Դիսկուրս
վերլուծությունը քաղաքական գիտություն է ներառվել լեզվաբանությունից, որտեղ այն մինչ
օրս օգտագործվում է տարբեր գրավոր և բանավոր տեքստերի վերլուծության միջոցով ենթատեքստերի
և նպատակների բացահայտման համար։ «Դիսկուրս» երևույթի կամ հայերեն թարգմանությամբ՝
«խոսույթի» էության վերաբերյալ գոյություն ունեն բազմաթիվ մոտեցումներ։ Մասնավորապես՝
գիտական շրջանակներ դիսկուրս հասկացության ներմուծման հեղինակներից ֆրանսիացի փիլիսոփա
Միշել Ֆուկոն առաջարկում է այն դիտարկել որպես տարբեր ոլորտների վերաբերյալ արտահայտվելու
դեպքերի համախումբ, որը կառուցակարգում է տարբեր թեմաների, երևույթների և գործընթացների
վերաբերյալ խոսակցությունների համակարգը։ Այստեղ նա կարևորում է խոսքի նպատակը, ձևը
և պարունակող գաղափարախոսությունը։
Դիսկուրսի
տեսակները երեքն են՝ գրավոր, բանավոր և մտավոր։ Ընդ որում, առաջին երկուսը վերաբերվում
են մեկից ավելի անձանց միջև տեղի ունեցող խոսույթին, իսկ երրորդը նկարագրում է մեկ
անձի անձնական հոգեբանական պատկերում տեղի ունեցող գործընթաց։ Բանավոր դիսկուրսի ընկալումը
տեղի է ունենում համաժամանակյա, լսողական օրգանների, իսկ գրավոր դիսկուրսինը՝ տարաժամանակյա,
տեսողական օրգանների միջոցով։
Քաղաքական
տեքստերի դիսկուրս վերլուծության պրակտիկայի ձևավորումը կապվում է բելգիացի քաղաքագետներ
Էռնեստո Լակլոի, Շանտալ Մուֆի և հոլանդացի լեզվաբան Տեուն Վան Դեյկի անվան հետ։ Առաջին երկուսը
գտնում էին, որ դիսկուրսը նշանների միջոցով ձևավորում է սոցիալական աշխարհը։ Տեուն
Վան Դեյկը քննադատական դիսկուրս վերլուծության միջոցով ուսումնասիրել է լրատվական դաշտում
առկա քաղաքական տեքստերը, որի նպատակն էր հայտնաբերել այնտեղ առկա գաղափարական առանձնահատկությունները։
Գոյություն ունի դիսկուրս վերլուծության 2 հիմնական տարատեսակ․
Ֆորմալ- այս դեպքում
ուսումնասիրվում է ընդհանուր տեքստը՝ որպես մեկ ամբողջություն, դուրս են բերվում ընդհանուր
ենթատեքստերը և տեքստի տեղն ու դերը սոցիալական իրականությունում
Բովանդակային- առավելապես
ենթադրում է տեքստի առանձին բառերի, դրանց տրամաբանական շարվածքի, իմաստային կապակցությունների
բացահայտում, պատմական և փաստական հիմքերի ուսումնասիրություն։
Բացի այդ, դիսկուրս վերլուծությունը կարելի է իրականացնել 3
տրամաբանությամբ․ տեքստային, երբ դիտարկվում
է 1 տեքստ, հիպերտեքստային, որի դեպքում համեմատական վերլուծություն է կատարվում տարբեր
տեքստերի միջև և ենթատեքստային, երբ տեքստը դիտարկվում է դրա հեղինակների սոցիալական
փոխհարաբերությունների համատեքստում։
Դիսկուրս վերլուծության էությունը հանգում է տեքստի քննադատական
դիտարկմանն ու մեկնաբանությանը, որոնց միջոցով հնարավոր է դառնում բացահայտել այդ տեքստի
առանձին հատկանիշները։ Ըստ առաջադրված նպատակի, այդ հատկանիշները կարող են լինել․
Մակրոկառուցվածքը- բացահայտել
տեքստի տեղն ու դերը սոցիալական կամ քաղաքական միջավայրում
Իմաստաբանական մակրոկառուցվածքը-
դուրս բերել տեսքտի հիմնական թեմայի և ներկայացման գլոբալ ուղենիշների (օրինակ՝ վերնագրի)
ազդեցությունը
Ամբողջական կառուցվածքը-
բացահայտել տեքստի ուղերձը
Իմաստաբանական արժեքը-
հայտնաբերել տեքստի կառուցվածքում ներառված բովանդակային իմաստը
Հռետորական կառուցվածքը-
առանձնացնել ու գնահատել տեքստը համոզիչ դարձնելու համար կիրառված միջոցները
Ճանաչողական-սոցիալական
արժեքը- դիտարկել և գնահատել տեքստը որոշակի տրամաբանության շրջանակներում (օրինակ՝
հեգնական, հումորային, շահարկման)
Իրավիճակի ներկայացման
սուբյեկտիվ կողմը- բացահայտել քերականական կառուցվածքը, հեղինակի կողմից օգտագործված
այլաբանությունները, ուսումնասիրել դրանց հիմքերն ու նպատակները։
Դիսկուրս վերլուծության ձևատեսակներից է նաև քաղաքական հոգեբանության
մեջ օգտագործվող «Օվերտունի պատուհան» հայեցակարգը։
Հերմենևտիկան գրավոր տեքստերի հետազոտման և մեկնաբանման մեթոդ
է։ Այն ևս քաղաքական գիտությունը փոխառել է լեզվաբանությունից։ Հերմենևտիկայի միջոցով
բացահայտվում են տեքստերի իմաստաբանական ենթատեքստերը, կառուցվածքները, հիմքերն ու
նպատակները։ Հերմենևտիկան հնարավորություն է տալիս նաև ուսումնասիրել դերակատարի քաղաքական
վարքագիծը։
Սոցիալ-քաղաքական երևույթների հետազոտման համար հերմենևտիկայի
կիրառման հիմքերը կապված են գերմանացի փիլիսոփա Մարտին Հայդեգերի անվան հետ, ով ընկալման
երևույթի հիմքում կարևորում էր լեզվի նշանակությունը։
Քաղաքական հերմենևտիկայի միջոցով հիմնականում հետազոտվում է
քաղաքական էլիտաների և լիդերների խոսքը։ Քաղաքական հերմենևտիկայի իրականացումը հիմնվում
է 3 հիմնադրույթների վրա, որոնք պետք է նկատի ունենալ աշխատանքն իրականացնելիս․
Նկարագրական- դիտարկվող
տեքստում ներառված իմաստաբանական միավորները հարկ է համարել իմաստաբանորեն իրար հավասար
Նորմատիվ- տեքստի միևնույն
իմաստային միավորի մեկնաբանումները կարող են լինել բազմաթիվ
Մետաֆիզիկական- տեքստի
վերլուծության համար մշակութային և ժամանակագրական տվյալները առանցքային կարևորություն
ունեն
Քաղաքական հերմենևտիկայի
իրականացումը ենթադրում է քաղաքական տեքստի փուլային մշակում, որն ընդգրկում է․
1․Սուբյեկտիվ գործոնների և հեղինակի «նախատրամադրվածության» բացահայտում
և բացառում
2․տեքստի առաջնային ընկալում
3․կրկնակի մանրամասն ընթերցանություն, ընդհանուր քննարկում և իմաստի
բացահայտում
4․առանցքային-ուղղորդող կետերի առանձնացում
5․առանձին դեպքերում՝ տեքստը վերածել երկխոսության՝ հարց-պատասխան
համակարգի միջոցով, ինչը հնարավորություն կտա հանգել ավելի ռացիոնալ արդյունքների
6․եզրակացության կազմում և համեմատում առկա այլ տվյալների հետ
Նյութի աղբյուրը՝ Ռոբերտ Ղևոնդյան- «Քաղաքական վերլուծություն»
Comments
Post a Comment