Skip to main content

Բանակցության ուժը. քաղաքական և դիվանագիտական բանակցությունների սկզբունքներն ու կանոնները

 

Արդի աշխարհում դիվանագիտությունը շարունակում է ծառայել որպես պետությունների միջև հարաբերությունների կարգավորման, համագործակցության ամրապնդման, անվտանգության հաստատման ու խաղաղության պահպանման կարևորագույն գործիք: Ընդունված է համարել, որ բանակցությունը բազմաշերտ դիվանագիտության առանցքային բաղադրիչներից է, կամ, ինչպես բնութագրում է սույն արժեքավոր աշխատության հեղինակը՝ «կամքի և հմտությունների պատերազմ», որից դուրս են գալիս հոգնած, երբեմն նաև հյուծված մարդիկ:

Սեյեդ Աբբաս Արաղչին Իրանի՝ հազարամյակներով թվագրվող դիվանագիտության ժամանակակից առաջամարտիկներից է, որը հայտնի է դիվանագիտության տեսության վերաբերյալ խոր ու հիմնարար գիտելիքներով և թրծվել է ծանր ու բազմաբաղադրիչ բանակցությունների հորձանուտում: Որպես Իրանի միջուկային բանակցությունների առանցքային մասնակից՝ նա ուղղորդել է դիվանագիտական բարդագույն գործընթացներ: Դոկտոր Արաղչիի կուտակած հարուստ փորձը, բանակցային հմտություններն ու դիվանագիտական խոհեմությունը հնարավորություն են ընձեռել մշակելու բանակցություններ վարելու յուրահատուկ մոտեցում և ներկայացնել դիվանագիտական աշխատանքի առանձնահատկությունները, մարտահրավերներն ու հաջողության հասնելու մեխանիզմները, որոնք ամփոփված են այս գրքում:

«Բանակցության ուժը. քաղաքական և դիվանագիտական բանակցությունների սկզբունքներն ու կանոնները» աշխատությունը ոչ միայն նկարագրում է բանակցային գործընթացի տեխնիկական մանրամասները, այլև վերլուծում է դիվանագիտության հոգեբանական, քաղաքական, ազգային ու մշակութային շերտերը: Միջազգային բազմաբնույթ հարթակներում հեղինակի կուտակած փորձառությունը ընթերցողին գործնական հնարավորություն է ընձեռում հասկանալ, թե ինչպես են տարբեր հիմնահարցերի վերաբերյալ պետությունները ձևավորում դիրքորոշումներ, ինչ մարտավարություններ են կիրառում բանակցությունների ընթացքում և որոնք են բանակցային գործընթացի հաջողության բանալիները: Հեղինակը կարծես բանակցային փակ դռներից ներս է ուղեկցում ընթերցողին՝ ծանոթացնում է բանակցությունների ընթացքին, ընդգծում է այն բաղադրիչները, որոնք ամրապնդում են բանակցողի դիրքերը, մատնանշում է բանակցողի ընտրած բառի կարևորությունը ու նրա չարտաբերած խոսքի արժեքը:

Աբբաս Արաղչին նշում է. «Դիվանագիտությունը խաղ չէ, որտեղ պարտադիր պետք է հաղթել, այն գործընթաց է, որտեղ պարտադիր պետք է հասկանալ դիմացինին»: Այս ընկալումը օգտակար է ոչ միայն յուրաքանչյուր դիվանագետի, այլև մեզ շրջապատող հազարավոր մարդկանց համար, որոնք, հայտնվելով կյանքի տարբեր իրավիճակներում, ստիպված են հաշվի առնել դիմացինի հետաքրքրություններն ու լուծել իրենց առերեսված ամենատարբեր խնդիրները:

Սույն աշխատությունը յուրօրինակ շտեմարան է, որն օգնում է հասկանալ, թե ինչպես կարելի է վարել արդյունավետ բանակցություններ, ինչպես կարելի է հաղթահարել տարաձայնությունները և առաջարկել փոխշահավետ լուծումներ: Հեղինակն ապացուցում է, որ բանակցությունները միայն փաստարկների և դիրքորոշումների պայքար չեն. դրանք հոգեբանական ճկունության, ռազմավարական հաշվարկների ու երկարաժամկետ մտածողության համակցություն են:

Լինելով բարդ աշխարհաքաղաքական տարածաշրջանում՝ Հայաստանի Հանրապետությունը, ինչպես և Իրանի Իսլամական Հանրապետությունը, մշտապես կարևորում է դիվանագիտությունը՝ համարելով այն  արտաքին անվտանգություն ապահովող առանցքային գործոն: Ընդունված է համարել, որ բանակցությունը հակոտնյա դիրքորոշումներով ուղեկցվող իրավիճակներում փոխադարձ ընդունելի լուծումներ գտնելու արվեստ է: Հետևաբար, բանակցային արվեստի ուսումնասիրությունը և դրա հմտությունների խորացումը ոչ միայն կարևոր են պետական կառավարման, այլև ազգային անվտանգության ապահովման տեսանկյունից: Այս առումով հարգարժան գործընկերոջս կողմից հեղինակած գրքում արծարծվող թեմաներն ու ներկայացված սկզբունքները կարող են օգտակար լինել ոչ միայն իրանցի, այլ նաև Հայաստանի դիվանագետներին, փորձագետներին, միջազգային հարաբերություններով հետաքրքրվողներին և առհասարակ բոլոր նրանց, որոնք համերաշխությունն ու համագործակցությունը գերադասում են վեճերից և դրանց հետևանքով առաջացող արհավիրքներից:

Համոզված եմ, որ այս գրքի հայերեն թարգմանությունը կարևոր ներդրում կլինի միջազգային հարաբերությունների և դիվանագիտական գործունեության մասին գիտելիքներն ու պատկերացումները հարստացնելու համար: Այն արժեքավոր ուղեցույց է ինչպես փորձառու մասնագետների, այնպես էլ երիտասարդ սերնդի համար, որը ապագայում ներգրավվելու է արտաքին հարաբերությունների չափազանց բարդ, բայց միևնույն ժամանակ հետաքրքիր և պատվաբեր գործընթացներում:

Արարատ Միրզոյան

Comments