Քաղաքական
գիտության տեսական և գործնական խնդիրների վերլուծության արդյունավետ գործիքներից է
կոգնիտիվ (ճանաչողական) քարտեզագրման մեթոդը։ Թեև այս մեթոդը երբեմն համարում են մոդելավորման
տեսակ, սակայն իր որոշակի յուրահատկությունների շնորհիվ՝ քաղաքական գիտությունում այն
առանձին տեղ է գրավում վերլուծության մեթոդների շարքում։
Կոգնիտիվ
քարտեզագրումը դեռևս 20-րդ դարի կեսերին հոգեբանությունում մշակել և օգտագործել է Էդվարդ
Տոլմենը։ Հետագայում, որպես քաղաքական գիտությունում վարքաբանական տեսությունների զարգացման
արդյունք, ամերիկացի քաղաքագետ Ռոբերտ Աքսելրոդը փոխառել է կոգնիտիվ քարտեզագրումը
հոգեբանությունից և կիրառել քաղաքական գործընթացների վերլուծության համար։
Կոգնիտիվ
քարտեզագրման մեթոդը հիմնված է արդեն ստացված տվյալների միջոցով ճանաչողական քարտեզի
ձևավորման վրա։ Սա թույլ է տալիս բացահայտել պատճառահետևանքային կախվածությունները։
Դրանք իրենցից ներկայացնում են այն հիմնական գործոնները, որոնք հաշվի են առնվում տվյալ
քաղաքական գործընթացում, միջավայրում և ժամանակում՝ քաղաքական որոշման կայացման համար։
Կոգնիտիվ
քարտեզագրման մեթոդն օգտագործվում է միաժամանակ բազմաթիվ և իրարից տարբերվող խնդիրների
առաջադրման և լուծման նպատակով։ Միաժամանակ, այն թույլ է տալիս որոշակիացնել առաջադրված
խնդիրները, քանի որ քաղաքական երևույթների ուսումնասիրության գործընթացում բազմաթիվ
են դեպքերը, երբ անորոշությունները գերակայում են հստակ ներկայացված խնդիրների նկատմամբ։
Այս մեթոդը նաև թույլ է տալիս դիտարկել այլընտրանքային մեծաթիվ զարգացումներ։
Կոգնիտիվ
քարտեզագրումն իրականացվում է 4 փուլով․
1․Դերակատարի վերաբերյալ
տեղեկությունների հավաքագրում համակարգում և նախապատրաստում
2․Դերակատարի կողմից գործունեության
առանցքային կողմնորոշիչների դուրսբերում
3․Ստացված կողմնորոշիչների
և առկա այլ տվյալների միջև պատճառահետևանքային կապի բացահայտում
4․Արդյունքների հաշվարկ
և գնահատում
Կոգնիտիվ քարտեզագրման մեթոդի էությունը կայանում է մեկ ընդհանուր
տարածությունում առկա հիմնական տվյալները հավաքագրելու, համակարգելու, փոխկապվածությունները
դուրս բերելու և այս ամենի հիման վրա երևույթի պատճառներն ու հնարավոր այլընտրանքային
զարգացումները հաշվարկելու վրա։ Այս գործընթացի իրականացումը ենթադրում է գրաֆիկական
մոդելի ձևավորում։ Ստացված տվյալները, ըստ նախապես ընտրված որևէ տրամաբանական հաջորդականության
(կարող է լինել ժամանակագրական, տվյալների ստացման հաջորդականության), տեղաբաշխվում
են մոդելում, որից հետո դրանց միջև դուրս են բերվում փոխազդեցությունները։ Այդ ազդեցությունների
դրական արժեքի դեպքում՝ դրանք նշվում են + նշանով, բացասական ազդեցության դեպքում՝
- նշանով։ Այն դեպքում, եթե ազդեցություններն անորոշ են, դրվում է 0։
Գրաֆիկական պատկերի կառուցումից հետո անցում է կատարվում հաշվարկային
մասին։ Համաձայն վերլուծության նպատակի՝ հնարավոր է ինդեքսավորման, մաթեմատիկական մեթոդներով
հաշվարկել և կազմել սանդղակներ, որոնք կարտացոլեն այլընտրանքների հավանականությունների
հարաբերությունները։ Կարելի է նաև իրականացնել հետագա զարգացումների, որոշումների կայացման,
իրացման ուղիների, արձագանքների և հետադարձ կապվածությունների հաշվարկ։
Գոյություն ունի կոգնիտիվ քարտեզագրման 2 հիմնական մեթոդ․
Փափուկ կոգնիտիվ քարտեզագրում,
որը ենթադրում է վերլուծության ընթացքում՝ վերլուծաբանի կողմից սեփական մոտեցումների,
գիտելիքների, փորձի ներառում և սեփական մեկնաբանությունների ներկայացման հնարավորոթյուն
Կոշտ կոգնիտիվ քարտեզագրում,
որի ընթացքում վերլուծաբանը բացառապես զբաղվում է առկա տեղեկությունների վերլուծությամբ,
իսկ արդյունքները համադրվում են այլ վերլուծաբանների կողմից կատարված վերլուծությունների
արդյունքների հետ։
Բացի այդ, մեթոդի զարգացումը հանգեցրել է դրա իրականացման 2
հիմնական ուղիների ձևավորմանը․
Երևույթի տարբեր կողմերը
նկարագրող առանձին կոգնիտիվ գրաֆիկական քարտեզների պատրաստում, վերլուծություն, որից
հետո՝ դրանց համախմբում մեկ ընդհանուր տրամաբանության մեջ
Աշխատանքային խմբի կողմից
հավաքագրված ամբողջ տեղեկատվության կիրառում՝ մեկ ընդհանուր կոգնիտիվ քարտեզի ձևավորման
և վերլուծության համար
Այս ուղիների միջև ընտրություն կատարելիս կարևոր են ոչ միայն
առաջադրված նպատակներն ու խնդիրները, այլև առկա ռեսուրսները։
Նյութի աղբյուրը՝ Ռոբերտ Ղևոնդյան- «Քաղաքական վերլուծություն»
Comments
Post a Comment