Բենջամին Ֆրանկլինի հայրն ուզում էր, որ որդին հոգևորական դառնա, բայց դեռ երիտասարդ տարիքից Բենջամինն ավելիին էր ձգտում: Լինելով չափազանց ուշադիր երեխա՝ նա ուսումնասիրում էր շրջապատող աշխարհը, փորձում ըմբռնել, թե ինչպես է ամեն բան արվում և թե ինչ գին ունի հաջողությունը: Նա հասկանում էր, որ կարևորն այս գործում կրթությունն է, բայց Ամերիկայում ոչ մի դպրոց չէր կարող սովորեցնել նրան այն ամենը, ինչ նա ուզում էր կամ ինչի կարիքն ուներ: Արդյունքում նա սկսեց ինքնակրթությամբ զբաղվել՝ սովորելով այն դպրոցում, որը մենք կյանք ենք կոչում: Անդադար կարդալով՝ նա դարձավ այնպիսի լավ գրող, որ բազմիցս տպագրվեց տեղական թերթերում՝ ներկայանալով որպես մեծահասակ ու օգտագործելով մի շարք կեղծանուններ: 12 տարեկանում նա պաշտոնապես սկսեց ուսանել իր մեծ եղբոր մոտ, որը սովորեցրեց տպագրություն, կազմարարություն և մարքեթինգ: Սովորելու նրա նպատակը ոչ միայն ապրուստի միջոց վաստակելն էր, այլև հաղորդակցության ժամանակակից ամենաազդեցիկ միջոցներին տիրապետելը: Նա սովորեց սահմանել տառաձևերը, համակարգել թանաքի տեսակները, աշխատե...