Եվրոպայի դիվանագիտության պատմության
մեջ ուրույն տեղ է գրավում անգլիական բուրժուական հեղափոխության (1640-1660թթ.), նրա «երկար պառլամենտի» ու պրոտեկտոր
Կրոմվելի դիվանագիտությունը: Քանի դեռ անգլիական հեղափոխությունը զբաղված էր իր ներքին
գործերով, անմասնակից էր Եվրոպայում տեղի ունեցող իրադարձություններին, իսկ Եվրոպայի
միապետները լավ չէին հասկանում Անգլիայում տեղի ունեցող իրադարձությունների նշանակությունը
և քիչ էին անհանգստանում դրանցից: Իշխանության գլուխ անցած նոր ազնվականությունն ու
բուրժուազիան արտաքին քաղաքական ասպարեզում կանգնած էին Անգլիայի գլխավոր ծովային հակառակորդների
և առևտրական մրցակիցների՝ Հոլանդիայի, Իսպանիայի ու Ֆրանսիայի դեմ պայքարելու անհրաժեշտության
առաջ: Այդ նպատակին էր կոչված ծառայելու անգլիական բուրժուական հեղափոխության դիվանագիտությունը:
Անգլիական պուրիտանական (մաքրակրոն) ֆանատիկոսները անողոք պայքարի կոչ
էին անում ընդդեմ Հոլանդիայի: «Աստված Հոլանդիան ավանդել է անգլիացիներին: Այնտեղ պետք
է մեկնեն արդար մարդիկ, պետք է գնան և գահընկեց անեն բաբելոնական պոռնկուհուն, որպեսզի
մայրցամաքում հաստատվի Քրիստոսի թագավորությունը»,- ասում էին պուրիտանները: Սակայն
դրսում հասկանում էին, որ աստծով կլանված անգլիացիք շատ ավելի խոհուն ու ռեալիստորեն
զբաղված են երկրային գործերով: Եվ Շվեդիայի թագուհի Քրիստինեն Շվեդիայում անգլիական
դեսպան Ուայտլոկին նետեց հետևյալ խոսքերը. «Դուք՝ անգլիացիներդ, կեղծավոր ու երկերեսանի
եք: Ես չեմ խոսում ձեր գեներալի (այսինքն՝ Կրոմվելի) և անձամբ ձեր մասին, բայցինձ թվում
է, որ Անգլիայում շատ են այնպիսի մարդիկ, ովքեր, հուսալով դրանից օգուտ քաղել, շատ
ավելի սրբություն են ցուցբերում, քան այդպիսին ունեն իրենց հոգում»:
Հեղափոխությունից հետո Անգլիայում
դիվանագիտական գործերը կենտրոնացված էին պառլամենտի ձեռքում, իսկ 1653թ. այն ամբողջովին
իր ձեռքն է վերցնում Կրոմվելը, ցանկանալով առաջին հերթին եվրոպական մայրցամաքի տերությունների
հետ վերականգնել նորմալ դիվանագիտական և առևտրական հարաբերություններ:
Եվրոպական միապետությունները
յուրատեսակ դիրք գրավեցին անգլիական հեղափոխության նկատմամբ: Անգլիայում հաստատված
նոր կարգերը ճանաչելու նախաձեռնությունը ստանձնեց Իսպանիան: Նա նպատակ ուներ մերձենալ
Անգլիայի հետ ընդդեմ այն ժամանակվա իր ախոյան Ֆրանսիայի: Մյուս կողմից, տեսնելով անգլիա-իսպանական
մերձեցման վտանգավորությունը, Ֆրանսիան որոշեց կանխել այդ, և կարդինալ Մազարինին հատուկ
ներկայացուցիչ ուղարկեց Լոնդոն անգլիա-ֆրանսիական հարաբերությունները բարելավելու համար:
1652թ. դեկտեմբերի 21-ին, հանդես գալով անգլիական պառլամենտի արտաքին գործերի հանձնաժողովում,
ֆրանսիական միապետի ներկայացուցիչը հայտարարեց. «Դաշինքը, որը կարող է հաստատվել 2
հարևան պետությունների միջև, կախում չունի նրանց կառավարման ձևերից: Ուստի և, եթե աստծուն
հաճելի եղավ իր նախախնամությամբ փոխել այս երկրում նախկինում եղած կառավարման ձևը,
ապա այդ Ֆրանսիայի ու Անգլիայի առևտրական հարաբերություններում և փոխադարձ համաձայնության
ասպարեզում դեռևս փոփոխություններ մտցնելու անհրաժեշտություն չի ծնում: Անգլիան կարող
է փոխել իր դեմքը և միապետությունից հանրապետություն դառնալ, բայց դրությունը մնալ
անփոփոխ. ժողովուրդները մնում են հարևաններ և առաջվա պես շահագրգռված են միմյանցով
առևտրի միջոցով, իսկ ազգերի միջև գոյություն ունեցող տրակտատները պարտադիր են ոչ այնքան
միապետների, որքան ժողովուրդների համար, քանի որ նրանց գլխավոր նպատակը փոխադարձ շահն
է»:
Բուրժուական Անգլիայի դիվանագիտությունը
կարողացավ ճիշտ և ժամանակին կողմնորոշվել նոր իրադրության մեջ, ճարպկորեն օգտագործեց
իր հակառակորդների հակասությունները և փոխադարձ թշնամանքը՝ նրանցից յուրաքանչյուրի
հետ ի շահ Անգլիայի հարաբերությունները կարգավորելու համար: Այստեղ իր խոսքն ասաց,
մասնավորապես, իշխանությունն իր ձեռքում կենտրոնացրած դիկտատոր Կրոմվելի նոր դիվանագիտությունը:
Կրոմվելը ժամանակին հասկացավ, որ հանուն ապագայի պետք է գործել, հաշվի չնստելով ո՛չ
պառլամենտի, ո՛չ էլ հին սովորույթների հետ: Խորապես համոզված լինելով իր առաքելության
մեջ, Կրոմվելն իր դասակարգի շահերը հրամցնում էր որպես քարոզ, այն էլ հենվելով Աստվածաշնչի
ու աստծու վրա: Նա գործում էր արագ և վճռականորեն՝ ինչպես հատուկ է ժամանակաշրջանի
հեղափոխական դասակարգին: Կարդինալ Մազարինիի հետ գրագրության մեջ գտնվող անգլիական
վաճառականներից մեկը գրում էր. «Մենք մեծ հույսեր ենք դնում տասի, քան երկու հարյուրի
(այսինքն՝ Կրոմվելի և նրա անմիջական օգնականների, այլ ոչ թե պառլամենտի) վրա: Ավելի
գաղտնապահություն, ավելի արագություն, քիչ խոսք՝ շատ գործ, և 4 տարիները նախկինի պես
չեն անցնի հռետորական վարժություններ անելով»:
Ստանձնելով դիկտատորի պաշտոնը,
Կրոմվելը օտարերկրյա դեսպաններին հավատացնում էր, որ Անգլիայի կառավարման մեջ տեղի
ունեցած փոփոխությունը բնավ չի ազդելու նրանց երկրների հետ Անգլիայի ունեցած հարաբերությունների
ու բարեկամության վրա: Ի հավաստումն այդ բանի պետական խորհուրդը իր անդամներից առանձնացրեց
5 հոգու՝ մինչ այդ պառլամենտի սկսած դիվանագիտական գործերը շարունակելու համար: Իրադարձությունները
նպաստավոր էին, Կրոմվելի դիկտատուրան ամրապնդվեց: Անգլիա-հոլանդական պատերազմն ավարտվեց
Անգլիայի հաղթանակով, Հոլանդիան որպես մրցակից շարքից դուրս եկավ: Կրոմվելին հաջողվեց
առևտրական պայմանագրեր կնքել Անգլիայի համար նվազ վտանգավոր պետությունների՝ Շվեդիայի,
Դանիայի և Պորտուգալիայի հետ: Այժմ պետք է հարցերը կարգավորվեին հիմնականում Իսպանիայի
ու Ֆրանսիայի հետ: Երբ Կրոմվելը հռչակվեց պրոտեկտոր (խնամակալ), իսպանական դեսպանը
փորձեց սիրաշահել նրան, առաջարկելով իր երկրի օգնությունը՝ դիկտատորի իշխանությունը
ամրապնդելու համար, պայմանով, որ Իսպանիան ու Անգլիան համատեղ հանդես գան ընդդեմ Ֆրանսիայի:
Ֆրանսիական դիվանագիտությունն ավելի շրջահայաց ու ճարպիկ գտնվեց: Կարդինալ Մազարինին
ավելի հրապուրիչ առաջարկություններ արեց: Նա Կրոմվելին առաջարկեց փող և դաշինք, հասկացնել
տվեց, որ պատրաստ է Ֆրանսիայից դուրս հրավիրել մահապատժի ենթարկված անգլիական թագավորի
ընտանիքին, ցանկություն հայտնեց ֆրանսիական թագավորի անունից Կրոմվելին շնորհել «եղբայր»
տիտղոսը: Մերժելով ամեն մի տիտղոս, բացի «պրոտեկտորից», Կրոմվելը համբերությամբ լսում
էր 2 մրցակիցների իրեն արվող առաջարկություններն ու պահանջները: Վերջին հաշվով Անգլիան
նախապատվությունը տվեց Ֆրանսիային, որը անհամեմատ ուժեղ էր, քան քայքայվող, անկում
ապրող Իսպանիան, մանավանդ որ վերջինս շատ էր խանգարում Անգլիային, արգելում էր առևտուրը
իսպանական գաղութների հետ, անգլիական առևտրականներին անվանում էր հերետիկոսներ՝ հանձնելով
նրանց ինկվիզիցիայի դատարանի ձեռքը: Կրոմվելն Իսպանիայից պահանջեց նավարկության ազատություն Վեստ Ինդիայում և ինկվիզիցիայի հետապնդումների դադարեցում: Ի պատասխան այդ պահանջների, իսպանական դեսպանը զայրույթով հայտարարեց. «Ինկվիզիցիայից ազատվելու և Վեստ Ինդիայում ազատ նավարկության պահանջը հավասարազոր է իմ թագավորի 2 աչքերը պահանջելուն»:
Կրոմվելն առիթը բաց չթողեց: Եթե մինչ այդ պատերազմը Իսպանիայի հետ համարում էր անհրաժեշտ,
ապա այժմ այն համարեց անխուսափելի: Նա այդ պատերազմում որոշակի հաշիվներ ուներ: Պատերազմը կզբաղեցներ ծովայիններին,
սպաներին, զինվորներին և նրանց հնարավորություն կտար հարստանալու, կհանգստացներ ֆանատիկ բողոքականներին,
Անգլիային հնարավորություն կտար տիրապետություն հաստատելու նոր աշխարհում: Կրոմվելի դիվանագիտությունն իր գործը կատարեց.
1656թ. նոյեմբերի
26-ին հայտարարվեց,
որ Անգլիան պայմանագիր է կնքել Ֆրանսիայի հետ և պատերազմում է Իսպանիայի դեմ:
Կրոմվելն այսպես էր բնութագրում իրադրությունը. «Մենք պատերազմի մեջ ենք Իսպանիայի դեմ:
Մենք այդ պատերազմն սկսել ենք անհրաժեշտությունից դրդված: Իսպանիան մեր մեծագույն թշնամին է,
բնական թշնամին և կարծես հենց աստծու կողմից մատնանշված,
քանի որ նա մարմնավորված պապիզմ է:
Իսպանիայից ոչ բավարարություն ստանալու,
ոչ էլ մեզ համար նրան անվտանգ դարձնելու միջոցներ չկան: Մեր վաճառականների համար մենք նրանից պահանջում էինք գրպանում «Աստվածաշունչ» ունենալու և աստծուն իրենց ձևով աղոթելու թույլտվություն, բայց իսպանացիներից խղճի ազատություն սպասելն ավելորդ է»:
Comments
Post a Comment