeches/2019/08/27/fm_opening_remarks/9782 ՀՀ ազգային անվտանգության ռազմավարություն https://www.gov.am/am/National-Security-Strategy/ https://www.un.org/disarmament/wmd/nuclear/npt/text/ https://www.un.org/ru/documents/decl_conv/conventions/npt.shtml https://www.undocs.org/S/RES/2231(2015) https://undocs.org/ru/S/RES/2231(2015) https://www.worldbank.org/en/news/press-release/2019/11/06/world-bank-lebanon-is-in-the-midst-of-economic-financial-and-social-hardship-situation-could-get-worse https://www.transparency.org/en/countries/lebanon https://www.forbes.com/profile/saad-hariri/?sh=45cebbdb65b5 Դասախոսություն 1. Միջազգային գործընթացների հասկացությունը և սուբյեկտները Միջազգային գործընթացները հավաքական հասկացություն է: Այն իրենից ներկայացնում է միջազգային հարաբերությունների հիմնական դերակատարների՝ պետությունների, միջպետական և ոչ պետական տարբեր կազմակերպությունների, տարատեսակ կառույցների, միավորումների, հ...