Եթե ամփոփ՝
որո՞նք էին Սերժ Սարգսյանի պաշտոնավարման 10 տարիների ընթացքում տեղի ունեցած տրանսֆորմացիաները։
Ի՞նչ ժառանգություն էր ստացել Սերժ Սարգսյանը 2008 թվականին և 2018 թվականին ի՞նչ հանձնեց։
Ի՞նչ փոփոխություններ էր կրել բուն բանակցային գործընթացը, և ինչպե՞ս էին տրանսֆորմացվել
միջնորդների ընկալումները։
Եթե հարցը
դիտարկվի ընդհանրական տրամաբանության ներքո, ապա բանակցային գործընթացում ՀՀ իշխանությունները,
ստացած ժառանգության վրա քարը քարի վրա դնելով, աստիճանաբար ամրապնդում էին Հայաստանի
դիրքերն ու մոտեցումները։ Նոր կառուցվող տան նման շերտ առ շերտ քարերն ավելացնելով՝
առաջ էին ընթանում՝ Հայաստանի ու Արցախի համար ավելի բարենպաստ վիճակ ստեղծելով։
Առաջին
հերթին բանակցային սեղանին դրված փաստաթղթում ամրապնդվեց այն, որ Արցախի կարգավիճակը
պետք է որոշվի հանրաքվեով կամ պարտադիր իրավական ուժ ունեցող կամարտահայտմամբ։ Այսինքն,
եթե Ռոբերտ Քոչարյանի ժամանակ «Մադրիդյան սկզբունքներով» պարտադիր իրավական ուժ ունեցող
կամարտահայտման համար միայն տեսական հնարավորություն էր ստեղծվում, ապա Սերժ Սարգսյանի
պաշտոնավարման առաջին շրջանում այն արդեն հստակ ամրագրում ունեցավ։
Երկրորդ
էական գործոնն այն էր, որ Ադրբեջանը իր կեցվածքով միջազգային դերակատարների և, առաջին
հերթին, Մինսկի խմբի համանախագահների կողմից դիտարկվում էր որպես ապակառուցողական ու
անվստահելի գործընկեր։ Նման համբավ Ադրբեջանը ձեռք էր բերել առնվազն Կազանյան փաստաթղթից
վերջին պահին հրաժարվելու և Արցախի դեմ ապրիլյան պատերազմը սանձազերծելու հետևանքով։
Այդ բոլոր գործոններով հանդերձ հայկական կողմերի, մասնավորապես Հայաստանի՝ որպես հիմնական
բանակցողի դիրքերն աստիճանաբար ավելի էին ամրապնդվում։
Երրորդ՝
կար փաստացի կյանքի չկոչված, բայց Ադրբեջանի կողմից ընդունված պայմանը, որն արտացոլված
էր Վիեննայի, Սանկտ Պետերբուրգի, Ժնևի պայմանավորվածություններում։ Խոսքը վերաբերում
է սահմանային միջադեպերի հետաքննության մեխանիզմների ներդրմանն ու Արցախ-Ադրբեջան սահմանի
միջազգայնացմանը։ Բացի դրանից՝ Ադրբեջանը մշտապես ձգտում էր բոլոր հնարավոր եղանակներով
միջազգային կառույցներում հասնել իր շահերից առավելապես բխող բանաձևերի, փաստաթղթերի
ընդունման, որպեսզի դրանք սեփական հանրությանը «վաճառեր» որպես հաղթանակ։ Տարիներ շարունակ
փորձում էր արցախյան հիմնահարցի կարգավորումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափից
տեղափոխել ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ, ինչպես նաև Եվրոպայի խորհուրդ։ Զուգահեռ ցանկանում
էր մեծացնել նաև Թուրքիայի դերակատարությունը։ Այս բոլոր քայլերը շատ լուրջ հակազդեցության
էին արժանանում Հայաստանի կողմից։ Դրա վառ օրինակներից է Ադրբեջանի կողմից Եվրոպայի
խորհրդի խորհրդարանական վեհաժողովի 2 բանաձևերի նախաձեռնումը։ Ադրբեջանը, տարաբնույթ
ռեսուրսներ ներդնելով, բոլոր հնարավոր ու անհնար եղանակներով փորձում էր հասնել դրանց
ընդունմանը, սակայն մեծ հաշվով ձախողեց։ Այդ բանաձևի նախագծերից ամենախնդրահարույցը
Ռոբերտ Ուոլթերի հեղինակած «Բռնությունների աճը Լեռնային Ղարաբաղում և Ադրբեջանի այլ
գրավյալ տարածքներում» անվանումով նախագիծն էր, ինչը, չնայած Ադրբեջանի կողմից ներդրվող
ջանքերին, չընդունվեց ԵԽԽՎ-ի կողմից։ Այն քվեարկությամբ մերժվեց։
Հայաստանը
դիվանագիտական հսկայական աշխատանքի շնորհիվ տարբեր հարթակներում դիմագրավում էր Ադրբեջանի
բոլոր գործողություններին՝ միևնույն ժամանակ ամրապնդելով դիրքերը բանակցային սեղանին։
Տեսնելով,
որ դիվանագիտական հարթակում չի կարողանում արդյունքի հասնել, Ալիևը դիմեց ամենածայրահեղ
քայլին՝ պատերազմի սանձազերծմանը։ Ադրբեջանի նախագահն այդ արկածախնդրությանը գնաց նաև
այն պատճառով, որ ուներ չբավարարվածության զգացում, ուներ տպավորություն, որ մենակ
է մնացել, քանի որ համանախագահների կողմից ավելի ընկալելի էին Հայաստանի մոտեցումները,
քան իրենը, և իրեն չէր հաջողվում իր շահերից բխող բեկում մտցնել բանակցային գործընթացում։
Այդ իսկ պատճառով Ալիևի մոտ գաղափար ծագեց, որ բանակցային գործընթացում անհաջողությունների
«վրեժը» պետք է լուծել այլ ճանապարհով՝ պատերազմ սանձազերծելով։ Սակայն ռազմական ճանապարհով
էլ չկարողացավ իր առավելապաշտական նպատակներին հասնել։
Հայկական
կողմերը հետևողական ու հաշվարկված քայլերի շնորհիվ կարողացան դիմագրավել Ադրբեջանի
սանձազերծած ագրեսիային բոլոր հարթություններում՝ քաղաքական, ռազմական, տեղեկատվական։
Սերժ Սարգսյանի
պաշտոնավարման 10 տարիների ընթացքում Արցախի սուբյեկտայնությունը բարձրացա՞վ, թե՞ նվազեց։
Իհարկե,
բարձրացավ, թեկուզ միայն այն փաստով, որ բանակցությունների հիմքում դրված փաստաթղթով
նախատեսվում էր, որ Արցախն ինքը պետք է որոշեր իր ապագան։
Երկրորդ՝
աշխարհի հետ Արցախի համագործակցությունը տարբեր մակարդակներով, այսինքն՝ տարբեր երկրների
մարզերի, նահանգների, շրջանների, քույր քաղաքների մակարդակներով, բավականին ակտիվացավ
հենց այդ շրջանում, ինչն ինքնին սուբյեկտայնության բարձրացմանը նպաստող գործոն էր։
Միջազգային
հանրության հետ Արցախի կապերը խորացնելու ու զարգացնելու համար Հայաստանը վարում էր
«Արցախը սև խոռոչ չէ» քաղաքականություն։ Այս ուղղությամբ որևէ առաջընթաց գրանցվե՞լ
է։
Այդ քաղաքականությունը
նույն տրամաբանական գծի շարունակությունն է։ Միջազգային հանրության մոտ մշտապես բարձրաձայնվում
էր այդ թեզը, որ Արցախը սև խոռոչ չէ, և հնարավոր բոլոր եղանակներով քայլեր էին ձեռնարկվում
ընդլայնելու Արցախի համագործակցությունն աշխարհի հետ։ Միանշանակ է, որ Հայաստանն այդ
հարցի հետ կապված ուներ բավականին լավ մշակված ընդհանուր հայեցակարգային մոտեցում։
Սակայն ճիշտ չի լինի ասել, թե այդ ուղղությամբ Հայաստանը մեծ հաջողություններ էր գրանցել։
Առհասարակ
սուբյեկտայնության բարձրացման արդյունքների արձանագրում հիմնականում եղել են այլ հարթություններում,
օրինակ՝ ապրիլյան պատերազմի ժամանակ տեղեկատվական ոլորտում գրանցված արդյունքը, որն
ամբողջ աշխարհին էր տեսանելի։
Կարևոր
ուղղություն են հանրությունների միջև շփումները։ Սերժ Սարգսյանի պաշտոնավարման կեսերին
Ադրբեջանի վարած քաղաքականության հետևանքով աստիճանաբար ավելի էր դժվարանում «Թրեք
2»-ի ներքո համագործակցությունը։ Դրան ավելացավ այն, որ 2012 թվականին տեղի ունեցավ
Ռամիլ Սաֆարովի արտահանձնումն Ադրբեջանին, որին հաջորդեց նրա հերոսացումն Ադրբեջանի
իշխանությունների կողմից։ Այս տեսանկյունից ի՞նչ տրանսֆորմացիաների ենթարկվեցին հանրությունների
միջև շփումները։
Ադրբեջանը
կոշտացնում էր մոտեցումներն իր իսկ քաղաքացիների և կառույցների նկատմամբ, որոնք մասնակցում
էին «Թրեք 2»-ի ձևաչափին։ Ադրբեջանական իշխանությունների մոտ տպավորություն է ձևավորվել,
որ այդ միջոցառումներն իրենց ազդեցությունն ամեն դեպքում թողնում են հանրային ընկալումների
վրա, ինչն էլ ձեռնտու չէր իրենց իրական նպատակների իրականացման տեսանկյունից։ Այլ կերպ
ասած, որպեսզի
հակահայկական տրամադրություններ տարածող քարոզչամեքենան հարված չստանար, իշխանությունները
դիմում էին հանրությունների միջև շփումների սահմանափակմանը։
Երկրորդը՝ Ալիևը կարծում էր, որ չնայած նրան, որ ինքը բանակցային՝
իրական գործընթացում, հողի վրա չի կարողանում ինչ-որ արդյունքի հասնել, այնուամենայնիվ,
այդ միջոցառումներն իր հանրության մոտ տպավորություն էին ստեղծում, որ ինչ-որ գործընթաց
ամեն դեպքում տեղի է ունենում։ Իսկ դա չէր բխում Ալիևի շահերից, քանի որ ստեղծում էր
հանրային ակնկալիքներ։ Հետևաբար հարկավոր էր խոչընդոտել ու կասեցնել դրա հետագա զարգացումը։
Եվ, ի դեպ, խաղաղաշինական գործունեության խոչընդոտումն ու կասեցումը
տեղի էին ունենում գրեթե առանց դիմադրության, քանի որ Ադրբեջանում իրական ընդդիմադիր
դաշտ գոյություն չուներ և չունի։ Ալիևի կլանը շատ վաղուց է լուծել ընդդիմության հետ
կապված բոլոր հարցերը։ Եվ ոչ միայն։ Տարիներ շարունակ պաշտոնական Բաքվի կողմից բավականին
մեծ ճնշումներ են գործադրվել նաև քաղհասարակության,
քաղակտիվիստների և պարզապես որոշակի ակտիվ գործունեություն ծավալող անձանց նկատմամբ,
կլինեն բլոգերներ, լրագրողներ և ուրիշներ։
Հետաքրքիրն այն է, որ Ադրբեջանը «Թրեք 2»-ի մասնակիցների վրա
ճնշում գործադրելը լայն հանրության մոտ բացատրում էր նրանով, որ վերջիններս շփվում
ու հարաբերվում են թշնամու հետ, ինչն անթույլատրելի է։ Իրականում Ալիևն այլ նպատակ
էր հետապնդում՝ նաև այս եղանակով լռեցնել իր քաղակտիվիստներին։
Այս ամենի հետևանքով «Թրեք 2-ը», այո՛, բավականին լուրջ հարված
կրեց, որովհետև ստեղծվեց իրավիճակ, որ Ադրբեջանում այն աստիճանի վախի մթնոլորտ էր տիրում,
որ ոչ ոք Հայաստանի և առավել ևս Արցախի հետ որևէ համատեղ ծրագրի մասնակցել այլևս չէր
ցանկանում։
Ակնհայտ էր տարբերությունը նաև հռետորաբանությունների մեջ։ Ալիևը
հայտարարում էր, որ «Ադրբեջանի թիվ մեկ թշնամին աշխարհի հայերն են», իսկ Սարգսյանը,
որ «չկա, որևէ ժողովուրդ, որին Հայաստանն ու հայերը թշնամի կանվանեն», «ես չեմ համարում,
որ Ադրբեջանի ժողովուրդը հայերի թշնամին է», «մենք Թուրքիայի հասարակությանը չենք դիտում
որպես թշնամի»։
Սերժ Սարգսյանի պաշտոնավարման տարիներն ինչո՞վ և ինչպե՞ս նպաստեցին
ՀՀ անվտանգության ամրապնդմանը։ Իհարկե, խոսքը չի վերաբերում գնված զենքին ու զինամթերքին։
Անվտանգային համակարգի առկա գործիքակազմներն այդ տարիներին ավելի
ամրապնդվեցին։ Խոսքն առաջին հերթին վերաբերում է 2010 թվականին Ռուսաստանի հետ ստորագրած
N5 արձանագրությանը՝ 1995 թվականի հայ-ռուսական պայմանագրի ժամկետի երկարաձգման մասին։
Դրանով ոչ միայն երկարացվեց ռազմաբազայի գործունեության
ժամկետը, այլ նաև դրանում առնվազն 2 կարևոր լրացում արվեց։ Եթե մինչ այդ ռազմաբազայի
գործառույթները սահմանափակվում էին ԱՊՀ արտաքին սահմանով, և պարտավորությունները վերաբերում
էին միայն Հայաստան-Թուրքիա և Հայաստան-Իրան սահմաններին, ապա արձանագրության ստորագրումից
հետո այդ սահմանափակումը համաձայնագրի տեքստից հանվեց։ Ռազմաբազայի գործառույթներն
ընդլայնվեցին՝ ընդգրկելով Հայաստանի ամբողջ պետական սահմանը։
Երկրորդ՝ այդ արձանագրությամբ Ռուսաստանը պարտավորվեց ՀՀ զինված
ուժերի հետ համատեղ ապահովել Հայաստանի ռազմական անվտանգությունը, ինչը Հայաստանի համար
էական նշանակություն ունեցող գործոն է։
Անվտանգային համակարգն ինչ-որ չափով ամրապնդվեց նաև Հայաստանի՝
ԵԱՏՄ անդամակցության շնորհիվ։
Այդ տարիներին երկար դադարից հետո Եվրոպական Միության հետ ստորագրվեց
Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը, որն իրավական պարտադիր ուժ
ունեցող փաստաթուղթ է և՛ Հայաստանի, և՛ ԵՄ երկրների համար։ Անվտանգության տեսանկյունից
փաստաթուղթը Հայաստանի համար կարևոր է նրանով, որ հստակորեն ամրագրվում է, որ ղարաբաղյան
հակամարտության կարգավորումը պետք է տեղի ունենա ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների
հովանու ներքո՝ հայտնի 3 սկզբունքների՝ ազգերի ինքնորոշման, տարածքային ամբողջականության,
ուժի և ուժի սպառնալիքի բացառման հիման վրա։
Իր հերթին հայ-թուրքական գործընթացով, դրան հաջորդող զարգացումներով
հաջողվեց նաև Թուրքիային հնարավորինս հետ մղել արցախյան հակամարտության կարգավորման
բանակցային գործընթացից։
Բավական լուրջ աշխատանք էր իրականացվում նաև տարբեր երկկողմ
ձևաչափերում, օրինակ՝ Հայաստանն ու Հունաստանը, Հայաստանն ու Կիպրոսը բարեկամ երկրներ
են, սակայն ազգերի ինքնորոշման և տարածքային ամբողջականության հարցերում ունեին հակառակ
տեսակետներ ու դիրքորոշումներ։ Երրորդ նախագահի պաշտոնավարման տարիներին հնարավոր եղավ
ջախջախել այս կարծրատիպը։ Հայաստանի ու Կիպրոսի միջև ստորագրվեց փաստաթուղթ, որով կողմերը
հռչակեցին, որ հակամարտությունները պետք է լուծվեն արդարության հիմքի վրա։
Նյութի աղբյուրը՝ Կարեն Բեքարյան-«Ճոճանակ»
Comments
Post a Comment