Skip to main content

Վիեննայի կոնգրեսը

 

Խաղաղ կարգեր մշակելու նպատակով Վիեննայում հավաքված պետական գործիչներից յուրաքանչյուրը վերապրել էր այն ցնցումների շրջանը, որոնք առնչվել էին իշխանության ավանդական գրեթե բոլոր կառույցներին: 25 տարվա ընթացքում նրանք տեսել էին, թե ինչպես էր լուսավորականության ռացիոնալությունն իր տեղը զիջել տեռորի կրքերին, ինչպես էր ֆրանսիական հեղափոխության միսիոներական ոգին բոնապարտիստական էքսպանսիոնիստական կայսրության ազդեցության տակ վերափոխվել: Ֆրանսիայի հզորությունը ծաղկել էր ու մարել: Այն անցել էր Ֆրանսիայի սահմաններն ու տարածվել Եվրոպա աշխարհամասով մեկ և մարել Ռուսաստանի անծայրածիր տարածքում:

Կոնգրեսում Ֆրանսիայի պատվիրակն իր անձով կարծես անվերջ թվացող ցնցումների դարաշրջանն էր մարմնավորում: Շառլ Մորիս դե Թալեյրան-Պերիգորը ամենուր էր: Իր կարիերան նա սկսել էր որպես Օտենի եպիսկոպոս, այնուհետև հանուն հեղափոխության լքել էր եկեղեցին, իսկ հետո՝ արտգործնախարարի պաշտոնում Նապոլեոնին ծառայելու համար հրաժարվեց հեղափոխությունից, հետո ֆրանսիական միապետությունը վերականգնելու նպատակով բանակցություններ վարելու համար դավաճանեց Նապելոնին ու արդյունքում Լյուդովիկոս 18-րդի արտգործնախարարի կարգավիճակով ժամանեց Վիեննա: Շատերը Թալեյրանին օպորտունիստ էին համարում: Ինքը՝ Թալեյրանը, հավանաբար կպնդեր, որ իր նպատակը Ֆրանսիայում իրավիճակը կայունացնելն ու Եվրոպայում խաղաղություն հաստատելն էր, ուստի և ինքը բոլոր հնարավոր ջանքերն է դրել այդ նպատակներին հասնելու համար: Բնականաբար, նա առանց ինքն իրեն դույզն-ինչ սահմանափակելու ձգտում էր դիրքի, որը կհեշտացներ իշխանության ու լեգիտիմության անմիջական ուսումնասիրությունը: Պետք է խոստովանել, որ միայն ուժեղ անհատականությունը կարող էր տեղավորվել այդքան խոշոր ու հակասական իրադարձությունների էպիկենտրոնում:

Վիեննայում Թալեյրանը ջանքեր էր գործադրում, որպեսզի Ֆրանսիան խաղաղություն ստանա՝ մինչև օտարերկրյա արկածախնդրություններն ունեցած իր հին սահմանները պահպանելով: Այդուհանդերձ, երեք տարում՝ 1818թ., նրան հաջողվեց ապահովել Ֆրանսիայի անդամությունը «Քառյակ դաշինքին»: Պարտված թշնամին եվրոպական կարգերի պահպանման գործում դարձավ դաշնակից ու մտավ մի դաշինքի մեջ, որն ի սկզբանե ձևավորվել էր իր դեմ: Այս նախադեպը կրկնվեց երկրորդ աշխարհամարտից հետո, երբ Գերմանիան անդամակցեց ՆԱՏՕ-ին:

Վիեննայի կոնգրեսի կողմից առաջարկված կարգերն ամենաշատը, թերևս, նման էին նրան, ինչ Եվրոպայում Կառլոս Մեծի կայսրության անկումից հետո էր հաստատվել: Կոնգրեսը հռչակեց, որ գործող կարգերի շրջանակներում խաղաղ էվոլյուցիան նախընտրելի է ռազմական այլընտրանքից, որ համաարգի պաշտպանությունն ավելի կարևոր է, քան հնարավոր տարաձայնությունները, որ այդ տարաձայնություններն անհրաժեշտ է հաղթահարել խորհրդակցությունների ու բանակցությունների, այլ ոչ թե պատերազմների միջոցով:

Երբ առաջին աշխարհամարտից հետո այդ տեսլականը ոչնչացվեց, Վիեննայի կոնգրեսը մեղադրվեց այն բանի մեջ, որ չափից շատ էր գայթակղվել ուժերի հավասարակշռությամբ, քանի որ դրան բնորոշ ցինիկ մանևրների արդյունքում համաշխարհային պատերազմի պատճառ էր դարձել (վերսալյան բանակցությունների ժամանակ բրիտանական պատվիրակությունը դիմել էր դիվանագիտության պատմության մասնագետ, Վիեննայի կոնգրեսի թեմայով հետազոտությունների հեղինակ Ուեբստերին, որպեսզի նա տեղեկանք պատրաստի այն մասին, թե ինչպես խուսափեն Վիեննայի սխալներից): Բայց եթե նույնիսկ այդ մեղադրանքներն արդարացված էին, ապա միայն առաջին աշխարհամարտին նախորդած տասնամյակի մասով: Իսկ ընդհանուր առմամբ 1815թ. մինչև դարի վերջ ընկած ժամանակահատվածն ամենախաղաղն էր ժամանակակից Եվրոպայի պատմության մեջ, իսկ Վիեննայի կոնգրեսին հաջորդած տասնամյակները բնութագրվում էին լեգիտիմության ու ուժի միջև արտասովոր հավասարակշռությամբ:

1814թ. Վիեննայում հավաքված քաղաքական ու պետական գործիչներն արմատապես այլ իրավիճակում էին, քան վեստֆալյան խաղաղությունը քննարկող իրենց նախնիները: 1.5 դար առաջ երեսնամյա պատերազմի մեջ տարրալուծված առանձին պատերազմների արդյունքներով ընդունված խաղաղության պայմանագրերով ամրագրվեցին արտաքին քաղաքականության սկզբունքներ նախատեսող կանոններ: Այդ կանոններից ծնված եվրոպական կարգերի համար ելակետ էին առկա քաղաքական ինստիտուտները՝ առանց կրոնական բաղադրիչի: Ակնկալվում էր, որ վեստֆալյան սկզբունքների իրացումը թույլ կտար ուժերի այնպիսի հավասարակշռություն ստեղծել, որը կկանխեր հնարավոր հակամարտությունները կամ ծայրահեղ դեպքում կմեղմեր դրանց հետևանքները: Այդ համակարգը հաջորդ 1.5 դարերի ընթացքում փոքրիշատե հակակշռող կոալիցիաների միջոցով զսպում էր եվրոպական տերությունների մրցակցությունը:

Վիեննայի կոնգրեսի մասնակիցների առջև այդ կարգերի փլատակներն էին: Ուժերի հավասարակշռման հայեցակարգը հեղափոխության, նաև Նապոլեոնի ռազմատենչ մղումները զսպելու ներուժ չունեցավ: Հեղափոխական պոռթկումն ու կորսիկացու զորավարական հանճարը կործանեցին իշխանության դինաստիական լեգիտիմությունը:

Ուժերի նոր հավասարակշռությունը պետք էր կառուցել պետական համակարգի ու Սրբազան Հռոմեական կայսրության փլատակների վրա (Նապոլեոնը 1806թ. պաշտոնապես գահընկեց արեց վերջին կայսրին՝ դրանով իսկ ընդհատելով ժառանգականության հազարամյա ինստիտուտը), նաև ֆրանսիական զորքերի կողմից աշխարհամասի մեծ մասի օկուպացման պատճառով ազգայնականության հերթական բռնկման ֆոնին: Ուժերի այդ հավասարակշռությունը պետք է խափաներ ֆրանսիական էքսպանսիոնիզմի վերածնունդը, որի պատճառով Ֆրանսիան դարձել էր Եվրոպայի գրեթե հեգեմոն (թեև նույնպիսի վտանգ էր ներկայացնում Ռուսաստանի ուժեղացումն արևելքում):

Հետևաբար Կենտրոնական Եվրոպայում ուժերի հավասարակշռությունը ևս պետք է վերականգնվեր: Աշխարհամասի երբեմնի գերիշխող Հաբսբուրգների դինաստիան Վիեննայից այժմ միայն իրենց նախնյաց հողերն էին կառավարում: Դրանք խոշոր ու բազմալեզու տարածքներ էին (մոտավորապես համընկնում էին ներկայիս Ավստրիայի, Հունգարիայի, Խորվաթիայի, Սլովենիայի ու Հարավային Լեհաստանի տարածքների հետ), բայց նրանք զրկվել էին երբեմնի քաղաքական համախմբվածությունից: Վեստֆալյան համակարգին բնորոշ դիվանագիտական ճկունության շնորհիվ 18-րդ դարի գերմանական մի շարք օպորտունիստ իշխանապետություններ կործանվեցին նապոլեոնյան նվաճումների արդյունքում:Նրանց տարածքները պետք է վերաբաշխվեին այնպես, որ ուժերի հավասարակշռությունը վերականգնվեր:

Վիեննայի կոնգրեսում դիվանագիտությունն արմատապես տարբերվում էր 21-րդ դարի պրակտիկայից: Ժամանակակից դիվանագետները իրական ժամանակում ուղիղ կապի մեջ են իրենց մայրաքաղաքների հետ: Նրանք րոպեների ընթացքում մանրամասն հրահանգներ ու տեքստերի համար մեկնաբանություններ են ստանում, տեղում իրավիճակի մասին նրանց խորհուրդներն, իհարկե, մեծ արժեք ունեն, բայց խոշոր ռազմավարության տեսանկյունից այդ մարդկանց կարծիքի արժեքը գնալով նվազում է: Վիեննայում դիվանագետներն իրենց մայրաքաղաքներից շաբաթների հեռավորության վրա էին: Չորս օր էր պետք, որ հեռագիրը Վիեննայից Բեռլին հասներ (այդպիսով 8 օր էր պետք, որ որևէ հարցման պատասխան ստացվեր), երեք շաբաթ՝ Փարիզի համար և ավելի շատ՝ Լոնդոնի: Ուստի դիվանագետների համար հրահանգները բավականին ընդհանրական ձևակերպումներ ունեին, որպեսզի կոնկրետ իրավիճակում հնարավոր փոփոխությունների ենթարկվեին, այլ խոսքով՝ դիվանագետներին տրված հրահանգները վերաբերում էին ընդհանուր հայեցակարգերին ու երկարաժամկետ շահերին, իսկ ամենօրյա մարտավարությունը նրանք մշակում էին ինքնուրույն: Ալեքսանդր I ցարը Ռուսաստանի  մայրաքաղաքից բացակայեց երկու ամիս, ըստ որում՝ նա հրահանգների կարիք չուներ, նրա քմահաճույքները փորձում էին կատարել, ու նա շարունակում էր կոնգրեսի մասնակիցներին զբաղեցնել իր բուռն երևակայության արգասիքներով: Ավստրիայի արտգործնախարար Կլեմենս Ֆոն Մետերնիխը՝ Վիեննայում եղած պետական գործիչներից թերևս ամենախորաթափանցն ու փորձառուն, Ալեքսանդրի մասին ասել է. «Իրական հավակնությունների համար նա չափազանց թույլ էր, բայց չափազանց ուժեղ էր անմեղ փառասիրության համար»: Նապոլեոնն ասել էր, որ Ալեքսանդրը բավականին մեծ ունակությունների տեր էր, բայց «որևէ բան» անելիս նրա մոտ ինչ-որ բան միշտ պակասում էր: Ու քանի որ ոչ ոք չէր կարող կանխատեսել, թե կոնկրետ իրավիճակում կոնկրետ ինչ կծագեր նրա մտքում, ցարը բացարձակապես անկանխատեսելի էր: Թալեյրանն ավելի ուղիղ է արտահայտվել. «Իզուր չէ, որ նա (անմիտ) Պավել ցարի որդին է»:

Վիեննայի կոնգրեսի մնացած մասնակիցներն արագ համաձայնության եկան միջազգային կարգերի ընդհանուր սկզբունքների ու Եվրոպայում ուժերի հավասարակշռությունն այս կամ այն կերպ վերականգնելու անհրաժեշտության շուրջ: Բայց նրանք միասնական մոտեցում չունեն, թե գործնականում դա ինչ էր նշանակելու: Նրանց խնդիրն էր համաձայնության հասնել ինչ-որ հեռանկարի շուրջ, որն էապես տարբերվում էր պատմական փորձից:

Անգլիական ջրանցքով ներխուժումից պաշտպանված ու յուրահատուկ՝ մայրցամաքում տեղի ունեցող ցնցումներից իրապես զերծ, ազգային ինստիտուտներ ունեցող Բրիտանիայի համար կարգերը սահմանվում էին որևէ մեկի գերիշխանության սպառնալիքը չեզոքացնելու տեսանկյունից: Մինչդեռ մայրցամաքային երկրների դեպքում սպառնալիքն ավելի ցածր մակարդակի վրա էր. նրանց անվտանգությունը կարող էր խաթարվել նույնիսկ մայրցամաքային գերիշխանության չձգտող տարածքային փոփոխություններից: Ի տարբերություն Բրիտանիայի՝ նրանք առաջին հերթին անհանգստանում էին հարևան երկրներում ներքին փոփոխություններից:

Վիեննայի կոնգրեսը ընդհանուր հավասարակշռության պայմանների շուրջ բավականին հեշտ համաձայնության եկավ: Դեռ պատերազմի ժամանակ՝ 1804թ., Բրիտանիայի վարչապետ Ուիլյամ Փիթը հանդես եկավ վեստֆալյան համակարգի թերությունները շտկելու ծրագրով: Վեստֆալյան համաձայնությունները Ֆրանսիայի Ֆրանսիայի ազդեցությունն ուժեղացնելու նպատակով մասնատել էին Կենտրոնական Եվրոպան: Այդ գայթակղությունը զսպելու համար անհրաժեշտ էր Կենտրոնական Եվրոպայում փոքր տարածաշրջանների համախմբմամբ խոշոր զանգվածներ ստեղծել («համախումբը» հարաբերական հասկացություն էր, քանի որ ժամանակակից Գերմանիայի տարածքում այդ ժամանակ 37 իշխանապետություն կար): Այդ մանր իշխանապետությունները կլանելու համար ակնհայտ թեկնածուն Պրուսիան էր, որն ի սկզբանե ձգտում էր իրեն միացնել Սաքսոնիան, սակայն Ավստրիայի ու Բրիտանիայի խնդրանքները հաշվի առնելով՝ փոխարենը ստացավ Հռենոսի մարզը: Պրուսիայի սահմանների նման ընդլայնումը Ֆրանսիայի սահմանների մոտ հզոր ուժ ստեղծեց, ինչը վեստֆալյան համակարգի ժամանակներից ի վեր մի նոր աշխարհառազմավարական իրողություն ստեղծեց:

Գերմանիայի մնացած 37 իշխանություններին խմբավորեցին «գերմանական համադաշնություն» անվամբ քաղաքական միավորման մեջ: Սա Եվրոպայում գերմանական բազմամյա երկընտրանքի լուծումն էր, թույլ Գերմանիան հարևանների համար ներխուժման սադրանք էր ենթադրում (առաջին հերթին՝ Ֆրանսիայի համար), իսկ միասնական Գերմանիան վայրկենապես սկսում էր ագրեսիա դրսևորել հարևանների նկատմամբ, ինչն էլ ստիպում էր միավորվել այդ սպառնալիքի դեմ: Այս իմաստով Եվրոպայում խաղաղություն պահպանելու համար պատմության ընթացքի մեծ մասում Գերմանիան կա՛մ չափազանց թույլ էր, կա՛մ չափազանց ուժեղ:

Գերմանական համադաշնությունը ներքին տարաձայնությունների բերումով խիստ երկատված էր, որպեսզի արտաքին նվաճումների դիմեր, բայց նաև բավականին համախմբված էր, որպեսզի դիմակայեր արտաքին ներխուժումներին: Քաղաքական այդ միավորը խոչընդոտում էր ագրեսիային Կենտրոնական Եվրոպայում, բայց հարակից երկու խոշոր տերությունների՝ արևելքում Ռուսաստանի, արևմուտքում՝ Ֆրանսիայի համար սպառնալիք չէր ստեղծվում:

Տարածքային նոր լուծումների պաշտպանության նպատակով ստեղծվեց Անգլիայի, Պրուսիայի, Ավստրիայի ու Ռուսաստանի «Քառյակ դաշինքը»: Համաձայնության մասնակիցները տարակերպ էին ընկալում տարածքային ամբողջականությունը, որի պաշտպանությունն այդ դաշինքի գլխավոր խնդիրն էր: Տարբեր էին նաև սպառնալիքների լրջության ընկալումները: Իր ծովային գերազանցության շնորհիվ պաշտպանված Բրիտանիան իրեն վստահ էր զգում, արտակարգ վիճակների առումով հստակ պարտավորություններ ստանձնելու ցանկություն չուներ և նախընտրում էր սպասել, մինչև որ Եվրոպայում այս կամ այն սպառնալիքն ավելի հստակ կդառնար: Մայրցամաքային երկրներն ամրության ավելի քիչ պաշար ունեին, և նրանց գոյատևման փաստը կարող էր հարցականի տակ հայտնվել որևէ իրադարձության հետևանքով, որը բրիտանացիներին չէր էլ անհանգստացնի:

Դա հատկապես վերաբերում էր հեղափոխություններին, այսինքն՝ գործող լեգիտիմությանն ուղղված սպառնալիքներին: Պահպանողական երկրները ձգտում էին պատնեշներ դնել հեղափոխության նոր ալիքի դեմ, ցանկանում էին մեխանիզմներ ստեղծել օրինական կարգերի պահպանման համար. նրանք միապետական կառավարումն այդպիսին էին համարում: «Սրբազան դաշինքը», որի գաղափարն առաջ էր քաշել Ալեսանդր ցարը, ողջ Եվրոպայում ներքին ստատուս քվոն պահպանելու մեխանիզմ էր ապահովում: Նրա գործընկերները «Սրբազան դաշինքի» տակ նրբորեն քողարկված ռուսական ախորժակ էին տեսնում: Միջամտելու իրավունքը սահմանափակվում էր, քանի որ, ինչպես համաձայնեցված սկզբունքներից էր հետևում, կարող էր իրացվել միայն պայմանավորվածության դեպքում: Այդպես Ավստրիան ու Պրուսիան ցարի մտադրությունները զսպելու հարցում վետոյի իրավունք ստացան:

Վիեննական համակարգն ամրացնում էին ինստիտուտների երեք շերտ. «Քառյակ դաշինքը» որ կոչված էր հաղթահարելու տարածքային կարգերին ուղղված սպառնալիքները, «Սրբազան դաշինքը», որ ստեղծված էր ներքին ինստիտուտներին ուղղված սպառնալիքները հաղթահարելու համար, և դաշնակից կառավարությունների ղեկավարների մասնակցությամբ պարբերական դիվանագիտական կոնֆերանսներում միաձայնության հայեցակարգը՝ ընդհանուր մոտեցումներ կամ եղած ճգնաժամերի հաղթահարման ուղիներ մշակելու նպատակով: Այդ մեխանիզմը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում ընթացակարգի նախատիպն էր: Ընդհանուր մոտեցում մշակելու համար կոնֆերանսներ հրավիրվեցին մի շարք ճգնաժամերի առիթով՝ մասնավորապես 1820թ. Նեապոլում ու 1820-1823թթ. Իսպանիայում ապստամբությունների ժամանակ (համապատասխանաբար ճնշվեցին «Սրբազան դաշինքի» և Ֆրանսիայի կողմից) և 1821-1832թթ. հունական հեղափոխության ու անկախության համար պատերազմի ժամանակ (օժանդակեցին Բրիտանիան, Ֆրանսիան ու Ռուսաստանը): Միաձայնությունը, բնականաբար, միասնություն չէր երաշխավորում, բայց պայթյունավտանգ յուրաքանչյուր ճգնաժամի դեպքում հնարավոր էր դարձնում կարգավորումը՝ առանց եվրոպական տերություններին պատերազմի մեջ ներքաշելու:

Վիեննական համակարգի արդյունավետության լավ օրինակ է արձագանքը 1830թ. բելգիական հեղափոխությանը, որի նպատակը Նիդեռլանդների Միավորված Թագավորության կազմից ներկայիս Բելգիայի դուրս գալն էր: 18-րդ դարի մեծ մասում Եվրոպայում գերիշխանության ձգտող բազմաթիվ բանակներ են անցել Նիդեռլանդների այս մարզով: Օվկիանոսներում գերիշխելու ռազմավարություն որդեգրած Բրիտանիայի համար անգլիական ջրանցքից այն կողմ՝ Շելդի գետաբերանում տեղակայված Անտվերպեն նավահանգիստը պետք է լիներ բարեկամական երկրի, բայց ոչ մի դեպքում եվրոպական որևէ խոշոր պետության տիրապետության տակ: Արդյունքում՝ Լոնդոնի կոնֆերանսը եվրոպական տերությունների նոր մոտեցում առաջ քաշեց. դիվանագետները ճանաչեցին Բելգիայի անկախությունը, բայց նոր երկիրը հռչակեցին «չեզոք»: Տերմինը մինչև այդ կիրառելի չէր մեծ տերությունների հարաբերություններում, բացառությամբ այն դեպքերի, երբ որևէ երկիր միակողմանի չեզոքություն էր հռչակում: Նոր պետությունը համաձայնեց չստորագրել ռազմական դաշինքներ ու չէր կարող իր տարածքում օտարերկրյա զորք տեղակայել: Նրա անվտանգությունը երաշխավորում էին մեծ տերությունները, որոնք պարտավորություն ստանձնեցին՝ թույլ չտալու, որպեսզի խախտվի Բելգիայի չեզոքությունը: Միջազգային մակարդակով երաշխավորված կարգավիճակը պահպանվեց մոտ 100 տարի. դրա խախտումը, երբ գերմանական զորքերը Բելգիայի տարածքով ներխուժեցին Ֆրանսիա, պատճառ դարձավ, որ Անգլիան մտնի առաջին աշխարհամարտի մեջ:

Միջազգային կարգերի կենսունակությունը չափվում է լեգիտիմության ու ուժի միջև դրանց ապահոված հավասարակշռությամբ և դրանցից յուրաքանչյուրի հանդեպ անհրաժեշտ ուշադրությամբ: Ո՛չ լեգիտիմությունը, ո՛չ ուժը չեն արգելակում փոփոխությունները, բայց միասին ստեղծում են պայմաններ, որպեսզի փոփոխությունները տեղի ունենան էվոլյուցիոն եղանակով, այլ ոչ թե կամայական մրցավազքի արդյունքում: Երբ ուժի ու լեգիտիմության հավասարակշռությունը պատշաճ բնույթ է ունենում, գործողություններն ինչ-որ իմաստով հախուռն են դառնում: Ուժի ցուցադրությունը դառնում է երկրորդական ու հիմնականում խորհրդանշական, քանզի ուժերի դասավորությունն ընդհանուր առմամբ հասկանալի է, ու կողմերից ոչ մեկն ամբողջ ռեզերվները մոբիլիզացնելու կարիք չունի: Երբ այդ հավասարակշռությունը խախտվում է, սահմանափակումները վերանում են, ու ագրեսիվ մղումները կյանքի կոչելու և անհաշտ դերակատարների ակտիվության հնարավորություններ են ստեղծվում: Սրան հետևում է քաոսը, որ ձգվում է այնքան, մինչև որ կարգերի նոր համակարգ հաստատվի:

Ուժերի այդ հավասարակշռությունը Վիեննայի կոնգրեսի հիմնական ձեռքբերումն էր: «Քառյակ դաշինքը» զսպում էր տարածքային հավասարակշռությանն ուղղված սպառնալիքները, իսկ Նապոլեոնի մասին հուշերը կաշկանդում էին հեղափոխությունից մաշված Ֆրանսիային: Միաժամանակ խաղաղության պայմանների ողջամիտ շարադրանքը նպաստեց, որ ի սկզբանե ֆրանսիական հավակնությունների դեմ միավորված խոշոր տերությունների կազմում ներգրավվի նաև Ֆրանսիան: Ավստրիան, Պրուսիան ու Ռուսաստանը, որոնք ուժերի հավասարակշռության տեսանկյունից մրցակիցներ էին, իրականում միասնական քաղաքականություն էին վարում: Ներքին կյանքում մտահոգությունները հաղթահարելու նպատակով Ավստրիան ու Ռուսաստանը հետաձգեցին իրենց աշխարհաքաղաքական շահերի անխուսափելի բախումը: Միայն այն բանից հետո, երբ 1848թ. չստացված հեղափոխությունները ցնցեցին այդ միջազգային կարգերի լեգիտիմության բաղադրիչը, հավասարակշռությունը գնալով ավելի քիչ էր մեկնաբանվում որպես ընդհանուր սրբագրումների միջոցով հավասարակշռության պահպանում, և ավելի շատ՝ որպես հանուն գերիշխանության մղվող մրցակցության ելակետ:

Երբ հավասարակշռության կշեռքի նժարն ակնհայտորեն թեքվում էր ուժի կողմը, Բրիտանիայի՝ որպես հավասարակշռողի դերը գնալով կարևոր էր դառնում: Բրիտանիայի այդ դերակատարության առանձնահատկություններն էին գործողությունների ազատությունն ու այդ ազատությունը գործնականում կիրառելու վճռականությունը: Բրիտանիայի արտգործնախարար (հետագայում՝ վարչապետ) լորդ Պալմերսթոնը, երբ 1841թ. ծանոթացավ Ռուսաստանի ցարի ուղերձին՝ «Եվրոպայում արժեքների նկատմամբ Ֆրանսիայի ակնհայտ ոտնձգությունը» կանխելու բրիտանական պարտավորության մասին, բրիտանական վարքագծի դասական օրինակ դրսևորեց: Նա արձագանքել էր, թե՝ Բրիտանիան «մի պետության կողմից այլ պետությանը պատկանող տարածքի նվաճումն ու յուրացումը» սպառնալիք է համարում, քանի որ «նման փորձը բերում է ուժերի հավասարակշռության խախտման, ու պետության հարաբերական ուժի փոփոխությունը կարող է մյուսների համար սպառնալիք դառնալ»: Այդուհանդերձ, Պալմերսթոնի կառավարությունը հրաժարվեց Ֆրանսիայի դեմ պաշտոնական դաշինք ձևավորելուց, քանզի «Անգլիայում ընդունված չէ դաշինք կազմել մի իրադարձության առթիվ, որը փաստացի տեղի չի ունեցել կամ էլ տվյալ պահին տեսանելի չէ»: Այլ կերպ ասած՝ ո՛չ Ռուսաստանը, ո՛չ Ֆրանսիան իրենց փոխհարաբերություններում չէին կարող ապավինել բրիտանական օժանդակությանը, և եթե իրավիճակը սպառնար եվրոպական հավասարակշռությանը, նրանցից ոչ մեկն իրավունք չուներ անտեսել բրիտանական ռազմական միջամտության հնարավորությունը:

Միջազգային կարգերի նախադրյալները

19-րդ դարի երկրորդ կեսին տեղ գտած երեք միտումների ազդեցության տակ Վիեննայի կոնգրեսի համակարգի փխրուն հավասարակշռությունը սկսեց փուլ գալ: Դրանք էին ազգայնականության աճը, 1848թ. հեղափոխություններն ու Ղրիմի պատերազմը:

Դարերով կողք կողքի ապրած շատ ազգեր նապոլեոնյան պատերազմների հետևանքով սկսեցին վերաբերվել իրենց կառավարիչներին՝ որպես «օտարի»: Նման տեսակետների հայտնի կրող գերմանացի փիլիսոփա Յոհան Գոթֆրիդ ֆոն Հերդերը պնդում էր, որ լեզվով, հայրենիքով ու ազգային մշակույթով առանձնացող յուրաքանչյուր ժողովուրդ ինքնատիպ տաղանդ ուներ, ուստի օժտված էր ինքնակառավարման իրավունքով: Պատմաբան Ժակ Բարզունն այսպես է ձևակերպել. «Տեսության հիմքում փաստ էր ընկած. հեղափոխություններն ու նապոլեոնյան պատերազմները խաչ քաշեցին Եվրոպայի մտածողության քարտեզի վրա: 18-րդ դարի դինաստիական ու կոսմոպոլիտ բարձր դասի հորիզոնական աշխարհի փոխարեն Արևմուտքն այժմ դարձել էր ուղղահայաց միասնություն՝ բաղկացած ազգերից, որոնք տարանջատ չէին, բայց արդեն տարբեր էին»:

Լեզվական ազգայնականությունն ավանդական կայսրություններին, հատկապես ավստրո-հունգարական կայսրությանը, ներքին ճնշումների, ինչպես նաև կայսրության հպատակ ժողովուրդների ազգակից հարևանների ոտնձգությունների առաջ խոցելի դարձրեց:

Վիեննայի կոնգրեսի արդյունքում Գերմանիայի տարածքում «մեծ զանգվածների» ստեղծումից հետո ազգայնականության ծնունդն ազդեց նաև Ավստրիայի ու Պրուսիայի փոխհարաբերության վրա: Գերմանական համադաշնության 35 իշխանապետությունների վրա ազդեցության նպատակով Կենտրոնական Եվրոպայում գերմանական երկու մեծ տերությունների մրցակցությունը սկզբնական փուլում զսպվում էր՝ հաշվի առնելով Կենտրոնական Եվրոպան արտաքին սպառնալիքներից պաշտպանելու հանգամանքը: Բացի դրանից, ավանդույթը ենթադրում էր որոշակի հարգանք այն երկրի հանդեպ, որի կառավարիչները հազարամյակի կեսի ընթացքում Սրբազան հռոմեական կայսրության գահն էին զբաղեցնում: Գերմանական համադաշնության (գերմանական բոլոր 37 երկրների ներկայացուցիչների) վեհաժողովը տեղի ունեցավ Ֆրանկֆուրտում Ավստրիայի դեսպանատանը, իսկ նախագահողն Ավստրիայի դեսպանն էր:

Միաժամանակ, սակայն Պրուսիան իր նշանակությունը մեծացնելու պայմաններ էր զարգացնում: Իր սահմանափակումները (սակավ բնակչությունն ու սահմանների ձգվածությունը) հաղթահարելու հարցում լուրջ տրամադրված Պրուսիան եվրոպական կարևոր խաղացող դարձավ սեփական առաջնորդների՝ մեկ դարից ավելի երկրից առավելագույնը քամելու ունակության շնորհիվ: Օտտո ֆոն Բիսմարկը (պրուսական պետական գործիչ, որն այդ գործընթացը փայլուն ավարտի հասցրեց) հիշատակել է մի շարք «հզոր, վճռական ու իմաստուն կառավարիչների, որոնք խնամքով հավաքել են երկրի ռազմական ու ֆինանսական ռեսուրսներն ու դրանք պահել սեփական բռի մեջ, որպեսզի նպաստավոր հնարավորության հասունանալուն պես անխնա հերոսությամբ դնեն եվրոպական քաղաքականության կշեռքի նժարին»:

Վիեննայի համաձայնությունները Պրուսիայի հուսալի սոցիալական ու քաղաքական կառուցվածքն ամրացրին աշխարհագրական ընդլայնմամբ: Տարածվելով Վիսլայից մինչև Հռենոս՝ Պրուսիան պատմության մեջ առաջին անգամ դարձավ գերմանացիների միասնականության հասնելու մարմնավորումը: Տասնամյակների ընթացքում ավստրիական քաղաքականությանը ենթարկվելու իրողությունը Պրուսիային սկսեց նյարդայնացնել, և Պրուսիան գիտակցաբար որդեգրեց դիմակայության ուղին:

1848թ. հեղափոխությունները համաեվրոպական «հրդեհ» էին, որ տարածվել էր անխտիր բոլոր խոշոր քաղաքներում: Մինչ իր տեղն ամրապնդող միջին դասը պահպանողական կառավարություններից ազատական բարեփոխումներ էր պահանջում, զառամյալ ազնվական կարգերը զուգահեռաբար ճնշումների էին ենթարկվում նաև ազգայնականների կողմից: Ապստամբությունները տարածվեցին ամենուր՝ արևելքում Լեհաստանից սկսած մինչև արևմուտքում Կոլումբիա ու Բրազիլիա (վերջինը նոր էր Պորտուգալիայից անկախություն ստացել, բայց մինչ այդ՝ նապոլեոնյան պատերազմների ժամանակ, հյուրընկալել էր նրա վտարանդի կառավարությանը): Ֆրանսիայում կարծես պատմությունը կրկնվեց. գահը զբաղեցրեց Նապոլեոն Բոնապարտի զարմիկը՝ Նապոլեոն III անվամբ, որը սկզբում հանրաքվեում ընտրվեց նախագահ, իսկ հետո հռչակվեց կայսր:

«Սրբազան դաշինքը» ստեղծվել էր հենց այդպիսի կործանիչ երևույթների դիմակայելու համար: Բայց համատեղ ջանքեր գործադրելու համար Բեռլինում ու Վիեննայում իշխանությունների վիճակը չափազանց մեծ էր, իսկ դրանց հետևանքները՝ չափազանց տարբեր: Ռուսաստանն իր կարողություններով ճնշեց միայն Հունգարիայի հեղափոխությունը՝ այնտեղ պահպանելով ավստրիական կառավարումը: Մյուսների դեպքում նախկին կարգերը բավականին ամուր էին, որպեսզի հեղափոխական մարտահրավերներին դիմակայեին: Սակայն այդ կարգերն այդպես էլ չկարողացան վերականգնել նախորդ շրջանին բնորոշ ինքնավստահությունը:

Եվ վերջապես, 1853-1856թթ. Ղրիմի պատերազմը պառակտեց պահպանողական պետությունների միասնությունը, որը միջազգային կարգերի վիեննական համակարգի երկու առանցքային սյուներից մեկն էր: Այդ պետություններն առկա ինստիտուտները պաշտպանում էին հեղափոխություններից ու մեկուսացրել էին աշխարհամասի անդորրը խախտած Ֆրանսիային: Այժմ արդեն մեկ այլ Նապոլեոն էր փորձում մի քանի ուղղություններով ինքնահաստատվել: Ղրիմի պատերազմի մեջ Նապոլեոնը Ֆրանսիայի մեկուսացումը ճեղքելու հնարավորություն տեսավ, ուստի միացավ Բրիտանիային, որը ջանում էր խափանել Կ.Պոլիս հասնելու ու Միջերկրական ծով դուրս գալու Ռուսաստանի ծրագրերը: Անգլիացիների ու ֆրանսիացիների դաշինքը, իսկապես, որոշ  ժամանակով զսպեց ռուսներին, բայց գնալով ավելի փխրուն դարձող դիվանագիտության գնով:

Հակամարտությունն առաջացավ ոչ թե բուն Ղրիմի՝ 18-րդ դարում Օսմանյան կայսրության վասալից Ռուսաստանի նվաճած թերակղզու համար, այլ այդ ժամանակ Օսմանյան տիրապետության տակ գտնվող Երուսաղեմի քրիստոնեական համայնքները վերահսկելու հարցում Ֆրանսիայի ու Ռուսաստանի համաժամանակյա հավակնությունների պատճառով: Վեճը, թե ո՞ր ուղղությունը՝ կաթոլի՞կ, թե՞ ուղղափառ, ուղիղ հսկողություն կունենար սրբատեղիների նկատմամբ, հանգեցրեց նրան, որ Նիկոլայ I ցարը պահանջեց ճանաչել Օսմանյան կայսրության բոլոր ուղղափառների «պաշտպանի» իր իրավունքը (նրանք կազմում էին ազգաբնակչության զգալի մասն ու ռազմավարական տարածքներ էին զբաղեցնում): Օտարերկրյա պետության ներքին գործերին միջամտություն ենթադրող այդ պահանջը կազմված էր՝ համընդհանուր բարոյական նորմերին հղումներով, բայց իրականում հարված էր Օսմանյան ինքնիշխանության սրտին: Օսմանացիների մերժումը Ռուսաստանին դրդեց հարձակում գործել Բալկաններում ու ռազմական գործողություններ սկսել Սև ծովում: Օսմանյան կայսրության հնարավոր փլուզումից ու եվրոպական ուժերի հավասարակշռությունից անհանգստացած Ֆրանսիան ու Անգլիան կես տարի անց թուրքերին օգնելու համար պատերազմի մեջ մտան:

Արդյունքում Վիեննայի կոնգրեսի դաշինքների համակարգը փլուզվեց: Պատերազմը ստացավ «Ղրիմի պատերազմ» անունը, քանի որ անգլո-ֆրանսիական ուժերը ափ իջեցվեցին Ղրիմում՝ ռուսական սևծովյան նավատորմի կենտրոնակայան Սևաստոպոլ քաղաքը գրավելու նպատակով: Ռուսական զորքերը մինչ իրենց նավատորմը խորտակելը 11 ամիս պաշարման մեջ էին: Պրուսիան չեզոքություն պահեց: Ավստրիան հիմարություն արեց և որոշեց օգտվել Ռուսաստանի դժվարություններից ու Բալկաններում ամրապնդվելու նպատակով մոբիլիզացրեց զորքերը: «Մեն մեր ապերախտության մասշտաբներով կզարմացնենք աշխարհին»,- Ռուսաստանի օգնության խնդրանքին ի պատասխան՝ այսպես էր արձագանքել Ավստրիայի վարչապետ և արտգործնախարար Շվարցենբերգը: Փոխարենը, ինչպես ասվում է, Ավստրիան անգլո-ֆրանսիական ռազմական ջանքերին վերջնագրի հասնող դիվանագիտական աջակցություն ցուցաբերեց:

Ռուսաստանին մեկուսացնելու փորձն արդյունքում վերածվեց Ավստրիայի մեկուսացման: Արդեն 2 տարի անց երկրի միավորմանն աջակցելու անվան տակ Նապոլեոնը ներխուժեց Իտալիայի ավստրիական տարածքներ, և Ռուսաստանը չմիջամտեց: Պրուսիան Գերմանիայում գործողությունների ազատություն ստացավ: 10 տարվա ընթացքում Օտտո Ֆոն Բիսմարկը Գերմանիան հանեց միավորման ուղի, և Ավստրիային զրկեց գերմանական պետականության դրոշակակրի պատմական դերից: Այս ամենը՝ Ռուսաստանի լուռ համաձայնությամբ: Ավստրիան շատ ուշ հասկացավ, որ միջազգային հարաբերություններում հուսալի գործընկերոջ համբավը մարտավարական ճարպկություններից ավելի կարևոր է:

Նյութի աղբյուրը՝ Հենրի Քիսինջեր- «Աշխարհակարգ»

Comments

Popular posts from this blog

Պետության և իրավունքի տեսություն

  Պետության և իրավունքի տեսության հասկացությունը, առարկան և մեթոդաբանությունը Պետության և իրավունքի տեսությունը հանդիսանում է առաջնային, կարևորագույն իրավաբանական գիտություն: Գիտությունը հանդիսանում է ինտելեկտուալ գործունեություն: Պետության և իրավունքի տեսությունը ուսումնասիրում է հասրակական կյանքի պետաիրավական ոլորտը: 1.Պետության և իրավունքի տեսությունը հանդիսանում է համատեսական գիտություն, որովհետև ունի ուսումնասիրության լայն ընդարձակ ոլորտ՝ հասարակական կյանքի պետաիրավական ոլորտն ամբողջությամբ: 2.Պետության և իրավունքի տեսությունը հանդիսանում է փիլիսոփայական գիտություն, որովհետև ուսումնասիրում է պետության և իրավունքի, պետաիրավակաբ այլ երևույթների խորքային բնույթը: Պետության և իրավունքի տեսությունը հանդիսանում է նաև փիլիսոփայական գիտություն, որովհետև ուսումնասիրում է պետությունը և իրավունքը որպես համընդհանուր ունիվերսալ երևույթներ: 3.Պետության և իրավունքի տեսությունը հանդիսանում է ֆունդամենտալ գիտություն, որովհետև մշակում է պետաիրավական ոլորտի առաջնային ընդհանուր և կարևորագ...

Բազմակողմ դիվանագիտություն

  Բազմակողմ «դիվանագիտություն» հասկացությունը: Պատմական ակնարկ և կայացման հիմնական փուլերը: Բազմակողմ դիվանագիտության դերակատարության բարձրացումը 20-րդ դարի երկրորդ կեսին Բազմակողմ դիվանագիտությունը երկուսից ավել կողմերի միջև վարվող բանակցություններն են, մի քանի դերակատարների մասնակցությամբ միջազգային համաժողովները, միջազգային կազմակերպությունների շրջանակներում իրականացվող դիվանագիտական աշխատանքը: Դասական բազմակողմ դիվանագիտության առաջին օրինակ է համարվում 1814-1815թթ. Վիեննայի կոնգրեսը, սակայն բազմակողմ դիվանագիտության սաղմեր կարելի է հանդիպել նաև Հին Հունաստանի քաղաք-պետությունների կողմից վարվող դիվանագիտության մեջ, ինչու չէ, նաև միջին դարերում կնքվող դաշինքներն ու պայմանագրերը նույնպես կարելի է դասել բազմակողմ դիվանագիտության նախատիպերի շարքին, օրինակ՝ 1648թ. Վեստֆալյան պայմանագիրը: Առաջին դասական միջազգային կազմակերպություններն են՝ Հռենոսով նավարկության կենտրոնական հանձնաժողովը՝ մշտական քարտուղարությամբ, որը ստեղծվել էր Վիեննայի կոնգրեսի որոշմամբ և առաջին հանդիպումն անցկա...

Միջազգային գործընթացների վերլուծությունը ազգային անվտանգության համատեքստում

ՀՀ արտաքին քաղաքականության սկզբունքներն ու գերակայությունները https://www.mfa.am/hy/speeches/2019/08/27/fm_opening_remarks/9782 ՀՀ ազգային անվտանգության ռազմավարություն https://www.gov.am/am/National-Security-Strategy/ https://www.un.org/disarmament/wmd/nuclear/npt/text/ https://www.un.org/ru/documents/decl_conv/conventions/npt.shtml https://www.undocs.org/S/RES/2231(2015) https://undocs.org/ru/S/RES/2231(2015) https://www.worldbank.org/en/news/press-release/2019/11/06/world-bank-lebanon-is-in-the-midst-of-economic-financial-and-social-hardship-situation-could-get-worse https://www.transparency.org/en/countries/lebanon https://www.forbes.com/profile/saad-hariri/?sh=45cebbdb65b5 Դասախոսություն 1. Միջազգային գործընթացների հասկացությունը և սուբյեկտները Միջազգային գործընթացները հավաքական հասկացություն է: Այն իրենից ներկայացնում է միջազգային հարաբերությունների հիմնական դերակատարների՝ պետությունների, միջպետական և ոչ պետական տարբեր կազմակերպությունների, տարատեսակ կառույցների, միավորումների, հ...